Thursday, March 26, 2015

Քաղաքի երակների ճնշումը

Քաղաքում ահռելի ճնշում կա։ Մենք չենք զգում, բայց այն կա։ Ես չեմ խոսում մթնոլորտային սյան ճնշման մասին։ Հիշո՞ւմ եք, դրա մասին սիրում էր խոսել Օստապ Բենդերը։ 214 կիլոգրամանաոց մթնոլորտային սյունը։
Ես խոսում եմ այլ ճնշման մասին, քաղաքի երակներում առկա ճնշման մասին։ Մարդը, բացի հեռուստասերիալներ հորինելուց
եւ Լուսնի վրա վայրէջք կատարելուց, հարմարացրել է բնական բարիքներն իր կենցաղային օազիսներում՝ քաղաքներում։ Ջուրը, որ անցնում է խողովակներով, ընդերքից դուրս եկող գազը, լարերով սլացող էլեկտրական տարերքը։
Մենք զսպել ենք բնության ուժերը չուգունե, երկաթյա եւ մետաղապլաստիկ խողովակներով, պատերի միջով ճյուղավորվող լարերով եւ ապրում ենք այնքան հանգիստ, ասես․․․
Բրյուս Լիի բառերը հիշեցի՝ ջուրը կարող է եւ հոսել, եւ ավիրել, դու լցնում ես ջուրը բաժակի մեջ, այն դառնում է բաժակ, լցնում ես թեյնիկի մեջ, դառնում է թեյնիկ։ Վերջերս հաճախ եմ այս բառերը հիշում թեյ խմելիս։
Բայց պատկերացնո՞ւմ եք, բացում եք ծարակը եւ հոսում է ջուր, որն այնքան հին է, ինչքան մոլորակը ինքը։ Վառում եք գազի կաթսան եւ այրվում է գազը, որը ժամանակին, հնարավոր է, օդ է եղել որեւէ դինոզավրի համար (առավել հավանական է՝ դուրս է եկել աղեստամոքսային համակարգից)։ Օգտագործում ենք էլեկտրական հոսանքը, իսկ այն էներգիայի գաղափարն է, շարժումից եւ կամ այրումից գեներացված մաքուր հոգի․․․ Լավ։ Չափազանցրեցի, բայց այնուամենայնիվ՝ չեմ ուզում մոռանանք մեզ շրջապատող իրականության մասին։ Պարզապես մեկ-մեկ մտածենք, թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ մի օր բոլոր խողովակները այլեւս չդիմանան․․․ միաժամանակ։

Նկարի աղբյուրը՝  http://inyarwanda.com

No comments:

Post a Comment