Monday, September 10, 2012

Կծիկներ


1.
Ամսի 22-ի ահաբեկչությունն անվանում են ամենաայլանդակն աահաբեկչությունների ողջ պատմության ընթացքում: Երբեք մեկ ահաբեկչության զոհ չէին դարձել այսպիսի քանակությամբ մարդիկ աշխարհի այսքան բազմազան վայրերից: Հիմա այդ ահաբեկիչներին անվանում են հրեշներ ու գազաններ, այնինչ նրանք փրկել են իմ կյանքը (եթե ոչ փրկել, ապա ավելի տանելի ու հանգիստ սարքել)` դարձնելով ինձ իրենց ահաբեկչական ակտի զոհերից մեկը:
Ամսի 22-ի ահաբեկչությունը կմտնի պատմության մեջ որպես ինտերնետային առաջին տոտալ հարձակում, որի արդյունքում եղել են մարդկային զոհեր, պատերազմներ, գնդակահարություններ, խուճապ ու սարսափ: Ու իրոք պետք է արժանին մատուցել ահաբեկիչներին, ովքեր կարողացել են միաժամանակ տարածել վիրուսը մեծ թվով համակարգիչների մեջ, հետևել վիրուսի զարգացմանը, ղեկավարել համակարգչի փոփոխություններն ու կարգավորել պայթուցիկ հատկությունների ուժգնությունը: Հիմա աշխարհին արդեն պարզ է դարձել նախորդ ամսվա 12-ից 16-ն ընկած ժամանակահատվածում համակարգիչների գրանցված պայթյունների պատճառը. Հավանաբար դա նախապատրաստական պարապմունքներ էին` մեծ հարձակում սկսելուց առաջ:
Ամենից հետաքրքիրն այն է, որ ահաբեկիչները դեռ չեն ներկայացրել ոչ մի պահանջ, չեն ակնարկել, որ կա ինչ-որ հետդարձի միջոց, միայն զգուշացրել են, որ վիրուսով վարակված համակարգիչների ցանցից դուրս գալը կամ ապաակտիվացումը կամ ժամանակավոր անգործությունը կուղեկցվի պայթյուններով: «Եթե դուք երբեք չեք տեսել պայթող համակարգիչներ,-ասում են ահաբեկիչները,-ապա շտապում ենք ձեզ հավաստիացնել, որ պայթյունը բավականին ուժեղ է ձեր մարմնի մի քանի մասեր գրողի ծոցն ուղարկելու համար»:
Իհարկե եղան շատերն, ովքեր չհավատացին,(երկնային թագավաորություն լինի նրանց) սակայն ավելի շատ են այն մարդիկ, ովքեր դողում են վախից և չեն խիզախում գոնե մեկ վայրկյան էլ դուրս գալ online վիճակից:
Այդպիսիք  մի քանի տասնյակ միլիոն են կազմում:
Դրանցից եմ նաև ես: Մի տարբերությամբ միայն: Ես չեմ դողում վախից: Ես հայտնվել եմ մարդկանց հսկայական խմբի մեջ, որոնք կապված են իրար հետ անմիջականորեն: Մարդկային ճակատագրերի այսպիսի մեծ կծիկ դեռ չի եղել ոչ մի անգամ: Ու ես այդ կծիկի մեջ եմ:
Շնորհավորում եմ ինձ:






2.

Կան երեք պառավ, անքուն են նրանք
Թելերը տարբեր, գիշեր ու ցերեկ
Մատներով նրանց, անցնում են գնում
Ու մկրատն է սուր, կտրում ու գցում
Պոկում ու կարճում, թելերը մարդկանց:

Համազգեստով մարդիկ վազում էին հետևիցս: Ես վազում էի արդեն երկրորդ շնչառությամբ ու ոչ մի կերպ չէի կարողանում նրանցից պոկվել: Նրանց ուժասպառ եղածներին փոխարինում էին նորերն, իսկ հետապնդմանը միացած շներն ավելի անհույս էին դարձնում իմ վիճակը: Ես վազում էի խուճուճ, չլուսավորված հետնախորշերով, նայում ցուցանակներին ու փորձում հասկանալ վազքիս ուղղությունը: Ես արդեն անցել էի հինգ ցուցիչների կողքով, որոնց վրա գրված էր «STOP-մուտք չկա»: Ու պետք է արդեն հասկացած լինեի, որ այդ նեղլիկ ճանապարհը հաստատ չի տանում դեպի լուսավոր ապագա: Բայց ես կորցրել էի ինքնատիրապետումս, ես վախեցած էի, ինձ հետապնդում էին ոստիկաններն ու ես ոչ մի ցանկություն չունեի նրանց ձեռքն ընկնելու:
-Կանգեեեեե՜լ, կանգնե՜լ, արաաաաա, կանգնիիիիիի՜,-գոռում էր հետևիցս ինչ-որ մեկը:
Ահա, բա ոնց: Կկանգնեմ: Սուպերմարկետից ընդամենը մի քանի շոկոլադ եմ գողացել, բայց հիմնական պատմությունը կկերտի գրպանիս կանաչեղենը: Չէ, եղբայր, ես չեմ կանգնի: Ես փորձեցի էլի ուժ տալ ոտքերից, մի քիչ էլ արագանալ: Հետևիցս նախազգուշացնող կրակոցներ էին լսվում:
Ես անցնում էի արդեն յոթերորդ ցուցանակի մոտով:
STOP. ՄՈՒՏՔ ՉԿԱ:
Հերթական նեղլիկ անկյունով անցնելիս ոտքս սղաց: Այդ պահին նկատեցի որ հետևիցս ոչ ոք չի վազում: Մենակ հեռվից լսում էի շների խուլ հաչոցը: Ընկա գետնին ու սկսեցի գլորվել դեպի տներից մեկի նկուղը: Նկուղի լուսամուտը հենց գետնի մակարդակին էր: Ես սկի չհասցրեցի  էլ ամեն ինչ պատկերացնել, երբ ընկա նկուղն ու հայտնվեցի այդ կանանց դիմաց:
Դրանք երեքն էին:
Դրանք հին էին թանգարանային նմուշների պես:  Մինչ ես թափ էի տալիս փոշոտված հագուստս ու փորձում հարմար բառեր գտնել ներողություն խնդրելու համար, նրանցից եկրուսը նայում էին ինձ չարությունից վառվաղ աչքերով: Երրորդ պառավն ինչ-որ բան էր ման գալիս: Ես լարեցի աչքերս ու հասկացա, որ դրանք թելի կծիկներ են: Երրորդ պառավը  դուրս հանեց այդ կծիկներից թելի  ծայր: Նա ծայրը քաշում էր կծիկների կույտի մեջից: Ես չէի հասկանում թե որ կծիկից է այն սկսվում: Նա քաշեց թելը մի քանի մետր, մինչեվ հասավ մյուս երկու պառավներին: Նրանցից մեկն, անդհատ ծանր շնչելով ու անհասկանալի բաներ շշնջալով, գոգնոցից հանեց ժանգոտ մկրատն ու կտրեց թելը:
Նրանք նայեցին ինձ նույն չար աչքերով ու սկսեցին հռհռալ, կչկչալ ու ծվծվալ աշխարհի ամենատհաճ ձայներով: Ես հետ-հետ գնացի, մեջքով  դեմ առա մի դռան, բացեցի այն ու վազեցի...



3.
...Երկար վազել մոտս չստացվեց: Ինձ կուրացրեց  արևի լույսը: Ես ընկա գետնին ու փորձեցի ոտքի կանգնել: Ինչ-որ բան կոտրվել էր մեջս: Ես չէի հասկանում, թե ինչու է հիմա արև, երբ մի քանի րոպե առաջ ես վազում էի գիշերվա խավարի միջով: Ինչ կատարվեց: Առավել անհասկանալի էր կոտրված լինելու զգացումս: Ներսս մի բան թպրտում էր, իրեն պատեպատ տալիս և ուժասպառ անում ինձ: Աչքերիս առջև խավարում էր: Բերանս չորացել էր: Ես ընկած էի գետնին: Չէի զգում թե ինչպես եմ շնչում: Շունչս գրեթե դադարել էր: Աչքերս փակվում էին ավարտվող ֆիլմի պես: Միայն թե վերջին կադրում հայտնվեց ինչ-որ մեկը: Մարդ էր: Մարդիկ: Նրանք խոսում էին: Ես զգացի, որ ողջ են, կենդանի են և առողջ: Ինչքան հստակ էին դառնում նրանց ձայներն, այնքան ավելի վստահ էի ինձ զգում ես, և ավելի հստակ էի պատկերացնում այդ մարդկանց կծիկները: Ինձ ձեռք մեկնեցին: Ես բռնեցի այն ու բարձրացա: Ինձ նայում էին մարդիկ, նրանք ժպտում էին ու հարցուփորձ անում ինձ, թե ինչպես եմ հայտնվել այդ փաղոցում, առավոտյան ու գետնին ընկած:
Ես սեղմում էի նրանց ձեռքերն ու ասում, որ չեմ հիշում, երևի շատ եմ խմել, նրանք ծիծաղում էին, իսկ ես նայում էի նրանց ու տեսնում կծիկները, նրանց կյանքի կծիկները, որոնցից ձգվում էին թելեր, խառնվում այլ մարդկանց թելերի հետ ու առաջացնում այլ կծիկներ: Ու այդ կծիկների մեջ ես զգում էի ինձ ապահով և ուժեղ:
-Լավ նայիր քեզ, ախպեր, էդքան մի խմիր,- ասաց մեկն ու խփեց ուսիս,-լավ մնա՜:
Նրանք բոլորը հրաժեշտ տվեցին ինձ ու հեռացան: Ես մնացի մենակ: Ես նայում էին նրանց հեռացող կծիկներին:
Սկզբից զգացնել տվեց շնչառությունս, հետո գրեթե դադարեցին սրտիս զարկերը: Աչքերս նորից սկսեցին սևանալ: Ես ծնկի իջա: Չէի հասցրել նույնիսկ մի քսան մետր քայլել, բայց արդեն սկսեցի մահանալ:
Ես արդեն հաշտվել էի ամենի հետ: Հազիվ թե այս փողոցով էլի մարդիկ անցնեն ու դժվար թե էդտեղ ես էլի տեսնեմ կյանքի կծիկներ:
Ես արդեն փակել էի աչքերս, երբ զգացի թե ինչպես է խփում սիրտս և ինչպես է արունս սողում երակներիս միջով: Աչքերս բացեցի: Դիմացս ավտոբուս էր կանգնած: Այնտեղից ինձ էին նայում տասնյակ զարմացած դեմքեր: Ես խորը շունչ քաշեցի ու մոտեցաս նրանց: Ամեն քայլիս հետ վերադառնում էին ուժերս: Մտա ավտոբուսի մեջ: Շուրջս մարդիկ էին: Ոմանք շտապում էին, ոմանք ձանձրանում էին, ոմանք ինձ էին զննում, մյուսներն էլ անտարբեր էին ամեն ինչի նկատմամբ: Նրանց կծիկները բազմազան էին: Նրանց թելերը նույնպես: Այդ թելերը ձգվում էին տարբեր ուղղություններով, սակայն բոլորն էլ հատվում էին մի փոքրիկ տեղում` ավտոբուսում: Ու հատման վայրում էլ կրկին կծիկ էր, փոքրիկ, բայց խիտ մի կծիկ: Ու ես այդ ամենի մեջ ապահով էի ու ողջ:
Ավտոբուսը քաղաքի կենտրոն հասավ կես ժամից: Ես իջա ուղևորներից մի քանիսի հետ ու սկսեցի քայլել մարդաշատ մայթերով: Դա իսկսկան ճանապարհորդություն էր հրաշքների աշխարհում: Ես տեսնում էի հաստ ու բարակ, սև ու սպիտակ, գույնզգույն ու խամրած թելեր, մեծ ու փոքր կծիկներ, հսկայական կապող կծիկներ, ու քանի դեռ ես այդ ամենի մեջ էի, ես ապահով էի ու ողջ:


4.
Երկար ժամանակ ես ապրում էի հիմնականում հասարակական տրանսպորտում: Բախտս բերել էր, որ կային գիշերային երթեր ունեցող ավտոբուսներ:
Բախտս բերել էր նաև հեղափոխության ժամանակ: Բազմահազարանոց հանրահավաքները չէին դադարում գիշեր ու ցերեկ մի քանի շաբաթ: Ես անընդհատ այդ մարդկանց մեջ էի, ուսումնասիրում էին նրանց կծիկները, ապրում նրանց հաշվին ու նույնիսկ կարողանում էի հանգիստ քնել` չվախենալով մնալ միայնակ: Անհոգ կյանքս վերջացավ մի լուսավոր առավոտ, երբ հեղափոխական ուժերը գրոհեցին կառավարական նստատեղերն ու դուրս քշեցին քաղաքից նախկին իշխանություններին: Ուրախությունը տևեց ընդամենը մեկ ցերեկ, ինչից հետո, չգիտես ինչու, հայտարարվեց պարեկային ժամ և բոլորին հրամայվեց վերադառնալ իրենց մշտական բնակության վայրերը: Այդպիսին ես չունեի: Ստիպված եղա ավտոբուս փնտրել: Պարզվեց, որ հեղափոխության «առթիվ» չի աշխատելու  գիշերային տրանսպորտը: Ես սկսեցի ման գալ ուրիշ տարբերակներ: Հեղափոխական ընկերներիցս մեկն ինձ առաջարկեց գնալ գիշերային ակումբ, այնտեղ գիշերն անցկացնելու, իսկ առավոտվանից աշխատելու` հանուն հեղափոխության վերջնական հաղթանակի: Ես համաձայնվեցի:
Ակումբում չափից շատ մարդ կար: Երբեք ես այսքան պայծառ կծիկներ չէի տեսել, ու ավելի պայծառ էր կապող կծիկը, որի մեջ հավաքվել էին ներկա գտնվողների թելերը: Այդ գիշեր ես գրկեցի տասնյակ աղջիկների ու նրանք էլ գրկեցին ինձ ու ես կորցրեցի ինձ նրանց մեջ և արթնացա միայն կրակոցներից, որոնք հնչում էին ամենուր:
Նախկին իշխանություններն ուզում էին վերադարձնել քաղաքը: Ընթանում էին մարտեր: Հեղափոխականները նահանջում էին` թաղամաս առ թաղամաս հանձնելով քաղաքը: Ակումբում գտնվողները` մեծ մասամբ հեղափոխականներ, որոշեցին կազմակերպել սեփական ջոկատն ու մասնակցել մարտերին: Ես էլ գրվեցի ջոկատի մեջ: Մարտի մեջ մտնելու համար մենք պետք է դուրս գայինք այդ թաղամասից, անցում կատարեինք կրակի միջով ու միանայինք մեր ընկերներին մարտերի հիմնական ճակատում:
Անցման ժամանակ ինձ  վիրավորեցին:
Ես կորցրեցի գիտակցությունս:


5.
Ահաբեկիչներն իրենց հայտարարեցին Հեղափոխական Թվային Բանակ:
Ամսի 22-ին նրանք հանդես եկան հաղորդագրությամբ, որում բացատրեցին ահաբեկչական հարձակման ողջ մասշտաբն ու զորությունը: Նրանք հայտնեցին, որ այժմ բոլոր այն մարդիկ ովքեր online են, կարող են համարվել միմյանց հարազատ, քանի որ ոչինչ այդքան չի մերձացնում մարդկանց, ինչպես ընդհանուր դժբախտությունը:
Ես կարդում էի այդ ամենի մասին ռազմական հոսպիտալում: Կառավարական զորքերը գտնվել էին բավականաչափ բարի, որպեսզի խնամեն հեղափոխական մարտիկներին: Աչքերս բացելուց հետո, գտել էի ինձ մեծ հիվանդասենյակում: Բացի ինձանից կային ևս ութ հիվանդներ նրանց բոլորի կծիկներն էլ խամրած էին, իսկ թելերը միացած էին ոչ շատ ամուր կծիկի մեջ, ` հիվանդասենյակի կենտրոնում:
Օրվա ընթացքում նրանց այցելում էին հարազատներն ու բարեկամները: Ես նույնպես ունեցա այցելու: Երեկոյան կողմ եկավ հեղափոխական ընկերս: Նա հագել էր քաղաքացիական կոկիկ շորեր, իսկ ուսի վրա կաղավարական կուսակցության նշանն էր: Նա եկավ ինձ տեսության, շշնջաց ականջիս, որ ամեն ինչ նորմալ է, և Հեղափոխությունը դեռ ցույց կտա իր ատամները: Գնալիս նա թողեց ինձ մոտ այս փոքրիկ համակարգիչը:
Համակարգիչը միացվելուց մի քանի րոպե անց վարակվեց վիրուսով: Մի քանի րոպե ևս ու այն արդեն պատրաստ էր պայթել անջատվելու դեպքում:
Ինձ իմ փոքրիկ համակարգիչով էվակուացրեցին: Դա այնքան էլ էվակուացիա չէր, քանի որ այդպիսի համակարգիչներ միայն հոսպիտալում հարյուրավորներն էին: Նրանց հետ էվակուացնում էին նաև նրանց տերերին: Ստացվեց այնպես, որ հոսպիտալի բակում ավելի շատ մարդ կուտակվեց փոքրիկ համակարգիչներով, քանց հոսպիտալի ներսում` առանց համակարգիչների
Ժամանեց մի շատ կարևոր գեներալ` ռազմական ջիպով: Նա սկսեց ինչ-որ կարգադրություններ անել մի խումբ գնդապետների և մայորների: Ինչից հետո վերջիններս սկսեցին  կարգադրություններ անել կապիտաններին և լեյտենանտներին: Շարքայիններն ավելի ամուր բռնեցին իրենց զենքերը:
Ես գտա հարմար պահն ու աննկատ ծլկեցի: Հոսպիտալի տարածքի պահակակետում սկի չտեսան էլ, որ դիմացի պատի տակով մեկն անցնում է ու դուրս գալիս փողոց:
Դուրս գալուց հետո ես կսեցի վազել: Վազում էի այնպես ինչպես այն օրը` փրկվելով ոստիկաններից: Գրկումս համակարգիչս էր: Ես վազում էի փողոցում միայնակ: Ոչ ոք չկար: Եվ ուժերն իմ չէին լքում ինձ:
Ճանապարհից աջ թեքվեցի: Ծառեր ու թփեր էին աճում, որտեղ կարելի էր ժամանակավոր ապաստան գտնել` բոլորի աչքից հեռու:
Հոսպիտալի կողմից կրակոցների ձայներ լսվեցին: Քիչ անց պայթյուններ եղան:



6.
Ես նայում եմ համակարգչի մեջ, կարդում աշխարհի նորություները, տեսնում հազարավոր մարդկանց գրառումներ և մտքեր: Բոլորը խոսում են վիրուսի և նրա զոհերի մասին:  Բոլորը խոսում են online գտնվող մարդկանց համադաշնություն ստեղծելու մասին և նրանց անվտանգության մասին: Ես նայում եմ այս ամենն ու ավելի պինդ սեղմում ձեռքերիս մեջ համակարգիչը: Ես տեսնում եմ ամենամեծ կծիկը, որ տեսել էի երբևէ: Ես տեսնում եմ մարդկային կյանքերի մի հսկայական կապ-կծիկ, որից դուրս չգալու համար անհրաժեշտ է ընդամենը չանջատվել նրանից:
Ես ստուգեցի համակարգչի մարտկոցները` 125 ժամ, 28 րոպե:
Այդ ընթացքում ես կգտնեմ նոր մարտկոց կամ կլիցքավորեմ հինը:


7.
Աչքովս ընկել է մի հոդված, որտեղ խոսվում է երեք հինավուրց պառավների մասին: Այդպես էլ գրված է` հինավուրց:
Լրագրողը պատմում  է, որ պառավները դուրս են եկել բողոքի` պահանջելով ահաբեկիչներից դասավորել իրենց կծիկները: Քաղաքային հոգեբուժարանի գլխավոր բժիշկը,-պատմում է լրագրողը,-ասել է, որ հավանաբար պառավները տառապում են մառազմով:
Հետո լրագրողը բերում է մի քանի հետաքրքիր փաստեր` կապված պառավների ով լինելու հետ:
Նա ցուցադրում է մի քանի լուսանկարներ: Առաջինը պատկանում է 19-րդ դարի վերջին: Կադրում կոտորածների տեսարաններ են, կախաղաններ և թալանված տներ: Երկրորդ պլանում երեք ծեր կանայք են: Երկրորդ լուսանկարը պատկանում է 20-րդ դարի 30-ական թվականներին: Նկարում կայարան է, երկար գնացք և հարյուրավոր մարդիկ` դժբախտ դեմքերով: Ու կրկին երկրորդ պլանում հստակ երևում է երեք ծեր կանանց ուրվագիծը:
Մյուս լուսանկարն արդեն քսանմեկերորդ դարի է, հիսունհինգ թվականի: Երեք պառավները պատկերված են մարսագնաց  ինքնաթիռի թռիչքու մոտակայքում: Նրանց ձեռքին փոքրիկ ցուցանակ է` «Պահպանեք մեր կծիկները մեր մոլորակում»:

No comments:

Post a Comment