Wednesday, April 10, 2013

Առանց թևերի

Անցել է արդեն երեսուն տարի այն անհոգ օրերից, երբ Սեմ Ագրեսյանը որսում էր տարբեր թևավոր միջատների, տանում դրանք տուն և կատարում իր փորձերը: Անսահման հրճվանքով նա հետևում էր միջատների վարքագծի փոփոխություններին, երբ պոկում էր նրաց թևերն ու դարձնում նրանց սովորական մրջյուններ: Նախկինում քամու արագությամբ ճախրող էակները դառնում էին անպաշտպան սողուններ՝ կորցնելով իրենց թևերը:
Երեսուն տարի անց նա կրում է ոսկեզօծ ակնոցներ, սպիտակ օձիքով շապիկ, իսկ սաթի պես սև, փայլուն մազերը սանրված են հետ՝ ի ցույց դնելով լայն ճակատը՝ արտասովոր մտավոր ունակությունների վկայությունը: Նրա հմայիչ ժպիտը մեղմացնում է հայացքի ընդհանուր լարվածությունը և թաքցնում նրա հուզմունքը:
-Կարևորն այստեղ այսպես կոչված "վանդակային պայմաններն են",-ասում է սպիտակ խալաթավորներից մեկը՝ դոկտոր Գալենցը:
-Դե սկսեք վերջապես,-անհամբեր ասում է Ագրեսյանը՝ պահպանելով, սակայն, ժպիտը:
Սպիտակ խալաթավորները գործի են անցնում: Մի քանիսը ներս են բերում վանդակը՝ ծածկված սպիտակ, ստերիլ սավանով: Մյուսները վանդակի մոտ տեղադրում են չափող սկաներներն ու անալիտիկ սենսորները:
-Ամեն ինչ պատրաստ է՞,-հարցնում է Գալենցը:
Գլխով են անում՝ պատրաստ է:
-Հանել սավանն ու հեռնալ վանդակի մոտից: Փորձը սկսված է:
Բոլորը կանգնած են ապակե պատի հետևում: Սեմ Ագրեսյանի աջ կողմում նյարդային ծխում է Գալենցը, ձախ կողմում միշտ խոժոռ Օգանեսովն է: Նրա ձեռքին թղթապանակն է, որի պարունակության մասին այդպես էլ չի հասցնում ասել Ագրեսյանին:
-Պարոն նախագահ, այստեղ ձեր ուզած տնտեսական ծրագրերն են,-նա բացում է թղթապանակը,-ահա, սրանք օդաչուների գործազրկության...
-Հետո, ոչ հիմա, հետո,-կասեցնում է Օգանեսովի խոսքը Սեմը,-հիմա նայում ենք այնտեղ:
Ապակե պատի մյուս կողմում վանդակն է: Սպիտակ սավանն այլևս չկա: Վանդակում թռչուն է: Նման է ագռավի:
-Ուշքի բերել,-կարգադրում է Գալենցը: Սպիտակ խալաթավորներից մեկը սեղմում է ապակե պատի տակ ձգվող երկար վահանակի կոճակներից մեկը: Լսվում է թսսոց: Ինչ-որ գազ է լցում սենյակում՝ ապակե պատից այն կողմ: Թռչունը բարձրացնում է գլուխը: Ագռավ է: Կասկածներ չկան:
-Ագռավների ընտրությունը պատահական չէ: Ամենատարածված թռչունն է մեր քաղաքում, ենթադրում եմ, որ նման է քաղաքի մյուս բնակիչներին,-ասում է Գալենցն ու նայում Ագրեսյանին գովասանք աղերսող ձայնով: Արժանանում է ոսկեզօծ ակնոցների թեթև փայլին, երբ վերջինս զուսպ շարժում է անում գլխով:
Ագռավը կռռում է: Փորձում է վեր կենալ: Չի ստացվում առաջին փորձից: Փորձում է կրկին: Հաջող: Ագռավը կանգնում է: Երևում են արյունոտ վերքեր մարմնի երկու կողմերում: Նա չունի թևեր: Ագռավը կռռում է:
Ապակու մյուս կողմում փայլում են Սեմ Ագրեսյանի աչքերը:
Թռչելու ցանկությունն անհաղթահարելի է: Էակ, ով երբևէ ճեղքել է օդային տարածությունը, զգացել քամու հանդիպակած ուժը, որսացել օդային ալիքներն ու վայելել ազատ տեղաշարժվելու հաճույքը, երբեք չի կարողանա մողանալ այդ զգացումները: Դա ցանկություն է, որը կենտրոնացված է մարմնի մեջ, ուղեղի մեջ, հոգու մեջ: 
Ագռավը թափահարում է թևերը: Նրանք չկան: Նորից է փորձում: Նրանք չկան: Ագռավը սկսում է վազել: Փորձում է հավաքել արագություն և ցատկել: Ցատկը տևում է մինչև վանդակաճաղը: Սև, անթև մարմինը բութ թմփոցով ընկնում է հատակին; Թռչունը նորից է վեր կենում: Սկսում է կռռալ; Վազում է: Վազում է կռռալով: Բախվում վանդակաճաղերին: Կտցահարում է դրանք: Կտցահարում է հատակը: Վազում է: Կռռում է...
-Ի՞նչ են ցույց տալաիս ձեր գործիքները,-հարցնում է Ագրեսյանը: Ուրիշ սենյակում են: Լույսը մեղմ է, հանգիստ: Գալենցը երջանիկ է: Նա ժանգլյորություն է անում թղթերով ու քարտերով: Պատրաստում է պատասխանը:
-...նախադրյալները կան, անհրաժեշտության դեպքում մենք կկարողանանք տապալել բոլոր չվերթները,-ասում է Օգանեսովը:
-Դրա մասին հետո,- ասում է Ագրեսյանը,-հիմա կարևոր են փորձի արդյունքները,-Գալենց, լսում ենք քեզ:
-Արդյունքներն իրոք տպավորիչ են: Նախ՝ չափիչների տվյալները զարմամնալի են: Քիմիական ռեակցիաները, որ տեղի են ունենում թռչունի գլխում, անկրկնելի են: Այսպիսի բալանսի...դիսբալանսի հնարավոր չէր լինի հասնել սովորական պայմաններում: Ուղեղի հենց այս քիմիական բաղադրությունն է ագռավի ներկայիս վիճակի պատճառը:
Սեմ Ագրեսյանը դարձնում է հայացքը կողքի սեղանին դրված մարմնիկին: Ագռավն է: Սև, անթև; Նա սատկած չէ: Աչքերը բաց են: Շնչում է հազվադեպ, ինչը հատուկ չէ թռչուններին:
-Ես կանվանեի այս վիճակը՝ խորը զոմբիացում,-ասում է Գալենցը:
-Հետո՞,-հարցնում է Ագրեսյանը:
-Անալիտիկ սենսորները գնահատում են փորձի պարբերական հաջողությունը հակասական: Ես արդեն ասեցի, որ սա ընդամենը "վանդակային պայմաններ" էին: Չի կարելի ասել, թե ինչ կլինի բնական միջավայրում: Ամենայն հավանականությամբ ագռավը կփորձեր հարմարվել նոր իրավիճակին ու կյանքի համար պայքարելու բնազդը կսկսեր պահել նրան:
-Վանդակային պայմաններ մենք կստեղծենք,-մեջ է մտնում Օգանեսովը:
Սև մեքենան կանգնած է Սոցիալական Լաբորատորիայի շենքի դիմաց: Ծանր հորդառատ անձրևը ռիթմով թմբկահարում է զրահապատ մեքենայի պողպատին: Բազմած սեդանի հետևի նստարանին՝ Ագրեսյանն ուսումնասիրում է Օգանեսովի բերած թղթերը:
-Այսյ մեկն առավել հաջող սցենար է ինձ թվում,-ասում է նա՝ առանձնացնելով թղթերից մեկը:
-Հարկեր, թանկացումներ, վառելիքի մենաշնորհ և քաղաքական անկայունությու՞ն:
-Այո: Սա կլինի իդեալական վանդակ:
-Իսկ ինչ պետք է անենք օդանավակակյանը՞: Բա ինքնաթիռները՞:
Ագրեսյանը ժպտում է: Փայլում են ոսկեզօծ ակնոցները:
-Կառավարել անթև զոմբիներին չի նշանակում հրաժարվել սեփական թռիչքից,-ասում է նա ու կարգադրում վարորդին շարժվել: Ծանր անձրևն ակնթարթում ծածկում է ցամաքի փոքրիկ կտորը, որ մնացել էր մեքենայի տակ:
Սոցիալական Լաբորատորիայի շենքի լուսամուտից սև մի բան է ընկնում ու սկսում փախչել: Միաժամանակ բացվում են դռներն ու մի խումբ սպիտակ խալաթավորներ դուրս են գալիս շենքից ու վազում սև բանի հետևից՝ ցատկելով ջրափոսերի վրայով: 
-Բռնեք այդ գրողի տարած հավին,-բղավում է նրանց հետևից Գալենցը:

