Մաշված հողաթափ-նապաստակ հագած ոտքերը ցատկում էին համատարած ցեխաջրի մեջ տեղ-տեղ երեւացող համեմատաբար պինդ եւ չոր կղզյակների վրայով: Աղջիկը վազում էր ինչքան ուժ ուներ արագ, բայց միեւնույն ժամանակ զգույշ` վարդագույն ծաղկավոր խալաթը եւ աստված մի արասցե` դրա տակի մուգ կանաչ թավշյա սպորտային համազգեստը չկեղտոտելու համար (մուգ կանաչ թավշյա համազգեստը հատուկ նվեր էր` ուղարկված Գլենդելում բնակվող հորեղբոր որդու կողմից երեք տարի առաջ): Աղջկա կլորիկ ու գեղեցիկ դեմքին լարվածություն կար, նրա խորունկ եւ սեւ աչքերի փայլը միայն մի բան էր տենչում` վայրկյան առաջ հասցնել լուրը:
Տան եւ գոմի միջեւ ընկած տարածքն ընդամենը երեք հարյուր մետր էր, բայց նախօրեին տեղացած հորդառատ անձրեւը վերածել էր գետինը միասեռ ջրիկ զանգվածի, որի միջով շարժվելու համար ամենահամապատասխան կոշիկները ռետինե սապոգներն էին: Գոմում, սակայն, չնայած նման դժվարհասանելիությանը, իրարանցում էր: Ծնում էր Մանուշակ կովը, եւ երկունքի արարողությանը ներկա գտնվելու հավաքվել էր Հարությունյանենց ողջ ընտանիքը` Համբարձումը, նրա կին Ծովիկը, Համբարձումի ծնողներ Նազիկ տատն ու Կարապետ պապը եւ փոքր տղան` Արայիկը, ում տասը տարին լրացել էր անցած շաբաթ: Միայն կրտսեր Նազիկն էր` Համբարձումի աղջիկը, ով մնացել էր տանը` հրաժարվելով անցնել ցեխոտ ճանապարհը, եւ գոմում նրա հանկարծակի ու շնչակտուր հայտնվելը այն պահին, երբ մեծ ու դատարկ աչքերով Մանուշակ կովը գլխապատառ բառաչում էր, խիստ անակնկալի բերեց ընտանիքի անդամներին:
- Շտապ, շատ շտապ, քեռին է եկել, քեռին փորձանքի մեջ է...,- հեւալով ասաց Նազիկն ու նոր շունչ քաշեց. առաքելությունը կատարված է, լուրը հասցված է:
- Վայ, քոռանամ ես,- չոքերին հարվածեց Ծովիկն ու բոլորին դեն հրելով իրեն դուրս գցեց գոմից ու վազեց դեպի տուն:
Սկսվեց խուճապը: Բոլորը, այդ թվում` տատն ու պապը, աղմուկ բարձրացրեցին, եւ ինչպես դիվահարներ, հարձակվեցին գոմի դռան վրա` մի կողմ հրելով շնչասպառ Նազիկին: Երբ բոլորն արդեն ցեխը դես ու դեն շփելով վազում էին դեպի տուն, Նազիկը հայտնաբերեց, որ հողաթափ-նապաստակները մինչեւ ականջները խնված են թրիքախառն ցեխի մեջ, իսկ վարդագույն ծաղկավոր խալաթը կարծես այնքան էլ վարդագույն չէ: Զայրույթից աղջիկը շիկնեց, ապա, ինչքան ուժ ուներ, շրխկացնելով փակեց գոմի դուռը, որտեղ մեծ ու դատարկ աչքերով Մանուշակ կովը տանջվում էր երկունքի ցավերից:
Հարությունյանենց տան մեծ սենյակի անկյունում, թախտին, իրար վրա բուրգի պես շարված բարձերի կողքին քեռին էր: Սեւ, մի քիչ հին, բայց իդեալական մաքուր, առանց որեւէ փոշու հատիկի նոթբուքը միացված էր, թարթում էր ինտերնետային կապի առկայությունը փաստող փարոսիկը եւ Հարությունյանների ընտանիքին էր նայում Ծավիկի մոսկվաբնակ եղբայրը` Շավոն: Նրա պատկերը մերթընդմերթ լղոզվում էր, ինչը, թերեւս, գյուղի անբերանպաստ, սարերի մեջ կորած-մոռացված դիրքից էր:
- Հեյ լսո՞ւմ եք,- հարցրեց Շավոն:
Համբարձումը, տեսնելով, որ Ծովիկը հուզմունքից, իսկ գուցե եւ շնչառության պակասից չի կարողանում խոսել, առաջինն ինքը բարեւեց աներձագին:
- Էս խեր լինի, Շավո, այ տնաշեն, էս ո՞ւր ես կորել:
- Չվախենաք, դուք կարեւորը հեչ չվախենաք, դու Ծովիկին էլ ասա, թող չվախենա, ես լավ եմ, հիմա արդեն բաց են թողնում ինձ, մի քանի օրից բաց կթողնեն, բանտում եմ ես, բանտում, լսո՞ւմ եք:
- Վայ, քոռանամ ես,- ասաց Ծովիկն ու այնպես սփրթնեց, որ խեղճ Նազիկ տատն ու Կարապետ պապը առաջ եկան` նրան թեւերի տակից բռնելու` որ չընկնի:
- Այ տղա, էդ ի՞նչ ես արել, որ բանտ ես ընկել,- հարցրեց տագնապած Համբարձումը:
- Մարդ եմ գցել ավտոյի տակ: Բայց արդեն պարզ է, ողջ-առողջ է, դիմում էլ չի գրելու, ինձ պայմանական բաց կթողնեն արդեն, հետ կուղարկեն էդտեղ, դուք չվախենաք հանկարծ, պատմեք տեսնեմ` ինչ կա, ո՞նց եք:
- Այ տնաշեն, էդ դու բանտում, բա ո՞նց ես խոսում,- մեջ մտավ Կարապետ պապը:
- Էստեղ սկայպ կա, տվել են քսան րոպե, ասել են` խոսա արխային, ես էլ ձեզ եմ զանգել, դուք չվախենաք:
Տանը քար լռություն տիրեց: Ծովիկը, ում դեմքի գույնը միանգամից տեղն եկավ, բայց դիմագծերը տարօրինակ սրվեցին, չռեց աչքերը նոթբուքի էկրանին: Նույնիսկ փոքրիկ Արայիկը, որ մինչ այդ գորգի վրա նստած ինչ-որ բան էր պտտեցնում եւ խաղում, բարձրացրեց գլուխն ու զարմացած նայեց թախտի վրա, բարձերի կողքին հանգրվանած քեռուն: Վերջինս, տեսնելով զարմիկի այս հուզիչ ժեստը, չդիմացավ.
- Վույ աման, էն ում բալեն ա...
- Շավո,- չորացած բերանը մի կերպ բացելով` ասաց Ծովիկը,- մենք էլ ենք բանտո՞ւմ:
Էկրանի վրա Շավոյի դեմքը ստացավ հիմար արտահայտություն, իսկ դեմքին սառած ժպիտը կարծես հարցրեց` «Հա ջա՞ն»:
- Շավո, դու էդպես հանաք մի անի, դու մեզ պես հասարակ մարդկանց հունից մի հանի, դու էն ասա, որ բանտից բաց են թողել, գնացել ես տուն...
- Ես ախր բանտում եմ դեռ, ինչի՞ եք խառնվել իրար,- ասաց Շավոն Մոսկվայից:
- Վայ,- ճչած Ծովիկն ու հարձակվեց Արայիկի վրա` նրան գրկելու եւ ամեն կերպ պաշտպանելու համար:
Կարապետ պապը ծերունական չոր, բայց ամուր ափերում սեղմեց Նազիկ տատի ձեռքը: Համբարձումը,
հայացք նետելով սենյակում, սեղանների եւ պահարանների վրա դրված մյուս նոթբուքներին, մոտեցավ աներձագին: Նրա ծանր շնչառությունից նոթբուքի էկրանը քրտնեց` լղոզելով Շավոյի պատկերը:
- Շավո, մենք հիմա բանտո՞ւմ ենք,- հառաչեց Համբարձումը:
Շավոն մի պահ հապաղեց, ասես մտքում ինչ-որ հաշվարկներ արեց, հետո աչքերը փայլեցին այնպես, ինչպես կփայլեին մի շատ դժվար խնդիր բարեհաջող լուծելուց հետո:
- Ախր ես ձեզ այն ժամանակ ասում էի,- ասաց նա` իր հերթին մոտեցնելով գլուխը բանտային համակարգչի տեսախցիկին.- այդ գրողի տարած սկայպերը շարժական են:
Քար լռություն:
- Հեյ, գրողը ձեզ տանի, դուք պատկերացնո՞ւմ եք: Այդ նոթբուքը դուք կարող եք տանել ուր ուզում եք, եւ դա չի նշանակի, որ ձեզ հետ խոսացողը նույնպես կտեղափոխվի: Ու քանի անգամ եմ ասել, գոնե փոքրիկ Նազիկին սովորացրեք, որ քեռին չի «գալիս», քեռին «զանգահարում է»:
Հարությունյանները նայում էին նոթբուքի էկրանին:
- Ես հիմա Մոսկվայում եմ, դուք ձեր հերն անիծած գյուղում, ու դուք չեք կարող լինել բանտում, ինչպես եւ ես չեմ կարող լինել ձեր տանը:
- Բա որտե՞ղ ես դու,- հարցրեց Ծովիկը, ում համար եղբոր կոպիտ եւ ագրեսիվ տոնը չարագուշակ մի ազդանշան էր հանդիսանում:
Ծովիկի սադրիչ հարցից հետո լռելու հերթը Շավոյինն էր: Լռությունն այդ տեւեց մոտ երկու րոպե, ինչից հետո սթափեցնող շրխկոցով բացվեց դրսի դուռն ու շեմին հայտնվեց կրտսեր Նազիկը, ում վարդագույն, ծաղկավոր եւ ցեխոտ խալաթի տակից երեւում էր նույնքան ցեխոտ մուգ կանաչ սպորտային համազգեստը: Ցեխոտ էր նաեւ աղջկա դեմքը, եւ կարելի էր միանշանակորեն պնդել, որ ճանապարհին, վազելիս նա հասցրել է բերանքսիվայր ընկնել ցեխաջրերի եւ ինչու չէ` նաեւ թրիքի մեջ:
- Հորթը եկավ,- ասաց շնչակտուր ու ցեխակոլոլ Նազիկը` ընկնելով գետնին,- հասե´ք:
Ընտանիքը, որ մինչ աղջկա հայտնվելը փորձում էր լուծում տալ Շավոյի շուրջ ստեղծված իրավիճակին, ասես հատուկ համաչափություն պահելով` նետվեց դեպի դուռը:
- Հեեեեյ, ինձ էլ տարեք, ինձ էլ տարեք հետներդ, էս անտեր նոթբուքը վերցրեք հետներդ, սա շարժվում է, գրողը ձեզ տանի...
Բայց արդեն ուշ էր: Ցեխակոլոլ Նազիկը, ով արդեն չէր փորձում պաշտպանել իր խալաթն ու սպորտային համազգեստը, իսկ հողաթափ-նապաստակներն էլ նման էին երկու մեծ ցեխագնդերի, վերջինը դուրս եկավ տնից` չմոռանալով ինչպես հարկն է շրխկացնել դուռը քեռու վրա` վերջինին թողնելով միայնակ անցկացնել
իրեն մնացած վերջին րոպեները քրոջ ընտանիքի տան դատարկ պատերի, սենյակով մեկ ցրված
նոթբուքների ընկերակցությամբ: Նոթբուքների, որոնցից ամեն մեկը նախատեսված էր կոնկրետ
ազգականի հետ շփվելու համար, եւ դատարկ սենյակում իրականում ներկա էին ինքը` Շավոն,
Համբարձումի ամերիկաբնակ եղբայրը, Համբարձումի երեւանաբնակ քույրը, Կարապետ պապի զարմիկը,
Ծովիկի երկու քույրերը եւ այլք:
Արունով ու լորձերով ողողված գոմում, հոգնած եւ ուժասպառ Մանուշակ կովի շուրջ հավաքված էր Հարությունյանների երջանիկ ընտանիքը: Համբարձումը, որ պարզապես շողշողում էր ուրախությունից եւ հպարտությունից, հայացքը մոտեցրեց նոր հայտնված հորթի աչքերին:
- Անուուուշ,- ասաց Համբարձումը:
Գոմում, աթարի շերտերի վրա հարմար տեղադրված նոթբուքի էկրանից պսպղացին Հարությունյանենց նոր ծնված հորթի խոշոր ու դատարկ աչքերը:
- Մուուու,- ասաց հորթը նոթբուքի դինամիկներից:
- Մուուու,- ասաց Մանուշակ կովը Հարությունյանենց գոմից:
Նկարի աղբյուրը` http://ru.tsn.ua/tsikavinki/korova-rekordsmenka-daet-60-litrov-moloka-video.html
No comments:
Post a Comment