Friday, May 20, 2011

initium@.com



initium@.com


1.
-Մենք կանգնած ենք նոր դարաշրջանի շեմին, պարոնա՛յք:  Շուտով մեր ինստիտուտի կատարած հեղափոխական հայտնագործությունների շնորհիվ հասարակությունը կթևակոխի զարգացման նոր փուլ: Այս ամենի համար նախ և առաջ պետք է շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ում անունները դեռ գաղտնազերծված չեն, այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի վերջին տարիները նվիրել են այս մեծ գործին...
            Բերանը անընդհատ չորանում էր: Անընդհատ ջուր էր լցնում բաժակի մեջ, չէր հասկանում այն ինչպես է գոլոշիանում ու էլի էր լցնում...
Համաձայն հեռուստաընկերության հետ ունեցած պայմանավորվածության Արայանի ելույթը պետք է տևեր քսան րոպեից ոչ պակաս, իսկ հետո հատուկ պատրաստված սլայդ շոուն ցույց կտար բուն հայտնագործությունը:
Ռեժիսորները իհարկե նկատում էին Արայանի դողացող ձեռքերը, ձայնի լարվածությունը, ճակատին հայտնվող քրտինքի կաթիլները, հայացքի ցրվածությունը...
Իսկ Արայանը հաստատ չէր ապրում իր կյանքի լավագույն րոպեները այդ պահին, թեպետ տրամաբանական կլիներ հակառակը: Հենց նա էր ղեկավարում այն հինգ հոգանոց խումբը, որը կատարեց թռիչք առանց այն էլ չափից արագ զարգացող տեխնոլոգիաների էվոլյուցիայում: Նա ընդամենը փորձում էր հնարավորինս չշեղվել իրեն տրված տեքստից, կարդալ այն ինչքան կարող է ու համոզիչ նայել տեսախցիկներին: Վերջինը նա ինքն էր որոշել: Եթե  նայի ուղիղ տեսախցիկներին ապա դրանց մյուս կողմում, էկրաններին մարդիկ կտեսնեն նրա աչքերը, նրա հայացքը: Նա հուսով էր, որ կլսվի իր աչքերում առկա ճիչը: Օգնության ճիչը, բողոքի ճիչը:
-...ստանալով ֆիանսավորում տեղական ռեսուրսներից` մենք հիմա ուրախությամբ տեղեկացնում ենք, որ այս նախագիծը հիրավի պատկանում է մեզ, մեր պետությանը և ունի համազգային նշանակություն: Եկել է ժամանակը, որպեսզի մեր երկիրը ասի իր ծանրակշիռ խոսքը գիտության րոպե առ րոպե զարգացող աշխարհում...

