Wednesday, March 25, 2015

Ռեինկարնացիան եւ մուռ պահող վարորդը

Վերջերս մի տեղ աչքովս ընկավ արտահայտությունը՝ մի արդարացիր, եթե որեւէ սխալ բան ես արել, պարզապես ասա, որ առաջին անգամն ես ապրում։ Չգիտեմ։ Երբեմն նման բաները մտնում են մեջդ, ու սկսում ողջ օրը վերլուծել, քցել-բռնել։
Իսկ եթե այդպե՞ս չէ։ Ի նկատի ունեմ՝ մենք մեկ անգամ չէ, որ ծնվում ենք։
Դե հա, ռեինկարնացիայի մասին եմ խոսում։
Պատկերացրեք, որ բոլոր մարդիկ ծնված են եղել նաեւ առաջ եւ հետեւաբար՝ ճանաչում են իրար։ Թեկուզ՝ ենթագիտակցական մակարդում։ Այդ դեպքում, օրինակ, կարելի է շատ բան բացատրել։ Ասենք՝ որեւէ վարորդ փողոցում այնպես է սղմում տագնապայինխուճապապատուհասային ազդանշաններին մեկ այլ վարորդի կատարած փոքրիկ սխալի համար, որ կարելի է կարծել, թե այդ երկրորդ վարորդն ամեն օր նույն ժամին նույն տեղում ուտում է մյուս՝ ազդանշան տվող վարորդի հոգին։ Էլ քֆուր-քաֆար, էլ ազգ-բարեկամի հիշատակումներ։ Ինչի՞ համար։ Անցողիկ, էպիզոդիկ, ոչինչ չնշանակող միջադեպի պատճառով այդքան էներգիա՞ ծախսել։ Այստեղ է, որ գալիս է այլ բացատրություն փնտրելու կարիքը։ Ուրեմն՝ այդ վարորդները ծանոթ են եղել նախորդ կյանքերում եւ առաջինը մուռ է ունեցել երկրորդի վրա։
Նույն կերպ կարելի է բացատրել պատերազմները, թաղային կռիվները, բոքսը եւ Սուարեսի՝ ականջ կծելու հատկությունը։
Ես, ինչպես եւ թեյ աճեցնող երկրների բնակչության մեծամասնությունը, մեծ համակրանք եմ տածում ռեինկարնացիայի գաղափարի հանդեպ, սակայն, եթե ինկարնացվելուց հետո պետք է ինչ-որ մեկից վրեժ լուծեմ՝ չէ, չէ, չէ, դա հեչ պետք չէ։ Պատկերացրեք՝ ծնվում է երեխա եւ արդեն սկսում է ատելով ատել կողքի ծննդասենյակում նույն պահին ծնված տաքսու ապագա վարորդին։
Ի դեպ, ծնունդներից խոսեցի եւ հիշեցի։ Ընկերոջս ծնունդն է, շնորհավոր Արամ Շահվերդյան ջան, թող քո ճանապարհին չհանդիպեն ոխերիմ վարորդներ եւ մանավանդ՝ տաքսիստներ։

Նկարի աղբյուրը՝ http://en.wikipedia.org/wiki/Reincarnation

No comments:

Post a Comment