Friday, April 10, 2015

Կատակլիզմը, ֆինը, հայը եւ դինկա ցեղի ներկայացուցիչը

Եղանակը թեյային է: Նստած ես տանը, բաժակի մեջ գոլորշի է արձակում թեյը, իսկ լուսամուտից այն կողմ անձրեւի հավասարն շիթերն են, որ կապում են երկիրն ու երկինքը: Տեսնես ի՞նչ է անում այս եղանակին Դենիել Ֆլայթ անունով ճնճղուկը:
Չէ որ ցանկացած եղանակ կատակլիզմ է:
Այ տեսեք` եթե մեր մոլորակում ամեն օր լիներ այսպիսի եղանակ, այսպիսի խոնավություն, այսպիսի անձրեւ, մարդիկ երբեք չէին կարողանա կառուցել մեծ քաղաքներ, չէին կարողանա ասֆալտ փռել այդ քաղաքներում: Ավելին` եթե անձրեւը լիներ ի սկզբանե, այն արարածները, որ հետո պետք է դառնային մարդ, կծածկվեին գորտնուկներով, կունենային խռռիկներ եւ չէին դառնա հոմո սափիենս: Ի՞նչ կդառնային` չգիտեմ:
Ամեն եղանակ կատակլիզմ է: Սկանդինավցու համար կարող է աղետ թվալ աֆրիկյան սավանայի տապը, իսկ աֆրիկյան դինկա ցեղի ներկայացուցիչը հաստատ կսառի-կմեռնի ինչ-որ տեղ Յակուտիայում, ասենք, -55 աստիճանի ժամանակ: Կամ չի մեռնի, ինչն ավելի լավ է, բայց հաստատ կասի` վայ քու արա, որովհետեւ այդ եղանակն իր համար իսկական աղետ է: Սա Երկրի մասին:
Իսկ ընդհանրապես` մինչ այժմ ուսումնասիրված մոլորակներում մարդու համար անտանելի եղանակ է: Ու ոչ դինկա ցեղի ներկայացուցիչը, ոչ ֆինը, ոչ էլ նույնիսկ հայը չեն կարող գոյատեւել, օրինակ, Վեներայում: Եւ նորից բոցկլտում է հոգուս խորքում մարմանդ ծխացող հարցը` իսկ ինչպիսի՞ն է մեր եղանակը նրանց համար, ովքեր կգան այլ մոլորակից:

Նկարի աղբյուրը` http://www.jpl.nasa.gov/spaceimages/search_grid.php?mission=Orbiting+Carbon+Observatory+(OCO-2)

No comments:

Post a Comment