Friday, May 6, 2011

Սուրճ, գիշեր ու երկու ուրվականներ

1. Ես միշտ եմ վերցնում սուրճ` կրկնակի դոզայով ու էլի  երկու հատ սև շոկոլադե սալիկ: Առանց դրա չեմ կարող դիմանալ գիշերները: Չնայած արդեն երկար ժամանակ է չեմ գիտակցում, երբ է գիշեր, երբ` ցերեկ: Սիրում եմ աշխատանքս...
Այդ օրը լրիվ լավ էի տրամադրված, զգում էի, որ սպասվում է ինչ-որ հետաքրքիր բան:
Իմ գործի բնույթը պարզ է. հատուկ մոնիտորի վրա ես հետևում եմ մի քանի սոցիալական ցանցերում առկա ակտիվությանը: Կոնկրետ ես պատասխանատու եմ երկու ցանցերի 3 խոշոր սեգմենտների համար: Սեգմենտները` դա տարիքային, սեռային ու լեզվային խմբերն են: Ես հսկում էի երկու միայն տարիքային խմբեր` 17-19 տարեկան  ու մեկ սեռատարիքային` 22-24 տարեկան տղաների: Աշխատանքը սովորականից էլ սովորական էր: Պետք էր ուղղակի անընդհատ հետևել ցանցերում օնլայն  պրոֆիլների ակտիվությանը, առանձնացնել ավելի քան 30 ինտենսիվ  ուշադրություն դարձնող այլ պրոֆիլներ ունեցողներին ու ավելի քան 500 պրոֆիլների պասիվ ուշադրությունը գրավողներին հատուկ ցուցակներում ու առավել մանրակրկիտ հսկողության ենթարկել նրանցից ստացվող ինֆորմացիան: Իմ բաժինը զբաղվում է հիմնականում սեռական բնույթի սպամ առաջացնողներով ու  որ ավելի կարևոր է, մենք հետևում ենք ցանցում օգտագործվող բոլոր այն արտահայտություններին, որոնք կարող են ունենալ գերբնական ազդեցության պոտենցիալ (Գերբնական Ազդեցությունների Հետազոտման Միջազգային  Ակադեմիայի` ՄԱՀՄԱ 26-րդ որոշման համաձայն արգելվում էր գերբնական ուժերի օգտագործումը Ցանցում): Երեք տարիների ընթացքում իմ հերթափոխերի ժամանակ ես հանդիպել եմ նման ընդամենը հինգ դեպքի, այն էլ դրանցից երկուսի մեղավորները հիմար դեռահասներ էին: Նման բան պատահում էր խիստ հազվադեպ:
Այդ օրը իմ ուշադրությունը գրավում էին ընդամենը «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության սոցիալական ցանցում ունեցած խումբը, որում անդադար ակտիվություն էին ցուցադրում միանգամից 14 հոգի, ու երկու ուրվականներ: Դրանք արդեն ոչնչացված կամ պարզապես ջնջված պրոֆիլներ են, որոնք սակայն շարունակում են երևալ երբեմն ուրիշ պրոֆիլների կոնտակտային ցանկերում, ու երբեմն նույնիսկ հաջողացնում են անիմաստ ու չշաղկապված սպամ ուղարկել: Ես մի քանի անգամ փորձել եմ կապի մեջ մտնել նման ուրվականների հետ, և փորձերս, պետք է ասեմ, միշտ ձախողվել են: Դրանք կամ սկի բանի տեղ չեն դնում քեզ, կամ սկսում են պատասխանել բացարձակ անկապ բաներ: Շատ ենք փորձել գոնե մեկ իմաստային շղթա գտնել դրանց զառանցանքներում: Անիմաստ է: Օրիանկ` « Ի՞նչպես ես: Ի՞նչ ես անում» բթագույն հարցին ուրվականը կարող է պատասխանել այսպես, « իմ մեքենա հազար սալատ  գուրգուրել սփրայ առնետ», կամ  օգտագործելով խառը լեզուներ. « Air կգա будь здоров…» 
Իմ երկու ուրվականները գրավեցին ուշադրությունս նրանով, որ առանձնապես, ոչ մի բան չէին փորձում անել: Նրանք կարծես ձեռք ձեռքի տված թափառում էին ցացում: Ու ես մտածեցի այդ ժամանակ, հավանաբար ոչ թե կոնկրետ այդ ցանցում, նաև այլ ցանցերում ընդհանրապես: Չկա գրանցված մի դեպք, որ նույն ուրվականին հանդիպած լինեն մի քանի սոցիալական ցանցերում միաժամանակ: Դա գրեթե բացառվող ֆենոմեն է... ինչևէ, նայելով այդ զույգին, իսկ նրանք զույգեր էին, շարժվում էին միասին, ես մտածում էի, որ հավանաբար մի բան կապում է սրանց, որ չեն բաժանվում իրարից, չեն ցրվում, ինչպես մնացած այլ ուրվակները ցանցում բրոունյան շարժման սկզբունքով: Նրանք անցնում են նույն պատկերասրահներով, անցնում են նույն վիդեոհոլովակների վրայով, մի քիչ երկար մնում մայրամուտի ֆոտոյի մոտ...» Հավանաբար սրանք տեսնում կամ հասկանում  կամ ըմբռնում  են այդ ֆոտոն միայն հազարավոր թվերի, կոդերի  միջոցով,  որոնցից է կառուցված նույնիսկ ամենանուրբ թվային արվեստի գործը: Ուրվականներս շարունակում էին իրենց սահուն ընթացքը` մեթընդմերթ կանգ առնելով այս կամ այն պրոֆիլի մոտ: Հավանաբար իրենց ծանոթ պրոֆիլների...
