Thursday, August 8, 2013

Ու՞ր է Երկրորդ Մասը

Մետրոյի մուտքը գտնվում էր այգու հարևանությամբ: Էլի քսան-երեսուն մետր և կարելի կլիներ ցատկել շարժասանդուղքի վրա, իջնել գրողի տարած ընդհատակը, նստել գնացքն ու...
Էլի քսան մետր: Խնդիրը դժվար չէր: Միայն չլիներ մինչև ատամները զինված ոստիկանների խումբը, որ հետապնդում էր նրան: Դա էլ չէր լինի դժվար, եթե չլինեին վայրկյանները: Հևոցը պետք էր զսպել, պետք էր չշնչել ընդհանրապես, կանգնեցնել սրտի աշխատանքը, թուլացնել բոլոր մկանները, հետ չնայել, ժամանակի մասին չմտածել, ուղղակի վերածվել կատարյալ շարժման, մաքուր ընթացքի: Բայց դա դժվար է: Նա խորը շունչ քաշեց: Ուժասպառ թոքերը ճմլվցին լարվածությունից, քրտինքը տվեց ճակատին: Սիրտը սկսեց խփել ընդհատումներով, ուժեղ և անկանոն: Մկանները լցվեցին թթվածնի ծարավ արյամբ և նորից լարվեցին` ապահովելով վազքի տեմպը: Նա հայացքը գցեց ժամացույցին...Կհասցնի՞: Կողային տեսողությամբ ֆիքսեց իրեն հետապնդող մոխրագույն զանգվածը...Կհասցնի՞: Հաշվեց հեռավորությունը, գնացքի ժամը, արագությունը...Կհասցնի՛:


-Ի՞նչ քարտեզ է սա,-հարցրեց Քաղաքային Բյուրոյի նախագահը:
-Մեր քաղաքի քարտեզն է, հարավային մասը,-պատասխանեց ճարտարապետը` ուղղելով երկար մազերը,-գտել ենք երեկ երեկոյան գեոդեզիայի ինստիտուտի մոռացված նկուղներից մեկում:
-Տեսնում եմ, որ մեր քաղաքն է,-խռպոտաց նախագահը,-բայց ի՞նչ է սա:
-Սա այն է, ինչի մասին չգիտի նույնիսկ պարոն ոստիկանապետը,-հանգիստ ասաց ճարտարապետը` հայացքը դարձնելով սրահի անկյունում բազմոցի մեջ փռված հաղթանդամ անձին:
-Սիմոնյա՛ն, ինչի՞ մասին է սա խոսում,-դիմեց ոստիկանապետին նախագահը,-ի՞նչ մոռացված նկուղ, ի՞նչ քրքրված քարտեզ: Ու ի՞նչ Երկրորդ Մաս է սրա մեջ պատկերված:
Ոստիկանապետը ծանր վեր կացավ տեղից, հոգոց հանեց, դժվարությամբ մոտեցավ սեղանին: Սեղանը հսկայական էր, մուգ կանաչ թավիշով երեսպատված: Քարտեզը, որ մեկ մետր լայնությամբ և նույնքան երկարությամբ հնամաշ թուղթ էր իրենից ներկայացնում, փռված էր սեղանին` նախագահի և ճարտարապետի առջև:
-Գաղափար չունեմ,-վերջապես ասաց ոստիկնապետը:
-Ի..ինչպե՞ս թե...
-Այդպիսի տարածք գոյություն չունի: Փորձված է էխոլոկատորներով, լազերային չափիչներով, կատարված են արբանյակային նկարահանումներ...Երկրորդ Մաս գոյություն չունի:
-Ուրեմն սա ուղղակի ինչ-որ չհաջողված նախագիծ է կամ հիմար կատակ,-հույսով  հարցրեց նախագահը:
-Չհաջողվա՞ծ,-ոստիկանապետը քմծիծաղեց,-չի կարելի նստել ողջ օրն էս հերն անիծած Քաղաքային Բյուրոյում ու չնկատել ոչինչ բացի սեփական բանկային հաշիվներից:
-Ձեր ակնարկներն անտեղին են, Սիմոնյան,-տաքացավ նախագահը,-խոսեցեք միայն ըստ գործի, ես պահանջում եմ բացատրություններ, գրողը տանի:
Ոստիկանապետը ճնշող հայացքով նայեց նախագահին, ձեռքը տարավ ծոցագրպանն ու հանեց չորս անգամ ծալված ճերմակ թղթի կտորը և դրեց սեղանին: Նախագահն անհամբեր վերցրեց այն, չգիտես ինչու հոտոտեց, ապա բացեց:
-"Միացեք մեզ",-կարդաց թղթի վրա նախագահը, շարունակեց,-"Երկրորդ Մասի ագիտացիոն կենտրոն": Սա ի՞նչ է գրողը տանի:
-Սրանով հիմա պատված է ողջ քաղաքը: Ու ոչ միայն սրանով: Թռուցիկները շատ են` "Ու՞ր է Երկրորդ Մասը", "Մի՛ թողեք", "Ընտրեք ձե՛ր կյանքը" և այսպես շարունակ,-բացատրեց ոստիկանապետը:
-Դժվա՞ր է գտնել տպարանը, որսալ պատվիրատույին...
-Սպասե՛ք,-ընդհատեց Սիմոնյանը,-ապա նայե՛ք:
Նա վերցրեց թղթի կտորը, հանեց գրպանից կրակայրիչն ու փորձեց վառել: Կրակի լեզվակը շոյեց  արտասովոր ձյունաճերմակ թուղթը, կլանեց այն, բայց վառել չկարողացավ: Թուղթը նույնիսկ չփոխեց իր գույնը:
-Այն նույնիսկ չի տաքանում,-ասաց ճարտարապետը:
-Այն չի թրջվում, չի կեղտոտվում, չի պատռվում,-ավելացրեց ոստիկանապետը:
-Բնության մեջ այսպիսի նյութ գոյություն չունի և գիտության մեջ էլ չունի, սա ընդհանրապես չի կարող լինել, սա ուրիշ տեխնոլոգիա է...
-Սատանայություն...,-գռմռաց նախագահը:
-Հիմա իմ մարդիկ զբաղված են սրանք տարածողներից մեկին հետապնդելով,-ասաց Սիմոնյանը:
-Ես պահանջում եմ, որպեսզի դրան հասցնեն ինձ մոտ անվնաս,-բղավեց նախագահը:
-Իսկ ես աղոթում եմ, որպեսզի իմ մարդիկ մնան անվնաս,-ասաց Ոստիկանապետը,-իսկ ձեզ խորհուրդ եմ տալիս հաշվի նստել...ինքներդ ձեզ հետ:
-Ինչ ասել է` հաշվի նստել,-բարձրացրեց ունքերը նախագահը:
-Մարդիկ փոխվում են,-պատասխանեց ոստիկանապետը,-Երկրորդ Մասը բոլորի շուրթերին է, այնտեղ միշտ արև է, այնտեղ հարկեր չկան, այնտեղ արդարություն է, այնտեղ բռնություն չկա, այնտեղ դրախտ է... Ասեկոսեներն ավելի շատ են, քան դուք դա կարող եք պատկերացնել: Մարդիկ հավատում են թռուցիկներին, ուզում են փոխել, ուզում են գտնել Երկրորդ Մասը: Մարդիկ այլևս չեն ուզում ապրել այստեղ:
Սրահում լռություն տիրեց:
-Պետք է լինի ինչ-որ ժամանակային պորտալ կամ գրավիտացիոն որևէ անոմալիա, որպեսզի հնարավոր լինի տարածության մեջ տարածային գրպանի առաջացումը,-սկսեց ճարտարապետը,-այն պարզելուց հետո հնարավոր կլինի միանալ նրանց:
-Ի՞նչ,-կարմրեց նախագահը:
-Ահա թե ինչ,-ասաց ճարտարապետը, հետ գցելով ճակատին թափված մազերը,-ես գնում եմ, ես ձեզ լքում եմ և գնում եմ Երկրորդ Մաս:
Ճարտարապետը կռացավ, հանեց սեղանի տակ պահված ճամպրուկը, նորից կրկնեց մազերը հետ գցելու ժեստը.
-Մնաք բարով, պարոն նախագահ: Ցտեսություն, պարոն Սիմոնյան:
Վստահ քայլերով նա անցավ սրահով մեկ` դեպի դուռը:
-Կախել, գնդակահարել, դատել, պատժել...,-հազիվ լսելի խռխռաց նախագահը:
-Ես նրան հասկանում եմ,-ասաց Սիմոնյանը, մտերմաբար հարվածեց նախագահի մեջքին,-իսկ դուք հենց այսօր փորձեք հաշվի նստել...հենց այսօր: Վաղն արդեն կարող է ուշ լինել:


Շարժասանդուղքի մոտ նա զգաց հետևից հասնող մոխրագույն շնչառությունը: Մի քանի ցատկ ևս և ձգողական ուժը կօգնի պոկվել հետապնդողներից: Նա ցատկեց շարժասանդուղքի վրա և թռավ նրա վրայով: Օդում նրա մկանները հանգստացան մի պահ, սակայն ուժեղ էր բախումը հաջորդ անգամ, երբ ոտքերը դիպան մետաղական աստիճաններին` արդեն շարժասանդուղքի կեսին: Ավելի արագ: Նա հետ նայեց: Մոխրագույն զանգվածից մի քանի կետեր հետևել էին նրա օրինակին և հիմա գտնվում էին ազատ անկման մեջ, մյուսները ցած էին գլորվում մոխրագույն գնդով:
-Կանգնի՛ր:
-Սպասի՛ր,-հասնում էր նրա ականջներին:
Աչքերը սահեցին ժամացույցի վրայով: Գնացքը գալիս է: Նոր ցատկ: Մոխրագույն զանգվածը գալիս է առանց պոկվելու: Մի՞թե չի հասնի:
Ահա և հարթակը: Մկանները գործի են անցնում արդեն անհույս: Այլևս չկա բավականաչափ հեռավորություն, այլևս չկան բաղձալի վայրկյաններ, ճիշտ կլինի ուղղակի ցատկել ռելսերի վրա: Կատարել այն, ինչ պետք է անել, երբ վտանգի մեջ է համայնքը: Այո: Չբացահայտել: Ցատկել ռելսերի տակ:
Նա զգում է ուսերին հետապնդող մոխրագույն զանգվածի մատները. նրան դիպչում են: Դիմադրելու ուժ այլևս չկա: Ողջ ուժը սպառել է դեռ վերևում` տարածելով թռուցիկները գերհագեցված պահակախումբ ունեցող Խորհրդարանում` շրջանցելով անվտանգության համակարգի և թիկնապահերի մի ողջ բանակ:
Նրան բռնում են: Թափվում են նրա վրա: Պլատֆորմի վրա: Այն պահին երբ մոտենում է գնացքը: Շտապ մեռնել: Պետք է շտապ մեռնել` չբացահայտելու գաղտնիքը, իսկ գնացքը...գնացքը կվերածվի սովորական վագոնների շարանի` թեկուզ և մետրոյի չվացուցակին հակասող:
-Սպասի՛ր,-լսում է նա մոխրագույն զանգվածի շնչակտուր ձայնը:
-Սպասիր, ասում ենք, սպասի՛ր, խնդրում ենք...
Մոխրագույն զանգվածը մեկնում է նրան ճերմակ թութը` "Ընտրի՛ր կյանքդ":
-Սա քոնն է՞,-հարցնում է ինչ-որ մեկը: Հարցնողի աչքերը մեծ են: Լի են հույսով:
-Սա քո՛նն է,-ասում է մեկ ուրիշը,-տա՛ր մեզ հետդ:
-Մենք այլևս չենք ուզում...տար մեզ հետդ, ցույց տուր Երկրորդ Մասը, մենք միանում ենք...
Գնացքի դռները բացվում են: Գնացքը սովորական չէ: Նա զգում է դա: Գնացքը պատրաստ է տեղավորել բոլորին: Ուրիշ ժամանակ նման իրավիճակում կլինեին ուղղակի վագոններ, բայց հիմա գնացք է:
-Նստենք գնացքը,-ասում է նա,-այն մեզ կտանի:
Գնացքի դռները փակվում են:
"Հաջորդ կայարանը` Երկրորդ Մաս",-հայտնում է գեղեցիկ աղջկա ուրախ ձայնը:

P.S.

Գնացքը երևաց թունելից` լուսավորված պայծառ նեոնային լույսերով: Գույնզգույն զգեստներով մարդկանց խումբը կանգնած էր հարթակին` զինված ծաղիկներով և փուչիկներով: Գնացքն ուրախ սուլաց` նրանց մոտենալով: Դռները բացվեցին և նախկին ոստիկանների կանայք և երեխաները դուրս պրծան վագոններից և ապշեցին իրենց հայրերի և ամուսինների բազմագույն տեսարանից: Նրանց հետևից դուրս եկավ հսկա ոստիկանապետը, որի հետևից անընդհատ մազերն էր ուղղում ճարտարապետը:


Պատմվածքը տպագրված է "Հայկական Ժամանակ" թերթում.

Tuesday, August 6, 2013

Մեռնել կցանկանա՞ք

Արդեն երեկո էր, երբ ազատել էի գլուխս փողոցի աղմուկից, մի կերպ հասել տուն, վիրակապ դրել ձեռքիս թեթև կտրվածքին և որոշել վերջապես կարդալ մոտս կուտակված նյութերը: Նյութերը շատ էին, հիմնականում երիտասարդ հեղինակների աշխատանքներ, ֆանտաստիկայի ժանրում գրված ստեղծագործություններ, որոնք ես խոստացել էի կարդալ և հայտնել կարծիքս: Վերջապես կար ազատ ժամանակ և թերթերի, բրոշյուրների ու սովորական A4 ֆորմատի թղթերի կույտը սպասում էր նվաստիս համեստ գրաքննադատական կարողություններին:
Սակայն զանգեց հեռախոսս: Չեմ հիշում նույնիսկ` ուրախացա գլուխս այդ տեքստերը կարդալու պարտականությունից ազատելու պոտենցիալ հնարավորությունից, թե զայրացա` հասկանալով, որ էլի պետք է տանջվեմ խղճի անամոթ խայթերից:
Զանգահարողը Արան էր:
-Բարև,-ասում է,- ի՞նչ ես անում:
-Ոչինչ,-պատասխանում եմ,-մի քանի բան ունեմ կարդալու:
-Դրանք թող,-ասում է և շարունակում,-արի մոտս, էստեղ քեզ համար հետաքրքիր դեպք կա:
-Մյուս անգամ,-խուսափում եմ,-էս երեկո ուզում եմ կուտակված գործերս թեթևացնել:
-Բայց սա կատարյալ հետաքրքիր դեպք է,-համառում է,-ես կասեի` հետաքրքիր դեմք է:
-Հնարավոր է, որ ինձ մոտ էլ կան հետաքրքիր դեմքեր,-ես էլ եմ փորձում համառել,-մնա մյուս անգամ:
-Հետևիցդ տաքսի եմ ուղարկել արդեն,-ասում է առանց առարկություններս հաշվի առնելու,-հինգ րոպեից մոտդ կլինի, ու որ լինես մոտս տասնհինգ րոպեից, սպասում եմ քեզ:
Հեռախոսն անջատվում է:
Մեղավոր հայացքով նայում եմ սեղանիս թղթակույտին:
-Կներեք,-ասում եմ ու զգում, որ իսկական սրիկա եմ: Ախր ես էլ գիտեմ, թե ինչ է նշանակում սպասել գրածիդ մասին կարծիքի:


Տաքսին ինչպես միշտ ուշացավ և մի քանի րոպեում գլուխս նորից լցվեց փողոցի աղմուկով: Այն ինչ կատարվում էր  քաղաքում նման էր իսկական ալեկոծության: Կառավարությունը որոշել էր թանկացնել առաջին անհրաժեշտության մի քանի ապրանքների գները, թանկացրել էր տրանսպորտի ուղևարձը, ավելացրել հարկերը փոքր ձեռնարկատերերի համար: Եվ քաղաքը վերածվել էր մի ընդհանուր պայթունավտանգ զանգվածի: Ու նրա մեջ չէր վտանգը, որ հնարավոր էր բախում կառավարական ուժերի և քաղաքացիական անհնազանդություն հայտնած քաղաքացիների միջև, թեև այդպիսի բախման վտանգը կար և կախված էր օդում Դեմոկլեսի թրի պես: Ավելի մեծ վտանգ էր ներկայացնում քաղաքացիական անհնազանդություն հայնտած քաղաքացիների և թանկացումները լուռ ու մունջ տանող քաղաքացիների միջև կոնտրաստային տարբերությունը: Դա իսկական ճեղք էր հասարակության մեջ, իսկական, եթե ուզում եք, ռասսայական տարբերություն: Եվ այդ տարբերությունը կարող էր վերածվել իսկական խտրականության:
-Ֆրիտյորֆ 26, ձե՞ր հետևից են ուղարկեկլ տաքսի Քաղաքային Հոսպիտալից,-տաքսիստի ձայնը հետ բերեց ինձ մտքերիս ընթացքից: Նույնիսկ չէի նկատել, թե ինչպես էր եկել մեքենան:
-Այո,-պատասխանեցի:
-Կներեք,-ասաց,-ողջ քաղաքը խցանումների մեջ է,-հազիվ եմ ճանապարհ բացում, բայց հիմա կգնանք շրջանցիկով, ուղիղ ժամանակին հետ կհասնենք:
-Դուք գիտեք,-անտարբեր ասացի ես, նստեցի հետևի նստատեղին: Հայացքս լուսամուտից դուրս էր, փողոցներով ըթանում էին ցուցարարների երթեր, բակերից անընդհատ ներսուդուս էին անում մարդկանց նորանոր խմբեր: Ոստիկանական ջոկատները, խառնված քաղաքացիների ամբոխի մեջ, խուճապահար և մոլորված տեսք ունեին:
-Վիրավո՞ր եք,-հարցրեց տաքսիստը` ցույց տալով վիրակապով ձեռքս:
-Ստից բան է:
-Ցույցի ժամանա՞կ:
-Միամիտ սայթաքեցի ու դիպա դուրս ցցված խողովակին:
-Իսկ ինձ խփեցին դիտմամբ,-նա թեքեց գլուխն, ու ես տեսա այտով մեկ ձգվող սպին:
-Խո՞րն է,-հարցրեցի:
-Բժիշկն ասաց, որ միշտ կմնա:
Լռեցի:
-Իսկ այդ անասունները քթները տնից չեն հանում նույնիսկ:
Նորից լռեցի:
-Պետք է ոստիկաններին թողնել, էս օլիգարխներին թողնել ու դրանց ջանը ընկնել, մեկ առ մեկ ճիպոտով մշակել, տեսնեմ էդ ժամանակ էլ ոչխարի պես կբառաչե՞ն:
"Ոչխարի պես",-կրկնեցի ես մտքումս:
-Ամեն մի տանը վեր ընկած ջայլամ ջուրն է լցնում մեր ողջ պայքարը:
-Մեր պայքարը բոլորի համար է,-փորձեցի թուլացնել լարվածությունը,-նույնիսկ նրանց ու նույնիսկ օլիգարխների:
-Օլիգարխների, նրանց երեխաների, բայց ոչ երբեք ոչխարների,-կտրուկ վրա բերեց տաքսիստն ու լռեց:
Ես նայում էի նրան հետևի նստատեղից: Նրա լռությունը ծանր էր: Ինձ թվում էր, թե նրա դեմքի ձախ կողմից, որտեղ սպին էր, ծանր քար է կախված, ու այդ քարն ավելի ու ավելի էր ծանրանում:


Քաղաքային Հոսպիտալի մոտ մեզ արդեն սպասում էր Արան:
-Ողջույն,-ասաց նա` արագ-արագ մոտենալով մեքենային,-գնանք վերև:
Նա դեն նետեց ձեռքի ծխախոտը:
-Եթե այդքան շտապում էիր, միգուցե՞ ուղղաթիռ ուղարկեիր հետևիցս:
-Հոսպիտալի տրամադրության տակ հիմա ուղղաթիռներ չկան, մի մասը հասցրել ենք ուղարկել ծայրամասեր` ագիտացիոն թռուցիկներ տարածելու, իսկ մյուս մասն առավոտյան առգրավվեց ոստիկանության կողմից:
-Կատակ էի անում,-ասացի ես,-ցույց տուր հետաքրքիր դեպքդ կամ դեմքդ, ի՞նչ է դա:
Նա առաջ ընկավ և ուղեկցեց ինձ դեպի Հոսպիտալի հսկայական շենքը, տարավ  ընդարձակ ֆոեներով, ահռելի սպասասրահներով, նեղլիկ ու երկար միջանցքներով, գլուխկոտրուկային աստիճանավանդակներով, հրթիռային վերելակներով: Մեր այդ սլացիկ երթն ավարտվեց սև մետաղական դռան առջև, որն ըստ իս գտնվում էր շենքի արևելյան թևում` մոտավորապես 36 և 44-րդ հարկերի սահմանում:
Դուռը թակեց որոշակի հերթականությամբ: Քիչ անց այն բացվեց` ի ցույց դնելով բավականին մռայլ և ընդարձակ մի տարածք, որն ուներ ցածր առաստաղ և փայլուն մոխրագույն հատակ: Սրահի կենտրոնում մետաղական աթոռներ էին, որոնցից մեկը զբաղված էր: Աթոռը զբաղեցրած անձն ուներ գզգզված մազեր, հագած էր անհասկանալի ցնցոտիներ, իսկ խելագար հայացքը սահում էր սրահով մեկ: Արայի առաջնորդությամբ մոտեցանք աթոռներին: Նստեցինք ցնցոտիավոր մարդու դիմաց: Նրա հայացքը փորձեց կանգ առնել մեզ վրա, սակայն չկարողացավ ֆիքսվել բավականաչափ ամուր և շարունակեց իր ընթացքը տարածության մեջ:
-Այս մարդուն գտել են արվարձանում, աղբանոցի մոտակայքում: Սկզբում աղբահանները մտածել էին, թե բոմժ է, և զանգահարել էին սոցիալական ծառայություն: Իսկ այնտեղ, ինքդ գիտես, թե ինչ է կատարվում հիմա: Հետո զանգահարել էին ոստիկանություն, սակայն ոչ ոք չի պատասխանել, քանի որ հիմա բոլորը դրսում են: Ստիպված զանգահարել են "շտապ օգնություն", և ահա այս հրաշքը մեզ  մոտ է:
Ես հարցական նայեցի Արային` նա համոզվա՞ծ է, որ այս խղճուկ գիժը հրաշք է:
Կարծես պատասխանելով հարցիս` խելագարի աչքերը սառեցին, նա կենտրոնացավ, սկսեց նայել ինչ-որ տեղ մեզ վրայով ու սկսեց.
-Հիլիոնները սկսեցին սպանդը: Ես այդ ժամանակ առուշների գավառային հետազոտական կայաններից մեկում էի, դրանք ինձ այնտեղ փորձերի էին ենթարկում: Հիլիոնները վերացրեցին այդ գավառը գրավիտացիոն ռումբերով, այրեցին ամբողջը հեղուկ կրակով, իսկ հետազոտական կայանի ավերակների մոտ սկսեցին սպանդը:
Խելագարը լռեց:
Արան շարունակեց նրա փոխարեն:
-Սա նրա պատմության միջին հատվածն է: Նա պատմում է ընդհատումներով և առանց ժամանակագրային հերթականության: Որպեսզի քեզ ավելի հասկանալի լինի` նրան մեր ժամանակով հինգ տարի առաջ փախցրել են ոմն առուշներ, որոնք հումանոիդներ էին: Փախցրել են և տարել իրենց մոլորակ` ուսումնասիրություններ կատարելու համար: Սակայն այդ ժամանակ առուշների մոլորակի վրա տեղի է ունեցել հիլիոնների հարձակումը: Հիլիոնները, ինչքանով հասկացել եմ, հումանոիդներ չեն:
Ես լսում էի ժպիտը դեմքիս: Դասական սյուժե է գիտական ֆանտաստիկայի համար: Ինչպես էլ որ երեկոն ավարտվի, ես կարող եմ հանգիստ խիղճ ունենալ, քանի որ մեկ գիտաֆանտաստիկ պատմություն արդեն լսել եմ:
Խելագարը նորից կենտրոնացավ, նորից նայեց ինչ-որ հեռու տեղ.
-Այդ առուշների հետ ես գնացի դեպի մինուսային լեռները` մոլորակն ինչ-որ կերպ լքելու համար: Բայց պարզվեց այնտեղ արդեն տեղավորված էր հիլիոնների մեկ դիվիզիոն: Նրանք շրջապատեցին մեզ և սկսեցին հերթով սպանել առուշներին և նրանց հետ հետազոտական կայանից փախած բոլոր ռասսաներին:
-Իսկ քեզ չսպանեցի՞ն,-հարցրեցի ես` թեև Արան նշան էր անում ինձ` լռել:
-Ինձ չսպանեցին:
-Ինչու՞:
-Ես չէի ուզում: Երբ հիլիոնը բարձրացրեց իր սուրը, ես առաջ պարզեցի ձեռքերս և  բղավեցի: Հիլիոնը հետ գնաց, խորհրդակցեց մյուս հիլիոնների հետ և ինձ բաց թողեցին: Բայց մյուսներին սպանեցին:
-Իսկ ի՞նչ էին անում մյուսները:
-Ոչինչ, նրանք ուղղակի մահանում էին...
-Իսկ ինչպե՞ս դու հասար այստեղ:
Խելագարը նորից կորցրեց կենտրոնացումը, հայացքը սկսեց լողալ:
Ես դարձա Արային.
-Հմմ...,-ասացի ես:
-Ի՞նչ կասես:
-Դե ես չեմ հոգեբույժ, դուք կտաք դիագնոզը:
-Ի նկատի ունեմ սրա պատմածը քեզ պետք կգա՞:
Հիշեցի տանը մնացած թղթակույտը:
-Ես մտածեցի թե քեզ դուր կգա, մանավանդ որ ստեղծեցի տագնապի մթնոլորտ` քեզ շտապեցնելով, հետևիցդ մեքենա ուղարկելով:
-Լավ, լավ ես մտածել, Ճիշտն ասած իրոք տպավորված եմ,-բարեհամբյուր ասացի ես,-դուրս գա՞նք ծխելու:

Արան նորից ուղեկցեց ինձ երկար-բարակ միջանցքների լաբիրինթով, մինչև հերթական դռները բացելիս չհայտնվեցինք պատշգամբում` ահռելի բարձրության վրա: Դիմացներս քաղաքն էր` ալեկոծվող քաղաքը:
-Ձեռքդ ցույցի ժամանա՞կ ես վնասել,-հարցրեց Արան:
-Այո:
-Այս գիշեր մասնակցելու եմ քաղաքապետարանի դիմաց անցկացվող պիկետին:
Գլխով դրական շարժում արեցի:
-Ի՞նչ ես կարծում սրա պատմածի մասին:
-Նրան փաստորեն չեն սպանել միայն նրա համար, որ չի ուզեցել մահանալ, փորձել է դիմադրել:
-Փաստորեն այդպես է ստացվում:
-Այնպես ենք խոսում, կարծես իրոք այլ մոլորակից է եկել, իսկ պատմածն էլ զուտ ճշմարտություն է,-մի փոքր նյարդայնացա ես:
-Հնարավոր է որ այդպես է...,-ասաց Արան:
-Իսկ հնարավոր է, որ նա ուղղակի մեր քաղաքից է:
Քամին վազում էր պատշգամբի բազրիքներով, վերցնում մեր սիգարետների ծուխն ու տանում հեռու, գուցե դեպի ցած, դեպի քաղաքը, որի բջիջներն են նրա մարդիկ: Մարդիկ, ովքեր պայքարում են և մարդիկ ովքեր համաձայն են խոնարհվել:


Պատմվածքը տպագրված է "Հայկական ժամանակ" թերթում.

Friday, July 5, 2013

Ժամանակ չկա

Հյուրին տանում էին զրահամեքենայով` շրջապատված ռազմական ամենագնացներով: Ճանապարհ անցնում էր քաղաքի փողոցներով և տանում էր դեպի բլուրը, որի վրա վեր էր խոյանում հեռուստաաշտարակը:
-Այս ամենն արվում է ձեր ապահովության համար,-ասում էր զրահամեքենայի մեջ նստած սերժանտը: Հյուրը, որ փաթաթված էր իր չափերի համար ակնհայտորեն մեծ անձրևանոցի մեջ, լուռ նստած էր նրա դիմաց,-հիմա մեր փողոցներն այնքան էլ անվտանգ չեն:
Հյուրը, որ մինչ այդ չէր բարձրացնում գլուխը մեքենայի հատակից, ուղղեց իր չափազանց մեծ աչքերը սերժանտին:
-Ինձ պետք է եթեր,-ասաց նրա մետաղական ձայնը` համեմված ինչ-որ տեխնիկական առոգանությամբ,-ես ունեմ հայտարարություն:
-Ձեզ խոստացել են եթեր, ուրեմն կտան,-պատասխանեց սերժանտը:
-Եթերը պետք է շուտ, ժամանակ շատ չկա,-ասաց Հյուրը:
-Մենք արագ ենք գնում, ուր որ է կհասնենք,-հաստատեց սերժանտը:
-Լավ է,-ասաց Հյուրը կարծես ինքն իրեն,-ժամանակ չկա:


Հեռուստաաշտարակի տակ ունիվերսալ պավիլիոնն էր: Հսկայական, մի քանի ֆուտբոլային դաշտի մեծությանբ կառույցը` ծածկված թիթեղյա կտուրով, մռայլ էր ու անհյուրընկալ: Զրահամեքենան և ամենագնացները տեղավորվեցին պավիլիոնին հարող կայանատեղում` ահռելի չափերի հասնող դարպասների մոտ: Դարպասների վրա կային ավելի փոքր դռներ ևս` նախատեսված մարդկանց ելումուտի համար: Դրանցից մեկից էլ դուրս եկավ եթերային ռեժիսոր Սարգսյանը` անփույթ հագնված, ականջից մինչև բերանն իջնող լսափող-բարձրախոսով, որը խճճվել ու սերտաճել էր խուճուճ մազերի և գզգզված մորուքի մեջ:
-Ու՞ր է ձեր Հյուրը,-ասաց նա առանց որևէ ձևականություննների`  քայլերն արագ ուղղելով դեպի զրահամեքենայի մոտ կանգնած սերժանտը:
-Նա ներսում է,-ասաց սերժանտը:
-Շատ լավ, նա կգա մեզ հետ, դուք նույնպես, իսկ մնացած բոլորն ազատ են:
-Մենք հրաման ունենք հսկել Հյուրին ամենուր:
-Իսկ ես ունեմ լիազորություն ոչ մեկի չթողնել հեռուստապավիլիոն, նույնիսկ անձամբ Նախագահին, ձեր հյուրը, հաշվեք, բացառություն է: Ո՞ւր է նա:
Սերժանտը մոտեցավ զրահամեքենայի դռանը, նշան արեց: Հյուրը հայտնվեց իր մեծ անձրևանոցի մեջ փաթաթված: Կապիշոնը ծածկում էր նրա արտասովոր մեծ գլուխը:
-Սա է՞,-զարմացած հարցրեց Սարգսյանը:
Սերժանտը գլխով արեց:
-Դե ինչ...ես ճիշտն ասած ավելի տեսարժան տեսարան էի սպասում...իսկ դուք վստա՞հ եք, որ սրա համար կարգադրված է եթերաժամանակ հատկացնել:
-Կառավարության որոշումն է,-պատասխանեց սերժանտը: Մի պահ հապաղելուց հետո ավելացրեց,-նրանց երևի տպավորել են այն տեխնոլոգիաները, որոնցով հագեցված է Հյուրի փոխադրամիջոցը...
-Լսել ենք, ոչ մի արտասովոր բան չկա, սովորական միջուկային արագացուցիչներով շարժիչներ են, ոչ մեկին չես զարմացնի, եթեր տալուց հետո էլ միայն ռեյտինգները կգցես:
-Ամեն դեպքում որոշվել է եթեր տրամադրել Հյուրին:
Հյուրը բարձրացրեց իր բարակ ձեռքերը: Մեծ անձրևանոցի թևքերը հետ գնացին, ի ցույց դնելով ոսկորոտ և մոխրագույն վերջույթները: Երկար մատները, որ երեքական էին ամեն ձեռքի վրա, հետ քաշեցին կապիշոնը: Սարգսյանին և սերժանտին նայեցին խոշոր կանաչ աչքերը:
-Ես ունեմ հաղորդագրություն, ուղղելու ձեր քաղաքակրթությանը,-ասաց նա իր մետաղական ձայնով,-ես եկել եմ խաղաղությամբ:
-Զառանցանք,-ասաց Սարգսյանը, ափերի մեջ առնելով իր բրդոտ գլուխը,-և այսպիսի զառանցանքը պետք է տանք եթեր:
-Ժամանակ չկա,-ավելացրեց հյուրն` արհամարհելով Սարգսյանի ասածը:


Պավիլիոն մտնելուց անմիջապես հետո Հյուրը սպիպված եղավ չոքել գետնին: Դարպասներից ձախ, արհեստական նյութերից պատրաստված այգում, ընթանում էր իսկական հրաձգություն:
-Պիտի հետ տաս էդ փողերը, ,արա՛:
-Դրանք քո փողերը չեն, ի՛մն են,-լսվում էր կրակահերթերի արանքում: Կրակոցները կատաղի էին, պավիլիոնի հատակն այդ մասում ողողված էր կարմիր հեղուկով, մարդկային մարմնի պատառոտված մասերով, կեղծ թղթադրամներով:
-Նա արեց տակը,-ասաց սերժանտը Սարգսյանին,- չի դիմանում բռնությանը:
Սարգսյանը նայեց գետնին նստած Հյուրին: Իրոք որ: Նա նստած էր ինչ-որ մանուշակագույն հեղուկի մեջ:
-Ստոպ,-գոռաց ինչ-որ մեկը և կրակահերթերը դադարեցին:
-Լավ է, այս անգամ ավելի լավ, բայց դեռ աշխատելու տեղ կա, նորից ենք փորձում, գոռա ավելի բարձր, ատելություն տու՛ր ձայնիդ, ավելի գժավարի կրակի, կրակի՛, մորթի՛, փռի՛ արևին, մի՛ խնայի, էնպես կրակի, որ աղիքները խաղնվեն իրար:
Սերժանտը նայեց Սարգսյանին վատ թաքցված հիացմունքով:
-Նոր սերիալի նկարահանումներ են,-բացատրեց ռեժիսորը:
Հյուրը նորից ոտքի կանգնեց, նայեց դեպի արհեստական այգին: Աչքերը սառեցին  գետնին ընկած մարդկային մարմնի մասերին:
-Ժամանակ չկա,-հազիվ լսելի մետաղական ձայնով ասաց նա:

Ճանապարհին` մինչ կհասնեին լրատվական բաժնի տաղավարներին, ստիպված եղան մի քանի անգամ դադար առնել: Հատկապես երկար դադարը տևեց "Եզության Գոտի" հաղորդաշարի տաղավարի կողքով անցնելիս, որտեղ կատաղած զոքանչը գերի էր վերձրել թոռներին և սպառնում էր փեսային ջարդել երեխաների գլուխները, եթե նա չվճարի ալիմենտներ: Այդ տաղավարի կողքով անցնելիս Հյուրը սկսեց դողալ և նրա փոքրիկ բերանից ծորաց մուգ կապույտ լորձը:
-Ժամանակ չկա,-խռպոտաց նա:
Անցան չորս-հինգ հեռուստաֆիլմերի նկարահանման հրապարակներով էլ: Մի տեղ հյուրին թվաց, թե ֆիլմի հերոսն իրեն է դիմում` "Ո՞վ ես դու, սրիկա՛, որ եկել ես ստեղ ու քո օրենքն ես ուզում առաջ տանել": Հյուրը շփոթվեց և արեց առաջին մտքին եկած ժեստը, որ պետք է նշանակեր խաղաղություն: Նա բարձրացրեց երկու մատը: Ֆիլմի հերոսը սակայն կրակեց նրա ուղղությամբ խաղալիք ատրճանակով:
-Ամենառեյտինգային ֆիլմն է,-ասաց Սարգսյանը հիացմունքով`  դիմելով սերժանտին:
Լրատվական բաժնի մոտ կար մեկ այլ տաղավար` եզերված սև և կարմիր սրտիկներով: Հյուրին ծանոթ էր "սիրտ" նշանի խորհուրդը: Նա պարզեց ձեռքը դեպի սրտերն ու փորձեց ինչ-որ բան արտաբերել, բայց չհասցրեց: Տաղավարում հայտնվեց սև երկարաճիտ կոշիկներով մի կին, ում ձեռքում կար փշերով զարդարված մահակ: Նրա հետևից, չորեքթաթ սողալով տաղավար մտավ տղամարդը:
-Հիմա ես քեզ կպատժեմ, կեղտոտ, հիմար այլանդակ,-ասաց կինն ու սկսեց հարվածել տղամարդուն:
-Ժամանակ չկա..,-շշնջաց Հյուրը,-եթերը պետք է արագացնել...
-Սա էլ չի զիջում ռեյտինգով,-ասաց Սարգսյանը հպարտությամբ,- իմ սեփական միտքն է: Ողջ աղն ու համը նրանում է, որ այս մարդկանց մենք այստեղ ենք բերում իրենց կամքին հակառակ և տանջում ենք ամենաիսկական կերպով: Սադո-մազո շոու:
-Ժամանակ չկա...,-կրկնեց Հյուրը:
-Սպանեցիր քո ժամանակով,-անսպասելի բղավեց Սարգսյանը,-մեր ալիքն աշխատում է շուրջօրյա, ժամանակ միշտ կա:
-Հիմա...եթեր...
-Հիմա կմտնես եթեր, պետք է սպասել, որպեսզի վերջանա լրահոսը, իսկ մինչ այդ քեզ կարգի կբերեն, բարձրախոս կտան:
Լրատվական տաղավարում սկսվեցին աշխատանքները: Հյուրին շրջապատեցին դիմահարդարներն ու տեխնիկները: Նրա դեմքը գրիմի չենթարկվեց մաշկի առանձնահատկության պատճառով, բայց ստացվեց բարձրախոս ամրացնել նրա ձեռքից:
-Ժամանակ չկա...
-Պետք է սպասես, որ մեր հաղորդավարը վերջացնի կարդալ ամենահրատապ նորությունները:
Հյուրը դարձրեց գլուխը դեպի հաղորդավարը: Դա երիտասարդ տղամարդ էր` փայլուն մազերով և ժպտացող դեմքով: Նա խոսում էր արագ-արագ` թվարկելով նորությունները.
-Ավստրալիայում տեղի են ունեցել աբորիգենների զանգվածային բռնաբարություններ, Կոլորադո նահանգում երեխան սպանել է հորն ու երեք ամսական եղբորը, Մոսկվայում սափրագլուխները վառել են հավատացյալներով լի մզկիթը, ձախ հեղափոխականներն Արգենտինայում հարձակվել են նախարարի ընտանիքի վրա և սպանել բոլորին, երեկ Երևանի կենդանաբանական այգում պատահաբար սպանվել է աշխարհում մնացած վերջին մուֆլոնը, Աֆրիկյան Երկրների Միությունը որոշել է կառուցել տիեզերական մերձուղեծրային արհեստական արոտավայրեր: Նախագծի համար ֆինանսավորում գտնելու համար նախատեսվում է կրճատել որոշ երկրների բնակչությունը մինչև հինգ անգամ...
-Ժամանակ չկա...եթեր...
-Երեկ հայտնի դարձավ Անգլիա-Բելառուս ֆուտբոլոյին հանդիպման ժամանակ հարավային տրիբունան պայթեցրած դեռահասի անունը...
-Դուք խեղդվում եք...տվեք ինձ եթեր..եթե...եթ...
Հյուրի գլուխը կախվեց; Ձեռքրն անուժ կախվեցին փոքրկ մարմնի կողքերով:
-Սա արդեն բանի նման չէ, նա ինչ է, սատկե՞ց,-հարցրեց Սարգսյանը:
Սերժանտը մոտեցավ Հյուրին:
-Չի շնչում...
-Ուրեմն: Ինձ հրահանգել էին եթեր տալ ԿԵՆԴԱՆԻ Հյուրին, այդպես չէ՞:
-Այո..
-Դե ուրեմն վերցրեք ձեր այլմոլորակային դիակն ու ռադ եղեք այստեղից:
-Կարելի՞ է ես էլի գամ..հետո..մասնակցելու հաղորդումներից մեկին,-հույսով հարցրեց սերժանտը...
-Կմտածեմ...իսկ հիմա տարեք այստեղից սրան:

P.S.

Քաղաքից եռեսուներեք կիլոմետր հեռավորությամբ կանգնած էր Հյուրի տիեզերանավը: Նրա մասին արդեն մոռացել էին, քանի որ աշխարհը լի էր ամենաբազմազան և հետաքրքիր նորություններով և զվարճանքներով: Տիեզերանավի ներսում, միջուկային շարժիչների արանքում աշխատում էր ժամացույցը, կատարելով հետ հաշվարկը...00:59...00:58...00:57...Ժամանակ չկա:


Պատմվածքը տպագրված է "Հայկական Ժամանակ" օրաթերթում.

Sunday, June 16, 2013

Լայն ճաքած ակնոցներով

Ողջ խնդիրն այն է, որ ակնոցներս փչացել են: Ցույց  չեն տալիս ինչպես հարկն է  ու վերջ: Պատահեց դա այն ժամանակ, երբ երեկ երեկոյան պատահական բախվեցի շքամուտքի ժանգոտած դռանը: Ես մի քիչ շատ էի խմել Տելլայի տանն ու ասես նշան բռնած, բա՜խ- բախվեցի այդ գրողի տարած ժանգոտ դռանը: Ակնոցներս ճաքեցին  և հիմա ես, կարելի է ասել, ունեմ լուրջ պրոբլեմներ: Ու արդեն պարզ է, որ այս կերպ ապրել այլևս չի կարելի:
 Առավոտյան սպասում էի  տրամվայի, որը սովորաբար աշխատում է անխափան, բայց այս առավոտ նենգաբար դավաճանեց ինձ: Սկզբում ես մտածում էի, որ հավանաբար տեղի է ունեցել վթար  ու տրամվայն ուշանում է միայն այդ պատճառով: Բայց որոշ ժամանակ անց  հասկացա հանկարծ, որ մնացած տրանսպորտն ախր նորմալ աշխատում է, երթևուկությունը խանգարված չէ:
Վերջապես լսեցի տրամվայի ռելսերի ձայնը, ուրախացա: Բայց իզուր: Անցավ ինչ-որ անորոշ-լղոզված շողք, իսկ ոչ մի տրամվայ կանգառում չկանգնեց: Ես փորձեցի շարժել ակնոցս, հանեցի, մաքրեցի, նորից հագա: Ճաքերը խոշոր էին և անդուր, այսպիսի ակնոցներով երևի անչափ անհեթեթ տեսք ունեի: Մնացած մարդիկ փայլփլում էին իրենց լավ մաքրված ակնոցներով:
Սպասեցի հինգ րոպե ևս: Տրամվայ չեկավ: Կանգնեցրեցի տաքսի:
-Մինչև քաղաքապետարան,-ասացի:
Տաքսիստը փչեց իր կլոր ակնոցների վրա, մաքրեց, նորից դրեց, հայելու մեջ նայեց վրաս:
-Իսկ դուք այնտե՞ղ եք աշխատում,-հարցրեց:
-Հա, հա,- պատասխանեցի,-խնդրում եմ, արագացրե՜ք:
Տաքսիստը գործի գցեց շարժիչը, սահուն դուրս բերեց մեքենան երրորդ գիծ, մենք սլացանք քաղաքապետարանի ուղղությամբ: Ճանապարհին փորձեցի նայել ասֆալտի վրայի ռելսերին: Ակնոցներս ծակեցին աչքերս: Սուր ցավը խփեց գլխիս:
-Այ դուք, օրինակ, քաղաքապետարանում եք աշխատում ու ձեզ թույլ եք տալիս այդպիսի  ակնոցներով տնից դուրս գալ,-քթի տակ ասաց տաքսիստը:
-Դա, թերևս ձեր գործը չէ,-վրա բերեցի ես` օգտագործելով «թերևս» բառը: Իմ սիրած բառը: Որքան անփույթ վեհություն և ստորի հանդեպ մեծահոգի հանդուրժողականություն է պարունակում այդ խորհրդավոր տառախումբը:
-Դե այսպիսի քաղաքում ենք ապրում, ուր բոլորը կոկիկ են, իսկ քաղաքապետարանի աշխատողն իսկի կարգին ակնոց չունի: Ինչպե՞ս կարող եք ապրել այդպիսի ակնոցներով: Չէ որ կյանքը հաճույք է, այն ապրելուց պետք է հաճույք ստանալ,-ասաց տաքսիստն այնպիսի տոնով` կարծես փորձում էր ներգրավել ինձ ընդհատակյա կազմակերպված կրոնական հանցավոր կազմակերպության մեջ:
Ես նայեցի մեքենայի մեջ, շուրջբոլորս: Իրոք, ես չէի նկատել, թե ուր եմ նստել: կեղտոտ նստատեղեր, փտած սպունգի մեջից դուրս ցցված զսպանակներ, կեղտոտ լուսամուտներ, ղեկի տակից կասկածելիորեն դուրս կախված լարեր...
-Ձեզ իրոք դու՞ր է գալիս ձեր կյանքը,-հարցրեցի ես,-ձեր մեքենան:
-Սա մեքենա չէ, սա իսկական հրթիռ է,-ասաց հպարտությամբ,-քաղաքի ամենալավ ավտոներից է, ոսկու սար էլ տան, չեմ փոխի:
Ես տրորեցի ակնոցներս, նորից հագա: Ճաքերը չէին թողնում կենտրոնացնել հայացքս, սուր ծակող ցավն անընդհատ խաղում էր գլխիս գերզգայուն նյարդերի հետ:
-Էս էլ ձեր քաղաքապետարանը,-ասաց տաքսիստը` վայրենավարի սեղմելով արգելակները,-քաղաքապետին կբարևեք:
-Անպայման,-ասացի ես, վճարեցի և իջա: Մի բան մնաց սակայն անհասկանալի: Նայելով դրամապանակիս մեջ, տեսա, որ տաքսիստին վճարելուց հետո մոտս գրեթե փող չմնաց: Երևի անիծյալ ակնոցների պատճառով  խառնել էի թղթադրամները:


Քաղաքապետարան մտնելիս նկատեցի թերթի կրպակը: Հետաքրքիր է, որ այն առաջ չէի նկատել: Ինձ ավելի շատ գերեց թարմ թերթի հոտը, ես գնեցի մի երկու համար ու մտա ներս: Ակնոցներիս ճաքերն ինձ նկատելի էին դարձնում  ու ես գտնվում էի ցավակցող-զարմացած հայացքների ճնշման տակ:
-Ի՞նչ է պատահել քեզ, բարեկամ:
-Լա՞վ ես, Կասյան:
-Կասյան, դու մեզ բոլորիս ճաքա՞ծ ես տեսնում:
-Կասյան, ոտքերիդ տակ նայիր, չընկնես:
Վերջին ռեպլիկը տեղին էր, քանի որ հենց այդ պահին պետք է սայթաքեի դուրս ցցված մանրահատակի վրա: Երբեք չէի նկատել, որ քաղաքապետարանում մանրահատակ կա: Ինչ-որ բան հուշում էր ինձ, որ ժամանակին կատարվել էր վերանորոգում ու ձեռք էին բերվել իսպանական սալիկներ: Զգացի, որ մատս թմրում է:
-Վերելակը չի աշխատու՞մ,-հարցրեցի ես պատահական մեկի, քանի որ արդեն մի քանի րոպե անդադար սեղմում էի կոճակը: Պատահական մեկն արհամարեց հարցս:
-Չկա՞ վերելակ,-հարցրեցի ես մեկ ուրիշի:
Այս մեկը զարմացած նայեց ակնոցներիս, ուղղեց իր երկար քթի վրա սեփական «խոշորացույցերն» ու հեռացավ:
Բարձրացա ոտքով: Պարզվեց, որ հերն անիծած ակնոցների պատճառով չեմ կարողանում գտնել իմ աշխատասեղանը: Անցնում էի մեծ աշխատասենյակով մեկ, ուրիշների սեղանների արանքով ու չէի կարողանում գտնել  իմ սեփականը, հարազատը:
-Միգուցե այն մեկն է,-ասաց անչափ բարի տիկին Ժենյան` ցույց տալով ինչ-որ տեղ` սրահի անկյունում:
-Շնորհակալ եմ,-պատասխանեցի ես ու շարժվեցի դեպի ցույց տված տեղը: Ուրիշ ժամանակ ես նույնպես բարի կգտնվեի ու մեկ-երկու կոմպլիմետ կանեի, բայց ակնոցներիս այս ճաքերը նրան անճանաչելիորեն այլանդակ էին ցույց տալիս:
Սեղանս զուգարանի մոտ էր: Ի նկատի ունեմ` զուգարանի դռան մոտ: Ես դա երբեք չէի ֆիքսել: Ու համակարգիչս էլ չմիացավ  ու անցկացրեցի ես երկար աշխատանքային ժամեր` մատիտ կրծելով  և ընդմիջման սպասելով: Լավ է, որ գնել էի թերթերը: Նրանցից մեկում գրվում էր քաղաքի ինձ անհայտ թաղամասում տեղի ունեցած վթարների մասին: Թաղամասի բնակիչները բողոքում էին անորակ ջրից, քանդված ճանապարհներից և աղբի կուտակումներից:


Ընդմիջման ես վազեցի ինքնամոռաց, թեև աշխատում էի հնարավորինս շրջանցել ոտքերի տակից դուրս ցատկող մանրահատակը, ճռռացող դռները, պոկվող բազրիկները` աստիճանների վրա, պատռված լինոլեումները և այլ խորդուբորդները: Բուֆետն առաջին հարկում էր: Ես ներս մտա մարաթոնյան սուրհանդակի պես, կիսակույր հալովս գտա Պլճյանին ու վերադաս Իսկանդարյանին ու քայլերս ուղղեցի դեպի նրանց:
-Կասյան, վիճակդ ի՞նչ է,-հարցրեց Իսկանդարյանը` փչելով սիգարի ծուխն ուղիղ վրաս: Նրա հաստ կոպերը թարթեցին հաստ ակնոցների հետևից:
-Ակնոցներս են վնասվել, պարոն Իսկանդարյան,-ասացի,- հարկ կլինի այսօր դիմում ներկայացնել նորը ստանալու համար:
-Իսկ դրանց եռամյակը լրացե՞լ է գոնե,-հարցրեց` դիտմամբ ծանրացնելով ձայնը:
-Եթե եռամյակը լրացել է, ապա նորը դուրս կգրվի առանց խնդրի,-ասաց Պլճյանը: Նրա երկար-ձգված ակնոցները ցավակցող արտահայտություն ստացան:
-Իսկ եթե չի լրացե՞լ,-հարցրեցի:
-Չի լրացել, չե՜ս ստանա,-ասաց ծանր Իսկանդարյանը:
-Կոնյակ կխմե՞ս,-հարցրեց Պլճյանը:
-Հա,-ասացի ես` առանց մտածելու:
Մթնոլորտը լարվում էր: Հիմա Իսկանդարյանը սպասում էր իմ աղաչանքներին, խնդրանքներին և պաղատանքներին, բայց չեմ կարող ախր, չի ստացվում մոտս...Բուֆետի աթոռն էլ  չոր է, անհարմար, սեղանն էլ ոնց-որ հեչ սրբած չլինեն:
-Ի՞նչքան նստեց կարմիր փայտի ձեռք բերումը,-հարցրեց Իսկանդարյանը Պլճյանին  փետուրի պես թեթև ձայնով` վերադառնալով, հավանաբար, իրենց խոսակցությանը:
-Ընդամենը երեսուն միլիոն  ու խնդրեմ` ամենաորակյալ ներքին հարդարմամբ սննդի կետը ողջ տարածաշրջանում,-ասաց Պլճյանն ու տարածեց ձեռքերը:
Իսկանդարյանը խրախուսական ժպտաց: Մատուցողն ինչ-որ բան բերեց:
-Դե վերցրու՜ կոնյակդ,-ասաց Իսկանդարյանը:
Վերջապես ինձ էլ հիշեցին, մտածեցի ես ու չկորցրեցի առիթը.
-Առանց ակնոցների, պարոն Իսկանդարյան...ես չեմ կարող աշխատել առանց ակնոցների, եթե կա գոնե մի փոքր հնարավորություն,  խնդրում եմ, օգնեք ձեռք բերել նորը...
Ձեռքս մնաց օդում: Մի քանի անգամ ուզում էի վերցնել կոնյակը, բայց չէի կարողանում: Այն անընդհատ փոխում էր իր դիրքը սեղանի վրա: Պլճյանին դա կարծես զվարճացնում էր:
-Ձեր դեպքում, Կասյան, վախենամ, հնարավորություններ չկան, դուք, այսպես ասած, ինքներդ եք մեղավոր ձեր կոտրված ակնոցի համար:
-Իհարկե ես եմ մեղավոր,-դիմացա ես Իսկանդարյանի ծայրահեղ ծանր առոգանությանը,-բայց այսպես իմ աշխատողունակությունը խիստ կընկնի...
-Մի՜ մտածեք Կասյան, որ ձեր աշխատունակությունը երբևէ բարձր է եղել, համենայն դեպս ոչ քաղաքապետարանում...այլ  թերևս  որևէ փաբում:
«Թերևս», գրողը տանի...
Կոնյակի անտեր բաժակն էլ չկա: Լարեցի աչքերս սեղանի վրա: Ապակու ճաքերից ցավը խփեց գլխիս կայծակի պես, բայց բաժակը ֆիքսեցի, մեկնեցի ձեռքս ու բռնեցի:
-Անուշ արե՜ք,-ասաց Պլճյանը:
Ես միանգամից քաշեցի գլուխս: Ու հազիվ հետ չտվեցի սեղանի վրա: Խմածս ոչ թե կոնյակ էր, այլ էժանագին օղի: Մեծ վերապահումով էժանագին օղի, քանի որ դա շատ անգամ վատն էր ամենավատ օղուց անգամ:
-Մերսի,-ասացի ատամներիս արանքով:
-Չկան ակնոցներ, չեն լինի հարբած ու ամենակարևորը` ավել պակաս զրույցներ քնձռոտ փաբերում, չեն լինի ավել պակաս զրույցներ, կլինեն մի օր նոր ակնոցներ,-ասաց Պլճյանն` ուղղակի պլպլալով իր օֆիսային ժպիտով ու ավելացրեց ,- իսկ թերթեր կարդալն, ընդհանրապես, վնաս է տեսողությանը:
-Դուք ինքներդ եք մեղավոր, Կասյա՜ն,-ասաց Իսկանդարյանն ու նշան արեց մատուցողին` հաշիվը բե՜ր;
Հաշիվը բերեցին: Ես ասացի, որ կոնյակիս համար կվճարեմ ինքս: Պարզվեց, որ դա նստեց վրաս դրամանապանակիս ողջ պարունակությունը:


Օրն անցավ զուգարանի կողքը` փչացած համակարգչի առջև նստած: Ես թերթում էի թերթերն ու մտածում ընկերուհուս` Տելլային, հանդիպելու մասին:
Եվ տականքային վախը տանջում էր իմ անքաջ սիրտը...
Իսկ եթե Տելլային տեսնեմ ճաքած ակնոցներով,,,
Իսկ եթե նա...
Իսկ եթե հանկարծ...
Կարևորը նրան չտեսնելն է, որոշեցի ես: Ինչ ուզում է լինի, չտեսնել նրան: Ես չեմ կարող ռիսկի դիմել: Ես պետք է հավատամ նրա գեղեցկությանը, մինչև  ձեռք կբերեմ  նոր ակնոցներ: Եռամյակին շատ ժամանակ չի մնում: Ու փաբերն էլ պետք է թարգել...ավել պակաս խմելն էլ: Իսկ գուցե դուրս գալ աշխատանքից...ու ապրել այն անհայտ թաղամասում…
Ամեն դեպքում կզանգեմ Տելլային:


P.S.
 «Դեն շպրտի՜ր այդ հիմար ակնոցներդ ու հենց հիմա արի՜ ինձ մոտ»,-ասաց ինձ Տելլան հեռախոսով: Նա հենց այդպես էլ ասաց` «դեն շպրտի՜ր» և «հիմար ակնոցներ»: Իսկ վերջում ավելացրեց` «Ես էլ կհանեմ ակնոցներս»:
Կանգնած եմ դրսի դռան առջև: Հիմա ես կբացեմ դուռն ու կգնամ նրա մոտ: Բայց մինչ այդ կհանեմ ակնոցները: Առաջին անգամ` ոչ մաքրելու համար:
Մեկ...երկու...երեք...


Պատմվածքը տպագրված է "Հայկական Ժամանակ" օրաթերթում:

Saturday, May 25, 2013

Հարյուր տարի անց: Երջանկությունից:


Պատմվածքը տպագրված է "Հարցուպատասխան" հանդեսում, փետրվար, 2013 թ.:

Հարցնեիք ինձ հարյուր տարի առաջ, թե ինչ է կյանքը, ես կկախվեի ձեր ականջներից ու այնպիսի փիլիսիփայական զառանցանք կերգեի, որ հաստատ լուծ կընկնեիք… կամ հետ կտայիք: Տարբերություն չկա:
Իսկ հիմա հարցրեք: Ինձնից կպահանջվի ընդամենը մեկ բառ: Մեկ բառ` հարցին հարյուր տոկոսանոց ճիշտ պատասխան տալու համար: Պատրաստ ե՞ք: Պատասխանում եմ` ՏԵՐՄԻՆԱԼ: Այո՛: Ոմանք կտզզան իրենց նոստալգիական երգն այն մասին, թե ինչպիսինն էր կյանքը, երբ չկային տերմինալները, ինչքան փորձանքներ ու փորձություններ էին սպառնում մարդկանց ամեն քայլափոխի, ԵՐԲ ՉԿԱՅԻՆ այդ գրողի տարած տերմինալները: Ես չգիտեմ` ինչքան ժամանակ ինձ դեռ կհաջողվի ողջ մնալ ու չխելագարվել այս աշխարհում, բայց եթե ես նորից ապրեի հարյուր տարի առաջ, ապա կզինվեի` ինչով պատահի ու կհարձակվեի բոլոր տեսակի տերմինալների վրա` անխտիր:
Բռնես փողոցում մեկն ու մեկին, նայես նրա աչքերի անզոր խորության մեջ ու հարցնես` ի՞նչ էր պետք մարդուն երջանիկ լինելու համար հարյուր տարի առաջ: Եթե այդ հարիֆը տեղն ու տեղը ոտքերը չտնկի, ապա կսկսի կմկմալով որոշ բաներ թվարկել` դե...մասնագիտություն ունենալ, ամուսնանալ, ընտանիք կազմել, սերունդ տալ, առողջ լինել: Եթե բախտդ բերի, բռնածդ հարիֆը կարող է ասել նաեւ` սեր: Բայց դա չափազանց տափակ ու հնամաշ բառ է այժմ:
Ամեն դեպքում, եթե բռնածդ հարիֆին անվնաս բաց թողնես` նա կկարողանա արագ վերականգնել իր երջանկության եւ անհոգության բալանսը` լիցքավորվելով մոտակա տերմինալից:
Դուք երեւի չեք պատկերացնում, թե ինչ է տերմինալը: Դա պլաստիկից, ապակուց եւ մետաղից ստեղծված մի տուփ է` սենսորային էկրանով, որի վրա կան երջանկաբեր բոլոր ֆունկցիաների պատուհանները` «Երջանկության բալանսի ստուգում», «Երջանկության լիցքավորում», «Երջանկության փոխանցում», եւ այլն:
Այո, հիմա ամեն ինչ հեշտացել է, հիմա ամեն ինչ ծիծաղելու չափ հեշտացել է: Երբ ես քայլում եմ այս երջանիկ մարդկանց ամբոխի միջով, ուզում եմ ձեռքս զենք լինի, իսկական զենք, որպեսզի կրակեմ, հնձեմ ու փռեմ բոլորի երջանիկ ու առողջ մարմիններն արեւի տակ: Այդպիսի զգացումներ եմ ես ունենում: Զենք, ցավոք, չունեմ: Բավարարվում եմ բռունցքներովս ու բամբ ձայնովս: Գոռում եմ սրանց վրա ու մեկ-մեկ հարվածում գոհ դեմքներին: Փչացնում եմ սրանց «երջանկությունը»: Ինձ համար անմարսելի է երջանկության այս «տերմինալային» հասկացությունը:
Ձեզ մոտ երեւի կասկածներ առաջացան, թե ինչպես եմ ես հայտնվել այստեղ` հարյուր տարի անց, ու ինչպես եմ ես գրում այս ամենը ձեզ` հարյուր տարի հետ: Հստակ պատկերացումներ ինքս էլ չունեմ, հավանաբար ինչ-որ բան շարքից դուրս էր եկել Ժամանակային Կառավարման Լաբորատորիայում, ու ես դարձել էի վթարի զոհ: Փնտրեք դժբախտ պատահարների մատյանում, հավանաբար կգտնեք այնտեղ իմ անունը:

Ապա նայեք: Ինձ հուշում են, որ գոհունակության ցուցիչներս խիստ ցածր են, պետք է շտապ մոտենալ տերմինալին ու լիցքավորվել, թե չէ կսկսեն պակասել երջանկության գործակիցները: Ընտրում եմ բալանսի ստուգումը: Մոնիտորի վրա ամրացված սենսորը սկան է անում ինձ:
-Նկատվում են տագնապի հետքեր, ուղեղը ծանրաբեռնված է աննպատակ աշխատանքով, սրտի զարկերը չափազանց հաճախ են, նյարդային համակարգը ցնցվում է: Խորհուրդ ենք տալիս ավելացնել գոհունակության ցուցիչները:
Ես հետեւում եմ տերմինալի խորհրդին: Ընտրում եմ լիցքավորումը: Դնում եմ ափս մոնիտորի վրա, ու ինձ հարվածում են էլեկտրական փոքրիկ ալիքները: Շատ մեղմ են հարվածում, առանց ցավի: Դա հարված էլ չէ, պարզապես խուտուտ է: Այո՛: Այժմ ես լրիվ գոհ եմ: Ու ստիպված եմ շարժել ոտքերս դեպի տուն, ստիպված եմ քնել ու միայն քնած ժամանակ տեսնել երազս, որտեղ ինձ կբացատրվի այս աշխարհի անհեթեթ դեբիլությունը:

… Հարյուր տարի առաջ ես գողացա խանութից արծաթե մոմակալը: Նույն գիշերն անձրեւի տակ կես ժամ սպասեցի մինչեւ կգար մարդը, որ պիտի գներ մոմակալը: Ինձ ծեծեցին ու տվեցին գումարի միայն մի մասը: Այդ մի մասով հաջորդ առավոտյան ես գնացի ժամադրության դպրոցի ամենասիրուն աղջկա հետ: Ժամադրությունը ձախողվեց, քանի որ դեմքս գիշերվա ծեծից հետո հիմնովին այլանդակված էր:
Բանակում ծառայել եմ սահմանի վրա, երկու անգամ վիրավորվել թշնամու դիպուկահարի գնդակից: Ունեցել եմ մեքենաներ` բոլորով էլ վթարների եմ ենթարկվել: Աշխատանքի վայրում վեց անգամ ընկել եմ փորձանքների մեջ, երեք անգամը` մահացու, բայց կարողացել եմ առաջ գնալ մասնագիտական սանդուղքով, իսկ մի քանի տարի անց` մասնակցելով լավագույն փեսացուների մենամարտի, նաեւ ամուսնալ ու երեխաներ ունենալ: Հաշմանդամ երեխաներ, որոնց ծնունդից հետո կինս մեզ լքեց:
Ու ամեն ինչ ինձ տրվել է ուժերի գերագույն լարմամբ եւ նյարդային խոշորագույն ապրումներով: Ու երջանիկ չեմ եղել: Ընդամենը ձգտել եմ երջանկության: Իսկ այստեղ պետք է պարզապես մոտենալ տերմինալին: Այստեղ` հարյուր տարի հետո:

Որոշել եմ, թե ինչով եմ զբաղվելու այսօր. դրա համար ինձ պետք է տերմինալ : Ես դուրս եմ գալիս տերմինալ գտնելու համար: Ես ինձ լավ եմ զգում: Երեկվա գոհունակությունը դեռ չի լքել ինձ, չնայած ես տեսնում էի անասուն, սարսափելի երազներ, որտեղ այս հարիֆները միացնում են ինձ տերմինալի ու լվանում իմ ուղեղը: Այսօր ես այդ հարիֆների հախից կգամ:
Ճանապարհին հարձակվում եմ նրանցից մեկի վրա, գոռում վրան, պոկում հագուստը եւ ապտակում: Հարիֆը շփոթված ներողություն է խնդրում ու հեռու փախչում: Հավանաբար մոտակա տերմինալի մոտ:
Ես նույնպես հասնում եմ տերմինալի մոտ: Մոնիտորի վրա ընտրում եմ փոխանցում բաժինը:
-Փոխանցել երջանկություն այլ անհատի,-ասում է տերմինալը:
Ես մտածում եմ` ո՞ւմ: Տեսնում եմ փողոցով անցնող մեկ այլ հարիֆի: Մոտենում եմ նրան ու ստիպում ասել ինձ իր անհատական գաղտնաբառը: Հետո վերադառնում եմ տերմինալի մոտ, հավաքում գաղտնաբառն ու սկսում եմ լիցքավորել: Ցուցիչներն ասում են, որ բավ է: Երջանկությունն արդեն կրիտիկական է, ավելացնելու տեղ էլ չկա, բայց ես շարունակում եմ հա՛ լցնել ու լցնել: Աչքս գցում եմ հարիֆին, որ դեռ չէր հասցրել հեռու փախչել: Նա պարում է, նա թպրտում է, նա ընկնում է, նա մեռնում է: «Խեղճ հարիֆը մեռնում է երջանկությունից»: Վատ վերնագիր չի լինի տեղի թերթերի համար:
Ես ինձ կոտրված ու դժբախտ եմ զգում: Ձեռքս անկախ ինձանից պարզում եմ մոնիտորին: Ցուցիչներս շարժվում են: Վերադառնում եմ տուն: Երջանկացած:

Հարյուր տարի առաջ երջանկություն բառը ծիծաղ էր առաջացնում: Դա այնպիսի երկար-բարակ բառ էր, որն օգտագործում էին կիսալուրջ կենացների ժամանակ միայն, բայց ոչ երբեք կյանքում: Այդ «երջանկության» համար ես օր ու գիշեր պայքարում էի, սանտիմետր առ սանտիմետր վաստակում էի արեւի տակ իմ տեղն ու երբեք չէի զգում ինձ երջանիկ: Իսկ հիմա... «Երջանկություն» բառը երբեք չի եղել այսքան ակտուալ:
Կասեք` բախտդ բերել է, էլ ինչ ես ուզում, կասեք` երանի քեզ. քեզ պես միլիոններ են եղել ու կան, որ ողջ կյանքում մաքառում են թեկուզ մի օր, մի ժամ, մի րոպե այդ զգացումն ապրելու համար, ու հաճախ չեն էլ հասնում դրան: Բայց միեւնույն է, ինձ համար այս տերմինալների տված երջանկությունը նման է էլեկտրական սիգարետի, նման է հերն անիծած ռեզինե կնոջ ու ոչ ալկոհոլային գարեջրի: Միեւնույն է, ես` գուցե եւ միակս, համոզված եմ, որ այս համատարած արհեստածին երջանկատվությունը մարդու վերջն է, նրա մարդկային գոյության իմաստի տերմինալը:

… Ես ուսումնասիրում եմ օրաթերթը: Պատմվում է մի զույգի մասին: Ես սովորաբար սրանց բոլորին հարիֆ եմ ասում (բոլոր այս հարյուր տարի անց ապրող տերմինալապաշտներին, թուլամորթ ու անկամ, վախկոտ ու քաքլան արարածներին), բայց այս երկուսի մասին այդպես չեմ ասի: Այս երկուսը հիշեցնում են ինձ իմ հարյուր տարի առաջը:
Ես չեմ հասկանում` ինչ է կատարվել սրանց թվայնացված ու «տերմինալացված» հոգիներում, ինչ դժբախտ ճանճ է կծել, բայց թերթերը գրում են, որ անցած գիշեր երկու հոգի առեւանգել են...տերմինալ: Թերթը գրում է, որ նման դեպք պատահում է առաջին անգամ, եւ դեռ ոչ ոք չի կարողանում կռահել նման արարքի դրդապատճառը: Որպես վերջաբան թերթն առաջարկում է լիցքավորվել անհոգությամբ, որպեսզի այս տհաճ նորության դառնահամը չհետապնդի ընթերցողին ողջ օրվա ընթացքում:
Չգիտեմ ինչպես ուրիշների համար, բայց այս լուրն ինձ իրոք թեւեր է տալիս: Արի ու տես: Ինչ-որ մեկին այս հարյուր տարի անց աշխարհում ինչ-որ մի բան չի հերիքում: Երեւի դրանք յուրօրինակ այլանդակներ են, որոնք նուրբ հաճույքներ են ստանում երջանկության գործակիցների տատանումից: Կամ գուցե որոշել են վաճառել այն: Չգիտեմ, չգիտեմ, բայց միտքը, որ էս գրողի տարած տերմինալային համատարած երջանկության աշխարհում առկա են «թերություններ»` ինձ ուրախացնում է:
Ես դուրս եկա տնից` մի քիչ զբոսնելու եւ հարիֆներիս ճնշելու: Ես առանձնապես ուրախ էի այդ օրը, երբ տեսնում էի ինձնից հեռու փախչող հարիֆներին: Մի երկուսին հասա եւ մի քանի ծանր ապտակ հասցրեցի: Մյուսների վրա պարզապես գոռացի: Հարիֆները փախչում էին դեպի իրենց սիրելի տերմինալները:
Երբ վերադարձել էի եւ արդեն տուն էի մտնում, առջեւս երկու հոգի կտրեցին: Նրանցից մեկը հարվածեց ինձ: Մյուսը փաթաթեց ձեռքերս: Ինձ ներս քաշեցին սենյակ: Սենյակում տեսա տերմինալ: Ամենայն հավանականությամբ` գողացված տերմինալը: Հարիֆներից մեկը մերկացրեց ձեռքս եւ փորձեց մոտեցնել մոնիտորին: Ես դիմադրեցի: Ես դուրս պրծա նրանց շրջափակումից, փախա բաղնիք, պինդ փակեցի դուռն ու հիմա գրում եմ այս տողերը:
Սրանցից մեկն ասում է, որ հոգնել են ապրել մշտական վախի ու անհարմարության մեջ: Ասում է, որ իմ պահվածքը դուր չի գալիս իրենց: Ես փչացնում եմ նրանց երջանկությունն ու գցում կյանքի որակը: Իսկ իմ սպանած հարիֆը` դե որին «երջանկահար» արեցի, ուղղակի լցրել է նրանց համբերության բաժակը: Այդ պատճառով որոշել են ինձ «բուժել» երջանկության էքստրամեծ չափաբաժիններով:
Երջանկության չափաբաժիններով: Հիմա նորից հիշում եմ ինձ հարյուր ու մի քիչ էլ ավել տարի առաջ: Գիշեր: Ջարդված մարմինս թրջվում էին սառն անձրեւի տակ: Թոքերս հազիվ էին շնչում: Այդ պահին երջանկությունն ինձնից հեռու էր հարյուրավոր կիլոմետրերով, բայց ես գտնվում էի նրա ճանապարհին: Այդ վիրտուալ ու ամպագոռգոռ բառն ուժ էր տալիս ինձ: Երջանկությունը փարոս էր: Իսկ հիմա այն ընդամենը ծով է…
Դուռն արդեն կոտրվում է:
Շատ հնարավոր է, որ ես կզոհվեմ: Հարյուր տարի անց: Երջանկությունից:

Wednesday, May 22, 2013

Իշխանությունը քոնն է

"Սխալ է բազմիշխանությունն ու թո՛ղ մեկը միայն լինի իշխան" Արիստոտել:
"Պետությունը ես եմ" Լյուդովիկոս !4


Երկիր. Տարի 13:

Չկա ոչինչ առավել տհաճ, քան խանգարված անդորրը, քան խափանված հանգստությունը: Չկա ավելի մեծ զայրույթ, քան այն մեկը, որը պատում է քեզ հուսախաբության պահերին, այն ժամանակ, երբ արդեն շունչ էիր քաշել և կարծել, թե խաղն ավարտված է:
-Մեքենայի մո՛տ, Մեքենայի մո՛տ, բոլո՛րդ,-բղավում էր նա,-իմ հետևի՛ց, բոլո՛րդ:
Ենթակաները վազեցին նրա հետևից` իջնելով սանդուխքներով, անցնելով միջանցներով` դեպի Պալատի խորքը, դեպի Պալատի նկուղները:
Մեքենան իրենից ներկայացնում էր մետաղական մի սարք, մոտ երկու մետր բարձրությամբ, երկու ոտքերի վրա կանգնած ու կլոր էկրանով` ամենավերևում: Ավելի համարձակ մեկը կհանդգներ անվանել այն հումանոիդ ռոբոտ, բայց Պալատում արդեն վաղուց սովորություն էին դարձրել անվանել դա ուղղակի Մեքենա:
-Ասա՛ ընտրության տվյալները,- մոտենալով Մեքենային` գոռաց նրա վրա,-ասա՛ տվյալները, որ սրանք բոլորն իմանան:
Մեքենայի էկրան-գլուխը միացավ:Վրան երևացին թվեր, դիագրամաներ, աղյուսակներ:
-Ասա՛,-մռնչաց նա:
-Իշխանությունը քոնն է,-ասաց Մեքենան էլեկտրական ձայնով:
-Տեսա՞ք: Լսեցի՞ք: Վախկոտնե՛ր: Լքում էիք խորտակվող նավը, հա՞: Լքու՞մ էիք առնետների պես...առնետնե՛ր:
Ենթակաները սփրտնած սպասում էին դատավճռին: Աշխատանքից կազատի՞: Կտուգանի՞: Կսպանի՞...ԿՍՊԱՆԻ՛:
-Ձե՛րդ գերազանցություն,-ասաց ներս վազած մի ոստիկան, ում սաղավարտը ծռմռված էր, հագուստը պատառոտված, իսկ մահակը կոտրված,-Ձե՛րդ գերազանցություն, Պալատը վերցնում են...


Այդպիսի մայրամուտ լինում է, երբ ինչ-որ բան է սպառնում: Կապ չունի` ում կամ ինչին, ուղղակի զգացվում է սպառնալիքը, վտանգը, տագնապը: Ու գեղեցիկ է այդպիսի մայրամուտը` գույներով հագեցված ու այդ գույները թաց ասֆալտի մեջ բազմապատկած:
Ջրանետ երկու մեքենաները շուռ էին տրվել հենց փողոցի մեջտեղում: Ճաքած ցիստեռներից ջուրը հոսում էր ցած` իր մեջ կլանելելով բազմահազար ամբոխի բարձրացրած փոշին, զայրույթը, վախը, ցասումն ու զորությունը: Փողոցի վերևում լսվում էր շարքը դեռևս չկորցրած ոստիկանական միակ ջոկատի աղմուկը; Դըմփ- դըմփ, մահակները վահաններին: Նրանք նահանջում էին քայլ առ քայլ` զիջելով ըմբոստ բազմության ճնշմանը:  Հետևում Պալատն էր, որը պետք է պահպանեին ամեն գնով` թեկուզ և մնացել էին վերջին ջոկատը, չէին ցրվել մյուսների պես, չէին զիջել խուճապին: Հետևում արդեն Պալատի դարպասներն էին, հենց մեջքների հետևում, թիակներերը դիպչում էին դարպասներին. Նահանջելու էլ տեղ չկար:
Ու չկար մի ձայն Պալատից: Նրանք էվակուացվե՞լ են: Նրանք լքում ե՞ն Մեքենան: Նրանք ուզում ե՞ն հանձնվել:
 Դարպասները ճռռացին ու հետ գնացին: Ամբոխը, որ ընկալեց սա որպես իշխանությունների հանձնվելու նշան, ցնծաց: Արդարացվեցին հույսեր, հաշվարկներ, կանխատեսումներ, սպասելիքներ...բայց ցնծումը մի պահ տևեց միայն:
-Իշխանությունն իմն է,-գոռաց ահեղ ձայնը մեգաֆոնից,-ի՛մն է, ի՛մը:
Ամբոխը կանգ առքավ:
-Կրա՛կ,-գոռաց ահեղ ձայնը:
 Բոլոր ուղղություններից թափվեց կրակը: Դա քսան РПО հրանետներ էին, որոնցից դուրս ժայթքող կրակը չորացրեց թաց ասֆլատը,մոխիր դարձրեց փոշին, զայրույթը, վախը, ցասումն ու զորությունը:
- Ընտրական Հաշվիչ Մեքենայի անունից հայտարարում եմ` իմն է իշխանւթյունը,-ասաց ահեղ ձայնը մեգաֆոնից:


Երկիր: Տարի 28:

Միայնակ քամին պայթյունի արձագանքն էր: Քամին պտտվում էր մոլորակի շուրջ` չունենալով ոչ տուն, ոչ ապաստան, ոչ որևէ պատնեշ: Այն շոյում էր Երկրի շիկացած հողը, որի վրա ժամանակին մարդկանց քաղաքներն էին, ծաղկող դաշտերը, գողտրիկ գյուղերը, կանաչ անտառներն ու հարթ ճանապարհները: Քամին անցնում էր ցամաք ծովերի վրայով, որոնք առաջ լի էին ձկներով, մարդկանց նավերով և դրախտային կղզիներով: Քամին անցնում էր տեղով, ուր առաջ Պալատն էր` բոլոր մարդկանց կենտրոնը: Ամայի թունավոր դաշտում` ատոմային պայթյունից մեկ շաբաթ անց, վեր էր խոյանում երկումետրանոց Մեքենան` կիսելով իր մենակությունը մարդկանցից վերջինի հետ:
-Ասա՜,-շշնջում էր մարդն իր ծռված բերոնով` պատված թարախակալված բշտիկներով, կնճիռներով և գորտնուկներով:
-Իշխանությունը քոնն է,-պատասխանում էր Մեքենան` կիսելով իր մտքերը մարդկանցից վերջինի հետ:
Վերջին մարդը ծիծաղաց ու ծիծաղը նրա վերցրեց անտեր քամին ու տարավ իր հետ` տարածելով այն շիկացած մոլորակի վրա:
Վերադառնալով` քամին իր հետ բերեց փոշու հատիկն ու դրեց Մեքենայի վրա` սկիզբ դնելով հողի շերտին, որ պիտի կուլ տար նրան և վերջին մարդու անշուչ մարմինը


Երկիր: 28-րդ տարուց միլիարդ դար հետո:

Ռեմ Տկախան գնաց անհասկանալի կանչի հետևից: Գնաց, հասավ Մեծ Ծառին, որ մութ անտառի ամենախորքումն էր, ու տարավ իր հետ ամենամոտ ընկերներին: Գնաց Ռեմ Տկախան երկու օր և երեք գիշեր ու հասավ կանչին վաղ առավոտյան` արևելքի կարմրելուց մեկ ժամ առաջ: Կանչը գալիս էր գետնի տակից, ու Տկախան իր ընկերների հետ սկսեց փորել հողը` հասնելու համար կանչին: Չորս անգամ արևը մայր մտավ այն ընթացքում, երբ Ռեմն ու իր ընկերները փորում էին գետինը և Լուսինը շրջան դարձավ այն գիշեր, երբ նրանք հասան կանչին:
Կանչողն իրենց պես մարդ էր, ավելի հասակով և ավելի պինդ, քանի որ նրա փայլուն մարմինը չէր զգում ոչ մի ցավ, իսկ Ռեմը փորձել էր հարվածել նրան քարով:
-Ես կանչում եմ իմ հոր հոգին,-ասաց Ռեմ Տկախան,-ես կանչում եմ իմ մոր հոգին: Ասացե՛ք ինձ, թե ի՞նչ է սա: Ասացե՛ք:
Կանչողի գլուխը վառվեց:
-Իշխանությունը քոնն է,-ասաց նա:


Պատմվածքը տպագրված է "Հայկական ժամանակ" օրաթերթում:

Saturday, May 11, 2013

Հեքիաթ հին քարե տան մասին


Մտքի համահեղինակ` Կարեն Աբրահամնյան

Արևը չէր երևում վաղուց: Մոխրագույն ապերը գրավել էին երինքը, ծածկել հաստ շերտերով, իսկ սառը քամիներն ամեն տարի ավելի անտանելի էին դարձնում փողոցներում տիրող ցուրտը: Ձյան սպիտակ փառը պատել էր երկաթբետոնե  քաղաքը, ճռճռացնելով երքնաքերերի ապակիները, սառցակալեցնելով բոլոր խողովակները: Ցուրտը կուլ էր տվել վառելիքի վերջին կաթիլները, ջերմության վերջին կայծերը, հույսի վերջին փայլերը: Քաղաքն արդեն վաղուց սառցակալած փողոցների, մռայլ երկնաքերերի մեռած անտառ էր, որտեղ ժամանակին դես ու դեն էին անում գործնական մարդիկ` տանելով իրենց սև պայուսակներում հաշվապահական հաշվետվությունները, հավաստագրերը, վկայականները, պարտավորագրերը, տեղեկանքները: Քաղաքում ժամանակին ապրում էին գրասենյակներ շտապող և միշտ ուշացող էակները:

Միանման երկնաքերերի ստվերում, կորած նախկին ռեստորանների, հյուրանոցների և բարերի մետաղական թփուտում, գտնվում էր հին քարե տունը: Նրա կտուրի կղմինդրը թեթև կարմրին էր տալիս ձյան փառի տակից, իսկ սաղցեպատ լուսամուտները նայում էին հսկա շենքերի աշխարհին տխուր աչքերով:  Սառը քամին ճոճում էր նախկին ռեստորաններից մեկի կախված ցուցանակը` լցնելով սառած քաղաքի անհուն լռությունը ծակող ճռռոցով: Ռեստորանի կոտրված ապակիով լուսամուտից նայում էր դիպուկահարի հրացանը: Լուսամուտից դուրս էր բարձրանում նշանառույի շնչառության գոլոշին: Շնչառությունը նրա խորն  էր ու հանդարտ: Լսելով սեփական սրտի զարկերը` նա գտավ հարմար պահն ու սեղմեց ձգանը: Կրակոցը պայթյունով թնդաց փողոցի անդորրի մեջ: Հեռու երկնաքերում փշրվեցին լուսամուտները, արձագանքը հասավ քաղաքի ծայրն ու հետ եկավ խուլ բամբով: Սպանված կատվի մարմնիկն ընկավ քարե տան կտուրից: Ռեստորանում լսվեցին արագ քայլեր: Վայրկյաններ հետո բացվեց ժանգոտված դուռն ու սպիտակ, տաք շորերով մեկը վազեց դեպի ձյան մեջ ընկած կատուն: Սպիտակ շորերով մարդը վերցրեց փոքրիկ դին, բացեց ուսին գցած պայուսակը, դրեց այն նրա մեջ և վազեց առաջ` դեպի երկնաքերերից մեկում թույլ վաղվող լույսը:
Նա հասցրեց անել քսան քայլ, երբ հնչեց նոր թնդոցը, ճաքեցին հեռու շենքերի ապակիներն, իսկ արձանքը վերադարձավ: Սպիտակ շորերով դիակն ընկավ ձյան մեջ` շուրջը տարածելով ալ կարմիր լճակը: Քարե տան ծխնելույզից դուրս թռավ սև ագռավը:
Քիչ անց երևացին երկու մարդկային էակներ` ձեռքերում դանակներ բռնած...


