Tuesday, May 31, 2011

ՀՈԳԵԴԱՐԱՆ

1.Մեկուսացման ռեզոնատորային համակարգը ընդունվեց սրանից քսան տարի առաջ` երրորդ հազարամյակի առաջին դարի կեսերին: Դա մարդկային հոգու էներգիան ֆիքսելու միակ մատչելի տարբերակն է այժմ: Հոգին չունի զանգված: Նրա էներգիան կայանում է շարժման մեջ, անընդհատ շարժման: Այդ շարժումը հաջողվեց ֆիքսել Բուդապեշտի Ուլտրանատուրալ համալսարանի գիտնականների ստաղծած գերհարթ հայելիների շնորհիվ: Դրանք այնքան հարթ էին ու այնքան անթերի էին արտացոլում հոգու շարժումը, որ ստացվում էր հոգու համար ստեղծել պայմաններ երկար ժամանակ ֆիքսված մնալու համար: Մինչ այդ բոլոր փորձերը ձախողվում էին, քանի որ մյուս բոլոր հայելիները էներգիայի հաշվին տաքանում էին, իսկ հոգին անէանում էր:
Ռեզոնատորային արգելանոցները իրենցից ներկայացնում են մարդկային հոգեդարաններ: Դրանք ընդարձակ սրահներ են, որոնցում անընդհատ պահպանվում է այնպիսի ջերմաստիճան, որը իդեալական է պահոցներում իրար կողք կողքի դրված հայելիային տուփիկների համար:
Դրանցում պահվում են հանցագործների, սեպարատիստական ուժերի ներկայացուցիչների, կրոնական այլախոհների ու մոգական ինստիտուտների կողմից անիծվածների անհամար հոգիներ: Դրանք սեղմված լինելով իրենց տուփիկներում` անընդհատ արտացոլվում են մի պատից մյուս պատը` երբեք չդադարելով: Դա է նրանց գոյությունը: Անհնար է նրանց կանգ առնելը: Դա կլինի ամենամեծ պարադոքսը, ու հոգին կոչնչանա. կդադարի գոյություն ունենալ որպես էներգիա:  Գրանցվել են հոգիների կորստի դեպքեր միայն  տարբեր հայելիների փորձարկումների ժամանակ: Սակայն դադարի պատճառով հոգու կործանում դեռ չի եղել...


