Monday, December 5, 2011

Չե՞ք հավատում

Ավելի ձանձրալի տեղ չկա ու դժվար էլ կլինի հորինել: Ծերերի համար նախատեսված խաղասրահ է: Ամեն ինչ հագեցված է սովետական փոշիով, լցված էժանագին թութունի հոտով, իսկ ալյումինե պտուտակը, առաստաղից  կախված, ծուլորեն խառնում է այդ ամենն իրար: Այնտեղ լինում են միաժամանակ տաս ծերունիներ: Հինգ զույգեր են: Որպեսզի մեռնելուց առաջ քիչ ձանձրանան, նրանք ստիպված են որևէ բանով զբաղվել, խաղալ: Խաղում են  դոմինո, շախմատ և շաշկի: Խաղացանկը ավանդական է ու հին` ինչպես առաստաղից կախված պտուտակը: Նրանց սպասարկում է ոչ այնքան երիտասարդ մի կին: Նա երկու ժամը մեկ թարմացնում է նրանց մոխրամաններն ու սուրճ տալիս:
Դա  սարսափելի ձանձրալի վայր է: Եթե ութանասուն տարեկան չես ու աուտիզմով էլ չես տառապում, կարելի է սատկել այնտեղ մեկ ժամվա մեջ: Ահա այդպիսի ձանձրալի տեղ է դա:
-Օբաման չի գնա երկրորդ ժամկետի ընտրություններին,- ողջ սենյակով մեկ հայտարարում է շախմատ խաղացող ծերունիներից մեկը իր թույլ ձայնով: Այդպես է լինում նրանց ինֆորմացիոն հաղորդակցությունը: Պատասխանին պետք է սպասել  քսան րոպե հետո.
-Հիմա ամերիկացիները կուզենան ունենալ կին նախագահ... միայն կինը կփրկի այդ երկիրը:
Որպեսզի թեման մարսվի և ընդունվի, պահանջվեց քսան րոպե: Պատասխան հայտարարություն անողը պարսկահայ ծերունին էր: Նա ապրել է Ամերիկայում: Ամերիկյան թեմայի մեջ նա ամենահեղինակավոր դեմքն է:
-Պինդ ձեռք է պետք...հիմա  թիթիզության ժամանակը չէ...հեչ ժամանակը չէ: Ամերիկային պետք ա պինդ ձեռք, որ կարողանա դուրս գալ, ոտքի կանգնել...էդ հիմարները խորտակվելուց առաջ մեզ բոլորիս քարշ կտան հետները...,-ասում է դոմինո խաղացող Գասպար պապը` քսան րոպե անց:
-Կանայք կսկսեն իշխել Եվրոպայում...հիշեք խոսքերս...Եվրոպայում...,-նորից է հայտարարում առաջին ծերունին` շախմատ խաղացողը: Նա շախմատային քայլերն անում է ավելի արագ, քան արտահայտությունները:
-Էս երկրի համար ձեր ասած ոչ մի բանը նշանակություն չունի...էստեղ ապահով կարելի ա ապրել...առանց սև նախագահների ու կնիկ վարչապետների,-իր հեղինակավոր խոսքն է ասում շաշկիի վարպետ ծերուկը: Նա փոքրամարին է, բայց ունի բարձր ձայն: Նրան լսում են:
Սրահը սպասարկող կինը օրոր որոր անցնում է սեղանների արանքով` թարմացնելով մոխրամանները: Նրա վրա ուշադրություն է դարձնում միայն պարսկահայ ծերուկը: Նա ասում է ինչ-որ բան «ֆենքս»-ի նման: Ու ժպտում իր դեղնած պրոտեզներով: Երևի շնորհակալություն է հայտնում:
Լռություն է տիրում: Լռությունը այստեղ նշանակում է այն, երբ վաթսուն րոպեից ավել ժամանակահատվածում  ձայն ընդհանրապես չկա: Քսան-քսան րոպե ընդմիջումներով կարծիքների փոխանակումն այստեղ թեժ բանավեճ է:

Հետո հայտնվում եմ ես: Ոչ հանկարծակի: Նախ, դա երկար մշակված ծրագիր է  և հետո...դժվար է այս արարածներին հանկարծակիի բերել: Նրանց զգայարաններն ի վիճակի չեն հանկարծակիի գալու: Կանցնի տաս րոպեից ոչ պակաս, մինչ նրանք  հայացքները կդարձնեն ինձ:
Հասկանու՞մ եք, ես ընտրել էի հենց այս սրահը: Ես տեսա, որ այստեղ հավաքված են բավական ծեր բնակիչներ: Նայեցի բառարանում` «ծերակույտ» նշանակում է սենատ: Բացի այդ, մնացած բոլոր մարդկային խմբերը ներկա տվյալներով պատրաստ չեն այդպիսի բանի: Միայն այս խումբը կկարողանա ադեկվատ լինել...էխխ...ծերակույտ:
-Բարև ձեզ,-ասում եմ ու գետինը մտնում: Պատկերացնում եմ, թե ինչպիսինն եմ նրանց աչքերում: Կնճռոտ, նիհար, կարճ, մեծ աչքերով ու լպրծուն...Պատասխան չեղավ:
արև ձեզ ,- կրկնում եմ:
Ու այստեղ նոր հասկանում եմ: Պետք է ևս մի քանի րոպե, մինչև նրանք կդնեն իրենց ակնոցները: Մարդիկ ստեղծում են սարսափելի բարդ արբանյակներ իրենց պրիմիտիվ ռադիոալիքները փոխանցելու համար, բայց չեն կարողանում բուժել սեփական աչքերի հիվանդությունները:
Ահա: Աչքերը զինված են: Ես հարմարվել եմ, դեմքիս ժպիտի պես մի բան է: Սեփական տեսքիս լպրծունությունն ինձ չի կարմրեցնում(դե ես սկզբունքորեն  ու կենսաբանորեն ի վիճակի չեմ կարմրել):
-Բարև ձեզ,-ասում եմ երրորդ անգամ` բարձրացնելով ու թափահարելով ձեռքս,-ինչպե՞ս է ձեր տրամադրություն: Հուսով եմ` չշեղեցի ձեզթույլ կտա՞ք միանալ ձեր զրույցին:
Ես հույսով լցրեցի աչքերս: Այդպիսի աչքերի դեմ նրանք ոչինչ չեն ունենա: Դեես սպասում եմդե՞..պատասխանեք:
-Բարև..,-ասում է Գասպարը,-առաջ արիառաջ արի, տեսնենք ով ես:
Նա մի քիչ շարժվում է իր նստարանի վրա: Երևի ակնարկում է, որ նստեմ կողքը: Ես էլ նստում եմ: Բա հո չէի կանգնած մնալու: Առողջ զրույցի համար նստած դիրք է պետք: Ես այդ մասին կարդացել եմ:
Անցել է քսան րոպե: Ես նստած եմ Գասպարի կողքին ու նայում եմ, թե ինչպես է նա խաղում իր դոմինոն: Կես ժամ ևս, ու ես կմահանամ ձանձրույթից:
-Մեր հյուրը մի քիչ նման է այլմոլորակայինի,-փրկում է դրությունը շաշկի խաղացող փոքրիկ ծերուկը: Շնորհակալ եմ: Ու ինչպիսի~ նուրբ դիտողություն է նա անում` “ մի քիչ նման է այլմոլորակայինի”…բա հո այսմոլորակայինի նման չեմ:
-Ես սրա նմաններին տեսել եմ կինոների մեջ,-շարունակում է նա,-բայց ես մտածում էի, թե ամերիկացիներն են հորինել սրանց: Սրանք ախր շատ են ամերիկական:
Ասե՞մ, որ դուրս չի գալիս ՍՐԱ դերանունը: Իմ անձի անվան դերը կատարելու համար, կարելի էր գոնե  ՆԱ-ն օգտագործել…նուրբ հարց է լեզվաբանությունը:
-Ես ամերիկացի չեմ,-մեջ եմ մտնում ես,-դուք ճիշտ էիք կռահել: Ես ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԵՄ: Մենք կանք ձեր մոլորակի վրա շուտվանից: Պարբերաբար մենք կազմակերպում ենք հանդիպումներ: Ավելի հազվադեպ լինում են հանդիպումներ մարդկանց խմբերի հետ…ինչպես օրինակ ձեր դեպքում: Տեսեք, ես այլմոլորակային եմ..ի՞նչ հարցեր ունեք ինձ, ինչի՞ մասին կուզենաք խոսել, ի՞նչն է ձեզ հուզում…Դուք տպավորվա՞ծ եք ինձ տեսնելուց:
Հարցերս շատ էին: Կոչերս նույնպես: Ֆիքսում եմ ժամանակը: Ծերացած դեմքներին թեթևակի թյուրիմացություն կա: Որոշների մոտ` լարվածություն: Անցնում է քսաներկու րոպե: Խոսում է իրանահայը.
-Երկիրը երկիր չիամերիկացի շպիոնները օրը ցերեկով թափառում են, գալիս անկեղծ հարցեր են տալիս
-Ես ամերիկացի շպիոն չեմ…,-ընդհատում եմ ես:
Սրահի մյուս մասից, շախմատի սեղաններից մեկի կողմից լսվում է.
-Ուրեմն ռուսական շպիոն ես: Ես էդպես էլ գիտեի, որ ռուսները միշտ ավելի առաջ կլինեն ամերիկացիներից: Ռուսական շպիոն ա դա, ընկերներ…
«Շպիոն»...: Մեկ էլ դու ես շպիոն: Ձայնը դողում է, ձայնալարերը քրքրված են արդեն, բայց ցցում է մատն ու ասում` «Շպիոն»:
-Ես ռուսական շպիոն չեմ,-կրկին հայտարարում եմ ես:
Ես երևի ինչ-որ բան այնպես չէի ասում: Երեք րոպե անց բոլորի դեմքին երևաց անկեղծ թշնամանք:
-Իիիի՞նչ,-մռնչաց բարձր ձայնով փոքրամարմին ծերուկը` շաշկիի վարպետը.-դու ադրբեջանցի ես, թե՞ թուրք: Թուրք շան որդի, շպիոն: Թուրքական անասուն, ռադ էղի ստեղից:
Գասպարը հրեց ինձ նստարանից: Ես ընկա: Ոմանք վերցրեցին իրենց ձեռնափայտները, որոնք մինչ այդ դրված էին սեղանների տակ: Այդ ամենը սպառնագին էր:
-Բավական է,-ասացի ես,-ես սխալ եմ արտահայտվում...ես ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ շպիոն չեմ: Ոչ ամերիկական, ոչ ռուսական, ոչ էլ թուրքական: Ես ամերիկացի էլ չեմ: Ես այլմոլորակային եմ...եթե ձեզ դա կհանգստացնի, ասեմ` մենք շփվում ենք ձեր կառավարությունների հետ: Նրանք տեղյակ են մեր մասին: Մենք նախապատրաստվում ենք զանգվածային բացահայտմանը: Այդ պատճառով էլ իրականացնում ենք որոշ հետազոտություններ...
 Ասածիցս մի բան երևի նրանց շատ դուր եկավ: Նրանք պահեցին իրենց ձեռնափայտները: Արդեն լավ է: Կարելի է չվախենալ ֆիզիկական կոնֆլիկտից ու միջքաղաքակրթական բախումից: Գասպարի կողքին նստած ծերուկը վեր կացավ: Նա կրիայի պես դանդաղ սկսեց հեռանալ: Չէ: Չհեռանալ, այլ գնալ զուգարան: Ես տեսա, թե ինչպես է նրա էներգետիկ, մի քիչ խամրած դաշտը կարմրում միզապարկի շրջանում:
-Դու ծանո՞թ  ես մեր կառավարությունների հետ,-ասաց զարմացած պարսկահայը,-դու ճանաչու՞մ ես Օբամային: Ի՞նչ ա նա հիմա անում, կդնի իր թեկնածությունը երկրորդ անգամ, ի՞նչ արժե հիմա Նյու Յորքում հավի միսը...
Անկեղծ ասած ես զարմացած էի, որ նրան ընդհատեց Գասպարը: Այդպիսի կայծակնային արագույթուն ես չէի սպասում:
-Ի՞նչ ես խոսում, տխմար: Ի՞նչ կապ ունի Օբաման: Օբամա՞ն ա քո կառավարությունը...ու Նյու Յորքում էլ դու ոչ մի անգամ չես եղել...
Ես զարմանում ու զարմանում էի: Պարսկահայն իսկույն առարկեց.
-Ամերիական ա բոլորի կառավարությունը...ու Նյու Յորքում էլ ապրել եմ 52-րդի ու 46-րդի անկյունում...
-Հանգստացեք,-մեջ մտա ես,-հանգստացեք: Ես անձամբ ճանաչում եմ միայն մի քանի ղեկավարների: Ցավոք Օբամայի հետ հանդիպելու պատիվ չեմ ունեցել: Ես զբաղվում եմ ավելի հանգիստ հասցերով: Ձեր երկրի նախագահին, օրինակ, ճանաչում եմ...
-Ինչպե՞ս թե,-ակտիվացավ շաշկիի վարպետը,-դու նրան ճանաչու՞մ ես...
Բոլորը սկսեցին վեր բարձրանալ իրենց տեղերից: Նրանց շշմած էին: Նրանք ցնցված էին:
-Դե, հա...,-ասում եմ,-ի՞նչ կա որ...
-Դու...նա ինչպիսի՞նն է,-հարրցրեց պարսկահայը:
-Այսի՞նքն,-շփոթվեցի ես,-տեքո՞վ: Դուք նրան չե՞ք տեսել: Նա սովորական է..ալեխառն մազերով, այսպիսի հասակաով, ոչ գեր, ոչ էլ նիհար...
