Friday, June 24, 2011

Igneus planta


Անիծել սկզբում գենետիկներին հետո երկրաբաններին...թե՞ հակառակը: Դա հիմա այնքան էլ կարևոր չէ: Ժամանակին, սակայն, դա հուզում էր ինձ: Ես պարզապես չգիտեի ում պատճառով եմ ավելի շատ տառապում: Ախ հա`...մոռացել էի: Չէ որ ես այս տառապանքը վաստակել էի:
Հավատացեք, այն ինչ  շատ վաղուց գրել էր Սոլժինիցինը «Արխիպելագ «Գուլագում»»  հիմա կթվա մանկապարտեզ: Ես դա ասում եմ առանց խղճի խայթի` պահելով ողջ հարգանքս մեծն գրողի նկատմամբ:
Բանն այն է, որ մեր գաղութը գտնվում է իսկական դժոխքում: Եթե մի տեղ ամեն ինչ վառվում է, ամեն ինչ շիկացած է, օդը հագեցված է շմոլ գազով ( ինչպես նաև հազար ու մի այլ գազերով ևս, որոնց քիմական բաղադրությունը, գրազ եմ գալիս, չգիտեն նույնիսկ ամենախելացի գիտնականները. նրանք ընդհանրապես ոչ մի բան չգիտեն դժողքի մասին) ուրեմն դա հենց Դժոխքն է:
Ամեն ինչ սկսվեց վառվել, երբ այդ գիտունիկ երկրաբանները հայտարարեցին, թե հնարավոր է այս երկրում գտնել նավթ: Միանգամից հայտնվեցին մի քանի միջազգային հզոր կազմակերպություններ ու ստանձնեցին  ֆինանսավորել նավթի որոնման աշխատանքները: Դրանք այնպիսի գումարներ ներդրեցին ու այնպիսի եռանդով անցան ընդերքի փորման աշխատանքներին, կարծես դրա մասին էին երազել ողջ կյանքում : Ասում են, որ ամենաանմիտ բաներն արվում են դեմքի լուրջ արտահայտությամբ: Ես իրոք համաձայն եմ դրա հետ: Օր ու գիշեր դրանք հայտարարություններ էին անում փորման արդյունքների մասին: Ահա արդեն հազար մետր, երկու հազար, երեք... հետո՞:
Արդյունքում ակտիվացավ գրողի տարած ընդերքային ինչ-որ գործընթաց: Երկրակեղևը փորման վայրից մի քանի կիլոմետր շառավիղով սկսեց շիկանալ ընդերքային հրաբուխների ու լավաների ազդեցության տակ: Հողը ածխացավ, սպիտակեց ու դարձավ իսկական մոխիր: Սակայն միայն սկզբում էին բոլորը համոզված, որ դա իսկական մոխիր էր: Մինչև բեմ բարձրացան գենետիկներն ու հայտարարեցին, թե այդ մոխրահողի համար իրենք իրենց վայ-ինժեներիայի միջոցով ստեղծել են հատուկ բույսեր: Բույսերն այդ կարող էին ապրել աննորմալ բարձր ջերմաստիճաններում ու նյութափոխանակության սկզբունքային նոր համակարգի շնորհիվ սկսեցին ոչ միայն աճել, այլ նաև ծաղկել: Դժոխքը միանգամից վերածվեց ցանքատարածությունների: Այդ նոր բույսերի գինը միջազգային շուկայում սկսեց աճել երկրաչափական պրոգրեսիայով` իրենց սուպերպիտանելիության շնորհիվ: Այս բույսերը ( ես նույնիսկ  չգիտեմ ինչպես է դրանց լատիներեն պաշտոնական անվանումը), օգտագործվում են բժշկության, սննդի ու նույնիսկ տիեզերագնացության մեջ: Դրանց հյուսվածքներից ստացվող  գործվածքները, պարզվեց, անփոխարինելի են տիեզերագնացների սկաֆանդրների համար: Ի՞նչ էին անում այս բոլորը, երբ չկար դժոխքը:

Աշխատուժի հարցը լուծվեց հեշտից էլ հեշտ: Ինչու այս ու այն կողմ ընկնել, երբ կարելի է էքսպլուատացնել հասարակության թափոններին: Հանցագործներ, այլախոհներ, մարդասպաներ...մի ողջ բանակ աշխատող օրգանիզմներ, որոնք կարող են վարել դժոխքի «պարարտ» հողը, ցանք անել, հունձ անել: Մի խոսքով` կոլխոզային զբաղմունքների  կատարյան կոմպլեկտ:

Իմ` դժոխքում հայտնվելու պատճառների մասին գերադասում եմ չխոսել: Պարզապես իմաստ չեմ տեսնում նկարագրելու այն ամենը ,ինչի միջով ես անցա այդտեղ հայտնվելուց առաջ: Ուղղակի, որպեսզի ձեզ համար հետաքրքիր լինի, կբացեմ մի գաղտնիք` ամեն ինչ կատարվեց մի աղջկա պատճառով, որը անընդհատ ասում էր ինձ` կապիր շնուռոկներդ: Ես միշտ անփույթ էի հագնվում: Կոշիկներիս պարանիկների մասին մոռանում էի բոլորովին: Հավանաբար նրան տեսնելու երջանկությունն էր, որ շեղում էր իմ ուշադրությունը ոտքերիցս ու չէի նկատում որ իմ հետևից սողում են <<բոթասներիս>> պարանիկները: Իսկ նա ասում էր` կոճկիր շնուռոկներդ: Ես երազում էի նրա մասին  ու այդ երազանքը դրդեց ինձ գործողությունների, որոնք բերեցին ինձ այնտեղ...
Չեմ բողոքում. Այնտեղ ես հանդիպեցի Վահանին, Սլավին, Կամոյին: Ընկերներս Էին:Էին, որովհետև Սլավը և Կամոն այլևս չկան:
Մեր պաշտոնական պարտականությունների մեջ մտնում էր հողի մշակումը: Հագնելով ջերմադիմացկուն կտորից համազգեստ` մենք վերցնում էինք մեր տիտանե բահերը (երկաթե բահերը չէին դիմանում հողի քիմիական բաղադրությանը) ու գնում հողը վարելու: Այն, որ հողը կարող է երբեմն  բոցավառվել ու վերացնել իր վրա կանգնողին, կամ նույնիսկ պայթել, չէր ասվում ոչ մի տեղ: Չէր ասվում նաև, որ մեր պարտականությունների մեջ էր մտնում մենամարտել այդ հողից դուրս եկող հսկա միջատների ու ճիճուների դեմ....: Այդ ճիճուներից մեկի բաժինն էլ հենց դարձավ Կամոն:
Գնում էինք տասներկուժամյա հերթափոխերով, վարում մեզ հասանելիք հեկտարը ու վերադառնում: Մյուս խումբը գիշերային ժամերին ցանում էր այդ հողի վրա անիծյալ սերմերը, իսկ ցերեկը արդեն հասած բերքը հավաքում էր հաջորդ խումբը: Լինում էր, որ որևէ հերթափոխից վերադառնում էին ընդամենը երկու-երեք հոգի. Դա նշանակում էր, որ հանդիպում էր եղել Դժոխքի ֆաունայի ներկայացուցիչների հետ:
Մի անգամ այդպիսի փորձանքի մեջ ընկանք ես ու Սլավը: Այդ օրը մեզ էր հասել գիշերային հերթափոխը: Սերմով լցված ամանները արդեն պարպված էին, մենք հասել էինք Դժոխքի մյուս մասը ամենաերկար շառավիղով ու ուզում էինք վերադառնալ բազա: Լույսը արդեն բացվում էր: Դժոխքի վրա երկինքը միշտ մոխրագույն է: Սակայն գիշերները, երբ կատարյալ մթության մեջ երևում են միայն շիկացած հողի կարմրավուն կայծերը, սկսում ես սպասել այդ մոխրագույն երկնքին. կարծես դա լինի փրկությանդ խորհրդանիշը:
Մենք գնում էինք բաժանված երեք խմբի: Մոտ տաս հոգի գնում էր առջևից, ես ու Սլավը ևս չորս հոգու հետ գնում էինք մեջտեղից, իսկ վերջում գալիս էր հերթափոխի մնացած մասը` երեսուն հոգի կամ նույնիսկ ավել:
Հենց նրանք էլ դարձան առաջին զոհերը: Սովորաբար այդ միջատները հարձակվելու ընթացքում հանում են ինչ-որ ֆսսոցային ձայներ` հնարավորություն տալով զոհին նայել մահվան աչքերին: Ոչ մի տեսակի ֆշշոց ես չլսեցի: Միայն աղմուկ աղաղակ, մի քանի վայրկյան: Երբ, առաջ վազելով, մենք նայեցինք հետ, մի քանի երկու մետրանոց բլոճներ արդեն լող էին տալիս մարդկային մարմնից, արյունից ու ներքին օրգաներից կազմված ֆարշի մեջ: Տեղ-տեղ նկատվում էին դեռ շարժվող վերջույթներ:
Մնում էր միայն փախչել: Անհնար էր ինչ-որ մեկին փրկել: Բախտներս բերեց հավանաբար, որ այդ բլոճները չհետապնդեցին մեզ: Կշտացել էին: Սակայն մեզանից մի քանիսի համար կար նոր անակնկալ ևս:
Առջևից վազող մի քանիսը հանկարծ անհետացան: Չէ: Ոչ թե անհետացան, այլ կորան տեսադաշտից, որովհետև հետք կար: Հետքերը գետնին` հողի մեջ, փոքրիկ խառնարաններ էին: Այդպիսի դեպքերում հողը այդ հատվածում սկսում էր բուրալ թարմ խորոված մսովխեղճերին ներքև էին քաշել ճիճուները:
Առավոտյսն, տեղ հասնելով, ես ամենաշատը ուզեցի ծխել: Այդտեղ ծխախոտներ չեն լինում: Դժոխքը ունի միայն մեկ առավելություն` այդ գրողի տարած գազերը հագեցնում են նիկոտինային ծարավը ու չի առաջանում ծխելու անհրաժեշտություն:
Իսկ ես ուզեցա ծխել: Միգուցե ոչ նիկոտինի համար: Այլ ուղղակի


Բազան, կամ ինչպես ասում են` կազարման, գտնվում էր Դժոխքի կենտրոնում: Այդտեղ գրեթե  չկային պահակներ կամ զինվորներ: Ամեն  օր մի քանի ուղղաթիռներ գալիս էին բերքի հետևից, թողնում մեզ համար ուտելիքներ և այլ անհրաժեշտ իրեր ու հեռանում: Կարգ ու կանոն պահպանելու խնդիր չկար: Կային միայն մի քանի զինված անձինք, որոնք ամեն օր փոխարինում էին իրար ու ոչ մի կերպ կոնտակտի մեջ  չէին մտնում մեզ հետ: Դրանց հետ շփումները գործնականում  անհնար էին:
 Դժոխքում ոչ մեկն  այնքան էներգիա չուներ, որպեսզի  ցանկություն հայտներ տրորելու մյուսի ոտքը: Աշխատում էին բոլորը այն պատճառով, որ չկար բավականաչափ եռանդ` դուրս գալու զինյալների դեմ: Մի քանի այդպիսի դեպքերը ավարտվեցին կարճ կրակահերթերով: Նույնիսկ այդ ժամանակ էլ մի բառ չասացին այդ զինյալները: Ոչ մի բառ... Նրանց լռությունը թերևս ամենադաժանան բանն էր այդ դժոխքում:
Իմ ընկերությունը Վահանի, Սլավի ու Կամոյի հետ բացատրվում էր զուտ պատահականությամբ: Մեր նառերը գտնվում էին կողք կողքի: Այլապես մենք չէինք ունենա բավականաչափ կամք մեկ մեկու հետ ծանոթանալու համար: Նառերի համարներով էլ ինչ-որ ժամանակ որոշվել էր հերթափոխերի հաջորդականությունը (ի դեպ ես չեմ կարողանում հիշել հիմա այդ հերթականության սկզբունքը): Այն խախտելու մի քանի փորձերը նույնպես ավարտվել էին լուռ կրակահերթերով:
Այդ օրը ես յուրահատուկ զրույց էի սկսել Վահանի հետ: Հավանաբար դա առաջին քիչ թե շատ կապակցված առողջ զրույցն էր:
-Երեկ էնպես ուզեցի ծխել...
-Ծխե՞լ.. ես մոռացել եմ արդեն դա  ինչ ա նշանակում,- տխուր ասում էր  Վահանը: Մթության մեջ տեսնում էի նրա դեմքի ուրվագծերը:
-Ի՞նչ ես դու մտածում: Ի՞նչ ա լինելու հետո:
Այդ հարցը ինձ էլ էր տանջում վաղուց: Ինձ թվում է, ես այն ժամանակ ունեի պատասխան, սակայն վախենում էի նրանից: Վահանին այդ հարցը ցնցեց: Նա շուռ եկավ: Ես զգում էի նրա լարվածությունը:
-Հետոն կլինի մենակ էն դեպքում, եթե մենք կարողանանք ինչ-որ բան անել...
-Ի՞նչ օրինակ,- հետաքրքրվեցի ես,-ի՞նչ:
-Դու մտածել ե՞ս` ի՞նչ ենք անում մենք էստեղ, ինչքա՞ն ենք անելու:
-Դե ես հենց դրա մասին էլ ուզում էի խոսել...
-Սուս: Ոչ մեկդ էստեղ  չեք մտածում ոչ մի բան: Սաղս անասուն ենք ստեղ:
-Դե լավ, լավ...ես ուրախ եմ, որ դու մտածում ես: Ես էլ եմ մտածում: Դե ի՞նչ: Փոխանակվե՞նք մտքերով:
Վահանը ցույց տվեց իր քամահրանքը իմ հանդեպ: Հասկանում եմ նրան: Ո՞վ եմ ես, որ իրեն բզեմ ու ասեմ` արի գլուխ գլխի տանք: Հնարավոր է ես էլ իմ մտածմունքների ժամանակ նույն կերպ արձագանքեի:
-Ես ուզում եմ գնալ...չնայած գիտեմ, որ էն աշխարհը, որը ուղարկել ա ինձ էստեղ, ավելի լավը չի, քան էս դժոխքը...
Ես զարմացա, քանի որ դրանից մի քանի օր առաջ ես էլ մտածում էի, որ չափից ավելի արատավոր է այն աշխարհը, որտեղ մարդիկ իրենց նմաններին արժանացնում են դժոխքի:
-Բայց պիտի գնամ...
-Ու՞ր: Ո՞նց: Այդպես ոչ ոք չի արել: Չգիտենք ինչ կա էս հողերից այն կողմ: Իսկ եթե լինեն զորքեր: Եթե չկարողանանք անցնել...
-Մի օր քեզ էլ կուտեն բլոճները...կամ կտրաքես էս հողերի վրա..
Վահանի հայացքը լի էր ատելությամբ: Չեմ ուզում մտածել, թե այդ պահին ատելությունը ինձ էր ուղղված: Կարծում եմ նա ատում էր ողջ աշխարհը: Հենց այդ պահին հայտնվեցին երկու հոգի Սլավի ու Կամոյի հերթափոխից...Բերքահավաքի ժամանակ թունավորվել էր Սլավը և  այրել թոքերը: Հետդարձին Կամոն հանդիպել էր ճիճուի հետ....
Կյանքում լինում են պահեր, երբ կողքից ստացված լուրերը կամ կատարվող իրադարձությունները հանդիսանում են նշաներ: Հանկարծ ամեն ինչ պարզ դարձավ ինձ համար` ԳՆԱԼ:
Մի քանի րոպե անց ես արդեն խնդրում էի Վահանին միասին հեռանալ: Հենց առավոտյան` մեր հերթափոխի ժամանակ: Կգցենք այդ սերմերը մի կողմ, կգնանք ուղիղ, մինչև Դժոխքը կավարտվի: Տրամաբանությունը հստակ էր: Եթե գնայինք ուղիղ, մի տեղ կհասնեինք: Եթե հանդիպեինք զորքերի կամ պահակակետերի...կգործեինք ըստ իրավիճակի:
Վահանը մռայլ էր: Նա նայում էր ինձ ու նրա հայացքը փորձում էր հավատ գտնել իմ աչքերում: Ես ոգևորված խոսում էի փորձելու անհրաժեշտության մասին, պատմում էի այն աշխարհի մասին, որը սպասում էի տեսնել դրսում: Ամեն բառիս հետ ես զգում էի, թե ինչպես են ինձ լքում ուժերս, ես հյուծվում էի գործադրած  ջանքերիցս: Այդ անասուն գազերը
-Առավոտյան կլինենք միասին,- նա հորանջեց` լայն բացելով բերանը,- իսկ հիմա քնել:


Դժոխքի վրա նույնպես գալիս են անձրևներ: Կաթիլները որպես կանոն չեն հասնում մինչև հողը, հասնելու դեպքում էլ միանգամից գոլոշիանում են: Երբ լինում են տեղումներ, Դժոխքի տարածքը պարուրվում է խիտ, թունավոր մշուշով: Այն ավելի սարսափելի է դարձնում բացօթյա աշխատանքները: Շարժումները ստացվում են ավելի ծանր ու անբնական: Հաստ ջերմադիմացկուն համազգեստի տակ մարմինը պատվում է կպչուն քրտինքով: Այդպիսի եղանակին բոլորի դեմքերը արտահայտում են ծայրաստիճան դժբախտություն:
Իմ ու Վահանի Ազատության առավոտը հենց այդպիսին էր: Գիշերը ես քնել էի հիանալի: Նույնիսկ մառախուղը չփչացրեց իմ տրամադրությունը: Երեկոյան կայացված որոշման թարմությունը չէր լքել ինձ, ու ես թեթևությամբ շունչ քաշեցի, երբ նկատեցի նույն ոգևորությունը Վահանի մոտ: Նախորդ օրվա մռայլությունը անցել էր, նա պատրաստ էր կատարել այդ քայլը:
-Ափսոս մեզ հետ չեն Կամոն ու Սլավը
-Ափսոս,- հաստատեցի ես,- մի օր ուշացրինք մենք մեր զրույցը
Բազայից դուրս գալիս  սովորաբար վերցնում ենք ջրի բալոններ. հատուկ ձողիկներով կարողանում ենք այնտեղից ջուր խմել դիմակի տակից: Երկուսս էլ ունեինք այդպիսի բալոններ: Ջուրը երկուսում էլ լիքն էր, բայց այն պետք էր ամեն դեպքում խնայել: Ուտելիք Դժոխքում չեն վերցնում, բայց ես նկատեցի ինչպես է Վահանը ներքին գրպանները խցկել մի քանի կտոր չոր հացեր: Տեսնելով որ ես նկատել եմ` նա խորամանկ ժպտաց.
-Հիմարություն կլինի սովից մեռնելը:
Մեր խումբը շարժվեց ուղիղ շարքով: Պետք է դուրս գայինք բազայի տարածքից, անցնեինք հարյուր հիսուն մետր էլ ու սկսեինք գործը: Այդքան էր հեռավորությունը բազայից մինչև արտի սկիզբը: Այդ ճանապարհը փխրուն ու շիկացած հողի վրայով թվում էր անվերջանալի: Սակայն բողոքելը կլիներ աբսուրդ. Չէ որ մենք պատրաստվում էինք քայլել այդպես մի քանի կիլոմետր:Արտ հասնելուց հետո հնարավոր կլիներ համեմատաբար ցրվել, իսկ հետո առանձնանալ և վերջապես անհետանալ մյուսների տեսադաշտից: Եվ քայլել, քայլել ուղիղ մինչև վերջ:
Ամեն ինչ հենց այդպես էլ եղավ: Սակայն ասեմ, որ մառախուղը իրոք դարձել էր Դժոխքի վերջին սև շտրիխը մեր ճակատներին նկարած իր շեդեվրի վրա: Սեփական կպչուն քրտինքը, որը նույնպես հագեցած էր այս վայրին հատուկ քիմիաբանությամբ զզվելի էր ինձ:
Հողը փախչում էր մեր ոտքերի տակից, ժամանակ առ ժամանակ մենք օգնում էինք մեկ մեկու չընկնել, պահպանել հավասարակշռությունը: Ինչ որակյալ էին մեր կարբոնե սապոգները: Մենք քայլել էինք Դժոխքի համար խելահեղ տեմպով մեկ ժամից ավել և ես նոր էի զգում սպառնալից ջերմությունը ոտքերիս տակ: “ Մենակ թե չհալվեն, մենակ թե ոչ հիմա”,-մտածում էի ես ու վախենում այդ մասին ասել Վահանին:
Հիշում եմ մենք արեցինք դադար ջուր խմելու համար, հիշում եմ շրջանցեցինք այն վայրը, որտեղ փորձառու Վահանը նկատեց միջատների ներկայության հետքեր: Հիշում  եմ, որ կրծում էինք չոր հացիկները: Երբևէ կերածս ամենահամեղ հացիկները:
Վահանը մի քանի րոպեն մեկ կրկնում էր` մի քիչ էլ, մի քիչ էլ: Գրողը ինձ տանի, ես հիշում եմ հուսալքության նոտաները նրա ձայնում, երբ սկսեցին նկատվել մթնշաղի նշանները, իսկ Դժոխքը չէր ավարտվում:
-Ի՞նչ ա էն,…հնչեց Վահանի ձայնը այն ժամանակ, երբ իմ գլխում տարածվում էր արդեն հավերժ լռությունը: Ես բարձրացրեցի արյունով լցված աչքերս ու կարմրավուն երանգներով տեսա մեծ, մաշված ցուցանակը` “ igneus planta: ցանքատարածություն”:
-Igneus planta...
-Դա հավանաբար էն խոտն ա, որ մենք աճեցնում էինք: Հա, հա: Էս էլ ցուցանակը: Ուրեմն էստեղից ա սկսվում ցանքատարածությունը:
-Բայց մենք չենք եղել էստեղ ոչ մի անգամ:
-Դա կապ չունի: էս տիպի վայրերի ցուցանակները դնում են շատ ավելի հեռու….Եղբայր, մենք մոտ ենք արդեն, մոտ: Հասկանում ե՞ս:
Մոտ:
Մի քանի հարյուր մետր հետո մեզ հանդիպեց ասֆալտի առաջին կտորը ճանապարհի տեսքով: Արևը մայր էր մտնում հենց այդ ճանապարհի ուղղությամբ:
-Գնա՞նք նրա հետևից:
Գնացինք:

 Այդ Ճանապարհով մենք հասանք ինչ-որ բնակավայրի: Ավելի շատ դա նմանվում էր զինվորական ճամբարի: Ինձ զարմացրեց այն, որ բացի զինվորականներից կային նաև քաղաքացիական հագուստներվ կանայք ու երեխաներ: Մաքուր օդը լցված էր իմ թոքերի մեջ, քիթս վայրենավարի քոր էր գալիս: էյֆորիայի զգացումը համակել էր ողջ հոգիս:
Մեզ վրա ոչ ոք ուշադրություն չդարձրեց: Ամենուր նկատվում էր տագնապ, շտապողականություն ու նույնիսկ խուճապ:
Ինչպես իմացանք մի քանի ժամ հետո, մենք ուշացել էինք
Ուշացել էինք անհույս ու անդարձ:
-Էհեյ, տղերք, ուշացրել եք ձեր փախուստը, հա~ հա~,- հռհռում էր հսկա կապիտանը,- երեկ երեկոյան հրաբուխներ են արթնացել էստեղից մինչև Լեհաստան և Ուրալից մինչև Կարպատներ ընկած ողջ տարածքում: Մյուս աշխարհում էլ են սպասվում էդ տիպի բաներ: Ուշացել եք դուք,-կրկնեց նա:
Աշխարհը, ուր մենք ձգտում էինք հասնել արդեն վերածվում էր դժոխքի
Հահա~, լսեք է, Երևան են ուզում հասնել,-ասում էին նրանք,-Ախպերս ուշացել ես
-Բայց ուղղաթիռները,մեզ մոտ գալիս էին ուղղաթիռները..,-պնդում էր Վահանը:
-Դրանք մեզ մոռացել են, դրանք էլ չեն գա, կհավաքեն վերջին սերմերը ու էլ չեն գա էս կողմերը
Քաոս:
Այդ անորոշությունից ես զզվեցի:  Սակայն Վահանը որոշեց մնալ մարդկանց այդ խմբի հետ: Ասում են` հիմա նա ղեկավարում է ինչ-որ խմբավորում, որը զբաղվում է շիկացած քաղաքներից ամեն տեսակի տեխնիկայի ու արժեքավոր առարկաների դուրս բերմամբ:
Igneus Planta-ն հիմա ամենատարածված բույսն է: Համենայն դեպս Եվրոպայում:
Շնուռոկներ ես հավանաբար էլ չեմ ունենաերբ շիկացած է գետինը հագնում են կարբոնե սապոգներ առանց պարանիկների: Շնուռոկները հալվում են, այրվում: Իմ բոլոր շնուռոկները այրվել են
Երբ կվերջանան սիգարետները, ես կփորձեմ տեղափոխվել Ամերիկա: Ասում են այնտեղ կան մաքուր տարածքներ:
Ամեն դեպքում այնտեղ կան ծխախոտի մեծ պաշարներ:

No comments:

Post a Comment