Thursday, May 1, 2014

Թանկ պանիր միայն թակարդների համար

Վերջերս անհանգիստ եմ: Անհանգստության պատճառը գիշերային մղձավանջներն են եւ դրանց հետեւանքով առաջացած ստեղծագործական ճգնաժամը: Ինչ ուզում եք ասեք, բայց քնաթաթախ եւ պարանոյիկ վիճակում դժվար է իրար կապել երկու բառ, էլ չեմ ասում որեւէ քիչ թե շատ ըմբռնելի տեքստի մասին: Ողջ այս քաղաքական ինտրիգները, որոնց պատճառով կարող է իմաստազրկվել կես ժամ առաջ գրված ռեպորտաժդ, հյուծել են իմ առանց այն էլ տկար փետուրը եւ սպառել բառերիս հոսքը: Երբ ես պառկում եմ քնելու, ինձ թվում է, թե ուր որ է կզանգեն եւ կասեն, որ նախագահ, վարչապետ, օմբուդսմեն կամ նախարար է փոխվել, որ հեղափոխություն է, եւ ես ստիպված կլինեմ ուղղահայաց դիրքի բերել քնաթաթախ եւ պարանոյիկ մարմինս, վերցնել լուսանկարչական ապարատն ու ձայնագրիչը եւ նորից քարշ գալ այս անհանգիստ քաղաքի քաղաքականացված փողոցներով: Ախ... ես մոռացա նշել իմ պարանոյայի պատճառները: Բանն այն է, որ իմ բնակարանը, իմ միակ ու վերջին հանգրվանը, բետոնե ջունգլիների մեջ ինձ հատկացված անձեռնմխելի տարածքը ծայրից ծայր ականապատված է թակարդներով: Գրողի տարած մկները: Մկները, որ պետք է, կարծես, տեղ չունենան ուրբանիզացված եւ բարեկարգ մեր դարաշրջանում, շարունակում են ներթափանցել ինձ պես հասարակ մարդկանց կացարաններ եւ ահաբեկել նրանց օրն ի բուն, եւ ես կասեի նույնիսկ` բերանքսիվայր, թեեւ այս բառն այստեղ բոլորովին տեղին չէ: Միգուցե շատերի համար թվա ծիծաղելի, բայց ես որոշակիորեն տառապում եմ զեմմիֆոբիայով` վախենում եւ զզվում եմ կրծողներից, եւ վերջիններիս ներկայացուցիչների` մկների հայտնությունն իմ տան սահմաններում բավական մեծ պատճառ է, որպեսզի ես անընդհատ տվայտվեմ վախից, անհարմարավետության զգացումից եւ այլ հոգեկան ցավերից:
Ուստի եւ մասնագետները խորհուրդ տվեցին ինձ զինվել մկան թակարդներով եւ այդ կերպ պայքարել օրհասական աղետի դեմ:
- Իսկ դարիս հարիր միջոցներ` թունաքիմիկատներ, ուլտրաձայներ, հերն անիծած մոգությո՞ւն,- հարցրեցի ես մասնագետին:
- Միակ արդյունավետ միջոցը թակարդներն են,- պատասխանեց նա եւ նրա ձեռքերում շատ տեղին հայտնված պոպոկ-ջարդիչը խռճտոցով շրխկացրեց-կոտրեց հունական ընկույզը:
- Տպավորիչ է,- ասացի այն ժամանակ ես եւ գնեցի մի խուրձ մկան թակարդներ:
Ու կյանքն իմ ավելի լցվեց վտանգներով, քանզի տունս դարձավ ոչ միայն լրագրողական տենդագին երազների եւ մկների որջ, այլ ականապատ տարածք, որտեղ սահմանամերձ վայրերի բնակիչներին արգելվում է սունկ ու բանջար հավաքել:
Եւ ինչի մասին եմ ես մտածում երկրիս համար պատմական այս ժամանակաշրջանում:
- Ինչի՞ մասին ես դու մտածում երկրիդ համար պատմական այս ժամանակահատվածում,- հարցրեց խմբագրի խռպոտ ձայնը առավոտյան ժամը վեցն անց կես, լսափողի խորքից:
- Մկների,- պատասխանեց իմ քնաթաթախ գիտակցության ոչ պակաս խռպոտ ձայնը:
- Նոր վարչապետը քսան րոպեից կլինի Չիզ-սքուերի 1 հասցեում` վազիր: Ու դիկտաֆոնդ չմոռանաս:
-Մյաու,-արձագանքեց ավետիսին ամեն ինչ հերքող խռպոտ գիտակցությունս:
Տու, տու, տու....
Ոչինչ ավելի համոզիչ չէ, քան սպառնագին անջատված հեռախոսի «գուդոկները»:
Գործադրելով ասպետին վայել կամային եւ ֆիզիկական ջանքեր` ես վեր կացա, ինչ-որ մի կերպ լվացվեցի, մեկ-երկու կերպ հագնվեցի, չորս-հինգ անգամից հաջողացրեցի միացնել թեյնիկը, բայց նայելով ժամացույցին` տեսա, որ թեյ խմելու ժամանակ այլեւս չկա: Ուզեցա գոնե մի պատառ հաց ու պանիր հուպ տալ, բայց հիշեցի, որ կառավարության փոփոխություններից հետո կտրուկ թանկացել են պանրի գները, իսկ իմ գնած ողջ պանիրը հիմա թակարդների վրա է: Ձրի պանիրը միայն թակարդներո՞ւմ է լինում: Չէ մի չէ: Այս թակարդներում լինում է միայն թանկարժեք պանիր: Այս թակարդներում, որոնցից երկուսի վրայից այդ հանդուգն մկները թռցրել էին պանրի կտորները առանց բռնվելու:

Շրջանցելով բոլոր դաժան տեսարանները, երբ ես գլխիկոր վազում էի դեպի Չիզ-սքուերի 1 հասցե` ճանապարհին ընկնել-հելնելով` տեղեկացնեմ, որ նպատակակետին, այնուամենայնիվ, հասա ժամանակին: Երբ ես շնչակտուր մոտեցա Չիզ-սքուերի 1-ին, նորանշանակ վարչապետի շքախումբը նոր իջնում էր մեքենաներից եւ լիաթոք շնչում վաղորդյան առավոտի դեռեւս չապականված օդը: Ուրիշ լրագրողներ տեղանքում չէին երեւում: Ես բացեցի ֆոտոյիս օբյեկտիվն ու մի քանի լուսանկար արեցի` այդ ընթացքում շարունակելով մոտենալ:
- Պարոն վարչապետ,- գոչեցի ես` արդեն նրանց կողքը կանգնելով եւ ձայնագրիչս (որը, ի դեպ, ես չմոռացա վերցնել հետս) միացնելով:
- Շնորհակալություն,- ասաց նա, ով զգալիորեն փոքր էր երեւում իր հսկա թիկնապահերի շրջապատում:
- Պարոն վարչապետ, ի՞նչ եք անում այսքան վաղ առավոտյան, դուք անքնությո՞ւն ունեք:
Ընդունելով պորտրետային կեցվածք եւ թողնելով, որ ես եւս մի քանի անգամ լուսանկարեմ իրեն, վարչապետն ասաց` դեմքի իմաստուն արտահայտությամբ.
- Գործերը առավոտ կանուխ սկսելը միշտ էլ արդյունավետ է: Ինչքան վաղ արթնանաս, այնքան ավելի հաջող կլինի օրդ: Այ, օրինակ` դու: Այսքան շուտ ես արթնացել եւ արդեն հասցրել ես զրուցել վարչապետի հետ:
- Դա այդպես է, բայց կան տեղեկություններ, որ ձեր թշնամիները որոգայթներ են լարում ձեր դեմ, թակարդներ, դավադրություններ են պատրաստում...
- Դուք տեղեկություննե՞ր ունեք:
- Այդպես խոսում են: Հնարավո՞ր է, որ դուք հենց այդ պատճառով եք առավոտյան վաղ ժամերին գալիս աշխատանքի`թշնամու ագրեսիայից հնարավորինս խուսափելու համար:
- Հարգելիս,- պատասխանեց վարչապետը, ում թիկնապահները նյարդային շարժումներ էին անում` ասես չհանդուրժելով իմ հարցերը առավել, քան իրենց պաշտպանյալը,- ինձ այս քաղաքում այնքան էլ ուրախ չեն, եւ ես տեսնում եմ թակարդներ, որ դրված են ինձ համար, բայց կարող եք հանգիստ լինել, եւ գրել, որ ես ոչ մի պայմանում չեմ հանձնվելու:
- Պարոն վարչապետ, իսկ այն ի՞նչ կատու է վանդակի մեջ,- հարցրեցի ես ցույց տալով նրա թիկնապահներից մեկին, ում ձեռքին թութակի վանդակի պես մի բան կար, որի մեջ միայնակ նստած էր մի շեկ կատու` նման առյուծի:
Վարչապետը շուռ եկավ, կարծես ինքն էլ զարմացած` մի պահ նայեց կատվի վանդակին, ապա նորից դարձավ ինձ:
- Ուրիշ հարցե՞ր:
- Ե՞րբ կէժանանա պանիրը, պարոն վարչապետ:
Լսելով այս հարցը վարչապետի դեմքին երանության շողեր փայլեցին: Նա կարծես մի պահ վերացավ այս աշխարհից` տեղափոխվելով անուրջների երկիրը, երբ միանգամից երկու թիկնապահ վրա տվեցին ինձ:
-Դրա մասին ոչ մի խոսք, լսեցի՞ր, ավել-պակաս հարցեր ես տալիս, գնա ստեղից,- ասացին նրանք ինձ շատ հիմնավոր եւ միանշանակ տոնով, որից հետո անհնար են ցանկացած առարկությունները:
Ես ստիպված հետ-հետ գնացի, իսկ վարչապետը, իր թիկնազորի հետ անցնելով կամարի տակով,  մտավ Չիզ-սքուերի 1:

Ես վերադարձա տուն առանց շտապելու եւ ամեն երկու քայլը մեկ լայն հորանջելով: Ստիպելով ինձ չքնել, քանի դեռ չեմ գրել վարչապետի հետ ունեցած բլից-զրույցիս մասին եւ լուսանկարների հետ չեմ ուղարկել խմբագրություն, ես միացրեցի համակարգիչն ու նստեցի նրա առջեւ: Ու կարծես արդեն ձեւակերպել էի առաջին նախադասությունն ու մոտեցրել էի ձեռքերս ստեղնաշարին, երբ ստիպված եղա գոռալ թոքերիս ողջ ուժով: Գրողի տարած թակարդներից մեկը ստեղնաշարիս վրա էի դրել, ինչպես կարող էի ես դա մոռանալ: Թակարդը լավ ճզմել էր մատս, սակայն արնահեղության գործը չէր հասել, միայն բութ ցավն էր, որ արցունքով էր լցնում աչքերս եւ ստեղներին ընկած պանրի կտորը, որ հաճելի գռգռոց էր առաջացնում հոգուս խորքում:

Saturday, April 26, 2014

Ուր որ տարան հայելիները

Բարը գտնվում էր A37 արբանյակի վրա: Այն արբանյակի հետ պտտվում էր Շելլա մոլորակի ուղեծրով, կատարելով յոթ պտույտ ամեն շելլայական տարվա ընթացքում: Ու հիմա, երբ Շելլան  կորած էր համատարած մոխրի, ծխի և դիակների տակ, արբանյակի բարը միակ տեղն էր ողջ համաստեղությունում, որտեղ կարելի էր հանգիստ առնել, մեկ-երկու բաժակ թթվային կոկտեյլ խմել ու հագեցնել սովը ծծմբական միացություններով:
Բարի միակ այցելուն նստած էր փոքրիկ սրահի կենտրոնում` փռած իր հսկայական մարմինը հենց գետնին: Նրա երկար ու լպրծուն շոշափուկները տարածված էին ողջ բարով մեկ և ժամանակ առ ժամանակ վերցնում էին բարմենից` վերջին շելլացուց, թթվային կոկտեյլի նոր բաժիններ: Շելլացին, նայելով իր հյուրի անսահման ծարավին, մտքում հաշվում էր իր օրվա եկամուտը` չիմանալով, թե որտեղից է գալիս շոշափուկներով հսկան, ինչ է նա արել այդտեղ գալուց առաջ և ինչպես են իրեն զգում իր չորս հազար հինգ հարյուր քսանվեց ամենամոտ ազգականները:


Աղետը, որ իջել էր Շելլայի վրա երկնքից, մատնել էր փոքրիկ մոլորակի բնակիչներին կատարյալ խառնաշփոթի, խուճապի և շփոթության: Երեք դար շարունակ Շելլան ուներ առևտրային համաձայնություններ ավելի քան տասնյակ համաստեղությունների հիսունից ավել քաղաքակրթությունների հետ ու բոլոր առևտրային գործարքներում Շելլայի բնակիչներն իրենց ցուցադրել էին որպես ազնիվ առևտրականներ, խիզախ տիեզերագնացներ և խաղաղ բանականության կրողներ: Իսկ հայելիային տելեպորտացիայի գյուտից հետո չէր գրանցվել և ոչ մի մաքսանենգության դեպք շելլացիների կողմից: Շելլայի առևտրականները, որ հեռավոր աշխարհում էլ որ լինեին, միշտ կարողանում էին հմուտ օգտագործել հայելիներն ու երբեք, ոչ մի շելլացի չէր շփոթվել սեփական արտացոլանքի տարբերակների մեջ ու չէր մոլորվել հայելիային պատկերների լաբիրինթոսում: Հակառակը, լինելով բացառապաս մաքուր էակներ, նրանք առանց տատանումների միշտ կարողանում էին ճանաչել իրենց արտացոլանքը հայելիների մեջ ու միշտ վերադառնալ տուն` կատարելով միմիայն բարեհաջող գործարքներ ու բարձր պահելով իրենց ռասսայի պատիվը: Նրանց մտքով էլ չէր կարող անցնել, որ մի օր իրենց տան վրա կկախվի հեկտոպլազմային բոմբն ու տիխոնյան ռասսայի ամեհի գազանը կհարձակվի իրենց վրա:
Երբեմնի ծախկող և հարմարավետ մոլորակը նման էր այժմ համատարած ավերակի: Նրա քաղաքները դատարկ էին և քանդված: Մետրոպոլի փողոցները ճաքճքված էին, բոլոր կառույցները վառված, իսկ քաղաքը ծածկող թիթեղյա թափանցիկ պատյանը ճեղքված-կախված: Քամին, որ առաջանում էր Շելլայի ծծմբային օվկիանոսներում, անընդհատ սպառնում էր փլուզել երբեմն երջանիկ քաղաքակրթության կերտած ամենանշանակալից կառույցը` Մետրոպոլը ծածկող գմբեթը:
Հարձակումը եղել էր հանկարծակի և ստոր: Հեկտոպլազմային բոմբը կաթվածահար էր արել ողջ մոլորակը, ջախջախել բոլոր կենսաապահովման ենթակառուցվածքները, խլել միլիարդավոր կյանքեր, իսկ բոմբի հարվածից անմիջապես հետո իջել էր տիխոնյան շոշափուկավոր հրեշն ու շարունակել սպանդը: Ու փորձել էին շելլացիները գնալ բանակցությունների և կամ գոնե իմանալ այդ դաժանության պատճառը...
Ապարդյուն: Հիմա, երբ ողջ մոլորակն արդեն ոչնչացված էր, դեռ չէին դադարել իրենց պայքարը երկու շելլացիներ: Նրանք դուրս էին եկել իրենց ապաստանից, տեսել երկնքից կախված ահռելի ծածկը, ավիրված շենքերը և սպանված համաքաղաքացիների դիակները, վերցրել էին մեքենա և շտապում էին քաղաքից դուրս, այնտեղ ուր հնարավոր կլինի առանց փլուզվող գմբեթի սպառնալիքի, մտածել փրկվելու եղանակներ: Շելլացիների վառ կարմիր կատարները, որ նրանց ռասսայի ամենաաչքի ընկնող առանձնահատկություններից էին, սփրտնել էին և ստացել թույլ վարդագույն երանգներ: Նրանց մեքենան ընթանում էր ճաքճքված ճանապարհով` չկարողանալով զարգացնել իրական արագություն:
Ճանանապարհը դեպի քաղաքից դուրս տևեց երկար, և երբ  նրանք դուրս եկան հսկայական ծածկի տակից, բացվեց առավել զարհուրելի տեսարան: Շելլացիները, որ հպարտանում էին իրենց առատ այգիներով և դաշտերով, տեսան հրդեհով պատված անսահման տարածություն...
-Պետք է գտնել հայելիներ ու փախչել այստեղից,-ասաց Շելլ Իմասը:
-Ես վախենում եմ,-պատասխանեց Շելլ Սանը :
-Կգնտնենք հայելիներն ու կտեղափոխվենք ուրիշ աշխարհներ,-ասաց Շելլ Իմասն ու գործի դրեց մեքենան:
Նրանց հետևում երևաց երկար ու լպրծուն շոշափուկը: Կայծակի արագությամբ այն հարվածեց մեքենային: Հաջորդ ակնթարթին հարվածը կրկնվեք: Մեքենան պոկվեց գետնից և ահարկու ուժով նետվեց դեպի վառվող այգիները: Շելլ Իմասը բացեց աչքերը: Նրա կեղքին Շելլ Սանն էր` կիսված մարմնի մեջտեղից: Նրա կատարը սպիտակ էր Երկրի լեռների ձյան նման: Շելլ Սանը մահացած էր:


Շոշափուկը մոտեցավ բարին ու վերցրեց նոր կոկտեյլ: Հսկան դատարկեց այն լայն բերանի մեջ ու մի պահ քարացավ: Նրա փքված մարմնից սկսեցին ձայներ լսվել: Երկու անցքերը, որ գտնվում էին հսկայի մարմնի վերևի մասում և հավանաբար հանդիսանում էին նրա աչքերը, լայնացան: Հսկան բացեց բերանն ու գխկաց: Ինչ-որ բան այդ ընթացքում դուրս թռավ նրա մարմնից: Շոշափուկներից մեկը որսաց այն հենց օդում` կայծակի արագությամբ:
Հայելի էր:
Հսկան մոտեցրեց այն իրեն: Սկսեց ուշադիր զննել: Նա տեսավ լպրծուն մարմին, փոքրիկ ու նեղ աչքերով, նա տեսավ երկար կնճիթով արարածի, տձև և առանց վերջույթների ամեոբանման զանգվածի, հումանոիդ էակի, որն ուներ երեք գլուխներ, կարմիր կատարով շելլացու, կապույտ աչքերով սահարացու, հինգ զույգ ձեռքերով դխակիացու, մեկ գլխով, երկու ձեռքերով, երկու ոտքերով երկրացու և այլն, և այլն...
Նա նայում էր իր արտացոլանքներին: Բոլոր պատկերներում ինքն էր, ուղղակի պետք է ճանաչեր իրեն: Կճանաչի ու կհայտնվի այդ մարմնում, այդ մոլորակում, այդ համաստեղությունում: Հսկան նորից նայեց բոլոր արտացոլանքները...ոչ մի ծանոթ բան: Միայն շոշափուկներով, լպրծուն և փոքր աչքերով հսկան էր նրան ծանոթ, բայց արդյո՞ք ինքն էր դա...
Պետք է փորձել նորից: Նա փոքրիկ աչքերը չռեց հայելուն: Անցնան բոլոր արտացոլանքները: Միայն մեկն էր նրան ծանոթ, միայն մեկն էր քաշում նրան: Հսկան թուլացավ: Մարմինը թուլացավ: Հայելին նրան տարավ: Բարը, որի սրահի մեծ մասը զբաղեցնում էր հսկան, պայթեց: Պայթեց նաև արբանյակը` անէացնելով բարմենին և մանր անձրևի պես տեղալով ավիրված մոլորակի վրա:


Շելլ Իմասը նայեց հայելուն: Նա տեսավ իր արտացոլանքը` վառված կատարով, մրոտ դեմքով: Արտացոլանքը փոխվեց: Նա տեսավ զարմանալի էակների` իրարից ամբողջովին տարբեր, խորթ և օտար,  բայց միևնույն ժամանակ այնքան նման իրեն: Շելլ Իմասն ընտրեց երկու ձեռքերով, երկու ոտքերով, մեկ գլխով երկրացու պատկերը: Շելլ Իմասը ճանաչեց իրեն: Հայելին ալեկոծվեց: Շելլ Իմասն անցավ նրա մեջ:
Հայտնվեց նա ամենամեծ քաղաքում` բարձրահարկ շենքում` հարմարավետ փոքրիկ բնակարանում: Դուռը ծեծեցին:
-Օրվա թերթը,-շպրտեց նրա դեմքին փոստատարն ու հեռացավ:
Շելլ Իմասը վերցրեց թերթը, փակեց դուռն ու գնաց լուսամուտի մոտ: Երկրային քաղաքն ապրում էր իր աշխյուժ կյանքով` բոլորովին այնպես, ինչպես ապրում էին Շելլայի քաղաքները: Նա բացեց թերթը: Հոդվածներից մեկը հետաքրքեց նրան`
"…մենք ապրում ենք քաղաքում, որն ամեն վայրկյան սպանում է մեզ, ոչնչացնում է մեր անհատականությունը։ Մենք գնում ենք աշխատանքի և ընկղմվում կեղծ ժպիտների, քծնանքի, հարմարվողականության գիրկը, մենք գնում ենք ժամադրության ու ընկնում կեղծավորության և անհարմարավետության ճիրանները։ Դա հետապնդում է մեզ, սա այնն է, ինչով բնությունը վրեժխնդիր է լինում մեր քաղաքակրթությունից։ Նայեք ինքներդ ձեզ, ո՞վ եք դուք։ Մեր մերձավորներին մենք խաբում ենք, իսկ ոմանց մոտ փորձում ենք սիրալիր լինել, թշնամիներին պաշտում ենք, իսկ հարազատներին ընդհանրապես չենք ուզում։ Ո՞վ ենք մենք։ Մենք խճճվել ենք սեփական անճանաչելիության ցանցում։ Մենք արդեն մենք չենք, քանի որ մենք, այլևս չկանք։ Մեր փոխարեն լպրծուն մի զանգված է, որը փոխում է իր բնույթն աշխատանքի վայրում, ընտանիքում, իսկ առավել հաճախ նախընտրում է չունենալ ոչ մի բնույթ ընդհանրապես։ Ու իսկական օրհնանք են այս հայելիները, որոնք կորցնում են մեզ պես շատերին հեռավոր աշխարհներում։ Մարդ, ով չի կարողանում ճանաչել ինքն իրեն սեփական քաղաքում, ինչպե՞ս կարող է ճանաչել իրեն հազարավոր ռասսաների շրջապատում։ Իսկ իրեն չճանաչող մարդը գազան է։ Այսօր նա խելոք, գլուխը կախ կատարում է հասարակության առջև իր պարտավորությունները, իսկ վաղը կարող է վերածվել ամեն ինչ կործանող գիշատչի, մոլագարի, ու լավ է, եթե այդպիսինները կորեն Տիեզերքի անսահմանության մեջ, քան շարունակեն երթևեկել մետրոներում, ավտոբուսներում և ճոպանուղիներում…"
Շելլ Ինասը նայեց հոդվածի վերջը։ Գրված էր՝ “Հեղինակն անհետացել է մեկ շաբաթ առաջ”։

 Մի քանի վայրկյան Շելլ Ինասը տարվեց երկրային և շելլայական ժամանակների հաշվարկով։ Հետո նրա ափը բռունցք դարձավ՝ ճմրթելով թերթը։ Նա նայեց լուսամուտից դուրս։ Մարդկանց քաղաքին, որտեղ այդքան շատ են մոլագարները։ Նրա աչքերը լցվեցին։ Մտքում փայլում և հանգում էր վրեժի կայծը։

