.png)
7158684211-ներկա պահին ապրող մարդիկ:
24086983-ներկա պահին ծնվող մարդիկ
22005444-ներկա պահին մահացող մարդիկ:
Ուստի՝ գտնելու համար Մոլորակի Բնակչության Հստակ Քանակը (ՄԲՀՔ), պետք է առաջին թվին գումարել երկրորդ թիվը և հանել երրորդ թիվը: Պարզագույն գործողություն է, եթե ձեռքի տակ կա հաշվիչ; Սակայն բարդագույն խնդիր է, եթե ձեռքի տակ բացի հաշվիչից կան նաև ԻՎԳ, ՀԱՎ և ԱՉՔ: Անընդհատ ստանալով նոր թարմացումներ և անըդհատ կատարելով Հանրահաշվական Գործողություներ (ՀԳ)՝ մենք այս երեք թվերի գումարում-հանումից ստանում ենք ոչ թե տրամաբանական 7160765750, այլ 7160775775: Ուղիղ տաս հազար քսանհինգ հոգիով ավելի շատ, քան պետք է լիներ: Ասել է, թե մոլորակի վրա այժմ ապրում են Ավելորդ Մարդիկ (ԱՄ)՝ այն էլ ուղիղ 10 025 հոգի:
Բնական է, որ այս Վիճակագրական Զավեշտալի Փաստը (ՎԶՓ) գիտական շրջաններում առաջացրել է ամենակրքոտ բանավեճերը: Հիմա արդեն պարզ է, որ Գիտական Հանրության մեծ մասը հակված է կարծել, թե նշված 10025 անձիք այլմոլորակայիններ են, որոնք մեր մոլորակ են թափանցել ամենանենգ նպատակներով: Մեկ այլ՝ ոչ պակաս հզոր խումբ, համարում է, որ ԱՄ-իկ խիստ բարեկամաբար տրամադրված այլմոլորակայիններ են, որոնք այստեղ են, որպեսզի նպաստեն մարդկության էվոլյուցիային: Գիտնականների մի փոքրիկ՝ հեղինակություններից զուրկ խումբ էլ շարունակում է պնդել, որ նշված Հանրահաշվական Թյուրիմացությունն (ՀԹ) ընդամենը ոչ ճշգրիտ հաշվարկների արդյունք է:
Այս կոնտեքստում առավել հետաքրքիր են հնչում որոշ ռադիկալ աղբյուրների հայտարարությունները: Մասնավորապես հաճախ է արծարծվում Համաշխարհային Դավադրության (ՀԴ) բացահայտման տեսությունը: Ըստ տեսության հեղինակների՝ աշխարհի հզորագույն յոթ երկրների կառավարությունների, նրանց ընտանիքների և մերձավորների թիվը հավասար է հենց 10025-ի: Տեսության կողմնակիցները մեղադրում են ՀԴ-ն ապօրինությունների, Աշխարհի Հարստությունների (ԱՀ) յուրացման և այլ հանցագործությունների մեջ: Տեսությունն ապացուցելու համար ոմանք առաջարկում են սպասել այդ 10025 մարդկանց մեկնումեկի մահվան: Ծայրահեղականներն առաջարկում են սպասելու փոխարեն սպանել:
Համաձայն մեկ այլ աղբյուրի՝ 10025-ը դեռևս ողջ մնացած Հիպպիների (Հ) հստակ թիվն է: Հ-ներն այլմոլորակային ռասսա են, ովքեր այստեղ էին եկել սեռական ազատություն քարոզելու՝ ինչի հետևանոքով պետք է կատարվեր գենետիկական հերթական մուտացիան homo sapiens-ների Դեզօքսիռիբ Նուկլեական ԹԹվում (ԴՆԹ): Այս տեսությունը, սակայն, կտրականապես հերքում է ոմն Ջերեմի Պետերսոնը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Քալիֆորնիա նահանգից: Լինելով նախկին Հ՝ Ջերեմին պնդում է, որ ինքն այլմոլորակային չէ և թքած ունի այդ 10025 հոգու վրա: Ջերեմիի կարծիքով՝ "դրանք անասուն դեգեներատներ են, ովքեր խմում են մարդկանց արյունը": Թե ովքեր են այդ Դեգեներատ Ապուշները (ԴԱ), պարզել այդպես էլ չհաջողվեց: Ջերեմին անսասան էր:
Ինչ վարաբերվում է ԴՆԹ-ին, պետք է ասել նաև մեկ այլ տեսակետի մասին, որը հնչեցնում են մի քանի բրիտանական գիտնականներ՝ Դուբլինից: Ըստ բրիտանացի գիտնականների՝ 10025-ը հատուկ, սուր նևրոզային, դեպրոսսիվ-հիստերիկային նոպաներով տառապող անձանց թիվն է: Արտասովոր հիվանդության հիմնական նախանշաններն են չափազանց նյարդայնությունը և ամեն ինչ Հապավելու Մոլուցքը (ՀՄ):
Post Scriptum (PS)
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ վխտում են 10025 կառավարական հանցագործներ, այլմոլորակայիններ, ծեր հիպպիներ, դեգեներատ ապուշներ և հապավումամոլներ: Զգույշ եղեք:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete