Saturday, December 29, 2012

100-րդը


Раз два три четыре пять
Вышел зайчик поиграть

Ժամանակին կային երկաթի կտորները: Ի նկատի ունեմ E տառի նման երկաթի կտորները: Դրանք մարտկոցների մասեր էին, որոնք ինչ-որ պատճռով հայտնվել էին փողոցներում, ավտոտնակների հարևանությամբ, շենքերի մուտքերում և նույնիսկ թփերի մեջ: Այս պատմությունը, որը պատմություն է կանանց, երաժշտության և այլմոլորակայինների մասին, սկսվել է այդ երկաթներից: Ի նկատի ունեմ հենց այդ E-ակերպ ժեշտի կտորները:
Եթե դուք ծնվել եք 80-ականների վերջերին և ձեր ծնողները չեն եղել գրին քարտ շահած հաջողակներ կամ տարբեր տրամաչափի պաշտոնյաներ, ապա դուք ունեցել եք խաղալիքների պակաս: Որպես խաղալիք այդ տարիներին կարող էին ծառայել բոլոր առարկաները, այդ թվում արճիճի բեկորները, ապակու կտորները, ծառի ճյուղերը, դատարկ պլաստիկ շշերը, ծակ անվադողերն ու E-ակերպ երկաթները: Վերջիններով հնարավոր էր սարքել ռոբոտատիպ հումանոիդներ, բումերանգներ, տանկեր: Դրանցով կարելի էր փորել հողը, սրել ծառի ճյուղերն ու պետք եղած ժամանակ` ինքնապաշտպանվել: Գրողը տանի` E-անման ժեշտի կտորներն ուղղակի անփոխարինելի էին: Ես չեմ կարող պատկերացնել իմ մանկությունն առանց այդ երկաթիկների: Ես ունեի մի քանի հազար վարկած, թե որտեղից էին դրանք հայտնվել ու այդ վարկածներից մեկն էր այլմոլորակային տիեզերանավի դետալներ լինելը: Ուզում եք հավատացեք, ուզում եք չէ, բայց այդ վարկածը հաստատվեց: Մի օր, արի ու քֆուր մի տուր, այդ E-ակերպ ժեշտերը վերցրեցին ու անհետացան: Հենց այդպես: Ու ոչ քեզ բումերանգներ, ոչ քեզ հումանոիդ ռոբոտներ ու ոչ էլ քեզ մանկություն: Այլմոլորակայինները հաստատ հետ են հավաքել իրենց դետալները,-եզրակացրել էի ես այն ժամանակ: Իսկ ինչքան էր այդ եզրակացությունը ճիշտ....Համեստաբար լռում եմ:
Բայց մեկ անգամ էլ եմ ասում` E-ակերպ ժեշտերն ամենալավ խաղալիքներն էին:


-Кто там?
-Это я, почтальен Печкин, принес заметку, про вашего мальчика!

Ես սարսափելի ստախոս եմ:Ես այդ պատճառով երբեմն տառապում եմ, որովհետև հաճախ չեմ կարողանում զսպել ինձ ու սկսում եմ դուրս տալ ամենաանհավատալի զառանցանքը: E-ակերպ ժեշտերի դարաշրջանը չէր ավարտվել, երբ ես իրականացրեցի իմ ստախոսական մեծագույն պռոեկտներից մեկն ու համոզեցի բակի մյուս երեխաներին, որ ես այլմոլորակային եմ: Այդուհետ ես սկսեցի խաղալ երկակի դեր: Մի օր խաղում էի ինքս ինձ, մյուս օրը խաղում էի այլմոլորակային ու այդպես մեկ ամիս շարունակ: Հետո ես հոգնեցի ու հայտարարեցի այլմոլորակային Ես-ի հեռանալն ու վերադարձա գորշ առօրյային (գորշ բառն այստեղ խիստ հարաբերական է, քանի որ, եթե չեք մոռացել, այս դեպքերը տեղի էին ունենում պատմական այն հատվածում, երբ դեռ կարելի էր գետնին գցված տեսնել E-ակերպ ժեշտի կտորները): Այս դեպքը եղավ նախադեպ: Այս ստախոսությունը հիմք դրեց այս պատմությանը, որը կանանց, երաժշտության և այլմոլորակայինների մասին է:


-Вставай дурак, одевайся дурак, пойдешь дурак к царю дурак!!!


Օրեներն իմ դատարկ էին ու ձանձրալի: Չկա ու չի եղել ավելի տաղտկալի բան քան դպրոցը ու չի եղել ավելի մեծ հիմարություն քան դպրոցական զանգը: Չկային այլևս E-աձև երկաթները, դրանց փոխարինել էին ուղղանկյունաձև դասագրքերն ու գրեթե քառակուսի տետրները: Անխիղճ դաժանությամբ էին անցնում դասաժամերի քառասունհինգ րոպեներն ու հոգին իմ երազում էր երաժշտության մասին: Միայն երաժշտությունն էր, որ կարող էր մխիթարել հանրահաշվից ու ֆիզկուլտուրայից հոգնած իմ անարատ հոգին: Ես սիրում էի երաժշտությունը, ինչպես սիրում են բանտախցի միակ լուսամուտը: Ես նայում էի երաժշտությունից դուրս ու տեսնում մի այլ ընդարձակ ու կատարյալ աշխարհ, որն այնքան հարազատ էր ինձ: Ամբողջ օրերով ես նստում էի մագնիտոֆոնի կամ ռադիոյի կողքն ու նայում այդ լուսամուտից: Ես նայում էի այնքան ժամանակ, մինչև չէր հայտնվում իրականության սև շողքն ու կոչ անում ինձ վերադառնալ դասերին: Այդ ժամանակ արդեն սկսվեց այս պատմությունը, որը պատմություն է կանանց, երաժշտության և այլմոլորակայինների մասին:


-Эх вы, серость! Это же бубль-гум!


Իմ Grundig երաժշտական կենտրոնը նման էր այլմոլորակայինի գլխի: Դինամիկները նման էին մեծ աչքերի, թվային ցուցատախտակը նման էր քթի, իսկ ալեհավաքը` ականջի: Այն քրոջս նվերն էր:
Grundig երաժշտական կենտրոնը բացեց իմ աչքերը դեպի էլ ավելի մեծ ու պայծառ աշխարհներ: Այն տվեց ինձ տրանս, այն տվեց ինչ երաժշտության նոր չափաբաժիններ, որոնք տարան ինձ շատ հեռու: Այլմոլորակայինի գլխի նման երաժշտական կենտրոնը մոռանալ տվեց ինձ E-աձև երկաթներն, ու ես թևակոխեցի մի նոր կյանք, որտեղ պետք է սկսվեր կանանց, երաժշտության և այլմոլորակայինների մասին այս պատմությունը:


— Я небольшое привидение с мотором! — кричал он. — Дикое, но симпатичное!

Այդ  ժամանակ ես կրում էի լայն ռեպերական հագուստ և մեծ մասամբ լռում էի: Կամ լսում էի ռեպ: Մեկ ռեպ, երկու ռեպ, ռեպ, իսկական ռեպ ու իսկական բիթ: Մեկ բիթ, երկու բիթ, երեք բիթ: Կյանքի բիթ: Պետք չէ ասել, որ տեսքն իմ, ինչպես և երաժշտական ճաշակներս, տարօրինակ էին, և զգում էի ես ինձ միայնակ ու նոր միայն սկսում էի մտածել կանանց մասին, որոնք հետո դեռ պետք է խաղային իմ կյանքում դերեր ու պետք է մղեին ինձ մի ճանապարհով, որը բերենց ինձ այստեղ: Ասեմ միայն, որ  կյանքի նոր փուլը տրվում էր ինձ դժվարությամբ: Հետագայում այդ դժվարությունները հանգեցրեցին նրան, որ հիմա ես գրում եմ այս պատմությունը, որը պատմություն է կանանց, երաժշտության և այլմոլորակայինների մասին:


Ночь пройдёт — наступит  утро ясное!

Սկսվել էին գիշերները: Ես արդեն մեծ էի և ուժեղ: Այնքան ուժեղ, որ տուն չէի գալիս գիշերներն ու գնում էի աշխատելու: Ճանապարհին ես լսում էի ռադիո: Ռադիոն հաղորդում էր երգեր: Ռադիոն խշշում էր: Ես թխկթխկացնում էր ականջակալները, փոխում ալիքները, փոխում դիրքս: Մեկ է: Ռադիոն խշշում էր: Ձայները լսվում էին աղմուկի միջից: Ես չէի հասկանում գրեթե ոչ մի բան: Գործի գնալու ճանապարհին ես հաճախ մտածում ի Grundig-ի և E-աձև երկաթների մասին ու դեռ չէի պատկերացնում, որ գիշերային ժամերին կուտակված տպավորություներս սկիզբ են դնելու 99 տեքսի և հանգեցնելու են այս պահին, երբ գրվում է 100-րդ տեքստը, որը պատմություն է կանանց, երաժշտության և այլմոլորակայինների մասին:


Товарищ крокодил, это вы угнали компрессор?


Մի օր, սակայն, ռադիոն լռեց ընդհանրապես: Չկային ոչ խշշոցները, ոչ ձայները, ոչ երաժշտությունը: Չկային E-ակերպ երկաթի կտորները, կորել էին կանայք, փչացած ու փոշոտված էր Grundig երաժշտական կենտրոնն ու ինձ ուտում էր աշխատանքային տեմպը: Ես աշխատում էի ցերեկները, սակայն ծանր պարկի պես քարշ էի տալիս հետս գիշերները, քարշ էի տալիս գեղեցիկ կանանց տխուր ժպիտներն ու չլսված երաժշտության ձայնադարանը: Ես քայլում էի մարդկանց մեջ ու փորձում էի գոռալ: Ես ուզում էի օգնության կանչել, սակայն ձայնս նման էր փչացած ռադիոյի, որը հրաժարվում է գոնե մեկ հստակ հնչյուն հանել: Աչքիս առաջ պտտվում էին պատկերներ, որոնք հիշեցնում էին ինձ մանկությունը, ազատությունը, անհոգությունն ու բոլոր նայածս մուլտերը, դրաք նման էին ոգիների, նման էին հյուրերի` եկած այն աշխարհներից, որոնք երևում էին երաժշտության լուսամուտներից: Դրանք ինձ վախեցնում էին և հուսահատեցնում, դրանք ինձ վանում էին: Ես մոլորվել էի նրանց մեջ` կորցնելով իրականության ընկալումը: Ես կխճճվեի վերջնականապես, եեթե քար լռության մեջ չհնչեին ձայները, որոնք խոսում էին ռադիոյի մասին:
Ձայներն այդ ծանոթ էին, հարազատ: Այդպիսի ձայներ ունեցող մարդիկ հաստատ խաղացել են E-աձև երկաթներով ու լսել են լավ երաժշտություն: Ես սկսեցի ուշադիր լսել: Նրանք խոսում էին ռադիոի մասին: Նրանք խոսում էին ռադիոյի լարերի, շենքերի, բետոնի, ասֆալտի, դիակների ու...այլմոլորակայինների մասին: Դե հա, մտածեցի ես, որտեղ E-աձև երկաթները, այնտեղ էլ այլմոլորակայինները, ես ախր միշտ գիտեի, որ այստեղ դրանց մատը խառն է: Ու ես լսեցի այդ ձայներն ու ազատեցի ռադիոն խշշոցներից ու գրեցի առաջին տեքստը, որի անունն էր «Ռադիո»: Տեքստն այդ եղավ սկիզբը, որպեսզի 22 ամիս անց ես գրեմ 100-րդը, որը պատմություն է կանանց, երաժշտության և այլմոլորակայինների մասին:

P.S.
Բոլոր օգտագործված մեջբերումները վերցված են սովետական մուլտերից:
P.P.S.
Я думал о сотом рассказе долго. Я не знал каким он будет и что, собственно, мне нужно сказать. И чего я хочу. Получилось так, как получилось, и я рад, хотя дико сомневаюсь, что этот текст вам понравился.
P.P.P.S.
О сомнении. 99 раз я мучился от мысли, что мои рассказы засмеют и не поймут. 99 раз я публиковал свои тексты и всегда с бешеным азартом, наблюдал за вашей реакцией.
И мне чертовски приятно, что я таким же образом сомневаюсь и в 100-ый раз. Да будет так всегда!

Monday, December 24, 2012

Մեսսիա (Ինչու չեկավ աշխարհի վերջը)


«Գիտէք թէ երկու օր ետք՝ Զատիկ պիտի ըլլայ, ու մարդու Որդին պիտի մատնուի՝ խաչուելու համար»:
Ավետարան ըստ Մաթևոսի 26, 2

Թե որտեղից էր հայտնվել այս ապուշը` ոչ ոք չգիտեր: Ասում են, որ փախչել է ինչ-որ հոգեբուժարանից: Թերևս դա ամենահավանական տարբերակն է: Ոմանք ասում են նաև, որ հոգեբուժարանում այդ խելառը հայտնվել էր խիստ սրված համացանցային կախվածության պատճառով: Բժիշկները գտել էին նրան համակարգչի առջև մի քանի օր անդադար աթոռին անշարժ նստած:  Դրան կարելի է հավատալ, քանի որ իր «անկարգությունների» ընթացքում նա և նրա հետ պտտվող մարդիկ անդադար կոչ էին անում բոլորին ավելի ու ավելի երկար ժամանակ լինել թվային տիրույթում` փրկվելու համար: Նրանց խուլիգանական թափառականությունն անհանգստացնում էր քաղաքացիներին, քանի որ հայտնվելով խոշոր առևտրի կենտրոններում` ապուշն ու իր համախոհները կազմակերպում էին իսկական խառնաշփոթ: Նրանք բղավում էին համացանցային տերմիններ, խոսում չատային հապավումներով, սպառնում մոտեցող փորձանքի մասին և  կոչ անում բոլորին վերադառնալ ցանց, որտեղ ձևավորվել են բոլորի հոգիներն ու լինել այդ ցանցում հնազանդ, հեզ ու ճշմարիտ: Ապուշին երբեմն հաջողվում էր գրավել գնումներով տարված մարդկանց ուշադրությունն ու մի քանի րոպեանոց ելույթներ ունենալ: Այդ խելապակասը վախեցնում էր բոլոր մարդկանց ու ստիպում անհանգստանալ քաղաքային իշխանություններին ու առևտի կենտրոնների ղեկավարությանը:
Կարճ ժամանակում հիմար խուլիգանների «օյինները» դարձան անտանելի: Մեզ հայտնի են դեպքեր, երբ մտնելով ամենամարդաշատ սրահները` նրանք միանում էին բարձրախոսների ցանցին ու սկսում կարդալ իրենց զառանցագին քարոզը: Քարոզն այդ այնքան է տխմար, որ մենք հրաժարվում ենք որևէ հատվածներ ներկայացնել այստեղ: Կասենք միայն, որ այդպիսի քարոզների ժամանակ ապուշն անվանում էր իրեն ցանցային ոգու որդի:
Գլխավոր Հանրախանութում տեղի ունեցած անկարգությունից հետո որոշում կայացվեց ապուշին վնասազերծել: Նրան մեծ հաճույքով հենց նույն վայրկյանին էլ կձերբակալեին, սակայն այդպիսի խուլիգանության համար դրան կարող էին ճաղերի հետևում պահել ընդամենը մի քանի օր: Ուստի մշակվեց հատուկ ծրագիր` հիմարին որսալու համար: Ծրագիրը ստացվեց բարեհաջող, քանի որ ապուշի «համախոհներից» մեկը, որը հավանաբար նույնքան դատարկագլուխ էր որքան և իր ուսուցիչը, համաձայնվեց մի քանի գրամ մաքուր կոկաին նետել նրա գրպանը` 30 հազար ցանցային ոսկե միավորի փոխարեն:
Կոկաինով լի գրպաններով ապուշին երկար ժամանակով ձերբակալելն արդեն հեշտ էր: Նրան տեղափոխեցին ամենախուլ բանտերից մեկը, որտեղ այդ խելագարը չխրատվեց և շարունակեց իր քարոզները` հասնելով որոշակի հաջողությունների: Այդ աննորմալը կարողացել էր համախմբել մնացած բանտարկյալներին և կազմակերպել ապստամբություն: Ավելին` ապստամբությունն անվանվել էր «Հանուն Ցանցային Ոգու»: Բնականաբար ապստամբությունը ճնշվեց և Արդարադատության Համաժողի ընթացքում կայացվեց որոշում` ապուշին ենթարկել մահապատժի:
Ապուշին ուղեկցեցին հատուկ շենք, որտեղ իրականացվում են մահապատիժները` էլէկտրական աթոռի միջոցով: Աթոռի վրա նա դիմադրում էր, ինչի հետևանքով մահապատժի կազմակերպիչները ստիպված եղան դիմել լրացուցիչ միջոցների` դեբիլին զսպելու համար և մեխեցին նրա ձեռքերն ու ոտքերը աթոռին: Էլեկտրահարվելուց առաջ, պատմում են, ապուշը գոռացել էր` «Ներիր նրանց, հայր»: Նույնիսկ այդ կրիտիկական պահին նա չեր դադարում իր անհեթեթ զառանցանքը: Իմաստ ունի նաև հիշատակել նրա , այսպես ասված, հետևորդների տկարամտությունը, որոնք մահապատժից երկու օր անց գողացել էին իրենց ուսուցչի մարմինն ու հետո էլ ավելի տխմար կերպով այն կորցրել: Բոլոր հարցերին, թե ուր է մարմինը, նրանք պատասխանում են հայացքի բութ արտահայտությամբ: Իսկ այժմ, դեպքերից մի քանի ամիս անց, խոսում են այն մասին, որ նկատվել են տարօրինակ պահվածքով անձնավորություններ, որոնք վզաշղթաների վրա կրում են փոքրիկ աթոռներ: Դուք կարող եք դրան հավատա՞լ: Աշխարհը գժվում է...

