Tuesday, February 28, 2012

Մազաֆակա (Մերֆիի օրենքը)

Ես միշտ գիտեի, որ այդպես լինելու է: Միշտ զգում էի, որ մի օր այդպես կլինի: Ու երբ դա եղավ ես սկսեցի ծիծաղալ: Հռհռալ: Կես ժամ, մեկ ժամ, երկու, երեք ժամ անդադար հռհռում էի: Հետո ինձ տարան հոգեբուժական բաժանմունք, որտեղ ես աստիճանաբար ուշքի եկա: Ինձ օգնեցին հանգստացնող դեղորայքն ու հոգեբանների հետ երկար-բարակ զրույցներս:
Իսկ կատարվել էր ամեն ինչ հետևյալ կերպ:
Մեր հարևան Անդրանիկենց հյուրասրահում կախված է շքեղ ջահ: Դա նրանք գնել էին Էստոնիայից դեռ 88 թվականին: Այն ուներ մեծ հաղճապակյա քարեր և միացված ժամանակ նմանվում էր իսկական արևի: Սակայն բրոնզե կմաղքի միջով անցնող լարերից մեկը տարիների ընթացքում զրկվել էր պլաստիկ մեկուսիչ շերտից: Իսկ Անդրանիկը սովորություն ուներ մարմնամարզությամբ զբաղվել երեկոյան ժամերին: Ու քանի որ հյուրասենյակը բնակարանի ամենամեծ սրահն էր, Անդրանիկն իր պարապմունքները կատարում էր հենց այնտեղ: Նա ոչ ծխում էր, ոչ էլ խմում: Միշտ հագնում էր մուգ կապույտ Abidas մարզահագուստ` սպիտակ գծերով, և սկսում բարձրացնել ու իջացնել ձեռքերը, կքանստել, ձգվել ու ցատկել: Ու երբ հերթական անգամ նա բարձրացրեց ձեռքերը, մատները դիպան ջահին, ու երկու հարյուր քսան վոլտ արդար հոսանքը չիպսի վերածեց Անդրանիկի տակավին երիտասարդ ու կատարելապես առողջ մարմինը: Ու սկսվեց շենքում խառնաշփոթը, քանի որ տեղի ունեցավ կարճ միացում ու հոսանքազրկվեցին բոլոր բնակարանները, ինչպես նաև վերելակը, որի խցում հոգևարքի տանջանքներում սկսեց տառապել սուր կլաուստրաֆոբիա ունեցող Լիդա տատը:
Հարևանները դուրս եկան տներից: Շենքը միանգամից աշխուժացավ: Քիչ անց լսվեցին «Շտապ օգնության» մեքենայի ձայնն ու ստիպակ խալաթով մարդիկ, ծանր շնչելով, սկսեցին բարձրանալ վեր` Անդրանիկի դիակի հետևից:Ընդհանուր աղմուկի մեջ բարձր հնչում էր շենքի «միլիոնատեր» Գուրգենի բարիտոնը,
-LCD-ս վարի գնաց, գյոզալական պլազմաս վարի գնաց: Ամաաա~ն, սառնարանիցս ծուխ ա դուրս գալիս:
Իրարանցման հիմնական հանգույցը յոթերորդ հարկում էր, որտեղ առանձնապես բարձր էին լսվում վերալակի մեջ մնացած Լիդա տատի աղաղակները: Այնտեղ էր նաև Անդրանիկի այլայլված դին, որը բժշիկները փորձում էին զգուշերեն իջացնել աստիճաններով: Սակայն Անդրանիկի մարմինն անսպասելի ջղաձգվում է ու դուրս թռչում պատգարակից: Մարմինը քարացած ոտքերով մի քանի քայլ է անում աստիճաններերի վրայով ու ցած գլորվում: Բժիշկ Ռադիկ Սիմոնյանը, ով աշխատել էր «Շտապ օգնությունում» քսաներկու տարի, կատվածահար է լինում և գլորվում անշունչ Անդրանիկի հետևից:
Ժամանում են վերելակի մասնագետներն ու սկսում ուսումնասիրել հարկերի արանքում լռված խուցը:
-Շուտ արե՛ք, ինձ ազատե՛ք,-բղավում է Լիդա տատը:

Մեր շենքի վեցերորդ հարկում էր ապրում Արտավազդ Արամազդյանը: Արտավազդն ունի թրերի զարմանալի հավաքածու: Հինավունց գորգի վրա կախված են նրա տարբեր ֆորմատների դաշույններն ու թրերը, որոնց մեջ առանձնանում է Արտավազդ Արամազդյանի պապի` Գևորգ Չավուշի մարտական ընկեր Վարազդատ Արամազդյանի թուրը: Արտավազդը սիրում էր խմել ու չէր սիրում իր վերևի հարևան Անդրանիկին: Սակայն իմանալով, որ Անդրանիկին «սպանել են» ` նրա հարբած գլուխը որոշում է լուծել հարևանի վրեժը (հավանաբար  Անդրանիկ անվան հետ կապված ֆիդայական ժառանգական հիշողության շնորհիվ):
Զինվելով Վարազդատ պապի թրով` Արտավազդը դուրս է թռչում աստիճանավանդակի վրա ու դեմ առ դեմ բախվում իր վրա գլորվող Անդրանիկին: Արտավազդի ձեռքի ռեֆլեքսային շարժումից հետո, Անդրանիկի գլուխը սկսում է գլորվել արդեն մարմնից առանձին` հիշեցնելով ֆուտբոլային գնդակ: Բժիշկ Ռադիկ Սիմոնյանի մարմինը բարեհաջող վայրէջք է կատարում ապշած Արտավազդի դիմաց ու սառած աչքերը չռում վրան:
Արտավազդը, հասկանալով, որ խելագառվում է, խուճապահար շտապում է փրկվել ու սկսում բարձրանալ վեր:
Լսվում են իններորդ հարկի Վիգենի աղաղակները` լույսերը տվեցին: Բոլորը սկսում են ցնծալ: Տեղ հասած ոստիկանները, անմիջապես կանչում են բժիշկների երկրորդ բրիգադն ու հանձնում նրանց Անդրանիկի գլուխը, Անդրանիկի մարմինն ու Ռադիկ Սիմոնյանի գլուխն ու մարմինը:
«Միլիոնատեր» Գուրգենը երջանկացած հայտնում է ի լուր հարևանության, որ փաստորեն LCD-ն վարի չի գնացել: Դա նրան այդպես ուղղակի թվացել էր: Իսկ ծուխն ամենևին սառնարանից չէր: Դա խոհանոցում իր զոնքաչն էր ծխում:
Ոստիկանները, Արտավազդ Արամազդյանի որոնումներով, բարձրանում են դեպի վեր:
-Նա դուրս թռավ իր տնից, տարավ-բերեց ու թրով կտրեց Անդրանիկի գլուխը, այ էսպես,-պատմում էր ինչ-որ մեկը ոստիկաններին:
Արտավազդն արդեն կտուրի դռան դիմացն էր ու փորձում էր փախչել «սատանեքից», ովքեր արդեն ամուր նստել էին նրա խելագարված ուղեղում: Թուրն այժմ բանեցնում էր դռան կողպեքը ջարդելու համար:
Վերելակն աշխատում է: Բարձրանում դեպի վեր: Խցի ներսում սակայն մթություն է  տիրում, քանի որ լամպը պայթել էր հոսանքի տատանումից: Լիդա տատը զգում է սրտխառնոց ու աչքին նրա երևում են դժողքի դարպասները և դեպի կենտրոն գնացող շրջաններն ու դրանցում տանջվոող մեղավոր հոգիները: Վերելակը կանգ է առնում կտուրում` վթարային հարթակում: Մասնագետները շտապում են դեպի կտուր` խեղճ կնոջը խցից հանելու համար: Լիդա տատը սակայն, զգալով որ այլևս չի շարժվում, առնելով դռների արանքից թափանցող թարմ օդի բյուրը, որոշում է ինքնուրոււյն բացել դռներն ու դա նրան հաջողվում է,,,
Հրեշտակը կանգնած էր լուսնի ֆոնին, կտուրի եզրին ու ձեռքին նրա թուրն էր ու պատրաստ էր նա դատաստանին,որ պետք է կատարեր մահկանացույի գլխին:Հրեշտակը նման էր հարևան Արտավազդին ու դիմում էր նրան դողացող ձայնով ու ասում,
-Լիդա տատի, չարքերը եկան:
Կտուր են հասնում ոստիկանները: Տեսնելով, որ հրեշտակին վտանգ է սպառնում, ինչպես նաև առաջնորդվելով փակ տարածությունից ազատվելու անզուսպ ցանկաությամբ, Լիդա տատին դուրս է ցատկում վերելակից ու շտապում Արտավազդ հրեշտակին օգնության: Փորձելով կանգնել հրեշտակի ու ոստիկանների միջև, նա ձեռքով հրում է Արտավազդին: Թուրը օգնում է նրան մի պահ պահպանել հավասարակշռությունը: Երկրորդ պահին հավասարակշռությունն անհետանում է:  


Ես վերադառնում էի աշխատանքից ծանոթ տաքսիով: Տաքսիստը կարգին տղա է ու մենք հաճախ զրույցի էինք բռնվում: Այդ անգամ պատմում էի նրան իմ տարօրինակ մտքերի մասին:
-Այ ես օրինակ,-ասում էի,-միշտ մտածել եմ, որ շենք մտնելիս մի օր դեմս մարդ ա ընկնելու: Չգիտեմ խի,,,բայց ինձ թվում ա, թե անպայման ընկնելու ա:
Տաքսիստը ծիխաղաց ու հրաժեշտ տվեց ինձ:
-Նայի հա,-ասաց նա վերջում,-որ ընկնի, տակդ չանես:
Ես քայլեցի դեպի մուտքը: Սկզբում ընկավ թուրը: Հետո Արտավազդը: Ես տակս չարեցի:

P.S. Մերֆիի օրենքը գիտե՞ք` «Եթե կարող է պատահել որևէ վատ բան, ապա անպայման կպատահի»:

No comments:

Post a Comment