Երբ ես հասա տեղ, բոլորը արդեն ինձ էին սպասում: Իմ ընկերները, իմ երամը կամ եթե կուզեք` իմ ոհմակը: Մենք կորցրել էինք մեր հարազատներին, մեր ծնողներին, որոշ ընկերներին: Ու մենք հավաքվել էինք վրեժի համար:
Մեր բոլորի դեմքին կա դաջված տխրություն: Մեզ հարազատ մարդիկ դադարել են գոյություն ունենալ: Նրանք նստած են իրենց բազկաթոռների մեջ, նրանց դեմքերը ոչինչ չեն արտահայտում: Նրանց ուղեղները հարդուկված են հեռուստատեսության կողմից: Նրանք ենթարկվում են այդ հիմար արկղներին (վերջերս նաև պարզապես տախտակներին):
Բթացնող ինֆորմացիայի դադարեցման դեպքում նրանց մոտ խանգարվում են օրգանիզմի նույնիսկ ամենակենսական ֆունկցիաները: Դա մահ է, զոմբիություն:
Ո՞վ: Ինչպե՞ս ու ե՞րբ է որոշել խաղալ այդ խաղը մարդկանց հետ....
Հաղորդագրություններ արտասահմանից չենք ստացել արդեն հինգ ամիս: Մենք կասկածում ենք, որ բոլոր հեռուստաընկերությունների կողմից տարվող ուղեղների մասսայական լվացումը տեղի է ունենում նաև արտասահմանում: Ռուդիկը` մեր մոտոցիկլիստներից մեկը, ասում է, որ Ռուսաստանից վերադառնալիս` մոտ վեց ամիս առաջ, փողոցում հանդիպել էր մի խումբ ծայրահեղականների, որոնք բողոքում էին հեռուստաընկերությունների դեմ... Նա հավանաբար չէր մտածում այդ ժամանակ, որ շուտով ինքն էլ է դառնալու ծայրահեղական:
Փաստացի մենք գոյություն չունենք: Գոյություն ունեն միայն նրանք, ովքեր գամցված են էկրաններին, ու նրանք, ովքեր գտնվում են էկրաններից այն կողմ:
Կոնկրետ մեր խումբը չի ունեցել հանդիպումներ էկրանից այն կողմ գտնվողների հետ, բայց մեզ ծանոթ խմբերից մեկի հանդիպումը դրանց հետ ավարտվել էր արյունահեղությամբ... Այդ խմբից ողջ էր մնացել միայն Հակոբը` ներկայումս մեր խմբի մեխանիկը:
Մեր ունեցած տեղեկություններվ ողջ այդ մղձավանջը ստեղծվում էր հատուկ ձայնային համակարգերի միջոցով: Դրանք այնպիսի հաճախականություն ունեցող ձայներ են, որոնք պարալիզացնում են գլխի մկանները, սահմանափակում ուղեղ արյան մատակարարումը:
Կատարված փորձերը ասում են, որ բացի ձայնային հաճախականության խեղումների, կա վիզուալ ազդեցության կիրառություն: Մեր հոգեբանները պարզել են, որ գունային այն գամման, որը ցուցադրվում է հեռուստաընկերություններով, ամբողջովին կլանում է նայողի ուշադրությունը ու ֆիքսում այն էկրանի վրա:
- Վերցրել ե՞ս դուբինկեքը, - հարցրեց ինձ Կառան:
- Հա՜, հա՜: Ու ոչ միայն դուբինկեք, նայի՛, - ես ցույց տվեցի նրան մի քանի հաստ պողպատե շղթաներ, որ գտել էի լքված գործարաններից մեկում: Դրանցով շատ հարմար է մենամարտել, երբ հակառակորդը լինում է զինված: Դրանցով հնարավոր է լինում խլել զենքը:
- Օ՜, այ թե վիզ ես դրել, - ուրախացավ Ռոբը, որը այդ գիշեր պիտի ղեկավարեր հարձակումը:
- Ե՞րբ ենք սկսում: Արդեն ժամանակն ա:
- Հիմա՛, հիմա՛, - ասաց Ռոբը ու հանկարծ այնպես գոռաց, որ բոլորը ցնցվեցին, - Առաա՜ջ: Գործում ենք ըստ ծրագրի. չ՛խնայել, չ՛վախենալ:
Մեր տրանսպորտը կազմում էին հինգ մոտոցիկլետ, մեկ հին կուպե «Օփել» ու մի հատ «Ֆորդ Տրանզիտ», որը ժամանակին եղել էր երթուղային: Ֆորդը հիմա օգտագործվում էր որպես շտաբ: Այդտեղ էր դրված մեր ռացիաների կենտրոնը, որի միջոցով մենք բոլորս կապի մեջ էինք լինում: Բջջային կապը քաղաքում դադարել էր աշխատել մասսայական լվացքից մի քանի օր հետո:
Մենք հետազոտել էինք մեր թիրախը բավական երկար ժամանակի ընթացքում ու ստացել կարծես թե սպառիչ ինֆորմացիա նրա մասին: Շնորհիվ մեր խումբն անցած Հակոբի մենք իմացել էինք մոտակա հեռուստաստուդիաներից մեկի խոցելի տեղերը: Դա բավականին մեծ, պահեստային տարածք հիշեցնող կառույց էր, որի ներսում նկարահանվում էին նորանոր սերիալներ, հաղորդումներ, հորինվում էին լուրերի թողարկումներ և այլ: Թե ում կհանդիպենք այնտեղ մենք գաղափար անգամ չունեինք: Հակոբը ասում էր, որ դրանք սովորական մարդիկ են` մեզ նման: Սակայն մեզանից շատերը սպասում էին տեսնել այնտեղ ում ասես բացի սովորական մարդկանցից: Նրանց համար չափից դուրս խորթ էր մարդու կողմից մարդուն զոմբիացնելու հրեշային միտքը:
Մթության մեջ նկատվում էին հսկա անգարի (իսկ դա իրոք նման էր անգարի) ուրվագծերը: Հսկա դարպասները չէին փակված մինչև վերջ ու նրանց ճեղքից երևում էր լույսի բարակ ճեղքը: Մեղմ, զով քամին չափից ավելի հանգիստ էր այդ գիշերվա համար: Համոզված եմ, որ բոլորս գնում էինք մեր անձնական վրեժի հետևից:
Դարպասներին նախ մոտեցան Ռոբը և Կառան: Համոզվելով, որ չկան անվտանգության միջոցներ, նրանք նշան արեցին մեզ մոտենալու:
Այն ինչ տեսա ես դարպասների ճեղքից նման էր իմ պատկերացրած տեսարանին: Ամենուր տեղադրված էր տեխնիկա, խցիկներ, դեկորացիաներ, լուսարձակներ: Դրանցից երկուսը լուսավորում էին անգարի ողջ տարածքը: Լայն սրահի կենտրոնում, երեք աշխատող տեսախցիկների տակ կանգնած էին մի խումբ մարդիկ: Ավելի ճիշտ կանգնած էին նրանք բոլորը, բացի մեկից: Նա պարկած էր գետնին ու ինչ-որ բաներ էր գոռգոռում: Ես լսեցի միայն «...հորս արև՜... կարո՞ղ ես ինձ բացատրել... խնդրու՜մ եմ... մորս արև՜...» արտահայտությունները: Նրա շուրջ կանգնածները զինված էին: Նրանցի մեկը նույնպես անընդհատ գոռում էր` ավելի թանձր ձայնով` «...շակալ անասու՜ն... դու ինձ ես դավաճանել... կարո՞ղ ես ինձ բացատրել... չեմ հասկանու՜մ... շակա՜լ...»