2.
            Արյունը մակարդվում էր արագ: Հավանաբար ոչ մի օրգան վնասված չէր, որովհետև կտրվածքի եզրերը արագ չորանում էին, իսկ արնահոսությունը կարծես ուզում էր դադարել: Կամ դա նա ինքն էր իրեն հույս տալիս: Միանաշանակ  Կարապի բախտը արդեն բերել էր: Սպասել, որ այդ գլխակերները կարող են միամիտ  ողջ թողնել մեկին, ում հրամայված է եղել սպանել... դա արդեն նման է հեքիաթի` հերթական վրիժառուների մասին:
Դժվարությամբ պոկեց ձախ ձեռքը վերքից, որպեսզի նայի ժամացույցին. արագացրեց իր ընթացքը: Նա գրեթե սողում էր: Ոտքերը դողում էին ստացված էլեկտրական հարվածներից, մեջքը ցավում էր գրեթե ողջ մակերեսով, սակայն ամենից շատ նրան անհանգստացնում էր ճակատից կաթացող արյունը: Այն լցվում էր թարթիչների վրա, հոսում աչքերի մեջ ու փակում տեսադաշտը: Աջ ձեռքը չէր ենթարկվում դեմքը սրփելու հրահանգներին: Պետք էր շտապել: Եթերը պետք է սկսվեր ժամը վեցին... հիմա արդեն վեցն անց հինգ է... պետք է շտապել, գորղը տանի: Մի քիչ էլ ու վերջ... Կսպասեն մինչև Արայանը ելույթը վերջացնի: Գյուտը կնեկայացնեն, կսկսեն դրա գործնականացմանը նվիրված գիտաժողովներ... իսկ Արայանին կմեկուսացնեն, հետո կոչնչացնեն... կներկայացնեն իհարկե այնպես, իբր մեծ գիտնականը վախճանվեց իր փառքի գագաթնակետին...
Ամեն ինչ կանխատեսելի էր ու կարելի էր դրա մասին ավելի շուտ գլխի ընկնել: Ներդրված գումարների ծավալը պետք է հուշեր բոլորին դրա մասին: Բայց ով էր մտածում այդ ուղղությամբ: Բոլորին համակել էր մոտալուտ փառքի ու հաջողության բույրը:
«Չափից քիչ է իմ արագությունը... պետք ա գոնե անց տասնհինգ լինել ստուդիայում... ի՞նչ են արել Արայանին... ի՞նչպես են նրան ստիպել... ա՜խ...»
Կարապետը, կամ ինչպես նրան ասում էին լաբարատորիայում` Կարապը,  սողում էր ինչ-որ տեղ` գործարանային թաղամասում: Այդ լքված հետնախորշերը իդեալական են համապատասխանում մարդկանց վարի տալու համար: Կրիմինալ խրոնիկների մեջ ամեն օր կարելի է հանդիպել գործարանային հասցեներ: Իսկ հիմա այնտեղ հայտնվել էին երկրի լավագույն գիտնականները... Ու բացի Կարապից, մնացածաների համար դա եղավ վերջին վայրը:
« Չէ՛ր կարող... չէ՛ր կարող, դրա տիրոջ մերը... չէ՛ր կարող Արայանը... չէ՛: Նա  նայեց է իմ աչքերի մեջ: Ասեցին, որ Արայանին տանում են հեռուստատեսություն... նույնիսկ հիշում եմ ալիքը, կատարելու պաշտոնական հայտարարություն մեր կատարած նախագծի արդյունքների մասին»:
Կարապը գնում էր պատի տակով` հուսալով դուրս գալ որևէ փողոց: Ծրագիրը պարզ էր:  Գտնել ցանկացած արագընթաց փոխադրամիջոց ու հասնել հեռուստատեսության շենքի մոտ... «Պետք է որ հասցնեմ…»
«Արայանը անցավ էն հաստավիզների հետ... ախր նրա հայացքը… ի՞նչ էր նա ուզում ասել: Չ՞էր կարող ասել -  Տղե՛ք, ձեր վերջն եկել ա... մի բան ասեր է... Ես, ես պետք ա հասկանայի ինչ ա կատարվում, հենց էն պահից, երբ եկավ էդ Հատուկ տեսչությունից  էն անասունը... ես դրանից մահվան հոտը միանգամից զգացի...»
Նա թեքվեց նեղ  ճանապարհով դեպի ձախ ու հայտնվեց փողոցում: Հավանաբար դեպի Կայարան կամ դեպի Արշակունյաց պողոտա տանող:
«Էստեղով անցնող մի բան պետք ա...» Առաջին հանդիպած մեքենան չկանգնեց: Հավանաբար մարդը շտապում էր կամ չէր ուզում գլուխը նոր ցավի տակ դնել:
«Քու արա...» - Կարապը արդեն մոտ էր հանձնվելուն: Նա նորից պոկեց վերքին սոսնձված ձախ ձեռքը ու նայեց ժամացույցին...



3.
Սկսած նոյեմբեր ամսից, ամեն օր Արայանը արթնանում էր առավոտյան ժամը յոթին, արագ-արագ հագնվում ու սլանում քաղաքի մյուս ծայրը` Կիրառական նանոկիբերնետիկայի ինստիտուտ: Կատարվում էր պատմական նշանակություն ունեցող իրադարձություն: Շուտով բոլոր մարդկանց միջև տելեպատիկ կապը կլիներ ոչ միայն հատուկ էքստրասենսների ու տիբեթական լամաների մենաշնորհը, այլ հասանելի կլիներ ցանկացածին, ում  ուղեղի մեջ  արյունատար  անոթներով կտեղադրվեին նանո ընդունիչներ: Դրանք իմպուլսների հեղափոխական նոր սկզբունքներով կմիացնեին մարդու ուղեղը ինտերնետին: Առաջին մարդու, երկրորդ, երրորդ, քսանհինգ միլիոներորդի...
Մտնել Ինտերնետ առանց համակարգչի, ուղարկել հաղորդագրություններ առանց ստեղնաշարի, ուղարկել պարզապես պատկերներ. այս ամենը արդեն դառնում էր իրականություն`շնորհիվ մի խումբ էնտուզիաստների, որոնց խելահեղ գաղափարը որոշել էին ֆինանսավորել մի շարգ կազմակերպություններ:
Հայտնագործության ֆուտուրիստական պատկերը գայթակղիչ էր: Մարդիկ, որոնք կապված կլինեն միմյանց հետ անընդհատ, մի ամբողջ մոլորակ, որը կլիներ մեկ բանական մեխանիզմ: Նանոընդունիչները հանճարեղ էին: Նրանք իրենց բնույթով չէին հանդիսանում ալեհավաքներ: Ընդամենը արձակում էին հատուկ իմպուլսներ, որոնց արդյունքում ալեհավաք էր դառնում հենց մարդու ուղեղը:
Եկել էր ժամանակը հայտնելու այդ մասին: Ու բնականաբար պետք էր առաջին հայտարարությունը կատարել հայրենական լրատվամիջոցներով, հետո արդեն դա կփոխանցվեր միջազգային հզոր աղբյուրներին:
- Ուրեմն վաղը կպատմե՞ք լայն հասարակությանը, - հարցրեց Արայանին նրա հին բարեկամը` Ֆելիքս Դանիելյանը, հայտնի ճարտարապետը, ով լինում էր Արայանի մոտ ամեն հարմար առիթի դեպքում:
- Այո՛, վաղը: Պատկերացնու՞մ ես: Արդեն վաղը ողջ աշխարհը կիմանա իր առջև բացվող նոր հորիզոնի մասին...
-  Ա՛նդ, ես չեմ ուզում փչացնել տրամադրությունդ, եղբա՛յր... բայց դա իրոք հնարավո՞ր է: Այսինքն դու իրոք մտածու՞մ ես, որ աշխարհը կկարողանա՞, կհամաձայնվի՞: Դու մտածու՞մ ես, որ բոլորը կուզենան միացված լինել ցանցին այդ կերպ:
- Վերջացրու՛, հավաստիացնում եմ քեզ, դա կլինի համատարած երևույթ: Մեծ կառավարությունները դիմում են ամեն քայլի` արագացնելու գլոբալիզացիոն պրոցեսները: Ու բացի դրանից, դու չես պատկերացնում ինչքանով է դա հարմար: Դա բացարձակ նոր երևույթ է: Դու նստած էստեղ կկարողանաս խոսել, զգալ, տեսնել քո, ասենք, Ամերիկայում ապրող որդուն: Հն՞, չի գայթակղում: Հն՞
- Իսկ եթե իմ որդին չի ուզում, որ ես իրեն զգամ, տեսնեմ...
-Դա լուծելի հարց է:  Մշակել ենք արդեն կապի կառավարման մի քանի մեխանիզմներ:
-Ամեն դեպքում... դրա արդյունքում մարդկությունը ստիպված կլինի վերանայել իր բարոյահոգեբանական...
-Ա՛յ հենց դա էի ես ուզում ասել, ապրե՛ս, - վեր թռավ տեղից Արայանը ու սկսեց ոգևորված այս ու այն կողմ քայլել իր գրասենյակում: Նա բավականին թուլակազմ էր եղել միշտ, ու նրա ցանկացած ակտիվ գործողություն դիտվում էր որպես ոչ նորմալ, - ա՛յ դու ապրես, գլխի ընկար: Խոսքը էստեղ, Ֆել, գնում ա առաջին հերթին հասարակական էվոլյուցիայի մասին, այլ ոչ թե տեխնիկական...
- Իսկ ինչու՞ էս դու կարծում, որ այդ քո հասարակական էվոլյուցիան էդպես հեշտ ու հանգիստ կընդունվի:
- Ախր հենց դա էլ եղել է նպատակը: Ողջ այս նախագիծը ֆինանսավորվել է բուն այդ նպատակով: Դու միայն իմանաս թե ինչ կազմակերպություններ են դրանք...
- Ու դու կատարե՞լ ես դրանց պատվերը:
- Ո՛չ, ես կատարել եմ իմ կյանքի գործը, ես կատարել եմ իմ աշխատանքը:
 Դանիելյանը շփոթված չէր: Նա համոզված չէր որ ճիշտ է իր ընկերը: Այնքան հարազատ ու այնքան հին ընկերը: Նա արտահայտում էր գաղափարներ, որոնց բարոյականությունը նա կդներ կասկածի տակ... բայց չափից շատ վերացական էր թվում Դանիելյանին այս ամենը: Նա չէր կարողանում մինչև վերջ հավատալ մարդկանց գիտակցությունները միավորող ընդհանուր համակարգի մտքին: Չափից շատ էր դա վերացական:

- Պարո՛ն Արայան, շտապ կանչում են լաբորատորիայից, - հնչեց քարտուղարուհու հաճելի ձայնը:
- Ես հիմա...
- Անդ, ես գնամ, քեզ էլ չխանգարեմ... հուսով եմ դու վստահ ես քո գաղափարների վրա...
- Դե հերի՛ք թթվես, իյա: Կներես Ֆել, ես հետդ շատ կխոսեի դեռ, բայց պետք ա գնամ:
Պինդ սեղմելով ընկերոջ ձեռքը Դանիելյանը հեռացավ: Արայանը արագ քայլքով շտապեց լաբորատորիա:
Նա պատրաստ չէր այն լուրին, որը նրան հաղորդեցին այնտեղ... Նրա հիստերիկ ձայնը միայն բացառիկ որակի ձայնամեկուսիչ ապակիների շնորհիվ չէր լսվում ողջ հարկով մեկ:
-Ինչպե՞ս դա կարող է պատահեեեեեեեր: Ի՞նչպես: Ո՞նց դա եղավ: Ու դա հիմա՞ պիտի հայտնի դառնար: Հիմա՞:
- Մենք հիմա վստահ ենք... առանց այն էլ կային կասկածներ…
- Ա՜խր, պարո՛ն Արայան, մենք չունեինք փորձեր անցկացնելու թույլտվություն: Դրա համար էլ էս անլեգալ միջոցը... էս մարդիկ...
- Ես չեմ ուզու՛մ լսել... չեմ ուզու՛մ լսել: Ես պատրաստ չէի սենց արդյունքների: Ի՞նչ եմ ես ասելու: Ի՞նչ պետք ա ես ասեմ հիմա
Կարապը սփրթնած էր ինչպես պատը: Այն ինչ նա տեսավ այդ օրը առավոտյան կարելի չէր մարսել միանգամից: Դրա համար պետք են գալիս մի քանի շաբաթներ, մի բուռ դեղեր, իսկ Ամերիկայում նաև լավ հոգեբան:
Նրան հենց սկզբից դուր չէր գալիս ապօրինի փորձարկումներ կատարելը: Իրենց նախագիծը չուներ համապատասխան թույլտվություն` կատարելու փորձեր մարդկանց վրա: Իսկ իրենց դեպքում կատարել փորձ կենդանիների վրա բացարձակապես անիմաստ էր: Ուստի գտնվեցին երկու կամավորներ, որոնք ձևակերպվելով որպես հոգեբանական թեստ անցնողներ ներգրավվեցին նախագծի մեջ: Նրանց ուղեղներում տեղադրվեցին նանոընդունիչներ:
Արդյունքը սկզբում այնպիսին էր, ինչպիսին սպասում էին բոլորը: Նրանք սկզբում դժվարությամբ էին գալիս գիտակցության, չէին կարողանում բացել աչքերը: Հետո հիպնոսների միջոցով ի վիճակի եղան պատմել ցանցում իրենց գտնվելու մասին: Հետո դա տեղափոխվեց գիտակցական մակարդակ: Ու սկսվեցին ավելի գործնական պարապմունքները: Երկու հետազոտվողներև ուղարկում էին միմյանց հաղորդագրություները, կարդում միմյանց մտքերը է այլն: Պետք է ասել, որ ողջ փորձի ընթացքում միշտ առկա էին ցավային որոշ զգացումներ: Բայց փորձարվկողների հավաստիացմամբ`բավականին տանելի: Քնած ժամանակ նրանց ենթագիտակցությունը շարունակում էր գտնվել ցանցում: Նրանց երազները միշտ կապակցված էին լինում իրար հետ:
Հետազոտությունների  վեցերորդ օրը սկսվեց մղձավանջով....
Մահացավ հետազոտվողներից մեկը` Լյովը... Նրա հերձման ժամանակ գանգում հայտնաբերվեց խոշոր ուռուցք: Դա նման էր ութոտնուկի: Մանկանան բռունցքի չափ գլուխ ու մի քանի շոշափուկներ, որոնք պատելի էին ողջ ուղեղը:
Մինչև պարզվեց այս ամենը`տեղի ունեցավ էլ ավելի սարսափելի մի բան: Մյուս հետազոտվողը` Սամվելը, կերպարանափոխվեց: Նա դարձավ անճանաչելի հաշված ժամերի ընթացքում: Նրա դեմքի վրա ի հայտ եկան դուրս ցցված մեծ կարմիր անոթներ, աչքերը կիսով չափ դուրս եկան իրենց բբերից, իսկ ողջ մարմնի վրա սկսեցին գալարվել երակները... դա սարսափելի էր: Մի քանի անգամ ավելի սարսափելի, եթե հաշվի առնենք, որ այդ ընթացքում նա գոռում էր մորթվող խոզի պես, իսկ բերանից անընդհատ թափվում էր արյունախառն փրփուրը...
Գտնվելով այդ վիճակում մեկ ժամի չափ, նա մի քիչ հանդարտվեց (հավանաբար ազդեցին ներարկված մի քանի չափաբաժին  հանգստացնողները): Հետո այդ արարածը, որին Կարապը ոչ մի կերպ չէր կարողանում անվանել իր անունով, մահացավ: Այս անգամ ուռուցքը ավելի մեծ էր...
Կարելի էր կատարել եզրակացություն. նանոընկալիչները առաջացնում են  ուռուցքներ: Ընդ որում շատ կարճ ժամկետներում: Կարելի էր նաև նշել, որ հնարավոր են ուռուցքի հետևանքով որոշ մետամարֆոզների ի հայտ գալը...
-  Դուք պետք է ասեք, պարո՛ն Արայան: Ավելի լավ է հենց հիմա: Ժամանակ այլևս չկա: Զանգե՛ք:
Արայանը հաշվարկում էր իր քայլերը: Այդպիսի էֆեկտի մասին լուրը հարվածի տակ էր դնում ողջ նածխագիծը: Անհնարին դարձնում դրա հետագա զարգացումը` մինչև չպարզվեն էֆեկտի առաջացման բուն պատճառները ու չեզոքացման ճանապարհները...
- Նրանք ունեի՞ն ընտանիքներ:
- Կներե՞ք, - չհասկացավ Կարապը:
- Հետազոտվողները... Նրանք ունեի՞ն ընտանիքներ՞
- Լյովը ուներ այստեղ մեկ մորաքույր, մնացած ազգուտակը Եվրոպայում է, իսկ ահա... նա ուներ ծեր հայր...
- Պե՛տք է կանգնեցնել նախագիծը...


4.
- Ես ասացի Ձեր ընտանիքը կգնա հանգստանալու Միջերկրական ծով:
- Ի՞նչ կապ ունի իմ ընտանիքը, գրո՛ղը տանի:
- Դուք կատարել եք մեծ հայտնագործություն, դրա համար էլ ձեր ընտանիքը կգնա հանգստանալու: Դուք էլ կգնանք նրանց հետ: Կավարտեք ձեր ելույթը հեռուստատեսությունով ու կգնաք հանգստանալու:
- Դուք ինձ չհասկացաք...
- Այդ դուք ինձ չեք հասկանում հարգարժա՛ն Արայան: Ելույթը տեղի կունենա՛: Հայտարարությունը կարվի՛: Դուք այն կանե՛ք: Հետո ձեզ լիմուզինով կտանեն օդանավակայան: Ձեզ, Ձեր կնոջը և աղջկան: Նրանք արդեն համաձայն են....
- Ի՞նչ:
- Մենք գոհ ենք ձեր աշխատանքից: Ձեզ արդեն մոտենում են... եթերը կլինի այսօր:
- Աաա...
Մինչ Արայանը հասցրեց ասել Կարապին, որ եթերը կլինի այսօր,  հայտնվեցին մի խումբ մարդիկ:
-Դոկտո՛ր Արայան, գնա՛նք: Ժամը վեցին սկսվելու է եթերը: Այս հարկու՞մ է Ձեր ողջ լաբորատորիան:
Արայանը չկարողացավ ոչ մի բան ասել... Նրան նոր էին սկսում հասնել հեռախոսով հնչող ազդեցիկ ձայնի բառերը... «ի՞նչպես թե... նրանք համաձայն են...ի՞նչ է կատարվում: Ի՞նչ ծով: Ի՞նչ ծով...»
Մի՞թե չկար տարբերակ  լռելու: Ոչ մի բան չասելու՞: Չասելու այդ գյուտի մասին, որը մարդկանց կյանք է խլում...


