Այնտեղ միշտ բիթն է, այնտեղ միշտ մեղեդին է, այնտեղ միշտ ծուխն է, այնտեղ են մարդիկ, որոնք սիրահար են երաժշտության ու կարգին խմիչքի:
Այցելուն, որ մտավ «Մելոմանիա» մշտական հաճախորդ չէր, սակայն նրան կճանաչեին ներսում, եթե չլինեին հսկայական ակնոցներն ու գլխի կեսը կուլ տված լայնեզր գլխարկը: Հարցն այն է, որ ճանաչելուց հետո երևի կսկսեին հերթով ջարդել շշերը նրա ոսկրոտ վերջույթին: Նա մտավ ներս, մոտեցավ առաջին պատահած մատուցողին ու խնդրեց ուղեկցել իրեն տնօրենի մոտ: «Ինձ սպասում են»,-ասաց նա մատուցողին` ավելորդ հարցերից խուսափելու համար:
Կորպորատիվ համերգներին մասնակցելը քիչ փող չի բերում: Գործակալը պայմանավորվում է ինչ-որ կազինոյի կամ այլ զվարճազավեշտահրճվանքային հաստատության հետ, պայմանավորվում ելույթի մասին, համաձայնեցնում գումարը հաստատության մենեջերի կամ տնօրենի հետ ու զանգահարում իր աստղին` «Համերգ ա կպել, չորս երգ` 1000-ը մերն ա»: Սակայն իրականում գործակալը հրճվանքազավեշտազվարճալի հաստատության տնօրենի հետ պայմանավորվել է չորս երգի համար 5000 ԱՄՆ դոլար, բայց ասում է իր աստղին 1000, իսկ տնօրենից ստանում ընդամենը 2000: Մնացած երեք հազարը մնում է հարկային հաշվատվություններում գրանցված մի թիվ, որը նյութականացված վիճակով ապահով պահվում է տնօրենի սեյֆում: Իսկ գործակալն իր ու աստղի վաստակած գումարից վերցնում է երկու հարյուրր դոլար, քանի որ իրենց պայմանագրում կա 20 տոկոսի մասին մի կետ, որն անհընար է շրջանցել: Աստղը մնում է ութ հարյուր դոլար եկամտով, ինչը վատ չէ, եթե հաշվենք...
Եկենք հաշվենք մանրամասն:
Կենտրոնի բակերից մեկում դեռ հիշում են այն պատմությունը: Դա պատմություն է մի երեխայի մասին, ով սովորում էր կողքի երաժշտական դպրոցում ու սպանում բակի տարեցներին: ՀՀ Քրեական Օրենսգրքում չկա հոդված ձայնալարերի տատանման միջոցով մեկ այլ անձի կյանքից զրկելու մասին, սակայն այդպիսի կետի կարիք իրականում կա, քանի որ աստղը դրա վարպետն էր իր մանուկ հասակում:
Ու թեպետ անցնում էին տարիներն ու մարդկանց մահու չափ տանջելու վարպետությունը հաղթահարվում էր լավագույն վոկալիստների ու լավագույն ուսուցիչների քրտնաջան միջամտության շնորհիվ, աստղը շարունակում էր մնալ վտանգավոր անձնավորություն, քանի որ աչքերում նրա անսահման սեր կար երաժտության ու երգի հանդեպ ու այդ կիրքը բնավ հնարավոր չէր կասեցնել:
Առաջին անգամ աստղը երգեց ի լիս հանրության տասնվեց տարեկան երկու ամսեկան ու քսան օրեկան հասակում, ու օրն այդ եղավ ճակատագրական «24 ժամ» ռադիոկայանի համար, որի եթերով էլ հնչել էր աստղի երգը: Անհասկանալի պատճառներով շարքից դուրս էր եկել կենտրոնական վահանակը, սնուցման բլոկը սկսել էր անկանոն լիցքեր փոխանցել բարդ սարքավորումներին, եթերը դուրս էր եկել վերահսկումից, միացվել էին հին ձայնագրություններ, հարցազրույցներ ու մենախոսություններ, որոնցից առավել եթերում մնացել էր մեկը` «...յանի տիրոջ մերն ու ... տամ էդ ...յանի գլխին» գերիշխող արտահայտություններով:
Այդ խայտառակության պատճառով «24 ժամ» ռադիոկայանը լուծարվեց, նրա սեփականատեր հարգարժան պարոն Իսմաիլյանը կախվեց անդրավարտիքներից հյուսված պարանից, իսկ աստղի երգը կապվեց լուրջ քաղաքական հավակնությունների հետ և նրան ճանապարհ տրվեց դեպի հեռուստատեսություն., քանի որ մեր երկիրն ամենադեմոկրատիկ երկիրն է բոլոր գոյություն ունեցող դեմոկրատիկ երկրներից ու այստեղ արվեստը միշտ պետք է կրի իր մեջ ընդդիմադիր գծեր, քանի որ դա այնքան դեմոկրատիկ է:
Անցան էլի տարիներ ու աստղը սկսեց երևալ եթերում, երբեմն նույնիսկ լսվել, իսկ համերգների ժամանակ նույնիսկ կատարել կենդանի ձայնով` հատուկ սուր զգացումների սիրահարների համար: Նրա կիրքն անմար էր, նրա սերն անզուսպ ու չէր անցնի մի պահ անգամ, որ նա չմտածեր Մեծն Երաժշտության մասին ու չուզենար ուրախացնել մարդկանց նոր կատարմամբ: Բնածին ունիկալ կամային հատկությունները նրա մոտ բախվում էին տաղանդի իսպառ բացակայության հետ ու պայքարում այդ հաղթում էր միշտ կամքը, քանի որ տաղանդը նրբագույն հատկություն է, իսկ բացակայությունը դրա փխրուն մի արատ:
Նա երգում էր, քանի որ պետք է երգեր, քանի որ այդպես էր նրա մեջ խոսում երակներով հոսող արյունը, իսկ հոգին ուղղակի ճչում էր դրա մասին, իսկ նախախնամությունը պարտադրում` դու ԵՐԳԻՉ ես:
Գործակալի կատարած փոքրիկ մեքենայությունը, շանտղայությունն ու պարզապես սրիկայությունն այս պարագայում արդարացված է, քանի որ ձեռք բերել համաձայնություն այդպիսի աստղի ելույթի համար հեշտ գործ չէ ու պահանջում է յուրահատուկ նրբություններ, ինչպիսինն են օրիկնակ պատրաստվածությունը էքստրեմալ համարներին, անվտանգության համակարգի հուսալիությունն ու բժշկական շտապ օգնության տրամադրումը (ծայրահեղ վատ հետևանքների համար):
Ուստի, գործակալը, առանց խղճի խայթ զգալու, հաշվեց ու տվեց աստղին 800 դոլարը, իրեն վերցրեց 200-ն ու ասաց.
-Տաս րոպեյից սկսվում ա ելույթդ` չվախենաս, լավ կանցնի...
-Ինչպես միշտ,-տխուր ասաց աստղը,-չնայած ես ունեմ էսօր նոր երգ ու եթե լսարանը պահանջի, ես այն անպայման կկատարեմ:
Աստղը նման էր երեխայի: Իր մեծ ու փայլուն աչքերով նա տեղով հույս էր առկայծում: Բայց նման էր նաև ամերիկյան ֆիլմի մեջից փախած հոգեկան հիվանդի, որ հավատում է, թե իր կողմից մորթված երեխաները դեռ ողջ են ու լոգանք են ընդունում հարևանի տանը (հարևանին նույնպես նա է մորթել):
Խոսքերն ավելորդ էին ու գործակալը սահմանափակվեց ընկերաբար նրա ուսին խփելով: Պատկերի ամբողջականությունը կզարդարեր նաև խորը հոգոցը, բայց գործակալը դրանից խուսափեց` մարտական ոգին չգցելու համար:
Գործակալի հեռանալուց հետո, սակայն, պատահեց այն ինչ չէր սպասում աստղը ու չէին սպասում նաև գործակալն ու մանավանդ զավեշտազվարճահրճվանքային հաստատության տնօրենը:
Մեկը ներս մտավ առանց թակելու: Նա երկար մոխրագույն անձրևանոցով էր, որի փեշերը հասնում էին գետնին:
-Դու՛,-ասաց նա աստղին,-վե՛ր կաց:
Աստղն արդեն իր վրա էր քաշում բեմական հագուստն ու, տեսնելով անկոչ հյուրին, շփոթվեց, խճճվեց նեղ փայլուն տաբաթի մեջ ու ընկավ գետնին:
-Դու՛,-հանգիստ կրկնեց անծանոթը,-վեր կաց:
-Մամա~…,-վախեցած շշնջաց աստղը, քանի որ բարձր խոսալ նա այլևս չէր կարող:
-Վե՛ր կաց, դե՛,-շարունակում էր իրենն ասել անձրևանոցով հյուրը:
Ատղը փորձեց ոտքի կանգնել: Դա ստացվեց երկրորդ անգամից: Նա կանգնեց` փայլուն ու նեղ շալվարը հագին, ծուռ ոտքերը դողացնելով ու ձեռքերով անընդհատ շոյելով մերկ իրանը` կարծես մրսում էր և ուզում էր տաքանալ, կամ ամաչում էր և ուզում էր ծածկվել:
-Արի՛ հետս,-ասաց հյուրն ու դուրս եկավ սենյակից,-արի՛, արի՛, մի ամաչի՛ր,-ասում էր նա:
Աստղը դողում էր վախից ու ցրտից միաժամանակ և դա իսկական հզոր դող էր ու նրա մարմինը ցնցվում էր: “Արի՛, արի՛”,-լսում էր նա կարգադրությունը: Անծանոթը վարժ կողմնորոշվում էր շենքում և տարավ ուղիղ դեպի ելքը, մի պահ նայեց նրան, նրա մերկ մարմնին, ապա խոշոր փաթիլներով տեղացող ձյանն ու որոշեց` «Կդիմանա»:
Նրանք քայլեցին քսան-քսանվեց մետր մինչև հասան անծանոթի մեքենային, և ի մեծ զարմանք աստղի, նրան ոչ թե նետեցին բեռնախուցը, այլ տեղ տրամադրեցին մեքենայի սրահում:
-Գնացի՛նք,-ասաց անձրևանոցով մարդը վարորդին: Մեքենան հեռացավ զվարճախինդուծիծաղային հաստատության բակից` ընդառաջ գնալով թթվածնի օքսիդի բյուրեղացած զանգվածներին:
Մեքենան կանգնեց քաղաքի մյուս հատվածում, ու ողջ այդ ընթացքում աստղը չէր հանել ոչ մի ձայն ու հասցրել էր մտածել մահվան բոլոր հնարավոր տարբերակների մասին, որոնք հայտնի էին իրեն: Վարորդն ու անձրևանոցով մարդը տարան նրա դողացող մարմինը վերելակի մոտ, սպասեցին սառը միջանցքում, մինչև կգա վերելակն ու հետո երեքով բարձրացան ուղիղ կտուր: Աստղը երևի կսատկեր ցրտից, եթե վարորդը չտար նրան իր բաճկոնը:
«Մերսի»,-արտաբերեց աստղը:
-..ես համերգ ունեի հիմա,…ու երևի ուշացա…բայց դա կարևոր չէ, եթե ինձ բաց թողնեք, ես ոչ մի բան ոչ մեկին չեմ ասի...
-Դու սենց թե նենց չես ասի,-հայտարարեց անձրևանոցովն ու երկար դադար պահեց: Սարսափելի ու սպառնագին դադար,-դա քո շահերից չի բխի,-ավելացրեց նա ու գրպանից մի բան հանեց:
-Ա…,-ուզեցավ ճչալ աստղը, սակայն խորհրդավոր առևանգիչը սաստեց նրան` «Սսս!!!»:
Նրա ձեռքերում հայտնվեց մի փոքրիկ մեխանիզմ: Դա նման էր երաժշտական տուփիկի կամ նման մի բանի: Փոքրագույն շարժումից անգամ նա շատ խորը և ոսկեհունչ ձայն էր արձակում:
-Անունս Սամվել ա,-վերջապես ներկայացավ անձրևանոցովը,-իսկ սա հսկա Խաչն ա: Մենք «Մելոմանիա»-ից ենք: Լսե՞լ ես գոնե:
Աստղը շարժում արեց գլխով:
-Չեմ հասկանում` քո նմանները որտեղից են ընդհանրապես լույս աշխարհ դուրս պլստում, բայց ես ձեզանից զզվում եմ, արա՛, զզվում:
-Մի՛...մի՛ սպանեք ինձ, խնդրում եմ, աղաչում եմ...ես ձեզ համար կերգեմ,-լացում էր աստղը,-ես ողջ կյանքս ձեզ համար կերգեմ...
-Կերգես, բա ինչ կանես,-ասաց Սամվելը,-ես խոստացել եմ, այ խև, որ քո նմաններին չեմ վերացնելու... ես ձեր նմաններին բուժելու եմ:
Նա նայեց աստղի աչքերին: Սև ու խորը աչքերը կախադում էին: Աստղը զգաց որ կախված է այդ մարդուց:
Սամվելը մոտեցրեց ձեռքը նրա ականջին:Մատների արանքում շողշողաց մետաղական մեխանիզմը: Նրա թավ հնչյունները նվագում էին միջնադարյան հասարակ մի մեղեդի: Ամեն հնչյունը կատարյալ էր ու համադրությունն էլ դրանց ներդաշնակ էր: Ձյան անսովոր խոշոր փաթիլները մեղմ սահում էին հնչյունների միջով: Այդպիսի փաթիլների տակ թվում է, թե ինքդ ես բարցրանում, այլ ոչ թե նրանք են իջնում:Աստղը քնեց` առանց զգալու ցուրտը:
Բաճկոնի մեջ փաթաթված մարմինը դրեցին հետևի նստատեղին:
-Շուտ հետ կգա՞,-հարցրեց Խաչը:
-Վաղը կամ մյուս օրը,-պատասխանեց Սամվելը,-հասցեն գիտե՞ս սրա:
Խաչը գլխով արեց ու քշեց:
-Ոչինչ, ոչինչ...սրանց խելքները լարելուց ես չեմ հոգնի,-կրկնում էր Սամվելը ճանապարհին,-այ հիմա սա իսկականից կերգի: Հո չի երգի....այ դա երաժշտություն կլինի...
Մատուցողը ցույց տվեց Սամվելի դռան տեղը: Նա մոտեցավ դռանն ու կարդաց նրա վրա` «Լարման գրասենյակ»: Ներսում մարդիկ կային: Խոսում էին: Ձայներից մեկը Սամվելինն էր, նա ճանաչեց այդ ձայնը:
-...դե, պարոն նախարար, ամեն ինչ չի, որ ռիթմով կարելի ա կարգավորել...
-Բայց էս նախագիծն ու մաքսային նոր օրենքները ես ուզում եմ, որ լինեն դասական ռիթմերի մեջ, փորձենք օրինակ անցկացնել առաջին նախագիծը Թուրքական մարշի տակ...
-Ցավդ տանեմ, պարոն նախարար ջան,-ծիծաղը զսպելով ասում էր Սամվելը,-որ անձնականդ էդ ռիթմերով դզեցի, հո չի նշանակում որ գործերդ էլ պիտի դզեմ-փչեմ: Ինձ կներես, բայց ես էդ քո քաղաքականության մեջ մտնողը չեմ..
Դա ասելով նա բացեց դուռն ու մեջքին բարեկամաբար հարվածելով դուրս հրավիրեց նախարարին: Վերջինս ցանկանում էր անդադար առարկել, սակայն ստիպված եղավ հեռանալ` չմոռանալով սակայն ասել «շնորհակալություն»:
Սամվելը դարձավ աստղին՞
-Ա...եկել ես...
-Կանչել էիք, ես էլ եկել եմ...
-Լավ ես արել:
-Ի՞նչ ա եղել հետս, ի՞նչ:
-Ի՞նչ ա եղել որ,-հետաքրքրվեց Սամվելը:
-Ախր..ախր...ես ես հիմա...
-Հը՞, հիմա որ երգում ես ագռավները չե՞ն հավաքվում լուսամուտիդ տակ:
-Ես հիմա հաճույք եմ ստանում երգելուցս...դա երևի հնարավոր բան չէ, բայց ես հիմա տեսնում եմ երաժշտությունը, ես այն զգում եմ, ես հիմա ԵՐԱԺԻՇՏ եմ...
Սամվելը հպարտ ժպիտով նայում էր նրան:
-Իսկ կուզենա՞ս զգալ դա...դե...ասենք մի երկու-երեք միլլիոն անգամ ուժեղ:
Աստղի դեմքի արտահայտությունը հուշեց` իհարկե այո:
Սամվելը բացեց սենյակի մյուս մասում գտնվող դուռը: Այն տանում էր դեպի նկուղ: Չափազանց խորը և չափազանց մութ նկուղ:
-Վերցրու՛, լուսարձակ ա,-ասաց Սամվելը` ինչ-որ բան խցկելով երգչի ձեռքը:
Նրանք սկսեցին իջնել: Հետո երևաց խավար մի լույս, ինչ-որ տեղ հեռվում ու զգացվեց շարժվող մի բանի առկայություն:
-Հիշու՞մ ես ձեռքիս մետաղական խաղալիքը:
-Դա ես դժվար թե մոռանամ,-պատասխանեց երգիչը:
-Դե ուրեմն նայիր` դրա մեծ տեսակը:
Երգիչը մեխվեց տեղում: Իրոք որ: Դա հսկա էր ու դա մեխանիզմ էր ու դա աշխատում էր: Նրա օղակները գալարվում էին, իսկ ամեն կողմից նրան էին միացված բազմաթիվ հաստ ու բարակ մալուխներ:
-Քաղաքի մասշտաբի համար էնքան էլ մեծ չի,-բացատրեց Սամվելը,-հազիվ եմ պահում ռիթմը:
Երգիչը հիացած նայում էր այդ տեխնիկական հրաշքին:
-Փաբս էլ սրա շնորհիվ մրցակից չունի,-շարունակում էր Սամվելը:,- Քո համար էլ սյուրպրիզ ունեմ:
Նա մոտեցավ մեխանիզմին, մի քանի ցատկ կատարեց գալարվող օղակների վրայով ու երկաթի մեջ մի դուռ բացեց:»Արի էստեղ»,-ասաց նրան:
-Վերջին անգամ էստեղ մեր ռոք աստղն ա մտել...մի վախեցիր, նա այստեղ չի մահացել, նա ուղղակի զգացել ա այն, իսն կզգաս դու հիմա: Ի դեպ... նա իրականում չի էլ մահացել:
Երգիչը մտավ դռնով ներս ու հայտնվեց մութ խցում:
-Հիմա մի քիչ մութ կլինի, բայց դու սրա մասին չես փոշմանի:
Ու փակեց դուռը:
Հինգ րոպե անց երգիչը լույս աշխարհ եկավ ամենակարևոր բեմերից մեկում: Տոնին մնացել էին հաշված ժամեր ու մարդիկ ինքնամոռաց պարում և ուրախանում էին գլխավոր հրապարակում: Երգչին դիմավորեցին մեղմ ծափահարություններով ու բուռն սուլոցներով: Ու մինչ բեմ էին շտապում ոստիկանները` հեռացնելու անարդարությունը, նա սկսեց երգել, ու ձայնը նրա ավելի մեղեդի ուներ քան հինգ ֆիլարմոնիկ նվագախումբ իրար հետ վերցված ու մեղեդին այդ ուներ այնքան բիթ, որ մարդիկ սկսեցին ճոճվել, օրորվել ու պարել:
Սամվելը նայում էր այդ ամենին հեռուստացույցով ու հպարտանում.
-Իմ սարքածն ա է, իմը: Պապուս պապը դաշնամուր լարող ա եղել, պապուս հերը դաշնամուր սարքող ա եղել, պապս կոմպոզիտոր ա եղել, հերս դիրիժոր ա եղել, ես էլ....ես էլ «Մելոմանիա» ունեմ...
Դուռը ծեծեցին:
-Ո՞վ ա Խաչ,-հարցրեց նա:
-Երևի էն գրողդ...էլի եկել ա,որ ուղեղը լարես...
Սամվելը սկսեց հռհռալ ու ձեռքով նշան անել` բացի, բացի թող գա:
P.S.
-Արա, այ անասուն,.... քու տիրոջ մերը, ու՞ր ա, արա, փողերս, ու՞ր ա, արա, փողերը: Թողիր թռար այ ... բա ո՞վ ա փողերը հետ տալու:
-Կներես ապեր, երևի սխալ ես զանգել, ես մի հոգու էին պարտք 800 դոլար, տվել եմ, քեզ երևի չեմ ճանաչում...
-Ի...ի...., չկախես հեռախոսը արա, ո՞նց թե...արա բա փողերը՞:
Լսվեցին ազդանշանները:
«Քու մերը:»
Գործակալը նյարդացած կրծում էր ձեռքերի եղունգները ու պատրաստ էր կրծել նաև ոտքերինը, եթե առաջինները սպառվեին:
«Այ քեզ բան, այ քեզ բան...հիմա ի՞նչ եմ անելու, ի՞նչ եմ անելու...»:
Հեռախոսը զանգեց: Դիսփլեյը փայլեց սարսափելի համարով: Բարձրախոսի միջից լսվեց փորձանքի կատաղած ձայնը.
-Ու՞ր ա իմ 5000 դոլարը, արա: ԱՐԱ՛, էս քաղաքում ինձ ոչ մեկ չի քցել հլը, ԱՐԱ՛:
No comments:
Post a Comment