2.
-Ես ասել եմ ու ասում եմ` գործը չափից դուրս ռիսկային է: Քեզ բան չի՞ ասում էն, որ բոլոր, հասկանու՞մ ես, բոլոր մասնագետները ասում են` մի արա՛:
- Իսկ էդ մասնագետները գիտեն ի՞նչ պրոբլեմներ կունենանք մենք, եթե չապահովագրվենք: Այս ծրագրի շնորհիվ  միայն հնարավոր է վերընտրվել
Պատգամավոր Գոռոյանի գրասենյակը գտնվում էր քաղաքի ծայրամասում կառուցված երկնաքերի վերջին հարկում: Չնայած դա արդեն դժվար էր անվանել ծայրամաս, քանի որ քաղաքը անդադար աճում էր դեպի հյուսիս ու արդեն կուլ էր տվել հարակից մի քանի բնակավայրեր: Վերցնելով իր համար որպես գրասենյակ իր իսկ սեփական երկնաքերի վերջին հարկը` Գոռոյանը հույս ուներ հսկայական պատուհաններից ունենալ տեսարան դեպի ողջ քաղաքը: Սակայն նրա այդ քմահաճույքը դեռ չէր կատարվում: Փոշու ամպը, որը արդեն 59-րդ հարկի մակարդակից կախված էր քաղաքի վրա, թույլ չէր տալիս զմայլվել որևէ տեսարանով: Գոռոյանի պատուհաններից երևում էր միայն փոշու ամպերի անծայր հարթությունը:
Վերցնելով սեղանից վիսկիով լի բաժակը` Գոռոյանը միջամտեց.
- Ինձ թվում ա, հարգարժան հյուրեր, որ իզուր տեղն եք հիմա սենց իրար միս ուտում: Ոչ մի պրոբլեմ չկա, ոչ մի քննարկելու թեմա չկա:
- Ամենայն հարգանքով, պարո՛ն Գոռոյան: Չկա՛ նախադեպ ու բոլոր կանխատեսումներով դա կառաջացնի... - դողացող ձայնով սկսեց զառամյալ պրոֆեսոր Դաքյանը:
Նրան ընդհատեց Արսենը` Գոռոյանի խորհրդականը:
- Դե ոչ մի բան էլ էդ պրիմիտիվ գործընթացը չի առաջացնի: Նույն տուփերից կսարքենք, ուղղակի ստանդարտ 36 սմ-ը 18-ի վրա կանենք երկուսը երեքի վրա ու վերջ:
- Տգիտությու՜ն, տգիտությու՜ն: Հոգին կայրվի՜: Հոգու համար դա չափազանց փոքր է, դա շատ վտանգավոր է: Դա կպայթի՛, կտրաքի՛...
- Հանգստացե՛ք, Դաքյան, - Գոռոյանի խռպոտ ձայնը լի էր վճռականությամբ, - ես հիքմեր ունեմ չհավատալ ձեր կանխատեսումներին: Էն հայելիների տեսակները, որ փորձում էին, դուք գոռում էիք, որ անհետացող հոգիները սպառնում են խախտել ինչ-որ աներևակայելի սպիրիտալ բալանս: Դա ծիծաղալու ա: Ընդամենը ծիծաղալու:
- Ես...ես համոզված եմ:
- Պրոֆեսո՛ր, ես միշտ եմ գնահատել ձեր մատուցած ծառայությունները ու չեմ ուզում կոպտել: Դուք առավոտյան կհայտարարեք, որ մեր այս փոքրիկ փորձը չի սպառնում ոչ մեկին:
- Բայց... 
Դրանից կախված ա իմ վերընտրվելու հարցը: Ու ինձ չի թվում, որ դուք չեք հասկանում ինչ ա դա նշանակում: Մենք պետք ա լուծենք երկու հարց: Ձեր մոգոնած հսկա արգելանոցները զբաղեցնում են աննորմալ... չէ անբարոյական մեծ տարածքներ էս քաղաքի մակերեսի վրա: Ես նույնիսկ զզվում եմ հաշվել այն ահռելի թիվը, որով հաշվվում են աննպատակ զբաղեցված քառակուսի մետրերը ու դրանց պոտենցիալ օգուտները:
- Իսկ մեք միայն ու միմիայն մինիմալիզմի կողմնակիցներ ենք, - մեջ մտավ Արսենն ու որսաց Գոռոյանի գոհ հայացքը: Հավանաբար Գոռոյանը հավանեց նրա ռեպլիկը:
- Բացի այդ, հարգարժան, պատվելի պարո՛ն պրոֆեսոր Դաքյան, մենք ունենք հստակ հաշվարկներ, որոնցից երևում ա, որ փոքր տարածքներում հնարավոր կլինի սկսել այն, ինչի մասին մինչ այժմ ենթադրել են:
- Ինչի՞ մասին է գնում խոսքը, - Դաքյանը ուզում էր հետ տալ, փախչել, մեռնել կամ գոնե ուշաթափվել: Միայն թե դուրս պրծներ այդ մղձավանջից: Բայց ծեր պրոֆեսորը չէր կարող չտալ հարցեր:
- Մենք կսկսենք վերամշակել հայելիներում էս ու էն կողմ թփրտցող էներգիան... ասում են դա անփոխարինելի աղբյուր ա: Ասում են` նույնիսկ անսպառ, - Գոռոյանը նայեց Դաքյանին անթաքույց հրճվանքով: Նա ճոճվում էր իր ազդեցիկ բազկաթոռի մեջ ու մեծ սիրով շոյում իր ոչ պակաս ազդեցիկ փորը: «Մինիմալիզմ»` մտածում էր Դաքյանը:
            - Դա կբերի... դա... մարդկանց հոգիները օգտագործել... դրանք կոչնչանա՞ն:
- Դե դա դուք` գիտության վարպետներդ կիմանաք: Իսկ մենք կմտածենք ինչպես միշտ լիքը պահել մեր արդեն փոքրիկ դարձած արգելանոցները:  
- Մենք, պարո՛ն Դաքյան մտածում ենք ժաղովրդի մասին: Ավելացնում ենք նրա համար քաղաքի մակերեսը, ստեղծում ենք նրա համար էներգիայի նոր աղբյուրներ, ազատում ենք հասարակությունը չուզողներից, - ասաց Արսենը` նորից շահելով Գոռոյանի դրական հայացքը:

3.
«Հարություն Գաբրիելյան: Համար 4758: Եթարկվել է մեկուսացման անջատողական շարժումներին մասկակցելու համար: Մեկուսացման ժամկետը եռակի գաղտնիացված է: Մոգական հանձնաժովողի համաձայնությամբ թույլ եմ տալիս կատարել Հարություն Գաբրիելյանի հոգու տեղափոխությունը մինի ֆորմատի առաջին փորձատուփ: Փորձը սկսել անմիջապես»:
 Հոգեդարանում մնացել էին միայն ավագ մասնագետներ Կարոն ու Բաբկենը և երկու սանիտարուհիներ, որոնք սրճում էին իրենց սենյակում, մինչ սկսեին գիշերային հերթափոխի հատուկ աշխատանքները:
Հաղորդագրությունը ստացվել էր անձամբ Դաքյանից: Կարոն շտապեց այն ցույց տալ Բաբկենին: Ինչպիսի պատիվ էր ընձեռվել: Ստանալ աննախադեպ փորձ անելու կարգադրություն պրոֆեսսոր Դաքյանից: Չէ՛, աշխարհահռչակ պրոֆեսսոր Դաքյանից: Ու ինքը, առաջինը ինքը նկատեց հաղորդագրությունը: Կարոյի փառասիրությունը չէր ճանաչում սահմաններ:
- Բա՜բ: Բա՜բ: Ապե՛ր, Բաբ ջա՛ն, նայի՛, հլը նայի ինչ ենք անելու մենք հիմա, ապե՜ր, նայի ինչ ենք անելու:
- Օհո… վատ չի, վատ չի… - Բաբկենի անտարբեր տոնը չէր նշանակում, որ նա իրոք թքած ունի, - սկսենք: Հարություն Գաբրիելյան: Գնամ, գնամ բերեմ էդ դրա պաչկեն: Ասու՞մ ես 4758:
Սպիրիտալ լաբարատորիան պատրաստ էր գործողությանը: Ամեն ինչ բերված էր կարգի: Հատուկ հակաստատիկ սեղանին դրված էր ռեզոնատորային տուփիկը: Կարոն ու Բաբկենը հայելիային համազգեստով կանգնած էին սեղանի մոտ: Քիչ այն կողմ` առանձին սեղանի վրա դրված էր լուցկու տուփի չափ մի բան:
Պայթյունին մնացել էին հաշված րոպեներ:

ՀԻՄԱ
«Այս աղետը տակնուվրա արեց իմ քաղաքը: Հիմա դատարկ են փողոցները, այրված են հազվադեպ արհեստական այգիները: Պարեկային ծառայությունները ժամը վեցից հետո իրենց ձեռքն են վերցնում ողջ իշխանությունը: Նույնիսկ կատուներն են խուսափում դուրս գալ նկուղներից կամ իջնել կտուրներից:  
Մեր թաղամասում արգելված է դուրս գալ փողոց: Ամեն տնից մի հոգի է դուրս գալիս պարեկայիններից ստանալու որոշակի մթերքներ: Ասում են ինչ-որ հոգի է պայթել: Չգիտեմ ինչ է դա նշանակում: Հավանաբար դա ուժեղ բան է եղել, որ էսպես ավիրել է իմ քաղաքը: Լսել եմ, որ մի քանի օրից էստեղ կգան միջազգային հումանիտար ծառայություններ: Դրանք հիմա էլ են այստեղ, ուղղակի ինչ-որ բաներ են ստուգում քաղաք ներս մտնելուց առաջ: Ասում են շատ է վտանգավոր: Ես հոգնել եմ լսել, թե ինչպես է ինչ-որ մեկը ասել: Բայց ուրիշ տարբերակ չկա նորություններ իմանալու: Հավանաբար սա հրաշք է, բայց ես էսօր կարողացել եմ միանալ Ինտերնետին: Մի տեսակ հանգիստ եմ, որ ինչ-որ մեկը կկարողանա կարդալ սա:
                                                                                                                                                             Davit»     

No comments:

Post a Comment