Friday, December 7, 2012

Ֆրեդ Յանցի պատը



Ֆրեդ Յանց: Ծնվել է հինգերորդ գալակտիկական ցիկլի 1986 թվականին` համաձայն G սեկտորի Հելիոս համակարգի օրացույցի: Պատկանում է «արարիչ» ռասսային: Ստեղծել է աշխարհներ Գալակտիկայի V, M և N սեկտորներում: Վախճանվել է 79 թվականին` համաձայն V սեկտորիԱլֆա համակարգի Տելլա մոլորակի օրացույցի:

« Նա շատ լավ բալիկ էր: Սիրում էր խաղալ փոքրիկ զինվորիկների և խորանարդիկներից կառուցված քաղաքների հետ: Հինգ տարեկանում առաջին անգամ նկատեցինք, որ նրա կառուցած քաղաքներում խաղալիք զինվորները սկսում են շարժվել: Նրան վերցրեցին հատուկ օժտվածություններ ունեցող երեխաների դպրոց: Տաս տարի անց նա դարձավ արարիչ և ուղևորվեց հեռու գալակտիկական թռիչքի` նոր աշխարհներ արարելու: Ֆրեդը մեր ընտանիքի պարծանքն է: Նրանով հիացած են եղել իմ բոլոր ամուսինները և նա անշուշտ ամենատաղանդավորն է իմ բոլոր զավակներից....ամենատաղանդավորն էր...չեմ կարողանում համակերպվել նրա մահվան հետ: Միշտ մտածում եմ, որ նա կենդանի է, ինչ-որ տեղ տիեզերքում...:
Ես հիշում եմ նրան վերջին այցի ժամանակ: Այդ օրը ծնվում էր նրա քսանվեցերորդ եղբայրը, և ես չունեցա շատ ժամանակ նրա հետ զրուցելու: Բայց հիշում եմ նրա երջանիկ դեմքը: Ափսոս, ես շատ թույլ էի ավելի ուշադիր լինելու համար, նա ասում էր, որ կա ինչ-որ մեկը, շատ հեռու և որ այդ ինչ-որ մեկը սպասում է նրան...ափսոս...»
 Ֆրեդ Յանցի մայրը:


« Պատմել Ֆրեդի մասի՞ն:
Դե...նա տաղանդավոր էր: Չէի ասի, որ նրա մոտ ստացվում էին առանձնահատուկ աշխարհներ, բայց նա այնքան հեշտ էր անում այդ գործը: Նա ուղղակի հաճույք էր ստանում իր աշխատանքից, հանգստանում էր:
Բացառություն է կազմում Տելլա մոլորակը: Այն ստեղծելու ժամանակ Ֆրեդին ոչ ոք չէր տեսնում, նա կորում էր ամիսներով, իսկ հայտնվելիս խիստ ճնշված ու տանջված տեսք էր ունենում: Տելլան երևի նրա միակ աշխարհն է, որն աչքի է ընկնում յուրահատուկ բնությամբ և կենսոլորտով: Ավարտից հետո երկար ժամանակ էր ուշքի գալիս...Իսկ ըստ իս` այդպես էլ ուշքի չեկավ:
Այդ ժամանակից էր, երբ Ֆրեդը սկսեց խոսալ պատի մասին: Նա ասում էր, որ իր կողքին միշտ կա մի պատ, որին ինքը հենվում է: Ավելի անկեղծ րոպեներին Ֆրեդն ասում էր, որ հարվածում է այդ պատին գլխով...չգիտեմ: Կարծում եմ` այս ամենի արդյունքը նրա ճանապարհորդություններից մեկն էր դեպի S սեկտոր...»
Յոակիմ Վան` Ֆրեդ Յանցի մտերիմ ընկերներից մեկը:

«Օ~, դուք այդպիսի բան չեք տեսել ու չեք էլ տեսնի, այդիսի բան չի եղել ողջ գալակտիկայում, ինչի՞ մասին եք դուք խոսում: Ողջ Տ սեկտորն էր բամբասում այս ամենի մասին:Որոշ մոլորակներում դա ընդունվեց որպես Աստվածային հայտնություն ու հիմք դրեց նոր կրոնների առաջացաման: Պետք էր լինել Ֆրեդ Յանցի պես խենթ, որպեսզի նվիրել Տելլայի նման կնոջը մի ամբողջ աստղ: Կարո՞ղ եք այդպիսի բան պատկերացնել: Մի ամբողջ աստղ: Ընդամենը մի կնոջ համար, ում տեսել էր ընդամենը մի քանի անգամ: Վախենամ, այլևս չեն լինի այդպիսի տղամարդիկ:
Աստղի առանցքը փոխելը ռիսկային գործ է, եթե դուք չգիտեք, դա անչափ վտանգավոր էր, բայց միայն ոչ Ֆրեդի համար....չէէէէ, չէ, սիրելիս, այդպիսի տղամարդիկ այլևս չեն լինի...
Իսկ Տելլա՞ն:
Մի՜ հարցրեք ինձ նրա մասին, ես կորցնում եմ ինքնատիրապետումս, մի՜ զայրացրեք ինձ:»
Ջայա Լոպ` կուրտիզանուհի:

«Ընդհանրապես հարցականի տակ էր դրված նրա մասնագիտական պիտանելիությունը: Այն, ինչ ինքը կատարել էր Տ սեկտորում ուղղակի անկարգություն էր, կանոնների հանդեպ արհամարհական վերաբերմունք և խորին անպատասխանատվության դրսևորում: Դրանից հետո էլ կորել էր իր բոլոր ալիքներով ու կապերով հանդերձ մի քանի ամիս շարունակ, ոչ քեզ զգուշացում, ոչ քեզ ներողություններ, ոչ քեզ հարգանք....Լավ է, որ մենք ընդհանրապես հետ ընդունեցինք նրան ու նոր շանս տվեցինք իրեն դրսևորելու: Իսկ դա մեր կողմից կրկնակի ռիսկային էր, քանի որ Ֆրեդը  նման չէր իրեն այդ ամենից հետո: Անվերջ խոսում էր իր պատի մասին, որն իբր կառուցել էր հենց ինքը, իր կողքին, ինչ-որ բանից պաշտպանվելու համար:
Եթե դուք չեք կատակում այդ հարցը տալով, ապա պատասխանեմ` ՈՉ, նրա կողքին ոչ մի պատ ես ինքս իմ աչքերով չեմ տեսել...Ուզու՞մ եք իմանալ իմ կարծիքը:
Տղան ուղղակի իրար էր խառնել ուղեղի ծալքերը և այդքան բան:
Իհարկե, նրա մահը ցավալի է բոլորիս համար, բայց ի՞նչ կարող ես անել: Այդպիսինն է կյանքը: Նույնիսկ «արարիչների» համար:»
Ռադմունդ Դիոս Պրեմիում` Ֆրեդ Յանցի ղեկավարը:

«Այո, ես հիշում եմ այդ զույգին: Ճիշտն ասած` գլխի էի ընկել, որ իմ հյուրանոցում բնակվում է «արարիչ»: Դժվար կլիներ գլխի չընկնել: Նա իսկական հրաշքներ էր գործում հյուրանոցի բակում, ստեղծում էր նոր ծաղիկներ, որոնք ունեին ադամանդի պես փայլող թերթիկներ և սկսում էին մեղեդային ձայներ հանել աստղի շողերի տակ:
Նրանք մնացին մեզ մոտ երկու ամիս: Միշտ միասին էին, եթե չհաշվենք այն պահերը, երբ «արարիչը» հրաշքներ էր գործում բակում: Նա դա անում էր գիշերը, որպեսզի անակնկալ մատուցի իր զույգին: Այո, նրա անունը Տելլա էր:
Ինչպիսի՞նն էր նա: Հետաքրքիր է, բայց աղջկա մասին գրեթե ոչինչ չեմ հիշում, ուղղակի աղջիկ էր, ոչ մի արտասովոր բան...եթե չհաշվենք աչքերը: Այո, նրա աչքերը ես հիշում եմ: Դրանք կանաչ էին: Ոչ սովորական կանաչ: Դրանք չափից դուրս կանաչ էին և...ոչ: Դժվար կլինի դա նկարագրել:
Վերջին օրերին նրանք վիճում էին: Չեմ կարծում, որ նորմալ զույգը կարող է երկու ամիս ապրել առանց վիճելու: Դա վերջ ի վերջո աննորմալ կլիներ: Նրանք հեռացան միասին:
Պա՞տ:
Ոչ, պատի մասին նրանք չէին խոսում: Չեմ հիշում:»
Շիմոնա Մալյանց` հյուրանոցի տիրուհի:

«Ֆրեդ Յանցը տաղանդավոր ճարտարապետ էր: Չեմ ուզում որևէ կերպ գերագնահատել նրա արժանիքները, բայց նա իրոք կարող էր կառուցել մի ամբողջ քաղաք, որը կգտնվեր այլ վիբրացիոն հաճախականության մեջ, քան Գալակտիկան: Դա համենայն դեպս միակ բացատրությունն է այն ամենի, ինչ տեղի  է ունեցել այդ երիտասարդի հետ: Ես իրոք շատ եմ ցավում նրա համար»
Լիոն Շտատբերգ`ճարտարապետության մագիստրոս:


«Ի՞նչ եք դուք ուզում իմանալ: Ինչու՞ հանգիստ չեք թողնում ինձ:
Ոչ, մենք երեխաներ չունենք:
Դուք անցնում եք բոլոր սահմանները:
Պատը, պատը....Զզվում եմ ես նրանից էլ, նրա պատից էլ: Այդքան ստորացումներ, այդքան արհամարհանք...Նրա գլխի վրա հայտնվում էին հարվածի հետքեր ամեն գիշերվանից հետո..ամեն գիշեր, երբ մենք լինում էինք միասին:
Դա ստորացուցիչ է, խնդրում եմ, հանգիստ թողեք ինձ: Առանց այն էլ ես տառապում եմ: Պատկերացրեք, եթե ձեզ հետ քնելուց հետո ինչ-որ մեկը գնա ու գլուխը պատով տա...կանչե՜ք բժիշկներին, թող ինձ հանգստացնող սրսկեն: Էլ չեմ ուզում պատասխանել ձեր հարցերին:
Բժի՜շկ»:
Կառնելա դե Ռիելկո` Ֆրեդ Յանցի կինը:

«Տելլան ուղղակի փախչել է, դրանում ես ոչ մի կասկած չունեմ: Վերջին  ժամանակներում նա անընդհատ բողոքում էր ինչ-որ մեկի հետապնդումներից ու  կարծեմ այդ ոմն մեկը բավականին ազդեցիկ տիպ էր: Տելլան այն աղջիկներից չէր, ովքեր կհանդուրժեին տեռորի ենթարկվելը: Նա հաստատ կամ փախչել է այլ սեկտոր, կամ փոխել է բոլոր հատկանիշներն ու անցել ընդհատակ: Դրանից ավելի հավանական բան չկա:
Հը՞:
Դե...Նա երջանիկ էր որոշ ժամանակ, դա անժխտելի փաստ է: Չեմ կարող ասել, ինչու է ամեն ինչ այսպես ստացվել: Այդ ազդեցիկ տղան էլ: Ինչպե՞ս էր նրա անունը: Ֆրե՞դ: Այդ Ֆրեդն էլ վատը չէր երևում: Համենայն դեպս, դատելով այն ամենից,ինչ պատմում էր Տելլան...միայն այդ հետապնդումները...Գիտեք, երբեմն պետք է ուղղակի առաջ գնալ ու վերջ: Կյանքը երբեմն փակում է բոլոր ճանապարհները, բացի առաջ տանողից: Պետք է ուրեմն շարժվել առաջ, այլապես կբախվես պատերի:»
Սյու Լիա` Տելլայի քույրը:

«Ու ասաց Տերը, որ շարենք պատը` որպես ազատություն մեզ չարից ու պաշտպան անցյալից:»
Ֆրեդ Յանցի կեղմից V Սեկտորի Ալֆա համակարգում ստեղծված  Տելլա մոլորակի կրոններից մեկի հիմնական դոգման:

«Ֆրեդ Յանցի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ: Ամբողջովին փշրված է գանգը, կոտրված են ստորին վերջույթների բոլոր ոսկերները` բացի մատներից, ամբողջովին փշրված է կրծքավանդակը, ամբողջովին վնասված են վերին վերջույթների ոսկորները: Ըստ ականատեսնների` Ֆրեդն ուղղակի կանգնած էր տեղացի ցեղերից մեկի պաշտամունքային վայրում, երբ հանկարծ կտրուկ ընկել է գետնին ու սառել: Հաշվի առնելով Ալֆա համակարգի գրավիտացիոն պայմանները` նմանատիպ մահը չի կարող բացատրվել ռացիոնալ վերլուծության արդյունքում: Մարմնի այդպիսի վնասվածքներ կարող էին առաջանալ միայն մեծ բարձրությունից ցած ընկնելու դեպքում:
Հայտնի է, որ Ֆրեդ Յանցը վերջին շրջանում կատարում էր խելագարության հասնող զառանցանքային հայտարարություններ, որտեղ անընդհատ շեշտում էր պատի մասին…»:

No comments:

Post a Comment