Tuesday, December 11, 2012

0,06 մմ. լատեքսային աշխարհ


-Չարժե ռիսկի դիմել,-ասում էր խորհրդատուն, ավելի լավ է կրել թաղանթը բոլոր վայրերում, ի՞նչ գիտեք, թե ինչ կարող է պատահել հետո:
-Ճիշտ է, ռիսկի դիմել չարժե:
-Ձեզ առավել կսազի այս թաղանթը, այն շատ զգայուն է և դրանով շատ ավելի համոզիչ տեսք կունենաք:
-Իրոք որ:
-Էլեգանտ թաղանթ ունենալը շատ ավելի է սազում նախագահի թեկնածույին, քան անխոհեմ խիզախությունը,-խորհրդատուն պտտվում էր թեկնածույի շուրջ` առաջարկելով  տարբեր գույնի ու տարբեր ոճի թաղանթներ:
-Ձեր թաղանթն էլ լավ տեսք ունի,-իր ուշադրությունը խորհրդատույի վրա դարձրեց թեկնածուն,-ինքներդ եք ընտրե՞լ:
-Իմ թաղանթներն ընտրում է կինս,-շինծու ամոթխածությամբ պատասխանեց  խորհրդատուն,
-Լավ ճաշակ ունի:
-Ձեզ հատկապես սազում են բեղիկները,-նկատեց թեկնածուն:
-Կնախընտրե՞ք նույնպիսինը:
-Ո՜չ, բեղերից ես երևի հրաժարվեմ:
-Եվ ճիշտ կանեք, մաքուր սափրված դեմքն այժմ ավելի է վստահություն ներշնչում:
-Այ սա իրոք ինձ դուր է գալիս,,. Ընտրենք սա,-եզրափակեց թաղանթի ընտրման արարողությունը թեկնածուն,-քանի՞ րոպե մնաց ելույթին:
-Երեք րոպեից սկսում ենք,-պատասխանեց թեկնածույի քարտուղարուհին` շոյելով իր թաղանթի թեփուկները:
-Պետք է կրկնեմ ճառս,-ասաց թեկնածուն,-ճառս ու՞ր է:
-Ահա այն,-մոտեցավ թեկնածույի օգնականը,-ահա այն: Անցկացրել եմ հատուկ թաղանթի մեջ:
Թեկնածուն վերցրեց թաղանթի մեջ քաշված թղթի կտորն ու սկսեց ուշադիր կարդալ: Ելույթ էր ունենալու բազմահազարանոց ամբոխի առջև, ելույթը նկարահանվելու էր տեսախցիկներով ու արբանյակների միջոցո հեռարձարկվելու էր ողջ աշխարհով մեկ:
-Ժամանակն է,-ձայն տվեց քարտուղարուհին,-պետք է բարձրանալ բեմ, մարդիկ սպասում են:

Թեկնածուն նետեց վերջին հայացաքն իր ճառին ու քայլեց դեպի հարթակը, որի դիմաց սպասում էր ընտրազանգվածը:
Թաղանթների մեջ առված օբյեկտիվներով տեսախցիկները ֆիքսեցին թեկնածույի մուտքը, ուղեկցեցին նրան մինչև ամբիոն ու սառեցին` նրա ամեն մի բառը տեսագրելու և հեռարձակելու պատրաստ:
-Հարգելի ընտրողներ, ողջունում եմ ձեզ...
Ամբոխի միջից ծափահարություններ լսվեցին: Հազարավոր թաղանթապատ գլուխների միջով շարժում անցավ: Ցնցվում էին ոմանց բեղերը, ոմանց գագաթները, ոմանց շոշափուկները, թեփուկները...
-...ես հավատում եմ ձեզնից յուրաքանչյուրին և ցանկանում եմ, որպեսզի դուք էլ հավատաք ինձ...
Ամբոխին ուշադիր հետևում էին անվտանգության ծառայության աշխատակիցները, որոնք կրում էին թաղանթի կրկնակի շերտ: Դրանք խառնված էին ամբոխի մեջ կամ էլ պտտվում էին հարթակի շուրջ:
-...վստահությունն է միայն, որ կարող է առաջ տանել մեզ դեպի մեր նպատակների իրագործումը...
Ամբոխը լսում էր կլանված: Թաղանթները շատ հարմար էին լսելու համար: Ամբոխը լսում էր ու համաձայն գլխով անում: Այդ լարված ուշադրության մեջ իսկական ալեկոծություն առաջացրեց ընտրողներից մեկի ձեռքի շարժումը:  Նա բարձրացրեց ձեռքն ու հանեց գլխից թաղանթը: Նա լայն բացեց բերանն ու սկսեց հևալով շնչել: Մի քանի շունչ հետո նա արդեն տապալված էր գետնին անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից, իսկ նրա գլխին կրկին անց էր կացվում թաղանթը:
-...միայն ազատությունը թույլ կտա մեզ և մեր սերունդներին ընտրել բոլորիս համար ճշմարիտ ճանապարհը...
Միջադեպին հետևում էին թեկնածույի խորհրդատուն և անվտանգության ծառայության պետը:
-Բայց ինչպե՞ս է դա հնարավոր, այսպիսի պատահարները պետք է բացառել, բացառել,-նյարդայնացած ասում էր նա:
-Ամեն ինչ վերահսկվում է,-պատասխանեց անվտանգության պետն ու մատով ցույց տվեց վեր7,-ամեն ինչ կարգին է:
Խորհրդատուն նայեց: Երկինքը հանրահավաքի վրա ձգված էր ապահով թաղանթով:
-...միասին մենք կկարողանանք արժանի ապագա ստեղծել մեր երեխաների համար...
Թաղանթապատ տեսախցիկներն ուղարկում էին կադրերը վեր` դեպի տիեզերք, որտեղ  դրանք ընդունում էր թաղանթապատ ալեհավաքներով արբանյակն ու հետ ուղարկում թաղանթապատ մոլորակին:

Friday, December 7, 2012

Ֆրեդ Յանցի պատը



Ֆրեդ Յանց: Ծնվել է հինգերորդ գալակտիկական ցիկլի 1986 թվականին` համաձայն G սեկտորի Հելիոս համակարգի օրացույցի: Պատկանում է «արարիչ» ռասսային: Ստեղծել է աշխարհներ Գալակտիկայի V, M և N սեկտորներում: Վախճանվել է 79 թվականին` համաձայն V սեկտորիԱլֆա համակարգի Տելլա մոլորակի օրացույցի:

« Նա շատ լավ բալիկ էր: Սիրում էր խաղալ փոքրիկ զինվորիկների և խորանարդիկներից կառուցված քաղաքների հետ: Հինգ տարեկանում առաջին անգամ նկատեցինք, որ նրա կառուցած քաղաքներում խաղալիք զինվորները սկսում են շարժվել: Նրան վերցրեցին հատուկ օժտվածություններ ունեցող երեխաների դպրոց: Տաս տարի անց նա դարձավ արարիչ և ուղևորվեց հեռու գալակտիկական թռիչքի` նոր աշխարհներ արարելու: Ֆրեդը մեր ընտանիքի պարծանքն է: Նրանով հիացած են եղել իմ բոլոր ամուսինները և նա անշուշտ ամենատաղանդավորն է իմ բոլոր զավակներից....ամենատաղանդավորն էր...չեմ կարողանում համակերպվել նրա մահվան հետ: Միշտ մտածում եմ, որ նա կենդանի է, ինչ-որ տեղ տիեզերքում...:
Ես հիշում եմ նրան վերջին այցի ժամանակ: Այդ օրը ծնվում էր նրա քսանվեցերորդ եղբայրը, և ես չունեցա շատ ժամանակ նրա հետ զրուցելու: Բայց հիշում եմ նրա երջանիկ դեմքը: Ափսոս, ես շատ թույլ էի ավելի ուշադիր լինելու համար, նա ասում էր, որ կա ինչ-որ մեկը, շատ հեռու և որ այդ ինչ-որ մեկը սպասում է նրան...ափսոս...»
 Ֆրեդ Յանցի մայրը:


« Պատմել Ֆրեդի մասի՞ն:
Դե...նա տաղանդավոր էր: Չէի ասի, որ նրա մոտ ստացվում էին առանձնահատուկ աշխարհներ, բայց նա այնքան հեշտ էր անում այդ գործը: Նա ուղղակի հաճույք էր ստանում իր աշխատանքից, հանգստանում էր:
Բացառություն է կազմում Տելլա մոլորակը: Այն ստեղծելու ժամանակ Ֆրեդին ոչ ոք չէր տեսնում, նա կորում էր ամիսներով, իսկ հայտնվելիս խիստ ճնշված ու տանջված տեսք էր ունենում: Տելլան երևի նրա միակ աշխարհն է, որն աչքի է ընկնում յուրահատուկ բնությամբ և կենսոլորտով: Ավարտից հետո երկար ժամանակ էր ուշքի գալիս...Իսկ ըստ իս` այդպես էլ ուշքի չեկավ:
Այդ ժամանակից էր, երբ Ֆրեդը սկսեց խոսալ պատի մասին: Նա ասում էր, որ իր կողքին միշտ կա մի պատ, որին ինքը հենվում է: Ավելի անկեղծ րոպեներին Ֆրեդն ասում էր, որ հարվածում է այդ պատին գլխով...չգիտեմ: Կարծում եմ` այս ամենի արդյունքը նրա ճանապարհորդություններից մեկն էր դեպի S սեկտոր...»
Յոակիմ Վան` Ֆրեդ Յանցի մտերիմ ընկերներից մեկը:

«Օ~, դուք այդպիսի բան չեք տեսել ու չեք էլ տեսնի, այդիսի բան չի եղել ողջ գալակտիկայում, ինչի՞ մասին եք դուք խոսում: Ողջ Տ սեկտորն էր բամբասում այս ամենի մասին:Որոշ մոլորակներում դա ընդունվեց որպես Աստվածային հայտնություն ու հիմք դրեց նոր կրոնների առաջացաման: Պետք էր լինել Ֆրեդ Յանցի պես խենթ, որպեսզի նվիրել Տելլայի նման կնոջը մի ամբողջ աստղ: Կարո՞ղ եք այդպիսի բան պատկերացնել: Մի ամբողջ աստղ: Ընդամենը մի կնոջ համար, ում տեսել էր ընդամենը մի քանի անգամ: Վախենամ, այլևս չեն լինի այդպիսի տղամարդիկ:
Աստղի առանցքը փոխելը ռիսկային գործ է, եթե դուք չգիտեք, դա անչափ վտանգավոր էր, բայց միայն ոչ Ֆրեդի համար....չէէէէ, չէ, սիրելիս, այդպիսի տղամարդիկ այլևս չեն լինի...
Իսկ Տելլա՞ն:
Մի՜ հարցրեք ինձ նրա մասին, ես կորցնում եմ ինքնատիրապետումս, մի՜ զայրացրեք ինձ:»
Ջայա Լոպ` կուրտիզանուհի:

«Ընդհանրապես հարցականի տակ էր դրված նրա մասնագիտական պիտանելիությունը: Այն, ինչ ինքը կատարել էր Տ սեկտորում ուղղակի անկարգություն էր, կանոնների հանդեպ արհամարհական վերաբերմունք և խորին անպատասխանատվության դրսևորում: Դրանից հետո էլ կորել էր իր բոլոր ալիքներով ու կապերով հանդերձ մի քանի ամիս շարունակ, ոչ քեզ զգուշացում, ոչ քեզ ներողություններ, ոչ քեզ հարգանք....Լավ է, որ մենք ընդհանրապես հետ ընդունեցինք նրան ու նոր շանս տվեցինք իրեն դրսևորելու: Իսկ դա մեր կողմից կրկնակի ռիսկային էր, քանի որ Ֆրեդը  նման չէր իրեն այդ ամենից հետո: Անվերջ խոսում էր իր պատի մասին, որն իբր կառուցել էր հենց ինքը, իր կողքին, ինչ-որ բանից պաշտպանվելու համար:
Եթե դուք չեք կատակում այդ հարցը տալով, ապա պատասխանեմ` ՈՉ, նրա կողքին ոչ մի պատ ես ինքս իմ աչքերով չեմ տեսել...Ուզու՞մ եք իմանալ իմ կարծիքը:
Տղան ուղղակի իրար էր խառնել ուղեղի ծալքերը և այդքան բան:
Իհարկե, նրա մահը ցավալի է բոլորիս համար, բայց ի՞նչ կարող ես անել: Այդպիսինն է կյանքը: Նույնիսկ «արարիչների» համար:»
Ռադմունդ Դիոս Պրեմիում` Ֆրեդ Յանցի ղեկավարը:

«Այո, ես հիշում եմ այդ զույգին: Ճիշտն ասած` գլխի էի ընկել, որ իմ հյուրանոցում բնակվում է «արարիչ»: Դժվար կլիներ գլխի չընկնել: Նա իսկական հրաշքներ էր գործում հյուրանոցի բակում, ստեղծում էր նոր ծաղիկներ, որոնք ունեին ադամանդի պես փայլող թերթիկներ և սկսում էին մեղեդային ձայներ հանել աստղի շողերի տակ:
Նրանք մնացին մեզ մոտ երկու ամիս: Միշտ միասին էին, եթե չհաշվենք այն պահերը, երբ «արարիչը» հրաշքներ էր գործում բակում: Նա դա անում էր գիշերը, որպեսզի անակնկալ մատուցի իր զույգին: Այո, նրա անունը Տելլա էր:
Ինչպիսի՞նն էր նա: Հետաքրքիր է, բայց աղջկա մասին գրեթե ոչինչ չեմ հիշում, ուղղակի աղջիկ էր, ոչ մի արտասովոր բան...եթե չհաշվենք աչքերը: Այո, նրա աչքերը ես հիշում եմ: Դրանք կանաչ էին: Ոչ սովորական կանաչ: Դրանք չափից դուրս կանաչ էին և...ոչ: Դժվար կլինի դա նկարագրել:
Վերջին օրերին նրանք վիճում էին: Չեմ կարծում, որ նորմալ զույգը կարող է երկու ամիս ապրել առանց վիճելու: Դա վերջ ի վերջո աննորմալ կլիներ: Նրանք հեռացան միասին:
Պա՞տ:
Ոչ, պատի մասին նրանք չէին խոսում: Չեմ հիշում:»
Շիմոնա Մալյանց` հյուրանոցի տիրուհի:

«Ֆրեդ Յանցը տաղանդավոր ճարտարապետ էր: Չեմ ուզում որևէ կերպ գերագնահատել նրա արժանիքները, բայց նա իրոք կարող էր կառուցել մի ամբողջ քաղաք, որը կգտնվեր այլ վիբրացիոն հաճախականության մեջ, քան Գալակտիկան: Դա համենայն դեպս միակ բացատրությունն է այն ամենի, ինչ տեղի  է ունեցել այդ երիտասարդի հետ: Ես իրոք շատ եմ ցավում նրա համար»
Լիոն Շտատբերգ`ճարտարապետության մագիստրոս:


«Ի՞նչ եք դուք ուզում իմանալ: Ինչու՞ հանգիստ չեք թողնում ինձ:
Ոչ, մենք երեխաներ չունենք:
Դուք անցնում եք բոլոր սահմանները:
Պատը, պատը....Զզվում եմ ես նրանից էլ, նրա պատից էլ: Այդքան ստորացումներ, այդքան արհամարհանք...Նրա գլխի վրա հայտնվում էին հարվածի հետքեր ամեն գիշերվանից հետո..ամեն գիշեր, երբ մենք լինում էինք միասին:
Դա ստորացուցիչ է, խնդրում եմ, հանգիստ թողեք ինձ: Առանց այն էլ ես տառապում եմ: Պատկերացրեք, եթե ձեզ հետ քնելուց հետո ինչ-որ մեկը գնա ու գլուխը պատով տա...կանչե՜ք բժիշկներին, թող ինձ հանգստացնող սրսկեն: Էլ չեմ ուզում պատասխանել ձեր հարցերին:
Բժի՜շկ»:
Կառնելա դե Ռիելկո` Ֆրեդ Յանցի կինը:

«Տելլան ուղղակի փախչել է, դրանում ես ոչ մի կասկած չունեմ: Վերջին  ժամանակներում նա անընդհատ բողոքում էր ինչ-որ մեկի հետապնդումներից ու  կարծեմ այդ ոմն մեկը բավականին ազդեցիկ տիպ էր: Տելլան այն աղջիկներից չէր, ովքեր կհանդուրժեին տեռորի ենթարկվելը: Նա հաստատ կամ փախչել է այլ սեկտոր, կամ փոխել է բոլոր հատկանիշներն ու անցել ընդհատակ: Դրանից ավելի հավանական բան չկա:
Հը՞:
Դե...Նա երջանիկ էր որոշ ժամանակ, դա անժխտելի փաստ է: Չեմ կարող ասել, ինչու է ամեն ինչ այսպես ստացվել: Այդ ազդեցիկ տղան էլ: Ինչպե՞ս էր նրա անունը: Ֆրե՞դ: Այդ Ֆրեդն էլ վատը չէր երևում: Համենայն դեպս, դատելով այն ամենից,ինչ պատմում էր Տելլան...միայն այդ հետապնդումները...Գիտեք, երբեմն պետք է ուղղակի առաջ գնալ ու վերջ: Կյանքը երբեմն փակում է բոլոր ճանապարհները, բացի առաջ տանողից: Պետք է ուրեմն շարժվել առաջ, այլապես կբախվես պատերի:»
Սյու Լիա` Տելլայի քույրը:

«Ու ասաց Տերը, որ շարենք պատը` որպես ազատություն մեզ չարից ու պաշտպան անցյալից:»
Ֆրեդ Յանցի կեղմից V Սեկտորի Ալֆա համակարգում ստեղծված  Տելլա մոլորակի կրոններից մեկի հիմնական դոգման:

«Ֆրեդ Յանցի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ: Ամբողջովին փշրված է գանգը, կոտրված են ստորին վերջույթների բոլոր ոսկերները` բացի մատներից, ամբողջովին փշրված է կրծքավանդակը, ամբողջովին վնասված են վերին վերջույթների ոսկորները: Ըստ ականատեսնների` Ֆրեդն ուղղակի կանգնած էր տեղացի ցեղերից մեկի պաշտամունքային վայրում, երբ հանկարծ կտրուկ ընկել է գետնին ու սառել: Հաշվի առնելով Ալֆա համակարգի գրավիտացիոն պայմանները` նմանատիպ մահը չի կարող բացատրվել ռացիոնալ վերլուծության արդյունքում: Մարմնի այդպիսի վնասվածքներ կարող էին առաջանալ միայն մեծ բարձրությունից ցած ընկնելու դեպքում:
Հայտնի է, որ Ֆրեդ Յանցը վերջին շրջանում կատարում էր խելագարության հասնող զառանցանքային հայտարարություններ, որտեղ անընդհատ շեշտում էր պատի մասին…»: