Thursday, April 23, 2015

Սկաֆանդրը եւ մարդկային մասունքները

Առաջին անգամ դպրոցական էքսկուրսիայով Էջմիածին գնալուց հետո ինձ ամենաշատը տպավորել էին աջերը: Ի նկատի ունեմ սրբերի աջերը, որոնց մեջ պահվում են նրանց մասունքները: Եւ ընդհանրապես` մասունք հասկացությունը, մարդու մարմնի սրբացված մասերը, մնացորդները, որոնք պահվում են ոսկեզօծ ամանների մեջ եւ
օգտագործվում ռիտուալ արարողություններում:
Երեւի հոգնեցրել եմ արդեն այս անվերջ թեմայով, բայց անվերջ էլ շարունակում եմ զարմանալ մարդկային հարաբերությունների բազմազանության վրա: Ուրեմն` մարդիկ կարող են այլ մարդկանց մարմինը դարձնել սրբություն, պաշտամունքի առարկա եւ երկրպագել դրան: Հետաքրքիր է...
Հետաքրքիր է նրանով, որ մի քիչ դժվար է նույնականացնել մարդուն եւ նրա մարմինը: Ի՞նչ է, ըստ էության, մարդը: Բիոլոգիական բարդ համակա՞րգ, օրգանի՞զմ, թե՞ այն, ինչ ընդունված է համարել հոգի: Եթե ենթադրենք, որ մարդը, այնուամենայնիվ, հոգի է, ապա մարմինը նրա կաղապարն է, զգեստը, հագուստը:
Այսպիսի բաների մասին մտածելիս միշտ օգտակար է գնալ թեյ պատրաստելու: Օգնում է ցրվել, մտածել փոքր-ինչ այլ կերպ, փոխել ռակուրսը... Եւ այսպես, մինչ եռում է թեյնիկի ջուրը, պատկերացնենք, որ որեւէ մարդ ընկնում է այլ մոլորակ: Չգիտեմ, թե ինչ է անում նա այդ մոլորակում, բայց միշտ լինում է սկաֆանդրով, քանի որ այդ մոլորակի միջավայրը խիստ վտանգավոր է մարդկային օրգանիզմի համար: Եւ ահա` մարդն այս մահանում է, տեղացիները բացում են սկաֆանդրը, եւ մարմինը, քայքայվելով օտար մթնոլորտի գազերից, փոշիանում-վերանում է, մնում է սկաֆանդրը:
Իսկ ի՞նչ կանեն տեղացիները, եթե, ասենք, այս մարդը ինչ-որ մեծ բան արած լիներ իրենց մոլորակի համար... բա:

Նկարի աղբյուրը` http://www.a1plus.am/1343005.html

No comments:

Post a Comment