Friday, April 5, 2013

Փորձնական ուղևոր

Սա մեթոդ է: Փորձելը մեթոդ է: Ինչպես կարող ես իմանալ՝ համո՞վ է արդյոք պանրով ու մուրաբայով բուտերբրոդը, եթե չսարքես ու չփորձես:
Համով է: Սակայն ամեն ինչ կախված է պանրից ու մուրաբայից: Ու կրկին գտնում ես ճիշտ տեսակներն ու համադրությունները փորձի  միջոցով: Փորձը, փորձը և միայն փորձը կարող է օգնել սովորական մահկանացուներիս բացահայտել նորանոր երևույթներ, բուտերբրոդներ և աշխարհներ: Մինչև ես չորձեցի պատրաստել լոռի պանրով և թուզի մուրաբայով բրդուճը, չգիտեի, թե ինչպիսի համեղ ուտեստ կարող է ստացվել այդ բաղադրիչներից: Մինչև դոկտոր Օլիվեր Օրբելին չփորձեց տեղադրել մարդու ուղեղում VX 96622 բակտերիան, մարդկությունը չիմացավ, որ հնարավոր է վերակենդանացնել թարմ հանգուցյալներին և օգտագործել նրանց ոչ բանական մարմինների ուժը գյուղատնտեսության մեջ: Ու մինչ Անդրանիկ Իսրյաելյան անունով պարապ-սարապի մեկը չփորձեց կատարել իր արտառոց ու անհեթեթ փորձը, մենք չիմացանք մեզ պարուրող զուգահեռ աշխարհների մասին:
Ես էլ փորձեմ վերականգնել Անդրանիկ Իսրաելյանի փորձի խրոնիկան՝ մատուցելով այն հնարավորինս հետաքրքիր և հակիրճ կերպով: Ուստի բերեմ մի հատված այս խելագար Անդրանիկի օրագրից, որն արված է նրա կատարած փորձից երկու օր առաջ՝ մարտի 3-ին:

"...Մոտենում է  նշանակված օրը, և ես ավելի  անհանգիստ եմ դառնում:  Իմ գծագրերն ակադեմիայում ուշադրության չարժանացան: Զուգահեռ աշխարհների ալիքային գրաֆիկաների մասին պրն. Սարյանն ասաց, որ դրանք զուտ տեսական են, և առողջ գիտակցությունը չի կարող հավատալ նման ֆանտաստիկայի: Ես պատասխանեցի նրա կողմից պաշտելի Էյնշտեյնի խոսքերով՝ առողջ բանականությունն ասում է մեզ, որ երկիրը տափակ է: Պրն. Սարյանը հեռացավ  առանց պատասխանելու:
Եվ այսպես՝ մնացել է երկու օր,  և ես լի եմ վճռականությամբ":

Երբեմն չկա ավելի հաճելի զբաղմունք քան նմանատիպ օրագրերի ընթերցումը: Մանավանդ եթե ընթերցումը զուգակցվում է կաղամբով ու խաշած խտացրած կաթով աղցանով՝ իհարկե շաղախված հալվայի փշրանքով: Ու ինչու՞ է, հարցնում եմ, նման հրաշքի անունը "աղցան": Բայց շարաունակեմ ներկայացնել որոշ փաստեր, որոնք նախորդում էին Անդրանիկ Իսրաելյանի կատարած փորձին: Մարտի երեքին՝ փորձից երկու օր առաջ, Անդրանիկն արդեն տեղադրել էր մի N ավտոկայանում տասից ավելի տեսախցիկներ, որոնք ի վիճակի էին ոչ միայն նկարահանել Արտաշատ մեկնող ավտոբուսը բոլոր ռակուրսներից, այլև հսկել տվյալ ավտոբուսի կայանման վայրին հարող տարածքի ամեն մի սանտիմետրը: Բացի այս անչափ կարևոր գործողությունից, Անդրանիկը հասցրել էր զրուցել ավտոբուսի վարորդի հետ, իմանալ որոշ հետաքրքիր դետալներ:
 Կրկին բերեմ հատված Անդրանիկի օրագրից: Գրառումը կատարված է արդեն մարտի չորսին:

"...Կրկին եղա ակադեմիայում և պատմեցի նրանց պատրաստածս փորձի մասին: Ինչպես և սպասում էի, ինձ ծաղրեցին: Բա իհարկե...
Ես պատմեցի նրանց ավտոբուսի վարորդի հետ տեղի ունեցած զրույցիս մասին, որտեղ վարորդն ասում էր, որ իր ողջ պրակտիկայի ընթացքում չի եղել և ոչ մի դեպք, որ շարժիչը գործի գցելուց հետո չհայտնվի որևէ նոր ուղևոր: Ակադեմիկոսները, զսպելով իրանց ծիծաղը, պատասխանեցին՝ դա դեռ ոչինչ չի նշանակում, և իմ գծագրերը ոչ մի կապ չեն կարող ունենալ այդ ամեի հետ:
Դե ինչ...տեսնենք:"

Պետք է ասեմ, որ այս տղան՝ Անդրանիկը, ինձ միանշանակ դուր է գալիս: Եվ դա ոչ թե նրա բացառիկ խելքի, այլ մտքի այլընտրանքային ընթացքի շնորհիվ: Երբեմն շատ տարօրինակ իրադարձություններ տեղի են ունենում հենց մեր քթի տակ, իսկ մենք կույրի պես չենք նկատում դրանք: Ես հարցուփորձ արեցի ծնողներիցս և ինքս էլ հիշեցի այն ժամանակները, երբ շատ հաճախ օգտվում էի ավտոբուսներից՝ քաղաքից քաղաք շարժվելիս: Եվ ծնողներս, և ես հիշում ենք այդ զարմանալի երևույթը, երբ նույնիսկ դատարկ ավտոկայանում, մեքենայի շարժիչը գործի գցելուց անմիջապես հետո հայտնվում էր ինչ-որ մեկը և նստում ավտոբուսը: Դա տեղի էր ունեննում միշտ և առանց բացառություների: Հորդորում եմ ձեզ փորել ձեր սեփական հիշողությունը կամ լինել ուշադիր մյուս անգամ, երբ կլինեք ավտոբուսի մեջ և կսպասեք, թե երբ է այն շարժվելու: Հենց գալիս է վարորդը և գործի գցում շարժիչը, անպայման հայտնվում է նոր ուղևոր և ցատկում է ավտոբուսի մեջ: Միշտ: Առանց բացառությունների: Ու պետք է լինել իրական հանճար, որպեսզի այս նույնիսկ զվարճալի երևույթը կապել զուգահեռ աշխարհների տեսության հետ և համատեղել այն պոլիտարածային գծագրերի հետ:
Ես մի պահ շեղվեմ իմ աղցանից: Ուզում եմ պատրաստել կոնյակով, թեյով և դարչինով կոկտեյլ ու ներկայացնեմ ձեզ նոր հատված Անդրանիկ Իսրաելյանի օրագրից՝ գրված փորձից ուղիղ տաս րոպե անց:

"...Այժմ ես չունեմ և ոչ մի կասկած: Կան զուգահեռ աշխարհներ և նրանք խիստ ներծծված են մեզ սովոր իրականության մեջ: Փորձը հաջողվեց: Այն ինչ ես ուզում էի, ապացուցվեց թերևս ամենափայլուն կերպով: Աշխատում էին բոլոր տեսախցիկները:Ավտոկայանում գտնվող ամեն ոք, ամեն սանտիմետր քառակուսի և ամեն մի փոշու հատիկ գտնվում էր հսկողության տակ: Ու  չնայած դրան, երբ վարորդը միացրեց մեքենայի շարժիչը, զարմանալի կերպով հայտնվեց մեկը, ով չէր ֆիքսված մեր խցիկների կողմից: Այդ մեկը նյութականացվեց անմիջապես ավտոբուսի կողքին  և այնքան արագ, որ խցիկները չհասցրեցին որսալ բուն այդ պահը: Ու մինչ ես գրում եմ սա, ինձ հայտնեցին, որ խորհրավոր կերպով հայտնված ուղևորն անհետացել է նույնքան տարօրինակ ձևով, և նրան հետապնդելու գնացած օպերատիվ խմբերը կորցրել են  հետքը:
Հիմա ի՞նչ են ասելու հարգելի կադեմիկոսները: "


Ես ծափահարում եմ երիտասարդ տաղանդի հաջողությանը:
Իսկ դուք, ինչպես նաև գիտական հանրությունը, ծափահարցիք, երբ  նույն փորձը կատարվեց ամայի տափաստանում:
Բերեմ նոր հատված Անդրանիկի օրագրից:

"...Ինձ թվում է՝ իմ կոլեգաները հասկացան ներկայացված գծագրերի բուն էությանը, երբ մեր փորձը հաջողվեց նաև տափաստանում, քանզի ճաքճքված կավահողը, փշոտ ու անհրապույր բույսերն ու վայրենի քամին վերջնականապես համոզեցին նրանց, որ սա չի կարող լինել պարզապես պատահական համընկնում: Բացի այդ, նրանց դուր եկավ շարժիչի աշխատանքի և զուգահեռ ալիքների փոխազդեցության մասին ունեցած իմ տեսությունն, ինչը մասամբ բացատրում է տվյալ երևույթը":