Նրանց դեմքերը երկարել էին: Նրանք պարզապես ապշած էին:
-Նա ԿԱ՞,-հարցրեց շաշկիի վարպետը:
-Դե իհարկե,ասում եմ չէ` ես նրան ճանաչում եմ անձամբ: Նա տեղյակ է, որ ես պետք է մարդկանց հետ շփվելու փորձեր կատարեմ...վերջ ի վերջո ես այլմոլորակային եմ, հարգելիներս, մի՞թե...
-Մենք նրան երբեք չենք տեսել,-ընդհատեց ինձ Գասպարը:
-Նա ոչ մի անգամ չի եկել մեզ մոտ...
-Նա դոմինո խաղալ գիտի՞...
-Չգիտեմ, -պատասխանում եմ,-ես որ նրա հետ չեմ խոսացել այդ թեմայով:
-Կանչիր նրան էստեղ,-ասում է կարճահասակ ծերուկի շաշկի խաղացող ընկերը, կանչիր նրան, անպայման...
-Լսեք,-ասում եմ,-ես դրա համար չեմ եկել: Ես պետք է ստուգեմ ձեր ռեակցիան իմ հանդեպ: Ի՞նպես եք դուք ինձ վերաբերվում, ինպիսի՞նն եմ ես ձեզ համար: Դուք ինձանից վախենու՞մ եք: Կամ զզվու՞մ: Ես այլմոլորակային եմ, հասկանու՞մ եք:
-Ամերիկացին սուտ ա ասում,-հանկարծ եզրակացրեց  կարճահասակ ծերուկը,-սա իսկական ամերիկացի ա, կինոների մեջից: Նրանց սարքածն ա:
-Եթե դու նրան ճանաչում ես, թող գա մեզ մոտ:
-Թե չէ, չենք հավատա քեզ...
-Ասում էի, չէ՞, ամերիկացի շպիոն ա....
-Չէ, չէ, ռուսական: Ռուսական շպիոն ա սա,-նորից ասաց սրահի մյուս ծայրից շախմատիստներից մեկը,-ռուսները էս տեսակ բաներից ուժեղ են: Ռուսական ա:
-Ստոպ, ստոպ, ստոպ,-ասում եմ,-դուք ի՞նչ է, չե՞ք հավատում, որ ես ճանաչում եմ ձեր ղեկավարին:
-Եթե նա կա, ապա ինչու չի գալիս մեզ մոտ: Ի՞նչու նրա մասին չենք լսում, ինչու...
-Հասկացեք, նա չի կարող այցելել բոլորին...ու ընդհանրապես, ինչի՞ մասին ենք հիմա խոսում: Ես ամերիկացի չեմ, ոչ էլ ռուս,: Ես շպիոն չեմ, հասկանու՞մ եք, ես ԱՅԼՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԵՄ:
Ծերուկներն արդեն հոգնում էին այդպիսի ակտիվությունից: Նրանցից ոմանք արդեն նստել էին իրենց տեղերը: Կարծում եմ, եթե  այս ընթացքում նստած զրուցեինք, ավելի առողջ կստացվեր շփումը: Պարսկահայը, Գասպարը, կարճահասակն ու շախմատիստն ակնհայտորեն դժգոհ էին:
-Այլմոլորակային, այլմոլորակային: Երկիրը երկիր չի, ով ասես թափառում ա փողոցներով...
-Ղեկավարին կբարեվես,-ասում է պարսկահայը հեգնանքով:
-Շպիոնություն էլ մի արա, ամերիկացի՞ ես` գնա քո Օբամայի հետ խոսա, մեզ հանգիստ թող,- տեղն ինձ է դնում շախմատիստը:
-Ղեկավար...հա, բա չէ՞,,,,-փնթփնթում է քթի տակ Գասպարը,-ես չեմ տեսնում այստեղ ղեկավար: Եթե լիներ, հո մի անգամ կգար էստեղ...

Ես մնացի կանգնած:Բոլորն արդեն նստեցին: Վերադարձավ Գասպարի կողքին նստած ծերուկը: Էներգետիկ դաշտը կարծես ավելի էր խամրել: Միզապարկը սակայն հանգիստ էր:
Սրահը սպասարկող կնոջ ժամն էր արդեն: Պետք էր հեռանալ: Ես հրաժեշտ չարեցի, պարզապես դուրս եկա:
Հաշվետվությանս մեջ կգրեմ, որ շփումը չի ստացվել...հմմ...ի՞նչ պատճառով: Որ ինձ դրեցին ամերիկացու տեղ, թե՞ չհավատացին որ ես ճանաչում եմ իրենց ղեկավարին: Ախր սկի չհավատացին, որ ղեկավար ունեն: Հետաքրքիր է: Պետք է տեղյակ պահել այդ մասին նրան: Լավ, կփորձեմ մյուս անգամ մանկապարտեզում: Ագրեսիվության ցուցիչներն ասում են, որ այնտեղ էլ է սպասելի ադեկվատ ռեակցիա:

P.S.
Այս ռեակցիան ադեկվա՞տ էր:

No comments:

Post a Comment