Sunday, April 13, 2014

Սիմբիոզ (վասն վանքաբացության և տորթաՄՈԼության)

Մրջյուններն աչքի են ընկնում խիստ կազմակերպված բարդ հասարակական կառուցվածքով, նրանք ունեն դասեր, աշխատանքի բաժանում, պատերազմներ, գերիներ, ստրուկներ և մարդկային հասարակությանը հատուկ այլ ատրիբուտներ: Ավստրալիայում բնակվող մրջյունների մի տեսակ զբաղվում է թիթեռային որդերի արածեցմամբ: Մրջյունները պահում են որդին ինչպես տնային կենդանու, օրինակ` կովի: Ամբողջ օրը, շրջապատված հովիվ մրջյուններով, որդը արածում է ծառի վրա, ուտում ամենալավ տերևները, գիրանում, իսկ երեկոյան սոված մրջյունները վայելում են որդի մարմնի վրա առաջացած մեղրային ցողերը:

Սեղանների ոտքերը ճռռում էին: Այստեղ կգնտեիր ֆրանսիական իսկական ֆուա գրա, իսպանական խորոված գոջիներ, ռուսական ձկնկիթ, էկզոտիկ կենդանիների միս, արևադարձային մրգեր, առատ աղցաններ, սառը ձկնային խորտիկներ, գոլորշու մեջ կորած խաշլամաներ, երևակայությունը գերազանցող քաղցրության թխվածքներ...ամեն ինչ լիքը, ամեն ինչ ուզածիդ չափ: Սեղանների ոտքերը ճռռում էին: Մի քանի տոննա համադամ ճաշատեսակները շոյում էին նայողի աչքը, գրգռում հոտառությունն ու արձագանք գտնում ստամոքսում խուլ գռմռոցով:
Մեքենաների շարասյունն անցնում էր ցանկապատով եզերված ճանապարհով: Սև մեքենաները սլանում էին դեպի տոնախմբության վայրը:
Ցանկապատներից նրանց էին հետևում մարդիկ: Նրանց մատները կառչած էին ցանկապատերից, իսկ աչքերը հետևում էին մեքենաների ընթացքին ագահ հետաքրքրասիրությամբ: Ժամանակ առ ժամանակ մարդկանցից մեկը կատարում էր բացականչություններ և ողջ ամբոխը թնդում էր` հազարապատիկ ուժ տալով բացականչությանն ու ազատ արձակելով կուտակված ողջ հրճվանքը: Մեքենաների անցնելու պես, ամբոխը շարունակում էր քայլել ցանկապատի տակով` նրանց ուղղությամբ:
Երբ վերջին մեքենան արգելակեց ճռռացող ոտքերով սեղանների մոտ, ցանկապատի մյուս կողմում արդեն կուտակված էին հազարավոր մարդիկ, իսկ շատ հեռվից ձգվում էր էլի հազար-հազարավորների անվերջ շարանը:
-Կեցցեե՜ն,-գոչում էր ամբոխը:
-Ապրեե՜ն,-ալեկոծվում էին վեր տնկված մրոտ ձեռքերը:
-Հալաա՜լ,-գոռում էին ծարավից չորացած բերաները:
Մեքենաների դռները բացվում էին: Փայլուն կոստյումներով թիկնեղ տղամարդիկ և ոսկյա մազերով պսպղուն կանայք դուրս էին գալիս սև մեքենաներից ու բարի հայացքներն ուղղում դեպի իրենց ողջունող մոխրագույն ամբոխը:
Հավաքված մարդկանց վերջին շարքերից մի հոգի, ուսերով և ձեռքերով ճանապարհ բացելով, գալիս էր դեպի ցանկապատը: Շնչառությունը նրա ծանր էր, իսկ աչքերն անտանելի լարվածությունից խավարած:
-Զգու՛յշ, հեյ,-ասաց մեկն ում ոտքի վրա կանգնեց խելառի պես առաջ շարժվողը:
-Սրա նմաններն են մեր տոները փչացնում:
-Կներեք,-ասաց շտապողը մեքենայաբար,-կներեք:
-Եկել ես, որ ի՞նչ անես, հանգիստ կանգնիր գոնե,-ասաց նրան ինչ-որ մեկը:
-Կներե՛ք, ճանապարհ տվե՛ք, մերսի...կներե՛ք:
-Գնա՛, գնա՛:
Ցանկապատին ավելի մոտ ամբոխը կանգնած էր բետոնի պես խիտ: Նա հասավ շնչակտուր եղած: Մի պահ կանգ առավ, շունչ քաշեց: Նայեց շուրջ բոլորը: Աչքերը որսացին դարչնագույն մազերով ծանոթ գլուխը: Խոր շունչ քաշեց ու կատարեց վերջին քայլը:
-Հեյ, գնա՛նք,-ասաց նա` ձեռքը գցելով կնոջ ուսին: Կինը շուռ եկավ: Դարչնագույն մազերը քրտինքից թացացել, կպել էին ճակատին:
-Գնա՛նք,-կրկնեց նա: Աչքերը պարզացել էին, բայց շնչառությունը դավաճանում էր: Օդ այլևս չկար:
-Էստե՜ղ ես,-ուրախացավ կինը,-տես հիմա ճառն ասեց, իսկ հիմա տիկինը կպարի:
-Պետք է գնալ այստեղից:
-Ի՞նչ ես խոսում, հիմա պարում է տիկինը, իսկ հիմա կերգի այ էն մորուքովը:
-Էստեղ մեր տեղը չի, ամոթ է, գնա՛նք,-ասաց համոզելով:
-Ախր երգում է, տե՛ս:
-Հիմա կսկսվի, սա անխղճություն է, գնա՛նք:
Կնոջ դեմքը սառեց, աչքի տակով դողաց նյարդը:
-Ես հոգնեցի,-ասաց նա,-ես հոգնեցի քեզնից, թո՛ղ ինձ:
-Գն..
-Թո՛ղ: Ի՞նչ ես ուզում անել, ինչու՞ չես թողնում ուրախանանք, տոն է, բոլորն են ուրախանում, ապա տե՛ս սեղանները, հիմա, հիմա կբացեն ցանկապատը,-ասաց կինը` հետ տանելով դարչնագույն մազերը:
-Ամո՛թ է, ԱՄՈԹ,-մռնչաց նա:
-Ամոթը սոված մնալն է, տոները չնշելն ու..
-Ախր սա անխղճություն է, բարբարոսություն, մենք ի՞նչ իրավունք ունենք դրանց ձեռք տալու, մենք ո՞վ են, նրա՞նք են մեզ ընտրել:
-Մենք ենք նրանց ընտրել,-պատասխանեց կինը,-ու իրավունք էլ ունենք:
-Ամոթ է...
-Տե՛ս արդեն ծափահարություններն են, արդեն կսկսվի, պատրա՞ստ ես:
-Պետք չէ...
Ամբոխը սեղմվեց: Ցանկապատները հետ գնացին: Փայլուն կոստյումներով թիկնեղ տղամարդիկ և ոսկյա մազերով պսպղուն կանայք նորից նստեցին մեքենաները: Շարասյուն կազմելով` մեքենաները սլացան հեռու` թողնելով իրենց հետևից փոշու թանձր ամպը:
Ցանկապատները բացվեցին: Մարդկային լավան խուժեց ներս: Ճռռացող ոտքերով սեղանները սպասում էին նրանց:
Ուսերով դիմադրել մարդկանց հոսքին չստացվեց: Նրան շպրտեցին մի կողմ, հրեցին հետ և կորցրեցին անվերջ եկողների շարքերում: Օդը դադարեց գոյություն ունենալ: Աչքերը որսացին դարչնագույն մազերով գլուխը տապակած թառափի և սերուցքային տորթի արանքում: Աչքերը խավարեցին:

Ավստրալիական մրջյունների և թիթեռային որդի սիմբիոզը (համակեցությունը) ունի հետաքրքիր յուրահատկություն: Որդերն այնքան են "տնայնացվում" մրջյունների կողմից, որ նույնիսկ փոխակերպման ակտը, երբ որդը վերածվում է թիթեռի, հենց մրջնաբունում է տեղի ունենում:

Wednesday, April 9, 2014

ՇՈՂՔԻ ՑՈՒՑԱԿԸ

Ամեն առավոտ սկսվում է այսպես: Քվեարկությունը կատարվում է հենց զինանոցում, ընտրում ենք հրամանատարին: Այսօր հետներս մի նորեկ է, կաթից նոր կտրված մի փսլնքոտ ու հետներս պիտի տանենք Հատված` ընտրություն վերահսկելու:
Զինանոցի քվեարկությունն ավարտվում է: Ընտրվում եմ ես: Ես` ուրեմն ես: Հրամանատար` ուրեմն հրամանատար: Որպեսզի ցույց տամ վճռականությունս, իջեցնում եմ սաղավարտիս ապակին ու շրխկացնելով լիցքավորում եմ ավտոմատս: Կապիտան` ուրեմն կապիտան:
Վաշտի ընտրությունները կարևոր են մանավանդ մարտական առաջադրանքից առաջ: Ինչպես դուրս գաս զորանոցից, անցնես քաղաքի փողոցներով, հսկես տեղական կամ դաշնային ընտրությունները, եթե վստահ չես, որ քո շարքերում չկա Շողքը: Եթե քվեարկությունն անցնում է նորմալ, ուրեմն շարքերը մաքուր են: Եթե ստացված ձայների ընդհանուր քանակը նույնն է, ինչ մարտիկների քանակն է, ուրեմն Շողքը չկա: Ինչը չես ասի Հատվածում տեղի ունեցող ընտրությունների մասին: Բոլորը գիտեն, որ Շողքն ամենից հաճախ հանդիպում է հենց այնտեղ, իսկ ինչու հենց այնտեղ` դա չգիտի ոչ ոք: Իմ վաշտի մարտիկները փորձառու են: Բոլորն էլ եղել են Հատվածում, վերահսկել են ամենատարբեր ընտրություններ` սկսած շենքի լիազորից մինչև թաղապետ ու շատերը նույնիսկ առերես հանդիպել են Շողքին, զգացել մաշկը փշերի վերածող վախն ու դատարկել ավտոմատները Շողքի ֆանտոմային մարմնի մեջ: Շատերը, բայց ոչ այս նորեկ կաթնակերը: Նրա համար այսօր կլինի առաջին մարտական առաջադրանքը: Նա շփոթված է երևում, բայց հայացքում զգացվում է պատրաստակամությունը: Վեց ամիս հատուկ պատրաստվածության դասընթացներ, երդմնակալության արարողություն, որտեղ նա ձեռքը Սահմնադրությանը դրած երդվել է պաշտպանել Համընդհանուր Ժողովրդավարական կարգը Շողքից: Շողքն է մեր հասարակարգի միակ ու ամենավտանգավոր թշնամին, նա` ով միջամտում է ընտրություններին` խախտելով ընտրողների կամքը, խախտելով ընտրական բալանսը` ուստի նաև կարգի հիմքը: Ամենակարևոր ընտրություններում Շողքը կարող է անցնել թեկնածուներից մեկի կողմն ու նրա օգտին իջեցնել ձայների նժարը: Որտեղի՞ց է առաջացել այդ Շողքը: Դրա մասին առասպելները շատ են ու հին, ինչպես ավազի հատիկները ծովի ափին:

Հատվածը մնացած քաղաքից անջատված է կամրջով: Կամուրջն անցնելուց հետո երկու աշտարակ-բարձրահարկերն են: Վերջին անգամ Հատվածի թաղապետի ընտրությունների ժամանակ Շողքը հանդիպել էր տասնյակ ընտրատեղամասերում, խառնել բոլոր ընտրական ցուցակները, կեղծել հազարավոր քվեներ: Իրավիճակն այդ օրերին այնպիսին էր, որ Հատվածում մտցվել էր հատուկ դրություն, սահմանվել էր պարեկային ժամ: Շողքի որսին մասնակցում էին ոչ միայն հատուկ նշանակության վաշտեր, այլ նաև էկտոպլազմային որոնող ֆանտոմ-ռոբոտներ, մոգեր և էքստրասենսներ: Շողքն էլ այնքան էր ակտիվացել, որ միջամտել էր նույնիսկ Հատվածում գտնվող զինվորական  ուժերի հրամանատարի ընտրությանը; Քվեարկության ժամանակ, որին մասնակցում էին ընդամենը տասնհինգ բարձրաստիճան զինվորականներ, նա հաջողացրել էր երեք անգամ խաղնել քվեները, բաշխելով հարյուրական ձայն բոլոր թեկնածուներին, անվավեր դարձնելով քվեաթերթիկները, փոխելով թեկնածուների անունները; Պահանջվել էր բոլոր հնարավոր միջոցների համակարգված աշխատանքը` Շողքին Հատվածից դուրս վանելու և նորմալ ընտրություններ անցկացնելու համար:
Մեր մեքենան անցավ կամրջի վրայով, անցավ աշտարակ-բարձրահարկների տակով և մտավ Հատված: Մենք թեքվեցինք Հատվածի գլխավոր փողոցից ու դիրքավորվեցինք մեզ համար նախատեսված ընտրատեղամասում: Իմ մարտիկները տեղեր զբաղեցրեցին տեղամասի եզրագծով մեկ, երեք հոգու կարգադրեցի դիրքավորվել կտուրում, երեքական հոգի էլ տեղավորվեցին ընտրատեղամասի առաջին և երկրորդ հարկերում:
-Դու կմնաս հետս,-ասացի նորեկին: Նա գլխով արեց ու պինդ սեղմեց ավտոմատը: Եկան ընտրական հանձնաժողովի անդամները: Բոլորս շունչներս պահեցինք, երբ հանձնաժողովականները սկսեցին ընտրել իրենց ղեկավարարին: Հավանականությունը, որ Շողքը կարող է միջամտել հանձնաժողովի նախագահի ընտրություններին քիչ են այնքան, ինչքան վաշտի հրամանատարի ընտրությանը: Բայց մենք գտնվում էինք Հատվածում:
Քվեները հաշվեցին: Խախտումներ չկային: Շունչներս քաշեցինք: Ընտրությունները սկսվեցին:

Արևը վաղուց թեքվել էր դեպի արևմուտք: Հատվածի աշտարակ-բարձրահարկները ողողված էին կաթնա-վարդագույն երանգներով: Լսվում էին կրակոցներ արևելյան փողոցներից, Հատվածի տարբեր մասերից բարձրանում էին սև ծխի սյուները, ամայի փողոցներով սլանում էին ֆանտոմ-ռոբոտները` որոնելով Շողքին:
-Անունդ ի՞նչ է,- հարցրեցի նորեկին:
-Ար..Արտակ,- ասաց նա կմկմալով:
-Ավելի հստա՛կ,-ասացի:
-Արտակ Նիգենց, պարո՛ն հրամանատար:
-Տեսնու՞մ ես ինչ է կատարվում,-ասացի ես` պարզելով մատս դեպի դիմացի պատը: Նորեկը նայեց մատիս ուղղությամբ: Պատը քրքրված էր գնդակներով: Մի ծայրը պոկված` պատից կախված էր տեղամասի ընտրողների ցուցակը: Նորեկի դեմքը սառեց, բիբերը լայնացան, գլխի մազերը բիզ-բիզ կանգնեցին: Այն ինչ կատարվում էր ցուցակի հետ զարհուրելի էր: Անունները ջնջվում, հայտնվում նորից, ավելանում էին նորերը, կորում հները, փոխվում տեղերով: Հետո ինչ-որ բան փոխվեց, ողջ ցուցակը լցվեց մեկ անվամբ: Գալուստ Կարասյան: Այդ անունը սկսեց անցնել ցուցակի բոլոր տողերով, սկսեց թարթել նվագարկիչի լուսային ցուցիչների պես` ասես պարելով անլսելի երաժշտության տակ:
-Դու հիմա կկրակես աջ կողմից ու կփակես դեպի դուռը տանող ճանապարհը, իսկ ես կմոտենամ այս կողմից ու կբռնեմ դրան,-ասացի ես:
-Կրակե՞մ,-կմկմաց նորեկը:
-Իմ հրամանով:
Ես բացեցի պայուսակն ու հանեցի էկտոպլազմային ցանցով բալոնը: Փչեցի այն տարածության մեջ և քիչ անց ձեռքերիս մեջ հայտնվեց կիսաթափանցիկ ցանցը` շատ նման ձկնորսականի:
-Կրա՛կ,-ասացի ես: Նորեկն իջեցրեց ձգանը: Սենյակը թնդաց կրակոցների շարանից: Ես պոկվեցի տեղիցս ու նետեցի ցանցը ցուցակի ուղղությամբ: Շատ բարձր, գրեթե ուլտրաձայնային ճիչ, խլացրեց ականջներս: Ցանցն ընկավ գետնին: Նրա մեջ թպրտում էր անտեսանելի Շողքը:

Շողքին տեղափոխեցին գլխավոր ռազմական շտաբ: Կատարված հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ Շողքի ծագման առեղծվածը: Շողքը հին էր, նա ապրում էր դեռ այն ժամանակներում, երբ նոր էին ընդունվել Ժողովրդավարական Սկզբունքներն ու նոր էին անցկացվում առաջին ընտրությունները: Շողքի անունը Գալուստ Կարասյան էր և մահացել էր նա դեռ այդ ժամանակներում, սակայն հարություն էր ստացել մի շարք չարագործների ձեռքով, ովքեր ընտրությունները կեղծելու համար, ավելացրել էին ընտրողների ցուցակում հանգուցյալի անունը: Հնարավոր է, որ այն ժամանակ օգտագործվել էր ինչ-որ սև մոգություն, ինչի հետևանքով Շողքը կտրվել էր հանգուցյալների աշխարհից ու ընդմիշտ մնացել այստեղ` բնակվելով տարբեր ընտրացուցակներում:
Նրա ճակատագրի վերաբերյալ կային երկու տարբերակներ: Մեկը` տեղադրել նրան հատուկ էկտոպլազմային վանդակում և խնամել, մինչև կմշակվեն տեխնոլոգիաներ նրան հանգցյալների աշխարհ հետ ուղարկկելու համար, մյուսը` անմիջապես ոչնչացնել ֆանտոմային դաշույնով: Կատարվեց քվեարկություն: Շողքը խախտեց ընտրության կարգը, խառնեց բոլոր ձայները, առաջացրեց իրարանցում և կարողացավ փախչել գլխավոր շտաբի շենքից:
Հիմա նա նորից դրսում է:

Ինչ-որ տեղ` ընտրացուցակների մեջ:

Sunday, April 6, 2014

N բանը...

Ժողովի սրահում, որը գտնվում էր բարձրահարկ հյուրանոցի ամենավերին հարկում, լռություն էր տիրում: Մասնակիցները` մեծ մասամբ հիսուննանց և հաստափոր տղամարդիկ, լուռ էին և մռայլ, ինչպես լինում են գորշ ամպերն ամպրոպից առաջ: Ժամանակ առ ժամանակ նրանցից ինչ-որ մեկը խոժոռ հայացքը դարձնում էր հսկայական պատուհանից այն կողմ և նորից ընկղմվում անվտանգ լռության մեջ: Ինչպե՞ս խոսել, ինչպե՞ս սկսել, ինչպե՞ս վարվել, երբ դա արդեն կա, դա կախված է քաղաքի վրա, դա տեսնում են բոլորը:
Լռությունը պետք էր խախտել: Ժողովն այլևս կարելի էր համարել չեղյալ, եթե լռությունը չխախտվեր: Գցելով հայացքը մեծ պատուհանից դուրս և խորն արտաշնչելով` առաջինը խոսեց նախագահը:
-Սրա մասին պետք է ոչ ոք չիմանա:
Լարվածությունն ընկավ: Շատերը շունչ քաշեցին: Ոտքի ելավ կապի նախարարը, ում տեսքն ամպամած էր հաստ կնճիռների շողքերով:
-Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող ենք ոչ ոքի չասել, եթե սա կախված է քաղաքի վրա: Ապա մի նայեք,- նա ցույց տվեց լուսամուտից դուրս,-նայե՛ք: Բոլորը խոսում են "էն" բանի մասին, բոլորի շուրթերին միայն դա է:
Նախագահը բան չասաց: Իրավիճակը նրան հասկանալի էր: Հասկանալի էր, սակայն, նաև այն, որ "Էն" բանը վտանգ է ներկայացնում ողջ պետականությանը:
-Կազմակերպենք հատուկ էսկադրիլիա, հարձակվենք բոլոր ուժերով ու ռմբակոծենք դա գրողի ծոցը,-ասաց պաշտպանության նախարարը նստած տեղից:
-Ռմբակոծել քաղաքու՞մ,-բացականչեց քաղաքապետը,-ուզու՞մ եք անիծել քաղաքի հերը: 
-Քաղաքում ապրում են մարդիկ, պարոն նախարար, ռմբակոծելն ուշադրություն է գրավելու: Պատկերացնում եք: Ավելի լավ է միանգամից պատվիրել գովազդային վահանակներ` "Ահա այն` "ԷՆ" բանը",-ասաց կապի նախարարը:
Նախագահն այլայլվեց:
-Սրա մասին ոչ ոք չպիտի իմանա,-ասաց նա մռնչալով:
Մի պահ լռությունը կրկին սպառնաց կախվել ժողովի սրահում, սակայն պատգամավոր Իսախանյանի ճռճռան ձայնը ցնցեց բոլորի ուշադրությունը:
-Դու՛ք եք մեղավոր,-նա պարզեց բարակ ձեռքը ծուռումուռ ցուցամատով դեպի նախագահը,-Դու՛ք: Բալորն ասում էին` մի՛ ստորագրեք, մի՛ գնացեք, մի՛ համաձայնվեք, բայց դուք արեցիք դա: Եվ ահա՛, խնդրե՛մ,-նա գլխով նշան արեց դեպի մեծ լուսամուտը,-սա այժմ կախված է բոլորիս վրա:
Նախագահը շփոթված նայեց ներկաներին` փնտրելով որևէ աջակցություն: Սակայն, բոլորի դեմքին մռայլ ամպեր էին, բոլորի շողքերում զգացվում էր լուռ մեղադրանքը:
- Ուրեմն մեղադրում եք, հա՞: Դուք, որ բոլորդ իմ շողքի տակ եք սողում, որ բոլորիդ բաժին եմ հանում, որ բոլորիդ կերակրում եմ:
Նրա ճմռթված բռունցն իջավ սեղանին: Սեղանը որոտաց:
-Սրա մասին,-թնդաց նախագահի ձայնը,-պետք է ոչ ոք չխոսի:
Սրահը սառեց: Լռությունը հաղթանակած լցրեց ողջ տարածությունը: Ամենքը սուզվեցին անհարմար խոհերի մեջ:
Ինչպե՞ս լինել: Ի՞նչ անել: Ինչպե՞ս բացատրել:
Նորից խոսեց նախագահը:
-Սա հիմա կախված է բոլորիս վրա: Սա սպառնում է բոլորիս: Սկսած հյուրանոցի դռնապահից մինչև ես: Սա,-նա մեկնեց ձեռքը դեպի մեծ պատուհանը,-մեր համընդհանուր խնդիրն է, որի մասին, ոչ ոք պետք է չիմանա: Ոչ ո՛ք:
Նա ծանր քայլերով պտույտ կատարեց սեղանի շուրջ: Մոտեցավ մեծ լուսամուտին: Աչքերը վախվորած նայեցին երկնքին: Այն, ինչ կախված էր երկնքից, սարսափազդու էր: Ներքևում վազվզում էին փոքրիկ մարդիկ` իրենց փոքրիկ գործերով, փոքրիկ ընտանիքներով և փոքրիկ տներով: Այն, ինչ կախված էր երկնքից, սպառնում էր փշրել նրանց օրակարգը, ջարդուխուրդ անել նրանց առօրեան և խափանել նրանց ծրագրերը: Այդ վտանգը, որը նրանք կոչում էին "Էն բանը" կարող էր ընկնել ցած և փոխել ամեն ինչ, ցանկացած պահի, դույզն ինչ չարգելակելով, շեշտակիորեն և միանշանակ: Եվ վերջ: Մի ամբողջական, համատարած վերջ, որ կլիներ դրանից հետո: Չէր էլ լինի, քանի որ չի կարող լինել մի բան, որը հենց վերջն է:
-Սրա մասին պետք է բոլորը լռեն,-ասաց նախագահը`պոկվելով մեծ պատուհանից,-Այո՛, սա կա: Սա բոլորը տեսնում են, բայց ոչ ոք չպետք է սա նկատի, սրա մասին պետք է մոռանալ: Պետք է լեգենդ: Լեգենդ այն մասին, որ Վերջը չի լինելու, որ Վերջը հետաձգվում է:

"Օդերևութաբանական ծառայությունը շտապում է տեղյակ պահել մեր սիրելի քաղաքի բոլոր բնակիչներին, որ տարօրինակ մթնոլորտային երևույթը, որի ականատեսն ենք մենք լինում վերջին օրերին, ոչ այլ ինչ է, քան սովորական ամպամածություն: Սև զանգվածը, որ կախված է մեր քաղաքի վրա ընդամենը գորշ ամպերի կուտակում է` պայմանավորված յուրահատուկ գրավիտացիոն անոմալիայով, որն իր հերթին արդյունք է Արեգակի վրա տեղի ունեցող մագնիսական փոթորիկների: Օդերևութաբանական ծառայությունը հավաստիացնում է, որ այն, ինչ դուք տեսնում եք, ընդամենը ամպ է: Սովորական ամպ: Իսկ ամպերն այս կյանքում գալիս են և գնում: Կգնա նաև այս ամպը, ինչպես մինչ այժմ գնացել են մյուսները: Շարունակեք զբաղվել ձեր գործերով և երբեք մի նայեք երկինք, երբ այն ամպամած է":

Saturday, January 11, 2014

ԽԼՈՒՐԴՆԵՐԻ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆ

Ասուլիսին հասա դժվարությամբ: Այս քաղաքն օրեցօր ավելի է խճճվում խցանումների եւ փակ ճանապարհների հանգույցում: Ամեն օր մի նոր ճանապարհ է կառուցվում, ավելի հաճախ գետնանցումներ, ինչ-որ տարօրինակ թունելներ, իսկ խցանումներն այնքան անտանելի ու նյարդային են, որ դրա պատճառ դարձած ամեն ոք եւ ամեն ինչ միանգամից արժանանում է խցանման մեջ լռված մեքենաների վարորդների անզուսպ անեծքների եւ մի քանի հարկանի հայհոյանքների: Էլ չեմ խոսում կառավարական ավտոշարասյունների մասին, որոնց ընթացքը խցանված քաղաքում առաջացնում է մեքենաների ազդանշանների խլացուցիչ սիմֆոնիա: Եւ պատճառն այս դեպքում ոչ թե խցանումների «շնորհիվ» լարված նյարդերն են, այլ քաղաքացիների` մինչեւ վերջ լցված համբերության բաժակը, իշխանությունների հանդեպ ունեցած լուռ դժգոհությունը, որն ավելի հաճախ է ձայն ստանում խցանումներում ազդանշանային համազարկի տեսքով:
Պի բիիիիիիիիբ` դեռ զրնգում էր ականջներիս մեջ, երբ վերջապես ներս մտա ասուլիսների սրահ, որն արդեն լի էր լրագրողներով: Ճանապարհին ես դժբախտություն էին ունեցել «ողջունել» նախագահի ավտոշարասյանը, եւ այդ դժոխային աղմուկից հետո ասուլիսների սրահի բազմամարդ ժխորն ընդամենը շշնջոց թվաց ականջներիս: Ասուլիսը հայտնի գիտնական, անթրոպոլոգ եւ ծագումնաբան Պ.Սոնյանի հետ էր, ու պետք էր ենթադրել, որ այն կանցնի հանգիստ եւ գուցե ձանձրալի, իսկ առավոտվա թերթերն այստեղից ոչ մի սենսացիա չէին ունենա իրենց ընթերցողներին մատուցելու: Ես էլ տեղավորեցի ձայնագրիչս, ստուգեցի լուսանկարչական խցիկս եւ հնարավորինս հարմարավետ տեղավորվեցի մի անկյունում:
Պ.Սոնյանի եւ նրա օգնականի հայտնվելն ազդարարվեց խցիկների համեստ փայլատակումներով եւ համերաշխ հմմ-գմմ-ըհմմ-ոցներով: Քչերը, սակայն, նկատեցին, որ Պ.Սոնյանի պիջակի գրպաններն ուռած են:
- Շնորհակալություն, որ արձագանքել եք հրավերին,- ասաց Պ.Սոնյանը նստելով,- այսօրվա թեման ձեզ հաստատ կհետաքրքրի...
- Խոսելու եք ամրոցի շրջակայքում գտնված նոր դամբարանների մասի՞ն,- սրահից հարցրեց անհամբեր մեկը:
- Ոչ, այսօրվա թեման ուղիղ կապ ունի քաղաքում տեղի ունեցող շինարարության հետ:
- Ի նկատի ունեք` դրանք խոչընդոտում են ինչ-որ պեղումների...
- Կրկին չգուշակեցիք
- Իսկ ինչ է ձեր գրպաններու՞մ:
- Սենսացիա:
* * *
Պ.Սոնյանը նշան արեց օգնականին, եւ վերջինս, ով արդեն մի քանի րոպե զբաղված էր սեղանին դրված պրոեկտորով, վերջապես միացրեց այն: Սպիտակ էկրանի վրա հայտնվեցին աղյուսակներ, դիագրամաներ, ֆունկցիաներ` մի խոսքով, ինչ-որ բարդ հաշվարկների արգասիքներ:
- Սա,- սկսեց Պ.Սոնյանը,- չոր վիճակագրություն է, որը, սակայն, լույս կսփռի մի շարք հարցերի վրա: Այ այս թվերը,- նա ցույց տվեց աղյուսակներից մեկը,- վերջին տասը տարիներին թունելների վրա ծախսված փողերն են: Իսկ սրա,- նա ցույց տվեց կտրուկ ներքեւ իջնող կորը,- մեր կառավարության անդամներն են: Նրանց հրապարակային ելույթների հաճախականության գործակիցը: Ինչպես տեսնում եք, բյուջեի ծախսերն` ուղղված թունելների շինարարությանը, կտրուկ աճում են, այն դեպքում, երբ իշխանության ներկայացուցիչները գնալով ավելի ու ավելի հազվադեպ են երեւում հանրությանը:
- Դե փառք Աստծո,- ասաց ինչ-որ մեկը սրահի ծայրից:
- Իսկ որտե՞ղ է կապը:
- Իսկ ու՞ր են այդ դեպքում թունելները: Գրողը տանի, ողջ քաղաքն է խցանումների մեջ կանգնած:
Պ.Սոնյանը բարձրացրեց ձեռքը:
- Համբերեք: Սա դեռ վերջը չէ,- ասաց նա եւ շունչ քաշեց: Նրա պիջակը, որն ակնհայտորեն ծանրաբեռնված էր գրպանների պարունակությամբ, անհարմարություն էր պատճառում տիրոջը: Պ.Սոնյանը շարունակեց:
- Ինչպես տեսնում եք, այստեղ կան մի շարք թվեր եւս: Օրինակ` ուշադրություն դարձրեք կառավարության կողմից ձեռք բերվող զրահապատ մեքենաներին: Կամ բուլդոզերների թվի կտրուկ ավելացմանը: Իսկ հապա նայեք, թե ինչ գումարներ են ծախսվում այդ բոլոր մեքենաների ապակիների մգեցման համար: Ես, իհարկե, ընդամենը գիտնական եմ, եւ հիմա չեմ խոսա այն մասին, թե իրականում ինչ թվեր են սրանք եւ որտեղից են: Կասեմ միայն` սա այն տվյալներն են, որոնք չեն հրապարակվում պաշտոնական լրահոսներում: Իրականում, ըստ պաշտոնական վարկածի, թունելաշինությանն ուղղված փողերն, օրինակ, գյուղատնտեսության զարգացման համար նախատեսված գումարներն են, իսկ մեքենաները...թեեւ դա իմ թեմայի հետ կապ չունի...
- Ոչ-ոչ, շարունակե՛ք,- ասացին մի քանի հոգի սրահից:
- Կշարունակեմ` ասելու այն, ինչի համար եկել եմ: Եվ կհարցնեմ ձեզ հիմա` դուք երբեւէ տեսե՞լ եք որեւէ նոր թունել քաղաքում: Կամ երթեւեկել դրանով: Դա բացատրվում է, հարգելիներս, նրանով, որ այդ թունելները կառուցվում են միայն ու միայն իշխանության ներկայացուցիչների համար: Նրանք անցնում են ընդհատակ:
- Ի՞նչ,-միանգամից հարցրեց սրահում հավաքված լրագրողական համքարությունը:
- Փորձեք հիշել` երբ եք տեսել, որպեսզի ելույթ ունենան այս նախարարները:
Էկրանի վրա սլայդով իրար հետեւեցին մի շարք նախարարների պատկերներ:
- Իսկ նկատել եք, որ այս մեկը սկսել է մուգ ակնոցներ կրել: Նրանք թաքնվում են: Ես հավաքել եմ ձեզ` պնդելու, որ տեղի է ունենում լոկալ մասշտաբի փոխակերպություն: Եւ ես համոզված եմ, որ փոխակերպությունն այս կենսաբանական է: Ամենայն հավանականությամբ, այս իշխանությունների ներկայացուցիչները գնում են մեկուսացման: Մեկուսացման` ընդհատակ անցնելու եղանակով: Դա, այսպես ասենք, նրանց ինքնապաշտպանման բնազդի արդյունքում ի հայտ եկած էվոլյուցիոն քայլ է` տեսակը փրկելու համար: Որպես ապրելու համար ավելի բարենպաստ միջավայր` նրանք ընտրում են ընդհատակ գնալը եւ բոլոր ուժերը գործի դնում գետնի տակ իրենց բնակության համար առավել հարմար պայմաններ ստեղծելու:
Սրահում լռություն տիրեց: Կրկին խոսեց Պ.Սոնյանը.
- Սա փաստեր են, որ դուք ուղղակի չեք տեսնում: Օր ու գիշեր փորվում են թունելներ, կառուցվում նոր ճանապարհներ, որոնք շրջանցում են մարդաշատ վայրերը, կարեւոր քաղաքական գործիչներն ամիսներով եւ տարիներով չեն երեւում հասարակայնությանը, բյուջեի գումարները ցնդում են եւ գոլորշիանում, իսկ դուք մտածում եք խցանումների մասին: Իրականում, պարոնայք, մեր սիրելի իշխանությունը գետինն է մտնում:
Սրահի լռությունը խախտեց խռպոտ ձայնով մեկը.
- Ուրեմն, դա նրանց կողմից էվոլյուցիա է` տեսակը փրկելու համա՞ր:
- Իսկ գուցե նրանք ուղղակի ամոթից են գետինը մտնում,- ենթադրեց մեկն ու արժանացավ բոլորի հավանությանը:
- Ու ի՞նչ է սպասվում մեզ այս դեպքում: Ինչ կլինի՞: Եղե՞լ է պատմության ընթացքում նմանատիպ երեւույթ:
- Ճիշտ հարց է,- միանգամից ակտիվացավ Պ.Սոնյանը,-եւ ես հենց դա ասելու համար եմ եկել:
Նա ձեռքը տարավ գրպանը, ինչ-որ բան շոշափեց եւ հանելով` սեղանին դրեց մի կենդանու:
- Խլուրդ,-ասաց Պ.Սոնյանը:
Սրահը հոգոց հանեց:
Պ.Սոնյանը ձեռքը տարավ մյուս գրպանը եւ սկսեց սեղանի վրա շարել իր հետ բերած գազանիկներին:
- Ահա: Ահա այսպիսի տեսք կունենա մեր կառավարությունը շուտով:
- Շուտո՞վ,- հարցրեցի ես:
- Դե, պրոցեսն արդեն սկսվել է:
* * *
Ես վերցրեցի ձայնագրիչս եւ դուրս եկա այն ժամանակ, երբ լրագրողներն ուղղակի շրջապատեցին Պ.Սոնյանին ու սկսեցին հարցեր տալ` հասկանալու` այն ինչ լսեցին, իրոք լուրջ էր, թե այդպես կատակում են անթրոպոլոգները, կամ գուցե դա նրանց միայն թվացել է, եւ իրականում Պ.Սոնյանը խոսում էր բոլորովին այլ բաների մասի՞ն: Դրան գումարած էլ ` անհետացել էին խլուրդներից մի քանիսը, եւ գիտնականի խեղճ օգնականը փորձում էր գտնել դրանց մարդկանց ոտքերի տակից, որպեսզի պոտենցիալ նախարարները, վարչապետներն ու նախագահները հանկարծ չսատկեին` կոշիկների տակ ճզմված:
Ես քայլում էի եւ մտածում գրվելիք հոդվածի վերնագրի մասին: «Խլուրդների ավտոշարասյու՞ն» ...

http://www.armtimes.com/46497

Sunday, December 15, 2013

ԹԱԹԱՐ-ԲՈՐԱԿԻ՞, ՄԻՍԹՐ ՍՄԻԹ

Խաղի կանոնները` դրսում թողնել ողջ ուղեբեռը, հրաժարվել սահմանի գծից այն կողմ գտնվող բոլոր կոնտակտներից, չօգտվել օտարերկրյա անձնագրի տված հնարավորություններից, չմիանալ իշխող կուսակցությանը:
Խաղի նպատակը` ողջ մնալ յոթ օր, ուղիղ 168 ժամ:
Հատուկ դրություն` խաղի ընթացքում, ծայրահեղ իրավիճակում խաղից դուրս գալու համար հասնել մոտակա օտարերկրյա դեսպանատան մոտ, բացել գաղտնի ծածկագրով ծրարն ու մուտքագրել գաղտնաբարը:
Խաղ համար 36\26: Մեկնարկային ժամանակը` 00:44: 23. 11. 2013.
Մասնակից` Ջոն Սմիթ:
Օր 1.
Օտար քաղաք: Գրպանումս մնացած գումարով փորձեցի ինչ-որ մի բան գնել տեղի սուպերմարկետներից մեկում: Խաղի ծանոթագրության մեջ նշված գները չեն համապատասխանում իրականությանը: Իմ գումարը հերիքում է միայն էժանագին սիգարետի եւ թաթար-բորակի կոչվող մի ուտելիքի, որի պատրաստման մասին ես ոչինչ չգիտեմ: Ողջ օրը ման եկա քաղաքում: Էքստրեմալ ոչինչ, եթե չհաշվենք փողերիս սակավությունը, չկա: Ծանոթացա քաղաքացիական ակտիվիստների մի խմբի հետ, որոնք, կարծես թե, դեմ չեն, որ ես նստում եմ նրանց կողքին: Հնարավոր է գիշերեմ այս մարդկանց հետ: Բաց երկնքի տակ:
Օր 2.
Երկրորդ օրն անցնում է առանց ակնհայտ արտակարգ իրավիճակների: Տուրիստական գործակալությունը, որն ուղարկեց ինձ այստեղ, խոստանում էր ծայրահեղ սուր զգացումներ, որոնք դեռեւս չկան: Եթե այսպես էլ շարունակվի, վերադառնալուց հետո ես անպայման կբողոքեմ: Այսօր ուզեցա գնել էժանագին սիգարետներից: Պարզվեց` երեկվանից դրանք թանկացել են: Իմ գումարը չի հերիքի նույնիսկ սիգարետով ապահովվել այս օրերի ընթացքում:
Օր 3.
Այսօր որոշեցի աշխատանքի անցնել: Այստեղ շատ են շինարարական աշխատանքները, եւ աշխատանք գտա շատ հեշտ: Աշխատանքը, ճիշտ է, տարօրինակ է: Մենք քայլում ենք քաղաքով, պոկում ենք մայթերին տեղադրված աղբամանները, ցուցանակները, սալահատակը, ասֆալտը, ջահերը, կանգառների տաղավարները, իսկ մեր հետեւից եկող բրիգադը հակառակը` սարքում է այդ ամենը` տեղադրելով, մոնտաժելով ու փռելով նորերը: Ես փորձում եմ հասկանալ այս ամենի իմաստը, սակայն չեմ կարողանում, քանի որ մեր ապամոնտաժած աղբամանները, սալահատակը, ասֆալտը, ջահերը եւ կանգառների տաղավարները ամբողջովին նոր են, եւ նրանց փոխարինելու կարիք ամենեւին էլ չկա: Օրվա վերջում խոստացել էին աշխատավարձ տալ, սակայն հայտնվեց մեկը կառավարական կուսակցության շքանշանով եւ ասաց, որ առաջին աշխատանքային օրվա աշխատավարձս պահվել է հատուկ ֆոնդի հաշվին, որն այդ գումարը կփոխանցի ինձ քառասուն տարի անց` ավելացնելով դրան հինգ տոկոս` պահելով, սակայն, դրա հինգ ամբողջական երեք տոկոսը` որպես եկամտահարկ: Տեսնելով, որ ես շփոթված եմ եւ միգուցե նույնիսկ սոված, այդ մարդն ասաց, որ անպայման թաթար-բորակի ուտեմ` ուժերս վերականգնելու համար: Ինչպես պարզվեց քիչ ուշ, թաթար-բորակիի գները երկու օրվա ընթացում խիստ աճել էին: Չեմ ուզում չափազանցնել, բայց սա արդեն նմանվում է էքստրիմի եւ արյունս սկսում է եռալ:
Օր 4.
Աշխատանքի որոշեցի չգնալ: Դրա փոխարեն համաձայնվեցի մասնակցել քաղաքացիական ակցիաներից մեկին, որը տեղի էր ունենալու քաղաքի մյուս ծայրում: Այնտեղ մենք հասանք քաղաքային տրանսպորտով, ինչի արդյունքում ես հասկացա, թե ինչ ի նկատի ուներ ինձ այս խաղին ուղարկած տուրիստական գործակալությունը, երբ առաջարկում էր ծայրահեղ սուր զգացումներ: Ավտոբուսը, որով մենք ճանապարհ ընկանք, նախատեսված էր ընդամենը 44 ուղեւորների համար, սակայն այնտեղ կար ուղիղ 154 մարդ: Մենք սեղմված էինք միմյանց, մենք շնչում էինք իրար դեմքի կամ հետույքի, եւ չնայած դրան, ավտոբուսի վարորդը սեղմում էր գազի ոտնակին ողջ ուժով: Մենք սլանում էինք` վազանցելով մեր ճանապարհին ամեն ինչ: Ինչպես բացատրեց ինձ իմ ընկեր ակտիվիստը, դա արվում էր երթուղուց հետ չմնալու եւ հակառակորդ ավտոբուսին կանգառներ չզիջելու համար: Ինչեւէ, տեղ հասնելիս ես ճմռթված էի, սակայն լի ադրենալինով: Ակցիան, որին մասնակցելու համար մենք հասել էինք այդտեղ, պարզվեց, տեղափոխվել էր այլ վայր: Վերադարձանք մենք ոտքով, քանի որ հայտարարվեց տրանսպորտի ուղեվարձի բարձրացում:
Օր 5.
Ուժերս ինձ լքում են: Ես մի քանի ժամ անցկացրել եմ նորակառույց հսկա եւ ճոխ սուպերմարկետում` փնտրելով մի այնպիսի թաթար-բորակի, որը մատչելի կլիներ գրպանիս: Վերջին կոպեկներով ստիպված գնեցի սիգարետ` ուտելիքի մասին մտքերը ցրելու համար: Ակտիվիստ ընկերներս չկան, քանի որ իրենց հանդիպման վայրը ծածկվել է պաստառներով: Ինչպես հասկացա, այդտեղ նոր շինարարություն է սկսվում: Սուպերմարկետի: Այսօր աչքովս ընկավ մի հայտարարություն, որտեղ խոստանում էին կանխիկ փող տալ ինչ-որ հակաակցիայի մասնակցելու դիմաց: Հայտարարության հեղինակն իշխող կուսակցությունն էր: Կանխիկ փող: Հիշեցի խաղի կանոնները: Դիմանալ: Քաղաքում աննպատակ թափառելիս հազիվ պոկվեցի մի քանի ոստիկաններից, որոնք ուզում էին ինձ տուգանել կարմիր լույսի տակ անցնելու համար: Նկատեցի, որ ես ավտոմեքենա չունեմ: Դա նրանց չհամոզեց, քանի որ իմ` մեքենա չունենալը դեռ պետք է ապացուցվեր դատական փորձաքննության արդյունքում, իսկ մինչ այդ ես պետք է կալանքի տակ առնվեի: Փրկեցին ինձ ակտիվիստ ընկերներս, որոնք հայտնվեցին երթով: Նրանց ձեռքերում պաստառներ էին եւ դրոշակներ: Ես ընկա նրանց ալիքի մեջ եւ շարժվեցի, ինչպես իրենք էին ասում, նստավայր: Նստավայրի դիմաց մեզ ակնհայտորեն սպասում էին...
Օր 6.
Գիշերն անցկացրեցի այս նկուղում, որտեղ ինձ եւ իմ ընկերներին բերել էին երեկ, նստավայրի դիմաց եղած իրարանցումից հետո, երբ մի խումբ զինված ոստիկաններ հանկարծ ընկան գետնին եւ սկսեցին գոռալ, թե իրենց վրա հարձակվում են: Այդ ժամանակ հայտնվեցին այլ համազգեստով մարդիկ եւ մեզ ծեծելով բերեցին այստեղ: Ընկերներիցս մի քանիսն այս նկուղում էին, սակայն նրանց բոլորին տարան, մնացի ես: Տեղը խոնավ է: Կողքի պատերից լսվում են բղավոցներ եւ տառապանքի ձայներ: Առավոտյան ինձ առաջարկեցին թաթար-բորակի: Ես հրաժարվեցի: Այստեղ մութ է: Վախենում եմ, որ ինձ էլ կարող են տանել ու պատերից կլսվի իմ տառապանքի ձայնը: Երեկոյան նորից թաթար-բորակի առաջարկեցին: Հրաժարվեցի: Նայեցի` մոտս դեռ մեկ սիգարետ կա: Երկար ման եկա գրպաններումս, լուցկի չկար: Առավոտյան ինձ բաց թողեցին:
Oր 7.
Առաջին հերթին սկսեցի ման գալ ընկերներիս: Եթե նրանք չլինեին, ես ամենայն հավանականությամբ չէի դիմանա նույնիսկ առաջին օրը: Գտա նրանցից մի քանիսին: Բոլորն ունեին վնասվածքներ, կապտուկներ, քերծվածքներ, կոտրվածքներ: Ինչպես պարզվեց, ես էլ ունեի մեծ կապտուկներ մարմնիս վրա: Ես հանեցի գրպանիցս անձնագիրը, որը ոչ մի կապ չուներ այս էքստրեմալ երկրի հետ, այս խաղի հետ, որն այնքան իրական է տեղացիների համար...միգուցե սա՞ է կյանքը, իսկ այն բարեկեցիկ երկիրը, որում ապրում եմ ես, ուղղակի բացառություն է կամ խաղ: Իմ ժամանակը լրանում է այսօր, եւ ես կարող եմ գնալ: Կարող եմ նույնիսկ չսպասել ավարտին եւ մոտենալ ցանկացած օտարերկրյա դեսպանատան, քանի որ խաղի պայմաններում նշված հատուկ դրությունն արդեն վաղուց տեղի է ունեցել: Բացեցի ծածկագրով ծրարը: Գաղտնաբառն էր` թաթար-բորակի: Ես ժպտացի: Ուրեմն թողնել ու գնա՞լ:
Ոչ: Ապա նայեք այս մարդկանց: Այստեղ նրանց սպանում են, բայց հիմա նրանք ուրախ են, անեկդոտներ են պատմում ու պատրաստվում են վայելել իրենց առավոտյան սուրճը, նստել իրենց ահավոր տրանսպորտը եւ նորից փորձել կյանք գտնել թանկացող քաղաքի ճիրաններում: Լքե՞լ:
- Հեյ, այսօր ակցիա կա՞,- հարցնում եմ:
- Կա, կառավարության դիմաց: Վաղվանից ուզում են դադարեցնել թոշակների ու նպաստների վճարումը...պետք է բողոքել:
Էքստրի՞մ: Ես սիրում եմ էքստրիմ: Երբ քո քաղաքում ընկնում ես թակարդը...Թող սա լինի իմ թակարդը:
Վահե Ղուկասյան    http://www.armtimes.com/46139


Sunday, November 3, 2013

ՊԱՏԻ ՓՈՂՈՑ

Պատի փողոցը մոխրագույն է: Պատի փողոցը մարդաշատ է: Պատի փողոցը մոխրագույն մարդաշատ վայր է, որտեղ ամեն ինչ որոշում են վեր ու վար իջնող գործակիցները, ինդեքսները, տոկոսներն ու դրույքները: Պատի փողոցում փողն է, որ պտտում է ամեն բան, ավյուն տալիս մոխրագույն մարդկանց նամշած մարմիններին ու փայլեցնում նրանց սառն աչքերը:

Ներխուժումից կես ժամ առաջ գերշահավետ առաջարկներ էին ստացվում Հարավային Ասիայի բորսաներից, որոնք վաճառքի էին հանում իրենց գրողի տարած բրինձը չտեսնված ցածր գներով: Լառա Մոն անունով գործակալն,  ով հագած էր կարճ, մոխրագույն շրջազգեստ և քիպ-ընդգծող, լայն բացվածքով սպիտակ շապիկ, գրառումներ էր կատարում իր պլանշետում` հաշվելով բրնձի գնի հնարավոր փոփոխություններն ամերիկյան շուկայում: Նա նստած էր Պատի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի տակ, շքամուտքի աստիճաններին: Նրա երկար ոտքերը, որ առանձնանում էին իրենց ճերմակությամբ մոխրագույն աստիճանների մռայլի վրա, ձգված էին ողջ երկարությամբ: Նուրբ ոտնաթաթերից կախված էին սև բարձրակրունկ կոշիկները: Հարևանությամբ նստած էր գործակալ Դիմ Ֆանն ու հայացքը պարբերաբար գցում էր Լառայի պլանշետին: Աղջկա կուրծքը, որ կախված էր սենսորային դիսփլեյի վրա, լուսավորվում էր հազիվ ընկալելի նեոնային երանգով: Դիմ Ֆանն ուզում էր հասկանալ Լառայի կատարած բարդ հաշվարկները` գուշակելու բրնձի գների անկման տրված հնարավորությունները: Նրա ուշադիր հայացքը ժամանակ առ ժամանակ ընկնում էր Լառայի կրծքին, բայց թվերի և զրոների գլխապտույտ պարը, որ ղեկավարվում էր աղջկա բարակ մատների կողմից, ամբողջովին կլանել էր նրա ուշադրությունը:


Ներխուժման պահին Պատի փողոցն ավելի մարդաշատ էր քան սովորաբար: Տարբեր բորսաներում տեղի ունեցող իրարանցումը թեժացրել էր գործակալների կրքերը, եռացրել նրանց արյունը և ընդհանուր ոգևորություն առաջացրել: Մարդկանց կողմից ներխուժման պահն ընկալվեց բավական երկար դադարից հետ, որի ընթացքում պլանշետներից և ցուցատախտակներից հայացքները պոկած և երկնքին սևեռած գործակալները փորձում էին հասկանալ, թե ինչ կարող է նշանակել այդ հսկա մետաղական սարքը, որ կախված է մոխրագույն ամպերից, ինչից է այն պատրաստված և ինչպես հնարավոր կլինի այն վաճառել: Միայն զգուշացնող ձայնային հարվածից և դիվերսիոն մակույկների հարձակումից հետո մարդկանց մոտ սկսվեց պահպանման բնազդով պայմանավորված խուճապը: Սկսվեց մի չտեսնված հիստերիա, աղմուկ և անկանոն շարժում, որտեղ ամեն ոք փորձում էր հնարավորինս թաքնվել, հնարավորինս պաշտպանվել, հնարավորինս անհետանալ և հնարավորինս ողջ մնալ: Ընդհանուր առմամբ ներխուժումը տևեց հինգ րոպե, որի ընթացքում տասնյակ դիվերսիոն մակույկները հասցրեցին տիեզերանավ տեղափոխել ամեն տեսակի երկրային մթերքներ, կահ-կարասի, հազարավոր երկրային առարկաներ, Կուրտ Վոննեգուտի "Համար հինգ սպանդանոց" գիրքն ու երկու պատահական քաղաքացիների:


Ներխուժումն ավարտելուց երեք շաբաթ անց, Տրալֆամոդոր մոլորակի վրա ժողով էր, որին մասնակցում էին օտար օրգանիզմների ուսումնասիրման ինստիտուտի նախագահը, "Գեո" տիեզերանավի կապիտանը, օտար օրգանիզմների այգու գլխավոր սանիտարն ու միջտիեզերական ավարի կառավարման վարչության պետը: Վերջինիս առջև երկրային առարկանների կույտ էր, որոնցից նա երբեմն առանձնացնում էր որոշ առարկաներ, ուսումնասիրում դրանք և նորից տեղը դնում: Խոսելու պահին նրա հաստլիկ ձեռքերի երկար շոշափուկներն ամուր փաթաթվել էին Կուրտ Վոննեգուտի "Սպանդանոց համար հինգ" գրքին և զուր ջանում էին բանալ այն:
-Նրանք հաստատ հաննիբալներ են:
-Բացառվում է,-հերքեց ավարային վարչության պետի կարծիքը օտար օրգանիզմների ուսումնասիրման ինստիտուտի նախագահը,-բացառվում է թերևս այն պատճառով, որ այս երկու առանձնյակները ոչ մի ուշադրություն չեն դարձնում միմյանց վրա: Նրանք միշտ լարված են, միշտ նյարդայնացած, իրենց պահում են իսկական սովյալների պես:
-Նրանք հենց սովյալներ էլ կան,-ավելացրեց օտար օրգանիզմների այգու գլխավոր սանիտարը,-բոլոր անհրաժեշտ ուտելիքները, որ ըստ մեզ օգտագործում են Երկրի բնակիչները, նրանք արհամարհում են, թեև ժամանակ առ ժամանակ կուլ են տալիս չնչին պատառներ: Նրանց դասի կենդանիները սովորաբար ունենում են կայուն ախորժակ և ամուր մարսողական համակարգ, Մարսեցիները ձեզ օրինակ, իսկ սրանք...
-Այո, սրանք թերևս փոքր ինչ տարօրինակ են,-ասաց "Գեոյի" կապիտանը,-բոլորով միաժամանակ հավաքվում են իրենց մոխրագույն պատի փողոցում ու ողջ օրը ինչ-որ բաներ գրում, ջնջում, ձեռքերն են բարձրացնում, իջեցնում, ուրախանում, լացում, թվեր են իրար գումարում-հանում, իսկական գժանոց է:
-Դա կոչվում է առևտուր,-վրա բերեց ավարային վարչության պետը:
-Ի՞նչ:
-Առևտուր: Դա նրանք էդպես են կոչում: Դա տարբեր տեսակի ապրանքների փոխանակումն է: Փոխանակում են մի տեսակի ապրանքները մյուսներով: Կամ սրանցով:
Ավարային վարչության պետը ձեռքը մտցրեց իր առջև դրված երկրային կույտի մեջ և հանեց մի կապ թղթադրամներ:
-Ապրանքները փոխանակում են դրանց հե՞տ:
-Հենց այդպես: Իսկական խելագարություն է: Մարսեցիների մոտ, ճիշտ են ասում, այդպիսի բաներ չկան:
Օտար օրգանիզմների այգու գլխավոր սանիտարը մտահոգ հոգոց հանեց:
-Ամեն դեպքում պետք է մի բան անել, թե չէ այս առանձնյակները ձեռքից գնում են, ամեն ինչ նրանց առաջարկում ենք ախր` էլ իրենց մոլորակի կենդանիների միս, մրգեր, պահածոյացված ուտելիքներ...իսկ նրանք գնալով թուլանում են և հյուծվում:
-Լավ,-քիչ դադար տալուց հետո ասաց ավարային վարչության պետը,-ժողովն այսօր ավարտված է:
Մասնակիցները լքեցին մեծ խորհրդասրահը` մենակ թողնելով ավարային վարչության պետին երկրային կույտի հետ: Նա շոշափուկներով պտտեցնում էր  թղթադրամների կապն ու խորասուզված ինչ-որ բան մտածում: Հավանաբար չգտնելով ոչ մի ելք իր մտքերի համար, նա բարձրացնում է հաստլիկ ձեռքն ու դեն նետում թղթադրամների կապը լուսամուտից` ուղիղ դեպի օտար օրգանիզմների այգի, որտեղ ապրում էին երկու սովյալ երկրացիները:



Ներխուժումից անցել էր երեք շաբաթ, և Լառա Մունն ու Դիմ Ֆանը հայտնվել էին մի դրախտատիպ վայրում, որտեղ անընդհատ արև էր և ժամանակ առ ժամանակ երգում էին անտեսանելի թռչուններ: Միմյանց հետ առևտրային կապեր հաստատելու փորձերը նրանց մոտ չստացվեցին, քանի որ առաջարկվող ուտելիքը, կոմունալ և սանիտարական հարմարությունները բավականացնում էին երկուսին էլ դեռ ավելցուկով և չկար ոչ մի առևտրի օբյեկտ, որը հնարավոր կլիներ փոխանակել կամ վաճառել: Այդ ոչ գործնական մթնոլորտը, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ երգող անտեսանելի թռչուններն ու անդադար շողացող արևն ընկճել էին երկու կողմերին էլ, զրկել նրանց կյանքի բերկրանքից և անհետաքրքիր դարձրել կենսագործունեության պրոցեսը: Լառա Մունը, ում երկար ոտքերը արևահարվել էին անդադար շողացող արևից և ստացել շոկոլադային երանգ, բազմած էր բարձր արմավենու տակ: Ուղիղ նրա դիմաց, մեկ այլ արմավենու տակ, բազմած էր Դիմ Ֆանը, ում երեսն արևահարումից կարմրել էր և կնճռոտվել: Այն կետը, ուր վերևից ընկավ թղթադրամների հաստ կապը, նրանցից նույն հեռավորության վրա էր: Այն պահը, երբ վերևից ընկավ թղթադրամների հաստ կապը, նրանցից յուրաքանչյուրի համար նույն էր: Այն արագությունը, որով նրանք սլացան դեպի թղթադրամների հաստ կապը, նույնն էր:
-Ի՛մն է:
-Փո՛ղ:

P.S.
-Որ ասում էի հաննիբալ են...,-ասաց քթի տակ ավարային վարչության պետը ներխուժումից երեք շաբաթ և մեկ օր անց` նայելով օտար օրգանիզմների այգու` երկրային էակների համար  նախատեսված գոտում տեղի ունեցող կենաց մահու պայքարին:

Պատմվածքը տպագրված է "Հայկական ժամանակ" օրաթերթում

Sunday, September 15, 2013

Մտածի՛ր մի բան

Մեծ դժվարությամբ տրվեց ինձ գործուղման մեկնելու հնարավորությունը: Աշխատանքային այցը դեպի Կոգիտարե մոլորակ պետք է լուրջ առաջընթաց դառնար ինձ համար` աշխատանքային սանդուղքով դեպի վեր բարձրանալու գործում: Շատ կարևոր էր նաև այն փորձը, որ պետք է ձեռք բերեի միջտարածային թունելով ճանապարհորդելու ընթացքում: Արեգնակային համակարգից դուրս պատրաստված ռեպորտաժը դասելու էր ինձ լրագրողական նոր կաստայի շարքերը, ինչով ես անչափ և անսահման հպարտանում էի:
Սակայն, պարզվեց, որ ես ունեի մի շարք փաստաղթային "թերություններ", որ գործուղման ֆինանսավորումը ձգձգվում է կուտակված պարտքերի և վարկային պրոբլեմների պատճառով, որ միջտարածային թունելով ուղևորվող կապսուլան անսարք է, որ ընդամենը մեկ ճամպրուկից կազմված ուղեբեռս անհետացել է մաքսատանը և այլն և այլն...
Մի խոսքով` Կոգիտարե տանող կապսուլայի շարժվելուց հետո միայն ես կարողացա հանգիստ շունչ քաշել այդ բոլոր անհարմարություններից և վերջապես մտածել սպասվող աշխատանքի մասին: Մտածելու ժամանակը, սակայն, չնչին էր, քանի որ շարժվելուց հինգ երկրային րոպեներ անց ես արդեն գտնվում էի հարազատ երկրագնդից հազարավոր լուսնային տարիներ հեռու` անծանոթ մոլորակում` դրա մասին առաջին ճանաչողական ռեպորտաժներից մեկը պատրաստելու առաքելությամբ:
-Ձեր փաստաթղթերը,-ասաց ինձ կոգիտարցիների մաքսավորը համընդհանուր լեզվով:
Ես սկսեցի փնտրել գրպաններումս` գտնվելով կոգիտարցու նշաձև և թափանցիկ աչքերի խիստ սիրալիր հայացքի ներքո: Ես փորձում էի ժպտալ նրան ի պատասխան, սակայն գիտակցությունը, որ հերն անիծած փաստաթղթերս ինչ-որ տեղ անհետացել են, ստիպում էր ինձ խուճապի մատնվել: Հնարավորինս պահպանելով ժպիտս` ես ասացի.
-Գիտեք...ես փաստաթղթեր կարծես չունեմ, ես դրանք կորցրել եմ...երևի:
Մի անգամ ես տեսել էի, թե ինչպես են երկրային միջտարածային պորտալում հետ ուղարկում անփաստաթուղթ այցելույի` հեչ հաշվի չառնելով այն տարածությունը, որը նա անցել էր մեզ հյուրընկալվելու համար: Աչքերիս առջև ուրվագծվում էր անհեթեթ և անհույս իրավիճակը, որով ես պետք է վերադռնայի խմբագրություն և հայտարարեի հիմարագույն դեպորտիս մասին:
-Հոգ չէ,-ասաց մաքսավորը` հարթ դեմքի վրա մարդկային ժպիտի պես մի բան խաղացնելով,-դուք ուղղակի անցեք առաջ և փորձեք մտածել:
Շփոթությունը մի պահ տիրեց ինձ.
-Ի՞նչ մտածեմ,-ասացի ես:
Կոգիտարցին փայլեցրեց թափանցիկ աչքերը.
-Մտածեք, որ ամեն ինչ կարգին է;
Ես գլխով արեցի, վերցրեցի ճամպրուկս և դուրս եկա մաքսատնից` հայտնվելով Կոգիտարեի քաղաքներից մեկի բավական բանուկ փողոցում:
Հավաքածս նախնական տեղեկություններն այս մոլորակի մասին շատ կցկտուր էին և հակասական: Ոմանք առաջարկում էին Կոգիտարե այցելելուց անմիջապես հետո տեղավորվել մոտակա հյուրանոցում և այցի ողջ տևողության ընթացքում չլքել վարձած սենյակը, իսկ ոմանք սահմանափակվում էին վերացական հորդորով` ուղղակի շփվել տեղացիների հետ, գնալ նրանց հետ:
Շնչելով թթվածնով հագեցված մաքրագույն օդը և հագենալով կանաչ երկնքին զմայլված նայելուց, ես փոխեցի ուշադրությունս անցորդների վրա և ֆիքսվեցի ինչ-որ ապաստան գտնելու մտքին:
-Ձեզ պետք է ինչ-որ տեղ հանգիստ առնելու համա՞ր,-հարցրեց հետևից մեկը, ում բարակ ձայնն արտասանում էր համընդհանուր լեզվի բարդ բառերն առանձին-առանձին շեշտադրությամբ:
-Այո, ես կցանկանայի ինչ-որ տեղ կանգ առնել:
-Իսկ ի՞նչ եք դուք մտածում,-հարցրեց անսպասելի զրուցակիցս: Նրա նուրբ մարմինը ծածկում էր ջրի պես թափանցիկ զգեստը, որի տակից հստակ ուրվագծվում էր բարալիկ կազմվածքը: Նշաձև աչքերը մեղմ էին և բարեհամբույր:
-Ինչի՞ մասին,-հարցրեցի ես:
Նրա դեմքին հայտնվեց նույնպիսի "ժպիտ", ինչպիսին կար մաքսավորի մոտ:
-Դուք շփոթում եք այդ շատ կարևոր գործողությունը,-ասաց նա,-մտածում են ոչ թե մասին, այլ ինչ: Ի՞նչ եք մտածում դուք:
Կոգիտարցու երկրար խոսքը` համեմված հստակ շեշտադրությամբ, ծանրացրեց գլուխս, և ես փորձեցի հնարավորինս շուտ ազատվել նրանից:
-Ինչ, ինչ...Ես մտածում եմ մասին: Հիմա մտածում եմ տեղ գտնելու և ձեր մոլորակի հետ ծանոթանալու մասին, որպեսզի հոդված գրեմ:
-Դուք ուզում եք մտածե՞լ մեզ,-նշաձև աչքերը զարմացան, շեշտադրումը տատանվեց:
-Ես ուզում եմ, որ օգնես ինձ հյուրանոց գտնել,- կոպիտ ասացի ես:
-Լավ,-ասաց փոքրիկ կոգիտարցին,-ես հյուրանոց կմտածեմ ձեզ համար:
Հաջորդ պահին փոքրիկ զրուցակիցս նստեց հարմարավեզ թիկնաթոռին` ձեռքով հրավիրելով ինձ զբաղեցնել բազմոցը: Ես ապշած նայեցի շուրջս: Մենք գտնվում էինք մինիմալիստական ոճով կահավորված լուսավոր սենյակում: Սպիտակ պատերը թեթև անդրադարձնում էին կանաչ երկնքի գույնը` ամեն ինչ ողողելով մեղմ փիրուզագույն տոների մեջ:
-Սա հյուրանոցի համար է՞,-հարցրեցի ես,-մի՞թե սա հնարավոր է:
-Ես մտածում եմ,-պատասխանեց կոգիտարցին` խորամանկ երկարացնելով նշաձև թափանցիկ աչքերը:



Հիմա ես կուզենայի խոստովանել` Կոգիտարե մոլորակի մասին պատրաստած հոդվածս ես իրականում մտածել եմ: Ու հիմա էլ մտածում եմ սա` նորից վերապրելու զգացումներս, երբ զրույցի բռնվեցի փոքրիկ կոգիտարցու հետ: Նստած լուսավոր սենյակում, նայելով ինձ նշաձև թափանցիկ աչքերով` կոգիտարցին բացեց ինձ գաղտնիքներ և ծանոթացրեց ինձ որոշ պատմական փաստերի, որոնցով պայմանավորված է Կոգիտարեի զարգացվածության ներկայիս աստիճանը: Ողջ մեր զրույցի ընթացքում ես ապրում էի մաքրագույն հիացմունք, քանի որ նորությունները, որ լսում էի կոգիտարցուց, ոգևորում էին հոգիս և ուժով լցնում ինձ:
-Մենք խուսափում ենք մտածել ուրիշ քաղաքակրթություններ,-ասում էր ինձ զրուցակիցս,-դա ընդհանուր մտածված որոշում է, սակայն ոչնչով չի սահմանափակում առանձին անհատներին, որոնք ինչպես ասեցի` կորող են մտածել ամեն ինչ:
-Այսինքն, կան քաղաքակրթություններ, որոնք ձերոնցից ոմանց մտքի արդյու՞նք են:
-Կան այդպիսինք,-ասաց նա,-բայց դա մեծ հաշվով կարևոր չէ, քանի որ ի սկզբանե մենք բոլորս ենք մտքի արդյունք, ինչ կապ ունի այս դեպքում` թե ում մտքի:
Ես լռեցի` փորձելով վերըմբռնել Աստծու, տիեզերքի և Մեծ պայթյունի մասին ունեցած պատկերացումներս:
-Պատմի՛ր ինձ Կոգիրարեի մտքի մասին ավելին,-խնդրեցի ես նրան լուսավոր սենյակում նստած,-ինչպե՞ս կազմակերպվեց Մեծ Միտքը:
Կոգիտարցին ժպտաց` հավանաբար  շոյվելով  նրանից, որ արդեն հինգերորդ անգամն էի խնդրում պատմել իրենց պատմության այդ հատվածը:
-Մեծ Միտքը մեր էվոլյուցիայի հաջորդ աստիճանն էր: Պետք էր դիմադրել ոչնչացմանը և մեր տեսակը կատարեց ցատկ:
-Ոչնչացմանը միապետի կողմի՞ց,-ճշտեցի ես:
-Նա տիրում էր ողջ իշխանությանը, նա տիրում էր բոլորի ունեցվածքին, նա արհամարհում էր իր շուրջ ամեն բան, նա ստիպում էր ապրել վախի և ընկճվածության մեջ:
-Ու ի՞նչ եղավ հետո,-հարցրեցի` պատրաստ վայելելու արդեն սիրածս պատասխանը:
-Մենք մտածեցինք: Մենք բոլորս: Մենք գտնվում էինք ոչնչացման եզրին, քանի որ միապետը որոշել էր սեփականաշնորհել մեր մարմինները...
-Ի՞նչպես դա եղավ, ի՞նչ մտածեցիք:
-Մենք միաժամանակ մտածեցինք աշխարհ, որտեղ չկար միապետ:
-Ու՞:
-Ու եղավ մեր ցատկը: Մենք ձեռք բերեցինք Միտքը:
-Ընդհանու՞ր:
-Այո: Սակայն զարգացումը շարունակվեց, և հաջորդ սերունդներն ունեցան արդեն առանձին ազատ միտք, սովորեցին մտածել ինչ, այլ ոչ թե մասին:
Այս պատմությունն իմ  զրուցակցից ես կարող էի լսել անվերջ: Նա պատմում էր դա ոգևորությամբ և երբեմն մտածում կոգիտարեական համեղ և հագեցնող հյութեր:
-Մտածի՛ր,-ասում էր նա ինձ,-մտածի՛ր:
Իսկ երբ առաջին անգամ ինձ մոտ ստացվեց մտածել իսկական, թարմ և հասած անանաս, նա ուրախացավ ինձնից շատ և թափանցիկ աչքերը լցվեցին կանաչ լույսով:


Վերադարձա ես հենց լուսավոր սենյակից, մտածեցի ինչ-որ հոդված Կոգիտարեի մասին, որտեղ խորհուրդ տվեցի բոլոր ճանապարհորդներին զրույցի բռնվել բնիկների հետ, մտածեցի երկար-բարակ աշխատություն հավաքական գիտակցության և ելույթ քաղաքացիական պատասխանատվության մասին, որով հանդես կգամ հաջորդ շաբաթ մի շարք առաջատար համալսարաններում, մտածեցի լավ, փափուկ մեքենա և նույնքան փափուկ նշաբլիթներ:
 Քիչ անց մտածեցի ընթերողների, որոնք ժամանակ կգտնեն կարդալ այս տեքստը` մեծագույն հաճույք պատճառելով հեղինակին:

Պատմվածքը տպագրված է "Հայկական ժամանակ" օրաթերթում.