Այս երեկո ուզում եմ փորձել նոր ապուր՝ պատրաստված տավարի մսի օշարակից, կարմիր կիսաչոր գինուց և սուլուգունի պանրից: Համոզված եմ, անկախ այս խաղախ խոհարարական փորձի արդյունքից, ես կլինեմ գոհ, քանի որ վերջապես կատարեցի այսքան հաճելի առաքելությունս ու չծանրաբեռնելով ձեր տեսողական օրգանները, հակիրճ ներկայացրեցի Անդրանիկ Իսրաելյաի փորձը:
Մնացածի մասին արդեն գիտեք ինքներդ: Ինչ վերաբերվում է ինձ, ապա ես բավականին տոլերանտ եմ վերաբերվում զուգահեռ աշխարհների բնակիչներին և կողմ եմ փոխադարձ տուրիզմի զարգացմանը:






Monday, April 1, 2013

Տայվին Սակս անունով սագը

Թերևս ոչ մի թռչուն Ջոնատան Լիվինգստոն ճայից հետո այնքան ազդեցություն չի ունեցել մարդկանց բանականության վրա ինչքան Տայվին Սակս անունով սագը: Որպես ապացույց կարող եմ բերել իմ բնակարանը, որի բոլոր պատերի վրա փակցված են տարբեր երկրներներում հրատարակվող թերթերի էջեր՝ Տայվին Սակսի մասին հաղորդագրություններով: Նա միշտ առաջին էջերում է գրեթե բոլոր թերթերում արդեն մեկ շաբաթվա ընթացքում: Բերեմ օրինակներ՝
"Տայվին Սակսին իր երազում է տեսել ԱՄՆ նախագահ Մուսա Ջոնսոն-Հուսեյնը"
"Հնդկաստանի Փանջաբ նահանգում կառուցվում է Տայվին Սակսի տաճարը"
"Ռուսաստանի Դաշնության Դուման ընդունել  է սագերի մասին մուլտֆիլմներն արգելելու մասին օրենք"
"Ճապոնիայում կտրուկ աճել է ինքնասպանությունների թիվը. Ինքնասպանների տներում հայտնաբերվում են սագեր"
"Ֆրանսիայի կրիշնաիտները հարձակվում են ֆուա գրա արտադրող ֆաբրիկաների վրա"
"Երրորդ Աշխարհի երկրներում Տայվին Սակսի մասին երազներն ընկալվում են որպես փրկության մարգարեություն"
"Հռոմի պապը հրաժարվում է խոստովանել, որ երազում տեսել է  Տայվին Սակսին"
"Իրանի այաթոլլան ջիհադ է հայտարարում  Տայվինին"
Եվ այսպես շարունակ, արդեն մեկ շաբաթ:


Ո՞վ է, գրողը տանի, Տայվին Սակսը, ինչու՞ է նա սագ: Կամ ո՞վ է սագը և ինչու՞ է նրա անունը Տայվին Սակս: Փաստ է արդեն, որ աշխարհի բոլոր մարդիկ իրենց երազներում տեսնում են այդ Տայվին սագին, սակայն չկա ինչ-որ մեկը, ով կկարողանա քիչ թե շատ խելքին մոտ բացատրություն գտնել այս պարանորմալ երևույթին: Այսօր առավոտյան իր տեսակետը ներկայացրեց Նոբելյան մրցանակակիր, հոգեբան պրոֆեսսոր Անդրես Ջոնսը:
-Այստեղ խոսքը գնում է համատարած զանգվածային պսիխոզի մասին...դա միանշանակ է, սակայն ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչը կարող էր պատճառ դառնալ այդպիսի գլոբալ խանգարման համար: Իսկ եթե խոսքը գնում է հավաքական գիտակցության մասին, ապա ես կպնդեի այն տեսակետը, որ չի կարող որևէ սագ, եթե նույնիսկ նրա անունը Տայվին Սակս է, դառնալ հավաքական գիտակցության  ուշադրությանն արժանացած օբյեկտ...Ուրեմն խոսքը գնում է պսիխոզի մասին, ինչը ես չեմ կարող բացատրել...:
Մեկ այլ գիտնական՝ դոկտոր Աբել Սահյան-Շմիդտը, հայտարարել է, որ ինքն ու իր առնետոլոգ-բնապահպանների խումբը հասցրել են կատարել մի շարք հետազոտություներ և պարզել են, որ Կանադայի արևելքում ապրող սագերի մոտ սրտի աշխատանքն ավելի արագ է նախկին տվյալներից, իսկ Չինաստանի Սիչուան գավառի սագերի մոտ նկատվում է խրոնիկական դիսբակտերիոզ:
Մինչ այդ Լոնդոնյան "Times"-ը գնում է առաջին էջի վրա երբևէ օգտագործված ամենամեծ տառաչափով՝ "What The Goose!?", իսկ Ավստրալիայում հայտնաբերվում են աբորիգենների կողմից կատարված թարմ որմնանկարներ՝ Տայվին Սակսի պատկերով: Ուոլ Սթրիթում էլ իրար են ծեծում բրոկերները ` սագերի հեղինակային իրավունքներին տիրող բոլոր կազմակերպությունների բաժնետոմսերը գնելու համար...

Աշխարհը խելագարվում է, իսկ ես բացում եմ գարեջրի շիշն ու նորից թերթում օրվա լրահոսը:
Տայվին Սակս, Տայվին Սակս...
Աչքս ընկնում է հոդվածի: Փոքրիկ հոդվածի՝ աննշմար այսպես, աննկատ հոդվածի:
"Միջազգային Alfa տիեզերական կայանում տեղի ունեցած վթարի հետևանքով բաց տիեզերք է դուրս թռչել կայանի գույքի զգալի մասը, ինչպես նաև լաբորատոր փորձերի համար կայան բերված թռչուններից մեկը":
Ես փորձում եմ հիշել տեսածս երազը: Սագին: Նա ասես սառած լինի ու քարացած:Ինչպես կարող է նույն պատկերը գալ բոլոր մարդկանց երազում: Գուցե պատասխանը տիեզերքում է: Հետաքրքիր է, որ տիեզերական կայանում տեղի ունեցած վթարի մասին հաղորդագրություններն այդքան քիչ են...ինձ թվում է պատասխանն այդտեղ է: Երազում լսվում է նաև ձայնը: Ձայնն ասում է, որ սագի անունը Տայվին Սակս է: Դա ասում է հենց ձայնը և ոչ թե սագը: Սա նույնպես արժե հաշվի առնել: Ամբողջ օրը նստած եմ եղել համակարգչի առջև կամ կարդացել եմ տարբեր երկրներից ստացվող թերթերը: Աչքերս փակվում են: Ես քնում եմ:

Արթնանում եմ սառը քրտինով ու ինձ նետում համակարգչի մոտ: Start, loading, connect...
Ես բացում եմ մի քանի կայք միանգամից: Ես չէի սխալվում: Չէի սխալվում:
Տայվին Սակսը գալիս է հետ՝ Երկիր: Որպես Աա-բետ-կալկա քաղաքակրթության դեսպան:
"Ուրախ ենք կապ հաստատել այլ բանական ռասսաների հետ, ինչպիսինն է Տայվին Սակսի ռասսան",-փոխանցում են մեզ Աա-բետ-կալկա քաղաքակրթությունը:


Thursday, March 28, 2013

Մարմին (Melomania 9)



Ընթերցողը հավանաբար կհարցնի, թե ինչու չկան այլևս պատմվածքներ «Մելոմանիա» փաբի մասին, ուր են կորել Սամվելը, Հարութն ու ձեր խոնարհ ծառան։ Ասեմ, որ մտահոգությունը տեղին է, քանի որ իրոք չկան նոր պատմվածքներ, արկածներ և խորհրդավոր դեպքեր, և ես, նստած լինելով հիմա «Մելոմանիայում», չեմ տեսնում ոչ մի հետաքրքիր բան, որ կարելի կլիներ ներկայացնել ձեր թանկագին ուշադրությանը։ Ավելի արդար լինելու համար արժե տեղյակ պահել ձեզ, որ չնայած աննախադեպ հանդարտ ժամանակահատվածի, եղել են մի քանի միջադեպեր, որոնք ես փորձել էի հանձնել տառերին։ Իրադարձություններն այդ առանձնապես նշանակալից չէին՝ հաշվի առնելով իհարկե «Մելոմանիայում» տեղի ունեցած այլ դեպքերը։ Այդ իրադարձություններից էր օրինակ Խմած Ախպոր մեծ կռիվը, երբ ոմն անկիրթ անձնավորություն փորձել էր խախտել մեր սիրելի փաբի անդորրն ու կազմակերպել էր իր պես անկիրթների արշավանքն ի «Մելոմանիա»։ Իրադարձություն էր նաև փոքրիկ Գոռի լույս աշխարհ գալու արարողությունը, որը տեղի ունեցավ հենց «Մելոմանիա» փաբում և որը եղավ պատմության մեջ առաջին դեպքը, երբ երեխա ծնվեց փաբում (Հարութը համենայն դեպս փորձել էր գտնել նմանատիպ ինֆորմացիա Ցանցում, սակայն չէր հանդիպել ոչ մի համարժեք դեպքի)։
Այս և այլ միջադեպերի մասին ես՝ իմ համեստ շնորհով, փորձեցի կազմել փոքրիկ պատմվածքներ, որոնք սակայն դուր չեկան Սամվելին՝ «Մելոմանիա» փաբի տիրոջը։ «Մելոմանիա» փաբի տիրոջը, ով վերջին ժամանակներում, պետք է ասել, քայլում է միշտ ժպիտը դեմքին, իսկ նստել գրեթե չի կարողանում՝ երջանկության կատաստրոֆիկ ավելցուկի պատճառով։ Այո։ Սամվելը հիմա ման է գալիս երջանիկ ու անհոգ՝ աջ ու ձախ բաժանելով իր երբեմնի հազվադեպ ժպիտը։

Ճիշտն ասած այս մեղեդիից ես հոգնել եմ։ Ոչ, ոչ։ «Մելկոմանիայում» ամեն բան լսվում է մեծագույն հաճույքով (հաճույքն այդ հիրավի աննկարագրելի է, և ձեզանից շատերը զգացել են դա), բայց մի քանի ամի՞ս։ Ամեն օ՞ր։ Անընդհա՞տ։
Եթե ճար լիներ ես մի կերպ կսպանեի այս դաշնակահարին, ով հիմա նվագում է հենց իմ մեջքի հետևում։ Նվագում է միշտ նույն բանը։ Մի քանի ամիս։ Ամեն օր։ Անընդհատ։
Այդպիսինն է Սամվելի պատվերը։
-Լցրու հարյուր գրամ,-ասում եմ բարմենին։
-Մուսաներիդ ես կորցրե՞լ։
-Ես նրանցից բաժանվել եմ,-պատասխանում եմ։
-Սառույց ավելացնե՞մ,-ասում է։
-Գրողը քեզ տանի, մեկը չկա, որ ջերմացնի իմ հոգին, բոլորն իմ հանդեպ սառն են, իսկ դու ասում ես՝ սառույց…ավելացրու´։
Ծիծաղում է բարմենը։ Լավ է անում։ Ես էլ եմ ծիծաղում։ Իռլանդական վիսկին էլ փափուկ է շատ։
-Էն ի՞նչ թերթ է,-հարցնում եմ։
-«Ժամանակն» է։
-Էդ ու թերթ ե՞ս կարդում, ուրեմն։
-Չէ զուգարանի համար եմ առել։
Մռայլ նայում եմ վրան։
-Կատակում եմ։ Մեջը հետաքրքիր հոդված կա երաժշտության մասին։
-Ի՞նչ։
-Հոդված էլ չէ, էսսեի պես մի բան է։ Գուցե նամակ կամ խոստովանություն։ Դուրս գալիս է, մի քանի անգամ կարդացի արդեն։
-Կարելի՞ է,-ասում եմ՝ մի քիչ խոցված։ Ուրեմն ես «Մելոմանիայի» մասին այդքան գրեմ, ոչ մեկ չկարդա, իսկ այդ ինչ-որ մեկի հոդվածը մի քանի անգամ կարդա՞ն։
-Իհարկե,-ասում է բարմենն ու մեկնում թերթը։ Կարդում եմ.
«Նա է սկիզբն ու վերջը։ Նա հրաշալի է։ Նրա թարմ կուրծքը, նրա հարթ ազդրերը, երկար ոտքերը…Նրա խոր հևոցը շոյում է իմ հոգին, իսկ ժպիտի հեզությունը ստիպում է ինձ կարմրել…»
-Սա երաժշտության մասի՞ն է,-հարցնում եմ բարմենին։ Ծիծաղում է։
-Հա, հա, կարդա´ մինչև վերջ։
Ես կում եմ անում, վառում սիգարետը։ Մեջքիս հետևից դաշնամուրի ձայնն է։ Շարունակում եմ.
«Իմ լավագույն ընկերը, իմ սերը, իմ հույսը, իմ կյանքը։
Նա իմ կողքին է։ Ես գիտեմ, որ նա կա։ Ես լսում եմ նրան, նույնիսկ երբ քնած էմ։ Նրա գանգուր մազերի ելևէջները ես շոյում եմ իմ կոպիտ ափերով։ Աչքերը նրա ծով են։ Ես միշտ կանգնած եմ երկու աշխարհների եզրին և գիտեմ, որ այս աշխարհը չէր կարող նման հրեղեն էակ ծնել իր գորշ ընդերքից…»
Ոճ եմ ասել, մտածում եմ։ Հիմա կսկսեմ լացել։ Նորից եմ կում անում։ Շարունակում եմ.
«Այս աշխարհը, որտեղ նյութն է տերը, և ամենը պտտվում է նյութի շուրջը միայն, չի կարող սնել այսպիսի հրաշք։
Ես գտա նրան երկու աշխարհների եզրին, ուր հին մեխանիզմն է պահում հավասարակշռությունն ու ստեղծում ռիթմի ալիքները։ Ես գտա նրան այն սահմանի վրա, որն անցնելն անկարելի է հասարակ մահկանացուներիս համար։
Իմ աստվածուհին, իմ հրեշտակը, որ հնչում է պիրկ լարերի արանքից, որ տանում եմ հետս լենտերի վրա մագնիսացված, լազերի մեջ խտացված ու թվերով շաղկապված։ Ես սիրում եմ քեզ անդադար, ես քնում եմ քեզ հետ ամեն գիշեր ու ծնվում եմ ամեն առավոտ նորից՝ միայն քեզ լսելու, քեզնով շնչելու ու քո եթերային մարմինը սիրելու։ Դու փրկում ես ինձ այս աշխարհից՝ տալով ինձ քամին մյուս աշխարհի, որի սահմանին ես կանգնած եմ միշտ։
Իմ երաժշտություն, իմ մեղեդի։ Ես սիրում եմ…»։
Մինչ վերջացրեցի կարդալը, կոկորդս նորից չորացավ։ Էլի կում արեցի։ Զգացական է։ Ու ինչքան լավ է հնչում այս տեքստը դաշնամուրից հնչող մեղեդու հետ։ Կարծես լրացնի մեղեդուն։
-Լավն էր,-ասում եմ բարմենին՝ չշտապելով վերադարձնել թերթը։
-Ահա,-ասում է ու ժպտում։
-Իսկ հեղինակի անունը չկա նշված։
-Ճիշտ որ,-ասում է։
Ես նորից եմ կում անում ու նորից կարդում։ Չէ։ Հաստատ շատ լավ է կարդացվում այս մեղեդու տակ։
Դռների մոտ երևում է Սամվելը։ Լայն ու երջանիկ ժպիտը դեմքին։ Պտույտ է գործում սրահում՝ բարևելով մարդկանց։ Դաշնամուրի կողքով անցնելիս ընկերական խփում է դաշնակահարի ուսին։ Մոտենում է բարին։
-Ողջույն ալկոհոլապաշտ հասարակությանը,-ձեռք է առնում։
-Ողջույն, մարդկության ժպտերես զավակ,-կծում եմ ես։
Նրա տեսքը անհանգիստ է։ Մի քիչ էլ տարօրինակ։ Կարծես մենակ չլինի, կարծես հետն ինչ-որ մեկը կա։ Աչքն ընկնում է թերթին։
-Ինչե՞ր են գրում։
-Գրում են, որ ազդրերը հարթ են,-պատասխանում եմ։
Խորամանկ ժպտում է։
-Իսկ երաժշտությունը չե՞ն փոխելու,-հարցնում եմ։
-Չէ,-ասում է՝ լայնացնելով ժպիտը,-երաժշտությունն ինձ հետ է։
-Թարմ կրծքերո՞վ,-հարցնում եմ։
-Կրծքերի հետ գործ չունես,-ասում է ու աչքով անում,-եթե շատ ես ուզում, մի բան գրի, չնայած իմ մրցակցությանը չես դիմանա։
-Դե ես քո ամպագոռգոռ սիրատոչոռությունը չունեմ։
-Առաջին անգամն եմ այդպիսի բառեր լսում,-պատասխանում է։
Նայում եմ փայլող դեմքին, ասում եմ.
-Ուրախ եմ քեզ համար։
-Շնորհակալ եմ։
Նա վեր է կենում ու նորից պտույտ գործում փաբով մեկ։ Հետո հեռանում։ Ոչ մի րոպե չի կարողանում տեղը հանգիստ նստել։
Սիրահարվա՞ծ է։
Նա գնում է, իսկ ես նորից եմ պատվիրում վիսկի։ Անում եմ մեծ կում ու մտածում Մեխանիզմի մասին։ Ինչերի՞ է այն ունակ։ Կարո՞ղ է նա արդյոք նյութականացնել երաժշտությունը։ Մարմի՞ն տալ նրան։
Չգիտեմ։

Monday, March 18, 2013

Բայց դու դրա մասին ոչինչ չգիտես ( Սնկերը տեղափոխեք միայն ճամպրուկներով)


