Wednesday, December 14, 2011

ԴՐԱԽՏԱՅԻՆ APPLE

2018 թվական, մայիսի 24: Լրատվական եթերից
«...այն բանից հետո, որբ մարդկային բանականությունն ընդլայնեց իր ազդեցության սահմանները, տեխնիկայի բնագավառում նորամուծությունները կորցրեցին իրենց երբեմնի արժեքը: Սակայն մեր կազմակերպությունը, ունենալով տասնամյակների զգալի փորձ, ստեղծել է նոր հասկացություն գիտության և տեխնիկայի բնագավառում: Դա է`ինֆորմացիոն շտեմարանը բիոլոգիական հիմքի վրա: Վաղվանից շուկա դուրս կգան մեր նոր` արդեն բառացիորեն APPLE բիոկրիչները, որոնցում ամփոփված կլինի մարդկության հավաքած ողջ ինֆորմացիան: Մեր պապերն ավարտում էին դպրոցներ, սովորում համալսարաններումՁեր երեխաներին անհրաժեշտ կլինի ընդամենը ուտել APPLE:
2018 թվական, մայիսի 25: Լրատվական եթերից:
«...անհայտ ծագման հսկայական պլատֆորմները մոտենում են երկրագնդի բևեռներին: Նրանց գրավիտացիոն դաշտն այնքան ուժեղ չէ, որպեսզի ազդի մոլորակի օվկիանոսների վրա: Բոլորն արդեն համոզված են` շուտով, հնարավոր է մի քանի ժամ անց, կլինի մարդկության առաջին շփումը ոչ երկրային քաղաքակրթության հետ...»

2018 թվական, մայիսի 26: Լրատվական արտահերթ եթերից:
«...ուժգին մագնիսական հարվածներ են հասցվել Երկրի արհեստական արբանյակներին: Բոլոր անվտանգության համակարգերն արգելափակված են: Ցավոք ստիպված ենք հասկանալ...մեր հյուրերը բարեկամներ չեն...»
«...մեկ ժամ առաջ գետնին է հավասարվել Փարիզը, կան տեղեկություններ Պրագայի, Մոսկվայի և Տոկիոյի հնարավոր ավերումների մասին: Կապն այդ քաղաքների հետ դադարել է...»

***
2046 թվական
Նրանք եկել էին նպատակի համար ու հասել էին այդ նպատակին: Գերիները հեզ էին ,ինչպես եռաստղային Ալֆա Ցենտավրա համակարգի հարսները: Նրանք լուռ ու մունջ, օր ու գիշեր կատարում էին իրենց աշխատանքը: Հանքերում աշխատանքը միշտ շատ էր: Ու այդ ամենն ինժեներ Դեբելդասկիի շնորհիվ: Նրա ստեղծած գերձայնային վիբրացիաները բացարձակորեն զրկում էին գերիներին իրենց կամային հատկություններից: Դա խուլ ու անդադար բզզոց էր, որ լսվում էր ամենուրեք: Այդ բզզոցի ձայնը համաձայնեցնում էր գերիների աշխատանքը, կոորդինացնում նրանց գործողություններն ու ստիպում ենթարկվել ամեն մի հրահանգի:
Արդյունահանում էին նիկել:
Արդյունահանում էին շատ նիկել կայսերական գանձարանի համար: Մեծն կայսր Ուխակիմը կարիք ուներ նիկելի: Նա այն արտահանում էր 6-րդ հարթություն, վերածում այն տեղական ոսկու և գնում նոր մոլորակներ իր կայսրության համար: Նրա նշանակած վերահսկիչները հետևում էին նիկելի արդյունահանման պրոցեսին ամենայն ուշադրությամբ: Միայն խստագույն դիսցիպլինայի շնորհիվ էր հնարավոր դառնում ստանալ մաքսիմալ արդյունավետություն: Վերահսկիչ 78-Դ հանքատարածքում նշանակված էր ոմն Ցիկատո Միռադատը` ծագումով Նեյմանյան աստղի համակարգի Լիգուա մոլորակից: Նա անցնում էր հանքի տարածքով ինժեներ Դեբելդասկիի և 78-Դ հանքատարածքի տնօրեն Սուցկիի ուղեկցությամբ: Կայսեր նշանակած վերահսկիչը գոհ էր: Տրամադրված էր կողմնակի զրույցների ու ինքն էլ բացում էր զրույցի թեմաները:
-…մթնոլորտն ինձ այստեղ դուր ա գալիս,-ասում էր նա` խոսքն ուղղելով  մասնավորապես ինժեներ Դեբելդասկիին,-ածխաթթվի համաչափությունն ուղղակի շքեղ ա: Ես երևի կհաղորդեմ դրա մասին կայսրին: Հա: Կհայտնեմ: Երևի…
Կայսեր անունը զգաստացրեց առանց այն էլ զգաստ Սուցկիին: Մեծագույն պատիվ էր նրա համար կանգնած լինել մեկի կողքին, ով անձամբ կարող է շփվել կայսեր հետ:
-…Դեբելդասկի, հուսով եմ, դու անհրաժեշտության դեպքում կմտածե՞ս մի բան, այս մթնոլորտն արտահանելու համար:
-Դա դժվար չէ, հեչ դժվար չէ: Կստեղծեմ հատուկ գրավիտացիոն կենտրոններ, կքաշեմ օդը դրանց մեջ ու քառաչափ անոթներով…
-Դե հերիք ա, լավ, ապրես,-ընդհատեց նրան վերահսկիչը,-մնացածն արդեն քո գլխի ցավն ա: Ու մի բան էլ: Հիշում ես այն գազը, որը առանձնանում էր ձուլման ժամանակ...մկնդեղային գազը...
-Ա..այո...ես քայլեր կատարել եմ այդ ուղղությամբ: Այժմ ձուլման կետերում անցկացված է նոր օդափոխման համակարգ: Մահացության դեպքեր գրեթե չկան...
-Շատ լավ, որ չկան, թող աշխատեն ավելի ու ավելի երկար,-ասաց Ցիկատոն ու շրջվեց դեպի հանքատարածքի տնօրենը,-Սուցկի, ի՞նչ են այն արկղերի մեջ:
Սուցկին շոյվեց այդպիսի ուղիղ ուշադրությունից: Նրա դեմքի երեք շոշափուկները նույնիսկ թեթևակի կարմրեցին:
-Դրանք հետաքրքիր  են, Մեծն Ցիկատո, դրանք օրգանական ծագում ունեցող կրիչներ են…հավանաբար նախատեսված ներքին օգտագործման համար,-ասաց նա` փորձելով զսպել իրեն պատած անհանգստությունը:
-Ու ի՞նչ են նրանք կրում, Սուցկի՛:
-Հավանաբար ինչ-որ ինֆորմացիա, Մեծն Ցիկատո: Ինչ-որ ինֆորմացիա…,-այդ բառերի հետ նրա դեմքի շոշափուկները վերջնականապես կարմրեցին:
-Ի՞նչ:
-…ուղղակի դա այնքան նման էր տեղացիների սնունդին, որ մեք որոշեցինք այն չվերացնել…
-Դու խախտել ես Գրավման հիմնական կանոններից մեկը,-ատելությամբ լցված տոնով ասաց Ցիկատոն: Նրա բոլոր չորս ձեռքերը սեղմվեցին բռունցքներով: Նա պատրաստ էր հենց տեղում սատկացնել այդ անասուն Սուցկիին: Չի կարելի թողնել ինֆորմացիայի ոչ մի կրիչ: Ոչ մի անգամ ու ոչ մի տեղ: Փորձը ցույց է տվել, որ ցանկացած նմանատիպ վրիպում ուշ թե շուտ հանգեցնում է գերիների մեջ սկսվող խմորումների ու նույնիսկ ապստամբությունների: Հիմար Սուցկի:
-Դու խախտել ես կանոնը, Սուցկի՛: Դու խախտել ես կանոնը: Քեզ պետք ա դրա համար արտաքսել 1-ին հարթություն: Դու պետք ա փտես արածիդ համար: Ու ես կհոգամ, որ դու փտես 1-ին հարթության ամենանեխած մոլորակում: Անասուն…
