Wednesday, June 8, 2011

HotDOG


…պիտբուլ նախնիներից ժառանգած մկանոտ մարմինը պատված էր սպիներով: Ամեն մի սպի ուներ իր պատմությունը: Նա իր զտարյուն ցեղակիցների պես չէր մասնակցել կազմակերպված մարտերի: Նրա համար ռինգ էր եղել փողոցը, իսկ կյանքը` մարտի դաշտ: Նա գնում էր անտեսանելի, անհասկանալի ու անդիմադրելի կանչով: Գնում էր իր նման հազարավոր շների պես: Ողջ քաղաքից, հավաքվում էին այդ տեսակի ներկայացուցիչները: Առաջնորդվելով ինչ-որ կոլեկտիվ գիտակցությամբ` մեկ մարմին էին դառնում բոլոր շները…

“Շների պատերազմը” արդեն հասցրել է հոգնեցնել բոլորին: Բոլորն արդեն հասցրել են մի քանի անգամ բախվել շների հետ, ոմանք կարողացել են փախուստի մատնել դրանց, ոմանք ստիպված են եղել իրենք փախչել, մի քանիսը հաստատ ստացած կլինեն վերքեր, քերծվածքներ և այլ վնասվածքներ: Եվ եղել են մարդիկ, որոնք դարձել են զոհ, բայց որոնց մասին հիմա չեմ խոսի, որովհետև նրանք չկան, իսկ ես դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կան:
Այս մղձավանջը սկսվել էր մի քանի հոգու միջև տեղի ունեցող անհասկանալի խոսակցությունից հետո:
Դա տեղի էր ունենում քաղաքի երևի ամենաշքեղ նկուղային գրասենյակներից մեկում (ճիշտ է, ես չեմ եղել ուրիշ շատ նկուղային գրասենյակներում, ուստի այն փաստը, որ այդ գրասենյակը ամենաշքեղն էր, չի հավակնում հարյուր տոկոսանոց հավաստիության):
Այդ խոսակցությանը մասնակցում էին ամենախոշոր երեք մսակոմբինատների սեփականատերեր, քաղաքային սննդի պատասխանատու քարտուղարը, արագ սննդի ամենախոշոր ցանցի բաժնետերերը ու նաև մի խումբ երիտասարդ մարդիկ, որոնց հավաքի կազմակերպիչը ներկայացրել էր որպես տեխնիկական պատասխանատուներ:
-Դե պարոնա՛յք, սկսենք ներկայացնել մեր ծրագրի արդյունավետությունը, - կազմակերպիչը համոզիչ էր, ինչպես ծանրամարտիկը, որը հենց նոր բարձրացրել էր ռեկորդային կշիռ, - ինչպես ձեզ հայտնի է, իմ ընկերությունը ստացել է մենաշնորհներ` քաղաքային կենդանիների պոպուլյացիայի  կարգավորման, հաշվառման և կենդանիների ոչնչացման համար: Դա տվել է մեզ մի շարք հնարավորություններ, որոնք թյուրիմացություն կլինի արհամարհելը: Հիմա հնարավորությունների դարաշրջանն է: Ամեն-ոք պետք է օգտագործի իր ձեռքի տակ ունեցած բոլոր հնարավորությունները, որոնք խոստանում են շահույթ…
Ես գրեթե համոզված եմ, որ ներկաների մեծ մասը չէր կարող պատկերացում ունենալ, թե ինչի մասին կսկի խոսել տվյալ կազմակերպիչը: Իսկ խոսում էր նա հստակ, միատոն, թավ ձայնով` երբեմն գիշատիչ հայացքը կենտրոնացնելով ներկաներից մեկն ու մեկի վրա: 
-…ես կազմակերպել եմ լուրջ ենթակառուցվածք: Իմ բուծարաններում փողոցային կենդանիները ոչ թե կստերիլիզացվեն, այլ ընդհակառակը: Մենք կստեղծենք նրանց բազմացման համար ամենաիդեալական ինկուբատորային պայմանները: Բացի այդ, սկզբնական ժամանակի համար մենք ունենք մեր ձեռքի տակ եղած հումքի օգտագործման հստակ պլան ու հստակ որսացուցակ, ըստ որոնց մեր մատակարարման ծավալը կպահվի անհրաժեշտ մակարդակի վրա, մինչև ինկուբատորային կացարանները կտան առաջին սերունդները:
Ներկաներից մի քանիսը հազացին, մի հոգի նույնիսկ բացահայտորեն նայեց ժամացույցին: Կազմակերպիչը զգաց, որ եկել է ժամանակը բացելու խաղաթղթերը:
-Իսկ հիմա, որպեսզի էլ չտանեմ ձեր խելացի գլուխները, անցնեմ բուն առաջարկությանը: Բոլորիդ մոտ հիմա առկա են ֆինանսական դժվարություններ: Չփորձեք թաքցնել դա ինձանից: Ես ձեզանից լավ գիտեմ ինչ գին ունի մսամթերքը տեղական ու մոտակա արտասահմանյան շուկաներում ու դա գնալով աճում է, պարոնա՛յք: Աշխարհը, եթե մի քիչ մգացնենք գույները, կանգնած է պարենային ճգնաժամի առջև… իսկ ես կառաջարկեմ ձեզ մեկ կիլոգրամ որակյալ, թարմ, յուղոտ և համեղ միս երեք անգամ էժան սակագնով:
Ինչպես հրավառության ժամանակ են այս ու այն կողմ թռչում լույսերը, այնպես էլ նկուղային գրասենյակում սկսեցին այս ու այն կողմ հրթիռվել բացականչություններ, հռետորական հարցեր, պարզապես հարցեր, հայհոյանքներ: Օրինակ մեկը ողջ կոկորդով գոռաց «ու՞մ տեղն եք մեզ դրել այ …. տղեք»:
Կազմակերպիչի մռայլ հայացքը նայում էր էմոցիոնալ բում ապրող մարդկային զանգվածին: Կրքերը գնալով հանդարտվում էին: Մի քանիսը նստեցին: Մի քանիսը սկսեցին ծխել դեմքի հավասարակշռված արտահայտություններով: Նույնիսկ նա ով հայհոյում էր, կարծես հանդարտվեց ու զբաղեցրեց իր տեղը:
-Հմ… պարոնա՛յք, ճիշտն ասած ես սպասում էի այսպիսի մի բան: Բան չկա: Հանգստացե՛ք, մտածե՛ք: Մի քանի րոպեից իմ իրավաբանները կներկայացնեն ձեզ պայմանագրեր մսի մշտական մատակարարման մասին: Պարոնա՛յք, այս պայմանագրերի միջոցով դուք կվերացնեք ձեր բոլոր մրցակիցներին: 
Կես ժամ հետո, ուղիղ կես ժամ հետո, ստորագրվեց վերջին պայմանագիրը: Բոլորը գոհ էին: Բացի հայհոյողից: Նրա դեմքին դաջված էր փսխելու անզուսպ ցանկությունը:
-Ի դեպ, պարոնա՛յք, իմ ընկերության մարտունակությունը ցուցադրելու համար հրավիրում եմ ձեզ որսի: Այո՛, որսի: Ամենաիսկական սաֆարի: Իսկ սաֆարիի գլխավոր թիրախը կլինի մեր հարգարժան պարոն Հայհոյողը:  
Հայհոյողին գնդակահարեցին ամենաժամանակակից լազերային և օպտիկական նշանառություն ունեցող զենքերից: Մի քանիսը իրենց իսկական դիպուկահար զգացին: Մի քանիսին հաջողվեց սպանել հինգից ավել շուն: Ոմանք նշան էին բռնում կատուների վրա: Ամենադիպուկները զվարճանում էին առնետներին նշան բռնելով:
Պայմանագրերը կնքված էին: Բոլոր մասնակից ֆիրմաները գտել էին ֆինանսական փոսից դուրս գալու ամենակարճ ճանապարհը: Մրցակիցներ չկային: Արդեն երկու շաբաթից նոր նրբերշիկները, որոնք երկու անգամ էժան էին նմանատիպներից, լցրեցին խանութների մսամթերքի բաժինները: Հանրահայտ արագ սննդի ցանցը կազմակերպեց ակցիա, որի արդյունքում բաժանվեցին ավելի քան 5000 բացարձակ անվճար հոթդոգներ: Ամեն ինչ այնքան հիանալի էր, ինչքան  ընդհանրապես կարող  էր լինել հիանալի:
Սա փաստացի այն ամենն է, ինչ նախորդել է «Շների պատերազմին»: Մեզ մոտ` պաշտպանության հոգեբանական բաժնում, ասում են, որ այս տեսակ խմբակային գիտակցությունը աննախադեպ ֆենոմեն է: Ասում են, որ եթե հաջողվի բացահայտել շներին մարտի տանող կամքը, ապա հնարավոր կլինի այն կոտրել:
Ինձ տխրեցնում է այդ միտքը: Կարելի է պարզապես պատերազմել: Առանց կոտրելու կամքը:Կամքը լրիվ կոտրվել է արդեն ողջ քաղաքում: Դա հազվագույտ երևույթ է: Չի կարելի կոտրել:
Ասում են, որ հնարավոր է շների վրա ազդում են հատուկ սարքերի միջոցով` Մասիվներում գտնվող ինչ-որ գաղտնի լաբորատորիայից: Դա ինձ դուր է գալիս: Ես կուզենամ ներկա գտնվել այդ լաբարատորիայի գրավմանը:
Իսկ շները հարձակվում են գրեթե բոլորի վրա: Մտածում եմ` նրանք հասկացել են ինչ է իրենց սպասվում: Հարց եմ տալիս ինձ` ի՞նչու դա չէր լինում առաջ: Ինչքանով որ ես եմ հիշում, փողոցային շների դեմ միշտ են պայքարել: Միգուցե նրանց դուր չի եկել մասնավորապես այն, որ իրենց պատրաստվում են ուտել: 
Այս ամենի մասին ես մտածում եմ հիմա: Չեմ նկատել իմ մեջ այնչափ զգացմունքայնություն, որպեսզի դողա ձեռքս հերթական շանը գնդակահարելիս: Շուտով իմ հերթափոխն է վերցնելու թաղամասի անվտանգությունը: Զգում եմ` գիշերը թեժ է լինելու:

1 comment:

  1. Հզոր էր:
    Ամենակարևորը` որ կլանված եմ կարդում քո ամեն մի պատմվածքը:
    Իսկ իմաստը` ամե ոք կարող է իմաստ գտնել քո պատմվածքների մեջ, եթե միայն մի քիչ ուզենա

    ReplyDelete