Sunday, May 4, 2014

LOG OUT, դուք սկել եք

Только жесть и дикий ужас

Եթե դուք կարծում եք, որ աջակցման կենտրոնում նստած ակնոցավոր ուռուգլուխներից ավելի շատ օգուտ կա, քան 44 համարի քառթավոր տակերով ծանր կոշիկի հարվածից, դուք սխալվում եք: Ես չեմ էլ ինչ-որ այլ, կասկած կամ ուրիշ  տարբերակ ենթադրող տոն ընտրում, որովհետեւ վստահ եմ հաստատ: Ես վստահ եմ, քանի որ դա իմ աշխատանքն է` պետք եղած ժամանակ հասցնել քացով խփել հերթական լոզոտ, սեփական քաքի մեջ խոզի պես վեր ընկած դաուն էշի տղուն, որպեսզի կարողանա հետ գալ: Իսկ աջակցման կենտրոններում նստող ակնոցավոր ուռուգլուխները հազիվ կարողանում են իրենց դեբիլ ստատուսները գրել լրահոսի մեջ ու սթափեցնող հաղորդագրություններ ուղարկել ավելի քան երկու ժամ լրահոսում անդադար մնացած օգտատերերին: Էլ չեմ ասում, որ նույն այս ուռուգլուխները այնպես են սկում, որ արդեն իրենք չեն կարողանում հետ գալ: Նման դեպքերում նորից օգնության է գալիս հին ու բարի բռի ու կոպիտ ուժը, երբ իրենց գործընկեր մյուս ուռուգլուխները ստիպված են լինում հետ բերել կուլ գնացած ընկերներին քացիներով ու ավանդական չափալախներով:

Սովորաբար գիշերվա ընթացքում կոնկրետ ես ունենում 15-20 կանչեր: Իմ տարածքը քաղաքի հյուսիսային ննջարանային թաղամասերն են ու Կենտրոնի հյուսիսային մի փոքր մասը: Մի գիշերվա ընթացքում ես կարող եմ այնքան քաք, սեռական օրգաններ, աղիքներ ու դուրս թափված աչքեր տեսնել, որ կյանքն ինձ միանգամից թվում է վարդագույն, ամբողջովին բաղկացած կանաչ մարգագետիններից ու կապույտ երկնքից, եւ մարգագետնում էլ այդ ուրախ ցատկոտում են կարմիր-սպիտակ զոլավոր բլուզներով երջանիկ աղջիկ-տղա երեխաներ: Իսկական երանությո՞ւն: Իհարկե: Մինչեւ այն պահը, երբ տեսնում ես, որ այդ ուրախ ու երջանիկ երիտասարդ բերաններից սկսում է ծորալ լոզը, երբ օդը հագենում է աղիքների պարունակության անուշահոտությամբ, իսկ պատկերի ամբողջության համար էլ պատկերացրեք մեկ-երկու շաբաթ առաջ էկրանի մոտ սովից ու ծարավից մեռած-սակտած դիակի բուրբունքը: Ի դեպ` սեփական քաքի մեջ դիակի բուրմունքը:
Մի անգամ սկել էր ու չէր կարողացել հետ գալ մի ամբողջ շենք: Թե ոնց էր այդպես պատահել, միայն զարմանալ կարելի է: Շենքում մեծահասակներ եւ շատ փոքր երեխաներ ընդհանրապես չկային, միայն միջին տարիքի, երիտասարդ եւ դեռահաս քաղաքացիներ, ովքեր, բնականաբար, միմյանց դոմփելու, փողոց դուրս գալ զբոսնելու եւ պիցցա ուտելու փոխարեն մտել էին լրահոսը ու քաշվել անհատակ գրողի ծոցը: Մեր խումբը վրա հասավ երկու օր անց: Պատկերացնում եք, այդ գրողի տարած բարեկեցիկ թաղամասում չեր եղել ոչ մեկ, ով ավելի շուտ կբարձրաձայներ, նշան կտար, կահազանգեր, որ կողքի շենքում ձեն-ձուն չկա, ոչ մեկ դուրս ու ներս չի անում, շուրջբոլորը ճանճերի պարսեր են, իսկ, գրողը տանի, ագռավները րոպեն մեկ, կտուցներում բռնած, տանում են բնակիչների աչքերը:
Շենքի դեպքի մասին գլխի էին ընկել աջակցման կենտրոնի ուռուգլուխները: Չեմ հասկանում նրանց աշխատանքի օպերատիվ բնույթի ողջ հեգնանքը, բաց ոչ այնքան ահռելի քաղաքում մի ամբողջ սկած շենք նրանք կարող էին եւ ավելի շուտ հայտնաբերել: Իսկ հիմա նայեցեք վիճակագրությունը: Արձագանքման պահից սկսած մեր խումբը բռնի ուժ գործադրելով կարողացավ հետ բերել քսաներեք հոգու, իսկ ողջ քաղաքի աջակցման կենտրոնները միասին, ստատուսներով ու չատի հաղորդագրություններով կարողացան հետ շպրտել ընդամենը հինգ հեգու: Իսկ մնացած շենքը... Քաղաքապետարանը որոշում ընդունեց այրել անիծված շենքը սանիտարական աղետից խուսափելու համար:

Սկելու, կուլ գնալու, խորտակվելու, քաշվելու (ինչպես ուզում եք, այնպես էլ անվանեք դա) առաջին պաշտոնական դեպքը գրանցվել է երկու տարի առաջ Նյու Յորքում: Ոմն Մայք Կռավիցկին անվերջ թերթելով իր սոցցանցային էջի լրահոսը չէր կարողացել դուրս գալ իրեն կուլ տված լրատվական հորձանուտից եւ մահացել էր համակարգչի առջեւ` սովից եւ ծարավից: Այս դեպքում պատմությունը լռում է քաքի, մեզի եւ դուրս թափված աչքերի մասին: Հետաքրքիր է նաեւ այն, որ հաջորդ պաշտոնապես գրանցված դեպքը տեղի է ունեցել դրանից մի ամիս անց: Երկրորդ եւ երրորդ դեպքերի միջեւ անցել է արդեն տասն օր: Պատմությունը եւ համաշխարհային վիճակագրությունը պահպանել են առաջին հիսունյոթ զոհերի անունները: Այնուհետեւ երեւույթը դարձել է մասշտաբային եւ սկսել է հնձել մարդկանց ողջ աշխարհով մեկ:
Հիմա ցանկացած քիչ թե շատ կազմակերպված բնակելի կետում կազված են, այսպես կոչված, հակացանցային պայքարի խմբավորումներ, անց են կացվում ցույցեր` սոցցանցերը փակելու եւ դրանցից օգտվողների համար պատիժներ կիրառելու համար: Իսկ սրանց հակառակ էլ, կան մարդիկ, ովքեր մտածում են,թե ստեղծված իրավիճակը ուղղված է նոր էվոլյուցիոն խթանի, որի արդյունքում մարդկության շարքերից կմաղվեն նրանք, ովքեր ի վիճակի չեն դիմադրել, ինչպես իրենք են ասում, էլեկտրոնային բանականությանը: Այս էվոլյուցիայի ընթացքում, ըստ նրանց, ի հայտ կգա նոր ռասա, ում ներկայացուցիչները  կունենան երկակի գիտակցություն` համացանցային ընդհանուր գիտակցություն եւ անձնական ռեալ գիտակցություն: Իսկ եթե հարցնեք ինձ, ես կասեմ, որ այս տարիների ընթացքում նրանց կողմից, ովքեր կանգնած են աշխահր ղեկի մոտ, չի արվել եւ ոչ մի քայլ այս աղետը հաղթահարելու ուղղությամբ: Ոչ մի լուրջ եւ իրական քայլ: Նրանք ստեղծել են հանձնաժողովներ, կոմիտեներ, դիտորդական խմբեր, բայց ոչ մի իսկական քայլ արված չէ, սոցցանցերը փակված չեն, ու մարդիկ շարունակում են կուլ գնալ ընտանիքներով, շենքերով եւ անգամ թաղամասերով: Իսկ իշխանությունները նայում են սրան, հետեւում են կողքից :Ինչո՞ւ: Ես չգիտեմ: Ես միայն ուզում եմ, որ այս խելագարությունը դադարի, որ մարդիկ այլեւս չքարանան դեբիլ լրահոս կարդալուց, ու ստիպված չլինեմ նրանց հետ բերել ոտքով հարվածելով:


Ես կանգնած եմ տասնվեց հարկանի շենք-մրջնաբույնի առջեւ: Վերջնականապես համոզվելու համար, որ ճիշտ հասցեով եմ եկել հաճախորդի մոտ,  ստուգում եմ ուռուգլուխներից մեկի ուղարկած հաղորդագրությունը: Այդ ապուշներին ես հարյուր անգամ զգուշացրել եմ, որ ինձ հետ, որպես կապի միջոց, օգտագործեն սովորական SMS հաղրդագրությունները, բայց այս համառ ոչխարները շարունակում են ուղարկել ինձ սոցցանցային հաղորդագրություններ: Ես նայում եմ հեռախոսիս, մտնում անհրաժեշտ ծրագրի մեջ, բացում հաղորդագրությունները, ստուգում: Ինչքան էլ որ զզվելի լինի, զգում եմ, որ գրողի տարած ցանցը ձգում է: Նույնիսկ ինձ է ձգում, նույնիսկ աշխատանքի ժամին, նույնիսկ այն պահին, երբ պատրաստվում եմ ինքս հետ բերել իր քաշած-տարած հարիֆներից մեկին:
Հասցեն ես չեմ շփոթել: Հաճախորդը տասնհինգերորդ, նախավերջին հարկում է: Ես մտնում եմ շքամուտք, հայացքով փնտրում վերելակը եւ տեսնում պատի տակ կծկված, կեղտոտ մազերով եւ մորուքով, անհասկանալի, մանուշակա-բադրջանային գույնի ցնցոտիներով բոմժին:
- Հա հաա,- ասում է նա ինձ նկատելով,- պարոն որսորդը եկել է հոգին ազատելու:
Ես մոտենում եմ վերելակին, սեղմում կանչի կոճակը: Սպասում եմ:
- Դու հո գիտես, որ այս շենքում հիմա հոգի են գողանում, դու հենց դրա համար էլ եկել ես, որսորդ, որ չթողնես փախցնեն հոգին: Ես գիտեմ, ես գիտեմ, թե ինչ է կատարվում հիմա, այդ ցանցերը տանում են մարդկանց հոգիները, հոգիները, որսորդ, հոգիներն են տանում, հոգիները...
Բոմժի բարձր, ճղճղան ձայնը սղոցում է նյարդերս, բայց ես հանգիստ սպասում եմ գրողի տարած կրեա վերելակին: Ողջ շենքը կարծես մեռած լինի, ոչ ոք ոչ շքամուտքում ոչ, էլ տարածքում չկա, բացի ինձանից եւ այս խելագարից, չնայած դեռ նոր-նոր է բոլորել կեսգիշերը:
- Նրանք հավաքում են մարդկանց հոգիները, տանում են, նրանք նոր աշխարհ են ուզում ստեղծել եւ նրանց պետք են հոգիներ, նրանք հոգիներ են տանուում...
Վերելակի դռները բացվում են: Դիմացս սաթի պես սեւ, տիեզերական խավար է: Կարելի էր սպասել, որ նման մոռացված շենքում վերելակում լույս չի լինի: Այնուամենայնիվ ես մտնում եմ ներս: Խավարն ասես կուլ է տալիս ինձ:
- Որսորդ, մի՛ թող տանեն հոգիները, մի՛ թող որ քեզ էլ կուլ տա խավարը...,- շարունակում է բոմժը:
Վերելակի դռները փակվում են: Շղթաների խուլ գլվլոցով վերելակը սողում է դեպի վեր, ինչ-որ տեղ ոտքերիս տակ դեռ լսվում է բոմժի ձայնը: Վերելքը դեպի նախավերջին հարկ տեւում է բավականին երկար: Վերջապես դռները բացվում են: Դիմացս նորից խավար է: Ինձ մի պահ թվում է, թե ինչ-որ բան այնպես չէ աչքերիս հետ: Ես տրորում եմ կոպերս, բացում-փակում` խավար է: Ես դուրս եմ գալիս վերելակի խցից եւ ինձանից ձախ նկատում նեոնային կապույտ թույլ լուսավորություն: Շարժվում եմ դեպի այդ կողմ: Առջեւումս ձայներ չեն լսվում, սակայն մի քիչ էլ մոտենալով ես սկսում եմ որսալ համակարգչին բնորոշ, հովացման պտուտակների բվոցը: Մի քիչ էլ առաջանալով, ես տեսնում եմ, որ հաճախորդի բնակարանի համարով դուռը կիսաբաց է, համակարգչի ձայնը գալիս է հենց այնտեղից: Ես երկարացնում եմ ձեռքս, հրում դուռը: Մետաղյա ծանր դուռը հետ է գնում առանց ճռռոցի, երեւում է` բոլորովին վերջերս են այն տեղադրել կամ պարզապես յուղել: Մեկ-երկու քայլ, եւ ես արդեն միջանցքում եմ: Աջ կողմի վրա, մի քիչ խորքում սենյակի ապակյա դուռ է: Սենյակում  լույս է միացված: Ես զգում եմ նման իրավիճակներին հատուկ հոտը: Բաճկոնիս օձիքից բարձրացնում եմ հարմարեցված շնչառական դիմակը: Հիմա ավելի լավ է, թոքերս չեն կծկվի անտանելի գարշահոտությունից: Մի պահ կանգնելով դռան դիմաց, ես բացում եմ այն եւ մտնում ներս:

Հաճախորդը քսաներկու-քսաներեք տարեկան աղջիկ է: Եթե չհաշվենք այլեւս անհայտ գույնի վարտիքը` աղջիկը մերկ է: Աչքերը բաց են, գլուխը կախ է, նայում է գետնին դրված նոութբուքին, որը իր չափերի եւ մակնիշի համար չափից շատ աղմկոտ է: Ես սկզբից ուզում եմ ոտքով փակել այն, բայց թողնում եմ այդ միտքը: Միայն նկատում եմ, որ նոութբուքի էկրանին ակտիվ թարթում են միանգամից երկու հաղորդագրությունների պատուհաններ: Հավանաբար` դրանցից մեկը հենց աջակցման կենտրոնի ուռուգլուխներից է:
Ես նորից նայում եմ աղջկան: Գեղեցիկ մարմին է: Բավական խոշոր կրծքեր: Եթե հաշվի չառնենք դեմքի կատարյալ բութ արտահայտությունը` նույնիսկ սիրուներես է: Պարզապես զարմանալ կարելի է, թե ինչպես է այս աղջիկը, այսպիսի տվյալներով, այն էլ մերկ` երկու ժամից ավել մնացել լրահոսում: Եւ կրկնակի զարմանալի է, որ նման գեղեցիկ էակի շուրջ կարող է այսպիսի գառլախ միկրոկլիմա ձեւավորվել: Ինչեւէ, մտքերին ավելի երկար տրվելու ժամանակ ես չունեմ: Հարմար կանգնելով այնպես, որ ոչ մի կերպ չապականվեմ զոմբիացած աղջկա թուլացած մարմնի դուրս թողած կեղտերով,ես բռունցքիս ծանր հարվածը իջեցնում եմ սիրունիկ ծնոտին, եւ որպեսզի ամեն ինչ լինի միաշանակ` եւս մեկ հարված, ապտակի տեսքով, հասցնում եմ մյուս կողմից` այտին: Խեղճը հայացքն ուղղում է ինձ: Նորմալ արձագանք է: Փորձում է բացել  բերանը, եւ ես անմիջապես փոխում եմ դիրքս` իմանալով, թե ինչ է լինելու հետո: Չգիտեմ ինչու է դա այդպես, բայց հետ գալը հաճախորդները միշտ նշում են առատ եւ  բովանդակալից փսխոցով:
Երբ աղջիկը վերջացնում է սույն զզվելի ավանդութը, ես օգնում եմ նրան հասնել դեպի լոգարան: Նա նշան է անում` ի վիճակի է ինքնուրույն գլուխ հանել: Ես նախապես ստուգում եմ համակարգիչների ու կապի շարժական միջոցների առկայությունը լոգարանում. ոչինչ չկա, աղջկան կարելի է հանգիստ մենակ թողնել:
Ես վերադառնում եմ սենյակ, վերցնում գետնից նոութբուքը, որը բարեբախտաբար զերծ է մնացել քաք ու կեղտից, եւ նայում եմ հաղորդագրությունները: Իմ կանխատեսումները ճիշտ էին: Աղջկան գրում էր աջակցման կենտրոնի ուռուգլուխներից մեկը: Ես աչքի տակով նայում եմ հաղորդագրություններին` սեռական բնույթի ամենավերջին հայհոյանքներ են, որոնք, իբր, միտված են հաճախորդին, այդ կուլ գնացած օգտատիրոջը հետ բերելուն: Նայում եմ մյուս հաղորդագրությունը: Նրան գրում է ոմն Nar. G. Lion-ը. «Ես վերեւում եմ», «Ես կնետվեմ, եթե հետ չգաս», «Դու հասկանո՞ւմ ես, արթնացի՛ր, թե չէ ես ցած կնետվեմ կտուրից, ես կատակ չեմ անում, ես կնետվե՛մ»:
Ահա թե ինչ: Ահա քեզ հերոս: Ուրեմն ինչ-որ մեկը աղջկան սթափեցնելու համար սպառնացել է ինքնասպանություն գործե՞լ: Անմտություն է: Սկած օգտատերերը այն կարգի են էշացած լինում, որ թեկուզ աչքների առջեւ բռնաբարիր նրանց մորը, միեւնույն է, ի վիճակի չեն լինի սկի լոզները հետ քաշել: Դա լավ գիտեն ուռուգլուխները, ովքեր հաճախորդին հետ բերելու համար էնպիսի բաներ են գրում, որ նույնիսկ փոխանցելն է դժվար:
Ես նայում եմ ինչ կա-չկա սենյակում եւ մի պահ սառում եմ: Անկողնու մոտ դես ու դեն են նետված շորեր` այդ թվում եւ տղամարդու: Իսկ հենց դռների մոտ կեղտոտ բոթասներ են, որոնք ոչ մի կերպ չեն կարող լինել աղջկանը: Ես մեկ վայրկյան տատանվում եմ, ապա շտապում դեպի դրսի դուռը, դուրս գալիս բնակարանից եւ շտապում դեպի աստիճանավանդակը:
Տասնվեցերորդ հարկից կտուր տանող աստիճանները մետաղական են: Դրանք մնացած աստիճանավանդակից առանձնացված են թիթեղյա ժանգոտած դռնով: Փորձելով ավելի լավ զննել տարածքը հեռախոսիս թույլ լույսով` ես հանկարծ սարսափելի մի պատկեր եմ տեսնում: Մի կին, որ կլիներ մոտ քառասուն տարեկան, ըկած էր աստիճանավանդակի կողքը. նրա չոր ձեռքերում ամուր սեղմված էր պլանշետը: Ես փորձեցի ձայն տալ նրան` ապարդյուն: Հաջորդ քայլս եղավ ոտքով հարվածելը` ոչ շատ ուժեղ. թեթեւ հրեցի նրա կողքը: Նա ձայն չհանեց եւ ընդամենը մի թեթեւ օրորվեց: Հաջորդ հարվածս կոպիտ էր եւ ուղղված հենց դեմքին: Այն ինչ տեղի ունեցավ հարվածից հետո, զարհուրելի էր: Գրողի տարածը դիակ էր, այն էլ բավականին հին` հարվածիցս կնոջ գլուխը պոկվեց, թմփոցով ընկավ գետնին եւ գլորվեց հեռու: Նրա չոր ձեռքերի մեջ, սակայն, շարունակում էր սեղմված մնալ պլանշետը: Ձեր տիրոջ մերը: Ես խորը շունչ քաշեցի, հեռու տարա թիթեղյա դուռը եւ բարձրացա դեպի վեր, դեպի աստղազարդ երկինքը, մաքուր օդը եւ գրեթե ամայացած քաղաքը, ուր մարդիկ զոհ են դառնում միմյանց հիմարագույն եւ բթացնող մտքերից բաղկացած լրահոսի ցանցերին:

Ես տեսել եմ օգտատերերի, ովքեր սկել էին սեռական ակտի ժամանակ` իրարից անկախ հեռախոսներով սոցցանցում լինելով: Այդպիսի դեպքերից մեկի ժամանակ հաջողվել էր հետ բերել տղամարդուն, իսկ կինը, իր սառած ու կծկված մկաններով, այդպես էլ հետ չեկավ, եւ տղամարդու անդամը մնաց ամուր սեղմված նրա քարացած հեշտոցում: Ես տեսել եմ, թե ինչպես է կինը կուլ գնացել երեխային կերակրելիս, տեսել եմ, թե ինչպես են մի խումբ երեխաներ կուլ գնացել եւ մի շաբաթ անց, այդպես էլ ոչ մի տեղից օգնություն չստանալով, վերածվել նեխած ու հոտած զանգվածի: Ես տեսել եմ հազար ու մի բան այս ընթացքում, բայց երբեք չեմ տեսել տկլոր տղամարդու, բարձրահարկ շենքի վրա, կտուրի եզրին կանգնած, հեռախոսը ձեռքում սեղմած եւ սկած:
Ես որոշեցի մոտենալ նրան շատ զգույշ` չլինի թե ապուշը հանկարծ հետ գա կամ ջղաձգվի: Ցանկացած շարժում եւ Ռոմեոն կթռչի գրողի ծոցը: Ես ուզում էի ինչքան հնարավոր է մոտենալ, այնուհետեւ քաշել ձեռքից, գցել հատակին, իսկ հետո լուծել հետ բերելու հարցերը ոտքի համոզիչ հարվածով: Սակայն, ինչքան մոտենում էի ես տասնվեցհարկանի անդունդի եզրին կանգնած ու սառած տղային, այնքան ուժեղանում էր չգիտես որտեղից հայտնված քամին` թեթեւորեն ճոճելով հաճախորդին:
- Հեյ,- առանց որեւէ հույսի, ուղղակի ինչ-որ բան արած լինելու համար գոչեցի ես ու ձեռքով արեցի,- Հե՛յ:
Այն, որ սկած երիտասարդը չէր կարող լսել ինձ, փրկում էր իրավիճակը, քանի որ լսելու եւ արձագանքելու դեպքում նա հաստատ շուռ կգար ու կընկներ ցած: Մյուս կողմից էլ` իմ անգործությունը եւ դանդաղ շարժումները անհամատեղելի էին վայրկյան առ վայրկյան ահագնացող քամու պայմաններում: Իմ եւ կուլ գնացած օգտատերի միջեւ հեռավորությունը տաս մետր էր: Մեր միջեւ քամին էր, որի արագությունը գրեթե ոչ մի շանս չէր թողնում ինձ` իրավիճակը փրկելու:
Հետեւիցս ես լսեցի, թե ինչպես է քամին ճոճում կտուրին ամրացված ալեհավաքը: Դա քամու նոր թափն էր, որ հաստատ վայր կգցեր տղային: Ես պոկվեցի տեղիցս այնպես, ասես մասնակցում էի հարյուր մետրանոց վազքի աշխարհի առաջնությանը: Վազելով իսկապես գլխապատառ` ես փորձում էի հաշվարկել ուղեգիծս` տղային անդունդից պոկելու եւ ոչ թե ցած ընկնելու, այլ վազքը որոշակի անկյան տակ շարունակելու համար:
Բախումը եղավ ակնթարթային: Ես ողջ թափով հարվածեցի տղային; Նա հարվածից առաջ թռավ, բայց հաջորդ ակնթարթին արդեն` ես նորից հասա եւ այս անգամ արդեն ֆիքսեցի նրան ձեռքերվ` գցելով շալակս: Միայն մի պահ ես գիտակցեցի, որ վազում եմ կտուրի ամենաեզրով` ներքեւում ունենալով բավականաչափ տարածք ազատ անկումը վայելելու եւ բոլոր ոսկորներս ջարդուխուրդ անելու համար:
Երբ արդեն վազքիս ուղեծրի անկյունը դուրս հանեց ինձ եզրից եւ ոտքերիս տակ զգացի ամուր հատակը, կանգ առա, տղային ուսիցս գցեցի եւ տուր թե կտաս ոտքերին, կողերին, դեմքին: Խեղճը, որ հավանաբար հետ էր եկել դեռ վազքիս ժամանակ, սկսեց փսխել եւ խեղդվել սեփական ստամոքսի պարունակությունից:

Ես նրան տուն մտցրեցի ուսերից ամուր բռնած, որպեսզի կարողանա ոտքի վրա մնալ: Աղջիկը լոգարանից դուրս էր եկել արդեն, եւ այնտեղից փչում էր տաք ջրի գոլորշին: Ես տղային ներս հրեցի լոգարան, համոզվեցի,որ նա հասկանում է, թե ինչ պետք է անի, եւ փակեցի դուռը:

Շենքից դուրս գալով` ես ներկայացրեցի աջակցման կենտրոնի տեսուչներին պատահածը, բացատրեցի, թե ինչպես չկարողացա փրկել աղջկան, ով նորից մտել էր սոցցանց եւ այնքան խորը սկել կարճ ժամանակում, որ միանգամից հալվել-թափվել էին երկու աչքերը: Պատմեցի նաեւ կտուրում տեղի ունեցածի մասին, եւ երբ աջակցման տեսուչը իր լաբորանտ-սանիտարներով տարածքից հեռացավ, վառցի սիգարետս:
- Ոչինչ, որսորդ, դու մի նեղվիր, դու մի հոգու այսօր փրկեցիր նրանցից,- լսեցի տասնվեցհարկանու շքամուտքից բոմժի ծանոթ ձայնը:

Ես նայեցի հեռախոսիս` տեսնելու ինչ կա-չկա ուռուգլուխներից, իմանալու, թե ուր կուղարկեն ինձ այս անգամ, ում պետք կլինի հանել սեփական քաքից: Ես բացեցի սոցցանցի ծրագիրրը` Վ. Կարինյանը փոխել է էջի լուսանկարը, D. Cool-ին դուր է գալիս V.Smart-ը, Մինաս Գինոսյանը կիսվել է H.K.M. feat Raxim-ով, Բեռնար Մ.-ն հավանում է Doh-ը, Ս. Վարոսյանը խորհուրդ է տալիս Kole Mome, G. Hakob-ը եղել է Web Bar-ում...