5.
- Ապե՛ր, մի քիչ էլ արագ, ցավդ տանեմ, մի քիչ էլ արագ, սխմի՛, - Կարապը գտել էր արագընթաց փոխադրամիջոց, որի ղեկին նստած էր ոչ այնքան արագընթաց միտք ունեցող, սակայն բարի մի անձնավորություն: Նա վերցրեց Կարապին բառացիորեն փողոցի վրայից: Մինչ մնացած ավտմեքենաները արհամարհում էին Կրապին ու սլանում էին առաջ, նա սկսում էր զրկվել կյանքի էլեմենտար կամքից ու կորցնում էր բոլոր իրեն պահող ուժերը: Նա արդեն հայտնվել էր ասֆալտի վրա, երբ նրա մոտ կանգնեց հին Մերսեդեսը իր գրեթե երկու մետրանոց վարորդով:
- Քեզ հիվանդանով ա պետք տանել, ախպե՛ր:
- Հեռուստատեսությու՜ն:
- Հիվանդանո՛ց, - ասաց հսկան ու ճնշող հայացքով սկսեց նայել նրա աչքերին:
- Չէ՛, ախպերս, հեռուստաընկերությու՛ն... էնտե՜ղ... էնտեղ հիմա վատ բաներ են լինում, ինձ պետք ա էնտեղ շատ շուտ լինել... հինգ րոպեից...կհասցնե՞ս...
Հսկան վերցրեց Կարապի զանգվածը գետնից, դրեց մեքենայի մեջ ու գործի գցեց շարժիչը: Մի քանի վայրկյան անց նրանք, կատարելով աննկարագրելի խախտումներ, սլանում էին դեպի հեռուստատեսություն:
- Հիմա ասա, խի՞ էի  ես սենց ինձ ճղում, - հարցրեց հսկան, երբ Մերսեդեսը ռեզինները ճռռացնելով արգելակեց հեռուստատեսության շենքի մոտ:
- Ժամանակ չկա, եղբա՛յր ժամանակ... ես պե՛տք ա գնամ հասնեմ... պե՛տք ա ասեմ...
Հսկան կարծես բավարարվելով այս պատասխանով գնաց: Ճիշտ է նրա դեմքին մնաց քմծիծաղի պես մի բան: Այդպիսի դեմքի արտահայտությամբ համակերպվում են ինչ-որ մեկի զառանցանքների հետ:

Ի՞նչ էր նախատեսում անել Կարապը:  Վիրավորված, հոգնած, արյունոտ, հաշմված, ի՞նչ պետք է նա աներ: Պետք է մուտք գործե՞ր եթերային տաղավար: Անցնելո՞վ անվտանգությանը: Լավ, եթե անցներ ի՞նչ պետք է այնտեղ ասեր:
- Սպասի՛ր, - կանգնեցրեց նրան հրամայական ձայնը: Սպասի՛ր, մի գործի՛ր սխալ: Դու մնացել ես ողջ... այդ մի սխալը արդեն հերիք է:
- Ի՞նչ եք դուք անում:
- Իսկ ի՞նչ եք դուք մտածում: Ձեզ կարծեմ Կարապ են անվանու՞մ: Հիասքանչ մականուն է: Շնորհավորու՛մ եմ:
- Ի՞նչու եք սպանել իմ գործընկերներին: Մտածու՞մ եք դա ձեզ կներվի: Մտածու՞մ եք դրանով դուք կկանգնեցնեք…
-Ու՞մ: Եղբա՛յր, հանգստացի՛ր: Այն որ հիմա քո ընկերները չկան… համաձայն եմ: Հենց հիմա նրանք այս շենքում չկան: Դու ուղղակի շատ բաներ չգիտես…
-Դե լուսավորե՛ք, պարո՛ն Ձեր Տիրոջ Մերը:
-Հեեեեեեե՜յ, մի քիչ ավելի նրբանկատ, լա՞վ:
Կարապը սկսեց զննել իրեն կանգնեցնողին: Մինչ այդ նա խոսում էր նրա հետ մեջքով կանգնած: Կարծես գամված այդ ձայնով` նա քարացել էր տեղում: Երբ նա շրջվեց, նրա առջև բավականին հաճելի արտաքինով ու կոկիկ հագնված հիսունին մոտ մի մարդ էր: Կամային դեմքով ու պարզ աչքերով:
- Հիմա ձեր Արայանը կասի, որ ստեղծվել է մի համակարգ, որի շնորհիվ հնարավոր կլինի միացնել բոլոր մարդկանց գիտակցություները մեկ ցանցով…
- Ու սպանել այդ մարդկանց….
- Ի՜ սեր Աստծո…
- Իմ ընկերները…
- Դե նրանք անշուշտ կսկեին աղմկել, այս ու այն կողմ... բողոքներ, հիստերիա…
- Ու դուք նրանց սպանեցի՞ք:
- Ինչքա՜ն եք դուք սիրում այդ վուլգար արտահայտությունը… ըստ ամեն ինչի, մենք ձեզ էլ ենք սպանել: Ձեր արյունահոսությունը շարունակվել է ժամից ավել: Դուք կորցրել եք ավելի քան մեկ լիտր արյուն, բայց հաջողացրել եք սողալ մինչը փողոց, սպասել մեքենայի ու գալ հասնել էստեղ ու դեռ անկապ հարցերով նյարդայնացնել ինձ…
Կարապը կասեր հակառակը: Այդ իրեն էին նյարդայնացնում: Նա չէր հասկանում բացարձակորեն ոչ մի բան:
-Առավոտյան դու ամեն ինչ կհասկանաս արդեն… ավելի ճիշտ դու արդեն ամեն ինչ գիտես, ուղղակի առավոտյան ամեն ինչ կլինի նորմալ: Իսկ հիմա մի՛ խանգարիր իմ դիտարկմանը..
- Ի՞նչ:
- Ձենդ կտրի՛, խնդրում եմ: Աղաչե՞մ:

6.
Արայանը արդեն գտնվում էր, ինչպես ասում են, եզրին: Լուսավորությունը, լարված մթնոլորտը, իր ապրումները… նա պատրաստ էր պոռթկալու… Բայց կարդում էր տեքստը…
-...այսպիսով  մենք ցույց ենք տալիս ճանապարհը… - նա մի պահ լռեց, դատարկեց արդեն որերորդ ջրի բաժակը…
Նա խեղդվում էր… միտքը, որ իր կինն ու երեխան գտնվում են դրանց մոտ… ու միտքը որ պատասխանատու է մարդկանց համար… Նա պատրաստ էր  մի ողջ հավերժություն դատարկել միլիարդավոր այդպիսի բաժակներ, մենակ թե ազատվի այդ մղջավանջից: Բայց իրականության բեռը սեղմում էր նրան գետնին: Նրան թվում էր, որ ճակատի քրտինքի հետ կսկսի դուրս գալ նաև արյուն…
Հետո տեղի ունեցավ պոռթկումը… Նա ոտքերով շուռ տվեց սեղանը, շպրտեց աթոռը, առատ հետ տվեց, սկսեց ագրեսիվ շարժումներ անել տեսախցիկների ուղղությամբ… գոռալ…
Տաղավարի կուլիսների հետևում կանգնած էր ապշահար Կարապը: Նրա կողքին գոհ ժպիտը դեմքին ծափահարում էր անծանոթը:

Վերջաբան

Կարապը զարթնեց սովորական գրաֆիկի համաձայն: Ինչպես միշտ աշխույժ ու թարմ` առողջ քնից հետո: Լոգանք ընդունելուց հետո նա շտապեց խոհանոց, միացրեց թեյնիկը, ու մինչ այն կեռար, նա մի պահ փակեց աչքերը` ստուգելու համար իր փոստարկղը: Մի քանի սովորական նամակներից բացի, որոնք գալիս են բանկերից կամ կայքերի ադմինիստրատորներից, կար ևս մեկը: Բավականին տարօրինակ հասցեով` initium@.com:
Ու հետաքրքիր բովանդակությամբ.
«Հարգելի՛ Կարապետ Նահապետյան.
24-ի լույս 25-ի գիշերը Ձեր ենթագիտակցությունը մասնակցել է 321 հավատարմագիրը ունեցող թեստին: Հավաստիացնում ենք, որ թեստի հետ կապված ասոցիատիվ նախանշաններ Ձեզ չեն սպառնում: Ամեն դեպքում հայցում ենք Ձեր ներողամտությունը:
Տեղեկացնում ենք, որ ձեր հաշվին մոտակա րոպեներին կփոխանցվի դրամանական փոխհատուցումը:

Շնորհակա՛լ ենք:
Սկզբնական վարչություն.
Հոգեբանական ուսումնասիրությունների բաժին»



No comments:

Post a Comment