Այդ տիպին ես տեսել էի դեռ սուպերմարկետում։ Այս տիպին, որ հիմա նստած է այգում, դիմացի նստարանին։ Սուպերմարկետում հերթի մեջ նա էլ կար։ Ես տեսա նրան հենց այն պահին, երբ գանձապահ աղջիկը սկաների տակ էր պահում իմ սենդվիչը։ Time Out-սենդվիչը՝ ամենաէժան ուտելիքը՝ նախատեսված դպրոցականների և գործնական կենտրոնի ցածր վարձատրվող աշխատողների համար։ Սենդվիչ, որը ուզում ես հավատալ, պատրաստված է պանրից, ապխտած մսից, բանջարեղենից ու փափուկ դիետիկ հացից։
Տիպը երևի եկել էր հետևիցս ու վեր ընկել դիմացի նստարանին։ Այգում։ Ես լանչ եմ անում այգում։ Այստեղ քեզ համ մաքուր օդ, համ գունագեղ ամբոխ, համ կենսախինդ երեխաներ, համ կյանքի հրաշք…Համ էլ մատուցողներ չկան ու սպասարկման վարձ էլ պետք չէ։ Տիպը նայում է ինձ ուշադիր ու ժպտում է։ Հագին գույնավոր սվիտր է։ Լպրծուն մի տեսակ տիպ է երևում։ Այսպիսինները կարող են իրականում հաճելի թվալ, բայց գործնականում անասուններ լինել: Սակայն, չի բացառվում, որ լինեն նաև արժանի մարդիկ, ու դու անընդհատ քեզ հիմար զգաս նրանց անասունի տեղ դնելու համար։  Տհաճ է, մի խոսքով, այս տիպի առկայությունն իմ հպարտ և միայնակ ճաշկերույթին։ Ես արդեն բացել եմ սենդվիչի պոլիէթիլենային փաթեթն ու սպասում եմ անցնի մի քանի վայրկյան, գոլոշիանան պլաստիկի համային հետքերն ու խրեմ ատամներս դիետիկ հացի մեջ։  Վերջապես անում եմ դա։ Սովածությունից բերանս առատ է թքով։ Առաջին պատառը ես կուլ եմ տալիս միանգամից՝ առանց վայելելու համային երանգները։ Թեպետ և ոչ այնքան նուրբ։ Նուրբ համային երանգներ լինում են կողքի փողոցի ռեստորանում։
Հաջորդ պատառը կուլ եմ տալիս գիտակցված։ Պանիրը, միսն ու կարծես թե սունկը…վատ չէ։ Ուտվում է, այն էլ ինչպես։ Դիմացս նստած տիպն էլ չկա։ Երևի գնացել է իր համար էլ առնի։
-Նուրբ դիետիկ հաց է, չէ՞։ Ցորենը, որից պատրաստվված է հացը աճեցված է եղել Կրասնոդարի մարզում, իսկական ոսկեգույն հասկ է եղել այդ ցորենը…մմմ…կոմբայնավարի անունը Միշա էր, ի դեպ նրա հարևան Վովայի աղջիկն ու իր քրոջ որդի Կոլյան այս դեզի վրա ինչե՜ր են արել երեկ չէ առաջի օրը,-ասում է տիպը՝ արդեն կողքս նստած։ Նրա բազմագույն սվիտրը  մոտիկ հեռավորությունից ծակում է աչքերս։
-Ի՞նչ են արել,-հարցնում եմ։
-Դուք կերեք, կերեք, ուշադրություն մի դարձրեք,-ասում է,-իսկ արել են այն, որ ինն ամիս անց կծնվի Գալյա անունով աղջիկն, ով…թերևս դա կարևոր չէ, մենք դրա մասին ոչինչ չգիտենք։
-Իսկ կոմբայնավարը՞,-հետաքրքիր է, թե էլ ինչ դուրս կտա այս տարօրինակ անձը։
-Կոմբայնավարն այստեղ այնքան կարևոր չէ, որքան այն երկնաքարը, որ տեղական ժամանակով քսան րոպե առաջ ընկել էր լուսնի վրա անտեսանելի կողմից ու առաջացրել թեթև ռադիացիոն ֆոն, որի արդյունքում հիմա մեզանից տասներկու մետր հեռավորությամբ թռչող ագռավի մոտ առաջացրել են մարսողական համակարգի խնդիրներ... իննը, յոթ....հինգ...մեկ....ահա, ես սա էլ ասում էի։
Ագռավի կղանքի մի ահագին գունդ ընկավ ուսիս։ Իմ սիրած շապիկի վրա գրողը տանի։
-Ի՞նչ է սա նշանակում,-հարցնում եմ։
-Իրականում սա ոչ մի բան էլ չի նշանակում, քանի որ դու սրա մասին ոչինչ չգիտես, սակայն այս լաքայի պատճառով, դու չես կարողանա հագնել վաղն այս շապիկը, որի գույնը խիստ բարենպաստ հետևանքներ կունենար նախատեսված գործնական հանդիպման մասնակիցների վրա։
-Ի՞նչ, որտեղի՞ց դուք գիտեք իմ հանդիպումների մասին։
-Իրականում, ես ոչինչ չգիտեմ, սակայն կարող եմ ասել, որ այ այն կինը, որը հիմա ամսագիր է կարդում, տաս տարի առաջ գնել է իրեն բացարձակ պետք չեկող ճամպրուկ, որը նա կնվիրի իր տանը մաքրություն անող մալականուհուն, իսկ մալականուհին կուղարկի ճամպրուկն իր հարազատներին՝ գյուղ, որոնք մյուս անգամ սունկը քաղաք կուղարկեն այդ ճամպրուկով։ Ի դեպ, դրանք հենց նույն մարդիկ են, ում աճեցրած սունկը դու հիմա ուտում ես։
-Ո՞վ եք դուք,-հարցնում եմ արդեն նյարդայնացած ու մի քիչ վախեցած…լավ…ահագին վախեցած։ Ու ուտելս էլ չի գալիս, չնայած լսելու ընթացքում փոքր-փոքր պատառներ եմ անում։ Շատ սոված եմ։
-Իմ անունը հավանաբար քեզ ոչինչ չի ասի, քանի որ իրականում դու ոչ մի բան չգիտես…իսկ ամեն ինչ, հնարավոր է, սկսվել է դեռ տասնիններորդ դարում, երբ այս մալականների ընտանիքը՝ Ֆիլիմոնովները աքսորվեցին Հայաստան, իսկ Սերոֆիմ Ֆիլիմոնովի եղբայր Միխայիլը ճանապարհի կեսին փախավ գնչուների հետ դեպի արևմուտք, հասավ մինչև Ավստրիա, որտեղ անցավ գործի Լայնբեռգ անունով ֆերմերի մոտ, որի ընտանիքին պատկանող կովի կաթից պատրաստված պանիրն էլ դու հենց հիմա ուտում ես։
-Այ քեզ բան...
-Գլուխդ մի վերցրու, քանի որ դու դրա մասին ոչինչ չգիտես։ Իսկ այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ գնչուհու անունը, ում սիրահարված էր Միխայիլը՝ Լեյլա էր, ու հենց նրա պատճառով էր Միխայիլը փախել իր եղբայր Սերոֆիմից։ Լեյլան իր տաբորի հետ հասել էր մինչև Բուլղարիա, այնտեղ նստել նավ ու անցել Ստամբուլ…օօօօ, մեծն Կոնստանդնուպոլիս։
-Ասացեք, ո՞վ եք դուք։
-Ստամբուլում էլ նա հենց ծանոթացել էր քո ապուպապու հոր՝ Կարապետի հետ։ Ի դեպ՝ հենց Լեյլային ես դու պարտական ցուցամատիտ վրայի խալով։ Ժառանգություն է։ Հետաքրքիր է, Ճի՞շտ որ։ Բայց դու սրա մասին ոչինչ չգիտես։
-Բայց…
-Բայց ինչն իրոք ապշեցնում է՝ կոմբայնավար Միշան հետաքրքրվում է իր տոհմածառով և մոտակա շաբաթվա մեջ կայցելի Հայաստան՝ գտնելու իր հեռավոր ազգականներին՝ Ֆիլիմոնով մալականներին։
-Ի՞նչ եք դուք պատմում, գրողը տանի։
-Այն ինչի մասին մենք ոչինչ չգիտենք, ինչպես այն, որ սենդվիչի փշրանքները կհասնեն հենց այն առնետին, ով կփորձի անցնել Արամի փողոցը վաղը՝ 13:47-րդ րոպեին՝ հենց այն պահին, երբ նույն փողոցը կանցնի Կառա Մարգարյանը՝ քո երկրորդ կինը, որի մասին դու ոչինչ չգիտես։
-Իսկ ի՞նչ կապ ունի իմ երկրորդ կինը մալականների հետ։
-Նա քո  Time out սենդվիչի բաղադրատոմսի հեղինակն է։ Լավ սենդվիչ է, սակայն շատ թանկ է նստում ալպիական պանիրը։ Նրա բաղադրատոմսը երկու շաբաթից կճանաչեն անընդունելի, ինչի հետևանքով նա  կազատվի աշխատանքից, կխմի ընկերուհու ծնունդի ժամանակ ու կքնի Գեղամ անունով տղայի հետ...չնայած, դու դրա մասին ոչինչ չգիտես։
-Իսկ նա գոնե սիրու՞ն է։
-Հարգելիս, երբ գլխիդ ուղղաթիռ է ընկնում, ժամանակ չկա հարցնելու՝ սիրուն է արդյոք երկրորդ կինդ։
Ուղղաթիռը երևաց դիմացի մայթի բարձրահարկի հետևից։ Այն թռչում էր՝ պոչից սև թանձր ծուխ թողնելով։ Թիակները պտտվում էին անչափ դանդաղ։ Ուղղաթիռը ընկնում էր անձայն։ Այն անցավ շենքի վրայով՝ անընդհատ կորցնելով բարձրությունը և ընկավ ուղիղ փողոցի մեջտեղում՝ ասֆալտի վրա։ Հետևեց պայթյունը։
-Կռացի՜ր,-ասաց ինձ գույնավոր սվիտրով տիպը,-իսկ ուղղաթիռն ընկավ, որովհետև Գեղամն այն լիցքավորել էր կերոսինով, որի մեջ զարմանալի կերպով առկա էին արտասովոր կեղտեր՝ մասնավորապես տավարի թրիք...ի դեպ՝ հենց այն տավարի, որի ապխտած միսը դու քիչ առաջ կերար։ Եվ դա այն պայմաններում, երբ տավարն այդ ապրել է Նեպալում ու անձամբ տեսել է Դալայ Լամային դեռ 2004 թվականին։ Ափսոս, որ դու դրա մասին ոչ մի բան չգիտես...
Պայթյունը խլացրեց ինձ։ Մի քանի խոշոր բեկորներ թռակ կողքովս։ Ես տեսա թե ինչպես է փախչում ամսագիր կարդացող կինը, բայց տեսադաշտից կորցրեցի գույնավոր սվիտրով տիպին։ Ես վերադարձա աշխատանքի ապշած ու խլացած։ Բարեբախտաբար մեր գրասենյակը չեր վնասվել ուղղաթիռի վթարից։ Ես ունեի ցրված ու շփոթված տեսք։ Տնօրենն ինձ ուղարկեց տուն։ Ես գնացի ու քնեցի։ Առավոտյան կարդացի լուրերը։
« Երեկ կեսօրին մոտ պարզ է դարձել, որ Time out սենդվիչների մեջ հայտնաբերվել են թունավոր հալյուցինոգեն սնկեր։ Թունավոր բաղադրիչով սենդվիչների խմբաքանակն արդեն տարածված է եղել Երևան քաղաքի բոլոր խոշոր սուպերմարկետներում, սակայն շնորհիվ ճիշտ կազմակերպված գործողություների հաջողվել է հետ կանչել սենվիչների մեծ մասը։ Թունավոր ուտելիքը համտեսած քաղաքացիների մասին հաղորդագրություններ դեռ չկան։ Ինչպես հայտնվում է, Time out սենդվիչների արտադրման պատասխանատու Կառա Մարգարյանն արդեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից»։

