Ժամանակին գետինը մոտ էր: Հողը մոտիկ էր: Ես նկատում էի ճաքեր, տեսնում էի այդ ճաքերի աշխարհի բնակիչներին, հազար ու մի տեսակ մրջյուններին, բլկոճներին, բզեզներին, մորեխներին, երբեմն` մողեսներին: Այդ մարդիկ... թուուու, այդ կենդանիները ապրում էին մեր կողքին, եւ միշտ կարելի էր հանդիպել նրանց բակում` ծառի տակ, հողի մեջ, խոտերի արանքում, կամ շենքում` տանը, աստիճանավանդակում, պատշգամբում: Նրանք ամենուր էին. մրջյունների գաղութներ, քարավաններ, մագիստրալներ, պապուկ-բլոճների գիշերային տեղաշարժեր, մորեխային ջունգլիներ սովորական մոլախոտի մեջ...
Այդ գետնի, կամ ինչպես կուզեք` հատակի, հողի աշխարհը հետաքրքիր էր: Դա այլընտրանք էր, վայր էր, ուր կարելի էր խորանալ, երբ չկար էլեկտրաէներգիա, հեոուստատեսություն, մուլտեր: Դա վայրի եւ կուսական աշխարհի հետ շփման յուրահատուկ ձեւ էր. օրինակ` դուրս ես գալիս դպրոցից եւ վազում... մորեխներ բռնելու: Ռեալ, մեծ, գունավոր մորեխներ. ի՞նչ պակաս որս է, ի՞նչ պակաս շփում է բնության հետ: Կամ` նորից, դպրոցից հետո ճանապարհին հանդիպում ես հսկա մրջնաբույն: Կա՞ ավելի հետաքրքիր բան, քան նայելը, թե ինչպես են հազարավոր մրջյուններ խիստ համակարգված աշխատանք կատարում, ասես ինչ-որ դարակազմիկ իրադարձության են նախապատրաստվում: Կլանիչ էր:
Հիմա կարծես այդպիսի բաներ այլեւս չկան... բայց: Ես հասկացա: Այ հենց այս սեղանն էր, որի վրա հիմա դրված է թեյնիկը, բաժակս եւ ալյումինե գդալը: Հենց այս սեղանն է, որի տակով ես ժամանակին կարողանում էի անցնել` առանց կռանալու: Այդ ժամանակ գետնի աշխարհը հաստատ ավելի մոտ էր:
Նկարևի աղբյուրը` http://planet-animals.com/animals/insect/item/268-grasshopper
No comments:
Post a Comment