Wednesday, April 15, 2015

Պատկերացումները, վրացական թեյը եւ առաջին տիեզերագնացը

Մեր շուրջ ամեն ինչ այնքան արագ է փոխվում, որ չենք հասցնում նույնիսկ ֆիքսել տեղի ունեցած դարակազմիկ իրադարձությունները: Աշխարհը, որում մենք ապրում ենք հիմա, տրամագծորեն տարբեր է այն աշխարհից, որը գոյություն ուներ, ասենք, քսան տարի առաջ:
Ես հիշում եմ առաջին դասարանը, հիշում եմ ձմեռը եւ հիշում եմ Գագարինի պատկերով դասագիրքը: Հիշում եմ դասագրքի
նամշած-խոնավ հոտը, ջեռուցման բացակայությունը, ձմռան բուքը, որ ոռնում էր ցելոֆանապատ լուսամուտներից այն կողմ, եւ դասագրքի կազմից նայող առաջին տիեզերագնացի դեմքը: Առաջին մարդու դեմքը, ով հաղթահարել էր երկրային գրավիտացիան եւ դուրս եկել նրա սահմաններից:
Իսկ գիտեի՞ն ինձ հետ նույն դասարանում նստած երեխաները, որ քսան տարի անց մենք վերածվելու ենք փոքրիկ գրաֆիկական ավատարների, գրելու ենք ստատուսներ, բաժանելու ենք լայքեր եւ հետեւելու ենք Քիմ Քարդաշյանին: Պատկերացնո՞ւմ էր մեզնից որեւէ մեկը, որ բոլորս կունենանք կապի անլար միջոցներ, որոնցով հնարավոր է ստանալ ցանկացած ինֆորմացիա, մուտք գործել ցանկացած հանրագիտարան, կապվել ցանկացած մարդու հետ:
Այս ամենը ես չէի պատկերացնում, սակայն դասագրքի շապիկից ինձ նայող տիեզերագնացի դեմքը հուշում էր` եղել են ավելի լավ ժամանակներ: Հը՞... աաա, էլի եկա-հասա պոստապոկալիպտիկայի... ոչինչ: Ի դեպ, որեւէ մեկը հիշո՞ւմ է այն տարիների վրացական թեյի համը: Թեեւ, ինձ դուր է գալիս նաեւ այս չինական թեյի բույրը, որը ոգեշնչում է ինձ մտածել` իսկ ի՞նչ չենք պատկերացնում մենք հիմա:

Նկարի աղբյուրը`  http://docfilms.pp.ua/news/kogda_vernetsja_gagarin_smotret_onlajn_video_jurij_gagarin_v_kosmose_biografija_gagarina_video_film_o_jurie_gagarine_onlajn/2014-10-30-200

No comments:

Post a Comment