Նա  քնած էր ճոճաթոռի մեջ: Երկար մորուքն արդեն հասնում էր գետնին, իսկ շնչառությունը նրա համաչահունչ էր տան անդրշիրիմյան լռությանը: Նա քնել էր շատ վաղուց` նայելով բուխարու կրակին: Կրակն այժմ մարած էր, ու ծխին էր տալիս միայն մոխիրը, որ դեռ պահում էր ջերմության հետքերը: Մոխրի մեջ սառած և խավարած բյուրեղն էր:
Նա, ում ժամանակին կոչում էին մոգ, քնած էր խորը: Անցել էին երկար տարիներ, երբ նա թողել էր աշխարհն ու գնացել հեռու` վստահելով ջերմությունը կրակին:
Անեզր  տիեզերքում էր կախված նրա ոգին, երբ խուլ ձայնը ցնցեց նրա մարմինը ճոճաթոռի մեջ:
Տատանվեցին նրա մտքերն անեզր տիեզերքում, ալեկոծվեցին:
Մարմինը ցնցվեց նորից: Քարե տան ծխնելույզից դուրս թռավ բուն դրած ագռավը: Նա, ում առաջ ասում էին մոգ, բացեց իրար կապած կոպերը: Անցավ վայրկյան, մինչ անեզր տիեզերքում կախված նրա մտքերը կգային հետ, բայց անցան րոպեներ, մինչ նա կսովորեր խավար լույսին, կզգար սարսրթեցնող ցուրտն ու կկարողանար թեքել գլուխը դեպի պատից կախված ժամացույցը: Ժամացույցը հին էր իր տիրոջ պես, բայց սլաքները նրա պտտվում էին անխափան:
Ժամացույցին նայեց երկար: Հետո շարժեց մատները, դաստակները, ոտնաթաթերը: Հոդերն ախորժալի ճտճտացին: Նա հենվեց աթոռի մեջքին, ճոճեց այն ու վեր կացավ: Մեջքը ողջունեց նրա արթնանալն առատ խռճտոցով: Նա, ում ժամանակին ասում էին մոգ, նորից նայեց ժամացույցին, իսկ հետո դարձրեց հայացքը բուխարուն:  Գետնին հասնող նրա մորուքը բարձրացավ վեր ու փաթաթվեց մարմնի շուրջ; Նա վազեց սենյակի ծայրը, բացեց պահարաններից մեկն ու հուսահատության հոգոց հանեց: Անեզր տիեզերքում կախված նրա մտքերը մոռացել էին ցախի տեղը: Տնքալով և քրթմնջալով նա վազեց սենյակի մյուս ծայրը, բացեց փայտյա դռներով պահարանն ու վերցրեց, ինչքան թույլ տվեցին երկար ձեռքերը, ցախ : Նա, ում ժամանակին ասում էին մոգ, նայելով ժամացույցին վազեց հետ, դեպի բուխարին ու լցրեց ցախը նրա մեջ: Դողացող երկար մատներով վերցրեց բուխարու վրա դրված լուցկին, վառեց և մոտեցրեց ցախին: Չոր փայտը մտերմիկ ճտճտաց, կարմիր ու մեղմ լույսը լցվեց սենյակը:
Նա, ում ժամանակին ասում էին մոգ, նորից նստեց աթոռին, հենվեց մեջքին ու սկսեց ճոճվել: Կրակն արագ աշխուժացավ: Մոխիրի մեջ կորած բյուրեղը տաքացավ: Այն  շիկացավ ու բարձրացավ վեր, կախվեց կրակի վրա ու սկսեց շողալ:  Նա, ում ժամանակին ասում էին մոգ, սկսեց շոյել մորուքն ու նայել բյուրեղի մեջ: Այնտեղ նա տեսավ սառցակալած շենքերը, ձյան տակ թաղված փողոցները, ցրտից ճռռացող ապակիները, քարացած մարմինը մասնատող դանակները...
Կրակի լեզուները լիզում էին բյուրեղը` տալով նրան իրենց տաքությունը: Մոգի աչքերը նայում էին բյուրեղին: Այնտեղ բացվում էր երկնինքն ու արևի շողերն իջնում էին սառցակալած շենքերի վրա: Ապակիներից հալվելով իջնում  էին սառույցի բարակ շերտերը, ջրի էր վերածվում  փողոցների ձյունը, մարդկային էակը մեկնում էր իրպեսինին տաք հացի կտորը:
Հին քարե տան լուսամուտին նստեց ագռավը: Նա, ում առաջ ասում էին մոգ, նայեց նրան, ժպտաց գետնին հասնող մորուքի տակից, հետո նայեց ժամացույցին ու փակեց աչքերը:

Friday, May 10, 2013

Գծեր Շեղողը

Նայում է ժամացույցին: 11:49: Հանդիպումը սկսվելու է ուղիղ կեսօրին...ուշանալու է: Նրա սպիտակ շապիկը, խնամքով դասավորված թղթապանակը, փայլուն կոշիկները...Այս տեսակին ճանաչում եմ ու սիրում եմ նայել նրանց, երբ ընկած են լինում հսկայական խցանման մեջ, կարևոր հանդիպումից ուղիղ իննը րոպե առաջ: Ի՞նչ կանի նա:
-Կես ժամից հազիվ դուրս գանք էս խաչմերուկից, բայց հլը դուրս նայեք, իրարանցում ա, ամեն ինչ կանգնած, ախր գլխավոր պողոտայով պլստալու ձև չկա, ասում են պատվիրակություն ա եկել, հետիոտներին էլ չեն թողնում մայթ դուրս գալ,-ասում է տաքսիստը:
Նրա ճակատին նկատվում են քրտինքի կաթիլներ: Հետիոտներին չեն թողնում դուրս գալ...Իր հանդիպան վայր հասնելու համար պետք է անցնի գլխավոր պողոտայով, ինչ գնով ուզում է լինի, ուղիղ ութ րոպեից պետք է լինել տեղում: Ձեռքը մտցնում է գրպանը, շոյում-հանում է հինգհազարանոց թղթադրամը:
-Արագ, խնդրում եմ,-ասում է:
-Դուք ինձ ձեռք եք առնու՞մ,-աչքերն է չռում տաքսիստը,-չե՞ք տեսնում, որ խցանում ա, ասում եմ՝ փակ են բոլոր ճանաարհները: Ելք չկա:
Ելք չկա, ելք չկա, ելք չկա:
-Չնայած, կարելի ա անցնել ստորգետնյա ուղիով: Էնտեղ միայն մալուխներ են, առնետներ ու փտած սարդոստայներ: Հորեղբայրս շինարար ա եղել էս փողոցի կառուցման ժամանակ ու հաճախ էր պատմում, որ էստեղ ստորգետնյա  թունելներ կան՝ հենց փողոցների տակով, այսինքն եթե կարողանաք իջնել ցած, հասնել մինչև խաչմերուկ, թեքվել աջ, քայլել մի երեսուն մետր, կհասնեք ձեր ուզած հասցեի մոտ,-ասում է տաքսիտը՝ կարծես թե դիտմամբ հանգստացնելով ձայնը, այնքան հանգստացնելով, որ թվում է՝ հիպնոս է պատրաստվում անել:
Նա նայում է ժամացույցին: 11: 53: Յոթ րոպե:
-Ստորգետնյա մուտքը հեն ա,-ցույց է տալիս տաքսիստը հանդիպակած երթուղու կանգնած մեքենաներից մեկի դիմաց: Ասֆալտի վրա չուգունե կափարիչն  է:
11:54:
Ելք չկա: Տաքսիստը վերցնում է թղթադրամը, դնում գրպանը, հանում մյուս գրպանից հազարանոցներն ու հաշվում չորս հատ:
-Սա ձեր մանրը,-ասում է նա,-բարի ճանապարհ:
Այլևս ելք չկա: Փայլուն կոշիկները, խնամքով դասավորված թղթապանակը, սպիտակ  շապիկը դուրս են գալիս տաքսիից, անցնում լռված-կանգնած մեքենաների արանքով:
 Հասնելով չուգունե կափարիչին երկմտում է մի պահ: Նայում շուրջը: Մեքենաներից իրեն են հետևում որոշ հետաքրքրասերների զարմացած հայացքները: Կռանում-քաշում-բացում է կափարիչը: Նայում է ներս: Մութ, խոնավ ու գարշելի է: Լսվում են փտած սարդոստայների նվվոցը, առնետների ծվծվոցն ու մալուխների խուլ տզզոցը... Սպիտակ շապիկը, խնամքով դասավորված թղթապանակն ու փայլուն կոշիկները հերթով փայլում են արևի տակ ու կորում ստորգետնյա խավարում: Լռված-կանգնած մեքենաներից նայում են որոշ հետաքրքրասերների հիացած դեմքերը:
11: 59: Գործարար կենտրոնի պահակը լսում է տարօրինակ ձայներ հետնամուտքից: Վերցնում է մահակն ու քայլում ձայնի հետևից: Ձայնը ճանկռում է դուռն ու խնդրում ներս թողնել իրեն: Պահակը բացում է դուռը: Մահակը ձեռքում ամուր սեղմած-պահած: Փայլուն կոշիկներ, խնամքով դասավորված թղթապանակ և սպիտակ շապիկ, շապիկի վրա՝ ձախ թևքի մոտ, մրոտ լաքա:


Ինձ ասում են նկարիչ: Կամ ասում են գծերը շեղող...
Չնայած, ինձ ոչ ոք ոչ մի բան էլ չի ասում: Ես չափից դուրս ծեր ու միայնակ եմ, որպեսզի մեկն ու մեկն իմ անունը տա: Ես ուղղակի տեսնում եմ կյանքի գծերն ու հետևում դրանց: Գծերի մասին էլ չգիտեք, իհարկե...դրանց մասին քչերը գիտեն, էհ, որտեղից իմանան, եթե չեն տեսել ոչ մի անգամ: Իմ ծանոթներից միայն ես եմ, որ տեսնում եմ այդ գծերը, ինձ էլ ոչ ոք չի հիշում...բայց որ հիշեին, ինձ կասեին Գծեր Շեղող: Լավ է հնչում: Այս քաղաքում լավ կհնչեր: Կտրուկ է, ազդեցիկ է, կոպիտ է, բայց խորհրդավոր: Հենց այս քաղաքի պես: Լավ  է հնչում:
Ես եմ նկարիչը, որ շեղում եմ գծերը...
Հարցնում եք՝ ի՞նչ ասել է՝ գծերը շեղել:
Իսկ դուք մտածե՞լ եք, որ ապրում եք նախապես  գծված  գծերով: Մտածել եք, ինչ կլիներ ձեզ հետ, եթե մի օր տուն գնայիք ոչ թե սովորական ճանապարհով՝ այլ անցնելով հարևան թաղով...
Ես եմ, որ շեղում եմ գծերը: Ես Գծերը Շեղողն եմ:


Նայում-տեսնում-զմայլվում եմ նրանով: Դիակիզարանի խցի առջև կանգնած: Կուրծքը փարթամ, ակնոցները՝ սիրուն քթին, երկար մազերը՝ ուսերին սեգ: Եկել-հասել է ամենապատասխանատու մասին:
-Հիմա պետք է փակել խցի դուռը՝ ուշադիր հետևելով, որ փակվի հերմետիկ: Կրակը միացնելուց հետո խցում միանգամից երեք հազար աստիճան է լինում: Կհալացնի-կտանի ցանկացած բան, իսկ եթե դուռը լավ փակ չլինի...
Աղջիկը լսում է մեծ աչքերն ակնոցների հետևից թարթելով: Դեմքը կենտրոնացած է ինչպես պետական քննության ժամանակ:
-Դե եթե լավ ես փակել, սեղմիր կոճակը,-ասում է փորձառու Անուբիսը,-ճամփու դիր նրան:
Աղջիկը նայում է խցի մեջ՝ հաստ ապակու հետևից: Աչքերը թարթում են ակնոցների հետևից: Նայում է դիակին՝ կյանքի հետևից: Սեղմում է կոճակը:
Սեղմում է կոճակը:
Սեղմում է կոճակը...
Կրակ չկա:
-Այսպես լինում է,-ասում է Անուբիսը,-էնտեղ լարը պետք է միացում տա, կայծ հանի, բոցը ելնի...պետք է ստուգել լարի վիճակը:
Աղջիկը բացում է խցի դուռը, քաշում-հանում դիակով սկուտեղը, նայում ներս:
-Եթե մի քիչ նիհար լինեի, կմտնեի-կտեսնեի-կսարքեի,-ասում է Անուբիսը:
Աղջիկը նայում է մեծ աչքերով՝ ակնոցների հետևից:
-Որ դու մտնես կկարողանաս, տես, որ լարի ծայրը հասնի գազով խողովակին: Մի՛ վախեցիր,-ժպտում է Անուբիսը,-մեզ մոտ վառում են միայն դիակներին:
Աղջիկը հանում է ակնոցները: Խցի սառը մետաղյա պատերը ձգում են նրան: Վերջում երևում է հիշված լարը: Աչքով է անում գազի խողովակը:
-Տես ինչ հեռու են իրարից,-ասում է Անուբիսը:
Ճիշտ որ, հեռու են:
Աղջիկը մտնում է խցի մեջ: Առաջ է շարժվում չորեքթաթ: Խցի սառը մետաղյա պատերը գրկում են նրան: Խցի դուռը փակվում է: Սառը մետաղյա պատերը սեղմվում են աքցանի պես: Դուռը բացվում է: Անուբիսը ծիծաղում է:
-Կատակ են անում, մի՛ վախեցիր:
Աղջիկը հասնում է լարին: Առաջ է քաշում: Այնպես, որ ծայրը հասնի գազի խողովակին:
Հետ է գալիս խեցգետնի պես: Հետ-հետ սողում դուրս է գալիս:
-Ոնց-որ նոր ծնված լինես, չէ՞,-ժպտում է Անուբիսը:
Դիակով սկուտեղը մտցնում է խցի մեջ:
-Դուռը պինդ փակի՛ր: Կոճակը սեղմի՛ր:
Աղջիկը թարթում է աչքերը ակնոցների հետևից, սեղմում կոճակը: Բոցը կուլ է տալիս դիակը սկուտեղի հետ միասին: Խցի սառը պատերը շիկանում են: Դիակի ծուխը վեր է գալարվում դիակիզարանի բարձր ծխնելույզից: 
Աղջկա քթում մնում է սաղը մետաղյա պատերի յուրօրինակ հոտը:


Ես եմ Գծեր Շեղողն, ու ոչ ոք չի դիմում ինձ այդպես, քանզի ես եմ միակը և հին եմ այնքան, որ չկա ինձ պես երկրորդը...
Պետք է ներողամիտ լինեք պաթոսիս համար: Դա է հիվանդությունը բոլոր միայնակ հոգիների:  Ես եմ, որ շեղում եմ գծերը...ուղղակի իմացեք դա: Դուք չգիտեք ձեր սեփական գծերի մասին ու չգիտեք, թե ինչպիսինն է դիակիզարանների հոտը, բայց դա չի նշանակում, որ դուք չունեք գծեր ու չեք կարող հայտնվել հարևան թաղում, թագավորական պալատում, դիակիզարանում կամ նվվացող սարդոստայնում: Չգիտեք, քանզի միայն ես եմ այն, ով տեսնում-շեղում է գծերն ու նկարում: Ես եմ նկարիչը, որ դնում եմ նոր շտրիխն ու դարձնում ձեզ ուրիշ...ես եմ Գծեր Շեղողը:


Նայում են երկինք: Ամպերը գորշ են, ինչպես Պոմպեյի վերջին օրը: Ջրի մասնիկները գրկում են իրար ու թռչում ցած՝ զովացնելու մարդկանց աշխարհը: Քրտնած շապիկը, դատարկ թղթապանակն ու փոշոտ կոշիկները: Նա ժպտում է: Կուրծքը փարթամ, ակնոցները սիրուն քթին, մազերը թաց ուսերին կպած՝ կանգնած է: Մատները մեղմ դիպչում են իրար:
-Հիմա ուժեղ անձրև կգա,-ասում է աղջիկը: 
Մատները մեղմ հյուսվում են իրար, մեծ բռունցք դառնում:
-Գնանք էստեղից,-ասում է նա: Աղջիկը վազում է նրա հետևից: Նա քայլում է չափից շատ արագ:
Կտրում անցնում է երկու փողոց:
-Էստեղ,-ասում է նա: Փոշոտ կոշիկները ցատկում են ջրափոսերի վրայով, կանգ առնում: Ամուր ձեռքերը  բռնում անց են կացնում աղջկա փոքրիկ մարմինը:
-Էստեղ մի բակ կա,-փոշոտ կոշիկները շտապում են: Ամպերը գոռում են: -թանձր-ծանր կախված են շենքերի վրա:
-Էստեղ հիմա արև կլինի,-փոշոտ կոշիկները թեքվում են դեպի բակը: Անցնում են դարանով ու մտնում ներս: Աղջկա  մեծ աչքերը թարթում են ակնոցի հետևից: Ջրի մեծ կաթիլ ընկնում է ակնոցի վրա: Պատկերը լղոզվում է:
-Էստեղ էլ անձրև չի գա,-ասում են թաց շապիկը, դատարկ թղթապանակն ու փաշոտ կոշիկները:
Աղջիկը նայում-հարցնում-ժպտում է իր աչքերով՝ թաց ակնոցի հետևից:


Ես եմ, որ շեղում եմ գծերը: Գծեր Շեղողն եմ ես, որ կասեմ ձեզ հիմա այն, ինչ գիտեք բոլորդ, բայց չի գիտակցում ձեզնից ոչ ոք: Այդ ես եմ, որ տեսնում եմ գծերն ու շեղում եմ դրանք, բայց այդ դուք եք, որ սահում եք ձեր գծերով ու զգում ընթացքը ձեր կյանքի: Ու կասեմ մի բան, որ թե լսեք, կանեք դա միշտ ու ամեն օր, մի հոգի շատ, իսկ մյուսը քիչ, գծերը ձեր շեղել-բեկել կսովորեք դուք մի օր: Ու դա որ լինի, միշտ իմացեք՝մի վախեցեք, եթե կա ճար, մտեք վստահ որջը բազում գաղտնիքների՝ թեքվելով ձեր հին ճամփեքից՝ թեկուզ և մեն մի րոպեով:

Wednesday, May 1, 2013

Չթրջվե՛ս

Պրոժեկտորները  ողջ ուժով փորձում էին լուսավորել Առաջինի դիմանկարով մեծ պաստառը: Հորդ անձրևն այնքան խիտ էր, որ փակում էր տեսադաշտն արդեն տաս-քսան մետրից: Լայն փողոցով սլանում էին միանման կանաչավուն մեքենաներ: Նրանց կարմիր լուսարձակները չէին հասցնում նույնիսկ փայլել  անդադար թափվող ջրի հետևից, իսկ անիվները փողոցով հոսող վարար գետն առատ շիթերով նետում էին մայթերի վրա` կրկնակի թրջելով հատուկենտ հետիոտներին: Հետիոտները, որ պարբերաբար հայտնվում էին շենքերի մուտքերում, դուրս էին վազում իրենց ապաստաններից ու անմիջապես մտնում հաջորդ խանութ, շքամուտք  կամ սրճարան: Անվերջ վազքի և երթևեկության մեջ անշարժ էր միայն ոստիկանական արծաթափայլ մեքենան: Այն կանգնած էր մայթին սեղմված, խաչմերուկին մոտ` գլխավոր ճանապարհի նշանի տակ: Մեքենայի  ձախ դռան լուսամուտից անձրևին հակառակ բարձրանում էր կապիտան Կիմ Ասյանի սիգարետի ծուխը:
-Կես ժամ է արդեն թունավորում ես ինձ, հերի´ք է էլի,-ասում էր նրան ավագ լեյտենանտ Գոռոյանը:
-Ի դեպ, նյարդայնանալը խիստ վատ է ազդում առողջության վրա: Բարձրանում է արյան ճնշումը, խափանվում է սրտի աշխատանքը, ի հայտ է գալիս հորմոնալ աններդաշնակություն...քիչ նյարդայնացի՛ր Գոռոյան, ուզու՞մ ես, դու էլ ծխիր, միայն թե, մի՛ նյարդայնացիր, թուլացի՛ր, նայի՛ր Առաջինի նկարին թեկուզ, մտածի՛ր նրա մասին, հանգստացի՛ր:
Կիմը ձեռքով ցույց տվեց դեպի մեծ ցուցապաստառը, որ վեր էր խոյանում պողոտայի վրա:
-Չեմ  էլ  նյարդայնանում, ուղղակի նստել ենք էստեղ ու ոչ մի բան չենք անում,-ասաց Գոռոյանն ու չալարեց անմիջապես հազալ: Հազալ ջանասիրաբար և ոչ առանց ողբերգականության` ցույց տալու համար իր վերաբերմունքը գործընկերոջ գլանակի և ծխախոտագործության հանդեպ ընդհանրապես:
-Գոռոյա՛ն, հանգստացի՛ր,-ասաց Կիմը փոխված ձայնով,-Նա գալիս է, քաշի՛ր կապիշոնդ, դուրս ենք ելնում:
Կիմը դուրս եկավ առաջինն ու հին ձևավորված սովորությանբ հասցրեց նայել շուրջ բոլորը, թեև դա անում էր նաև մեքենայում: Նա, ում գործընկերոջ հետ կես ժամից ավել սպասում էր, գալիս էր խաչմերուկի մյուս կողմից, անշտապ ու հանգիստ:
-Սպասենք մոտենա, թե՞ առաջանանք ինքներս,-հարցրեց Կիմի թիկունքից Գոռոյանը` ավելի ամուր ձգելով կապիշոնը:
-Քայլենք ընդառաջ ու ծանոթանանք,-ասաց Կիմն ու քայլերն ուղղեց դեպի խաչմերուկը: Մի քանի սրընթաց կանաչավուն մեքենաներ արհամարհելով նրանց, անցան հենց քթների տակով` ջրելով ոստիկաններին ոտից գլուխ: Մյուս վարորդները, սակայն, նկատելով խաչմերուկի մոտ կանգնած ոստիկանական  մեքենան, արգելակեցին ու զիջեցին նրանց: Բարեհաջող անցնելով խաչմերուկը` ոստիկանները դուրս եկան նույն մայթը, որով անշտապ քայլում էր երկար սպասված անձը` բացարձակ ուշադրություն չդարձնելով դույլերով հոսող անձրևին:
-Ի՞նչ ենք ասելու,-հարցրեց Կիմի հետևից քայլող Գոռոյանը:
-Ինքս կխոսեմ,- հանգստացրեց նրան Կիմն ու մի փոքր արագացրեց քայլերը:
Նրանց հանդիպակած գալիս էր երկար, հյուսված մազերով, բարձրահասակ տղամարդ` մուգ կարմիր տաբատով և կապույտ թեթև բաճկոնով:
-Ողջունում եմ ձեզ Քաղաքի և Քաղաքային Վարչության անունից և հրավիրում  հասարակական վայր` տալու ձեզ մի քանի հարց,-ասաց Կիմը վստահ, բայց սիրալիր տոնով, երբ նրանք հավասարվեցին:
Հյուսված մազերով տղամարդը կանգ առավ և լայն ժպտաց ոստիկաններին:
-Մի մեծ բաժակ կապուչինոյի շուրջ` մեծ հաճույքով:
Կիմը նույնպես ժպտաց: Ամեն ինչ անցնում է ըստ լավագույն սցենարի, ֆիքսեց նա, բայց շտապեց ուղղել իրեն` դեռ անցնում է:  Նրանք քայլեցին դեպի մոտակա սրճարանը: Հետևից գնում էր Գոռոյանը` անձրևի մեջ կորած, սրբելով դեմքով հոսող ջուրը, որն անընդհատ լցվում էր աչքերը: Սրճարան մտնելիս, նա նկատեց, որ տղամարդու երկար հյուսերը  թաց չեն  ու հագուստն էլ բոլորովին չոր տեսք ունի:



Կապուչինոն մատուցեցին անմիջապես: Գոռոյանը պատվիրեց իր համար նարնջի հյութ, իսկ Կիմն ուզեց սև թեյ: Սրճարանում բացի իրենցից միայն տարեց  բարմենն էր, ով համատեղությամբ կատարում էր նաև մատուցողի պարտականությունը: Բարի սեղանի հետևում, պատի վրա, ինչպես նաև սրահի կողային պատին Առաջինի հոխորտ դիմապատկերներն էին, որոնք անդրադառնում էին սրճարանի քրոմապատ կահույքի և սպասքի մեջ:
-Եվ այսպես,-սկսեց Կիմը,-նախ պետք է շնորհակալություն հայտնեմ անմիջապես համագործակցելու պատրաստակամություն հայտնելու համար:
-Դուք պարտավոր չեք շնորհակալություն հայտնել,-պատասխանեց տղամարդն ու ժպտաց` շնչելով կապուչինոյի բույրը մետալիկ բաժակից:
-Դա է պահանջում մեր բարեկիրթ վարվեցողությունը,-ասաց Կիմն ու շարունակեց ժպտալով,-երկար ժամանակ ե՞ք այստեղ:
-Երկու շաբաթ,-հանդարտ ասաց տղամարդը:
-Գործունեության տեսակը՞,-հետաքրքրվեց Կիմը:
Տղամարդը կապուչինոյի մեծ կում արեց: Գոռոյանը, ով մինչ այդ զբաղված էր քրոմապատ փայլուն բաժակի մեջ իր աղավաղված պատկերը զննելով, միացավ զրույցին, սակայն ոչ մի բան չասաց, միայն լարեց ուշադրությունն ու սկսեց նայել սեղանակիցներին: Նրան գրավեց այն փաստը, որ Կիմի հագուստն արդեն չոր էր, իսկ մազերն ընդհանրապես կարծես թրջված չլինեին, թեև Գոռոյանը չէր հիշում, որ Կիմը կապիշոնով լիներ:
-Ձեր գործունեության տեսակը՞,-կրկնեց հարցը Կիմը:
-Հանգիստը,-ասաց տղամարդը,-ես հանգստանում եմ:
Կիմը հանեց գրպանից սիգարետի տուփը, առաջարկեց զրուցակցին: Վերջինս ժպտալով հրաժարվեց: Գոռոյանը չմոռացավ հազալ:
-Ձեր ներկայությունն այստեղ առաջացնում է չափից ավելի շատ հարցեր: Ձեր տեսքը, ձեր ունեցած հանդիպումները Քաղաքի բնակիչների հետ, ձեր պահելաձևը, նույնիսկ ձեր քայլվածքը...
-Ես ձեզ նյարդայնացնու՞մ եմ,-հարցրեց երկար հյուսերով տղամարդը:
Կիմը խորը քաշեց ծուխը և փչեց` նայելով Առաջինի դիմանկարին` կողքի պատի վրա: Գոռոյանը կրկին հազաց:
-Ոչ...Ձեր ներկայությունն այստեղ վտանգավոր է առաջին հերթին ձեզ համար: Ուստի Քաղաքային Վարչությունն առաջարկում է ձեզ անմիջապես հեռանալ:
-Պետք է լինեն մնալու տարբերակներ,-ասաց տղամարդը:
-Այդպիսիք հիմա չկան,-պատասխանեց Կիմը:
-Դուք տարբերակ գտել եք,-ասաց տղամարդը:
-Ինձ դա հեշտ չի տրվում, ես ստիպված եմ լինում թրջվել մյուսների պես, ես աշխատում եմ այստեղ,-ասաց Կիմը` թեքելով գլուխը դեպի Առաջինի պատկերը:
-Ես...
-Դուք արդեն գրավել եք ավելորդ ուշադրություն: Ինձ հանձնարարված է ուղարկել ձեզ ետ:
Տղամարդը նորից կում արեց իր փայլուն բաժակից: Քրոմի մեջ արտացոլվեց ծխացող մոխրամանին զզվանքով նայող Գոռոյանի դեմքը:
-Սա նրանց աշխարհն է,-ասաց Կիմը,-գնացե՛ք այստեղից:


Ճնշող, միապաղաղ անձրևը տեղում էր Քաղաքի վրա: Պատշգամբից անձրևի ձայնին էին խառնվում փողոցով սլացող միանման կանաչավուն մեքենաների պարբերաբար շռնդյունն ու հատուկենտ մարդկանց շտապող քայլերի հյութալի չփչփոցը: Կապիտան Կիմ Ասյանը կանգնած էր պատշգամբում: Հայացքը նրա ուղղված էր դեպի վեր: Նա նայում էր պարզ երկնքին, հազարավոր աստղերին և ցածր կախված միակ արբանյակին: Հեռվում լույսի մի կետ պոկվեց գետնից և բարձրացավ վեր, հավաքեց արագություն և կորավ անհամար աստղերի բազմության մեջ:
-Գնաց,-ասաց ինքն իրեն Կիմը:
Նա նորից նայեց վեր: Երկինքը սև էր դատարկության պես: Կիմը երկարեցրեց ձեռքը պատշգամբից դուրս: Անձրևը կուլ տվեց այն ագահությամբ` ողողելով սառը ջրով:

Պատմվածքը տպագրված է "Հայկական Ժամանակ" օրաթերթում: 

Saturday, April 20, 2013

Վերցրու վերջին կոպեկն ու արի տուն


Ժամանակին այդ վայրն անվանվում էր "մետրո", այնտեղ անցնում էին գնացքներ ու քաղաքացիներն էլ ճամփորդում էին այդ գնացքներով: Դա շատ առաջ էր , երբ քաղաքացիները դեռ չէին լքել իրենց քաղաքն ու հեռացել: Իսկ հիմա դա խանութների, ակումբների, բանկերի և զվարճանքի կենտրոնների անվերջանալի շարան էր: Այն ժամանակ, երբ թունելներով սլանում էին քաղաքացիներին տեղափոխող գնացքները, տարածքն այս մեկ հարկանի էր, իսկ հիմա թունելների մի քանի շերտեր կային, որոնք իրար տակով էին անցնում և ավելի խորանում ընդերքի մեջ:
Ժողովը նշանակված էր ամենաստորին Դ թունելում: Կառուցված լինելով բոլորովին վերջերս՝ Դ թունելը դեռ աչքի չէր ընկնում ճոխ լուսավորմամբ և ժամանցի վայրերի առատությամբ: Սակայն միանշանակ կարելի է ասել, որ այնտեղ էր գտնվում փողասկոպների երբևէ եղած ամենամեծ կուտակումը: Հավաքված բազմությունն իրոք տպավորիչ էր իր բազմազանությամբ և գունագեղությամբ: Երևում էին գավազանավոր և մորուքավոր խստադեմ մարդիկ՝ երկար սև զգեստներով և խաչերով, երևում էին փոքրիկ մուրճերով հարգարժան պարոններ, կոկիկ կոստյումներով, բարձրախոսներով զինված ոչ պակաս պատվելի անձիք, ճոխ բազկաթոռների մեջ բազմած բարձրաստիճան այրեր: Այս մեծարգո անձանց առկայությունը նույն տարածքում և նույն ժամին բացառիկ էր, և չդիմանալով միմյանց փառքի փայլերին, նրանցից շատերը շփոթված էին երևում և աշխատում էին հնարավորինս չնայել մեկմեկու դեմքի: Բոլորի մտքին էր այն փաստը, որ իրենցից թերևս ամենափառապանծն ու զորավորը, ներկա չի գտնվում Դ թունելում: Նրան սպասում էին արդեն երկու ժամ, ու չկար ոչ մի լուր, թե ուր է նա կորել և ինչ է անում:
-Մեր պարկերն արդեն պատրաստ են, մեր գործերն արդեն արված են: Կսպասենք նրան ևս տասնհինգ րոպե և կբացենք դարպասները...թող օրհնվի նրա հոգին, եթե չհասցնի միանալ մեզ,-ասաց գավազանավոր սևազգեստ պարոններից ամենալուրջ դեմք ունեցողը:




Դժվար կլիներ գտնել որևէ քաղացու քաղաքի սահմաններում, չնայած փողասկոպները երբեմն որսում էին գումարային թեթև շրջանառության ալիքներ հեռավոր արվարձաններից:
Այդպիսի մի ալիքի հետևից էլ գնացել էր նա՝ կատարելու իր վերջին որսը: Ունենալով ամենազգայուն և հզոր փողասկոպը, նա կարողացել էր բացահայտել հյուսիսային արվարձաններից մեկում շրջանառվող գումարի որոշակի ծավալ: Հետապնդումը սկսված էր, իսկ որսորդը, երբեք դեռ չէր ձախողել իր որսը:
Արվարձանը նման էր հին, մոռացված պահարանի: Ամեն ինչ իրար վրա դարսված, ամեն ինչ փոշոտ, պատված սարդոստայններով, ժանգոտված, հոտած և փտած: Զսպելով իր զզվանքը՝ նա անցնում էր քաղաքացիների լքված շենքերի բակերով՝ փնտրելով այն սրիկաներին, ովքեր առանց իր իմացության  զբաղվում էին  փողի շրջանառությամբ: Ինչպես կարելի էր ապրել այսպիսի պայմաններում ու դեռ երազել փողի մասին, ինչ-որ բաներ նախաձեռնել, աստված մի արասցե՝ առևտուր անել...Ինչի՞ մասին  էին մտածում այս քաղաքացիներն ընդհանրապես:
Չէին տեսնում, ինչ է, որ հույս այլևս չկա, որ ոչինչ չկա, վերջ, ամեն ինչ ավարտված է իրենց համար, խաղի վերջ, էլ հույս չկա...չէինն տեսնում երևի: Փողի մասին էին մտածում...էհ...:
Տհաճ մտքերը, թեև գրավել էին նրա ուշադրությունը, բայց փողասկոպը ճիշտ ժամանակին տվեց ազդանշանը: Փող: Տաս մետր դեպի հյուսիս-արևելք: Նրա հայացքն ուղղվեց այդ կողմ, լարվեց լսողությունը: Շշուկներ: Փսփսոցներ:
-Քսան դրամով, ընդամենը քսան դրամով...մաշված չեն, պինդ կոշիկներ են, խնդրում եմ՝գնի՛ր, քսան դրամով,-նվնվում էր կնոջ ձայնը:
-Այստեղ չէ, այստեղ վտանգավոր է,-պատասխանում էր տղամարդու խռպոտ ձայնը:
Քայլեն առաջ տարան որսորդին: Դարանակալեց հին աղբամանի հետևում՝ պատրաստ պահելով փողասկոպը՝ հարձակվելու համար:
Ազդանշան: Հաղորդագրություն: Փողասկոպի կամաց ծլվլոցը քիչ մնաց մատներ նրան:
"Դարպասները բացվում են՝ հասի՛ր",-կարդաց նա հաղորդագրությունը:


Գավազանավոր պարոններից ամենավսեմը սկսեց կարդալ իր աղոթքը: Դ թունելը պատասխանեց նրա ձայնին սահմռկեցուցիչ արձագանքով, որից դողացին նույնիսկ ամենավեհ այրերի սրտերը: Թունելի ծայրը, որը փակված էր հսկա ապառաժներով, սկսեց դղրդալ: Աղոթքի ամեն բառի հետ մի նոր ճաք էր բացվում խստաշունչ ժայռերի վրա:
-Ու թող քո սուրբ կրակը ջերմացնի մեր խոնարհ հոգիները...,-ասում էր գավազանավորը:
-Մեր-մեր հոգիները-հոգիները,-ձայնակցում էր նրան ահավոր արձագանքը:
-Բացվի՛ր,-ասում էր գավազանավորը:
-Հիմա՛,-ավելացնում էր արձագանքը:
Քարերի անցքերից երևաց լույսը: Կարմիր լույսը: Ժայռերը հետ գնացին՝ բացելով կրակի հյուրընկալ լեզուները: Գավազանավոր պարոնը դարձավ դեպի ներկաները:
-Սկզբից բերեք պարկերը...


-Մի՛ վախեցիր, խնդրում եմ քեզ, տու՛ր քսան դրամ, ու այս կոշիկները քոնը կլինեն,-ասում էր կնոջ մեղմ ձայնը:
Տղամարդը մտածում էր:
-Լա՛վ,-ասաց նա` խռպոտ ձայնը դողացնելով,-վերցրու:
Առիթն ավելի հարմար չէր կարող լիներ: Նա դուրս թռավ իր թաքստոցից ու միացրեց փողասկոպը: Սարքը ծղրտաց տագնապի ազդանշանով:
-Դուք արգելափակված եք,-ասաց նա,-կանգնե՛լ:
Կինը ձեռքից բաց թողեց կոշիկները, ափերով փակեց ականջներն ու փախավ լքված շենքերից մեկը: Ավելի հանգիստ ժամանակ որսորդը կֆիքսեր հետքերը՝ հետապնդելու և մինչև վերջ խուզարկելու համար:
-Դուք խախտում եք օրենքը, դուք հանցագո՛րծ եք,-ասում էր նա՝ առաջ պարզած փողասկոպը: Տղամարդը կլորացած աչքերով նայում էր սարքին՝ չկարողանալով ազատվել իրեն պատած վախից և պատկառանքից:
-Ապօրինի դրամաշրջանառությունը հետապնդվում է օրենքով: Համաձայն հիմնական հիմնարար օրենքի՝ միայն իշխանությանն է պատկանում փողը և ուրիշ ոչ ոքի:
Տղամարդի ապշած-բացված բերանից սկսեց ծորալ լոզը:
-Դրամի անօրինական գործածությունը պատժվում է ողջ դրամային պաշարի առգրավմամբ:
Տղամարդը ձեռքը տարավ գրպանը: Լսվեց մետաղադրամների խուլ զրնգոցը: Տղամարդը հանեց գրպանից ձեռքը, բացեց ափը: Ափի մեջ երեք մետաղադրամ էր՝ ընդհանուր առմամբ հիսուն դրամ:
Ազդանշան: Հաղորդագրություն:
"Դարպասները բաց են, վազի՛ր":
 Հաղորդագրությունը տեղին չէր: Տղամարդու աչքերն իմաստավորվեցին: Փոխվեց դեմքի արտահայտությունը: Ձեռքերը բռունցք դարձան: Փողասկոպի ազդեցությունը կորավ:
Որսորդը փորձեց նորից միացնել սարքը: Չստացվեց:
-Ես քու տիրոջ...,-ասաց տղամարդն ու քար վերցրեց գետնից: Քարը նետեց նրա ուղղությամբ: Որսորդը մի կողմ թեքվեց: Նորից սեղմեց փողասկոպը: Տղամարդը փորձեց հարվածել ոտքով: Դիպավ փողասկոպին: Սարքը թռավ մի կողմ ու ջարդուփշուր եղավ քարերի վրա: Տղամարդը հարվածեց ձեռքով: Չդիպավ: Կատաղությունից որսորդի վրա նետեց դրամները:
-Առ քեզ...
Վերջացնել խոսքը չհասցրեց: Որսորդի ձեռքում ծխում էր ատրճանակը: Տղամարդու ճակատին գնդակի թողած խանձված անցքն էր: Սև՝ մոխրագույն բծերով արյունը հոսում էր տապալված մարմնի գլխից:
Որսորդը մոտեցավ, վերցրեց մետաղադրամները: Աչքն ընկավ կոշիկներին: Լավն էին: Հանեց իր արդեն փոշոտվածներն ու հագավ դրանք:


Դարպասները բացված էին լայն: Կարմիր հուրը ձգում էր: Բեռնում էին պարկերը: Առանձնապես անհամբերները շալակում էին իրենց հավաքած պարկերն ու շտապ-շտապ քայլելով գնում դեպի կրակը: Ոմանք նունիսկ վազում էին: Կարմիր լեզուները հավասարաչափ ջերմացնում էին իրենց բոլոր զավակներին: Բոլոր այդ մեծապատիվ անձիք շոյվում էին բոցերի մեղմ թրթիռով: Անցել էին գրեթե բոլորը: Դ թունելում մնացել էր պարկերի մեծ կույտ ընդամենը և մի քանի համբերատար պարոններ:
-Ահա՛ նա,-ասաց նրանցից մեկը;
Երևաց որսորդը:
-Արդեն հույսներս կտրում էինք, Ձե՛րդ գերազանցություն:
-Առանց ինձ չէիք գնա,-հանգիստ պատասխանեց նա և մոտեցավ պարկերին: Բացեց նրանցից մեկն ու գցեց այնտեղ երեք մետաղադրամները,-սրանք վերջինն էին, այլևս փող չկա: Ես ինքս կշալակեմ սրանք:
-Իրավունքը Ձերն է:

Դ թունելը դատարկ էր: Չկային ոչ պարոնայք, ոչ պարկերը: Դժողքի դարպասները փակվեցին՝ ընդունելով իրենց զավակներին:

Tuesday, April 16, 2013

Զգույշ եղե՛ք (Դեգեներատներից)

Սկանդալային տվյալները, որ իհայտ եկան Առաջին Համաշխարհային Մարդահամարի (ԱՀՄ) արդյունքում, ստիպեցին ողջամիտ մարդկությանն այլ տեսանկյունից նայել իրենց շրջապատող իրականությանը: Ու չէր լինի այս ողջ ցնցող վիճակագրությունը, եթե չլինեին մեր դարի թվային տեխնոլոգիաներն ու այն խելացի մարդիկ, ոքվեր մտածեցին այդ տեխնոլոգիաները ներդնել Համաշխարհային Մարրդկային Ռեսուրսների (ՀՄՌ) հաշվառման, չափման և բաշխման գործում: Շնորհիվ Իծնե Վիրտուալ Գրանցման (ԻՎԳ), շնորհիվ Համաշխարհային Արբանյակային Վերահսկման (ՀԱՎ), շնորհիվ Անձնական Չիպային Քարտերի (ԱՉՔ) հնարավոր դարձավ մեկ առ մեկ հաշվարկել Մարդկային Գենոֆոնդի (ՄԳ) բոլոր քանակական, որակական և աշխարհագրական տեղաշարժումները: Ստացվեցին ներկա պահին մոլորակի վրա բնակվող բոլոր homo sapiens-ների քանակը, ներկա պահին ծնվող homo sapiens-ների քանակը, ներկա պահին մահացող homo sapiens-ների քանակն ու դրանց հանրահաշվական տրամաբանական համադրությունը: Չծանրաբեռնելու համար այս տեքստը տասանիշ, իննանիշ, ութանիշ թվերով, բերեմ միայն վերջնական հավասարությունը՝ կամ եթե ուզում եք՝ անհավասարությունը:
7158684211-ներկա պահին ապրող մարդիկ:
24086983-ներկա պահին ծնվող մարդիկ
22005444-ներկա պահին մահացող մարդիկ:
Ուստի՝ գտնելու համար Մոլորակի Բնակչության Հստակ Քանակը (ՄԲՀՔ), պետք է առաջին թվին գումարել երկրորդ թիվը և հանել երրորդ թիվը: Պարզագույն գործողություն է, եթե ձեռքի տակ կա հաշվիչ; Սակայն բարդագույն խնդիր է, եթե ձեռքի տակ բացի հաշվիչից կան նաև ԻՎԳ, ՀԱՎ և ԱՉՔ: Անընդհատ ստանալով նոր թարմացումներ և անըդհատ կատարելով Հանրահաշվական Գործողություներ (ՀԳ)՝ մենք այս երեք թվերի գումարում-հանումից ստանում ենք ոչ թե տրամաբանական 7160765750, այլ 7160775775: Ուղիղ   տաս հազար քսանհինգ հոգիով ավելի շատ, քան պետք է լիներ: Ասել է, թե մոլորակի վրա այժմ ապրում են Ավելորդ Մարդիկ (ԱՄ)՝ այն էլ ուղիղ 10 025 հոգի:  
Բնական է, որ այս Վիճակագրական Զավեշտալի Փաստը (ՎԶՓ) գիտական շրջաններում առաջացրել է ամենակրքոտ բանավեճերը: Հիմա արդեն պարզ է, որ Գիտական Հանրության մեծ մասը հակված է կարծել, թե նշված 10025 անձիք այլմոլորակայիններ են, որոնք մեր մոլորակ են թափանցել ամենանենգ նպատակներով: Մեկ այլ՝ ոչ պակաս հզոր խումբ, համարում է, որ ԱՄ-իկ խիստ բարեկամաբար տրամադրված այլմոլորակայիններ են, որոնք այստեղ են, որպեսզի նպաստեն մարդկության էվոլյուցիային: Գիտնականների մի փոքրիկ՝ հեղինակություններից զուրկ խումբ էլ շարունակում է պնդել, որ նշված Հանրահաշվական Թյուրիմացությունն (ՀԹ) ընդամենը ոչ ճշգրիտ հաշվարկների արդյունք է:
Այս կոնտեքստում առավել հետաքրքիր են հնչում որոշ ռադիկալ աղբյուրների հայտարարությունները: Մասնավորապես հաճախ է արծարծվում Համաշխարհային Դավադրության (ՀԴ) բացահայտման տեսությունը: Ըստ տեսության հեղինակների՝ աշխարհի հզորագույն յոթ երկրների կառավարությունների, նրանց ընտանիքների և մերձավորների թիվը հավասար է հենց 10025-ի: Տեսության կողմնակիցները մեղադրում են ՀԴ-ն ապօրինությունների, Աշխարհի Հարստությունների (ԱՀ) յուրացման և այլ հանցագործությունների մեջ: Տեսությունն ապացուցելու համար ոմանք առաջարկում են սպասել այդ 10025 մարդկանց մեկնումեկի մահվան: Ծայրահեղականներն առաջարկում են սպասելու փոխարեն սպանել:
Համաձայն մեկ այլ աղբյուրի՝ 10025-ը դեռևս ողջ մնացած Հիպպիների (Հ) հստակ թիվն է: Հ-ներն այլմոլորակային ռասսա են, ովքեր այստեղ էին եկել սեռական ազատություն քարոզելու՝ ինչի հետևանոքով պետք է կատարվեր գենետիկական հերթական մուտացիան homo sapiens-ների Դեզօքսիռիբ Նուկլեական ԹԹվում (ԴՆԹ): Այս տեսությունը, սակայն, կտրականապես հերքում է ոմն Ջերեմի Պետերսոնը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ)  Քալիֆորնիա նահանգից: Լինելով նախկին Հ՝ Ջերեմին պնդում է, որ ինքն այլմոլորակային չէ և թքած ունի այդ 10025 հոգու վրա: Ջերեմիի կարծիքով՝ "դրանք անասուն դեգեներատներ են, ովքեր խմում են մարդկանց արյունը": Թե ովքեր են այդ Դեգեներատ Ապուշները (ԴԱ), պարզել այդպես էլ չհաջողվեց: Ջերեմին անսասան էր:
Ինչ վարաբերվում է ԴՆԹ-ին, պետք է ասել նաև մեկ այլ տեսակետի մասին, որը հնչեցնում են մի քանի բրիտանական գիտնականներ՝ Դուբլինից: Ըստ բրիտանացի գիտնականների՝ 10025-ը հատուկ, սուր նևրոզային, դեպրոսսիվ-հիստերիկային նոպաներով տառապող անձանց թիվն է: Արտասովոր հիվանդության հիմնական նախանշաններն են չափազանց նյարդայնությունը և ամեն ինչ Հապավելու Մոլուցքը (ՀՄ):
Post Scriptum (PS)
 Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ վխտում են 10025 կառավարական հանցագործներ, այլմոլորակայիններ, ծեր հիպպիներ, դեգեներատ ապուշներ և հապավումամոլներ: Զգույշ եղեք: