Ժամանակը մեզանում խիստ հարաբերական հասկացություն է: Համոզվելու համար բավական է ընդամենը ստուգել ժամը ձեր հեռախոսով կամ ժամացույցով ու ժամ հարցնել ուրիշ որեւէ մեկից: Գրեթե հարյուր տոկոսանոց հավանականությամբ` պատասխանը կլինի մոտ երկու-երեք րոպեով այլ, քան ձեր ունեցած տվյալներն են: Ավելին` կարող եք համեմատել ձեր ժամացույցի եւ հեռախոսի ժամերը. տարբերությունը կլինի ակնառու:
Եւ այդպես մեզ մոտ ամենուր է: Նույնիսկ տարբեր հեռուստաընկերություններ, ասենք, ժամը 8-ի լուրերը սկսում են տարբեր ժամանակ: Մեկի մոտ արդեն լուրերն են կարդում, մյուսի մոտ դեռ ժամացույցն է` տիկ-տակ, տիկ-տակ, իսկ մյուսի մոտ լուրերը դեռ չեն կարդում, բայց արդեն անոնսն են ցույց տալիս:
Բջջային օպերատորներն էլ իրենց հերթին` ամեն մեկի ժամը մյուսից մի քիչ տարբեր է:
Իմ կարծիքով, այս քաղաքում ժամանակային միակ հստակ միավորը իմ թեյնիկն է` ուղիղ երկու րոպե քառասունհինգ վայրկյան, եւ ջուրը եռում է: Իսկ այդ ընթացքում, տարբեր հեռուստաալիքներում եւ միլիոնավոր մարդկանց մոտ տարբեր ժամային գոտիներ են: Հավանաբար, այս պատճառով է, որ մեզ մոտ չեն անցկացվում, օրինակ, Ֆորմուլա 1-ի մրցավազքեր. այնտեղ ամեն ինչ միլիմիլիմիլիվայրկյանների հաշվով է որոշվում, իսկ մերոնք երեկոյան լուրերի թողարկումներն են տարբեր ժամը ութերին կամ իններին սկսում:
Օրերս էլ մի դեպք եղավ. փողոցում նայեցի ժամը` երկուսն անց կես էր, անցավ մեկ րոպեի չափ ու մեկ էլ` կողքովս մարդիկ են անցնում, իրար մեջ խոսելով ժամ են ճշտում եւ մեկն ասում է` երեք անց կես: Ժամանակատարածային կոլապս` եթե կուզեք: Իրականում` այդպիսի դեպքերը ունակ են ապակողմնորոշելու ուզածդ մեկին:
Հետաքրքիր է նաեւ, որ այս խնդիրը նոր չէ; Հիշում եմ, որ դեռ շատ տարիներ առաջ ակտուալ էր արտահայտությունը. "Ես իմ ժամը Մոսկվայով եմ ճշտել": Ափսոս, որ մինչ այժմ էլ ակտուալ է:
Նկարի աղբյուրը` http://salvador-dali.ucoz.ru/
No comments:
Post a Comment