-Գրո՛ղը ինձ տանի, հիմարանում եմ, արա՛, - ես այնպես բուռն ձղայնացա սեփական սենտիմենտալիզմիս վրա ու վեր թռա տեղիցս, որ գրավեցի ականջակալներով ինչ-որ տեխնո հաուս լսող Գրիշի ուշադրությունը:
-Քեզ ի՞նչ եղավ, ապո, - Գրիշի զարմացած աչքերը արտահայտում էին մինչ այդ չտեսնված թյուրիմացություն: Նա ընդհանրապես ուներ ամենախելացիի համբավ, ու այդպիսի արտահայտություն նրա դեմքին ամեն օր չէիր տեսնի:
-Հե՛չ, ընկեր...հե՛չ, կներե՛ս, - շփոթված ասեցի ես, - գնամ ծխեմ մի հատ, ներվերս էն չեն, մի տեսակ եմ...
-Գնա՛, գնա՛... չէ՛, չշարժվե՛ս տեղիցդ, մորեխ, ես էլ եմ գալիս, - Գրիշը ճարպիկ շարժումներով դուրս հանեց իր մարմինը նեռղ սեղանի արանքներից ու մենք միասին գնացինք միջանցք` ծխարան:
2.
 –Հն, հարազատ եղբայր իմ բազմաջղայն, ի՞նչը հանեց քեզ քո սրճային հունից,- Գրիշը հաստատ որոշել էր իմանալ իմ բռնկման պատճառը:
-ԷԷԷ... դե լավ:
-Լավ-մավ չկա, պատմի՛ դե:
-Սաղ էդ ուրվականներ են մեղավոր... դրանց ինչն եմ ասել… (էստեղ ես նկատեցի, որ չստացվեց ինձ մոտ հայհոյել այդ երկուսին...)
-Ու ուրվականներն են քեզ ապակայունացրե՞լ: Նրանք ոտնձգություն են կատարե՞լ քո հանդեպ: Հն՞:
-Գրի՛շ, թարգի՛, ախպոր պես:
-Հաաաա, նրանք քեզ սեքս էին առաջարկու՞մ: Դու մտածու՞մ ես երեք հոգով? Օրա՞լ: Մի՞գուցե սադիզմ:
-Գրի՛շ, փակի՛ զուգարան բերանդ, արա՛, ստեղ մենակ դու ես սադիստ, ձենդ կտրի՛:
-Լա՛վ, լա՛վ, լա՛վ, - Գրիշը մի կերպ լրջացավ, - դե ասա՛, ի՞նչ:
- Եսիմ... հասկանում ես, մի տեսակ նեղվում եմ ես ուրվականներ տեսնելիս: Սովորականները հեչ, ինչքան էլ որ պահպանած լինեն մարդու շունչը իրանց թվային հոլոգրաֆիաներում, մեկ ա, գիտակցում ես, որ ընդամենը շողքեր են:
-Դե հա... էլ ի՞նչ պրոբլեմ կա:
-Բայց էսօր սրանք ինձ մի ուրիշ կարգի բռնեցին հոգուս լարերից...
-Ես հեսա կլացեմ... - ասաց Գրիշը, որի մոտ նորից ուզում էր պոռտկալ իր հիստերիկ ծիծաղը:
-Արա՛, դե լրաջացի՛ ու լսի՛ էլի, չես տեսնու՞մ, բադ, կիսվում եմ հետդ:
-Կներե՛ս, կներե՛ս եղբայր, ասա՛...
-Էս երկուսը, պատկերացնում ես, երկուսով են...
-Դե դժվար նրանք երկուսով լինեին երեք հոգով...
-Գրի՛շ
-Պարդո՛ն...
-Մի տեսակ տխրեցի ես, մտածում եմ, ո՞վ են դրանք, որտեղից են, ի՞նչի են դարձել ուրվական... - ես արդեն պատրաստ էի կիսվել սուրճի ապարատի հետ:
-Ապերի՛կ, հասկանում եմ քեզ... այ դու հիմա չես հավատա ինձ, բայց ես քեզ հասկանում եմ: Մոտդ սենտիմենտալ գերլարվածություն ա, եղբայր, հանգստանալ ա քեզ պետք: Իսկ էդ ուրվականները... կարող ա դու էլ կուզենայի՞ր նրանց նման թափառել, հանգիստ ու առանց գործի շտապելու, առանց հոգս ունենալու: Ու ոչինիչ, որ կլինեիր ուրվական... չէիր լինի միայնակ...
-Այ հիմա ես կլացեմ...
-Թարգի՛ դե, - ասաց Գրիշը հզոր հարվածներ հասցնելով ուսիս: Երբեք չեմ հասկացել նրա` կատաղի հարվածներով ընկերությունը ամրապնդելու ու վերահաստատելու մոլուցքը, - մի հատ սառը էներգետիկ վերցրու հետդ ու վերջ, գնաս մի քիչ պոռնո – շմոռնո, մանյակ բռնես կցրվես:

3.   
Ասում են Գրիշը խելացի է: Կասկածելու տեղիք եբեք չէի ունեցել, ուստի հետևեցի նրա խորհրդին: Վերցրեցի սառը էներգետիկ ու վերադարձա մոնիտորիս մոտ: Արագ նայելով իմ հսկողության տակ գտնվող սեգմենտների իմպուլսային քարտեզները, հիասթափվեցի, որովհետև իրոք պատրաստ էի մի լավ հրճվել որևէ սեքսուալ «խոտանի» վրա:
Ստուգելով առանձին ակտիվ պրոֆիլներ, ուշադրությունս շեղելու նպատակով, այնուամենայնիվ չկարողացա զսպել ինձ, ու բերեցի մոնիտորի վրա ուրվականների շարժման գրաֆիկը ու նրանց ցանցային վայրի վիզուալ տեսքը... Նրանք նույն կերպ շարունակում էին հանգիստ ճեմել այս և այն հղումների, նկարների, մարդկանց շուրջ: Դատելով նրանց նախընտրած վայրերից, ահագին կարգին երաժշտություն էին սիրում: Ես փորձում էի չկենտրոնանալ մանրուքների վրա ու պարզապես աչքիս տակ ունենալ դրանց:
Սակայն, այն ինչ տեղի ունեցավ հաշված վայրկեանների ընթացքում, շոկի մեջ գցեց ինձ ու հիմա էլ, ես համոզված չեմ, որ ինձ հաջողվել է մարսել այդ պատմությունը:
Ուրվականները շարժվում էին մի խմբի ուղղությամբ, որը իրենից ներկայացնում էր ինչ-որ կազմակերպության ընդհանուր գիծ ունեցող անձանց պրոֆիլների կուտակում, այդ խմբի ֆուրումներից մեկում: Իմ ուրվականները մի պահ կանգ առան դրանց մոտ: Հետո ուրվականներից մեկը մոտեցավ նրանց այդ խմբին ու սկսեց պտտվել նրա շուրջ: Ես նկատում էի, որ մյուս ուրվականը չի շարժում, սակայն մեծ հաճախականությամբ ուղարկում է հստակ բացասական ազդանշաներ մյուսին: Հավանաբար այդպիսի ազդանշաները, որոնք սովորաբար վերապատկերվում են, որպես սովորական NO, նշանակում էին « Մի՛ արա, կամ մի՛ գնա»: Ես սկսեցի ավելի ուշադիր հետևել տեղի ունեցողին:
Խմբի շուրջը պտտվող ուրվականը սկսում էր արձակել հսկայական ծավալի թվերի ալիքներ: Ու մինչ ես կհասցնեի հասկանալ, որ դրանք վերջին սերնդի վիրուսների ալգորիթմեր են` արդեն ուշ էր: Խումբը, հետո խմբի անդամ բոլոր պրոֆիլները, խմբի հասցեներում նշված բոլոր կայքերը ու դրանցում պարունակվող ողջ ինֆորմացիան հօդս ցնդեց: Նույնիսկ ոչ մի ուրվական չմնաց այդ ամենից: Առաջին ուրվականը վերադարձավ մյուսի մոտ, որը այլևս չէր արձակում իր անդադար NO-երը: Նրանք մնալով մի պահ անշարժ անցան OFF ռեժիմ ու կորան իմ տեսադաշտից: Նրանց ինչ-որ կերպ մեկուսացնելու ժամանակ այդ  պահին ես չունեի: Ինչին դժվարությամբ հավատաց իմ տնօրենը.
-Դու մի ողջ երեկո հետևե՞լ ես այդ հանցագործներին ու քթիդ տակից բաց թողե՞լ,- ասում էր նա ինձ, ու հավանաբար ասում էր ճիշտ: Հիմա զույգ ուրվականները իրոք փնտրվում են «Ցանցային վերահսկողության» բոլոր ստորաբաժանումների կողմից:

Այդ երեկոյից մի քանի օր անց ես իմացա մի շաբաթ առաջ տեղի ուշնեցած դեպքերի մասին խոշորագույն ֆիրմաներից մեկում: Ու խոսքը գնում էր մրցակից մասնաճյուղերի լավագույն ծրագրավորողների միջև ծագած սիրո մասին, որը պատճառ էր դարձել նախանձի, խանդի ու իբր թե ավարտվել էր «ավտովթարի» պատճառով... ասում են` «իբր թե»: Կազմակերպության գլխավոր գրասենյակը որոշում էր կայացրել փակել նաև  նրանց ցանցային պրոֆիլները...

No comments:

Post a Comment