Friday, May 13, 2011

Բ հատված. Ազատություն կամ 5000 դոլլար

1. Քչերն էին համաձայնվել տեղափոխվել 4-րդ փողոցի Բ հատվածը: Կարելի է ասել, որ ոմանց այնտեղ տեղափոխել էին բռնի կերպով, կամ չթողնելով այլևս այլ տարբերակներ:
Եվ ո՞վ կհամաձայնվեր այնտեղ ապրել: Նրանց երեխաները դուրս չեն գալիս տներից, քանի որ չունեն բակ, ու նրանց ամեն պահ կարող են վրաերթ անել. օրը քսանչորս ժամ: Միջին վիճակագրական տվյալներով, որը կազմել էր Վիճակագրական Բյուրոյի երթևեկության բաժինը, 4-րդ փողոցի Բ հատվածում երթևեկության խտությունը րոպեում 47 մեքենա է  ամենապասիվ գիշերային ժամերին: Իսկ պիկ ժամերին 12 մետր լայնությամբ արագընթաց փողոցով ընթանում էին րոպեում մինչև 220 մեքենաներ: Ոչ թե ընթանում, այլ սլանում էին խելահեղ արագություներով, առաջացնելով այնպիսի աղմուկ, որը համեմատելի է մի քանի ջրվեժների շառաչյունի հետ:
Տարօրինակ էին Բ հատվածի բնակիչները: Միշտ լարված, միշտ ուշադիր` նրանք չունեին հանգստի կատարյալ զգացում, նրանք չգիտեին  ինչ է անդորրը ու չէին կարող պատկերացնել նույնիսկ ինչ է դադարը: Նրանց քունը մակերեսային էր, երազները թռուցիկ ու մղձավանջային: Հենց այդպիսի քնով էր քնած Սեմ Դարբինյանը, երբ նրան արթնացրեց իր կոմմունիկատորի սուր ծլվլոցը:
Մի կերպ բացելով աչքերը ու զգալով իր մարմինը պատած կպչուն քրտինքը և բերանի դառնությունը` Սեմը մեկնեց ձեռքը ու վերցրեց քառակուսի կոմմունիկատորը:
«Պահանջվում է տեխնիկական սպասարկում, երկու ժամից: Բարձրությունը`328 մետր,  անվտանգության երաշխիքներ չկան: Պարգևատրումը 210 դոլլար: Հաստատելուց հետո կստանաք հաղորդագրություն կոորդինատներով»:
Սեմը կարդաց հաղորդագրությունը, պառկեց ու բարձը դրեց գլխին: Նա ինքն էլ մի քիչ զարմացած էր իր անտարբերության վրա: Կամ նա պիտի ինչ-որ պատճառով մերժեր առաջարկը, կամ համաձայնվեր: Իսկ հիմա`կամքի բացարձակ բացակայություն: Չէր անցել մի րոպե էլ, ինչ Սեմի գլուխը բարձի տակ մտածում էր իր կամային հատկությունների մասին, երբ նորից ծլվլաց կոմմունիկատորը: Այս անգամ  Սեմին հասել էր այլ բովանդակությանբ հաղորդագրություն...
«Կարող ես էլ չփնտրել ինձ: Տեղափոխվում եմ Հյուսիս: Ես ստանում եմ այժմ ամսեկան 700 դոլլար: Քո կարիքը առանձնապես չկա: Մոռացի՛ր ամեն ինչ...»:
-Շիզոֆրենիկ հավ, - հնչեցին Սեմի առաջին բառերը: Ամեն դեպքում երկրորդ հաղորդագրությունը նրան ահագին թարմացրեց: Նա նստեց, գտավ ջրի շիշը, արեց մի քանի մեծ կում ու վառեց սիգարետը:
«Փաստորեն 328 մետր... դա կամ պետք ա լինի էս նոր մետեոկայանի աշտարակը, կամ էլ Թվային Դաշնության երեք երկրաքերերից մեկը: Հեռուստատեսություն... բացառվում ա, նոր շենքը ցածր ա մի քսան մետրով, իսկ հին կարմիր-սպիտակավունը թզուկ ա.... Հյուսիս, հյուսիս... գնացել ա երևի Դիլիջան... հմմ... հա էլի, երևի ախպոր մոտ: Լավ, հերն էլ անիծած: Ես սենց մի քանի գործ որ անեմ, հաստատ 700 չէ, 1700 դոլլար էլ կաշխատեմ... - Սեմը ավելի խորը քաշեց սիգարետը, - բայց լավ չի, որ անվտանգություն չկա... ու չեն ասում վթարի մասին... ի՞նչ վթար: Երկու ժամում...»
210 դոլլարը Երևանում քիչ փող չէր: Իսկ եթե հաշվի առնենք, որ Սեմի մոտ մնացել էին մի քանի կիսամաշված պլաստիկ ցենտեր, կարելի է ասել, որ 210 դոլլարը մի ամբողջ կարողություն էր: Հրաժարվելը կլիներ անմտություն: Արդեն քանի ամիս է չկա նորմալ աշխատանք. կամ ասում են, որ չեն վերցնում առանց ՇԵՂՄԱՆ լիցենզիայի, կամ ասում են, որ չեն ցանկանում անձնակազմում ունենալ Բ հատվածից որևէ մեկի... իսկ ահա, եթե պետք է լինում ռեակտորների արանքներով սողալով բացել գոլոշու ելքերը, կամ փակել հերթական աշտարակներից մեկում պլազմային էներգիայի արտահոսքները` խնդրեմ, Սեմի նմանների մասին հիշում էին բոլորը:
Պե՛տք էր սեղմել OK,  պե՛տք էր փողը...

2.
Սեմի ծնվելուց դեռ տաս տարի առաջ էր, երբ պարբերական մամուլը առաջին անգամ հայտնեց ՇԵՂՄԱՆ մասին: Այդ ընթացքում հասցրել էր փոխվել գրեթե ողջ աշխարհը... փոխվել անճանաչելիության աստիճան: ՇԵՂՈՒՄը սկզբում ընկալվեց որպես ամերիկյան ֆիլմերում այնքան շատ հանդիպող մուտացիայի պես մի բան, իսկ շեղում ունեցող մարդիկ`մուտանտներ: Նրանց մասին անընդհատ նկարահանում էին հաղորդումներ, ցանցերում բացվում էին ֆորումներ, գրվում էին հոդվածներ, տարվում էին վեճեր էթիկայի ոլորտում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու մասին: Մի քանի տարի շարունակ ողջ աշխարհը կարծես գտնվում էի ինչ-որ համատարած իրարանցման մեջ. ամեն ոք ու ամեն բան զառանցում էր միայն մեկ թեմայով` ՇԵՂՈՒՄ:  
Սեմը դեռ երեխա էր, երբ հնչեց առաջին կրակոցը, որը սկիզբ դրեց հին կորպորացիաների ու Թվային Դաշնության միջև պատերազմին, որը սակայն ավարտվեց շուտ` երկկողմանի համաձայնություններով: Թվային Դաշնությունը ստացավ մոնոպոլիա Ցանցին տիրապետելու համար: Իսկ հին կորպորացիաները, որոնց շարքերում շատ էին ՇԵՂՄԱՆ կրողները պահպանեցին իրենց ռեալ ազդեցությունը, սակայն աստիճանաբար սկսեցին կախվածության մեջ ընկնել Թվային Դաշնութոյւնից, ինչը բերեց Խավերի Մեծ Վերադասավորմանը...
Սեմ Դարբինյանի շեղումը եզակի էր ողջ Երևանում, ու նման ունակություններով օժտված չէր ՇԵՂՄԱՆ կրողներից ոչ մեկ: Երբ պետք էր լինում աշխատանքներ կատարել բարձր հարկերում, կամ այլ դժվարհասանելի վայրերում, նա անփոխարինելի էր: Ունենալով մաշկի բացառիկ հատկություններ`  նա զգալիորեն չեզոքացնում էր գրավիտացիայի ազդեցությունն իր մարմնի վրա: Նման բան թերևս հայտնի էր եղել Չիկագոյում`մի երեք տարի առաջ, բայց հետագայում այդ թեման այլևս չէր արծարծվել: Բացի այդ նրա գիտելիքները, տեխնիկական հմտություններն ու առողջ, իրադարձություններին անմիջապես արձագանքող հստակ միտքը նրան անփոխարինելի էին դարձնում տարբեր տեսակի գործողություններում:
Կոորդինատները ստացվեցին OK-ից անմիջապես հետո:  Թվային Դաշնություն` երրորդ աշտարակ: Պետք էր շտապել: Հաղորդագրության մեջ նշվում էր, որ պետք է չեզոքացնել պլազմայի արտահոսքը 72-73-րդ հարկերի հատվածում: Այդ հիմար պլազմային շերտերը, որոնցով վերջերս սկսեցին պարուրել գրեթե բոլոր շենքերը, հանդիսանում էին էներգիայի լավագույն աղբյուրներից մեկը: Բայց մի թեթև վնաս մակերեսին, ու էներգիայի աղբյուր պլազման սկսում էր հոսել, խաթարելով էներգիայի սնուցումը:
Սեմի համար դժվար չէր գլուխ բերել այդպիսի գործ: Ուներ և փորձ, և համապատասխան հմտություններ:
Աշտարակների անվտանգության պատասխանատուից ստանալով մանրամասն տեղեկություններ`Սեմը անցավ շենքի տակ կուտակված ամբոխի միջով ու սկսեց  վեր մագլցել: Դա միաժամանակ հարմար էր իրեն, քանի որ իրեն միշտ է ավելի հարմար եղել մագլցել, քան բարձրանալ աստիճաններով, համ էլ Թվային Դաշնությանը, որի «ազնվական» բարքերը  արգելում էին շենք ներս մտնել ՇԵՂՄԱՆ այն կրողներին, որոնք չունեն համապատասխան լիցենզավորում որևէ ոլորտում աշխատելու համար:
            Երբ ճեղքը արդեն փակված էր, պլազմայի հոսքը դադարեցված, ու Սեմը ներքևում արդեն սպասում էր իր վարձատրությանը հայտնվեց նիհար կազմվածքով սևազգեստ մեկը ու սառը, բայց քաղաքավարի ասաց.
-Պարո՛ն Դարբինյան, ձեզ հետ ցանկանում են զրուցել, հետևե՛ք ինձ, խնդրում եմ:
-Հն՞: Ես՞:
- Հետևե՛ք ինձ, - կրկնեց սևազգեստը:
Սեմը զարմացած էր: Իրեն կանչում են  Թվային Դաշնություն:
«Տեսնես որ աշտարակը դա կլինի, ահա... ահա նա. առաջինն է: Ի՞նչ են ինձ առաջարկելու: Ի՞նչ են ասելու: Ի՞նչից ես վերցնում , որ առաջարկելու են: Սրանցից սպասելի ա, որ կպարտադրեն»
Անցնելով բազմապիսի անվտանգության համակարգերի միջով (սկսած մատնահետքերի ստուգումից, մինչև ձայնային համապատասխանելիության թեստը), նրանք հայտնվեցին ընդարձակ ընդունարանում: Սևազգեստը առանց ուշադրություն դարձնելու ընդունարանում սեղանների հետևում աշխատողների ու բազմոցների վրա նստած սպասող այցելուներին Սեմի հետ անցավ մինչև վերջ, թակեց հսկա սև դուռն ու առանց սպասելու որևէ արձագանքի, մտավ ներս: Նրան հետևեց նաև Սեմը...

3.
-Սրտանց ուրախ եմ ես հիմա, պարոն Դարբինյան, կամ ինչպես Ձեզ շատ հաճախ անվանում են`Սեմ, տեսնել մեզ մոտ:
-Հմ... - ուզեց մի բան էլ ինքը  ասել Սեմը:
-Մենք լսել էինք ձեր մասին ամենատարբեր աղբյուրներից, բայց այսօր ես տեսա թե ինչպիսի հնարավորությունների եք տիրապետում Դուք ու ինչպես եք դրանք օգտագործում:  Ես պարզապես զարմացած եմ Ձեր լիզենզիայի հետ կապված պրոբլեմների վրա... Դուք չեք ուզու՞մ ունենալ լիցենզիա:,- Խոսացողը կլոր ու կնճռոտ մի զանգված էր, որին երկար նայելուց հետո, կարելի էր գտնել դեմքի ուրվագծեր, հետո նշմարել մի չնչին տարածություն, որը հավանաբար ժամանակաին եղել է վիզ և ուսեր ենթադրող գոգավորումներ: Ու հիմա այդ  դեմքը նայում էր հարցական արտահայտությամբ ու անհամբերության նշույլներով:
-Դե... ես չեմ մտածել, այսինքն լուրջ չեմ մտածել լիցենզիայի մասին...
-Դուք դեմ ե՞ք լիցենզավորմանը:
-Դե ոնց ասեմ... ես... ես չեմ սիրում մտածել այդ ուղղությամբ...
-Դուք մեր դասակարգումով համարվում եք ՇԵՂՄԱՆ առաջին աստիճանի կրող: Այն բանից հետո, երբ ՇԵՂՄԱՆ բոլոր ինստիտուտները բռնեցին կորպորացիաների կողմը պատերազմի ընթացքում, մենք ունենք լիակատար բարոյական, իրավաբանական ու նյութական իրավունք լիցենզավորման ենթարկել կրողներին, որպեսզի զերծ մնանք հետագայում տհաճ  պատմություններից:
-Ես հասկանում եմ ձեզ...
Կլոր զանգվածը հմտորեն անընդհատ ավելի էր սաստկացնում իր տոնը: Սեմը զգում էր, որ աստիճանաբար ընկնում է այդ տոնի ազդեցության տակ: Նա զգում էր ողջ ճնշումը, որ գործադրում էր իր վրա այդ մարդը:
-ՀԻմա մենք ուզում ենք տալ Ձեզ լիցենզավորվելու հնարավորություն... եթե կամենում եք, պարոն Դարվբինյան: Իսկ դուք կամենում եք...
-Այո՛, - ինչքան կարող էր հավասարակշռված ասաց Սեմը:  Նա գիտակցում էր ստեղծված իրավճակը: Նրան հիմա առաջարկելու էին իր ճահճից դուրս գալու ռեալ տարբերակ: Ողղակի կկարողանար նա դա համաձայնեցնել իր խղճի հետ...
-Դուք հո ուզում ե՞ք, պարոն Դարբինյան, մի օր վերջապես հանգիստ քնել, հանգիստ ապրել բարեկեցիկ թաղամասում, այլ ոչ թե  Բ հատվածում: Տեսնում եմ Ձեր դեմքից, որ ուզում եք... ու իրավացի եք, թե չէ առանձնապես հիմք էլ չունեք բողոքել ձեզանից հեռացած կնոջից…
-Ա՜խ դուք… - նյարդայնացավ Սեմը:
-Լռե՛լ, չընդհատե՛լ, - սաստեց նրան կլոր մարդը, - ձեզանից հիմա պահանջվում է հետևյալը: Դուք ծանոթ եք հավանաբար Կորպորացիաների Միջազգային Խորհրդի գրասենյակին…
-Կենտրանական Երկնաքե՞րը:
-Հե՛նց դա… ուղիղ մի ժամից այնտեղ կսկսվի Երևանյան գլխավոր տնօրենների ժողովը… իսկ դուք բարեհաջող կարող եք հայտնվել ժողովի սրահի պատուհանների շրջակայքում, ու տեղադրել այնտեղ որոշ անմեղ սարքավորումներ…
-Կենտրանական երկնաքերը պաշտպանվում է ամենաժամանակակից լազերային սենսորներով: Բացի այդ այնտեղի պահակագնդի մեջ ներառված են ռազմական պատրաստվածություն անցած ՇԵՂՄԱՆ բազմաթիվ կրողներ… ես չեմ կարող…
-Իսկ դուք սիրում ե՞ք օրինակ 5000 դոլլար:

4.
Անցնել լազերային սենսորներ… դրան սովարեցնում են, դրան վարժեցնում են, ի վերջո, դա հնարավոր է: Իսկ ահա անցնել Կենտրոնական Երկնաքերի պահակախումբը…
Այդտեղ Սեմը ստիպված եղավ քրտնել: Նա մագլցում էր կամրջակների տակով, ծառերի վրայով, ձողերի վրայով, մի խոսքով ամեն կերպ շարժվում էր դեպի շենքը` մնալով աննկատ:
Երբ հասավ շենքին, հանգստացած շունչ քաշեց. մնում էր միայն մագլցել վերև: Դա նա կարողանում էր առանց որևէ լարվածության: Իսկ շենքի վրա, այն էլ երկնաքերի, նրան դժվար թե ինչ-որ վտանգ սպառնար: 5000 դոլլար… ու նա կկարողանար այն թշնամական կոմմունիկատորի վրա ուղարկել հաղորդագրություն, որի հեգնական պարունակության մեջ կլինեն երեք զրոներ ու մեկ հինգ, երկու զրոյի ու մեկ յոթի փոխարեն: Նա չէր կարողանում դրա մասին մտածել առանց որոշակի էյֆորիայի… միաժամանակ նրան տանջում էր տագնապը… նախ լինելու լիցենզավորված, և հետո… նա գտնվում էր կորպորատիվ ամենամեծ կազմակերպության շենքի վրա`թշնամական առաքելությամբ… ու գիտակցում էր նա, որ այդ կազմակերպությունը, համենայն դեպս, ավելի քիչ է վնաս տվել իր նմաններին քան Թվային Դաշնությունը:
            Հասնելով պետքական պատուհանին Սեմը հարմար դիրքավորվեց` ընտրելով իր համար շահեկան տեսադաշտ: Միանգամից տեղադրեց լսող ու ձայնագրող սարքերը փեղկերի եզրերով: Մեծ էր լսելու հրապուրանքը ու նա չզսպեց իրեն…
-Մենք դժվարին վիճակում ենք, ուրիշ ելք չկա, - ասում էր մեկը`մոխրագույն կոստյումով ու նյարդային շարժումներ անում, կարծես ուզենար շտապ զուգարան գնալ:
-Պետք էր շուտվանից դա անել… հիմա սենց կեղտի մեջ չէինք լինի… -մեջ մտավ մի ծերուկ:
-Ժողովու՛րդ, մնացել են հաշված րոպեներ… մենք կարղ ենք կանգնեցնել պրոցեսսը, եթե չկա վստահություն, որ կկարողանանք դիմակայել սպասվող խռովություններին:
-Մենք այսօր մոտ էինք կրախին, երբ պատռվեց դրանց պլազմային շերտը… - ասաց ամենաերիտասարդը`այնտեղ ներկա գտնվողներից, որը արտաքինով շատ նման էր ծերունուն, - ու այդ ժամանակ ես գիտակցեցի, որ ի վիճակի եմ ռիսկի դիմելու`զողասեղանին դնել նաև կյանքս…
-Մնաց երեք րոպե…
-Հասկացե՛ք պարոնայք, մեր հաշիվները նրանք սառեցնում են երբ ուզում են, պահանջում են աննկարագրելի տոկոսներ փոխանցումների համար, ու այդ ամենով հանդերձ չեն ապահովում մեր ինֆորմացիաների գաղտնիությունը… դրան պետք է վերջ տալ…
-Ինձ թվում է չկան դեմ ձայներ:
Պատուհանից այն կողմ մթնոլորտը իրոք լարված էր: Դա լավ էր զգում Սեմը… ուղղակի չէր հասկանում... ավելի ճիշտ չէր ուզում հասկանալ`մինչև չհնչեց հաստատող նախադասությունը…
-Պարոնա՛յք, պայթյունին մնաց երկու րոպե, ու մենք կազատվենք Թվային Դաշնության իշխանությունից… Խաղը սկսված է, պարոնա՛յք:
Սեմը փշաքաղվեց… արագ իջնելով շենքի վրայից, նա զգույշ հեռացավ երկնաքերի բակից ու հայտնվելով փողոցում, սկսեց տենդագին մտածել. «Ա՜յ քեզ բան… հիմա… էլ վե՞րջ… Հա՜ հա՜ հա՜…»: Անբացատրելի հրճվանքը պատել էր նրա հոգին: Նա բարձրաձայն ծիծաղում էր`գրավելով հազվադեպ անցորդների ուշադրությունը: «Ա՜յ քեզ բան: Ա՜յ թե սրանք ասեցին…»
Հանկարծ հորիզոնը արևմտյան կողմից լուսավորվեց, մի քանի վայրկյան անց լսվեց պայթյունի խուլ գմփոցը...էլի.. էլի… Կարող է դա թվաց միայն Սեմին, բայց քաղաքի վրա միանգամից գմբեթի պես կախվեց տագնապի զգացումը: Շատ լավ էր քաղաքը հիշում իր պատերազմները…
«5000 դելլա՜ր… հինգ հազա՜ր…..ա՜խր, բայց ա՜յ քեզ բան: Հիմա ի՞նչ: ԵՍ ԼԻՑԵՆՑԱՎՈՐՎԱԾ ՉԵ՛Մ»:
Նա շտապ հանեց իր կոմմունիկատորը: Պետք էր դուրս հանել իր էմոցիաները, դուրս...
«Ես ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՉԵ՛Մ, սիրելի՛ս… կներե՛ս: Ես ուրախ եմ, որ հիմա դու Հյուսիսում ես: Ես չունե՛մ հիմա 5000 դոլլար:  Դու հասկանու՞մ ես… ես ազա՜տ եմ հիմա, ու չեմ մոռանում քեզ: Ես չունեմ 5000 դոլլար: Ես հիմա ազա՜տ եմ»:
Հաղորդագրությունն ուղարկված էր: Քիչ անց եկավ ստացման հաստատումը...

No comments:

Post a Comment