Փաստին, որ մենք ապրում ենք հայկական պետության մեջ, կարելի է նաեւ տարբեր ռակուրսներով: Մի քանի օր է արդեն, ինչ ես փորձում եմ հարմարեցնել պատմական ռակուրսի ակնոցները եւ ֆոկուսի բերել հաջորդ կարեւոր փաստը` ինչ-որ մի ժամանակ, դարեր առաջ, նույնպես եղել է հայակական պետություն եւ պետության մայրաքաղաք, եւ այդ մայրաքաղաքում ապրել են մարդիկ, մայրաքաղաքի բնակիչներ, ովքեր, միգուցե, ժամանակ են ունեցել անցյալի եւ ապագայի մասին մտածելու:
Լավ փաստ է, չէ՞: Ու՞ր կուզենաք տեղափոխվել:
Գնանք, օրինակ, Անի: Երեւի մածագույնը հայոց հին մայրաքաղաքներից, ասում են` ստորգետնյա թունելների ցանցով, մի քանի օղակ պարիսպներով, նույնիսկ, լսել եմ, էզոթերիկ, մոգական դպրոցներով, էլ չեմ ասում, որ եկեղեցիների քանակն այդ քաղաքում հաստատ գերազանցում էր թույլատրելիի քանակը (այստեղ կատարեմ ճշտում. այն ժամանակ, երբ Անին Բագրատունիների մայրաքաղաքն էր, հնարավոր է, որ ստորգետնյա թունելները չկային: Բայց դա էս դեպքում կարեւոր չէ):
Պատկերացնենք, թե ովքեր էին ապրում այդ քաղաքում, ինչ էին նրանք անում: Հաստատ կլիներ մի գլխավոր փողոց, եւ անհոգ մեկը հաստատ կունենար սովորություն այդ փողոցով անշտապ քայլելու: Ավելին` միգուցե այդ անհոգ մեկը սովորություն ուներ նաեւ մտածելու: Ի՞նչ կարող էր մտածել մեր հեռավոր նախնին Անիի փողոցներով զբոսնելիս: Օրինակ` որ եկող տարիներին կհայտնաբերվի նոր ճանապար, որով ուղտերը երկու անգամ ավելի արագ կկարողանան Չինաստանից հասնել Հայք` բերելով թեյի առաջին տերեւները: Կամ էլ մտածում էր, որ կարելի է առեւտրական Ներսես Կարսեցու հետ գնալ Անտիոք, որտեղից հասնել Երուսաղեմ, այնուհետ Մըսր, հետո էլ ծովով գնալ ֆրանկերի երկիր: Տարբերակ է, ինչո՞ւ չէ: Հո չէր մտածում, որ Սարգիս Ուեսթ անունով հոգեւորականը թշնամուն կհանձնի քաղաքի բանալիները, հետո քաղաքը կավիրվի երկրաշարժից, հետո կսկսվի գաղջ ապոկալիպսիսի ժամանակը, իր սիրած փողոցները վերջնականապես կհալվեն պատմության ջրերում, քրդերը ոչխարներ կպահեն ավիրված եկեղեցիներում, իսկ որոշ ժամանակ անց իր հեռավոր ժառանգները երեք օրը 60 հազար դրամով կգան այդ ավերակները տեսնելու, իսկ հայոց նոր մայրաքաղաքում Քանյե Ուեսթ անունով ռեփերը կցատկի Կարապի լճի մեջ:
Պատկերացնելու համար դաշտը անսահմանափակ է: Բավական է, օրինակ, մտածել, թե ինչպե՞ս էր Անիում տեղի ունենում մեծն սեքսը: Ու՞ր էին գնում մարդիկ երեկոյան աշխատանքից հետո եւ ի՞նչ իշխանավորներ կային քաղաքում: Մասնավորապես, ասենք, արքա Սմբատը. արդյո՞ք նրա ձիաշարասյան երիվարները հատուկ ազդանշանային խրխջյուն ունեին` ճանապարհը ազատելու համար:
Նկարի աղբյուրը` https://annieakkam.wordpress.com/2013/03/13/%D5%A1%D5%B6%D5%AB-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84/
No comments:
Post a Comment