Monday, March 9, 2015

"Ավտոբուսն աղջկա բան ա" սինդրոմ

Երեխան լացում էր: Նա իր փոքրիկ տոտիկները խփում էր գետնին եւ լացում: Տղա երեխան: Նա հրաժարվում էր ավտոբուս նստելուց: Նրա աղեկտուր, արցունքներով խեղդված ձայնը գոչում էր, որ "ավտոբուսը աղջկա բան ա": Հենց այդպես` ավտոբուսը աղջկա բան ա: Եւ երեխան ամեն կերպ փորձում էր խուսափել ավտոբուս նստելուց, որպեսզի խայտառակ չլինի, պատկերացնո՞ւմ եք`
հանկած ու նստի ավտոբուս: Երեխան, ի դեպ, հազիվ 2.5-3 տարեկան էր:
Մեզանում, փաստորեն, առկա են խորը սեռական-գենդերային կարծրատիպեր, որոնք երբեմն կարող են ստանալ բոլորովին անտրամաբանական եւ անհեթեթ դրսեւորումներ: Ինչպես այս երեխայի դեպքում: Հարցը այն չէ, որ փոքրիկը այդպես է մտածել եւ լացել, բոլոր երեխաներն էլ ինչ-որ ստից բանից նեղվում են եւ մեծ ողբերգություն սարքում: Հարցը այն է, որ այս երեխային ինչ-որ մեկը ասել է դա, որ ավտոբուսը աղջկա բան է: Ասողն էլ երեւի գիտակցված չի ասել, կատակ է արել, ԼՈՒՐՋ չի ասել, բայց ասել է այն, ինչ, միգուցե, կար իր ենթագիտակցությունում: Այդ "ինչ"-ը իր ենթագիտակցությունում նա փոխանցել է երեխային, ով հետո կմեծանա.... եւ թեկուզ` արդեն մեքենայի ղեկին, փողոցում, խցանման մեջ ավելորդ ազդանշաններ կտա կամ անհարգալից բառեր կհնչեցնի որեւէ ավտոբուսի հասցեին, կարող է նաեւ ինքը ավտոբուսի վարորդ դառնալ, բայց խորքում ունենալով "ավտոբուսն աղջկա բան ա" բանաձեւը` տվայտվել եւ ուրբաթ երեկոները հագնել կանացի զգեստներ կամ պարզապես` գնալ տուն եւ ծեծել կնոջը (ինչպես նաեւ` չորեքշաբթի օրերը ընտրել զոհ եւ բռնաբարել զոհին հենց ավտոբուսի չորրորդ նստարանին):
Շատ եմ խորանում, ինչպես միշտ` շատ խորացա: Ինձ մոտ ավելի լավ է ստացվում պարզապես թեյ խմելը, նայելը, թե ինչպես են բաժակիս մեջ պտտվում թեյի տերեւները: 
Իսկ պատկերացնո՞ւմ եք Եդեմի այգին: Եվան նոր է հայտնվել,Ադամը դեռ չի հասցրել ադապտացվել, ուղղակի հետեւում եւ զննում է Եվային, ուսումնասիրում, թե ինչով է նա ընդհանրապես զբաղվում: Եւ տեսնում է մի օր, որ Եվան ծառից քաղում է ինչ-որ դեղնավուն միրգ եւ ուտում այն: Մինչ այդ` Ադամի մտքով էլ չեր անցել ուտել այդ պտուղը, նա նույնիսկ չէր էլ նկատել, որ իր այգում այդպիսի բան է աճում: Իսկ հիմա նայում է, թե ինչպես է Եվան դանդաղ, հաճույքով ուտում դեղին բանանը եւ մտածում, որ դա աղջկա բան է... Էլի խորացա...

Նկարի աղբյուրը` http://diecast-43.livejournal.com/554738.html

No comments:

Post a Comment