Wednesday, December 14, 2011

Կստացվի, անպայման կստացվի

Ամեն ինչ ստացվում է մի քիչ հիմար: Ինձ մոտ միշտ այդպես է: Անունս Գև Ռաֆյան է, ես պատրաստվում եմ կրակել ճակատիս «Լյուգեր» P-08 պարաբելլում ատրճանակով: 7,65×21 փամփուշտի գնդակը հանգիստ կջարդի գանգս, իրար կխառնի ուղեղիս մոխրագույն ու սպիտակ զանգվածներն ու ես...
Լավ: Սկսեմ, ինչպես ասվում է, սկզբից: Բայց դուք շատ մի անհանգստացեք: Այս ամենն իրոք ծիծաղալու է, և հավատացեք, ես սա անում եմ իմ կամքով:
Ես մի քիչ բարդ եմ ծնվել: Մայրս գրանցված էր համար 4 ծննդատանը: Սակայն ճանապարհին մեքենան փչացել էր: Կանգնեցրել էին ուրիշ մեքենա, նա տարել էր ուրիշ ծննդատուն, որտեղ անծանոթ բժիշկներն ընդունել էին ծնունդս: Հետո հայրս ինչ-որ սխալ էր թույլ տվել թղթերը լրացնելիս (նա սխալ էր գրել իր անձնագրի համարը), որի պատճառով չէին թողնում նրան մեզ այցելության գալ, իսկ հետո էլ չէին կարողանում դուրս գրել մորս, քանի որ նրան մոռացել էին գրանցել, իսկ գրանցելու համար պետք էր անձնագիր, որը մայրս կորցրել էր դեռ երկու շաբաթ առաջ, և անհրաժեշտ էր ներկայացնել ոստիկանության տրված 24 ձևը, որպեսզի հնարավոր լիներ գրանցվել ծննդատան մատյանում: 24-րդ ձև մայրս այդպես էլ չկարողացավ ստանալ ոստիկանատան անձնագրային սեղանից: Նա անցավ ավելի երկար ճանապարհով, գրեց Բ-12 նմուշի դիմում, լրացրեց 78-Հ  բլանկը, ուղարկեց հայց իր ծննդատուն ծնման վկայական ստանալու համար, սպասեց պատասխանին երկու ամիս, և, ստանալով այն, նոր դիմում ներկայացրեց Օ-2 եղանակով, տրամադրեց  ամուսնության վկայականն ու մեկ ամիս անց ստացավ նոր անձնագիրը:
Այդ ժամանակ նոր միայն մորս պաշտոնապես դուրս գրեցին  հիվանդանոցից և գրանցեցին իմ ծնունդը:

Առաջին անգամ սա պատմում էի դասարանիս աղջիկներից մեկին: Նա այնքան ծիծաղեց, որ արեց տակը… մեր առաջին ռոմանտիկ հանդիպումը ավարտվեց մեզի լճակում: Ու ես նրան հասկանում էի:
Դպրոցում ախր ես իսկական ապուշ էի:
Նախ, ես պարբերաբար անհետանում էի դասամատյանից: Հետո ինձ մոռանում էին ուսուցիչները: Ինձ անվանում էին Գևորգ, Գարեգին, Գարիկ, Գոռ, Գերասիմ, Գաբրիել…ու նույնիսկ Գարսևան: Կարծում եք դա նորմա՞լ էր: Կամ միգուցե մանրու՞ք էր…Պատկերացրեք, ներկա-բացակա անելիս ձեր անունը չեն հնչեցնում…դուք սպասում եք, արհեստական հազում, ձեռք բարձրացնում, իսկ դասատուն նկատում է ձեզ միայն «Բա ե՞ս» խոսքերից հետո ու ասում.
-Աաա….Գգ..Գեո…Գեոպոլդ…Գերասիմ, ներկա:
Ու այդտեղ բոլորը ծիծաղում են: Ու ես էլ: Ու այն աղջիկը շատ էլ լավ էր հասկանում թե ինչի վրա է ծիծաղում, երբ պատմում էի ծննդատան մասին: Ախր դա հենց սկզից էր սկսվել
Ավարտական ալբոմի մեջ ես չկամ: Լուսանկարչատանը մոռացել էին կցել իմ նկարը…ես չբողոքարկեցի: Այդ պահի դրությամբ մի քիչ թքած ունեի արդեն…ամեն ինչի վրա:
Բանակում հետաքրքիր էր: Ու շահեկան: Ես քնում էի, քնում էի, էլի էի քնում..հետո էլի…ոչ մի անգամ ինձ չէին արթնացնի: Իսկ, երբ հոգնում էի քնելուց, գնում էի ճաշարան, սերժանտն ասում էր.
-Իյաա…Ռաֆայել Գևորգյան ջան, համեցել ես, հա՞: Բա էս գիշեր հերթապահ դու ես մնալու…
Ու ես գիշերը կրկին քնում էի: Ես անդադար քնում էի: Երկու տարի:
Իսկ զորացրվելուց իսկական ոդիսական սկսվեց իմ զինգրքույկի հետ: Չեմ էլ պատկերացնում թե ինչ հրաշքով եմ ստացել իմ անձնագիրը, բայց զինգրքույկս տրվեց….через жопу:
Դե իմ նկարը կորել էր, իսկ քամին զինկոմիսարիատի լուսամուտից քշել-տարել էր իմ գործերը: Հետո ստացվեց այնպես, որ Զինված Ուժերը տվեցին մեկ զինվոր ավել: Դա ես էի: Պատրաստեցին նոր փաստաթղթեր: Դրանք դրեցին ծրարի մեջ, որպեսզի ուղարկեն մեր զորամաս: Ծրարը վերցրեց գնդապետ Եսայանն ու դրեց այն իր ճամպրուկի մեջ: Չնայած այն պետք է զորամաս հասցներ կապիտան Խաչյանը: Եսայանի ինքնաթիռը երեք ժամ անց վայրէջք կատարեց Պրագայում: Այնտեղ նա իր ճամպրունկը հանձնեց մի խումբ ֆրանսիական սերժանտների,  իսկ ինքն անցավ էքսպրեսս գնացքի լյուքս վագոններից մեկը` ճաշելու նատոյական բարձրաստիճան սպայերի հետ: Ճամպրուկն ու իմ փաստաթղթերով ծրարը եղան հետագայում Եգիպտոսում, Ֆրանսիական Պոլինեզիայում, Կոմբոջայում և նոր միայն վերադարձան Հայաստան: Այն ինձ հանձնելիս զորամասի հրամանատարն ասաց.
-Երեսդ ստեղ էլ չտենամ, շարքային Ռափիկյան:

Ես հաճախ տխրում էի: Այդ ժամանակ արդեն անուղղելի փիլիսոփայական ճիճու մը ներսս էր մտել ու քայքայում էր հավատս գալիք օրերի նկատմամբ: Ո՞վ եմ ես, ի՞նչ եմ անում, ո՞վ են այս մարդիկ, որոնք մոռանում են ինձ...է~հ...

Ես պատրաստվում էի սովորել, ու ինչպես մայրս էր ասում` մարդ դառնալ: Ընդունվեցի չորս բողոքարկուրմներից հետո: Հիմարները չէին կարողանում կողմնորոշվել, թե որն է իմ հանձնած գրավոր աշխատանքը: Այնքան բողոքեցինք, մինչև համաձայնվեցին ընդունել տարբերակներից մեկը: Ընդ որում դա իմ տետրը չէր: Ով ով, բայց ես իմ ձեռագիրը ճանաչում եմ:
Համալսարանում մեզ սկսեցին փիլիսոփայություն քարոզել: Հազար ու մի տեսակի էմպիրիկ ապուշություններ ու ստոիկական դինոզավրներ: Պատկերացման խնդիրներ ու բանը բանի մեջ, կատարյալ գիտակցության ճաճանչափայլ էթիկայի հումանիստական ժխտողական մառախլապատ դեբիլություններ: Այդ ողջ փիլիսոփայությունից գլուխս ուռում էր ու ես ավելի էի տխրում: Անհրաժեշտ էր սիրահարվել (բայց ոչ մի դեպքում չպատմել հետագայում ծնունդիս պատմության մասին):
Դա կատարվեց: Ես թունդ սիրահարվեցի: Նա մի կուրս բարձր էր մեզանից, ու մասնագիտությունն էլ նրա հիասքանչ էր: Նա կենսաքիմիկոս էր: Ողջ օրը նա իր լաբորատորիայում ինչ-որ բաներ էր կաթացնում մկների ականջների (կամ բերանների) մեջ ու սպասում հրաշքի: Լուրջ եմ ասում` ահավոր լավ աղջիկ էր նա: Բայց նա ինձ լքեց: Կամ մոռացավ: Ես նրա հետ պայմանավորվում էի, իսկ նա մոռանում էր գալ հանդիպման: Երբ հետն էի լինում, նա ջերմ էր, իսկ հետո մոռանում էր…Ես տեսա նրան ուրիշի հետ ու հեռացա: Ես գնել էի հատուկ կառուսելիկներ` մկների համար: Դրանք թողեցի նրա լաբորատորիայի դռան դիմաց:

Նկատել ե՞ք, ինչպես է մեկ-մեկ ամեն ինչ սարսափելի մոխրանում: Ես գույնն ի նկատի ունեմ: Հոպ` ու վերջ: Ամեն ինչ մոխրագույն է: Այդպես մոխրագույն էլ ես սկսեցի աշխատել: Երեք ամսվա մեջ փոխեցի 12 տեղ` թվարկեմ մի քանիսը` նարինջ վաճառող, բարմեն, պատշար, կտրոնների ցրիչ, բեռնակիր, ներկարար, թարգմանիչ, պահակ և այլն... Հա, հա: Աշխատանքի հարցում բծախնդիր չեմ: Միայն թե ինձ չմոռանան: Ես նեղանում եմ, որ ինձ մոռանում են:

Հետո ես մեռա: Մահացա այսինքն: Դե…մեքենայի տակ ընկա: Ոչ, ոչ, ես ինքս չէ: Ուղղակի դժբախտ պատահար էր: Ես տուն էի վերադառնում ու մեկ էլ ԲՈՒՈՒՈՒՄ: Տուր թե կտաս: Ու միանգամից մահ:
Հայտնվեցի ընդարձակ սրահում: Նման էր դա հսկա ընդունարանի: Վերջում ազդեցիկ ամբիոն էր դրված: Ամբիոնի մոտ փոքրիկ հերթ կար: Ես մոտեցա: Հերթը հասավ ինձ ու ամբիոնի հետևից նայեց աննորմալ գեղեցիկ մի դեմք: Նա ուշադիր զննում էր ինձ:
-Նշանը…կնիքն ու՞ր է,-ասաց նա:
-Ի՞նչ կնիք,-ասում եմ,-դա ի՞նչ է:
-Կնքված չես,-ասում է,-չկա դրոշմը: Դու էստեղ մուտք չունես: Քեզ պետք էր ուղարկել Դժողք:
-Դժո՞ղք,-զարմանում եմ,-ինչի՞ համար: Ախր մի մրջուն էլ չեմ սպանել..
-Գիտեմ,-ասում է դեմքը,-բայց կնիքդ չկա, կներես…
-Բայց, մի տարբերակ հո պետք ա լինի, խնդրում եմ, մտածեք…
Նա մտածեց: Մտածեց երկար: Հետո էլի մտածեց: Հերթը շատանում էր: Մեջքիս հետևում ինչ-որ մեկն անհանգիստ հազում էր:
-Լավ...ձեզ հետ կուղարկեմ: Կկնքվեք: Չմոռանաք վերցնել կնքման վկայականը: Կներկայացնեք այն որևէ Սուրբ Երրորդության եկեղեցի: Մոմ կվառեք  7 հատ: Ու նորից կփորձեք: Այս անգամ կարող եք ինքներդ: Քանի որ մեր ընտրած տարբերակները կարող են ձեզ հարմար չլինել:
«Բնականաբար,-մտածում եմ,-հո ահ ու դողով չեմ սպասելու: Ավելի լավ ա ինքս, միանգամից, իմ ձեռքով»:

Այսպես ես հիմա հետ եմ եկել: Պատրաստել եմ այս ատրճանակը: Պապս է բերել Գերմանիայից: Ասում էր, որ լավ զենք է: Որակյալ է:

Դե... ես սեղմեմ: Լավ կացեք: Ասում էի չէ` տխրելու բան չկա:

P.S.
Նորից եկել եմ: Հատուկ կարգ կա Երրորդ Ռեյխի զենքերի հետ կապված: Ինքնասպանության դեպքում դա դիտվում է որպես ֆաշիստի մահ: Իսկ երկրորդ համաշխարհայինի ֆաշիստները գլխովին դատապարտված են դժողքի: Պետք է փոխել զենքը: Որտեղի՞ց կարող եմ զենք գտնել: Կամ մի գուցե ցատկեմ կտուրից: Լավ, կմտածեմ:

No comments:

Post a Comment