«Քու տիրոջ մերը, արա, անջատվե՞լ ես, սկե՞լ ես, այ անասուն»,- հանկարծ կարդում եմ ստացված հաղորդագրությունը:
«Ի՞իիիինչ»:
«Դու սկել ես, որսորդ, աու, հե՛տ արի, մեկ-երկու, մեկ-երկու, դու սա կարդո՞ւմ ես, դու կարողանո՞ւմ ես սա կարդալ»:
«Ես սկե՞լ էի»:
«Էն էլ ինչպես, գրողը քեզ տանի, հիմա լա՞վ ես, հաստա՞տ հետ ես եկել»;
«Հա, հա»:
«Հասցե կընդունե՞ս»:
«Կընդունեմ»:

Thursday, May 1, 2014

Թանկ պանիր միայն թակարդների համար

Վերջերս անհանգիստ եմ: Անհանգստության պատճառը գիշերային մղձավանջներն են եւ դրանց հետեւանքով առաջացած ստեղծագործական ճգնաժամը: Ինչ ուզում եք ասեք, բայց քնաթաթախ եւ պարանոյիկ վիճակում դժվար է իրար կապել երկու բառ, էլ չեմ ասում որեւէ քիչ թե շատ ըմբռնելի տեքստի մասին: Ողջ այս քաղաքական ինտրիգները, որոնց պատճառով կարող է իմաստազրկվել կես ժամ առաջ գրված ռեպորտաժդ, հյուծել են իմ առանց այն էլ տկար փետուրը եւ սպառել բառերիս հոսքը: Երբ ես պառկում եմ քնելու, ինձ թվում է, թե ուր որ է կզանգեն եւ կասեն, որ նախագահ, վարչապետ, օմբուդսմեն կամ նախարար է փոխվել, որ հեղափոխություն է, եւ ես ստիպված կլինեմ ուղղահայաց դիրքի բերել քնաթաթախ եւ պարանոյիկ մարմինս, վերցնել լուսանկարչական ապարատն ու ձայնագրիչը եւ նորից քարշ գալ այս անհանգիստ քաղաքի քաղաքականացված փողոցներով: Ախ... ես մոռացա նշել իմ պարանոյայի պատճառները: Բանն այն է, որ իմ բնակարանը, իմ միակ ու վերջին հանգրվանը, բետոնե ջունգլիների մեջ ինձ հատկացված անձեռնմխելի տարածքը ծայրից ծայր ականապատված է թակարդներով: Գրողի տարած մկները: Մկները, որ պետք է, կարծես, տեղ չունենան ուրբանիզացված եւ բարեկարգ մեր դարաշրջանում, շարունակում են ներթափանցել ինձ պես հասարակ մարդկանց կացարաններ եւ ահաբեկել նրանց օրն ի բուն, եւ ես կասեի նույնիսկ` բերանքսիվայր, թեեւ այս բառն այստեղ բոլորովին տեղին չէ: Միգուցե շատերի համար թվա ծիծաղելի, բայց ես որոշակիորեն տառապում եմ զեմմիֆոբիայով` վախենում եւ զզվում եմ կրծողներից, եւ վերջիններիս ներկայացուցիչների` մկների հայտնությունն իմ տան սահմաններում բավական մեծ պատճառ է, որպեսզի ես անընդհատ տվայտվեմ վախից, անհարմարավետության զգացումից եւ այլ հոգեկան ցավերից:
Ուստի եւ մասնագետները խորհուրդ տվեցին ինձ զինվել մկան թակարդներով եւ այդ կերպ պայքարել օրհասական աղետի դեմ:
- Իսկ դարիս հարիր միջոցներ` թունաքիմիկատներ, ուլտրաձայներ, հերն անիծած մոգությո՞ւն,- հարցրեցի ես մասնագետին:
- Միակ արդյունավետ միջոցը թակարդներն են,- պատասխանեց նա եւ նրա ձեռքերում շատ տեղին հայտնված պոպոկ-ջարդիչը խռճտոցով շրխկացրեց-կոտրեց հունական ընկույզը:
- Տպավորիչ է,- ասացի այն ժամանակ ես եւ գնեցի մի խուրձ մկան թակարդներ:
Ու կյանքն իմ ավելի լցվեց վտանգներով, քանզի տունս դարձավ ոչ միայն լրագրողական տենդագին երազների եւ մկների որջ, այլ ականապատ տարածք, որտեղ սահմանամերձ վայրերի բնակիչներին արգելվում է սունկ ու բանջար հավաքել:
Եւ ինչի մասին եմ ես մտածում երկրիս համար պատմական այս ժամանակաշրջանում:
- Ինչի՞ մասին ես դու մտածում երկրիդ համար պատմական այս ժամանակահատվածում,- հարցրեց խմբագրի խռպոտ ձայնը առավոտյան ժամը վեցն անց կես, լսափողի խորքից:
- Մկների,- պատասխանեց իմ քնաթաթախ գիտակցության ոչ պակաս խռպոտ ձայնը:
- Նոր վարչապետը քսան րոպեից կլինի Չիզ-սքուերի 1 հասցեում` վազիր: Ու դիկտաֆոնդ չմոռանաս:
-Մյաու,-արձագանքեց ավետիսին ամեն ինչ հերքող խռպոտ գիտակցությունս:
Տու, տու, տու....
Ոչինչ ավելի համոզիչ չէ, քան սպառնագին անջատված հեռախոսի «գուդոկները»:
Գործադրելով ասպետին վայել կամային եւ ֆիզիկական ջանքեր` ես վեր կացա, ինչ-որ մի կերպ լվացվեցի, մեկ-երկու կերպ հագնվեցի, չորս-հինգ անգամից հաջողացրեցի միացնել թեյնիկը, բայց նայելով ժամացույցին` տեսա, որ թեյ խմելու ժամանակ այլեւս չկա: Ուզեցա գոնե մի պատառ հաց ու պանիր հուպ տալ, բայց հիշեցի, որ կառավարության փոփոխություններից հետո կտրուկ թանկացել են պանրի գները, իսկ իմ գնած ողջ պանիրը հիմա թակարդների վրա է: Ձրի պանիրը միայն թակարդներո՞ւմ է լինում: Չէ մի չէ: Այս թակարդներում լինում է միայն թանկարժեք պանիր: Այս թակարդներում, որոնցից երկուսի վրայից այդ հանդուգն մկները թռցրել էին պանրի կտորները առանց բռնվելու:

Շրջանցելով բոլոր դաժան տեսարանները, երբ ես գլխիկոր վազում էի դեպի Չիզ-սքուերի 1 հասցե` ճանապարհին ընկնել-հելնելով` տեղեկացնեմ, որ նպատակակետին, այնուամենայնիվ, հասա ժամանակին: Երբ ես շնչակտուր մոտեցա Չիզ-սքուերի 1-ին, նորանշանակ վարչապետի շքախումբը նոր իջնում էր մեքենաներից եւ լիաթոք շնչում վաղորդյան առավոտի դեռեւս չապականված օդը: Ուրիշ լրագրողներ տեղանքում չէին երեւում: Ես բացեցի ֆոտոյիս օբյեկտիվն ու մի քանի լուսանկար արեցի` այդ ընթացքում շարունակելով մոտենալ:
- Պարոն վարչապետ,- գոչեցի ես` արդեն նրանց կողքը կանգնելով եւ ձայնագրիչս (որը, ի դեպ, ես չմոռացա վերցնել հետս) միացնելով:
- Շնորհակալություն,- ասաց նա, ով զգալիորեն փոքր էր երեւում իր հսկա թիկնապահերի շրջապատում:
- Պարոն վարչապետ, ի՞նչ եք անում այսքան վաղ առավոտյան, դուք անքնությո՞ւն ունեք:
Ընդունելով պորտրետային կեցվածք եւ թողնելով, որ ես եւս մի քանի անգամ լուսանկարեմ իրեն, վարչապետն ասաց` դեմքի իմաստուն արտահայտությամբ.
- Գործերը առավոտ կանուխ սկսելը միշտ էլ արդյունավետ է: Ինչքան վաղ արթնանաս, այնքան ավելի հաջող կլինի օրդ: Այ, օրինակ` դու: Այսքան շուտ ես արթնացել եւ արդեն հասցրել ես զրուցել վարչապետի հետ:
- Դա այդպես է, բայց կան տեղեկություններ, որ ձեր թշնամիները որոգայթներ են լարում ձեր դեմ, թակարդներ, դավադրություններ են պատրաստում...
- Դուք տեղեկություննե՞ր ունեք:
- Այդպես խոսում են: Հնարավո՞ր է, որ դուք հենց այդ պատճառով եք առավոտյան վաղ ժամերին գալիս աշխատանքի`թշնամու ագրեսիայից հնարավորինս խուսափելու համար:
- Հարգելիս,- պատասխանեց վարչապետը, ում թիկնապահները նյարդային շարժումներ էին անում` ասես չհանդուրժելով իմ հարցերը առավել, քան իրենց պաշտպանյալը,- ինձ այս քաղաքում այնքան էլ ուրախ չեն, եւ ես տեսնում եմ թակարդներ, որ դրված են ինձ համար, բայց կարող եք հանգիստ լինել, եւ գրել, որ ես ոչ մի պայմանում չեմ հանձնվելու:
- Պարոն վարչապետ, իսկ այն ի՞նչ կատու է վանդակի մեջ,- հարցրեցի ես ցույց տալով նրա թիկնապահներից մեկին, ում ձեռքին թութակի վանդակի պես մի բան կար, որի մեջ միայնակ նստած էր մի շեկ կատու` նման առյուծի:
Վարչապետը շուռ եկավ, կարծես ինքն էլ զարմացած` մի պահ նայեց կատվի վանդակին, ապա նորից դարձավ ինձ:
- Ուրիշ հարցե՞ր:
- Ե՞րբ կէժանանա պանիրը, պարոն վարչապետ:
Լսելով այս հարցը վարչապետի դեմքին երանության շողեր փայլեցին: Նա կարծես մի պահ վերացավ այս աշխարհից` տեղափոխվելով անուրջների երկիրը, երբ միանգամից երկու թիկնապահ վրա տվեցին ինձ:
-Դրա մասին ոչ մի խոսք, լսեցի՞ր, ավել-պակաս հարցեր ես տալիս, գնա ստեղից,- ասացին նրանք ինձ շատ հիմնավոր եւ միանշանակ տոնով, որից հետո անհնար են ցանկացած առարկությունները:
Ես ստիպված հետ-հետ գնացի, իսկ վարչապետը, իր թիկնազորի հետ անցնելով կամարի տակով,  մտավ Չիզ-սքուերի 1:

Ես վերադարձա տուն առանց շտապելու եւ ամեն երկու քայլը մեկ լայն հորանջելով: Ստիպելով ինձ չքնել, քանի դեռ չեմ գրել վարչապետի հետ ունեցած բլից-զրույցիս մասին եւ լուսանկարների հետ չեմ ուղարկել խմբագրություն, ես միացրեցի համակարգիչն ու նստեցի նրա առջեւ: Ու կարծես արդեն ձեւակերպել էի առաջին նախադասությունն ու մոտեցրել էի ձեռքերս ստեղնաշարին, երբ ստիպված եղա գոռալ թոքերիս ողջ ուժով: Գրողի տարած թակարդներից մեկը ստեղնաշարիս վրա էի դրել, ինչպես կարող էի ես դա մոռանալ: Թակարդը լավ ճզմել էր մատս, սակայն արնահեղության գործը չէր հասել, միայն բութ ցավն էր, որ արցունքով էր լցնում աչքերս եւ ստեղներին ընկած պանրի կտորը, որ հաճելի գռգռոց էր առաջացնում հոգուս խորքում:

Saturday, April 26, 2014

Ուր որ տարան հայելիները

Բարը գտնվում էր A37 արբանյակի վրա: Այն արբանյակի հետ պտտվում էր Շելլա մոլորակի ուղեծրով, կատարելով յոթ պտույտ ամեն շելլայական տարվա ընթացքում: Ու հիմա, երբ Շելլան  կորած էր համատարած մոխրի, ծխի և դիակների տակ, արբանյակի բարը միակ տեղն էր ողջ համաստեղությունում, որտեղ կարելի էր հանգիստ առնել, մեկ-երկու բաժակ թթվային կոկտեյլ խմել ու հագեցնել սովը ծծմբական միացություններով:
Բարի միակ այցելուն նստած էր փոքրիկ սրահի կենտրոնում` փռած իր հսկայական մարմինը հենց գետնին: Նրա երկար ու լպրծուն շոշափուկները տարածված էին ողջ բարով մեկ և ժամանակ առ ժամանակ վերցնում էին բարմենից` վերջին շելլացուց, թթվային կոկտեյլի նոր բաժիններ: Շելլացին, նայելով իր հյուրի անսահման ծարավին, մտքում հաշվում էր իր օրվա եկամուտը` չիմանալով, թե որտեղից է գալիս շոշափուկներով հսկան, ինչ է նա արել այդտեղ գալուց առաջ և ինչպես են իրեն զգում իր չորս հազար հինգ հարյուր քսանվեց ամենամոտ ազգականները:


Աղետը, որ իջել էր Շելլայի վրա երկնքից, մատնել էր փոքրիկ մոլորակի բնակիչներին կատարյալ խառնաշփոթի, խուճապի և շփոթության: Երեք դար շարունակ Շելլան ուներ առևտրային համաձայնություններ ավելի քան տասնյակ համաստեղությունների հիսունից ավել քաղաքակրթությունների հետ ու բոլոր առևտրային գործարքներում Շելլայի բնակիչներն իրենց ցուցադրել էին որպես ազնիվ առևտրականներ, խիզախ տիեզերագնացներ և խաղաղ բանականության կրողներ: Իսկ հայելիային տելեպորտացիայի գյուտից հետո չէր գրանցվել և ոչ մի մաքսանենգության դեպք շելլացիների կողմից: Շելլայի առևտրականները, որ հեռավոր աշխարհում էլ որ լինեին, միշտ կարողանում էին հմուտ օգտագործել հայելիներն ու երբեք, ոչ մի շելլացի չէր շփոթվել սեփական արտացոլանքի տարբերակների մեջ ու չէր մոլորվել հայելիային պատկերների լաբիրինթոսում: Հակառակը, լինելով բացառապաս մաքուր էակներ, նրանք առանց տատանումների միշտ կարողանում էին ճանաչել իրենց արտացոլանքը հայելիների մեջ ու միշտ վերադառնալ տուն` կատարելով միմիայն բարեհաջող գործարքներ ու բարձր պահելով իրենց ռասսայի պատիվը: Նրանց մտքով էլ չէր կարող անցնել, որ մի օր իրենց տան վրա կկախվի հեկտոպլազմային բոմբն ու տիխոնյան ռասսայի ամեհի գազանը կհարձակվի իրենց վրա:
Երբեմնի ծախկող և հարմարավետ մոլորակը նման էր այժմ համատարած ավերակի: Նրա քաղաքները դատարկ էին և քանդված: Մետրոպոլի փողոցները ճաքճքված էին, բոլոր կառույցները վառված, իսկ քաղաքը ծածկող թիթեղյա թափանցիկ պատյանը ճեղքված-կախված: Քամին, որ առաջանում էր Շելլայի ծծմբային օվկիանոսներում, անընդհատ սպառնում էր փլուզել երբեմն երջանիկ քաղաքակրթության կերտած ամենանշանակալից կառույցը` Մետրոպոլը ծածկող գմբեթը:
Հարձակումը եղել էր հանկարծակի և ստոր: Հեկտոպլազմային բոմբը կաթվածահար էր արել ողջ մոլորակը, ջախջախել բոլոր կենսաապահովման ենթակառուցվածքները, խլել միլիարդավոր կյանքեր, իսկ բոմբի հարվածից անմիջապես հետո իջել էր տիխոնյան շոշափուկավոր հրեշն ու շարունակել սպանդը: Ու փորձել էին շելլացիները գնալ բանակցությունների և կամ գոնե իմանալ այդ դաժանության պատճառը...
Ապարդյուն: Հիմա, երբ ողջ մոլորակն արդեն ոչնչացված էր, դեռ չէին դադարել իրենց պայքարը երկու շելլացիներ: Նրանք դուրս էին եկել իրենց ապաստանից, տեսել երկնքից կախված ահռելի ծածկը, ավիրված շենքերը և սպանված համաքաղաքացիների դիակները, վերցրել էին մեքենա և շտապում էին քաղաքից դուրս, այնտեղ ուր հնարավոր կլինի առանց փլուզվող գմբեթի սպառնալիքի, մտածել փրկվելու եղանակներ: Շելլացիների վառ կարմիր կատարները, որ նրանց ռասսայի ամենաաչքի ընկնող առանձնահատկություններից էին, սփրտնել էին և ստացել թույլ վարդագույն երանգներ: Նրանց մեքենան ընթանում էր ճաքճքված ճանապարհով` չկարողանալով զարգացնել իրական արագություն:
Ճանանապարհը դեպի քաղաքից դուրս տևեց երկար, և երբ  նրանք դուրս եկան հսկայական ծածկի տակից, բացվեց առավել զարհուրելի տեսարան: Շելլացիները, որ հպարտանում էին իրենց առատ այգիներով և դաշտերով, տեսան հրդեհով պատված անսահման տարածություն...
-Պետք է գտնել հայելիներ ու փախչել այստեղից,-ասաց Շելլ Իմասը:
-Ես վախենում եմ,-պատասխանեց Շելլ Սանը :
-Կգնտնենք հայելիներն ու կտեղափոխվենք ուրիշ աշխարհներ,-ասաց Շելլ Իմասն ու գործի դրեց մեքենան:
Նրանց հետևում երևաց երկար ու լպրծուն շոշափուկը: Կայծակի արագությամբ այն հարվածեց մեքենային: Հաջորդ ակնթարթին հարվածը կրկնվեք: Մեքենան պոկվեց գետնից և ահարկու ուժով նետվեց դեպի վառվող այգիները: Շելլ Իմասը բացեց աչքերը: Նրա կեղքին Շելլ Սանն էր` կիսված մարմնի մեջտեղից: Նրա կատարը սպիտակ էր Երկրի լեռների ձյան նման: Շելլ Սանը մահացած էր:


Շոշափուկը մոտեցավ բարին ու վերցրեց նոր կոկտեյլ: Հսկան դատարկեց այն լայն բերանի մեջ ու մի պահ քարացավ: Նրա փքված մարմնից սկսեցին ձայներ լսվել: Երկու անցքերը, որ գտնվում էին հսկայի մարմնի վերևի մասում և հավանաբար հանդիսանում էին նրա աչքերը, լայնացան: Հսկան բացեց բերանն ու գխկաց: Ինչ-որ բան այդ ընթացքում դուրս թռավ նրա մարմնից: Շոշափուկներից մեկը որսաց այն հենց օդում` կայծակի արագությամբ:
Հայելի էր:
Հսկան մոտեցրեց այն իրեն: Սկսեց ուշադիր զննել: Նա տեսավ լպրծուն մարմին, փոքրիկ ու նեղ աչքերով, նա տեսավ երկար կնճիթով արարածի, տձև և առանց վերջույթների ամեոբանման զանգվածի, հումանոիդ էակի, որն ուներ երեք գլուխներ, կարմիր կատարով շելլացու, կապույտ աչքերով սահարացու, հինգ զույգ ձեռքերով դխակիացու, մեկ գլխով, երկու ձեռքերով, երկու ոտքերով երկրացու և այլն, և այլն...
Նա նայում էր իր արտացոլանքներին: Բոլոր պատկերներում ինքն էր, ուղղակի պետք է ճանաչեր իրեն: Կճանաչի ու կհայտնվի այդ մարմնում, այդ մոլորակում, այդ համաստեղությունում: Հսկան նորից նայեց բոլոր արտացոլանքները...ոչ մի ծանոթ բան: Միայն շոշափուկներով, լպրծուն և փոքր աչքերով հսկան էր նրան ծանոթ, բայց արդյո՞ք ինքն էր դա...
Պետք է փորձել նորից: Նա փոքրիկ աչքերը չռեց հայելուն: Անցնան բոլոր արտացոլանքները: Միայն մեկն էր նրան ծանոթ, միայն մեկն էր քաշում նրան: Հսկան թուլացավ: Մարմինը թուլացավ: Հայելին նրան տարավ: Բարը, որի սրահի մեծ մասը զբաղեցնում էր հսկան, պայթեց: Պայթեց նաև արբանյակը` անէացնելով բարմենին և մանր անձրևի պես տեղալով ավիրված մոլորակի վրա:


Շելլ Իմասը նայեց հայելուն: Նա տեսավ իր արտացոլանքը` վառված կատարով, մրոտ դեմքով: Արտացոլանքը փոխվեց: Նա տեսավ զարմանալի էակների` իրարից ամբողջովին տարբեր, խորթ և օտար,  բայց միևնույն ժամանակ այնքան նման իրեն: Շելլ Իմասն ընտրեց երկու ձեռքերով, երկու ոտքերով, մեկ գլխով երկրացու պատկերը: Շելլ Իմասը ճանաչեց իրեն: Հայելին ալեկոծվեց: Շելլ Իմասն անցավ նրա մեջ:
Հայտնվեց նա ամենամեծ քաղաքում` բարձրահարկ շենքում` հարմարավետ փոքրիկ բնակարանում: Դուռը ծեծեցին:
-Օրվա թերթը,-շպրտեց նրա դեմքին փոստատարն ու հեռացավ:
Շելլ Իմասը վերցրեց թերթը, փակեց դուռն ու գնաց լուսամուտի մոտ: Երկրային քաղաքն ապրում էր իր աշխյուժ կյանքով` բոլորովին այնպես, ինչպես ապրում էին Շելլայի քաղաքները: Նա բացեց թերթը: Հոդվածներից մեկը հետաքրքեց նրան`
"…մենք ապրում ենք քաղաքում, որն ամեն վայրկյան սպանում է մեզ, ոչնչացնում է մեր անհատականությունը։ Մենք գնում ենք աշխատանքի և ընկղմվում կեղծ ժպիտների, քծնանքի, հարմարվողականության գիրկը, մենք գնում ենք ժամադրության ու ընկնում կեղծավորության և անհարմարավետության ճիրանները։ Դա հետապնդում է մեզ, սա այնն է, ինչով բնությունը վրեժխնդիր է լինում մեր քաղաքակրթությունից։ Նայեք ինքներդ ձեզ, ո՞վ եք դուք։ Մեր մերձավորներին մենք խաբում ենք, իսկ ոմանց մոտ փորձում ենք սիրալիր լինել, թշնամիներին պաշտում ենք, իսկ հարազատներին ընդհանրապես չենք ուզում։ Ո՞վ ենք մենք։ Մենք խճճվել ենք սեփական անճանաչելիության ցանցում։ Մենք արդեն մենք չենք, քանի որ մենք, այլևս չկանք։ Մեր փոխարեն լպրծուն մի զանգված է, որը փոխում է իր բնույթն աշխատանքի վայրում, ընտանիքում, իսկ առավել հաճախ նախընտրում է չունենալ ոչ մի բնույթ ընդհանրապես։ Ու իսկական օրհնանք են այս հայելիները, որոնք կորցնում են մեզ պես շատերին հեռավոր աշխարհներում։ Մարդ, ով չի կարողանում ճանաչել ինքն իրեն սեփական քաղաքում, ինչպե՞ս կարող է ճանաչել իրեն հազարավոր ռասսաների շրջապատում։ Իսկ իրեն չճանաչող մարդը գազան է։ Այսօր նա խելոք, գլուխը կախ կատարում է հասարակության առջև իր պարտավորությունները, իսկ վաղը կարող է վերածվել ամեն ինչ կործանող գիշատչի, մոլագարի, ու լավ է, եթե այդպիսինները կորեն Տիեզերքի անսահմանության մեջ, քան շարունակեն երթևեկել մետրոներում, ավտոբուսներում և ճոպանուղիներում…"
Շելլ Ինասը նայեց հոդվածի վերջը։ Գրված էր՝ “Հեղինակն անհետացել է մեկ շաբաթ առաջ”։

 Մի քանի վայրկյան Շելլ Ինասը տարվեց երկրային և շելլայական ժամանակների հաշվարկով։ Հետո նրա ափը բռունցք դարձավ՝ ճմրթելով թերթը։ Նա նայեց լուսամուտից դուրս։ Մարդկանց քաղաքին, որտեղ այդքան շատ են մոլագարները։ Նրա աչքերը լցվեցին։ Մտքում փայլում և հանգում էր վրեժի կայծը։

Sunday, April 13, 2014

Սիմբիոզ (վասն վանքաբացության և տորթաՄՈԼության)

Մրջյուններն աչքի են ընկնում խիստ կազմակերպված բարդ հասարակական կառուցվածքով, նրանք ունեն դասեր, աշխատանքի բաժանում, պատերազմներ, գերիներ, ստրուկներ և մարդկային հասարակությանը հատուկ այլ ատրիբուտներ: Ավստրալիայում բնակվող մրջյունների մի տեսակ զբաղվում է թիթեռային որդերի արածեցմամբ: Մրջյունները պահում են որդին ինչպես տնային կենդանու, օրինակ` կովի: Ամբողջ օրը, շրջապատված հովիվ մրջյուններով, որդը արածում է ծառի վրա, ուտում ամենալավ տերևները, գիրանում, իսկ երեկոյան սոված մրջյունները վայելում են որդի մարմնի վրա առաջացած մեղրային ցողերը:

Սեղանների ոտքերը ճռռում էին: Այստեղ կգնտեիր ֆրանսիական իսկական ֆուա գրա, իսպանական խորոված գոջիներ, ռուսական ձկնկիթ, էկզոտիկ կենդանիների միս, արևադարձային մրգեր, առատ աղցաններ, սառը ձկնային խորտիկներ, գոլորշու մեջ կորած խաշլամաներ, երևակայությունը գերազանցող քաղցրության թխվածքներ...ամեն ինչ լիքը, ամեն ինչ ուզածիդ չափ: Սեղանների ոտքերը ճռռում էին: Մի քանի տոննա համադամ ճաշատեսակները շոյում էին նայողի աչքը, գրգռում հոտառությունն ու արձագանք գտնում ստամոքսում խուլ գռմռոցով:
Մեքենաների շարասյունն անցնում էր ցանկապատով եզերված ճանապարհով: Սև մեքենաները սլանում էին դեպի տոնախմբության վայրը:
Ցանկապատներից նրանց էին հետևում մարդիկ: Նրանց մատները կառչած էին ցանկապատերից, իսկ աչքերը հետևում էին մեքենաների ընթացքին ագահ հետաքրքրասիրությամբ: Ժամանակ առ ժամանակ մարդկանցից մեկը կատարում էր բացականչություններ և ողջ ամբոխը թնդում էր` հազարապատիկ ուժ տալով բացականչությանն ու ազատ արձակելով կուտակված ողջ հրճվանքը: Մեքենաների անցնելու պես, ամբոխը շարունակում էր քայլել ցանկապատի տակով` նրանց ուղղությամբ:
Երբ վերջին մեքենան արգելակեց ճռռացող ոտքերով սեղանների մոտ, ցանկապատի մյուս կողմում արդեն կուտակված էին հազարավոր մարդիկ, իսկ շատ հեռվից ձգվում էր էլի հազար-հազարավորների անվերջ շարանը:
-Կեցցեե՜ն,-գոչում էր ամբոխը:
-Ապրեե՜ն,-ալեկոծվում էին վեր տնկված մրոտ ձեռքերը:
-Հալաա՜լ,-գոռում էին ծարավից չորացած բերաները:
Մեքենաների դռները բացվում էին: Փայլուն կոստյումներով թիկնեղ տղամարդիկ և ոսկյա մազերով պսպղուն կանայք դուրս էին գալիս սև մեքենաներից ու բարի հայացքներն ուղղում դեպի իրենց ողջունող մոխրագույն ամբոխը:
Հավաքված մարդկանց վերջին շարքերից մի հոգի, ուսերով և ձեռքերով ճանապարհ բացելով, գալիս էր դեպի ցանկապատը: Շնչառությունը նրա ծանր էր, իսկ աչքերն անտանելի լարվածությունից խավարած:
-Զգու՛յշ, հեյ,-ասաց մեկն ում ոտքի վրա կանգնեց խելառի պես առաջ շարժվողը:
-Սրա նմաններն են մեր տոները փչացնում:
-Կներեք,-ասաց շտապողը մեքենայաբար,-կներեք:
-Եկել ես, որ ի՞նչ անես, հանգիստ կանգնիր գոնե,-ասաց նրան ինչ-որ մեկը:
-Կներե՛ք, ճանապարհ տվե՛ք, մերսի...կներե՛ք:
-Գնա՛, գնա՛:
Ցանկապատին ավելի մոտ ամբոխը կանգնած էր բետոնի պես խիտ: Նա հասավ շնչակտուր եղած: Մի պահ կանգ առավ, շունչ քաշեց: Նայեց շուրջ բոլորը: Աչքերը որսացին դարչնագույն մազերով ծանոթ գլուխը: Խոր շունչ քաշեց ու կատարեց վերջին քայլը:
-Հեյ, գնա՛նք,-ասաց նա` ձեռքը գցելով կնոջ ուսին: Կինը շուռ եկավ: Դարչնագույն մազերը քրտինքից թացացել, կպել էին ճակատին:
-Գնա՛նք,-կրկնեց նա: Աչքերը պարզացել էին, բայց շնչառությունը դավաճանում էր: Օդ այլևս չկար:
-Էստե՜ղ ես,-ուրախացավ կինը,-տես հիմա ճառն ասեց, իսկ հիմա տիկինը կպարի:
-Պետք է գնալ այստեղից:
-Ի՞նչ ես խոսում, հիմա պարում է տիկինը, իսկ հիմա կերգի այ էն մորուքովը:
-Էստեղ մեր տեղը չի, ամոթ է, գնա՛նք,-ասաց համոզելով:
-Ախր երգում է, տե՛ս:
-Հիմա կսկսվի, սա անխղճություն է, գնա՛նք:
Կնոջ դեմքը սառեց, աչքի տակով դողաց նյարդը:
-Ես հոգնեցի,-ասաց նա,-ես հոգնեցի քեզնից, թո՛ղ ինձ:
-Գն..
-Թո՛ղ: Ի՞նչ ես ուզում անել, ինչու՞ չես թողնում ուրախանանք, տոն է, բոլորն են ուրախանում, ապա տե՛ս սեղանները, հիմա, հիմա կբացեն ցանկապատը,-ասաց կինը` հետ տանելով դարչնագույն մազերը:
-Ամո՛թ է, ԱՄՈԹ,-մռնչաց նա:
-Ամոթը սոված մնալն է, տոները չնշելն ու..
-Ախր սա անխղճություն է, բարբարոսություն, մենք ի՞նչ իրավունք ունենք դրանց ձեռք տալու, մենք ո՞վ են, նրա՞նք են մեզ ընտրել:
-Մենք ենք նրանց ընտրել,-պատասխանեց կինը,-ու իրավունք էլ ունենք:
-Ամոթ է...
-Տե՛ս արդեն ծափահարություններն են, արդեն կսկսվի, պատրա՞ստ ես:
-Պետք չէ...
Ամբոխը սեղմվեց: Ցանկապատները հետ գնացին: Փայլուն կոստյումներով թիկնեղ տղամարդիկ և ոսկյա մազերով պսպղուն կանայք նորից նստեցին մեքենաները: Շարասյուն կազմելով` մեքենաները սլացան հեռու` թողնելով իրենց հետևից փոշու թանձր ամպը:
Ցանկապատները բացվեցին: Մարդկային լավան խուժեց ներս: Ճռռացող ոտքերով սեղանները սպասում էին նրանց:
Ուսերով դիմադրել մարդկանց հոսքին չստացվեց: Նրան շպրտեցին մի կողմ, հրեցին հետ և կորցրեցին անվերջ եկողների շարքերում: Օդը դադարեց գոյություն ունենալ: Աչքերը որսացին դարչնագույն մազերով գլուխը տապակած թառափի և սերուցքային տորթի արանքում: Աչքերը խավարեցին:

Ավստրալիական մրջյունների և թիթեռային որդի սիմբիոզը (համակեցությունը) ունի հետաքրքիր յուրահատկություն: Որդերն այնքան են "տնայնացվում" մրջյունների կողմից, որ նույնիսկ փոխակերպման ակտը, երբ որդը վերածվում է թիթեռի, հենց մրջնաբունում է տեղի ունենում:

Wednesday, April 9, 2014

ՇՈՂՔԻ ՑՈՒՑԱԿԸ

Ամեն առավոտ սկսվում է այսպես: Քվեարկությունը կատարվում է հենց զինանոցում, ընտրում ենք հրամանատարին: Այսօր հետներս մի նորեկ է, կաթից նոր կտրված մի փսլնքոտ ու հետներս պիտի տանենք Հատված` ընտրություն վերահսկելու:
Զինանոցի քվեարկությունն ավարտվում է: Ընտրվում եմ ես: Ես` ուրեմն ես: Հրամանատար` ուրեմն հրամանատար: Որպեսզի ցույց տամ վճռականությունս, իջեցնում եմ սաղավարտիս ապակին ու շրխկացնելով լիցքավորում եմ ավտոմատս: Կապիտան` ուրեմն կապիտան:
Վաշտի ընտրությունները կարևոր են մանավանդ մարտական առաջադրանքից առաջ: Ինչպես դուրս գաս զորանոցից, անցնես քաղաքի փողոցներով, հսկես տեղական կամ դաշնային ընտրությունները, եթե վստահ չես, որ քո շարքերում չկա Շողքը: Եթե քվեարկությունն անցնում է նորմալ, ուրեմն շարքերը մաքուր են: Եթե ստացված ձայների ընդհանուր քանակը նույնն է, ինչ մարտիկների քանակն է, ուրեմն Շողքը չկա: Ինչը չես ասի Հատվածում տեղի ունեցող ընտրությունների մասին: Բոլորը գիտեն, որ Շողքն ամենից հաճախ հանդիպում է հենց այնտեղ, իսկ ինչու հենց այնտեղ` դա չգիտի ոչ ոք: Իմ վաշտի մարտիկները փորձառու են: Բոլորն էլ եղել են Հատվածում, վերահսկել են ամենատարբեր ընտրություններ` սկսած շենքի լիազորից մինչև թաղապետ ու շատերը նույնիսկ առերես հանդիպել են Շողքին, զգացել մաշկը փշերի վերածող վախն ու դատարկել ավտոմատները Շողքի ֆանտոմային մարմնի մեջ: Շատերը, բայց ոչ այս նորեկ կաթնակերը: Նրա համար այսօր կլինի առաջին մարտական առաջադրանքը: Նա շփոթված է երևում, բայց հայացքում զգացվում է պատրաստակամությունը: Վեց ամիս հատուկ պատրաստվածության դասընթացներ, երդմնակալության արարողություն, որտեղ նա ձեռքը Սահմնադրությանը դրած երդվել է պաշտպանել Համընդհանուր Ժողովրդավարական կարգը Շողքից: Շողքն է մեր հասարակարգի միակ ու ամենավտանգավոր թշնամին, նա` ով միջամտում է ընտրություններին` խախտելով ընտրողների կամքը, խախտելով ընտրական բալանսը` ուստի նաև կարգի հիմքը: Ամենակարևոր ընտրություններում Շողքը կարող է անցնել թեկնածուներից մեկի կողմն ու նրա օգտին իջեցնել ձայների նժարը: Որտեղի՞ց է առաջացել այդ Շողքը: Դրա մասին առասպելները շատ են ու հին, ինչպես ավազի հատիկները ծովի ափին:

Հատվածը մնացած քաղաքից անջատված է կամրջով: Կամուրջն անցնելուց հետո երկու աշտարակ-բարձրահարկերն են: Վերջին անգամ Հատվածի թաղապետի ընտրությունների ժամանակ Շողքը հանդիպել էր տասնյակ ընտրատեղամասերում, խառնել բոլոր ընտրական ցուցակները, կեղծել հազարավոր քվեներ: Իրավիճակն այդ օրերին այնպիսին էր, որ Հատվածում մտցվել էր հատուկ դրություն, սահմանվել էր պարեկային ժամ: Շողքի որսին մասնակցում էին ոչ միայն հատուկ նշանակության վաշտեր, այլ նաև էկտոպլազմային որոնող ֆանտոմ-ռոբոտներ, մոգեր և էքստրասենսներ: Շողքն էլ այնքան էր ակտիվացել, որ միջամտել էր նույնիսկ Հատվածում գտնվող զինվորական  ուժերի հրամանատարի ընտրությանը; Քվեարկության ժամանակ, որին մասնակցում էին ընդամենը տասնհինգ բարձրաստիճան զինվորականներ, նա հաջողացրել էր երեք անգամ խաղնել քվեները, բաշխելով հարյուրական ձայն բոլոր թեկնածուներին, անվավեր դարձնելով քվեաթերթիկները, փոխելով թեկնածուների անունները; Պահանջվել էր բոլոր հնարավոր միջոցների համակարգված աշխատանքը` Շողքին Հատվածից դուրս վանելու և նորմալ ընտրություններ անցկացնելու համար:
Մեր մեքենան անցավ կամրջի վրայով, անցավ աշտարակ-բարձրահարկների տակով և մտավ Հատված: Մենք թեքվեցինք Հատվածի գլխավոր փողոցից ու դիրքավորվեցինք մեզ համար նախատեսված ընտրատեղամասում: Իմ մարտիկները տեղեր զբաղեցրեցին տեղամասի եզրագծով մեկ, երեք հոգու կարգադրեցի դիրքավորվել կտուրում, երեքական հոգի էլ տեղավորվեցին ընտրատեղամասի առաջին և երկրորդ հարկերում:
-Դու կմնաս հետս,-ասացի նորեկին: Նա գլխով արեց ու պինդ սեղմեց ավտոմատը: Եկան ընտրական հանձնաժողովի անդամները: Բոլորս շունչներս պահեցինք, երբ հանձնաժողովականները սկսեցին ընտրել իրենց ղեկավարարին: Հավանականությունը, որ Շողքը կարող է միջամտել հանձնաժողովի նախագահի ընտրություններին քիչ են այնքան, ինչքան վաշտի հրամանատարի ընտրությանը: Բայց մենք գտնվում էինք Հատվածում:
Քվեները հաշվեցին: Խախտումներ չկային: Շունչներս քաշեցինք: Ընտրությունները սկսվեցին:

Արևը վաղուց թեքվել էր դեպի արևմուտք: Հատվածի աշտարակ-բարձրահարկները ողողված էին կաթնա-վարդագույն երանգներով: Լսվում էին կրակոցներ արևելյան փողոցներից, Հատվածի տարբեր մասերից բարձրանում էին սև ծխի սյուները, ամայի փողոցներով սլանում էին ֆանտոմ-ռոբոտները` որոնելով Շողքին:
-Անունդ ի՞նչ է,- հարցրեցի նորեկին:
-Ար..Արտակ,- ասաց նա կմկմալով:
-Ավելի հստա՛կ,-ասացի:
-Արտակ Նիգենց, պարո՛ն հրամանատար:
-Տեսնու՞մ ես ինչ է կատարվում,-ասացի ես` պարզելով մատս դեպի դիմացի պատը: Նորեկը նայեց մատիս ուղղությամբ: Պատը քրքրված էր գնդակներով: Մի ծայրը պոկված` պատից կախված էր տեղամասի ընտրողների ցուցակը: Նորեկի դեմքը սառեց, բիբերը լայնացան, գլխի մազերը բիզ-բիզ կանգնեցին: Այն ինչ կատարվում էր ցուցակի հետ զարհուրելի էր: Անունները ջնջվում, հայտնվում նորից, ավելանում էին նորերը, կորում հները, փոխվում տեղերով: Հետո ինչ-որ բան փոխվեց, ողջ ցուցակը լցվեց մեկ անվամբ: Գալուստ Կարասյան: Այդ անունը սկսեց անցնել ցուցակի բոլոր տողերով, սկսեց թարթել նվագարկիչի լուսային ցուցիչների պես` ասես պարելով անլսելի երաժշտության տակ:
-Դու հիմա կկրակես աջ կողմից ու կփակես դեպի դուռը տանող ճանապարհը, իսկ ես կմոտենամ այս կողմից ու կբռնեմ դրան,-ասացի ես:
-Կրակե՞մ,-կմկմաց նորեկը:
-Իմ հրամանով:
Ես բացեցի պայուսակն ու հանեցի էկտոպլազմային ցանցով բալոնը: Փչեցի այն տարածության մեջ և քիչ անց ձեռքերիս մեջ հայտնվեց կիսաթափանցիկ ցանցը` շատ նման ձկնորսականի:
-Կրա՛կ,-ասացի ես: Նորեկն իջեցրեց ձգանը: Սենյակը թնդաց կրակոցների շարանից: Ես պոկվեցի տեղիցս ու նետեցի ցանցը ցուցակի ուղղությամբ: Շատ բարձր, գրեթե ուլտրաձայնային ճիչ, խլացրեց ականջներս: Ցանցն ընկավ գետնին: Նրա մեջ թպրտում էր անտեսանելի Շողքը:

Շողքին տեղափոխեցին գլխավոր ռազմական շտաբ: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ Շողքի ծագման առեղծվածը: Շողքը հին էր, նա ապրում էր դեռ այն ժամանակներում, երբ նոր էին ընդունվել Ժողովրդավարական Սկզբունքներն ու նոր էին անցկացվում առաջին ընտրությունները: Շողքի անունը Գալուստ Կարասյան էր և մահացել էր նա դեռ այդ ժամանակներում, սակայն հարություն էր ստացել մի շարք չարագործների ձեռքով, ովքեր ընտրությունները կեղծելու համար, ավելացրել էին ընտրողների ցուցակում հանգուցյալի անունը: Հնարավոր է, որ այն ժամանակ օգտագործվել էր ինչ-որ սև մոգություն, ինչի հետևանքով Շողքը կտրվել էր հանգուցյալների աշխարհից ու ընդմիշտ մնացել այստեղ` բնակվելով տարբեր ընտրացուցակներում:
Նրա ճակատագրի վերաբերյալ կային երկու տարբերակներ: Մեկը` տեղադրել նրան հատուկ էկտոպլազմային վանդակում և խնամել, մինչև կմշակվեն տեխնոլոգիաներ նրան հանգցյալների աշխարհ հետ ուղարկկելու համար, մյուսը` անմիջապես ոչնչացնել ֆանտոմային դաշույնով: Կատարվեց քվեարկություն: Շողքը խախտեց ընտրության կարգը, խառնեց բոլոր ձայները, առաջացրեց իրարանցում և կարողացավ փախչել գլխավոր շտաբի շենքից:
Հիմա նա նորից դրսում է:

Ինչ-որ տեղ` ընտրացուցակների մեջ:

Sunday, April 6, 2014

N բանը...

Ժողովի սրահում, որը գտնվում էր բարձրահարկ հյուրանոցի ամենավերին հարկում, լռություն էր տիրում: Մասնակիցները` մեծ մասամբ հիսուննանց և հաստափոր տղամարդիկ, լուռ էին և մռայլ, ինչպես լինում են գորշ ամպերն ամպրոպից առաջ: Ժամանակ առ ժամանակ նրանցից ինչ-որ մեկը խոժոռ հայացքը դարձնում էր հսկայական պատուհանից այն կողմ և նորից ընկղմվում անվտանգ լռության մեջ: Ինչպե՞ս խոսել, ինչպե՞ս սկսել, ինչպե՞ս վարվել, երբ դա արդեն կա, դա կախված է քաղաքի վրա, դա տեսնում են բոլորը:
Լռությունը պետք էր խախտել: Ժողովն այլևս կարելի էր համարել չեղյալ, եթե լռությունը չխախտվեր: Գցելով հայացքը մեծ պատուհանից դուրս և խորն արտաշնչելով` առաջինը խոսեց նախագահը:
-Սրա մասին պետք է ոչ ոք չիմանա:
Լարվածությունն ընկավ: Շատերը շունչ քաշեցին: Ոտքի ելավ կապի նախարարը, ում տեսքն ամպամած էր հաստ կնճիռների շողքերով:
-Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող ենք ոչ ոքի չասել, եթե սա կախված է քաղաքի վրա: Ապա մի նայեք,- նա ցույց տվեց լուսամուտից դուրս,-նայե՛ք: Բոլորը խոսում են "էն" բանի մասին, բոլորի շուրթերին միայն դա է:
Նախագահը բան չասաց: Իրավիճակը նրան հասկանալի էր: Հասկանալի էր, սակայն, նաև այն, որ "Էն" բանը վտանգ է ներկայացնում ողջ պետականությանը:
-Կազմակերպենք հատուկ էսկադրիլիա, հարձակվենք բոլոր ուժերով ու ռմբակոծենք դա գրողի ծոցը,-ասաց պաշտպանության նախարարը նստած տեղից:
-Ռմբակոծել քաղաքու՞մ,-բացականչեց քաղաքապետը,-ուզու՞մ եք անիծել քաղաքի հերը: 
-Քաղաքում ապրում են մարդիկ, պարոն նախարար, ռմբակոծելն ուշադրություն է գրավելու: Պատկերացնում եք: Ավելի լավ է միանգամից պատվիրել գովազդային վահանակներ` "Ահա այն` "ԷՆ" բանը",-ասաց կապի նախարարը:
Նախագահն այլայլվեց:
-Սրա մասին ոչ ոք չպիտի իմանա,-ասաց նա մռնչալով:
Մի պահ լռությունը կրկին սպառնաց կախվել ժողովի սրահում, սակայն պատգամավոր Իսախանյանի ճռճռան ձայնը ցնցեց բոլորի ուշադրությունը:
-Դու՛ք եք մեղավոր,-նա պարզեց բարակ ձեռքը ծուռումուռ ցուցամատով դեպի նախագահը,-Դու՛ք: Բալորն ասում էին` մի՛ ստորագրեք, մի՛ գնացեք, մի՛ համաձայնվեք, բայց դուք արեցիք դա: Եվ ահա՛, խնդրե՛մ,-նա գլխով նշան արեց դեպի մեծ լուսամուտը,-սա այժմ կախված է բոլորիս վրա:
Նախագահը շփոթված նայեց ներկաներին` փնտրելով որևէ աջակցություն: Սակայն, բոլորի դեմքին մռայլ ամպեր էին, բոլորի շողքերում զգացվում էր լուռ մեղադրանքը:
- Ուրեմն մեղադրում եք, հա՞: Դուք, որ բոլորդ իմ շողքի տակ եք սողում, որ բոլորիդ բաժին եմ հանում, որ բոլորիդ կերակրում եմ:
Նրա ճմռթված բռունցն իջավ սեղանին: Սեղանը որոտաց:
-Սրա մասին,-թնդաց նախագահի ձայնը,-պետք է ոչ ոք չխոսի:
Սրահը սառեց: Լռությունը հաղթանակած լցրեց ողջ տարածությունը: Ամենքը սուզվեցին անհարմար խոհերի մեջ:
Ինչպե՞ս լինել: Ի՞նչ անել: Ինչպե՞ս բացատրել:
Նորից խոսեց նախագահը:
-Սա հիմա կախված է բոլորիս վրա: Սա սպառնում է բոլորիս: Սկսած հյուրանոցի դռնապահից մինչև ես: Սա,-նա մեկնեց ձեռքը դեպի մեծ պատուհանը,-մեր համընդհանուր խնդիրն է, որի մասին, ոչ ոք պետք է չիմանա: Ոչ ո՛ք:
Նա ծանր քայլերով պտույտ կատարեց սեղանի շուրջ: Մոտեցավ մեծ լուսամուտին: Աչքերը վախվորած նայեցին երկնքին: Այն, ինչ կախված էր երկնքից, սարսափազդու էր: Ներքևում վազվզում էին փոքրիկ մարդիկ` իրենց փոքրիկ գործերով, փոքրիկ ընտանիքներով և փոքրիկ տներով: Այն, ինչ կախված էր երկնքից, սպառնում էր փշրել նրանց օրակարգը, ջարդուխուրդ անել նրանց առօրեան և խափանել նրանց ծրագրերը: Այդ վտանգը, որը նրանք կոչում էին "Էն բանը" կարող էր ընկնել ցած և փոխել ամեն ինչ, ցանկացած պահի, դույզն ինչ չարգելակելով, շեշտակիորեն և միանշանակ: Եվ վերջ: Մի ամբողջական, համատարած վերջ, որ կլիներ դրանից հետո: Չէր էլ լինի, քանի որ չի կարող լինել մի բան, որը հենց վերջն է:
-Սրա մասին պետք է բոլորը լռեն,-ասաց նախագահը`պոկվելով մեծ պատուհանից,-Այո՛, սա կա: Սա բոլորը տեսնում են, բայց ոչ ոք չպետք է սա նկատի, սրա մասին պետք է մոռանալ: Պետք է լեգենդ: Լեգենդ այն մասին, որ Վերջը չի լինելու, որ Վերջը հետաձգվում է:

"Օդերևութաբանական ծառայությունը շտապում է տեղյակ պահել մեր սիրելի քաղաքի բոլոր բնակիչներին, որ տարօրինակ մթնոլորտային երևույթը, որի ականատեսն ենք մենք լինում վերջին օրերին, ոչ այլ ինչ է, քան սովորական ամպամածություն: Սև զանգվածը, որ կախված է մեր քաղաքի վրա ընդամենը գորշ ամպերի կուտակում է` պայմանավորված յուրահատուկ գրավիտացիոն անոմալիայով, որն իր հերթին արդյունք է Արեգակի վրա տեղի ունեցող մագնիսական փոթորիկների: Օդերևութաբանական ծառայությունը հավաստիացնում է, որ այն, ինչ դուք տեսնում եք, ընդամենը ամպ է: Սովորական ամպ: Իսկ ամպերն այս կյանքում գալիս են և գնում: Կգնա նաև այս ամպը, ինչպես մինչ այժմ գնացել են մյուսները: Շարունակեք զբաղվել ձեր գործերով և երբեք մի նայեք երկինք, երբ այն ամպամած է":

Saturday, January 11, 2014

ԽԼՈՒՐԴՆԵՐԻ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆ

Ասուլիսին հասա դժվարությամբ: Այս քաղաքն օրեցօր ավելի է խճճվում խցանումների եւ փակ ճանապարհների հանգույցում: Ամեն օր մի նոր ճանապարհ է կառուցվում, ավելի հաճախ գետնանցումներ, ինչ-որ տարօրինակ թունելներ, իսկ խցանումներն այնքան անտանելի ու նյարդային են, որ դրա պատճառ դարձած ամեն ոք եւ ամեն ինչ միանգամից արժանանում է խցանման մեջ լռված մեքենաների վարորդների անզուսպ անեծքների եւ մի քանի հարկանի հայհոյանքների: Էլ չեմ խոսում կառավարական ավտոշարասյունների մասին, որոնց ընթացքը խցանված քաղաքում առաջացնում է մեքենաների ազդանշանների խլացուցիչ սիմֆոնիա: Եւ պատճառն այս դեպքում ոչ թե խցանումների «շնորհիվ» լարված նյարդերն են, այլ քաղաքացիների` մինչեւ վերջ լցված համբերության բաժակը, իշխանությունների հանդեպ ունեցած լուռ դժգոհությունը, որն ավելի հաճախ է ձայն ստանում խցանումներում ազդանշանային համազարկի տեսքով:
Պի բիիիիիիիիբ` դեռ զրնգում էր ականջներիս մեջ, երբ վերջապես ներս մտա ասուլիսների սրահ, որն արդեն լի էր լրագրողներով: Ճանապարհին ես դժբախտություն էին ունեցել «ողջունել» նախագահի ավտոշարասյանը, եւ այդ դժոխային աղմուկից հետո ասուլիսների սրահի բազմամարդ ժխորն ընդամենը շշնջոց թվաց ականջներիս: Ասուլիսը հայտնի գիտնական, անթրոպոլոգ եւ ծագումնաբան Պ.Սոնյանի հետ էր, ու պետք էր ենթադրել, որ այն կանցնի հանգիստ եւ գուցե ձանձրալի, իսկ առավոտվա թերթերն այստեղից ոչ մի սենսացիա չէին ունենա իրենց ընթերցողներին մատուցելու: Ես էլ տեղավորեցի ձայնագրիչս, ստուգեցի լուսանկարչական խցիկս եւ հնարավորինս հարմարավետ տեղավորվեցի մի անկյունում:
Պ.Սոնյանի եւ նրա օգնականի հայտնվելն ազդարարվեց խցիկների համեստ փայլատակումներով եւ համերաշխ հմմ-գմմ-ըհմմ-ոցներով: Քչերը, սակայն, նկատեցին, որ Պ.Սոնյանի պիջակի գրպաններն ուռած են:
- Շնորհակալություն, որ արձագանքել եք հրավերին,- ասաց Պ.Սոնյանը նստելով,- այսօրվա թեման ձեզ հաստատ կհետաքրքրի...
- Խոսելու եք ամրոցի շրջակայքում գտնված նոր դամբարանների մասի՞ն,- սրահից հարցրեց անհամբեր մեկը:
- Ոչ, այսօրվա թեման ուղիղ կապ ունի քաղաքում տեղի ունեցող շինարարության հետ:
- Ի նկատի ունեք` դրանք խոչընդոտում են ինչ-որ պեղումների...
- Կրկին չգուշակեցիք
- Իսկ ինչ է ձեր գրպաններու՞մ:
- Սենսացիա:
* * *
Պ.Սոնյանը նշան արեց օգնականին, եւ վերջինս, ով արդեն մի քանի րոպե զբաղված էր սեղանին դրված պրոեկտորով, վերջապես միացրեց այն: Սպիտակ էկրանի վրա հայտնվեցին աղյուսակներ, դիագրամաներ, ֆունկցիաներ` մի խոսքով, ինչ-որ բարդ հաշվարկների արգասիքներ:
- Սա,- սկսեց Պ.Սոնյանը,- չոր վիճակագրություն է, որը, սակայն, լույս կսփռի մի շարք հարցերի վրա: Այ այս թվերը,- նա ցույց տվեց աղյուսակներից մեկը,- վերջին տասը տարիներին թունելների վրա ծախսված փողերն են: Իսկ սրա,- նա ցույց տվեց կտրուկ ներքեւ իջնող կորը,- մեր կառավարության անդամներն են: Նրանց հրապարակային ելույթների հաճախականության գործակիցը: Ինչպես տեսնում եք, բյուջեի ծախսերն` ուղղված թունելների շինարարությանը, կտրուկ աճում են, այն դեպքում, երբ իշխանության ներկայացուցիչները գնալով ավելի ու ավելի հազվադեպ են երեւում հանրությանը:
- Դե փառք Աստծո,- ասաց ինչ-որ մեկը սրահի ծայրից:
- Իսկ որտե՞ղ է կապը:
- Իսկ ու՞ր են այդ դեպքում թունելները: Գրողը տանի, ողջ քաղաքն է խցանումների մեջ կանգնած:
Պ.Սոնյանը բարձրացրեց ձեռքը:
- Համբերեք: Սա դեռ վերջը չէ,- ասաց նա եւ շունչ քաշեց: Նրա պիջակը, որն ակնհայտորեն ծանրաբեռնված էր գրպանների պարունակությամբ, անհարմարություն էր պատճառում տիրոջը: Պ.Սոնյանը շարունակեց:
- Ինչպես տեսնում եք, այստեղ կան մի շարք թվեր եւս: Օրինակ` ուշադրություն դարձրեք կառավարության կողմից ձեռք բերվող զրահապատ մեքենաներին: Կամ բուլդոզերների թվի կտրուկ ավելացմանը: Իսկ հապա նայեք, թե ինչ գումարներ են ծախսվում այդ բոլոր մեքենաների ապակիների մգեցման համար: Ես, իհարկե, ընդամենը գիտնական եմ, եւ հիմա չեմ խոսա այն մասին, թե իրականում ինչ թվեր են սրանք եւ որտեղից են: Կասեմ միայն` սա այն տվյալներն են, որոնք չեն հրապարակվում պաշտոնական լրահոսներում: Իրականում, ըստ պաշտոնական վարկածի, թունելաշինությանն ուղղված փողերն, օրինակ, գյուղատնտեսության զարգացման համար նախատեսված գումարներն են, իսկ մեքենաները...թեեւ դա իմ թեմայի հետ կապ չունի...
- Ոչ-ոչ, շարունակե՛ք,- ասացին մի քանի հոգի սրահից:
- Կշարունակեմ` ասելու այն, ինչի համար եկել եմ: Եվ կհարցնեմ ձեզ հիմա` դուք երբեւէ տեսե՞լ եք որեւէ նոր թունել քաղաքում: Կամ երթեւեկել դրանով: Դա բացատրվում է, հարգելիներս, նրանով, որ այդ թունելները կառուցվում են միայն ու միայն իշխանության ներկայացուցիչների համար: Նրանք անցնում են ընդհատակ:
- Ի՞նչ,-միանգամից հարցրեց սրահում հավաքված լրագրողական համքարությունը:
- Փորձեք հիշել` երբ եք տեսել, որպեսզի ելույթ ունենան այս նախարարները:
Էկրանի վրա սլայդով իրար հետեւեցին մի շարք նախարարների պատկերներ:
- Իսկ նկատել եք, որ այս մեկը սկսել է մուգ ակնոցներ կրել: Նրանք թաքնվում են: Ես հավաքել եմ ձեզ` պնդելու, որ տեղի է ունենում լոկալ մասշտաբի փոխակերպություն: Եւ ես համոզված եմ, որ փոխակերպությունն այս կենսաբանական է: Ամենայն հավանականությամբ, այս իշխանությունների ներկայացուցիչները գնում են մեկուսացման: Մեկուսացման` ընդհատակ անցնելու եղանակով: Դա, այսպես ասենք, նրանց ինքնապաշտպանման բնազդի արդյունքում ի հայտ եկած էվոլյուցիոն քայլ է` տեսակը փրկելու համար: Որպես ապրելու համար ավելի բարենպաստ միջավայր` նրանք ընտրում են ընդհատակ գնալը եւ բոլոր ուժերը գործի դնում գետնի տակ իրենց բնակության համար առավել հարմար պայմաններ ստեղծելու:
Սրահում լռություն տիրեց: Կրկին խոսեց Պ.Սոնյանը.
- Սա փաստեր են, որ դուք ուղղակի չեք տեսնում: Օր ու գիշեր փորվում են թունելներ, կառուցվում նոր ճանապարհներ, որոնք շրջանցում են մարդաշատ վայրերը, կարեւոր քաղաքական գործիչներն ամիսներով եւ տարիներով չեն երեւում հասարակայնությանը, բյուջեի գումարները ցնդում են եւ գոլորշիանում, իսկ դուք մտածում եք խցանումների մասին: Իրականում, պարոնայք, մեր սիրելի իշխանությունը գետինն է մտնում:
Սրահի լռությունը խախտեց խռպոտ ձայնով մեկը.
- Ուրեմն, դա նրանց կողմից էվոլյուցիա է` տեսակը փրկելու համա՞ր:
- Իսկ գուցե նրանք ուղղակի ամոթից են գետինը մտնում,- ենթադրեց մեկն ու արժանացավ բոլորի հավանությանը:
- Ու ի՞նչ է սպասվում մեզ այս դեպքում: Ինչ կլինի՞: Եղե՞լ է պատմության ընթացքում նմանատիպ երեւույթ:
- Ճիշտ հարց է,- միանգամից ակտիվացավ Պ.Սոնյանը,-եւ ես հենց դա ասելու համար եմ եկել:
Նա ձեռքը տարավ գրպանը, ինչ-որ բան շոշափեց եւ հանելով` սեղանին դրեց մի կենդանու:
- Խլուրդ,-ասաց Պ.Սոնյանը:
Սրահը հոգոց հանեց:
Պ.Սոնյանը ձեռքը տարավ մյուս գրպանը եւ սկսեց սեղանի վրա շարել իր հետ բերած գազանիկներին:
- Ահա: Ահա այսպիսի տեսք կունենա մեր կառավարությունը շուտով:
- Շուտո՞վ,- հարցրեցի ես:
- Դե, պրոցեսն արդեն սկսվել է:
* * *
Ես վերցրեցի ձայնագրիչս եւ դուրս եկա այն ժամանակ, երբ լրագրողներն ուղղակի շրջապատեցին Պ.Սոնյանին ու սկսեցին հարցեր տալ` հասկանալու` այն ինչ լսեցին, իրոք լուրջ էր, թե այդպես կատակում են անթրոպոլոգները, կամ գուցե դա նրանց միայն թվացել է, եւ իրականում Պ.Սոնյանը խոսում էր բոլորովին այլ բաների մասի՞ն: Դրան գումարած էլ ` անհետացել էին խլուրդներից մի քանիսը, եւ գիտնականի խեղճ օգնականը փորձում էր գտնել դրանց մարդկանց ոտքերի տակից, որպեսզի պոտենցիալ նախարարները, վարչապետներն ու նախագահները հանկարծ չսատկեին` կոշիկների տակ ճզմված:
Ես քայլում էի եւ մտածում գրվելիք հոդվածի վերնագրի մասին: «Խլուրդների ավտոշարասյու՞ն» ...

http://www.armtimes.com/46497

Sunday, December 15, 2013

ԹԱԹԱՐ-ԲՈՐԱԿԻ՞, ՄԻՍԹՐ ՍՄԻԹ

Խաղի կանոնները` դրսում թողնել ողջ ուղեբեռը, հրաժարվել սահմանի գծից այն կողմ գտնվող բոլոր կոնտակտներից, չօգտվել օտարերկրյա անձնագրի տված հնարավորություններից, չմիանալ իշխող կուսակցությանը:
Խաղի նպատակը` ողջ մնալ յոթ օր, ուղիղ 168 ժամ:
Հատուկ դրություն` խաղի ընթացքում, ծայրահեղ իրավիճակում խաղից դուրս գալու համար հասնել մոտակա օտարերկրյա դեսպանատան մոտ, բացել գաղտնի ծածկագրով ծրարն ու մուտքագրել գաղտնաբարը:
Խաղ համար 36\26: Մեկնարկային ժամանակը` 00:44: 23. 11. 2013.
Մասնակից` Ջոն Սմիթ:
Օր 1.
Օտար քաղաք: Գրպանումս մնացած գումարով փորձեցի ինչ-որ մի բան գնել տեղի սուպերմարկետներից մեկում: Խաղի ծանոթագրության մեջ նշված գները չեն համապատասխանում իրականությանը: Իմ գումարը հերիքում է միայն էժանագին սիգարետի եւ թաթար-բորակի կոչվող մի ուտելիքի, որի պատրաստման մասին ես ոչինչ չգիտեմ: Ողջ օրը ման եկա քաղաքում: Էքստրեմալ ոչինչ, եթե չհաշվենք փողերիս սակավությունը, չկա: Ծանոթացա քաղաքացիական ակտիվիստների մի խմբի հետ, որոնք, կարծես թե, դեմ չեն, որ ես նստում եմ նրանց կողքին: Հնարավոր է գիշերեմ այս մարդկանց հետ: Բաց երկնքի տակ:
Օր 2.
Երկրորդ օրն անցնում է առանց ակնհայտ արտակարգ իրավիճակների: Տուրիստական գործակալությունը, որն ուղարկեց ինձ այստեղ, խոստանում էր ծայրահեղ սուր զգացումներ, որոնք դեռեւս չկան: Եթե այսպես էլ շարունակվի, վերադառնալուց հետո ես անպայման կբողոքեմ: Այսօր ուզեցա գնել էժանագին սիգարետներից: Պարզվեց` երեկվանից դրանք թանկացել են: Իմ գումարը չի հերիքի նույնիսկ սիգարետով ապահովվել այս օրերի ընթացքում:
Օր 3.
Այսօր որոշեցի աշխատանքի անցնել: Այստեղ շատ են շինարարական աշխատանքները, եւ աշխատանք գտա շատ հեշտ: Աշխատանքը, ճիշտ է, տարօրինակ է: Մենք քայլում ենք քաղաքով, պոկում ենք մայթերին տեղադրված աղբամանները, ցուցանակները, սալահատակը, ասֆալտը, ջահերը, կանգառների տաղավարները, իսկ մեր հետեւից եկող բրիգադը հակառակը` սարքում է այդ ամենը` տեղադրելով, մոնտաժելով ու փռելով նորերը: Ես փորձում եմ հասկանալ այս ամենի իմաստը, սակայն չեմ կարողանում, քանի որ մեր ապամոնտաժած աղբամանները, սալահատակը, ասֆալտը, ջահերը եւ կանգառների տաղավարները ամբողջովին նոր են, եւ նրանց փոխարինելու կարիք ամենեւին էլ չկա: Օրվա վերջում խոստացել էին աշխատավարձ տալ, սակայն հայտնվեց մեկը կառավարական կուսակցության շքանշանով եւ ասաց, որ առաջին աշխատանքային օրվա աշխատավարձս պահվել է հատուկ ֆոնդի հաշվին, որն այդ գումարը կփոխանցի ինձ քառասուն տարի անց` ավելացնելով դրան հինգ տոկոս` պահելով, սակայն, դրա հինգ ամբողջական երեք տոկոսը` որպես եկամտահարկ: Տեսնելով, որ ես շփոթված եմ եւ միգուցե նույնիսկ սոված, այդ մարդն ասաց, որ անպայման թաթար-բորակի ուտեմ` ուժերս վերականգնելու համար: Ինչպես պարզվեց քիչ ուշ, թաթար-բորակիի գները երկու օրվա ընթացում խիստ աճել էին: Չեմ ուզում չափազանցնել, բայց սա արդեն նմանվում է էքստրիմի եւ արյունս սկսում է եռալ:
Օր 4.
Աշխատանքի որոշեցի չգնալ: Դրա փոխարեն համաձայնվեցի մասնակցել քաղաքացիական ակցիաներից մեկին, որը տեղի էր ունենալու քաղաքի մյուս ծայրում: Այնտեղ մենք հասանք քաղաքային տրանսպորտով, ինչի արդյունքում ես հասկացա, թե ինչ ի նկատի ուներ ինձ այս խաղին ուղարկած տուրիստական գործակալությունը, երբ առաջարկում էր ծայրահեղ սուր զգացումներ: Ավտոբուսը, որով մենք ճանապարհ ընկանք, նախատեսված էր ընդամենը 44 ուղեւորների համար, սակայն այնտեղ կար ուղիղ 154 մարդ: Մենք սեղմված էինք միմյանց, մենք շնչում էինք իրար դեմքի կամ հետույքի, եւ չնայած դրան, ավտոբուսի վարորդը սեղմում էր գազի ոտնակին ողջ ուժով: Մենք սլանում էինք` վազանցելով մեր ճանապարհին ամեն ինչ: Ինչպես բացատրեց ինձ իմ ընկեր ակտիվիստը, դա արվում էր երթուղուց հետ չմնալու եւ հակառակորդ ավտոբուսին կանգառներ չզիջելու համար: Ինչեւէ, տեղ հասնելիս ես ճմռթված էի, սակայն լի ադրենալինով: Ակցիան, որին մասնակցելու համար մենք հասել էինք այդտեղ, պարզվեց, տեղափոխվել էր այլ վայր: Վերադարձանք մենք ոտքով, քանի որ հայտարարվեց տրանսպորտի ուղեվարձի բարձրացում:
Օր 5.
Ուժերս ինձ լքում են: Ես մի քանի ժամ անցկացրել եմ նորակառույց հսկա եւ ճոխ սուպերմարկետում` փնտրելով մի այնպիսի թաթար-բորակի, որը մատչելի կլիներ գրպանիս: Վերջին կոպեկներով ստիպված գնեցի սիգարետ` ուտելիքի մասին մտքերը ցրելու համար: Ակտիվիստ ընկերներս չկան, քանի որ իրենց հանդիպման վայրը ծածկվել է պաստառներով: Ինչպես հասկացա, այդտեղ նոր շինարարություն է սկսվում: Սուպերմարկետի: Այսօր աչքովս ընկավ մի հայտարարություն, որտեղ խոստանում էին կանխիկ փող տալ ինչ-որ հակաակցիայի մասնակցելու դիմաց: Հայտարարության հեղինակն իշխող կուսակցությունն էր: Կանխիկ փող: Հիշեցի խաղի կանոնները: Դիմանալ: Քաղաքում աննպատակ թափառելիս հազիվ պոկվեցի մի քանի ոստիկաններից, որոնք ուզում էին ինձ տուգանել կարմիր լույսի տակ անցնելու համար: Նկատեցի, որ ես ավտոմեքենա չունեմ: Դա նրանց չհամոզեց, քանի որ իմ` մեքենա չունենալը դեռ պետք է ապացուցվեր դատական փորձաքննության արդյունքում, իսկ մինչ այդ ես պետք է կալանքի տակ առնվեի: Փրկեցին ինձ ակտիվիստ ընկերներս, որոնք հայտնվեցին երթով: Նրանց ձեռքերում պաստառներ էին եւ դրոշակներ: Ես ընկա նրանց ալիքի մեջ եւ շարժվեցի, ինչպես իրենք էին ասում, նստավայր: Նստավայրի դիմաց մեզ ակնհայտորեն սպասում էին...
Օր 6.
Գիշերն անցկացրեցի այս նկուղում, որտեղ ինձ եւ իմ ընկերներին բերել էին երեկ, նստավայրի դիմաց եղած իրարանցումից հետո, երբ մի խումբ զինված ոստիկաններ հանկարծ ընկան գետնին եւ սկսեցին գոռալ, թե իրենց վրա հարձակվում են: Այդ ժամանակ հայտնվեցին այլ համազգեստով մարդիկ եւ մեզ ծեծելով բերեցին այստեղ: Ընկերներիցս մի քանիսն այս նկուղում էին, սակայն նրանց բոլորին տարան, մնացի ես: Տեղը խոնավ է: Կողքի պատերից լսվում են բղավոցներ եւ տառապանքի ձայներ: Առավոտյան ինձ առաջարկեցին թաթար-բորակի: Ես հրաժարվեցի: Այստեղ մութ է: Վախենում եմ, որ ինձ էլ կարող են տանել ու պատերից կլսվի իմ տառապանքի ձայնը: Երեկոյան նորից թաթար-բորակի առաջարկեցին: Հրաժարվեցի: Նայեցի` մոտս դեռ մեկ սիգարետ կա: Երկար ման եկա գրպաններումս, լուցկի չկար: Առավոտյան ինձ բաց թողեցին:
Oր 7.
Առաջին հերթին սկսեցի ման գալ ընկերներիս: Եթե նրանք չլինեին, ես ամենայն հավանականությամբ չէի դիմանա նույնիսկ առաջին օրը: Գտա նրանցից մի քանիսին: Բոլորն ունեին վնասվածքներ, կապտուկներ, քերծվածքներ, կոտրվածքներ: Ինչպես պարզվեց, ես էլ ունեի մեծ կապտուկներ մարմնիս վրա: Ես հանեցի գրպանիցս անձնագիրը, որը ոչ մի կապ չուներ այս էքստրեմալ երկրի հետ, այս խաղի հետ, որն այնքան իրական է տեղացիների համար...միգուցե սա՞ է կյանքը, իսկ այն բարեկեցիկ երկիրը, որում ապրում եմ ես, ուղղակի բացառություն է կամ խաղ: Իմ ժամանակը լրանում է այսօր, եւ ես կարող եմ գնալ: Կարող եմ նույնիսկ չսպասել ավարտին եւ մոտենալ ցանկացած օտարերկրյա դեսպանատան, քանի որ խաղի պայմաններում նշված հատուկ դրությունն արդեն վաղուց տեղի է ունեցել: Բացեցի ծածկագրով ծրարը: Գաղտնաբառն էր` թաթար-բորակի: Ես ժպտացի: Ուրեմն թողնել ու գնա՞լ:
Ոչ: Ապա նայեք այս մարդկանց: Այստեղ նրանց սպանում են, բայց հիմա նրանք ուրախ են, անեկդոտներ են պատմում ու պատրաստվում են վայելել իրենց առավոտյան սուրճը, նստել իրենց ահավոր տրանսպորտը եւ նորից փորձել կյանք գտնել թանկացող քաղաքի ճիրաններում: Լքե՞լ:
- Հեյ, այսօր ակցիա կա՞,- հարցնում եմ:
- Կա, կառավարության դիմաց: Վաղվանից ուզում են դադարեցնել թոշակների ու նպաստների վճարումը...պետք է բողոքել:
Էքստրի՞մ: Ես սիրում եմ էքստրիմ: Երբ քո քաղաքում ընկնում ես թակարդը...Թող սա լինի իմ թակարդը:
Վահե Ղուկասյան    http://www.armtimes.com/46139