Friday, March 2, 2012

Վերջին Սերունդ

Հանրահավաքը շարժվում է դեպի կենտրոնական հրապարակ: Տասնյակ հազարավոր մարդիկ պատրաստ են գրոհել Իշխանական Պալատը, վերցնել երկրի ղեկավարությունն իրենց ձեռքն ու նշանակել սեփական առաջնորդին: Հանրահավաքը վարում է Գագիկ Պիպոյանը:
-Ըմբոստություն, անհնազանդություն, ազատություն, պայքար, պայքար, իշխանափոխություն ու անանաս,-բղավում է նա իր կաբրիոլետից` առաջնորդելով ամբոխը դեպի Իշխանական Պալատ:
-Անանաս, հանդգնություն, հավասարություն ու սեր,-շարունակում է հայտարարել նա մեգաֆոնով,-եղբայրասիրություն, անանաս և արդարություն,-պնդում է նա:
Ամբոխը կանգ է առնում Իշխանական Պալատի առջև: Գագիկ Պիպոյանը զգում է իրեն փառքի յոթերորդ աստիճանին: Ամբոխը նայում է նրա ձեռքին` սպասելով հարձակման հրահանգին: Գագիկ Պիպոյանին իշխանափոխությունը կատարելուց բաժանում է Իշխանական Պալատի ցանկապատը:
-Առաաաաաաա~ջ,-գոչում է նա,-առաաաաաա~ջ, դեպի անկախացում, դեպի հավասարություն և արդարաթյուն, դեպի արդարադատություն և անանաս, դեպի պայծառ ապագա:
Նրա ծերունական մարմինը հրճվանքից դողում է, աչքերը լցված են արունով, ճակատի վրա փառքի քրտինքի կաթիլներն են:
Ամբոխն անցնում է հարձակման: Մարդիկ բարձրանում են ցանկապատի վրա, ներս մտնում Իշխանական Պալատի այգի ու վազում դեպի դռները: Պալատից դուրս են գալիս համազգեստով մարդիկ: Նրանք զինված են մահակներով: Սպասելով որոշ ժամանակ` նրանք առաջ են նետվում դեպի Գագիկ Պիպոյանի ամբոխը: Մահակի հարվածները ջարդուփշուր են անում հարձակվողների գլուխները, կարծես դրանք ձմերուկներ լինեն: Կարմիր գույնը միանգամից սկսում է գերիշխել::
-Անանաաաաա~ս,-սավառնում է ամենքի վրայով Գագիկ Պիպոյանի կոչը,-անանա~ս:
Տասնյակ ու տասնյակ հազարավոր մարդիկ շարունակում են հարձակվել Պալատի վրա: Մահակավորեներն ընկնում են նրանց օղակի մեջ: Հասնում է կրիտիկական պահը: Մահակավոր մարդիկ ձուլվում են ամբոխին: Ամբոխը նրանց կուլ է տալիս: Ամբոխը վարար գետի պես լցվում է Իշխանական Պալատ: Րոպեներ անց բարձրացվում է հաղթանակի դրոշը: Մեգաֆոնով զինված` Գագիկ Պիպոյանն արտասանում է իր հաղթական ճառը,
-Հեղափոխություն, բարեկամություն, արդարություն: Բարգավաճում, ծաղկում, դալարում: Անանաս, անանաս, անանաս: Լիմոն: Սեր,խաղաղություն, պատերազմ: Հաջողություն, առաջխաղացում, եղբայրություն: Անանաս, անանաս, անանաս,,,
Նրա ծերունական թույլ ձեռքերը ողջունում են ամբոխին: Նրա ծերունական ձայնը լի է հաղթանակի բերկրանքով: Նրա ծերունական սիրտը պատրաստ է պայթել աննկարագրելի հրճվանքից:
-Անանաս, անանաս, անանաս,,,,-ասում է նա:



-Հորս զվարճանքները մի օր ինձ կխելագարեցնեն,-բողոքում էր Ֆրեդերիկ Ադոնցը,-պատկերացնու՞մ ես, չի հագենում մարդն այդ խաղերից, չի հագենում,,,վերջին ընտրությունների ժամանակ, որոշել էր հսկայական բեմով հանդերձ անձամբ շրջել երկրով մեկ ու անձաբ շփվել ողջ ընտրազանգվածի հետ:
-Քո հերն իսկական դեմոկրատ է,-ասաց Ֆրեդերիկի մտերիմ ընկերը` Նոյ Պիպոյանը:
Ռեպլիկն առաջացրեց բոլորի բուռն ծիծաղը:
-Կարող ես դա նրան ասել, համոզված եմ` կշոյվի,-ասաց Ֆրեդերիկ Ադոնցը:
-Ու ինչպե՞ս ավարտվեցին ընտրությունները,-հետաքրքրվեց ընկերներից մեկը`Ռայմոնդ Միշը:
-Իհարկե նա հաղթեց չոր հաշվով: Անձամբ մտել էր բոլորի տները, բաժանել նվերներ, նստել, զրուցել էր հետները: Որոշ դեպքերում ոչխարներ էր մատաղ անում, եկեղեցիներում մոմեր էր վառում, համբուրում էր ուրիշի երեխաներին` իսկական կապիկություն: Ու գիտե՞ս ինչքան դա նստեց վրաս:
-Ի՞նչքան,-հետաքրքրվեց Նոյ Պիպոյանը:
 -Ուղիղ եռեսուներկու միլիոն,-կրակեց Ֆրեդերիկը:
-Ծիծաղացնում ես,-ասաց Նոյը,-հորս վերջին հեղաշրջումն արժեցավ հարյուր քառասուն միլիոն:
Թիվն ապշեցրեց բոլորին:
-Բա ի՞նչ էիք սպասում,-շարունակեց Նոյը,-միայն քաղաքի վարձակալությունն արժե եռեսուն միլիոն, իսկ հոլոգրաֆիկ մարդկանց այդպիսի քանակություն ապահովելու համար աշխատում են մասայական տեսարանների լավագույն վարպետները: Վերջերս նորամուծություն է եղել: Այժմ բախումների ժամանակ դրանց գլուխները պայթում են իսկական ձմերուկների պես: Հորս դա շատ է դուր գալիս:
Ֆրեդերիկը հասկացող հայացքով նայեց Նոյին:
-Հորդ դուր են գալիս մարդկանց պայթող գլուխնե՞ր,-հարցրեց Ռայմոնդ Միշը:
-Ահա, մանավանդ երբ պայթում են ձմերուկի պես: Չնայած,,,վերջին հեղափոխության ժամանակ անընդհատ կրկնում էր մի բառ` անանաս: Դեռ չեմ մտածել, թե ինչի հետ դա կարող է կապված լինել:
-Ծերունական մառազմ,-պատասխանեց Ֆրեդերիկը,-իմի մոտ էլ է այդպես: Մի անգամ նախընտրական լոզունգն այսպիսինն էր` «Ելակներ մայրերին: Հայրերին աթոռներ: Առաջ դեպի ծիածան: Ողջ լինեն հողագործները»: Ասում եմ, ոչինչ չկա` ընդամենը մառազմ: Ով գիտի, թե ինչ մանկություն են ունեցել,,,ինձ թվում է, որ պետք է ներողամիտ լինել:
-Ձեր հայրերը Երկրից ե՞ն,-հարցրեց Ռայմոնդ Միշը:
-Այո, նրանք Վերջին Սերնդի վետերաններ են:
-Կյանքում շատ լավ բաներ չեն տեսել,-բացատրեց Նոյը,-իսկ հիմա փորձում ենք որևէ կերպ ուրախացնել նրան: Պարզվել է, որ սիրում են քաղաքականություն: Ճիշտն ասած, դա իմ գաղափարն է եղել` ստեղծել քաղաքական փորձադաշտեր: Թող խաղան իրենց նախնադարյան խաղերը,-ավելացրեց նա կարոտը ձայնում:
-Ձեր հայրերը հետաքրքիր մարդիկ են,-ասաց Ռայմոնդ Միշը:
-Նրանք միակը չեն այդպես,-ասաց Նոյը,-Վերջին Սերնդից բոլորն էլ հիմա այդպիսինն են: Նրանց համար ինչ տեսակի ատրակցիոններ ասես, որ չկան: Իսկ զգալի մասը նախընտրում է հենց քաղաքական խաղերը: Երևի դա հարգի է եղել նրանց մոտ:
-Լսիր,մտածում եմ հորդ ասած անանասների մասին, միգուցե մարկանց գլուխները պայթեն ոչ թե ձմերուկի, այլ անանասի պե՞ս:
-Օօօ, ինչպես ես չեմ մտածել,-ուրախացավ Նոյ Պիպոյանը,-կզրուցեմ հոլոգրաֆիկ պատկերների մասնագետների հետ: Պետք է ծերունուն ուրախացնել: Վերջին տարին է ապրում երևի:

No comments:

Post a Comment