Սուցկին, չգտնելով այլ փրկիչ ելք, ծնկի իջավ: Նրա դեմքի շոշափուկները հպվեցին Ցիկատոյի ոտքերին: Նա ներողություն աղաչեց մեծն վերահսկիչից իր հարազատ մոլորակի լեզվով` նեյրոհաղորդմամբ:
-Վերացնե՛լ: Վերացնե՛լ բոլոր արկղերը: Անասունի մեկը: Ու կաղոթես ինձ համար քո բոլոր դևերին, որ ես այս մասին լռեմ կայսեր մոտ:
Շփուկները փոխանցեցին նեյրոհաղորդագրությունը` «Շնորհակալություն»:


***
Բզզոցի մեջ լուծվում էր ամեն ինչ: Երբեմն առաջանում էին մտքեր, որոնք սկսում էին ցնցվել բզզոցի քամուց ու հեռանում էին գլխից, ինչպես հեռանում են քամուց քշվող տերևները: Աստիճանաբար այդ քամին լցնում էր ողջ ուղեղն ու մնում էր միայն պարզել թևերն ու սավառնել: Գերիները երջանիկ էին: Նրանք աշխատում էին օրական 14 ժամ: Նրանց մկանները միշտ լարված էին, միշտ ձգված: Նրանք աշխատում էին լուռ` կենտրոնացած իրենց մկանների ամեն մի շարժման վրա: Մարմնի մեխանիկան իսկական հաճույք էր պատճառում: Բզզոցը նման էր երաժշտության, որի ռիթմով շարժվում էր հանքատարծքի կյանքը: Գերի Գին աշխատում էր ձուլման բաժնում: Նա իր մկանոտ ձեռքերով բարձում էր բեկորները, սայլակի մեջ դնում, տանում այն վառարանի մոտ, նետում դրանք հսկայական կաթսայի մեջ: Հետո նա անցնում էր կաթսայի մյուս կողմը: Հեղուկ մետաղը բարակ առվակներով լցվում էր քարե կաղապարների մեջ ու անցնում սառեցման փուլը: Օրվա երկրորդ կեսը Գին զբաղվում էր մետաղի ուղղանկյուն կտորները դասավորելով: Նա հաճույք էր ստանում իր բաժնի խեղդող տոթ օդից, իր ջլոտ ձեռքերի քրտնած ու մրոտ փայլից, իր կյանքից: Նրա հետ նույն բաժնում` նմանատիպ կաթսաների շուրջ աշխատում էին 76 հոգի ևս: Աշխատում էին անդադար, տասնչորս ժամ շարունակ: Բզզոցը կլանում էր նրանց, մարմնի շարժումները վերածվում էին պարի ու նրանք չէին էլ փորձում շփվել միմյանց հետ: Ժամանակ չկար: Բզզոցով կլանված ուղեղը հրաժարվում էր տրամադրել իր թանկագին ժամանակը որևէ բանի, բացի պարից: Միայն օրվա ավարտից հետո, երբ կարգադրիչը հրամայում էր «Թողնե՛լ», նրանք շարժվում էին դեպի իրենց բարաքները, ընդունում ակտիվացված սննդի բաժինը, փոխանակվում խոսքի նմանվող ինչ-որ բարբաջանքով ու քնում: Առավոտյան հնչում էր կարգադրիչի ձայնը` «Աշխատանքի՛»: Մրոտ ու քրտնած պարը սկսվում էր նորից` երջանկություն պարգևելով մասնակիցներին:
Գին ճանաչում էր իր բարաքում բնակվող մնացած հինգ գերիներին: Նրանք նման էին իրեն, ունեին երկու ձեռք, երկու ոտք ու մարմնի կառուցվածքով նման էին իրեն: Նա իրեն երբեք չէր տեսել, սակայն դատելով շողքերից (դրանք այդպիսի սև բաներ էին, որոնք հետևում էին բոլորին ու կատարում նույն շարժումները),նրանք պետք է  որ նման լինեին իրեն: Նա մտածում էր այդ  մասին, երբ անցնում էր կաթսայի մյուս կողմը: Քայլելու ընթացքում նա ունենում էր մի քանի վայրկյան մտածելու համար: Նա մտածում էր իր հարևանների, իր, կարգադրիչի շոշափուկների, ակտիվացված սնունդի, շողքերի ու կաթսայի տակ անընդհատ վառվող կրակի մասին: Երբեմն նրա մտքերը ձգտում էին ձուլվել այդ կրակին կամ տարածվել շատ ավելի հեռու, բայց նա արդեն հասցրած էր լինում անցած լինել կաթսայի մյուս կողմն ու դիմավորում էր արդեն մետաղի ուղղանկյուն կտորները:  «Թողնելուց» հետո Գին բոլորի հետ շտապում էր դեպի բարաքները, քանի որ այնտեղ կար ակտիվացված սնունդ, որն անհրաժեշտ էր իր սիրելի մարմնին: Նա զգում էր, որ առանց այդ սպիտակ մածուցիկ զանգվածի իր քրտնած ու մրոտ մարմինը չի կարողանա ինչպես հարկն է կատարել բոլոր շարժումները: Այդ պատճառով ակտիվացված սննդի ընդունումը նրան հաճույք էր պատճառում ու տրամադրում հաջորդ օրվա պարի համար:
Մի քանի բարաք հեռու ապրում էին բոլորովին այլ էակներ: Նրանք նույնպես ունեին երկու ձեռք, երկու ոտք, սակայն կար նրանց ուրվագծերում մի բան, որ տարբերվում էր Գիի մյուս ծանոթներից: Դրանք...դրանք նման չէին: Բոլորովին նման չէին մյուսներին: Ու ապրում էին մի քանի բարաք այն կողմ. նրանց բարաքներն առանձնացված էին ընդամենը նեղ բաց տարածությամբ:
Գին որոշեց գնալ: Որոշումն այդ տրվեց ոչ առանց դժվարությունների: Սկզբում նա իր մեջ զսպեց մի բան, որը կենտրանացված էր որովայնի շրջանում:Դա սկսվեց այն ժամանակ, երբ Գին չսպասելով իր ակտիվացված սնունդին, դուրս եկավ իր բարաքից ու սկսեց դանդաղ շարժվել դեպի նրանց: Որովայնում ինչ-որ իրադարձություններ էին կատարվում: Մի բան գալարվում էր ինչ-որ տեղ իր ներսում ու տարօրինակ դառնահամ էր առաջացնում բերանի խոռոչում: Գին անսովոր ձայներ հանեց, մի քիչ զարմացավ ու շարունակեց քայլերը: Նա գնում էր  մյուս բարաքների մոտ` տեսնելու նման են արդյոք այնտեղ իրեն, թե ոչ: Որովայնում անհանգստությունը հանդարտվել էր: Նա անցավ հարևան բարաքի կողքով, շրջանցեց մյուսն ու քայլեց բացատի միջով: Նա տեսնում էր իր առջև նոր բարաքներն ու նրանց շուրջը պտտվողներին: Նման էր դա իր կյանքին: Հասկանում էր, որ այնտեղ էլ են պատրաստվում ընդունել ակտիվացված սնունդը: Ներսում ինչ-որ բան կրկին գալարվեց: Մի քիչ էլ մոտենալուց հետո նա կանգ առավ: Ծնկները սկսեցին դողալ: Նա առաջ պարզեց գլուխն ու խորը շունչ քաշեց: Բզզոցը չէր թողնում ,որպեսզի նա կարողանա երկար մտածել, սակայն նա հասկացավ` մյուս բարաքների կողմից գալիս է կտրականապես ուրիշ, իր ու իր նմանների հոտից բացարձակապես տարբեր հոտ: Ծնկների դողն անցավ: Նա առույգություն զգաց: Բզզոցը չէր կարողանում շեղել նրա քայլերի ուղղությունը: Քիչ անց նա արդեն կանգնած էր առաջին բարաքի դիմաց: Ներսից գալիս էր իրեն արդեն ծանոթ հոտը: Նա կանգնած էր ու չէր հասկանում` կարելի է իրեն մտնել ներս, թե չէ...Հաճախ, երբ կաթսայի մոտից վերադառնալիս նա շփոթվում ու խառնում էր միջանցքները, կարգադրիչը բղավում էր նրա վրա` «Վերադառնա՛լ շարք, Չշեղվե՛լ, Չի՛ կարելի»:
Նա տատանվեց մի քանի րոպե ու մտավ:
Եթե հոտը զգալիս նրա ծնկները դողացել էին, ապա այդ ժամանակ նա ընդհանրապես դադարեց զգալ իր ոտքերը: Դա շփոթեցրեց: Տակնուվրա արեց նրան: Նրա դիմաց կանգնած էր մեկը, խոշոր աչքերով, նեղ մեջքով, լայն կոնքերով ու (նա չէր կարողանում կտրել հայացքը նրանցից) մեծ կրծքերով մեկը: Վերջինս նույնպես կարծես ցնցվել էր: Նա էլ զգում էր մինչ այդ չհանդիպած հոտն ու տեսնում էր իր առջև անծանոթ, հարազատ ու անհրաժեշտ մեկի…
Գին հասցրեց կատարել երկու քայլ: Այդքան էլ հասցրեց անել նրան հմայած էակը:
-Անասուննե՛ր...անասուննե՛ր,- բղավեց նրանց հետևից հրահանգիչը: Նրա շոշափուկները կատաղությունից կանաչել էին: Նա բռնեց Գիի վզակոթից ու դուրս նետեց նրան բարաքից:,- եկել մտել ես ստեղ արդեն, հա՞...ուրեմն քեզ քո կյանքը դուր չի գալիս, հա՞, եկել ես հասել ես ստեղ, դե գնա քու~...,-նա հարվածում էր Գիին ոտքերով: Հարվածները հասնում էին հիմնականում նրա կրծքին ու կողերին: Գին վախից կուչ էր եկել ու չէր հասկանում,թե ինչ է կատարվում: Նրան հմայած էակը նույնպես կուչ էր եկել:Նրա աչքերում մի բան կար, որ հետո միայն Գին կկարողանար ընկալել` ատելություն, զայրույթ, կատաղություն և նորից ատելություն դեպի հրահանգիչը:


***
Գին նստած էր իր չոր անկողնու վրա: Կողերը ցավում էին, իսկ ուղեղը տրվել էր անվերջ բզզոցին: Երբեմն նա փորձեր էր անում պատկերացնել նորից այն դեմքը, որ տեսավ մյուս բարաքում, պատկերացնել կրծքերը, հիշել հոտը...Բզզոցը մկրատի նման  կտրում էր նրա մտքի թելը: Որովայնում կրկին աղմուկ էր: Նրան այդ երեկո ակտիվացրած սնունդ չհասավ: Նա չէր կարող բացատրել դա, բայց  սոված էր, իսկ քնել ոչ մի կերպ չէր կարողանում: Ինչպե՞ս նա կարող էր քնել, երբ արյունը եռում էր, իսկ ստամոքսում դատարկություն էր: Նրա որովայնից ավելի ու ավելի բարձր գռմռոցներ էին լսվում: Նա հասկացավ, որ պետք է դուրս գա բարաքից` մյուսներին չխանգարելու համար...որպեսզի կայացնի այդպիսի որոշում, նրա ուղեղն իսկական հերոսություն կատարեց` հաղթահարելով բզզոցի պատնեշը:
Դրսում նա նստեց պատի տակ: Գլուխը վեր պարզեց: Հիշեց, որ կարող է նորից առնել այն հոտը: Նկատեց աստղերն ու սկսեց նայել նրանց: Ներսում սակայն մի բան ճզմվում էր ու սեղմում նրա կոկորդը: Նա իջեցրեց գլուխն ու տեսավ հեռավոր....շատ հեռավոր ծանոթ մի բան: Նա դա երբեք չէր տեսել: Երբեք չէր  տեսել այդպիսի բան, բայց հասկացավ, թե ինչի համար է դա: Ստամոքսի ճմլող ուժը զգաստացավ: Բաց թողեց օրգանիզն իր կապանքներից` հրահանգելով` «Ուտե՛լ»:


***
-Լավ չի, որ էսօրվա դեպքը եղավ: Ինչի' պետք ա էդպիսի բան լիներ, էն էլ հիմա, երբ կայսրական վերահսկիչը մեզ մոտ ա...,-ասում էր շարքային հրահանգիչ Կայկառան իր գործընկերոջը: Նրանք միասին ստացել էին հանձնարարություն` վերացնել մի քանի արկղ: Հանձնարարությունը ստացել էին անմիջականորեն հանքատարածքի տնօրեն Սուցկիից:
-Հա, էլ մի ասա,-պատասխանեց մյուս հրահանգիչը` բարձրացնելով ու տեղափոխելով արկղը սայլակի մեջ,-փաստորեն Դեբելդասկիի բզզոցն էլ լրիվ երաշխիք չի տալիս: Որձի մոտ չպիտի առաջանար ցանկություն: Իսկ նա արդեն մտել էր էգի որջն ու ուր որ է պետք ա...
-Ես,-ասաց Կայկառան,-դրանից շատ եմ վախենում: Եթե որձերի մասսայական անհնազանդություն սկսվի, մենք կկորենք:
-Բան չի լինի, մի՛ մտածիր: Մենք դրանց հախից հանգիստ կգանք: Ի՞նչ ա մեզ համար դրանց վիզը ջարդելը` մեկ-երկու:
Նրանք արդեն բարձել էին արկղերը սայլակի մեջ, դուրս հանել հանքի տարածքից ու կանգնեցրել բարաքների մոտ: Արկղների վրա կար ինչ-որ նշան` դա շրջան էր, որի մի մասը պակասում էր: Կայկառան մտածում էր, որ դա հավանաբար եղել է ինչ որ հիերոգլիֆ:
Արկղերը թողեցին սայլակի մեջ ու մի քանի րոպեով հեռացան գործիքների հետևից: Պետք էր վերցնել հրանետները, տանել սայլակը բարաքներից հեռու ու ոչնչացնել դրանք:
Երբ վերադարձան, նրանց սպասում էր անակնկալ: Կայկառան սկզբից կատաղեց  ու նրա շոշափուկները կանաչեցին: Հետո սկսեց վախ զգալ: Նա չէր հավատում իր տեսածին: Դիմացը կանգնած էր գերիներից մեկը: Նրա աչքերը լի էին ատելությամբ ու զայրույթով: Նրա ձեռքին երկար մետաղական ձող էր: Նա կանգնած էր սայլակի վրա արկղերի գլխին ու վերևից էր նայում իրենց: Չհասցրեց Կայկառան մի բան ասել, գերին թափահարեց իր ձեռքի մահակ-երկաթե ձողն ու իջեցրեց այն իր ընկերոջ գլխին: Գլուխը թռավ, լեշը պարկի պես ընկավ գետնին: Հաջորդ բանը, որ ֆիքսեց նա` դա դեպի իր դեմքը սլացող մետաղե ձողն էր:


***
Ագահություն էր: Իսկական ագահություն էր: Դեռ չէր կուլ տվել առաջինը, արդեն սկսեց խժռել երկրորդը: Զգացվում էր, որ թարմ բան չի ուտում: Այդ ամենն ուներ արհեստական վանիլային համ  ու հեղուկային մասն էլ միջից զգալիորեն ցնդել էր: Բայց ինչպես էր դա հագեցնում:
Նա սառեց:
Իր մտքերը: Նա նայեց շուրջը: Բարաքներ: Ինչ-որ տհաճ լռություն: Գետինը ցեխոտ էր: Լուսինը կլոր էր, իսկ Մեծ Արջի համաստեղությունը հստակ երևում էր երկնակամարում: Նա ապշեց: Նայեց իր ձեռքերին: Ծամեց երկրորդ խնձերի վերջին կտորը, կուլ տվեց: Այ քեզ բան: Նա խորը շնչեց: Այ քեզ բա~ն...
Նրա ուղեղը լցվում էր դատարկ ամանի պես: Արյան հետ այնտեղ էր հասնում ինչ-որ բան ու լցնում նրա դատարկ ծալքերը:
Որպեսզի դիմանա այդ ամենին, նա նստեց գետնին: Աչքերի առջև անցնում էին մարդկության պատմական փուլերը, գիտությունները, բանաձևերը, զենքերը...որտեղի՞ց, որտեղի՞ց նա գիտեր այդ ամենը: Որտեղի՞ց էր նա վերցնում այդ մտքերը, որտեղի՞ց գիտեր, թե ինչ է նշանակում «խնձոր»: Նրա միտքը հանգիստ հաղթահարում էր բզզոցը: Բզզոցն ընդամենը մի քիչ նյարդայնացնում էր նրան:
Նա տեսավ, նա հասկացավ: Հիշեց ինչ-որ շոշափուկներ: Դրանք խորթ էին ու օտար: Նա տեսավ հանքը: Նիկելի արդյունահանում էր: Վտանգավոր առողջության համար:
Նա հիշեց մյուս բարաքները: Հիշեց իրեն հմայած կնոջը...(Կի՞ն): Այդ բառը նրան դուր եկավ: Նա կարող էր ասել այդ բառը էլի 57 լեզուներով…Լեզու՞: Նա գիտեր արդեն լեզուներ:
Գիշերվա խավարի միջից լսվում էին մոտեցող ձայներ: Նրանց լեզուն անհասկանալի էր: Դա գռմռոց էր: Օտար լեզու էր..ոչ հարազատ: Նա տեսավ նրանց շոշափուկները: Նայեց նիկելի հանքին, նայեց բարաքներին, հիշեց կնոջ աչքերում փայլող ատելության ու զայրույթի կրակը…
Հայացքն ընկավ մետաղական ձողին, որ ընկած էր իրենից քիչ հեռու: Խնձորի արկղերով սայլակի մոտ:

Նա սպանեց երկու այլմոլորակայիններին: Գնահատեց իրավիճակը: Մոտեցավ բարաքների դռներին: Իրեն պետք էին ընկերներ: Ինչքան շատ, այնքան լավ: Նա ներս մտավ առաջին պատահած բարաքն ու սկսեց բղավել, գոչել, աղմուկ հանել: «Հեե~յ, մի քնեք, հելե՛ք, տղե՛րք, հելե՛ք…խնդրում եմ, վե՛ր կացեք»
Վեր կացան երեք հոգի: Մյուս բարաքում երկու: Որոշներում ոչ ոք չարձագանքեց: Արթնացածները նայում էին դատարկ աչքերով, որոնց մեջ զգացվում էր բզզոցով լիակատար տարված լինելը: Մի հոգու նա ապտակեց: Հետո էլի: Վերցրեց մի խնձոր ու խցկեց նրա բերանի մեջ: Վերջինս սկսեց բնազդաբար ծամել…
-Որտե՞ղ ենք մենք,-հարցրեց նա մի քանի րոպե անց:
-Ինչ-որ հանք է,-պատասխանեց Գին,-եղել է հարձակում այլմոլորակայինների կողմից: Զգու՞մ ես բզզոցը: Սրանով մեզ ստիպել են աշխատել…չեմ հասկանում երբվանից է դա եղել, որ սերունդն ենք մենք…գիտեմ, որ բացատի մյուս կողմի բարաքներում կանայք են ապրում:
-Ի՞նչ լույսեր են այնտեղ, նայի՛ր,-նա ցույց տվեց լուսամուտից այն կողմ:
-Պետք է մի բան անել: Ինձ թվում ա, որ էս դիակների հետևից կգան: Հա, ես սպանել եմ դրանցից երկու հոգու: Կարծես սովորական ոսկորներ ունեն: Դրանց հետ հնարավոր կլինի կռվել…պետք ա տանենք խնձորները…
-Ինֆորմացիոն սնունդ…,-ասաց Գիի ընկերը,-գնանք, պետք է փրկել խնձորները...
-Սկզբում մի հոգու  էլ միացնենք,-ասաց Գին: «Միացնել» բառը ծիծաղ առաջացրեց նրա ընկերոջ  մոտ: Գին նույնպես ծիծաղեց: Նրանք մի հոգու էլ «ստիպեցին» կուլ տալ խնձորից:
Նույն գիշեր կանանց բարաքներից նրանց հետ դուրս եկան երեք հոգի: Նրանցից մեկը ամուր բռնել էր Գիի ձեռքը: Նրանք հեռանում էին հանքատարածքը շրջապատող բլուրներից այն կողմ: Դեպի անտառներ: Անտառում պետք է հանգստանային  ու փորձեին հետախուզել քաղաքները: Պետք է հարձակումներ կատարեին բարաքների վրա ու ազատեին մարդկանց: Պետք է գտնեին զենքեր ու զինամթերք: Պետք է փնտրեին նոր խնձորներ ու գրադարաններ: Պետք է ստեղծեին համակարգ, որը թույլ կտար «միացնել» ավելի ու ավելի շատ մարդկանց: Ու պետք էր ՀԵՏ ԲԵՐԵԼ ՄՈԼՈՐԱԿԸ: Դուրս քշել օտարներին:


2049 թվական, ազատագրական պայքարի հինգերորդ ինքնավար թև
Գիի բանակը զինված էր նատոյական զենքերով: Ավտոմատները սակայն ռուսական էին` կալաշնիկով: Մեքենաների մի մասը ճապոնական էին` տոյոտա և նիսան: Մնացածները ամերիկական էին: Նրա զորքը 14 հազարից ավել էր:Նրանց դրոշի վրա կծած խնձոր էր` իմաստության նշանը: Այն իմաստության նշանը, որի շնորհիվ կարողացան պայքար սկսել եկվորների դեմ:  Նեյմանյան աստղի համակարգից եկած մակաբույծները դիմադրում էին որակով, չնայած նրանց հիմնական զենքը` ուլտրաձայնային վիբրացիաները, չէին ազդում Գիի զորքերի վրա: Նիկելային ձուլվացքից պատրաստած սաղավարտների շնորհիվ: Նախորդ օրը Գին մերժել էր Նեյմանյան աստղի համակարգի կայսեր, տիեզերքի խոշորագույն կայսեր, վեց հարթությունների կայսեր  Մեծն Ուխակիմի դեսպանին: Նա ուզում էր առաջարկել ինչ-որ համագործակցություն գերիների մատակարարման հետ կապված: Գին փոխանցել էր իր կամքը` Մեզ` մեր աշխարհը, Ուխակիմին` իր աշխարհները:
Գին նայում էր եկվորների հենակետ հանդիսացող ամրոցին: Նրա ուղղաթիռները կռմբակոծեն այն: Հետո գրոհի կանցնեն տանկերը, իսկ վերջում դեսանտի ու սովորական հետևակի միջոցով կվերցնի այն: Դիմադրող այլմոլորակայիններին կկախի, կվառի ու կքառատի: Արդեն երեկոյան ամրոցը կլինի իրենը: Կհաղորդի դրա մասին մարտնցող մյուս բանակներին և կշտապի կնոջ ու երեխայի մոտ:

No comments:

Post a Comment