Sunday, February 17, 2013

Flores mortis


Աշխատանքային ժամն ավարտվել էր: Քաղաքի բոլոր գործարանները միացրեցին տագնապի ահազանգ հիշեցնող ազդանշանները` դուրս հրավիրելով բանվորներին գործարանների տարածքներից: Քաղաքի բոլոր ծայրերից վեր խոյացող հսկայական ծխնելույզները փոխեցին իրենց ծխի գույնն, ու երեկոյան քաղաքն ընկղմվեց դեղնագույն ծխի մշուշի մեջ: Գալա Վան Հենցը` հասնելով գործարանի պահակակետին, ցույց տվեց իր պայուսակը: Պահակը, որ միաչքանի, թոքախտավոր և սևացած ատամներվ տղամարդ էր, չռեց աչքը պայուսակի մեջ` համոզվելու համար, որ այնտեղ չկան որևէ հաբեր, բացի օրվա հասանելիք չափաբաժնից: Այդպիսիք չկային, և պահակը բացեց դուռը` ճանապարհ տալով Գալային դեպի կեղտոտ փողոցը:
Գալան, առանձնանալով գործարանից դուրս եկող մյուս բանվորներից, քայլերն ուղղեց խաչմերուկից դեպի ձախ` անընդհատ հազալով և թքելով: Թուքը նրա արնախառն էր, իսկ առանձնապես ուժեղ հազից հետո դուրս էին ժայթքում լերդացած արյան գնդեր և խորխ: Գալան ուզում էր անցնել հաջորդ փողոցը, երբ սկսեց հնչել դեղանյութեր փոխադրող բեռնատարի արգելակների ձայնը: Մաշված անվադողերը սահում էին փշոտ ասֆալտի վրայով սարսափելի ոռնոցով: Վարորդը փորձում էր ավելի ամուր սեղմել արգելակման ոտնակը` հրելով այն թարախաբշտիկներով պատված բոբիկ ոտքով: Գալան անցնում էր փողոցը առանց գլուխը դեպի բեռնատարը դարձնելու: Ահագին մեքենան սահում էր արդեն կողքանց` անիվների տակից արձակելով վառվող ռետինի ծուխը:
Բեռնատարը կանգնեց, երբ Գալան արդեն անցել էր մյուս կողմն ու իր անվստահ փոքր քայլերով շարունակում էր ճանապարհը դեպի տուն: Նա շտապում էր իր տուն` հասնելու որդու ծննդյան տարեդարձին: Իսկ ազդրի վրա` գուլպայի մեջ, նա տանում էր որդու համար հայթայթած ամենալավ նվերը: Նա քայլում էր` զգալով գուլպայի արանքում պահված ծանրությունը: Նրան բացի հազից ցնցում էին վախի զգացումն ու պարծանքը, որ կարողացել է խաբել պահակներին: Հուզումից արագացել էր նրա արյան շրջանառությունը, և սովորաբար սպիտակ այտերը թեթև կարմրել էին:

Շենքը, որտեղ ապրում էր Գալա Վան Հենցն իր որդու հետ, ուներ ընդարձակ ֆոե: Ֆոեյում էր գտնվում մեծ հեռուստացույցը: Հարևաններից շատերն իջացրել էին իրենց անկողինները ֆոե, որտեղից երեկոյան միասին նայում էին շոուն: Շոուն հեռարձարկվում էր ուղիղ եթերում: Շոույին մասնակցում էին ամենահաջողակ մարդիկ, որոնք կարողանում էին մահվան աննկարագրելի ակնթարթներն ապրել ողջ քաղաքակիրթ մարդկության աչքի առջև` ուղիղ եթերում` բոլորի համար: Շոուն վարում էր Պոլ Տեր-Ռեյնը` հաշմանդամային սայլակի մեջ նստած: Նրա ոտքերը կտրել էին երկու ամիս առաջ` գանգրենայի պատճառով: Ասում էին, որ գանգրենան շարունակվում է տարածվել նրա մոտ, և շուտով բժիշկները կկարողանան հեռացնել նրա ստորին վերջույթները մինչև կոնքոսկրները: Պոլ Տեր-Ռեյնի գլուխը, որ մազազրկված էր թանկարժեք հաբերի շնորհիվ, զարդարված էր նաև խնձորաչափ բարորակ ուռուցքով, որ իր սեփական ծանրության տակ պոչի պես կախվել էր ականջի հետևից:
Պոլ Տեր-Ռեյնը ներկայացնում էր շոույի մասնակիցներին` երկարացնելով նրանց անունները: Դրանք հիմնականում տարեց մարդիկ էին, որոնք զրկված էին այս կամ այն օրգանից: Նրանցից շատերը կարողանում էին իրենց թույլ տալ ամենալավ հաբերը: Որակյալ հաբերն արագացնում էին քայքայիչ պրոցեսներն ավելի լավ քան հասարակները և պարունակում էին  իրենց մեջ ռադիոակտիվ մասնիկներ, որոնք ակտիվացնում էին բջիջների ծերացումը: Հինգշաբթիօրյա շոույի «Մահվան դարպասն» էր բացառիկ գիլյոտինը: Ուղեկցելով առաջին երջանիկ մասնակցին դեպի այդ «դարպասը»` Պոլ Տեր-Ռեյնը գոչում էր` «Բռավո~, բռավո~, ես քեզ նախանձում եմ, ես քեզ նախանձում եմ, գրողը տանի, ես նախանձում եմ»:
-Գալա Վան Հենց, արի մեզ հետ դիտենք շոուն,-դիմավորեց Գալային  հարևաններից մեկը, որ ուներ աղային կուտակումներ բոլոր հոդերում և չէր կարողանում շարժվել,-արի, արի նայենք, դու երբեք չես նայում:
Գալան պատասխանեց նրանց սպասողական հայացքներին հազիվ նկատելի  գլխի շարժումով ու անցնելով նրանց անկողինների արանքով` բարձրացավ մի հարկ վեր` իր բնակարան:
-Իսկ դու միշտ մոռանում ես, որ նա չի դիտում շոուն,-ասաց մյուս հարևանը և այլայլվեց: Նրա դեմքի մկանները ձգվեցին, նրա աչքերը հետ գնացին, բերանին փրփուր հավաքվեց և նա ընկավ գետնին: Ջղաձգված մարմինն անհեթեթ շարժումներ էր կատարում: Փրփրած բերանից լսվում էր խռռոցը:
-Էլի մի քանի հաբ ու նա վերջապես կմահանա,-ասաց ինչ-որ մեկը:

Գալա Վահ Հենցի որդին քնած էր: Նրա շնչառությունը թույլ էր: Աչքերի տակ կապտած էր: Շուրթերը կապույտ էին նույնպես: Նa շնչում էր դժվարությամբ: Գալան նայում էր որդուն: Այսօր նրա ծնունդն էր: Գալան կարողացել էր բերել նրա համար նվեր: Հնարավոր է` ամենաթանկարժեք նվերը: Քիչ հետո, երբ որդին կարթնանա ու հերթական անգամ կսկսի փսխել, Գալան կշնորհավորի նրան ու կտա իր նվերը: Գալայի այտերը չէին կորցնում իրենց կարմրությունը: Նա սկսեց հազալ, ու երկար հազից հետո աչքերը նրա լցվեցին արցունքներով: Գալան գնաց լոգարան: Հաբերի փաթեթավորման արտադրամասում աշխատելուց նրա ձեռքերի մաշկը քայքայվել էր: Ափերը ճաքճքված էին խորը կնճիռներով: Նա հանեց իր զգեստը` մնալով միայն գուլպաներով: Գալան բարձրացրեց ոտքը վաննայի վրա: Կնճռոտ ձեռքերով իջեցրեց գուլպան: Հատ գնացած նեյլոնե գուլպան սահեց չոր մաշկի վրայով: Դեղնավուն մաշկի տակից երևում էին կապույտ տրոմբային խցանումներով երակները: Պլաստիկ ծրարն ընկավ բետոնե հատակին: Որդու համար բերված նվերը: Միանգամից քսան հաբ: Այդքանը հերիք է` երեխային ապահով մահ նվիրելու համար: Գալան վերցրեց ծրարն ու դրեց լվացարանի վրա: Միացրեց ծորակը: Սառը ժանգոտ ջրով լվացվեց: Նայեց իրեն հայելու մեջ:
Ապահով մահ: Դա նա կարող է այսօր նվիրել իր միակ որդուն, միակ հարազատ մարդուն: Ռիսկի գնով, վախի գնով ձեռք բերված նվերը:
Գալան ձեռքերը պարզեց ծորակի տակ, հավաքեց ափերի մեջ ժանգաջուրն ու նորից ցայեց դեմքը:
Լսվեց երեխայի ձայնը: Նա տնքում էր: Գալարվում էին նրա աղիքները` կերակրափողով դուրս մղելով ստամոքսի պարունակությունը: Գալան հագավ ատլասե  ծակծկված խալաթը: Պլաստիկ ծրարը թաքցրեց խալաթի փոքրիկ գրպանում:
Որդին նստած էր մահճակալի վրա: Մեջքին հստակ երևում էին ողերը`գաճաճ սապատների պես:
-Ես սիրում եմ քեզ,-ասաց Գալան:
-Մայրիկ:
-Ծնունդդ շնորհավոր,-ասաց Գալան:
Երեխան դողաց: Աչքերը կլորացան: Ոսկոռների վրա կիպ նստած կաշին էլ ավելի նեղացավ` ի ցույց դնելով ողջ կմախքը: Երեխան նորից հետ տվեց:
-Ինչ եմ նվեր ստանալու, մայրիկ,-հարցրեց նա շունչը վերականգնելով:
-Այս տարի էլ ոչինչ, որդիս...ներիր ինձ:

Monday, February 4, 2013

ՇՏԱԲ «Z»


Շտաբի առջև հերթ էր: Գրեգոր Թազյանը կանգնած էր հերթի մեջտեղում: Անձրևն իջնում էր հավաքված մարդկանց վրա հավասար, միապաղաղ տեմպով: Անձրևի տակ հավասար էին բոլորն ու հավասար էին նաև այս հերթում կանգնածները: Ժամանակ առ ժամանակ բացվում էր շտաբի դուռն ու հերթի առջևում կանգնածը ներս էր մտնում:
Հերթն առաջ էր գնում դանդաղ: Շտաբի կտուրից մինչև առաջին հարկի լուսամուտները կախված ցուցանակը զգուշացնում էր, որ բոլոր մարդկանց սպասվում է արժանապատիվ ապագա, ապահով սահմաններ և իրական հնարավորություններ: Ցուցանակի վրա նաև դիմանկարի ուրվագծեր էին` երկրի դրոշի գույներով: Դիմագիծը նայում էր նարնջագույն աչքերով ու ժպտում կարմիր խորամանկ շուրթերով: Գրեգոր Թազյանին կլանել էին թերևս հենց այդ կարմիր և խորամանկ շուրթերը, երբ նա շտապում էր աշխատանքի` առանց իմանալու, որ գործի տանող իր մշտական ճանապարհի վրա բացվել է Շտաբը:
Գրեգոր Թազյանը քաշել էր գլխին կապիշոնը: Բացի նրանից բոլորը գլխաբաց էին: Միայն մի քանի հոգի ունեին հովանոցներ: Թազյանը նայում էր ցուցանակի կարմիր, խորամանկ շուրթերին: Դրանք ժպտում էին կախարդող խորհրդավորությամբ, խոստանում էին երկար սպասված հանգիստ ու անդորր: Հերթն առաջ էր շարժվում դանդաղ: Շտաբ էին մտնում առջևից կանգնածները: Հերթն առաջ էր շարժվում: Ամեն քայլով ավելի մոտիկ էր դառնում ցուցանակն իր եռագույն դիմանկար-ուրվագծով: Գրեգոր Թազյանը կտրեց հայացքը նրանից ու նայեց դեպի Շտաբի դուռը: Դռան վրա նույնպիսի ցուցանակ էր` ավելի փոքր: Հենց այդ պահին նորից բացվեց դուռն ու առջևում կանգնածը մտավ ներս: Գրեգորը փորձեց տեսնել, թե ով դուրս եկավ ներսից: Նա կանգնեց թաթերի վրա ու երկարեցրեց վիզը: Հերթն առաջ էր շարժվում: Նրան հրեցին: Գրեգորն ընկավ: Անձրևի միապաղաղ կաթիլները հարվածեցին դեմքին: Նա ոտքի ելավ: Նայեց հերթին: Այն կանգնած էր լուռ` երկար շղթայով: Գրեգոր Թազյանը փորձեց կանգնել իր տեղը: Չստացվեց: Հերթն առաջ էր շարժվում: Նրա տեղը զբաղված էր: Նա փորձեց տեղ գտնել մի քիչ հետևում: Բացվեց Շտաբի դուռը: Առջևում կանգնածը մտավ: Հերթն առաջ էր շարժվում: Գրեգոր Թազյանը հետ էր մնացել: Նա քայլեց հետ: Մի քանի անգամ փորձեց խցկվել հերթի մեջ: Հերթն առաջ էր շարժվում: Տեղ չկար: Գրեգորը նայեց ցուցանակի դիմագծերին: Կարմիր բերանը ժպտում էր: Ժպիտը ձգում էր նրան: Գրեգորը քայլեց դեպի հերթի ծայրը: Զբաղեցրեց վերջին տեղը: Հեռու` առջևում, բացվեց դուռը: Ինչ-որ մեկը ներս մտավ: Հերթն առաջ էր շարժվում:
Ցուցանակի դիմանկար-ուրվագիծը նայում էր նույն արտահայտությամբ: Մթնելուն պես այն լուսավորվեց  փոքրիկ, բայց հզոր լուսարձակներով: Լուսարձակների լույսի տակ շարունակում էր մաղել միապաղաղ անձրևը: Կարմիր բերանը ժպտում էր խորամանկ և գոհ: Կարմիր շուրթերից ծորում էր կարմիր ներկը` վերածելով բերանը արյունարբու և գոհ ժպիտի:  Գրեգոր Թազյանը լսում էր կապիշոնին հարվածող կաթիլների ձայնը: Հերթում մնացել էին երկու հոգի: Դուռը բացվեց: Առջևում կանգնածը ներս մտավ: Գրեգոր Թազյանն առաջ քայլեց: Ցուցանակը լուսավորող  լուսարձակները մարեցին: Դռան վրա հայտնվեց նոր ցուցանակ` «Փակ է: Աշխատանքային ժամերը` 08:00-20:00»:
Գրեգոր Թազյանը մնաց դռան առջև կանգնած: Մարմնով անցավ դող: Հագուստն ամբողջովին թաց էր: Գրեգոր Թազյանը նայեց շուրջ բոլորը: Շտաբի հետևից ձայներ լսվեցին: Անվստահ քայլերով Թազյանը գնաց նրանց ուղղությամբ: Շենքի հետևում կանգնած էր բեռնատարը: Գրեգորը տեսավ բեռնատարի վրայի գրվածքը` «Z media»: Բռնատարի մեծ դուռը բաց էր: Մաշված կոմբինիզոններով երկու հոգի արկղեր էին հանում Շտաբից ու բարձում բեռնատարի մեջ: Արկղերի մեջ լորձոտ, լպրծուն զանգված էր` մոխրագույն և արնախառն: Գրեգոր Թազյանը նմանեցրեց դրանք ընկույզի միջուկների: Բանվորները վերջացրեցին իրենց աշխատանքն ու նստեցին բեռնատարը: Այն գործի ընկավ ու գնաց` թողնելով իր հետևից ծխի ամպ:
Բացվեցին Շտաբի հետնամուտքի դարպասները: Դուրս եկան մարդիկ: Նրանք ունեին ապահով և երջանիկ տեսք: Նրանք ունեին հնարավորություն ապրել հանգիստ և հարմար: Նրանցից շատերին ճանաչեց Գրեգոր Թազյանը: Դրանք իր հերթակիցներն էին: Դարպասներից անդադար դուրս եկող ամբոխը ցրվում էր քաղաքով մեկ: Գրեգոր Թազյանը խառնվեց նրանց ` զգալով իրեն անապահով և դժբախտ:

Wednesday, January 30, 2013

N2O


Բժիշկ Հակոբյանը լվանում է ձեռքերը: Հստակ, ավտոմատացված շարժումներով մանրակրկիտ լվանում է ձեռքերը: Լվացարանի մեջ արյան կաթիլներն արագ լուծվում են ջրի հետ և հոսում կոյուղու ժանգոտ խողովակները: Բժիշկը նայում է իրեն հայելում: Աչքերը հոգնած են, դեմքը կնճռոտված: Իսկ վիրահատտությունից առաջ այդ կնճիռները չկային: Նյարդային աշխատանք է: Մանավանդ, երբ աշխատանքն այդ չի ստացվում:
Նա մտածում է վիրահատարանից դուրս գալու մասին: Ի՞նչպես դա կստացվի նրա մոտ: Կհաջողվի՞ խուսափել հիվանդի….արդեն հանգուցյալի հարազատների հետ շփումից: Ե՞րբ կկարողանա մի քիչ հանգստանալ: Գուցե հիմա նրան սպասու՞մ է անաստեզիոլոգ Դավթյանը` իրենց գաղտնի սենյակում` յոթերորդ հարկում:
Պետք է խուսափել աղջկա հարազատների հետ հանդիպումից: Խուսափել:
Բժիշկ Հակոբյանը չորացնում է ձեռքերը բաց կապույտ վաֆլիանման սրբիչով: Շարժումները մեքենայական են, ավտոմատացված, նա չորացնում է ձեռքերը ջրից ու արյան կաթիլներից: Չորացնում է ձեռքերը մահից: Երևի մահն ամենասարսափելի բանն է աշխարհում: Ոչ աղքատությունը, ոչ հիվանդությունները, ոչ մի բան, ոչ նույնիսկ ուրիշ մարդկանց, հարազատ մարդկանց մահը: Մահը սարսափելի է:  Չնայած, նա սխալվում է: Հարազատ մարդ կորցնելն ավելի սարսափելի է: Հիմա նա դուրս կգա վիրահատարանից ու կհանդիպի աղջկա ծնողներին: Ինչ պետք է ասի նրանց: Կա ավելի սարսափելի բան հիմա աշխարհում, քան  այս աղջկա ծնողները: Երևի չկա:
Նա կախում է սրբիչն ու բացում դուռը: Նա պատրաստ է բացասական շարժել գլուխը: Կներե՜ք: Ես չկարողացա: Ես հանձնվում եմ: Տեսեք` ես ասում եմ` չէ՜: Ես աջ ու ձախ եմ տանում գլուխս: Չէ՜: Չստացվե՜ց:
Նրա քայլերը հանգիստ են: Նա անցնում է հարազատների կողքով: Բոլորը նրան դիմավորում են լուռ: Միայն մի քանի քայլ հեռանալուց հետո նա լսում է աղջկա մոր ձայնը: Դա լաց չէ: Դա ոռնոց չէ: Դա հեկեկանք չէ: Դա իսկական կենդանական ձայն է: Հակոբյանն արագացնում է քայլերը Նա անցնում է դեպի հարավային մասնաշենք տանող նեղ միջանցը: Այստեղ նա միայնակ է: Այստեղ նրան ոչ ոք չի հետապնդի: Հարավային թևում չկան վիրահատարաններ: Նրա քայլերն արագ են: Նա ունի վճռական տեսք: Նա դուրս է գալիս նեղ միջանցքից ու հայտնվում թերապեվտիկ բաժնում: Այստեղ մարդաշատ է: Այստեղ մարդաշատ է ինչպես տոնավաճառում: Պատերի տակ նստած են ծերունիներ: Ու պառավներ: Այս ծերունիներն ավելի լավ տեսք ունեն քան պառավները: Նրանք ժամանակին եղել են երիտասարդ և աշխույժ, իսկ հիմա օրերն անցկացնում են հիվանդանոցների պատերի տակ նստած: Գրողը տանի: Հակոբյանը տեսնում է  կապտած շուրթերով տղայի: Նրա աչքերը մեծացած են, քիթը վարդագույն է, իսկ շուրթերը կապտած են: Նրա աչքերում տանջանք է: Իսկ ինչպես է զսպում որովայնի ցավն այն կինը: Նրա դժբախտությունն այս պահին գրված է դեմքին: Ինչքան շատ է տառապանքն այս աշխարհում, ինչքան շատ է դժբախտությունը:
Հակոբյանը քայլում է վերելակի մոտ:
-Բարձրանում եք յոթերորդ հա՞րկ,-հարցնում է նրան մեծ սեյլակը հրող բուժքույրը:
-Այո…
-Կօգնե՞ք տանել նրան 723 սենյակ, նա ծանր է:
Հակոբյանն օգնում է վերելակ քաշել սայլակը: Հիվանդանոցային սպիտակեղենի մեջից երևում է նիհար, ալեհեր տղամարդու գլուխը: Նա նայում է բացակայող աչքերով: Նա սկսում է տնքալ: Ողջ ճանապարհին նա տնքում է իր անտանելի ցավի պատճառով:
Ինչքան ծանր է դժբախտությունըմ, մտածում է բժիշկ Հակոբյանը:

***

-Շատ լավ ա,աաա, հիմա ես լավ եմ:
-Բա…բա, եղբայր, ամեն ինչ սխալ է այս կյանքում, ամեն ինչ այնպես չէ, все не так, ребята:
-Ի՞նչն այդպես չէ, հենց հիմա ամեն ինչ հենց էնպես է, ինչպես, որ պետք է լինի,-ասում է Հակոբյանը` խորը շունչ կատարելով,-հիմա ես երջանիկ եմ: Հաա՜հ աահ, լուրջ եմ ասում, այ հիմա, այ հիմա...այյյյ, այ հիմա ես երջանիկ եմ:
-Դրա մասին չեմ ասում,-պատասխանում է Դավթյանը` վերցնելով դիմակը
-Բա՞:
-Ես գլոբալ եմ ասում: Շատ է կյանքում դժբախտությունը, շատ, ուրախությունն էնքան չէ, ինչքան դժբախտությունը...
-Չկա դժբախտություն, կորչի դժբախտությունը,-Հակոբյանը նորից խորը շունչ է կատարում:
-Դու գոնե մի ասա, որ ներս մտար, նման էիր Դոն Կիխոտին:
-Ո՞վ, ե՞ս:
-Չէ, գլխավոր բժիշկը,-Դավթյանը նույնպես խորը շնչում է ու սկսում ծիծաղալ ցածր, խեղդվող ձայնով:
-Դավթյան, ես կգժվեի, եթե չլիներ սա...
-Դե ես հենց դա էլ ասում եմ, հենց դրա մասին էի ուզում պատմել: Գրում են, որ սկզբում ամեն ինչ չի նախատեսված եղել այսպես ու ամեն ինչի մեղավորը օդն է: Ժամանակին եղել է այլ կերպ, այն ժամանակ, երբ եղել են շատ կայծակներ, դա պարզված բան է, ժամանակին եղել են շատ ուշժեղ կայծակներ, ու օդն այլ բաղադրություն է ունեցել...
-Ուրի՞շ,-հարցրեց Հակոբյանը նորից խորը շունչ քաշելով:
-Ահա, մեր մոլորակի օդը մարդու դժբախտությունների հիմնական, ես կասեի նաև միակ աղբյուրն է, իսկ գիտնականները պարզել են, որ Սառցե ժամանակաշրջանի ավարտին մոտ եղել են կլիմայական փոփոխություններվ պայմանավորված արտասովր ուժի կայծակներ, որոնք շարունակվել են մի քանի տասնյակ տարի...
Հակոբյանը ծիծաղում է բավականին երկար ու լռում է, ինչից հետո թվում է, թե քնել է:
-Հակոբյան, զարթնի՜ր:
-Կներես, էնպես ծիծաղեցի, որ քնեցի, դու դուրս ես տալիս, ինչ կապ ունեն մամոնտներն ու մարդկային դժբախտությունը...
-Նախ` մամոնտը դու ես, ու երկրորդ` լկան ապացույցներ: Կան շատ  ժայռապատկերներ, որոնց հոգեբանական վերլուծությունը թույլ է տալիս կարծելու, որ դրանք նկարողները եղել են կատարյալ երջանիկ, դրանք կիսավայրենի մարդիկ են եղել, բայց ամբողջովին երջանիկ, գիտնականները ենթադրում են, որ պատճառը կայծակների մեջ է: Անդադար կայծակների պայմաններում հնարավոր է ազոտի օքսիդի այնպիսի քանակություն առաջանա… ես շատ երկար եմ խոսում, հա՞: Հակոբյա՞ն, քնեցի՞ր:
Վիրաբույժը քնել է: Դավթյանը կանգնում է` բռնվելով բալոնից, որին թիկն էին տվել ինքն ու Հակոբյանը: Պտտեցնում է բալոնի փականը, պառկացնում է Հակոբյանին սենյակի անկյունում դրված սայլակի վրա ու մոտենում լուսամուտին: Լուսացող խավարի մեջ արթնանում է քաղաքը: Ծանր սև ամպերը կախված էին բարձրահարկերի վրա հսկայական քուլաներով: Դավթյանը կլամաց միացնում է լուսամուտագոգին դրված ռադիոն:
“…ջերմաստիճանը սպասվում է 12-13 ըստ Ցելսիուսի: Սպասվում է անձրև: Կձեռնարկվեն միջոցներ քաղաքի տարածքում կայծակներից խուսափելու համար…”

1, նկարը վերցված է http://finam.info/news/teper-fskn-hochet-zapretit-prodagu-veselyashego-gaza/ հղումից.