Tuesday, April 28, 2015

Թերթիկները, պարադոքսը եւ Քլիֆորդ Սայմաքը

Մարդկության պատմության ողջ էությունը, մեծ հաշվով, ամփոփված է փոքրիկ գունավոր թերթիկներում, որոնք կան ամենուր եւ որոնցից տպում են ամեն ժամ, ամեն վայրկյան: Թերթիկներն այս օգնում են մարդկանց շեղել իրենց ուշադրությունը մեծ խնդիրներից եւ կենտրոնանալ առօրյա մանր աշխատանքների վրա, աշխատանքներ, որոնց դիմաց նորից բաժին են հասնում թերթիկներ: Պարադոքս է, բայց թեեւ թերթիկները օգնում են չկենտրոնանալ մեծ խնդիրների վրա, այնուամենայնիվ,
մեծ խնդիրների մասին կարելի է մտածել միայն այն ժամանակ, երբ կան անհրաժեշտ քանակությամբ գունավոր թերթիկներ` փոքր խնդիրները լուծելու համար:
Ընդհանրապես` ամեն ինչ պտտվում է թերթիկների շուրջ եւ թերթիկների համար: Նույնիսկ եթե ուզես թեյ խմել` պետք են թերթիկներ: Թեյը կարող ես եւ ինքդ ունենալ, կարող է քեզ հյուրասիրեն, բայց ինչ-որ տեղ հեռվում, ամենավերջում, ցանկացած բանի հետեւում կանգնած են թերթիկները, այն մարդիկ, ովքեր այդ թերթիկները տնօրինում են:
Հիշում եմ Քլիֆորդ Սայմաքի պատմվածքներից մեկը: Եկել էին բուսաբան այլմոլորակայիններ, հարցրել Երկրի իշխանավորներին` ինչի՞ կարիք կա ձեր մոլորակում: Սրանք էլ թե` գունավոր թերթիկների: Բուսաբան եկվորներն էլ ստեղծել էին ծառեր, որոնց վրա հենց աճում էին դոլարները... վայ` գունավոր թերթիկները:
Հետաքրքիր է, բայց այդ պատմվածքի մեջ Երկրի իշխանավորները ինչ-որ տեղ ճիշտ էին: Եթե նայենք հետ, ապա կտեսնենք` պատմության բոլոր ցավալի էջերը, այսպես թե այնպես, կապված են գունավոր թերթիկների, գունավոր մետաղների, գունավոր հանքանյութերի անբավարարության հետ: Իսկ միգուցե ընդհանրապե՞ս պակասում են գույները:

Նկարի աղբյուրը` http://audioknigi-onlajn.ru/audio/sajmak-k_denezhnoe-derevo-1958-2

No comments:

Post a Comment