Monday, April 20, 2015

Գիշերվա հերոսները եւ 7D կինոթատրոնը

Գիշերը ես, օրինակ, եղել եմ անտառում կառուցված հատուկ թաքստոց-ապաստարանում: Սկսվել էր ինչ-որ զոմբի-ապոկալիպսիս կամ էլ ուրիշ մի պանդեմոնիա, եւ սակավաթիվ ողջ մնացածները, այդ թվում` եւ ես, գնացել էինք անտառի խորքը: Գիշերը բուռն էր, եղան մարտեր, կորուստներ ունեցանք, բայց ամենամեծ կորուստը, թերեւս, հիշողությանն է:
Գրեթե ոչինչ չի մնացել գլխումս:
Այնտեղ կային մարդիկ, ովքեր հարազատ էին, ում հետ հասցրեցի ընկերանալ, այնտեղ կային արկածներ, ադրենալինի` գլխապտույտ առաջացնող չափաբաժիններ... իսկ հիմա այդ աշխարհից այլեւս ոչինչ չկա: Գրեթե ոչինչ:
Դա երազի աշխարհն էր: Այս անգամ ինձ բախտ էր վիճակվել (ոչ առաջին անգամ) հայտնվելու զոմբի ապոկալիպսիսում, իսկ ձե՞զ:
Այս հարցում եւս` հակված եմ մի փոքր թեքել դիտման անկյունը:
Ուղղակի` շրջապատող աշխարհն ավելի հետաքրքիր է դառնում, երբ փորձում ես գուշակել, թե ո՞ւր են եղել այս մարդիկ իրենց գիշերային երազներում: Հաստատ` մեկնումեկը ինձ պես էքշնի է մասնակցել: Ինչ-որ մեկն էլ, հավանաբար` ամենասփրտնածն ու աչքերի տակ պարկեր ունեցողը, բախվել է իր ամենավայրի վախերի հետ: Ընկել է բարձրությունից, մնացել է դաղաղի մեջ` հողի տակ թաղված, կամ ընկել է առնետների բույնը...
Կլինեն նաեւ դետեկտիվներ, բազմաշերտ սարսափներ եւ բազմաֆետիշային պոռնոներ: Եւ սա այն մարդիկ, ովքեր ձեզ հետ նույն վագոնում են, մետրոյի մեջ: Երազը բնության կողմից ընձեռնված, բոլորովին անվճար տոմս է` 7D կինոթատրոնի համար, իսկ առավելությունն էլ այն է, որ գլխավոր հերոսը հենց դու ես, եւ եթե հրաշքը տեղի ունենա, մի օր անպայման կստացվի կառավարել սեփական երազը: Օրինակ` երազի մեջ մի լավ թեյ պատրաստելու համար:

Նկարի աղբյուրը` http://zapravo.net/0012666-veshhie-sny-zadatok-budushhego/

No comments:

Post a Comment