- Ահա՜, - լսեցի Ռոբի ձայնը,- նկարում են:
- Սա հենց էդ սերիալնե՞րն են, - հարցրեց Կառան, - բա ու՞ր ա լացուկոծը:
Հենց այդ բառերի վրա լսվեց մի այնպիսի վայնասուն, որը չէր կարելի պատկերացնել անզեն երևակայությամբ: Դա նման չէր ոչ երիտասարդ գոջու աղաղաղակներին, որին մորթում են նոր տարվա սեղանի համար, ոչ էլ թակարդն ընկած գայլի ոռնոցներին: Դա լացում էր դերասանուհին սերիալի նկարահանման ժամանակ: Ես զգացի մերոնց դեմքերին անվճռականություն: Հարձակվե՞լ այդպիսի թշնամու դեմ... չէ՞ր նշանակի դա արդյոք ինքնասպանություն:
- Առա՜ջ, - բացականչեց Ռոբը ու վերացրեց իմ հոգում ծագած բոլոր մտավախությունները: Ես զգում էի թե ինչպես է շիկանում իմ ձեռքի մետաղե ձողը, ինչպես է ավելի ու ավելի արագ պտտում իր ձեռքի շղթան Հակոբը... զգում էի Արմենին, Կարենին, Միշին... զգում էի իմ ոհմակը, որ գնում էր վրեժի...

Սրահի մյուս ծայրում գտնվող նկուղային դարպասները սկսվեցին փակվել: Մինչ մենք հարվածներ էինք հասցնում այս ու այն կողմ փախչող ու աղմկող դերասաններին, նրանցի մի քանիսը կարողացան անցնել փակվող դարպասներով ու փրկվել:
Մեր տրամադրության տակ մնացել էին երեք լեշ, մեկ կիսադիակ ու մի աղջիկ, որը հիմա չէր կարողանում ոչ լացել, ոչ վնգստալ, ոչ արտաբերել որևէ հնչյուն:
Սակայն միայն նա կարող էր պատասխանել մեր հարցերին.
- Ինչու՞: Ո՞վ ես դու: Ի՞նչ եք անում դուք, ինչի՞ համար:
Աղջկա դեմքը արտահայտում էր բացարձակ անտարբերություն: Ես արդեն մտածում էի, որ նա զոմբիացել է, կամ բթացել կամ պարզապես ցնորվել: Հանկարծ նա խոսաց.
- Մեզ դա պետք ա, հասկանու՞մ եք, դրանից ա կախված մեր դոզաների քանակը... դա մեզ պետք ա… հասկանում ե՞ս:
Ես չէի հասկանում: Սակայն աղջկա հաջորդ բառերը հավանաբար ամենակարևոր ձեռքբերումն էին մեզ համար:
- Անջատելու համար էս կառուսելը` անջատեք դրանց անտենաները... նայեք կասկադը, նայեք մեծ աշտարակը, նայեք եկեղեցիների խաչերը, սաղ բարձր տեղերը...
Շարունակել աղջիկը չկարողացավ, որովհետև ստացավ մետաղի ստանդարդ քանակություն ուղիղ ճակատին: Նրան կրակեց կիսադիակը, որին արդեն համարում էինք դիակ… Ես խղճացի աղջկան: Ուզեցա հավատալ նրա անմեղությանը: Հիշում եմ, ես մի անգամ հասկացա մի պոռնիկի, որը բացատրում էր ինձ, թե ինչու է անում իր գործը: «Բա ո՞վ պահի էրեխուս», - ասում էր նա: Ես այն ժամանակ մի պահ հասկացա նրա մտածելակերպը: Ու այդ աղջկան էլ կարծես հասկացա: Այսինքն ոչ թե նրան, այլ այն փաստը, որ այդպիսի հրեշությունը կարելի է արդարացնել ինչ-որ կերպ: Չնայած ես չունեցա ժամանակ այդ մասին մտածելու:
- Ես հասկացա... մենք սխալվեցինք` հարձակվելով սրանց վրա, - ասաց Ռոբը, - թող սա լինի արյան վրեժ:
Մի քիչ լռելուց հետո ավելացրեց.
- Մենք կստուգենք բոլոր այն օբյեկտները, որոնք կարող են լինել էս հեռարձակումների աղբյուրը: Կգտնենք ու կվերացնենք...
Ես նկատեցի նրա աչքերում հոգնածություն:
P.S,
Այս պատմվածքի հերոսները հավանաբար մի օր կհասնեն իրենց նպատակին:
P.S.
Պատմվածքը այսպես ավարտելով` ես պարզապես չեմ ուզեցել հոգնեցնել ձեզ այլ արյունալի տեսարաններով:
P.S.
Պատմվածքը ունի հեգնական բնույթ: Ամեն ինչ ցավոք սրտի հորինված է:
No comments:
Post a Comment