Monday, December 3, 2012

587



Նյութ 587-ի իրական պատմությունը սկսվում է, ոչ թե միլիարդավոր տարիներ առաջ, երբ Մեծ Պայթյունի հետևանքով առաջացավ նյութն ընդհանրապես, այլ մեր քաղաքակրթության 22-րդ դարի կեսերին, երբ 587 նյութն իրոք սկսվեց օգտագործվել ըստ նշանակության: Դրա համար պետք եկան երկու Համաշխարհային պատերազմներ, երեք Ատոմային պատերազմներ ու չորս-հինգ Աշխարհակարգային հեղափոխություններ: Պետք եկան հազարավոր գիտնականների դարավոր աշխատանքի արդյունքների վերլուծություններ ու գործնական փորձարկումներ: Այսքան արժեր այն գինը, որն անհրաժեշտ եղավ վճարել Ժամանակին` ստանալու համար մոտավոր պատկերացումներ 587 նյութի հնարավորությունների մասին:
Կան արկածախնդիր գիտնակականների ամբողջ ինստիտուտներ, որոնք դեռ կարծում են, թե ամբողջովին չեն բացահայտվել 587 նյութի գաղտնիքները: Այդպիսի ինստիտուտներից մեկում էլ տեղի է ունեցել այս պատահարը, ինչի հետևանքով զոհվել է հինգ մարդ, այդ թվում երկու երիտասարդ գիտնականներ:
587 նյութի ուսումնասիրությամբ զբաղվող Կավենդիշի անվան ինստիտուտը գտնվում է բարձրահարկ շենքում, որի դիմացով անցնում է երկաթգծային վերգետնյա տրանսպորտային ուղիներից մեկը: Դա շատ հարմար է բոլոր աշխատողների համար, քանի որ շնորհիվ 587 նյութի աշխատող ճեպընթացները կարող են ընդամենը հինգ րոպեների ընթացքում հասցնել ուղևորներին քաղաքի կենտրոն և հակառակը: Բացի դրանից, ճեպընթացները գործնականում անձայն են աշխատում, ինչը շատ կարևոր է գիտնականների բեղուն գործունեության համար: Իսկ Կավենդիշի անվան ինստիտուտի արդյունավետության մասին իսկական լեգենդներ են պատմվում: Հենց այնտեղ են առաջին անգամ կատարել 587 նյութի ամբողջական այրումը և դրա էներգայի պահպանումը, Կավենդիշի անվան ինստիտուտի գիտնականներն են կատարել 587 նյութի պաշարներն ու շրջանառությունը որպես կապի միջոց օգտագործելուն ուղղված առաջին քայլերը, հենց այստեղ են մշակվել կենցաղային տեխնիկայի այնպիսի հայտնագործություններ, ինչպիսինն են հեղուկ ռադիոն, գազային մոնիտորն ու բյուրեղաձև  սառնարանները: Քիչ չէ Կավենդիշի անվան ինստիտուտի ներդրումը տնտեսության նաև այլ ճյուղերի զագացման գործում:  Այս բոլոր նվաճումները միշտ մոտիվացրել են ու կշարունակեն (չնայած վերջին դժբախտ պատահարի) մոտիվացնել  գիտաշխատողներին` դեպի նոր հայտնագործություններ ու նոր գիտական հորիզոններ:

Դեռևս Երկրորդ Համաշխարհային պատերազմից առաջ կատարվում էին բազմաթիվ ուսումնասիրություներ 587 նյութի մոլեկուլային առանձնահատկությունների ու դրանց հիշողության ունակությունների վերաբերյալ: Այդ ուսումնասիրությունները ժամանակին դադարեցվել ու մոռացվել էին Առաջին Ատոմային պատերազմի տարիներին:
587 նյութի հիշողության վերաբերյալ հետազոտությունները կարելի է ասել վերսկսվեցին մի քանի ամիս առաջ, երբ երիտասարդ գիտաշխատող Ամիրշատյանը դոցենտ Ուիլսոնի հետ ձեռնարկեց կատարել մի փորձ, որը, նույն Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին կկոչվեր օկկուլտիստական:
Ըստ պաշտոնական վարկածի, Ամիրշատյանը և Ուիլսոնը չեն կարողացել հաղթահարել գիտական փորձի արդյունքում լաբորատորիայում առաջաված ֆորս-մաժորային իրավիճակն, ինչի արդյունքում զոհվել են Ամիրշատյանը, Ուլսոնը և մի խումբ այլ մարդիկ, որոնց ինքնությունը չի հաջողվել պարզել:

Կավերդիշի անվան ինստիտուտի անվտանգության ծառայությունը հավաստիացնում է, որ 2156 թվականի մայիսի-15-ին չեն արձանագրվել Ինստիտուտի տարածք օտար մարդկանց ներխուժման դեպքեր: Ինստիտուտի բակում և ընդունարանում տեղադրված տեսախցիկները նույնպես չեն ֆիքսել որևէ մեկի, ով շենք կմտներ առանց համապատասխան փաստաթղթերի: Տեսախցիկների վրա հստակ երևում են գիտաշխատողներ Ամիրշատյանն ու Ուլսոնը: Նրանք սովորականի պես մտնում են շենք, ներկայացնում իրենց D կարգի անցագրերն ու բարձրանում 24-րդ հարկ` փորձարարական լաբորատորիա: Այնտեղ նրանց ֆիքսում են միջանցքում տեղադրված խցիկները, որոնք նույնպես չեն տեսագրում ոչ մի հետաքրքիր բան: Երկու երիտասարդները բացում են լաբորատորիայի դուռն ու մտնում ներս:
Երկու ժամ անց լաբորատորիայի դուռը կբացեն Նորարական Նանոհեղուկների ամբիոնի լաբորանտներն ու կհայտնաբերեն հինգ դիակներ` հրազենային վերքերով և երեք հնաոճ ավտոմատներ:
Այստեղ  կխուսափենք պատահարի հետաքննության ընթացքի մասին ծավալվելուց և ձեզ կներկայացնենք լաբորատորիայում տեղի ունեցող փորձի աուդիոձայնագրությունը, որը սկսվում է երիտասարդ գիտնականների երկխոսությունից:

Ձայնագրության արտատպում. 15.05.56
Ամիրշատյան. Կես լիտրը կբավականացնի:
Ուիլսոն. Քանակն իրականում կապ չի ունենա, բայց կես լիտրը հարմար կլինի ուշադիր դիտարկելու համար
Հեղուկի ձայն.
Ուիլսոն. Հիմա պետք է միացնել բոլոր դիոդները:
Ամիրշատյան. Միացրեցի:
Ուիլսոն. Կկարողանա՞ս ակտիվացնել ասոցիատիվ ուժեղացուցիչը:
Ամիրշատյան. Իհարկե:
Ուիլսոն. Ինչքա՞ն ես նախատեսել փորձել:
Ամիրշատյան. Կփորձենք նախանցած դարը: Երաժշտությունը կլինի տեղին:
Ուիլսոն. Միացրու՜:
Երաժշտություն. Sting- Decert Rose.
 Ուիլսոն. Ուրիշ բան չկա՞ր:
Ամիրշատյան. Երաժշտությունը վատը չէ: Բացի այդ ես ստուգել եմ, որ այս երաժշտության ասոցիացիաների թելերի մեծ մասը կապված է հենց անապատի հետ, տեսնենք, թե ինչպես կարձագանքի դրան 587-ը:
Ուիլսոն. Տեսնենք: Բայց միևնույն է, կարող էիր ավելի լավ բան ընտրել:
Ամիրշատյան. Դա, ինձ թվում է, այդքան էլ կարևոր չէ: Նայի՜ր, սկսվում է:
Ուիլսոն. Հզորացրու՜ նյութական գեներատորը.
Լռություն: Լսվում է երկուսի շնչառություը: Թեթև աղմուկ և խշխշոց:
Ամիրշատյան. Օօօօ~:
Ուիլսոն. Ս՜:
Ամիրշատյան. Տեսնու՞մ ես:
Ուիլսոն. Կույր չեմ:
Ամիրշատյան. Ստացվում է: Նրանք երկու՞սն են:
Ուիլսոն. Արդեն երեքը:
Արտահայտություններ անծանոթ լեզվով: Թարգմանությունը կատարվել է UltraLingvo G8 ծրագրի միջոցով:
Անհայտ 1. Ջուր...
Անհայտ 2. Որտե՞ղ:
Անհայտ 1. Հենց դիմացդ, մի քայլ էլ...
Ուիլսոն. Ի՞նչ են նրանք ասում:
Ամիրշատյան. Չեմ հասկանում, բայց շարժվում են դեպի 587-ը:
Անհայտ 3. Ջու~ր:
Ամիրշատյան. Նրանք լավ տեսք չունեն...
Ուիլսոն. Տանջված են երևում:
Ամիրշատյան. Անջատե՞մ գեներատորը:
Անհայտ 1. Ջուր:
Ուիլսոն. Չէ, սպասի՜ր:
Անհայտ 3. Ջուրն իմն է, ես ծարավ եմ:
Ամիրշատյան. Նրանց մոտ զենքե՞ր են:
Ուիլսոն. Չգիտեմ.
Լսվում են քայլեր: Խշշոց, որ նման է անապատային քամու:
Անհայտ 1. Ջուրը իմն է, ես եմ տեսել առաջինը:
Անհայտ 2. Դու որտեղի՞ց հայտնվեցիր:
Անհայտ 3. Չեք կարող ազատվել ինձանից, հա՞, ես ձեր թաղումից հետո եմ ամուսնանալու:  Առնետներ:
Անհայտ 2. Դու պետք է մեռնեիր, այդպես ավելի հեշտ կլիներ բոլորի համար:
Անհայտ 1. Ջուրը իմն է:
Ուիլսոն. ՀեեեԷ~յ:
Անհայտ 3. Ո՞վ էր: Ո՞վ գոռաց:
Կրակոցներ: Լսվում է Ուիլսոնի ճիչը:
Ամիրշատյան. Նիք...
Կրակոցներ:
Անհայտ 1. Ի՞նձ վրա ես կրակում: Մեռի դե:
Անհայտ 3. Ջուրը երկուսիս էլ կհերիքի...
Ամիրշատյան. Նիի~ք...
Կրակոցներ: Ամիրշատյանի ճիցը: Խռռոցներ: Նորից կրակոցներ:
Անհայտ 1. Ջուր...
Կրակոցներ...
Անհայտ 1. Ջուր...
Անապատային քամու խշշոց: Քիչ անց գեներատորի ապահովիչի կտոցը: Մեկ ժամ անց ներս են մտնում Նորարարական Նանոհեղուկների ամբիոնի լաբորանտները:


P.S.
«...Կավենդիշի անվան ինստիտուտի աշխատակիցները կշարունակեն բացահայտել 587 նյութի հիշողության հետ կապված ենթադրությունների կծիկը: Եթե 587-ը ունի հիշողություն, ապա մեր պարտքն է կարդալ այդ հիշողությունը:»

No comments:

Post a Comment