Friday, July 29, 2011

Գեներալ

Գեներալ Բակունցի աշխատասենյակը դատարկ էր: Այսինքն այնտեղ կային գրասենյակային ողջ կահ-կարասին ու մնացած բոլոր պարագաները, սակայն զգացվում էր դատարկության շունչը: Դա զգալը շատ պարզ է. ճիշտ է, քչերը կլինեն, որ կկարողանան դա նկարագրել, բայց «դատարկ» սենյակներում կա նույնիսկ սպեցիֆիկ հոտ: Միակ բանը, որ տարօրինակ կթվար այդ սենյակում, գետնին ընկած հատուկ կոնտեյներն էր, որը օգտագործում են բիոզանգված պահելու և տեղափոխելու համար: Այն բացված էր ու ընկած գետնին, կարծես ձկան պահածոյի տարա լիներ կամ լիմոնադի շիշ ու կարծես դրա մեջ չէր եղել մի բան, որի մեկ գրամը արժե 2000 դոլարից ավել: Ու որ ավելի կարևոր էր, սենյակում չկար ամենաերևելի ատրիբուտը` ինքը գեներալը: Մինչ նա խելապատառ վազում էր դեպի հեռուստաաշտարակ, նրա ստեղծագործությունը արդեն գրավել էր ողջ քաղաքի ուշադրությունն ու շարունակում էր ողջ թափով կապիկություններ անել ու խոսել ամենաինտիմ թեմաներով: Իսկ գեներալ Բակունցը վազում էր շնչակտուր` մերթ ընդ մերթ տնքալով ու աֆրիկյան կարմիր փղին բնորոշ ձայներ արձակելով: Գործը իրոք պահանջում էր նրա անհապաղ միջամտությունը:


Գեներալ Բակունցին հաճախ ճանաչում են նրանով, որ նա ամենաերիտասարդն է ներկայիս մոգական գեներալներից: Նրա մարտական ունակությունների մասին հավաստի տեղեկություններ չկան, բայց ասում են, նա կարողանում է նույնիսկ մրցակցել ռազմական ամենահզոր դևերի հետ: Դեռ սերժանտ ժամանակ, նա զարմացրել էր թշնամու մի ողջ վաշտի, երբ միայնակ մնալով իր խրամատում, թշնամուն դիմավորել էր «բոո՜» հանճարեղ բացականչությամբ: Ինչպես ինքն էր ասում հետո մամլո ասուլիսների ժամանակ, նա լարել էր իր մարմնի բոլոր մկանները, մանավանդ հետանցքի շրջանում, որպեսզի կարողանա կենտրոնանալ ու բավականաչափ բարձր բղավել: Թշնամին այդ «բոո՜»-ից այնպես էր խուճապի մատնվել ու ընկնավորվել, որ ստիպված էր եղել ժամանակավորապես լքել մարտի դաշտը: Իսկ ապագա գեներալին ավելի ուշ խրախուսել էին երրորդ աստիճանի տարբերանշանով և ուղարկել էին ռազմական մոգության միջնակարգ ուսումնարան, որտեղ նա յուրացրել էր մոգական առաջին նրբությունները անձամբ Սայեդ Ալիխանյանից:
 Հետագայում Բակունցը սկսեց պարզապես ցատկեր կատարել ծառայողական սանդուղքով դեպի վեր: Նա դարձավ լեյտենանտ ու հնարավորություն ունեցավ մասնակցել կյերիների դեմ առաջին պատերազմին Լուսնի վրա, հետո նորից բարձրացավ ու արդեն մայորի կոչումով հինգ երկրային տարի հետո մասնակցեց Կալիստոյի սառույցների տակ տեղի ունեցած հաջորդ ճակատամարտին և ներկա գտնվեց կյերիների հետ հաշտության պայմանագրի ստորագրմանը, որի ժամանակ վերջիններս փոխանցեցին բիոզանգվածի առաջին նմուշներն ու էներգետիկ բանաձևը: Հավանաբար այդ ժամանակ 26-ամյա մայորը դեռ չէր մտածում, թե ինչպիսի անբնական, նույնիսկ ոչ առողջ հետաքրքրություն է ինքն ունենալու այդ զարմանահրաշ բիոզանգվածի հանդեպ:


 Բիոզանգվածը իրոք հեղափոխություն կատարեց Երկրի վրա: Դա կարելի է համարել կյուրիների հաղթանակը, քանի որ դրա գյուտը Երկրին փոխանցելով, կյուրիները դասեցին մարդկանց քաղաքակրթությունների իրենց խմբին և փաստացի նախադրյալներ ստեղծեցին մարդկության հետագա ձուլման համար:
 Թե ինչպես էր կյուրիներին հաջողվել իրենց հեռավոր ու սառնամանիքային Կալիստոյում, այն էլ սառույցի տակ, ջրի մեջ գտնվող քաղաքներում հասնել զարգացվածության այն աստիճանին, որպեսզի ստեղծեն բիոզանգված, անհայտ է: Իրենք` կյուրիները, ասում են, որ դրա գիտելիքները իրենք ստացել են ավելի հեռավոր քաղաքակրթությունների հետ ունեցած տելեպատիկ հաղորդակցությունների միջոցով: Սակայն չի կարելի միանշանակ հավատալ կյուրիներին: Տարածելով բիոզանգվածի միջոցով ստացված կենդանի օրգանիզմներին Յուպիտերի (իրենց լեզվով Յուպիտերը հնչում է մոտավորեպես հազի նման` թոքերի խզզոցավ ու քմքային խռռոցով) այլ արբանյակների վրա` նրանք հասել էին հաջողությունների, որոշ դեպքերում` նաև լուրջ հաջողությունների և մի քանի հարյուր երկրային տարի անց դարձել էին մի շարք քաղաքակրթությունների խմբի առաջնորդ:
 Երկրի հետ երկու հզոր պատերազմներից հետո կյուրիները սկսեցին մտածել իրենց պարտության հավանականության մասին, ու այն ժամանակ, երբ Երկրային Միացյալ Մոգական Զորքերը սուզանավերով շրջապատել էին Կալիստոյի անդրծովյան քաղաք Գղապալը, կյուրիները որոշում կայացրեցին` խաղաղություն խնդրել ու զիջել բիոզանգվածի գաղտնիքները:
 Բիոզանգվածին հասնելու համար արժեր պատերազմ տանել: Դա հեղափոխություն կատարեց ոչ միայն բիոինժեներիայի, բժշկության, մոգության ու գլոբալ ռազմավարության մեջ, այլ պարզապես հեղափոխեց ողջ երկրային շուկան, ներառյալ Լուսնի գաղութները: Այն, որ հիմա կարելի է ձեռք բերել խոսացող կոնֆետներ ու մելանխոլիկ ձեռնոցներ, ոչ մեկին չի զարմացնում, ինչպես և բանական կահույքն ու չափից դուրս էմոցիոնալ իտալական կոշիկները: Կյանքը Երկրի վրա ընթանում է այլ հունով, քանի որ ամեն ինչ կենդանացել է, ամեն ինչ շնչում է, խոսում, պարում ու նույնիսկ երազում:
 Հենց բրազիլական էմո բանանների  գովազդի ժամանակ, երբ բանանը զրույց է սկսում իրեն ուտել պատրաստվող աղջկա հետ ու խնդրում նրան լինել մաքսիմում քնքուշ ու կրքոտ, տեղական հեռուստաընկերության տնօրենի սենյակում նստած էր ոմն Էակ, որը բացառիկ խորության աչքերով նայում էր իրեն շրջապատող մարդկանց ու ծամում թանկարժեք դոմինիկյան սիգարը:
- Էս ապուշությունն ի՞նչ է անում, ախր: Ախր էս հիմարը սիգար է ուտում,- խառնվել էր իրար տնօրենի քարտուղար, նյարդային միասեռական Վարշամը:
 Տնօրենը` տիկին Գայան, հանգիստ էր ինչպես Նյու Յորքի Ազատության արձանը, սակայն նրա կանաչ աչքերը փայլում էին դիվային հետաքրքրասիրությամբ: Հեռուստատեսությանը չէր խանգարի մի փոքրիկ սկանդալիկ: Դե, ասենք, ապօրինի ստեղծված հումանոիդը, որը ուտում է սիգարներ ու մերթընդմերթ գոռում` բոո՜, իսկը համապատասխանում էր տնօրենի ախորժակին: Մանավանդ, որ Էակը այդ այնքան էլ հումանոիդ չէր: Դժվար էր նրա մեջ գտնել մարդուն բնորոշ գծեր, դա պարզապես մարմնագույն մի մսագունդ էր, բարակ, տեղ-տեղ կնճռոտ մաշկով, ինչ-որ ոտքաձեռքանման վերջույթներով, մեծ բերանով, խելագարի չռած աչքերով ու դիմային մասում երկու մեծ ելուստներով, որոնք հիշեցնում էին կրծքեր: Այդ Էակը հիմարի պես ժպտալով ու աչքերը պլպլացնելով ման էր գալիս սենյակում, փորձում բարձրանալ բազկաթոռների վրա ու երբեմն, անհասկանալի է հրճվանքի՞ց, թե զարմանքից, բացականչում էր` բոո՜:
- Արթուր, ես չֆիքսեցի, որտեղի՞ց ես բերել սրան,- դիմեց տնօրենը գովազդային գործակալ Արթուրին, ով հեռուստատեսություն վերադառնալիս նկատել էր խաչմերուկում աղբամանների արանքով այս ու այն կողմ վազվզող Էակին ու վերցրել դրան:
- էստեղից դեպի ներքև, մի հինգ խաչմերուկ ներքև, տիկին Գայա: Դա աղբամանների մեջ էր մտել:
- Աղբամանների... ,- ասաց տնօրենն ու այնպիսի դեմք ընդունեց, կարծես այդ բառը նրան ինչ-որ լուրջ բան հիշացրեց, - երբ դու սրան գտար, էլի ապուշի պես ժպտում էր ու դեբիլություննե՞ր անում:
- Հա, էլի ինչ-որ բան էր դրել բերանն ու ծամում էր...
 Վարշամն այդ բառի վրա թարախով լի հայացքով նայեց ձայնային ռեժիսոր Գուրգենին, ով տվել էր Էակին սիգարը:
 Հանկարծ մի պահ ներկա գտնվողների ուշադրությունը կենտրոնացավ Էակի վրա, ով այս անգամ ոչ թե պարզապես բղավեց, այլ բավական հստակ արտասանեց` «Ես Բակունց... ուզում եմ... աաաա՜»:
Բակունց:
 Ի մի բերելով քաղաքի բոլոր Բակունցներին, որոշեցին գտածոյի մասին հայտնել գեներալ Բակունցին: «Ամեն դեպքում, - մտածում էր տիկին Գայան,- ճիշտ չի լինի միանգամից հայտնել էակի ապօրինի ծագման մասին իրավապահներին... պետք է սկզբում տեղյակ պահել տիրոջը... գեներալ Բակունց... ես դրան կարծես ճանաչում եմ...»:
Իրոք ճանաչում էր, քանի որ դեռ դպրոցում, ի տարբերություն ընկերուհիների, որոնք իրենց պատերին կպցնում էին գեղեցիկ դերասաննրի դիմանկարներ, Գայան նախընտրում էր այն ժամանակ դեռ սերժանտ հերոս Բակունցի պատկերը: Գայայի սենյակում կային նաև լուսանկարներ ռազմաճակատից, Կալիստոյի քաղաքներից: Ամեն տեղ գեներալը նայում էր իր մռայլ ու դաժան հայացքով:
- Լավ, գովազդից հետո էլի եթեր մտցրեք սրան, թող պատմի իր սեռական գիտելիքների ու երևակայության մասին, միայն թե աշխատեք, որ անուններ չտա,-կարգադրեց տնօրենը,- այս ծաղրածուն մեզ այսօր չի խանգարի:



Գեներալը նոր էր ուշքի եկել: Գլխին ստացած բութ հարվածից մթնել էին աչքերն ու թուլացել ոտքերը: Բախտը բերել էր, որ ընկել էր ավանդական նախշերով փափուկ խալու վրա: Ընկներ նա մի քիչ այլ ուղությամբ, հաստատ հարվածելու էր գլխով սեղանիկի սուր ծայրին ու հաստատ ծորալու էր նրա գլխից չարագույժ սև արյունը:
 Սակայն գեներալի բախտը բերում էր խրոնիկաբար: Քանի անգամ էին նրա գլխից մի քանի մազ հեռավորությամբ անցել կյուրիների լազերային լիցքերը` նույնիսկ չխանձելով նրա մազերը: Գեներալի բախտն այնքան էր բերում մարտի դաշտում, որ մոռանալով մոգական ճիշտ անեծքը, պարզապես բղավում էր պատահական բառերի ավելի պատահական հաջորդականություն, ու թշնամին երերում էր: Ու կապ չունի պարզապես աղաղակող գեներալի տեսքի սարսափի՞ց, թե՞ նրա ասած մոգական անեծքից, թշնամին միշտ սարսռում էր:
 Գեներալ Բակունցը խոշոր էր մարմնով: Երբ նա անցնում էր Ռազմական Տեսչության նեղ միջանցքներով, նա իրենով լցնում էր ողջ միջանցքը, ու մյուս կողմից եկողի համար լույսը դադարում էր երևալ թունելի վերջում:
 Ասում են, որ գեներալ Բակունցը մի անգամ կարողացել է բացել գարեջրի շիշը երկու մետր հեռավորության վրա` ընդամենը կիտելով հոնքերը: Իսկ արևելյան քաղաքներից մեկում ծագած ապստամբություն ժամանակ չեզոքացրել էր ընդդիմադիրների բոլոր ամբիցիաները` պարզապես բացականչելով  իր հաղթական բոո՜-ն…
 Գեներալը հարված էր ստացել գլխին բավական հետաքրքիր պայմաններում: Նա վերջացրել էր բիոզանգվածից ծեփած մարմնի վրա էներգետիկ ներշնչումներ անելը ու դրել էր դա իր աշխատասենյակի անկյունում, ինֆորմացիոն ապահովման մոդուլի մեջ` սպասելով, թե երբ է սկսվելու կենդանացման եւ ուսուցման պրոցեսը: Հետո նա սկսել էր ընթերցել շտաբից նոր ստացված հաղորդագրությունները, հորանջել, քորել ծոծրակն ու քնել: Իսկ էակը շունչ ձեռք բերելուց ու մեխանիկան յուրացնելուց հետո սկսել էր ման գալ սենյակով ու վերջ ի վերջո ուզեցել էր դուրս գալ այնտեղից: Այդ պահին էլ արթնացել էր Բակունցը: Իր կերտած էակի տեսքից ընկնավորվել ու վերջին հույսի պոռթկումով գոչել էր բոո՜-ն, սակայն, տեսնելով, որ դրանից հետո էակը կլորացած աչքերով հարձակվում է իր վրա, վորոշել էր անցնել ձեռնամարտի, ինչն էլ ավարտվել էր էակի կատարյալ հաղթանակով:
 Ստացած զանգը Բակունցին հիշեցրեց կատարվածը ամենայն մանրամասնություններով ու նույնիսկ հիմնական դրդապատճառներով…
Բակունցը մարդ էր, մահկանացու և ուներ բոլորին հատուկ թուլուցություներ: Բակունցը վիրավորված էր: Նրա կապրոնային նանոմալուխներով ձգված կրծքի տակ բաբախում էր մի սիրտ, որը ամեն երկու ժամը մեկ պատառ-պատառ էր լինում անպատասխան սիրուց, վրավորանքից, արհամարհանքից ու նախանձից:
Բանն այն է, որ գեներալը սիրում էր ժամանակին մի իսպանուհու, որը աշխատում էր Լուսնի գաղութներից մեկում` Մուն Սիթի Ուանում: Իսպանացի Նինան վարում էր այնտեղի առևտրային հաստատությունների հաշվապահությունը, իսկ պատերազմի ժամանակ օգնում էր կազմակերպել Երկրից դեպի ռազմաճակատ գնացող-եկող բեռնատար նավերի չվացուցակը: Այդտեղ էլ ծանոթացել էին քաջարի լեյտենանտ Բակունցն ու հմայիչ Նինան: Նինան ուներ հսկա կրծքեր, որոնք հանգիստ կտեղավորվեին Բակունցի ոչ պակաս հսկա ափերի մեջ, ու Բակունցը տենչում էր այդ մասին իր ոջղ հոգով: Մի մարտի ժամանակ այնքան շատ էր տենչում ափերի ու կրծքերի մասին, որ խրամատում նստած, մի պահ կորցրեց ինքնատիրապետումը, վեր կացավ, մռայլ հայացքով, արհամարհելով թշնամու կրակը, լուռ հասավ հակառակորդի դիրքերին, ներխուժեց նրանց խրամատներն ու սկսեց իր ունիվերսալ Կալաշնիկով 457-ի կոթով համասեռ զանգված պատրաստել կյուրիների ուղեղներից և տրախեաներից (կյուրիների շնչառական մեխանիզմը զարմանալիորեն նման է երկրային միջատների շնչառական ապարատին): Այդ արարքից հետո Բակունցը սկսեց համարվել անչափ խիզախ, բայց գուցե մի քիչ, չափավոր հիմար... Հատկանշական է, որ կյուրիների խրամատներում տեղի ունեցող արյունալի իրադարձությունների ժամանակ Բակունցի դեմքը արտահայտում էր սեռական լիցքաթափության ամենանուրբ պահերը: Բակունցը տարօրիկան մայոր էր արդեն:

 Եթե զինվորական աստիճաները տրվում էին նրան այդքան հեշտ, կանայք դիմադրում էին Բակունցին մինչև վերջին կաթիլ արյունը: Հիշենք թեկուզ Դեթրոյտում տեղի ունեցած այն դեպքը, երբ գեներալից ճողոպրող պարուհին վազում էր գիշերային ցուրտ ու դատարկ փողոցով, չկարողանալով նույնիսկ ճչալ (որովհետև վախից կորցրել էր որևէ ձայն հանելու ունակությունը), իսկ գեներալը, կատարելով մեծ ցատկեր, հետապնդում էր նրան: Այս դժբախտության պատճառը գեներալի ահարկու չափերն էին ու մռայլ դեմքը: Նրա շուրթերից ասես կախված էր միշտ ինչ-որ բղավոց կամ հայհոյանք, իսկ աչքերն արտահայտում էին գերլարում ու գիշատիչ կենտրոնացում:
 Միգուցե Բակունցը հետագայում փափկեր, գտներ իրեն համապատասխան կնոջը կամ գոնե համակերպվեր այդ ամենի հետ, սակայն կյանքը նրան ստիպեց վիրավորվել ու իր հոգու խորքում պահել այդ վիրավորանքը:
Դեպքը պատահել էր Երկրի վրա` Ավստրիայում: Գեներալը հետապնդում էր իր հայրենակից գեղեցկուհի Անահիտին: Բակունցը փորձում էր ուշադրություն ցուցաբերել Անահիտին, ակնկալելով նույնը գեղեցկուհուց: Սակայն այդ ժամանակ հենց հայտնվեց Բակունցի սակավաթիվ հրամանատարներից մեկը` Մեծ մոգ զորահրամանատար Հյուգո Գուստավն ու շեղեց Անահիտի ուշադրությունը դեպի իրեն: Եթե գեներալը ուներ սիրտ, ապա այն կոտրվեց: Ընդ որում` չփշրվեց, այլ պարզապես ջարդվեց ու սկսեց բաբախել ոչ թե ապրելու և սիրելու, այլ ամեն կերպ Անահիտին տիրելու, Հյուգո Գուստավին իր տեղը ցույց տալու նպատակով: Արդյունքում նրան տեղափոխեցին Կալիստո` փորձանքից հեռու, որտեղ նա անցկացրեց երեք երկրային տարի ու վերադարձավ այնուհետև հայրենիք` Երևան:
Երևանում նրան նշանակեցին հանգիստ և հաճելի աշխատանքի` Գլխավոր շտաբին կից ինչ-որ գրասենյակում:


Դեռ բիոզանգվածի գաղտնիքների փոխանցման արարողությունների ժամանակ Բակունցի մտքում փայլատակել էր մի միտք` կարելի՞ է արդյոք ստեղծել դրանից մի կին, որը կատարելապես կհամապատասխանի իր ճաշակներին: Հարցը տանջում էր նրան երկար տարիներ, իսկ մեկ-մեկ նույնիսկ օր ու գիշեր շարունակ, մինչև եղավ հնարավորություն ամեն ինչ գործնականում փորձելու:
Մտածելն անգամ հիասքանչ էր: Իդեալական, կարելի է ասել hand made կին, որը լիովին կհամապատասխանի գեներալական պահանջներին ու կկարողանա դիմանալ նույնիսկ ամենավայրենի հայացքին: Պետք էր փորձել այդպիսի մի բան: Նույնիսկ, եթե ձախողվելու հնարավորությունը կլիներ մեծ: Սակայն Բակունցը չէր մտածում այնպիսի մանրուքի մասին, ինչպիսինն է ձախողումը, կամ, ասենք, փորձի բացակայությունը, օրենքով արգելված լինելը և այլ:
            Բիոզանգված:
 Դա գտնելը հեշտ չէ: Համաշխարհային Շրջանառության Կոմիտեն է վերահսկում դրա ամեն մի միլիգրամի տեղաշարժը մոլորակի վրա: Սակայն գտնելով պետքական կոնտակտներ ու մի քանի անգամ ժամերով մութ թունելներում կասկածելի մոխրագույն ֆրակով կանգնելուց և սիմուլյանտներին հանդիպելուց հետո Բակունցը կարողացավ, վճարելով կլորիկ գումարներ, ձեռք բերել այդ բիո-ոսկուց մի քանի գրամ: Այդքանը պետք է բավարարեր միջին ծավալների մարդ կերտելու համար (այդպիսի նպատակներով օգտագործելիս բիոզանգվածի հետ խառնում են ջուր և հիմք հանդիսացող որևէ սուբստանցիա, օրինակ` կավ):

 Նա գիտեր, կարդացել էր մի քանի ամսագրերում հումանոիդների ինկուբացիայի ու աճեցման մասին հոդվածներ, տեսել էր մի քանի ֆիլմեր: Տեխնոլոգիան էլ կարծես բարդ չէր: Սկզբում գեներալը սկսեց կավից: Նրանից ծեփեց մարդանման մի ձև ու բացեց նրա մեջ անցքեր, ինչպես ցույց էին տվել մի անգամ հեռուստացույցով: Հետո ջրի հետ բացված բիոզանգվածը լցրեց անցքերի մեջ ու թողեց, որպեսզի դա ներծծվի: Դրանով ֆիզիկական մասը ավարտեց ու սկսեց արտասանել կյուրիներից փոխառած մի քանի էներգետիկ հմայիլներ, որոնք պետք է բանականություն տային այդ արարածին ու լցնեին նրա զանգվածը շնչով: Գեներալը էներգետիկ հմայիլները արտասանում էր սարսափելի առոգանությամբ, բայց ջանալով գոնե մի քիչ նորմալ արտաբերել խզզոցները:



-...վաթսուչո...վաթսուչորսը, վաթսուն չորսը, ութ անգամ ութ հավասար վաթսունչորս, ութ եղանակ, ութ դիրք ,- մսագնդի բերանից ծորում էր լոզատիպ հեղուկ ու հոսում կրծքանման ելուստների վրայով, նա անդադար ու ոգևորված խոսում էր կամասուտրայի, սիրո և սեքսի մասին:
- Ուրեմն դու պնդում ես, որ եղել է մի գիրք սիրո մասին և նրա մեջ եղել են սեքսի դիրքերի նկարագրություննե՞ր, - հարցնում էր նրան փորձառու հաղորդավարուհին` ավելի աշխուժացնելով էակին:
- Կամ... կամասուտրա, սուտրա կամ: Ա...ա.,- էակի աչքերը փայլում էին, - լինում է հաճելի, որ փորձում են բոլորը-ը:
- Բայց ես չեմ հասկանում, սիրելիս, որտեղի՞ց դու այդ ամենը գիտես, - հարցրեց հաղորդավարուհին: Զգացվում էր, որ ստացած տեղեկություններից անհանգստացել էր նաև ինքը և նրա ձեռքերը մի քիչ դողում էին:
            - Ես սկզբից իմանալը այս ամենը իմացա, ես դա գիտեմ սկզբում, - հաստատեց էակը:
- Էլ ի՞նչ կպատմես մեզ, թանկագին հրաշք, - հարցրեց հաղորդավարուհին, ու հետաքրքրությունից փայլեցին նրա աչքերը...

 Տիկին Գայան, ով հետևում էր տաղավարում տեղի ունեցող իրադարձություններին, փորձում էր զանգել գեներալին: Երբ նրա հեռախոսը վերջապես պատասխանեց, լսվեցին նրա կենդանական հևոցներն ու ծանր քայլերի ձայները:
- Ես հասնում եմ,- մի կերպ բերանից շպրտեց նա, - դրան ցույց չտաք, եթերով ցույց չտաք...
- Արդեն ուշ է, պարոն Բակունց, հիմա ձեր ստեղծագործությունը քաղաքով մեկ պատմում է իր ողջ գիտելիքները...
- Ա՜խ դու հիմար հավ...
- Առանց վիրավորանքների, պարոն Բակունց, իմ հարգանքը ձեր հանդեպ չափազանց շատ է ու միայն դրա շնորհիվ դեռ չեն իմացել, որ դա պատկանում է ձեզ, այնպես որ շտապեք:
- Ես հիմա գալիս եմ, - շնչեց գեներալը խոսափողի մեջ:
Տիկին Գայան խորամանկ ժպտաց, ուղղեց լայն բացվածքով շապիկն ու դիմեց Վարշամին.
- Հիմա միացրեք գովազդ, հետո ցույց կտաք տեղական լուրեր, իսկ հետո ինչ ուզում եք: Մսագունդը տանել իմ սենյակ:
- ...ինձ ստեղծել են, որպեսզի ես իմանալ այս ամեն բանը, որ լինեմ իդեալական, թույլ չտամ լինել միայնակ ու տխուր... ես լինել կին, կին,- շարունակում էր իր լոզոտ խոսքը էակը...


 Վանդակի մեջ նրան այդքան էլ հարմար չէր: Նախ` վանդակը իրենից չէր ներկայացնում հենց վանդակ, այլ պարզապես իրար մեջ մտցված մետաղական ցանցավոր մեծ զամբյուղներ: Վարշամի պրակտիկ հայտնագործությունը, որը կոչված էր վնասազերծել Էակին: Զամբյուղի սուր ծայրերը խոցում էին նրա բարակ մաշկը ու նա անընդհատ տզզում էր անհարմարությունից ու ցավից:
Գեներալը դեռ չկար ու տնօրենը կրկին հավաքեց նրա հեռախոսի համարը.
- Դե հասա՜...,- արդեն ավելի շնչակտուր պատասխանեց նա,- արդեն մոտենում եմ, հասա՜...
- Մի շտապիր այդքան, սիրելիս, խնայիր քեզ, կարող ես շամպայն վերցնել մոտակա հիպերմարկետից...
- Հըը՞...
- Դե ուրեմն սպասում եմ քեզ ու շամպայնին...


 «Լաքի Նայթ» հյուրանոցի հսկա փենթհաուսի լյուքս համարներից մեկում կարծես տորնադո անցած լիներ: Ամեն բան խառնված էր իրար, ամեն բան ճմրթված էր, գզգզված ու մի քիչ ամոթխած: Անկարգությունը հասնում էր այն աստիճանի, որ շուռ էր եկած նաև կահույքը, գորգերը պատռված էին, իսկ լուսամուտներից մեկը ճաքած: Ճեղքեր կային նաև պատերի վրա:
- Դու դրան ի՞նչ կանես, սիրելիս, - հարցրեց Գայան Բակունցին` հայացքով ցույց տալով դեպի պարկը, որի մեջ հանգչում էր էակի դին:
- Հահա՜, ես գիտեմ ինչ կանեմ, հրեշտակս, չմտածես, ես գիտեմ ոնց սրան կարելի է վերացնել...
- Զգույշ եղիր, անուշս, - ասաց Գայան` հոգատար հայացքով նայելով գեներալին:
- Իհարկե, ջանս, - հանգիստ բասով պատասխանեց նա ու հագավ իր սվիտրը,- ես շուտով կգամ:
- Կկարոտեմ քեզ, իմ հսկա:
- Սիրում եմ քեզ, փոքրիկս:
 Հյուրանոցի դռնապահը, ով գիտեր, թե ում պատճառով էր շենքում տեղի ունեցող աղմուկը, և ինչպես ինքն էր նկատել, նաև թեթև ցնցումները, հեռվից տեսնելով մոտեցող գեներալի դաժան ուրվագիծը, արդեն պատրաստվել էր ընդունելու նրա սահմռկեցուցիչ հայացքը:
 Սակայն դռնապահի կողքով անցնելիս գեներալը ժպտաց նրան, գրպանից հանեց ու պարզեց նրան շոկոլադե կոնֆետ, հետո հանկարծակի ձեռքից գցեց պարկը, ժպտաց ու տշեց այն: Հավանաբար նա ուզում էր տշելով այն վեր բարձրացնել ու նորից բռնել այն ձեռքով, սակայն դա չստացվեց: Դրա փոխարեն հայտնաբերվեց պարկը տեղափոխելու նոր մեթոդ` տշելով:
 Քաղաքի թանգարանային մասում գտնվող արխայիկ կաթսայատունը, որտեղ ջուր են տաքացնում ածուխի միջոցով, զարմացնում է շատ ու շատ զբոսաշրջիկների և նույնիսկ կյուրիների: Այնտեղ օր ու գիշեր կրակի մեջ են լցնում ածուխի կտորներ ու միշտ տաք պահում կաթսայի ջուրը: Այդտեղից էլ ջեռուցվում է ողջ թանգարանային թաղամասը:
 Երբ գեներալը տվեց նրանց պարկը, որպես վառելիք, հին կաչագարը պարզեց նրան երկուդոլարանոց: Գեներալը մի կերպ կարողացավ համոզել նրան, որ մատուցված վառելիքը ընդամենը փոքրիկ նվիրատվություն է: Ծեր կաչագարը ճարահատյալ գլխով արեց ու նետեց դեպի կրակը բավականին ծանր պարկը:
Հետդարձին Բակունցը գնեց մեկ շիշ շամպայն ևս, ծաղիկներ ու ելակով պաղպաղակ:
-  Ես կարոտել էի քեզ կատվի պես, - դիմավորեց նրան Գայան քսան րոպե անց:

No comments:

Post a Comment