Monday, October 8, 2012

ՌԵԱԼԻԹԻ


Հիմա տուն հասնելու համար ես ստիպված եմ լինում անցնել հազար ու մի տեսակ մալուխների, տարբեր լուսավորիչների և այլ սարքավորումների միջով: Հիմա իմ շենքում անդադար իրարանցում է: Շենքն արդեն դարձել է ճանաչելի ողջ երկրով մեկ:
Իսկ սկսվել էր այս ամենն իմ զանգից:

Ես փորձում էի նայել ամսվա ամենակարևոր ֆուտբոլոյին հանդիպումը: Գնել էի գարեջուր, չիպսեր, աղի ընդեղեն, աղի ձողիկներ, էլի գարեջուր և պատրաստվել էի վայելել երկու առաջնակարգ ակումբների սկզբունքային հանդիպումը:
Նկատել եմ, որ սիրում եմ ուշադրություն դարձնել զանազան մանրուքների: Օրինակ` սիրում եմ, որ խաղից հինգ րոպե առաջ արդեն պատրաստ լինի փոքրիկ սեղանիկը` գարեջրի շիշը, բոլոր աղի պարագաները, մոխրամանը, սիգարետը, կրակայրիչը, հեռախոսը և հեռակառավարման վահանակը վրան դրված: Դրանք այն ամենն են, ինչ պետք է խաղը դիտելու համար: Եթե, օրինակ, կրակայրիչը մոռացած եմ լինում, կարող եմ վեր կենալ տեղիցս, քրքել հագուստիս գրպանները, գտնել այն  և նոր միայն շարունակել դիտումը: Սիրում եմ, որ տեղը տեղին լինի ամեն բան: Դա ֆուտբոլ է, գրողը տանի, կարևոր իրադարձություն, և պետք է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել նման կարևորագույն հանդիպումների:
Ավելորդ կլինի ասել, որ ցանկացած աղմուկ փչացնում է իմ փոքրիկ և համեստ ֆուտբոլային տոնը: Ու հարցը նրանում չէ, որ ինձ համար կարևոր են խաղի մեկնաբանի խոսքերը...խոսքը նրա մասին է, որ ես չեմ հանդուրժում ֆուտբոլի ժամանակ ոչ մի աղմուկ, որը կապված չէ ֆուտբոլի հետ: Կողմնակի աղմուկն ինձ հավասարակշռությունից հանում է, ես նյարդայնանում եմ և ցանկանում եմ դիմել վճռական գործողություների:
Այդ օրն ամեն ինչ սովորականի պես պատրաստ էր: Գարեջրի շշի վրա կային ուղիղ քսանմեկ ջրի կաթիլներ (քսանմեկն իմ սիրած թիվն է և հաջողություն է բերում: Եթե գարեջրի քրտնած շշի վրա լինում է հենց քսանմեկ կաթիլ, ուրեմն իմ թիմը հաղթելու է), չիպսերն ու պիստակները լցված էին թափանցիկ ամանի մեջ, մոխրամանը դրված էր աջ ձեռքիս մոտ, որպեսզի հարմար լինի նրանից օգտվել, սիգարետն ու կրակայրիչը մոխրամանի մեջ էին (դա այս եռյակի defoult վիճակն է): Հեռակառավարման վահանակը ձախ ձեռքիս մոտ էր: Այս անկյունից ավելի զգայուն է լինում bluetooth-ային ընդունիչը: Իսկ հեռախոսը դրված էր թրթռացող ռեժիմի վրա և գտնվում էր սեղանիկի հեռավոր անկյունում: Այն ինձ ոչ մի դեպքում չէր շեղի, ես էլ կիմանայի ստացված զանգերի և հաղորդագրություների մասին: Ամեն ինչ պատրաստ էր խաղի մեկնարկին: Հնչեց մրցավարի սուլիչն ու...


Սկզբում ես ուշադրություն չդարձրեցի վերևումս կատարվող անցուդարձին: Կարծես սովորական քայլեր լինեին: Հետո միայն նկատեցի, որ սրանք կարծես դիտմամբ են ոտքերով հարվածում գետնին: Ականջ դրեցի: Հաստատ վերևի հարևաններս են: Բարձրացրեցի հեռուստացույցիս ձայնը: Իմ թիմը գրոհում էր: Գնդակն անցել էր կենտրոնական հարձակվողի մոտ, նա շրջանցել էր հակառակորդի երկու մետրանոց պաշտպանին ու հարված կատարել: Շեղ էր:
Լսվեցին գոռգոռոցներ: Ձեր ինչն եմ ասել: Դրանք հաստատ գժվել էին: Կարծես ծեծում էին իրար: Հակառակորդներն անցել էին պատասխան հարձակման: Նրանց եզրայինները կատարում էին հեռահար փոխանցումներ և շարժվում էին լույսի արագությամբ: Նրանք մոտենում էին մեր տուգանային հրապարակին, մտնում նրա մեջ եզրերից, փոխանցում: Հարված...
Գոլ:
Հարևաններս շարունակում էին գոռգոռալ: Ես տարբերում էի և կանացի և տղամարդկային ձայներ: Երևի ընտանեկան ժողով էր մոտները: Սակայն ձայներն անտանելի էին դառնում: Ես գնալով զայրանում էի: Հակառակորդները նորից էին գրոհում: Ես բաց թողեցի այն պահը, երբ նրանք սկսեցին գրոհը: Գրողի տարած հարևաններ: Հակառակորդներն այս անգամ կենտրոնով էին շարժվում առաջ: Հարված: Դարպասահ: Մեր դարպասապահը լավագույնն է աշխարհում: Այո:
Հարևաններս անդադար աղմկում էին: Այդ ամենին գումարվում էին նրանց ոտքերի ձայները: Հիմարները կարծես դիտմամբ էին հարվածում հատակին: Ես նայեցի վերև, որպեսզի տեսնեմ չի պոկվում արդյոք իմ առաստաղի գաջը: Չէ: ՉԻ պոկվում: Բայց իմ թիմն է գրոհում: Մեր լավագույն հարձակվողն է: Մոտենում է տուգանայինին: Նա հատե՞լ է տուգանայինի գիծը: Նրան գցել են: Խաղի կանոնների խախտում է: Միանշանակ: Կլինի՞ տասնմեկ մետրանոց: Ոչ: Ո՜չ, գրողը տանի, չի լինի, քանի որ նա դեռ չէր հատել տուգանային գիծը: Ինչպիսի թյուրիմացություն, ասում է մեկնաբանը, կրկնապատկերի ժամանակ նա հստակ տեսնում է, որ գիծն արդեն վաղուց անցած էր: Ստադիոնում աղմուկ է: Բոլորը սուլում են: Հարևաններս սկսում են հայհոյել միմյանց: Ես բռնում եմ գլուպխս` սպասելով տուգանային հարվածին: Հարված: Դարպասաձողին!!!
Ես քիչ էր մնում արդեն ցնծայի պատասխան գոլը, բայց դարպասաձող…
Հարևաննս սկսում են բարձր լացել հենց այն պահին, երբ ես բերանս էի դրել չիպսի կտորն ու գարեջրի կում էի անում: Դրանց տիրոջ մերը: Հանկարծակիությունից սկսում եմ խեղդվել և հազալ: Շատ ուժեղ եմ հազում: Աչքերս դուրս են գալիս իրենց բներից: Ամեն դեպքում ինձ այդպես թվում է: Ինձ անհրաժեշտ է, որ ինչ-որ մեկը մեջքիս խփի: Ոչ ոք չկա: Հակառակորդի ֆուտբոլիստները գրոհում են, հարևանները պարզապես ողբ են կապել, հեկեկում են և կաղկանձում մի այլ կարգի, մրցավարը չի դադարեցնում խաղը, ախր ես գետնին եմ արդեն, պետք է դադարեցնել խաղը: Հարևանների աղմուկն արդեն անտանելի է դառնում: Զգացվում են ֆիզիկական պայքարի բոլոր նշանները: Ինձ թվում է, որ նրանց ոտքերի հարվածներից շարժվում է իմ առաստաղի ջահը: Հազս սկսում է նահանջել: Աչքերս հետ են մտնում իրենց բները: Ես լսում եմ մեկնաբանի ձայնը:
-Գոոոոոոո~լ…
Հաշիվն արդեն երկու զրո է: հակառակորդներն արդեն զգալիորեն առաջ են անցել: Իսկ ջրի կաթիլները քսանմեկն էին: Կլինի՞ այնպես, որ կաթիլները խաբեն ինձ առաջին անգամ: Ո՜չ, մենք դեռ ցույց կտանք: Բայց սկզբում ես տեղը կդնեմ այս գրողի տարած հարևաններին:
Մեկ հարկը բարձրացա առանց վերելակի: Սիրտս արագ էր աշխատում: Մոտենալով ավելի ու ավելի ահարկու էին դառնում հարևաններիս ոռնոցները: Արդեն նրանց դռան դիմաց կանգնած` ես հասկացա, որ դռան հետևում կատարվում է այն, ինչ սովորաբար անվանում են «մորթոցի»:  Ու ոչ թե սովորական, այլ իսկական դրամատիկ մորթոցի, քանի որ առկա էին վայնասունն ու հառաչանքները, ողբն ու աղերսանքները: Սեղմեցի զանգի կոճակը: Երկար պահեցի սեղմած: Պահեցի այնքան, մինչև դռան հետևի աղմուկ-աղաղակը փոխեց իր ռիթմն ու նվազեցրեց դեցիբելները: Ո՞վ ա էդեղ է, արա, է՜,-լսվեց բամբ ձայնը և ես հասկացա, որ այս մարդուն հաճույք է պատճառում ցանկացած ավելորդ հնչյուն արտաբերելը: Դա ապացուցում են թեկուզ այս երկու «է»-երը: Հարևանն ա ձեր, ասացի ես, մի քիչ կամաց գոռացեք, աղմուկ եք անում:
Դուռը բացվեց ու վրաս կախվեց խոժոռ աչքերի ոչնչացնող հայացքը: Ո՞վ ես դու է, արա, է՜:
Ես ասեցի, ես հարևանն եմ, ու ձեր աղմուկն ինձ խանգարում ա, ավելի զուսպ եղեք, բազմաբնակարանային շենք ա, պատերը բարակ են,-ասացի ես, ու բրդոտ ձեռքն ինձ ներս քաշեց: Ես հայտնվեցի միջանցքում: Գետնին երկու կանայք էին նստած: Մի տղամարդ անդադար քայլում-պտտվում էր խոհանոցում և նյարդային ծխում: Գետնին նստած կանանցից մեկը սկսեց վնգստալ: Վա՜յ, քոռանամ եեեես, էս ինչ կրակ էր սա, էս ինչ պատիժ էր, քոռանամ եեեե~ս: Խոժոռ աչքերով, բրդոտ ձեռքով և ոչնչացնող հայացքով տղամարդը բռնեց օձիքիցս ու ասաց, որ ռադ լինեմ և հանգիստ թողնեմ, որ իրենք իրենց ընտանեկան հարցերը լուծեն: Այդպես օձիքիցս բռնած նա դուրս հանեց ինձ, դրեց դռան դիմաց և փակեց դուռը հենց քթիս առջև: Հետո ես լսեցի աման-չամանի փշրոց և հստակ հարվածի ձայն: Այդպիսի ձայն կգար, եթե ոտքով խփեին ինչ-որ մեկի գլխին: Ու նորից վնգստոց ու ոռնոց:
Վերադարձա ես մի քիչ շշմած: Մեկնաբանն ասաց, որ հաշիվն արդեն երեք զրո է: Ես չկարողացա կենտրոնանալ: Ինձ շեղում էին աղմուկը և միտքը, որ շատ հնարավոր է գետնին նստած կանանցից մեկն արդեն մահացել է: Ես վերցրեցի մոխրամանի մեջից սիգարետս, վառեցի ու սկսեցի մտածել:
Մտածեցի ես բավականին երկար:
Հետո մի քիչ էլ: Ու որոշեցի վերցնել հեռախոսը: Հենց այն պահին, երբ նորից հարվածների ձայներ լսվեցին: Ես զանգեցի ոստիկանություն: Ալո, ֆուտբոլ չե՞ք նայում, ինչի՞ եք զանգել,-ասացին խոսափողի մեջ: Քթիցս են բերում ֆուտբոլը,-ասացի ես, ու մորթում են իրար, եկե՜ք հասե՜ք: Հասցե՞: Լավ, հիմա ընդմիջում է սկսվում, հիմա կգանք:



Հույսն այն է, ինչ առաջ շարժվելու կամք է տալիս մարդուն: Ընդմիջում էր: Տասնհինգ րոպե: Դա բավական է, որպեսզի կողքի ոստիկանատնից մեկ-երկու հոգի գան, նկատողություն անեն, շտկեն իրավիճակը, ինչ-որ մեկին բաժին տանեն և հեռանան` թողնելով ինձ կատարյալ լռության և ֆուտբոլի հետ: Ես դատարկեցի մոխրամանը, դրեցի նրա մեջ կրակայրիչն ու սիգարետը, գարեջրի նոր շիշ բերեցի, հաշվեցի կաթիլները`9: Նույնպես հրաշալի թիվ է: Երեք գոլ խփելն ամբողջովին ռեալ է: Թարմացրեցի ընդեղենն ու չիպսերը: Տեղը դրեցի հեռախոսն ու ձեռքս առա վահանակը` կարգավորելու ձայնը, երբ հարևանները կլռեն: Այդ նվիրական պահին սպասելիս ես վերածվել էի ականջի և որսում էի ամեն մի նոր ձայն: Լսեցի, թե ինչպես են գալիս ոստիկանները, ինչպես են սեղմում հարևանների դռան զանգը: Ահա դուռը բացվեց:
Աղմուկն ուժեղացավ: Գումարվեցին ոստիկանների գոռգոռոցները: Կանայք սկսեցին ավելի ու ավելի բարձր լացել: Ես զգացի, թե ինչպես է արցունքի կաթիլը դուրս գալիս աչքիցս և հուսահատված գլորվում այտովս ցած...կարծես չի լինելու այլևս ֆուտբոլ:
Նորանոր մարդիկ էին ավելանում վերևի հարկում: Դրաման զարգանում էր կայծակնային արագությամբ: Ջղաձգված ուղեղս չէր մարսում մեկնաբանի խոսքերը և չէր ընկալում կանաչ դաշտը: Բոլոր զգայարաններս պատրաստ էին հարևաններիս ու խառնաշփոթի մասնակիցներին պատառ-պատառ անելու: Հենց զգայարաններս: Ես մկաններ առանձնապես չունեմ: Ոչ էլ զենքեր:
Դողացող ոտքերով որոշեցի նորից բարձրանալ վեր: Հենց ընդհանուր միջանցքում ինձ հանդիպեց տեսախցիկով մեկը: Դուք այս շենքի բնակիչ ե՞ք: Խնդրում եմ պատմեք  մեզ մի քանի բան այս դժբախտ ընտանիքի մասին, որի տառապանքներին այսօր հետևում ենք համայն հայությամբ: Ես նայեցի ուղիղ տեսախցիկի օբյեկտիվի մեջ: Ահա, շարունակեց տեսախցիկով տիպը, մեզ հայտնեցին, որ դուք մեր հերոսների անմիջական հարևանն եք ներքևի հարկից և ես ձեզ շնորհավորում եմ, քանի որ այսուհետ ձեր բնակարանում կտեղակայվի մեր նկարահանող խումբը և դուք կլինեք այն եզակի մարդկանցից մեկն, ով կիմանա, թե ինչ է կատարվում մեր կուլիսների հետևում:
Տեսախցիկի օբյեկտիվի մեջ նայող իմ դեմքն ավելի հարցական արտահայտություն ստացավ:
Տիպը շարունակեց իր պատմությունն այն մասին, թե ինչպես է այս ընտանիքը շնորհիվ ոստիկանության տրամադրած տեղեկությունների հայտնվել «Դժբախտ մարդիկ» ինտերակտիվ սերիալի նախագծում և արդեն մոտակա տաս րոպեների ընթացքում ուղիղ եթերով ողջ աշխարհը (շնորհիվ արբանյակային հեռարձակման) կարող է հետևել ընտանեկան ծայրաստիճան ողբերգական, ճակատագրական և տառապալի իրավիճակներին: Այո, ասում էր տեսախցիկոցվ դեմքը, ձեր բախտը բերել է, որ դուք այս մարդկանց հարևան եք և կարող եք տեսնել այս ներկայացումները կենդանի կատարմամբ:
Ես վերադարձա տուն: Այնտեղ արդեն բերել էին պահեստային մալուխներ և սարքավորումներ: Ինձ հետ վերաբերվում էին  սիրալիր: Ինչ-որ մեկը հյուրասիրեց ինձ չիպսերով: Խոհանոցի պատին կախեցին «Հանրային Կյանքի Հեռուստաընկերության» լոգոն և «Դժբախտ մարդիկ»  ռեալիթի սերիալի պոստեռը: Ես նկատեցի, որ ընդհատվել է ֆուտբոլի հեռարձակումը: Էկրանի վրա բրդոտ ձեռքերով, խոժոռ աչքերով ու ոչնչացնող հայացքով մեկն էր: 

Tuesday, October 2, 2012

Dampnas


Այս պատմությունն ինձ համար սկսվեց ուրբաթ օրը, երբ ֆոեյում հանդիպեցի Պերճ Սարյանին: Պերճ Սարյանը խոշոր տղամարդ է: Հասակը կլինի երկու մետր, իսկ քաշը հաստատ հարյուրհիսուն կիլոգրամից պակաս չէ: Ու տեսնել Պերճին այդպիսի հուզված ու շփոթված վիճակում, համոզված եմ, բախտ է վիճակվել շատ քիչերին: Ֆոեյում նրա շուրջ հավաքվել էին մարդիկ և լսում էին նրա զարմանալի պատմությունը: Պատմում էր Պերճն այն մասին, թե ինչպես է ճաշի ժամին հանդիպել արծաթագույն գլխարկով մարդու և ինչ զգացումներ է ունեցել այդ հանդիպման ժամանակ: Ես մոտեցել էի վերելակին, սեղմել էի կոճակն ու մինչ այն կգար, ականջի ծայրով լսում էի հուզված Պերճի կցկտուր խոսքերը:
-Ես...նա ոչ մի ուշադրություն չէր դարձնում վրաս, ոչ մի: Նստել էր կողքս...ու ես զգում էի, զգում էի, որ ինձ բանի տեղ չի դնում, չի նկատում, չի զգում: Էնքան խորն էր ինձ արհամարհում, որ ես էլ սկսեցի կասկածել` կամ, թե չկամ: Կամ, թե չկամ...Եթե դուք մտածում եք, որ դրանից ավելի վատ բաներ էլ են պատահում մարդու հետ, ապա իմացեք` չեն պատահում:
Խեղճն իրոք ընկճված էր: Ով կմտածեր որ խոժոռ հայացքով հսկան այդքան նուրբ հոգու տեր է: Վերելակը եկավ և ես ներս մտա: Դռները փակվելուց հետո թույլ տվեցի ինձ հեգնական ժպիտս: Մեծն Պերճն ընկճվել է անծանոթի արհամարհանքից: Ինչպիսի նախադասություն: Ինչպիսի իրադարձություն: Ինչպիսի ճակատագրական պահ գրասենյակային Շրեկի կյանքում:
Ես դուրս եկա շենքից ու քայլեցի երկու խաչմերուկ վերև` « Տեկիլա» ռեստորան: Ուրբաթ օրերին ես ճաշում եմ Նրա հետ: Ուրբաթ օրերին ես չեմ պատրաստվում փչացնել տրամադրությունս ամեն անկապ թեմայով: Ուրբաթ օրերին «Տեկիլայում» ինձ սպասում է Սառան: Ես սիրում եմ հետևել նրա շարժումներին, երբ նա այնքան շարմով բանեցնում է բոլոր այդ փայլուն պատառաքաղներն ու դանակները:
Սառան հագել էր մանուշակագույն գործվածքից շոր: Այն գրկում էր նրա մարմինը, ակնարկում ինձ նրա կրծքերի մասին` ցույց տալով այնքան հաճելի գոգավորությունները, իջնում ներքև, շշմեցնում ինձ մեջքի բարակությամբ, տանջում ինձ հետույքի կատարելությամբ  ու վերջում մեն-մենակ թողնում ինձ աշխարհի ամենագեղեցիկ ոտքերի հետ: Սառային տեսնելիս ես ստիպված եմ լինում կուլ տալ թուքս ու լպստել շուրթերս: Ես համբուրեցի նրան ու տեղավորվեցի սեղանի շուրջ: Մեր հարաբերությունները վերջին շրջանում լարված են: Շաբաթը մեկ անգամ` դա առավելագույնն է, ինչին ես կարողացել եմ հասնել: Նա միշտ զբաղված է լինում, անընդհատ զբաղված է, իսկ աշխատանքից դուրս միշտ կգտնվի որևէ բարեկամ կամ հարազատ, որ կգողանա նրա ժամանակն ինձանից: Հավանաբար Սառան շատ լավն է` ամբողջովին մեկ հոգու պատկանելու համար:
-Ես զանգում էի քեզ երեկ,-ասացի ես:
-Գիտեմ, ես տեսել եմ, ուղղակի ժամանակ չկար պատասխանելու,-նա ժպտաց իր անմեղ ժպիտով` հետ տանելով ոսկեգույն մազերը: Ռեռստորանի խորքում անդադար աղմուկ էր, ինչ-որ անցուդարձ էր:
-Քեզ դուր եկա՞ն իմ ուղարկած ծաղիկները,-հարցրեցի ես:
-Ա, երեքշաբթի օրը՞,-ասաց նա,-այո, նրանք հիասքանչ էին:
-Ծաղիկները ես ուղարկել էի չորեքշաբթի,-ուղղեցի ես:
-Ճիշտ այդպես: Երեքշաբթի ծաղիկներ էի ստացել “BRT” ֆիրմայից:
-Ֆիրմաները քեզ ծաղիկներ են ուղարկու՞մ:
-Հաջող գործարքներից հետո:
Անընդհատ լսվող աղմուկն ավելի սաստկացավ: Ինչ-որ մեկն անվերջ կրկնում էր` «Ոստիկանություն», «Շտապ Օգնություն»:
-Տեսնես ի՞նչ է կատարվում,-հետաքրքրվեց նա:
-Երևի ինչ-որ մեկը վատացել է կամ հեռացել է առանց հաշիվը մարելու:
-Քույրս է,-ասաց նա ու հանեց պայուսակից հեռախոսը,-ես հիմա:
Երբ Սառան խոսում է հեռախոսով, պետք է հետևել նրա հայացքին: Այն կարծես սավառնում է ռադիո  ալիքների հետ, հասնում զրուցակցին ու նայում նրա աչքերի մեջ: Սիրում եմ նայել նրան, երբ խոսում է հեռախոսով: Տհաճություն է պատճառում միայն մի միտք` արդյոք այդպիսին է նրա դեմքը, երբ ես եմ զանգում նրան:
-Կներես, ես պետք է գնամ: Քույրս վատ է զգում իրեն..հանդիպել է ինչ-որ մեկի, ես չհասկացա ինչ է պատահել, ասում է, որ ճնշված է , լացում է...
-Դե իհարկե...
-Ես պետք է գնամ:
-Ահա:
-Խնդրում եմ, մի՜ նեղացիր, ես քեզ սիրում եմ:
-Չէ, չէ, չեմ նեղանում,-ասացի ես: Ինչպես ես կարող եմ նեղանալ, երբ նա ասում է` «սիրում եմ քեզ»: Իրոք: Ես նրա հետ ունեցել եմ անմոռանալի գիշերներ, ես չեմ կարող չհավատալ նրա խոսքերին, ես ուղղակի տառապում եմ նրա այս տեսակ վերաբերմունքից:
-Դու չհավանեցի՞ր իմ մորուքը:
Սառան մի պահ մնաց զարմացած աչքերը վրաս չռած: Փառք քեզ աստված, նա դեռ ուշադրություն է դարձնում վրաս:
-Այդ երբվանի՞ց:
-Այսօրվանից,-խաբեցի ես,-շոյելով արդեն մեկ ամսեկան մորուքս,-ես կուղեկցեմ քեզ:
Տաքսին կանգնեցրեցինք հենց ռեստորանի մոտ: Սառան գնաց քրոջ մոտ` քաղաքի մյուս ծայրն, իսկ ես մնացի կանգնած` մտածելով` վերադառնալ «Տեկիլա», թե գտնել մեկ այլ տեղ կամ հենց տուն գնալ:
 Մտքերով տարված վառում էի սիգարետս, երբ կողքս հայտնվեց մատուցողներից մեկը:
-Ծխել կարելի՞ է:
Ես պարզեցի նրան սիգարետի տուփը:
-Համոզված եմ, որ դա արծաթագույն  գլխարկովի գործն է:
-Ի՞նչ:
-Անհետացած հաճախորդի մասին եմ խոսում: Ես համոզված եմ, որ արծաթագույն գլխարկովի մատն այստեղ խառն է:
-Ի՞նչ արծաթագույն գլխարկով մարդ:
-Ողջ քաղաքն է դա խոսում: Իսկական վայրենիություն է: Օրը ցերեկով հայտնվում են մարդիկ ու ահաբեկում ազնիվ քաղաքացիներին: Առավոտվանից դա է, որ լսում եմ` ինձ մոտեցավ արծաթագույն գլխարկով մեկն ու ես ինձ վատ զգացի: Իսկ այս հաճախորդն ընդհանրապես անհետացավ: Մեզ մոտ, հարգելիս, հաճախորդները հենց այնպես չեն անհետանում: Սա լուրջ հաստատություն է: Ողջ քաղաքում չեք կարող գտնել գինիների այսպիսի ընտրություն..
Ես սեղմեցի մատուցողի ձեռքն ու գնացի տուն` նորություններ լսելու, թերթեր կարդալու և մի քիչ այս քաղաքից տեղյակ լինելու վճռականությամբ:




Hratap.am   14:25
«Անընդհատ ստացվում են հաղորդագրություններ քաղաքի տարբեր մասերից մարդկանց  սուր հոգեկան խանգարումների և անհետացումների մասին: Ոստիկանությունն արդեն ձեռնարկել է միջոցներ` արծաթագույն գլխարկով խորհրդավոր անծանոթներին գտնելու նպատակով: Միջոցներն այդ, սակայն, ապարդյուն են:
Գրանցված բոլոր հաղոորդագրություններում խոսքը գնում է մոտավորապես միանման  դեպքերի մասին: Քաղաքացիներին է մոտենում արծաթագույն գլխարկով մեկը, որից հետո մարդիկ սկսում են իրենց ընկճված զգալ, նյարդայնանում են, խուճապի են մատնվում և նույնիսկ անհետանում (?): Բոլոր տուժվածները, որոնք ի վիճակի են քիչ թե շատ հասկանալի արտահայտվել, ասում են, որ անծանոթներն ուղղակի արհամարհում են իրենց, ինչի արդյունքում իրենք սկսում են կասկածել սեփական գոյության մասին:
Hratap.am լրատվական կայքը բարձր է գնահատում իր տարածած տեղեկատվության հավաստիությունն կարևորությունն ու իր ընթերցողների վստահությունը, այդ պատճառով դեռ հրաժարվում է պատասխանատվություն կրել նմանատիպ տարօրինակ և հակասական նյութի համար:»  

24onlinecity.com  16:05
«Քաղաքի գլխավոր հոգեբանի ասուլիսից պարզ դարձավ, որ խոսքը գնում է զանգվածային նևրոզի մասին: Քաղաքացիների նման պահվածքը գլխավոր հոգեբանը պարզաբանում է վերջին տնտեսական ճգնաժամի հետևանքներով և արևային մագնիսկան մրրիկների աննախադեպ ակտիվությամբ…»


Luronline.am  16: 23
«Քաղաքում մտցված է պարեկային ժամ: Կառավարությունը հրաժարվում է մենաբանություններ անել Արտաքին Գործերի Նախարարության շենքի անհետացման վերաբերյալ: Ականատեսների վկայությամբ նախարարության շենքին են մոտեցել արծաթագույն գլխարկներով երեք հոգի,իսկ մի քանի րոպե անց շենքն անհետացել է: Ոստիկանությունը հայտարարել է, որ տարվում են ակտիվ որոնողական աշխատանքներ...»:


Այս ամենը կարդալուց հետո ես զանգահարեցի Սառային: Նրա ձայնը լացակումած էր: Նա ասում էր, որ քույրն իրեն շատ վատ է զգում, նրան թվում է, թե արդեն մահացել է և անընդհատ ուզում է իրեն մի կերպ ցավացնել, որպեսզի համոզվի հակառակում: Ես խորհուրդ տվեցի Սառային կանչել բժիշկների: Սառան ասաց, որ արդեն զանգահարել էն «Շտապ Օգնություն», սակայն պատասխանել են, որ հիմա ծանրաբեռնված են նմանատիպ կանչերով , և բժիշկներն իրենց կմոտենան մոտակա երկու ժամվա ընթացքում: Երբ ասացի, որ ուզում եմ գալ իր մոտ, Սառան ասաց, որ չարժե, դրանից իր քույրն ավելի կնեղվի:
Լավ է տանը գարեջուր ունենալը: Միշտ կարելի է խմել, հատկապես այն պահերին, երբ թեթև տագնապ և անհանգստություն ես զգում: Ես հանեցի սառնարանից գարեջրի շիշն ու նորից նստեցի համակարգչի դիմաց: Բոլոր սոցիալական ցանցերում գնում էին բուռն քննարկումներ, բայց ուշադրությունս գրավեց բացված ֆորումներից մեկը, որտեղ իրենց կարծիքներ էին հայտնում կոմպետենտ թվացող անձիք: Օրինակ`
Dr. Freud-Ստեղծված իրավիճակն առանձնահատուկ է: Խոսքն ամենայն հավանականությամբ գնում է հոգեբանական ապոկալիպսիսի մասին: Եթե վերլուծենք բոլոր “տուժածների “ վկայությունները, ապա կկարողանանք պարզել, որ նշված սուբյեկտների մոտ ի հայտ են եկել մի շարք արմատական բարդույթներ: Ու բանն այս դեպքում ոչ թե առանձին հոգեբանական գործոնների առաջնայնության մեջ է, այլ հենց ամենահիմնական գիտակցության: Ակնհայտ է, որ այս մարդիկ այլևս չեն գիտակցում իրենք իրենց, նրանց մոտ կորել է վստահությունն իրենց գոյության վերաբերյալ: Այս պայմաններում ինձ մնում է միայն լռել և մտածել, թե ինչ դեր ունեն այս ամենում արծաթագույն գլխարկներն ու ինչ կարող են դրանք նշանակել:
Mr. Anonymous-Մարդիկ: Լինելով ասղաֆիզիկոս, լինելով քաջատեղյակ այլմոլորակային քաղաքակրթությունների հետ շփման բոլոր հավանականություններին` հանդգնում եմ վստահեցնել: Մեզ վրա ՀԱՐՁԱԿՎԵԼ ԵՆ: Եվ ընտրել են մեզ ոչնչացնելու անսովոր, սակայն գործող տեխնիկա: Ի՞նչ է պետք մեզ` ինքնահավան և էգոիստ homo sapiensներիս ոնչացնելու համար: Անհրաժեշտ է ընդամենը մեզ արհամարհել: Եվ նրանք արհամրհում են: Հնարավոր է սա նախնական հետախուզական ակցիա է: Այլ քաղաքներից նմանատիպ դեպքերի մասին տեղեկություններ չկան, սակայն ես վստահ եմ, որ մեզ պետք է պատրաստվել…պատրաստվել ավելի խոշոր հարձակման:
Ms.Woman-LOL. Հիմարների ֆորում: Այն ինչ հիմա կատարվում է` լավ կազմակերպված միջոցառում է: Կտեսնեք` սա կամ գովազդային քայլ է կամ քաղաքական PR-ի տակտիկա: Հիմա քաղաքապետը կգտնի նախարարության շենքն ու բոլորս հաջորդ ընտրություններին կընտրենք նրան:


Փորձեցի նորից զանգել Սառային: Այս անգամ նա չպատասխանեց: Սովորական երևույթ է: Գնացի երկրորդ շշի հետևից: Ֆորումներում կարդացած կարծիքները զվարճացնում էին ինձ, սակայն ուղեղս հրաժարվում էր առաջարկել իր սեփական վարկածը: Պատկերացնել նման բան դժվար է: Ինչպե՞ս կարող է անծանոթը այդքան արհամարհանք ներնչել ինչ-որ մեկի, որպեսզի վեջինիս մոտ ինքնագիտակցության այդպիսի ճգնաժամ սկսվի: Իսկ անհետացումների մասին ես ընդհանրապես աշխատում էի չմտածել: Սկզբում մարդիկ, հետո մի ամբողջ նախարարության շենք: Ես վերադարձա համակարգչի մոտ:  Լրատվական կայքերն արդեն ունեին թարմացում: Արդեն կային լուսանկարներ և կային մահախոսականներ և կային խոշորագույն քաղաքներում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների հոլովակներ:

«Ահռելի չափսերի չբացահայտված արծաթագույն թռչող սարքը մոտենում է Երկիր մոլորակին: Բոլոր երկրների բոլոր ուժային կառույցները բերված են մարտական վիճակի: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հրավիրել է արտակարգ նիստ` ստեղծված իրավիճակը քննարկելու համար»:
Ես խորը կում արեցի սառը շշից: Նորից փորձեցի զանգահարել Սառային: Չպատասխանեց: Ախր ինչպե՞ս կարելի է ապրել նման արհամարհանքի պայմաններում: Դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ կլինի եթե ինչ-որ մեկն արհամրհի մեր ողջ մոլորակը:

Saturday, September 22, 2012

Իմանալ վաղը


Որպեսզի հասցնեմ, պետք է մինչև վերջ պտտեցնեմ գազի բռնակն ու մոռանամ արգելակման բոլոր սեղմակների, պտուտակների ու  ոտնակների մասին:  Հերթն արդեն ձգված էր լինելու մի քանի հարյուր մետր, իսկ օրվա ավարտին մնացել էր մի ժամ: Մի քնձռոտ ժամ, որպեսզի հասցնեմ ստանալ իմ բաժինը, որպեսզի հաջորդ օրերին ման չգամ` բերանիցս լոզեր ծորացնելով:
 Ես տանել չեմ կարողանում զոմբակներին: Ընդհանրապես: Ես չեմ կարողանում տանել նաև ինձ, երբ վերածվում եմ զոմբակի: Փառք բոլոր մոլորակներին, զոմբակները գրեթե ոչինչ չեն գիտակցում փսլնքոտ վիճակում գտնվելիս:
Ճանապարհն ընկած էր տափաստանի միջով: Ես ճզմել էի մոտոյիցս առավելագույնը: Ես ճեղքում էի քամին, ես ճեղքում էի ժամանակը` ընդառաջ գնալով մոլորակներին` ստանալու վաղվա հույսը: Մի քիչ ռոմանտիկ է: Համաձայն եմ: Բայց չկա ավելի քաքոտ բան, որն ավելի քաքոտ լինի քան այն քաքը, որի մեջ ընկնում ես մոտակա Ինֆորմացիոն կենտրոնի հերթից մեկ ժամ, վեց հարյուր հոգի և հիսուն կիլոմետր հեռու: Միայն այն միտքը, որ կարող ես հայտնվել անիմացության մեջ և առավոտյան վերածվել զոմբակի, ստիպում է ավելի ու ավելի պտտեցնես գազի բռնակը: 2400 խորանարդ սանտիմետրանոց շարժիչը գոռում էր ողջ տափաստանով մեկ` մոտեցնելով ինձ քաղաքին: Ես նայում էի սաղավարտի ապակու հետևից, նայում էի մոտեցող կառույցներին, մեքենաների հոսքին, վայրէջք ու թռիչք կատարող ինքնաթիռներին և մարդկանց խիտ բազմությանը, որը գիտեր այն ամենն ինչ կատարվելու է իր հետ վաղը:
Քաղաք մտնելիս նկատեցի սոցվարչության ապահովագրական մի քանի կետեր: Դրանց առջև կուտակված էին զզվելի զոմբակներ: Դրանց հերթը կարգավորում էին մի քանի ոստիկաններ` ուղորդելով զոմբակներին մահակների օգնությամբ: Զոմբակները մոտենում էին լուսամուտին, տնկում իրենց ձեռքը, ստանում լազերային դաջվածքն ու հեռանում` լուռ կարդալով իրենց վաղվա օրը:
Անցած շաբաթ ես էլ նույն վիճակում էի: Ու հարցը նրանում չէր, որ չէի հասցրել ժամանակին հասցնել Ինֆորմացիոն  կենտրոն: Չնայած դա ինձնից շատ սպասելի է, քանի որ կենսակերպիս ենթադրելի մասն է անընդհատ ճանապարհորդելը գրողի տարած անապատներով: Անցած շաբաթ ես հասել էի կենտրոն դեռ ցերեկվա ժամերին և ձեռք բերել ինֆորմացիայի առավելագույն քանակը` վաղվա օրվա և մյուս օրվա համար:
Հարցը նրանում էր, թե ինչպես պահեցի ես ինձ` ստանալով այդ ինֆորմացիան:


***
Ինձ նմանների կարելի է հանդիպել ողջ աշխարհով մեկ` նույնիսկ ոչ այս մոլորակում: Մենք փաստացիորեն չկանք` որպես հատուկ խավ կամ գոնե մասնագիտություն: Մենք նման ենք նետերի, որոնք սլանում են տափաստաններով, անապատներով և այլ տեղանքներով: Մենք նետեր ենք, որոնք որսում են աստղեր (ինչպես կասեին մեր շատ հեռավոր քարանձավային նախնիները: Ի դեպ, ես հնությունների մեծ սիրահար եմ և նետերի օրինակն էլ դրա համար բերեցի):
 Մեր զբաղմուքն իրոք հետաքրքիր է: Պատկերացնու՞մ եք, սլանալ անապատով մեկ` բռնելու երկնքից ընկնող շիկացած երկնաքարի վերջին գոլոշիացող կտորը, որպեսզի այն չկպնի մոլորակի մակերեսին:
 Պատկերացնու՞մ եք, թե ինչպես է դա եռացնում մեր արյունն, ինչպես է դա ադրենալինով լցնում մեր ուղեղները, ինչպես է իմաստավորում կյանքը:
Հիմա բոլորը կախված են աստղերից, մոլորակներից ու նման տիեզերական ապուշություններից, որոնցից քամում են ավելի ապուշ տեղեկություններ, սրսկում այդ տեղեկություններն իրենց գիտակցությունների մեջ և ապրում մինչև հաջորդ տեղեկության հասանելի լինելը: Այդ ինֆորմացիան, պարզվեց, այնքան անհրաժեշտ էր homo sapiens տեսակի համար, որ առաջացավ դրանից կախվածություն: Ո՞վ է ձեզանից վերածվել զոմբակի: Հիշեք ձեր ապրած նողկալի րոպեներն այն պահին, երբ դնչից սկսում է կաթալ փսլինքը , իսկ աչքերը բութ արտահայտությամբ նայում են անորոշ ուղղությամբ: Հիշու՞մ եք, թե ինչպես է այդ պահերին ամոթից կծկվում հոգին, ինչպես է նա ողբում գիտակցության տկարությունը: Գիտակցություն, որը կախված է  տարբեր տեսակի ապուշություններից: Չեք հիշում ախր...զոմբակները չեն հիշում ոչ մի բան: Այդ հետո է միայն պարզ դառնում, թե ինչքան է նեղացել այդ ամենից հոգին:
Իսկ մենք, գրողը տանի, փորձում ենք այդ տեղեկությունները փոխել, զգալ ղեկը, զգալ, որ կարող ենք միջամտել, մի բան անել` մեզ սպասող իրականությունը փոխելու համար:
 Մեկ տասնամյակ առաջ էր, երբ Մեծ Որսորդ Ռեյը կոչ արեց բոլորին, ովքեր ուզում են փոխել վաղվա իրենց զզվելի օրը, դուրս գալ անապատներ, տափաստաններ և այլ հարթ տարածքներ, սպասել վայր ընկնող երկնաքարերի և բռնել դրանք մինչև դրանց գետնին ընկնելը:  Իսկ տրամաբանությունը պարզ է: Երկու երկնային օբյեկտների բախումը բավականին մեծ երևույթ է տիեզերքի մեր հատվածում: Այդ բախումից առաջացող իմպուլսները հերիք են, որպեսզի ազդեն առանձին սուբյեկտների առօրյայի և նույնիսկ ճակատագրերի վրա:
Բարդությունը միայն ընկնող «աստղը» բռնելու մեջ էր:
Իհարկե մասնագետները պատրաստեցին հատուկ լոկատորներ և նավիգատորներ, որոնցով հնարավոր էր լինում իմանալ մոտեցող օբյեկտների և դրանց ուղեծրի մասին: Իհարկե ստեղծվեցին հատուկ մագնիսային ձեռնոցներ` նման այն ձեռնոցներին, որոնք օգտագործում են բեյսբոլիստները: Այդ ամենը ստեղծվեց: Ու փորձվեց: Ու շատերը զոհվեցին այդ փորձերի ժամանակ ու շատերը հաշմանդամ դարձան: Միայն թե այս գործում ամենից մեծ վտանգը ներկայացնում է հենց որսորդի ուղեղը:
Չխելագարվել:
Չխելագարվել, երբ սլանում ես ահռելի արագությամբ, երբ հազարապատիկ մեծ արագությամբ քեզ վրա է իջնում շիկացած նյութը, երբ պարզում ես ձեռքդ ու զսպում լուսնային տարիների անդադար ընթացքը մագնիսասկան ձեռնոցիդ մեջ...
«Աստղ» բռնելուց հետո ես ծխում եմ:


Անցած շաբաթ էլի բռնել էի:
Տիեզերքի ծրագիրը հատել էի: Դադարեցրել էի մի ամբողջ երկնային օբյեկտի շարժում: Դրել էի այդ դադարեցված շարժումը գրպանս ու հենց նույնիսկ գրպանումս էլ զգացել, թե ինչպես է փոխվում վաղվա օրս:
Իսկ Ինֆորմացիոն կենտրոնում լազերը դաջեց ձեռքիս ինչ-որ հիմարություն: Այդպիսի բան չէր կարող պատահել ինձ հետ, այդպիսի տեղեկատվություն չէր կարող լինել, հավանաբար խառնել էին ինչ-որ մեկի հետ, միգուցե լազերն էր փչացել, այդպիսի բան չէր կարող լինել:
Ես նյարդայնացել էի: Թափ հավաքեցի ու ոտքով խփեցի լազերային դաջվածք անողի սեղանին: Նա վեր թռավ: Ես ապտակեցի նրան: Իսկական չափալախ էր գանգի արևմտյան կիսագնդին: Հետո հարվածեցի կողքիս կանգնած տղամարդու ծնոտին, ով ինձնից առաջ էր ստացել իր ինֆորմացիան: Հաստավիզ անասունը հաստատ իմ բաժինն էր կարդացել:
Հետո չեմ հիշում:
Հետո արդեն նշանակություն չունի:
Վրա հասած ոստիկանները զրոյացրել էին ստացածս ինֆորմացիան և ես վերածվել էի զոմբակի: Սոցվարչության ապահովագրական կետում անցավ երկու օր, մինչև հասավ իմ հերթն ու վերջապես աչքերս կարողացան կարդալ լազերային հերթական դաջվածքս: Ու նորից ընկա տեմպի մեջ: Ու էլի ընկա մի աշխարհ, որտեղ պետք է չմոռանայի իմանալ, թե ինչ է լինելու վաղը: Հնում մարդիկ կարդում էին թերթեր, գրքեր, բլոգեր...հիմա պետք է կարդալ ընդամենը վաղվա օրը: Ես նստեցի մոտոս ու անհետացող լազերային դաջվաքիս վերջին անգամ նայելով, շտապեցի ինչ-որ մի բան փոխելու:


***
Ինֆորմացիոն կետ հասա  օրվա ավարտից եռեսունհինգ րոպե առաջ: Մոտոն թողեցի հենց դռան առջև:  Հերթն արդեն բավականաչափ նոսրացել էր: Մնացել էին հարյուր-հարյուր հիսուն հոգի: Գրպանումս` հատուկ կապսուլայի մեջ, մի քանի ժամ առաջ որսացած «աստղն» էր: Պետք էր կենտրոնանալ: Կենտրոնանալ և կենտրոնանալ: Երբ քիչ առաջ միջամտած ես լինում տիեզերական պրոցեսներին, պետք է կարողանաս քեզ տրամադրել դրական մտքերի: Ես պատկերացնում էի կապույտ ծով, արևոտ եղանակ, մեղմ ալիքներ, արմավենիներ, ավազ, սպիտակ ավազ, ոտքերս էլ ավազի մեջ, իսկ ես պառկած, հանգիստ պառկած, ավազի վրա, ավազ, ավազ...անապատ:
Հերթս մոտենում էր: Ես կենտրանացա ու քայլեցի սպասարկող պատուհանի մոտ:
-Բարև ձեզ:
-Ողջույն:
Տնկեցի ձեռքս: Դաջեց:
« Օրը բարենպաստ չի լինի քաղաքից դուրս զբոսանքներ կատարելու համար: Հետևեք ձեր առողջությանը: Վերանորոգեք ձեզ պատկանող տրանսպորտային միջոցը, փորձեք հեռու մնալ այն ամենից, ինչը ձեզ նյարդայնացնում է. այսօր դուք յուրահատուկ զգայուն կլինեք նման բաների հանդեպ: Զգույշ եղեք ընկնող առարկաներից: Հեռու մնացեք բաց տարածություներից: Հնարավոր է վնասվածքներ ստանալ մեծ արագության պատճառով: Երեկոն անցկացրեք ձեզնից թույլ էակների հետ: Անմիջական հաղորդակցությունը կառաջացնի կարեկցանքի զգացում, ինչը թարմ ալիքներ կհաղորդի ձեր տրամադրությանը:
Անձնական Հորոսկոպ. Ինֆորմացիոն կետ N41993» :
Ես սեղմեցի ձեռքս. բռունցքներիս ոսկորները կռճտացին...




Monday, September 17, 2012

Zemmiphobia


Բլենդերի սուր թևիկներն անցնում էին անանասի միջով ավելի հանգիստ, քան դանակը կարագի: Գասպարյանը ձախ ձեռքով վերցնում էր անանասի կտորն ու իջեցնում բլենդերի մեջ: Թևիկների սուր շեղբերին մոտեցնելիս նա մրգի կտորը պահում էր մատների մեջ` մի քանի վայրկյան զգալով, թե ինչպես է րոպեյում երկու հազար պտույտ գործող փոքրիկ շարժիչը մատներից խլում միրգը:
-Ես զգուշացրել եմ, զոգուշացրել եմ,-անընդհատ կրկնում էր նա  խոսափողի մեջ,- այդ ձայները հասնում եմ մինչև քսանվեցերորդ հարկ, ու դրա դեմ պետք է պայքարել, հենց հիմա: Ես զգուշացրել էի, որ մեզ դա պետք է հենց այսօր, հենց հիմա:
Խոսափողի միջից գռմռոցներ էին լսվում: Ինչ-որ մեկը կապի մյուս կողմում փորձում էր հակաճառել կամ արդարանալ: Գասպարյանը անանասի հերթական կտորը մոտեցրեց բլենդերին: Սուր թևիկներն անմիջապես «հոշոտեցին»  այն:
-Ձայները դուրս են գալիս աղբատարից, այո, այո, աղբատարից, պետք է ընդամենը ստուգել, թե ինչ է, գրողը տանի, կատարվում այդ աղբանոցում, ինչպե՞ս կարող եք մասնագետներ չունենալ: Ինչպե՞ս:
Գասպարյանը վերցրեց միանգամից երկու կտոր միրգ: Դրանք իջեցրեց բլենդերի մեջ ու բաց թողեց պտտվող թևիկներից քիչ վերև: Անանասի կտորները հասցրեցին փաթաթվել միմյանց` մինչև հեղուկի վերածվելը:
-Հերթապահ Գալլյան, այս հարցը պետք է լուծել: Ձայնն արդեն ազդում է բոլորի վրա, գիշներն անհնար է դառնում քնել, անհնար, ահա....շնորհակալություն, կսպասենք, կսպասենք մեր ականջների խաղաղությանն ու մեր հանգիստ երազներին, մի մոռացեք, որ մենք ձեզ զգուշացրել էինք, կսպասենք, կսպասենք ձեր օգնությանը: Շնորհակալություն:
Գասպարյանը վերցրեց անանասի վերջին, մեծ կտորը:  Բարձրացրեց, պահեց այն իր աչքերի դիմաց, ժպտաց ու նոր միայն իջացրեց բլենդերի մեջ: Վայրկյան անց շենքի բոլոր խողովակներով, օդափոխման համակարգերով և հիմնականում աղբատարով սկսվեց տարածվել ծանր, մռայլ ու տխուր մռնչոցը: Այդ ձայնից Գասպարյանը ջղաձգվեց: Նրա ձեռքը մի փոքր դողաց ու մատները դիպան  բլենդերի թևիկներին:
-Քու տիրոջ մերը:
 Արյունը խառնվեց հյութի հետ` առաջացնելով նոր, տարօրինակ գույնի զանգված:
-Քու տիրոջ մերը...
Մատներն ամբողջական էին: Կտրատվել էին միայն ցուցամատի ու մատնեմատի ծայրերը: Դրանցից արյունը հոսում էր անդադար ու առատ: Գասպարյանն անպաշտպան նայում էր իր ձեռքին, արյունին և արդեն ոչ սպիտակ շորերին:
-Քու տիրոջ մերը:
Գասպարյանը վերցրեց կտրատված անանասի մնացորդները, լցրեց դրանք արունոտվող տոպրակի մեջ ու արագ քայլերով գնաց դեպի աղբատարը:
-Քու տիրոջ մերը:

Տոպրակն ընկավ աղբատարի մեջ ու կուլ գնաց միապաղաղ հնչող մռայլ ձայներին:



Գալլյանը սովորություն չուներ անհանգստացնել իրենից բարձր դիրք գրավող մարդկանց, այն էլ ոչ աշխատանքային օրվա գիշերվա ժամերին: Դավթյանին, սակայն, նա ստիպված եղավ կանչել: Դավթյանը բավականաչափ բարի էր ու բավականաչափ գնահատում էր Գալլյանի հոր հետ միասին Կիբեռնետիկայի ֆակուլտետում սովորած տարիները, որպեսզի  չմերժեր անփորձ հերթապահին: Հեռախոսով կարճ խոսակցության ժամանակ Գալլյանը հայտնեց միայն, որ անհասկանալի ձայներ են լսվում 26\27  շենքի աղբատարից:
« Աղբատարից...աղբատարից իրավունք չունեն ձայներ լսվեն, աղբատարում պետք է լուռ լինի: Էնտեղ ոչինչ չկա բացի աղբից ու ռոբոտից,-մտածում էր Դավթյանը` Գալլյանի մեքենայի մեջ նստած,-միայն աղբ...ռոբոտը չի թողնի, որ էնտեղ ինչ-որ բան ավել-պակաս շարժվի» :
Գալլյանի մեքենան սլանում էր դեպի 26\27 շենք: Գալլյանը պատրաստ էր հրաժարվել ողջ օրավարձից` միայն թե այլևս հաճույք չունենա շփվելու չարաբաստիկ շենքի դժգոհ բնակիչների հետ:




Դավթյանը նայում էր Գալլյանի լարված դեմքին: Ակնհայտ էր, որ դոկտոր Գալլյանի գեներն ուղղակի հզոր են եղել: Դավթյանը երբեք չէր տեսել, որ հայր ու որդի այդքան նման լինեն իրար: Դոկտոր Գալլյանի հետ նրաք աշխատել էին քսան տարի առաջ` Քաղաքային Նորարարական Կենտրոնում: Դավթյանը հիշում էր իրենց առաջին և ամենահաջողված գործը: Հենց սկզբում գիտական երիտասարդ դուետին հանձնարարել էին մշակել նոր տարբերակ` քաղաքն առնետներից ազատելու համար: Դավթյանը հիշում էր, որ այդ տարի առնետներն իրոք չափից շատ էին տարածվել, ու քաղաքում կային մարդիկ, ովքեր խոսում էին անեծքների և «նեխող աուրաների» մասին: Գալլյանն ընդունեց հանձնարարությունը խանդավառությամբ, սակայն ոչ նաև առանց սարսափի: Ոչինչ չէր կարող ավելի վախեցնել Գալլյանին քան ամենահասարակ առնետը: Եվ նա առաջարկեց սպանել նրանց հատուկ մասնագիտացած ռոբոտների միջոցով:
-Ամեն աղբանոցին մեկ ռոբոտ: Երկաթյա, զինված, ագրեսսիվ ու անվախ ռոբոտ, որը ծրագրավորած կլինի ոչնչացնելու համար: Առնետները կզրկվեն աղբանոցներից, հետևաբար ուտելիքից ու կլքեն քաղաքը:
Դավթյանի դեմքին ժպիտ հայտնվեց: Նա չէր կարողանում չժպտալ, երբ հիշում էր թե ինչպես է Գալլյանը լաբորատորիայով մեկ փախչում փորձերի համար բերված ստերիլ առնետներից, ինչպես էր բարձրանում սեղանների վրա ու ինչպես էր խուճապի մեջ ընկնում, երբ փորձարարական առնետներից ինչ-որ մեկը դեռ շարունակում էր  կենդանության նշաներ ցույց տալ ռոբոտի գրոհից հետո:
Ծրագրի վրա աշխատեցին ինն ամիս: Ծրագիրը ստացավ Քաղաքային Խորհրդի հաստատումը: Շենքերում, կոյուղիներում, աղբանոցներում դրվեցին ռոբոտներ: Երեք ամիս անց քաղաքում առնետներ չկային:



Առաստաղի վրա կային հինգ անցքեր: Դրանք մոտ մեկ մետր տրամագծով խողովակներ էին, որոնք բարձրանում էին մինչև ամենավերին հարկը և կազմում շենքի աղբատար համակարգը: Առաջին հարկում գտնվող աղբանոցը դատարկում էին երեք օրը մեկ: Երեք օրում այդտեղ հավաքվում էր մոտ հիսուն կիլոգրամ բանջարեղեն, եռեսուն կիլոգրամ մրգային զանգված և չորս-հինգ կիլոգրամ բազմազան մսային զանգված:
Ինչ-որ մեկն անընդհատ զբաղվում էր ուտիլիզացված թափոնների սննդային վերամշակմամբ և դա փաստ էր, քանի որ աղբահանող բրիգադներն ամեն անգամ նկատում էին կրծոտված մնացորդրներ, քրքրված իրեր ու մակաբույծերի գործունեության այլ փաստեր:
Բ785 ռոբոտը, չնայած  այս ամենին, աշխատում էր անխափան: Նրա մոտ միաժամանակ բաց թողեցին քսան ստերիլիզացված առնետներ, որոնց նա ոչնչացրեց փոքրիկ, դիպուկ փամփուշտներով և ուլտրաձայնային հարվածներով: Սարքի փորձարկումը կատարող մասնագետները, սակայն, չնկատեցին այն հանգամանքը, որ քսան առնետների դիակիկներից հաջողվեց գտնել ընդամենը տասնութը: Իսկ աղբահաները չնկատեցին խայտաղբետ զանգվածի մեջ խառնված բարակ ողնաշարերն ու գանգերը: Երկու  ստերիլիզացված առնետների մնացորդները:

Գիշերային  ժամերին պակասում է ուտելիքի ընդհանուր քանակը: Դրա փոխարեն ավելանում են յուրահատուկ ու էկզոտիկ թափոնները, որոնք միայն ավելի են գրգռում սննդի իսկական որսորդների ախորժակը: Այդ գիշեր վերևից ընկավ բացառիկ բույր ունեցող մի փաթեթ: Ռոբոտը ֆիքսեց շարժումն ու թեքվեց դեպի տոպրակի վայրէջքի կետը: Իրար հաջորդեցին մի քանի երկար րոպեներ: Ոչ մի շարժում: Ոչ մի ձայն: Ռոբոտի ֆոտոաչքերը չէին ֆիքսում ոչ մի բան: Ջերմասենսորները ցույց էին տալիս նոր «ժամանած» աղբի թեթև ջերմային տարբերություն ընհանուր ֆոնից:
Շողքը հայտնվեց պատի վրա: Շողքը բարձրացրեց գլուխն ու նորից անհետացավ: Ուրիշ շողք: Սկսեցին հայտնվել նորերը: Դրանք մանր կենդանիների շողքեր էին: Դրանք հայտնվում էին ու անհետանում: Դրանք շատ էին: Շողքերը սկսեցին կուտակվել մի վայրում: Դրանք հայտնվում էին անդադար: Կարծես ողջ ժամանակ թաքնված էին մոտակայքում, ինչ-որ մի տեղ ու հիմա դուրս էին եկել երկար սպասված զբոսանքի: Դրանք կուտակվում էին նոր տեղ հասած տոպրակի շուրջ:
Ռոբոտի ֆոտոաչքերը ֆիքսում էին շողքերի շարժը, բայց ջերմասենսորները լռում էին ջերմաստիճանային տատանումների մասին: Ռոբոտը մնացել էր անշարժ: Միայն ֆոտոաչքերի սև հատակում կարելի էր տեսնել օպտիկական շերտերի ակտիվ աշխատանքը: Դրանք հաշվում էին շողքերի թիվը, փորձում էին կառուցել նպատակահարմար գրոհի սխեմաներ ու անցնել հարձակման: Սակայն մեխանիկան հրաժարվում էր: Մյուս սենսորները փոխանցում էին հրաման-արգելք` տագնապ չկա, թիրախ չկա:
Շողքերը հավաքվում էին ու հավաքվում: Դրանք ընկնում էին նույնիսկ առաստաղից, նույնիսկ խողովակներից, դրանք դուրս էին գալիս ամենաանսպասելի իրերի տակից, մեջից, հետևից ու վրայից: Դրանք ամենուր էին: Մի քանիսը դուրս եկան հենց ռոբոտի տակից: Վերջինիս ֆոտոաչքերը սկսեցին փակվել: Տարբեր զումերի ու ռակուրսների փոփոխման հետևանքով տաքանում էին աչքերի փոքրիկ շարժիչներն ու անջատում ֆոտոաչքերը վթարային ռեժիմով: Հայտնվելով մթության ու անգիտության մեջ` ռոբոտը սկսում է վերլուծել «վթարված» աչքերից ստացված ինֆորմացիան` բուռն անցուդարձի և թիրախների առատության մասին: Նրա բոլոր հինգ պրոցեսսորները սկսում են աշխատել նույն խնդրի շուրջ: Փոքրիկ հովացուցիչները բոլոր հինգ պրոցեսսորների տակ սկսում են աշխատել մաքսիմալ արագությամբ: Բացվում են վթարային զովացման անցքերը ռոբոտի իրանի վրա: Դրանցից դուրս է թռչում լարված հովացուցիչների շիկացած շարժիչների «ճիչը»` բազմապատկվելով ու հազարապատկվելով աղբանոցի ընտիր ակուստիկայի շնորհիվ:



-Հորդ սարքած ռոբոտները նման էին իրեն, գիտե՞ս:
-Ինչու՞ էին նման,-փոքր ինչ վրդովված ասաց Գալլյանը:
-Ռոբոտները նույնպես վախենում էին առնետներից:
-Ինչպե՞ս թե: Բա ո՞նց են ապրում աղբանոցներում: Կոյուղիներու՞մ:
-Կներես, ճիշտ չասացի: Ռոբոտները նույնպես, ինչպես և քո հայրը, վախենում են առնետների շողքերից: Դրա մասին քեզ բան չե՞ն պատմել:
-Չէ, ի՞նչ է որ:
-Փորձ էին դրել: Հորդ ռոբոտներին ցուցադրում էին առնետների շողքեր: Խեղճերը ֆիքսում էին այդ շարժումները, բայց չէին կարողանում կողմնորոշվել` շարժվեն թե ոչ: Ու գժվում էին: Սկսում էին  ակտիվ աշխատել նրանց զովացնող համակարգերը, բացում էին բոլոր օդափոխիչ անցքերն ու ծիծաղալու տեսք էին ստանում: Կայն մարդիկ, որ ասում էին , թե հայրդ դիտմամբ է նախատեսել այդ ռեակցիան շողքերի հանդեպ: Որպեսզի իր ստեղծած ռոբոտները նույնպես իր վախի կրողները լինեն:
-Ես չեմ հավատում, որ հայրս էդքան վախկոտ է եղել:
-Դե....ի դեպ, չհասա՞նք:
-Արդեն հասանք,-սառն ասաց Գալլյանը:


Շողքերը հավաքվում էին տոպրակի շուրջ: Նրանց քաշում էր տոպրակի բույրը: Նրանք կարծես կախարդված լինեին:
Տոպրակը ճմրթված էր: Մեջից երևում էին անանասի մնացորդներ: Տոպրակի վրա կային լաքաներ: Կարմիր լաքաներ, որոնք դեռ խոնավ էին, իսկ հենց տոպրակի մեջ, մրգային հյութի հետ խառնված, կար արյուն: Շողքերը բարձրացնում էին իրենց փոքր քթները դեպի վեր, կարծես հոտոտում ու հավաքվում տոպրակի շուրջ: Ռոբոտը նորից բացել էր ֆոտոաչքերն ու հետևում էր  յուրահատուկ իրարանցմանը: Նրա զովացուցիչ անցքերից երբեմն-երբեմն լսվում էին ծանր «հոգոցներ»:
Շողքերի կուտակումն արդեն կրիտիկական էր: Նրանք արդեն իրենցից ներկայացնում էին ոչ թե առանձին շողքեր, այլ մի ամբողջական մեծ շողք, որից սակայն անջատվեց մի փոքրիկ սև կետ ու մոտեցավ տոպրակին: Տոպրակը թեթև շարժվեց: Ռոբոտը դա ֆիքսեց:
Շողքերի խումբը մի քիչ ավելի մոտ եկավ դեպի տոպրակը: Տոպրակը շատ կամաց շարժվեց:
Շողքերը սկսեցին նվազել: Դրանք սկսեցին հալվել:
Տոպրակը շարժվեց նորից:
Ռոբոտը պատրաստվեց հզոր ուլտրաձայնային հարվածի:


Գալլյանն ու Դավթյանը կանգնած էին աղբանոցի դռան դիմաց:
-Պետք է մտնել ներս,-ասաց կմկմալով Գալլյանը,-ներս պետք է մտնել:
-Դու էլ ես հորդ նման...վախենում ես, ասա` վախենում եմ, ես ինքս կմտնեմ: Համ էլ առնետները վերացել են վաղուց...
-Ես չեմ վախենում,-ոչ այնքան վստահ հակաճառեց Գալլյանը,-իսկ առնետների մասին...ո՞վ գիտի: Կարող է ու չեն վերացել:
Դավթյանը հուսահատ շարժում արեց գլխով ու բացեց աղբանոցի դուռը:
Նույն պահին նա շուռ եկավ, երկու ձեռքով բռնեց ականջներն ու նշան արեց Գալլյանին` վարվել նույն կերպ:


Շողքերն անհետանում էին: Մնացել էր ընդամենը մեկ շողք, այն էլ գետնին ընկած` աղբի մեջ: Բայց այս շողքը նման չէր առաջվա շողքերին, քանի որ նա ուներ մարմին: Մարմինը կանգնած էր շողքի վրա: Այն ուներ մոտ քառասուն սանտիմետրանոց իրան, մեծ գլուխ, խոշոր ճանկերով թաթեր ու կես մետրանոց պոչ: Դունչը կարմիր էր: Լեզվի ծայրը բեղիկների վրայից հավաքում էր արյան վերջին կաթիլները: Սև ու չար աչքերը նայում էին հենց դեմ դիմաց: Ռոբոտը կանգնած էր նրանից ընդամենը երկու մետր հեռավորությամբ:
Ուլտրաձայնային հարվածը կտրեց առնետի կենտրոնական նյարդային համակարգի բոլոր նյարդաթելերը, պայթեցրեց բոլոր մազանոթներն ու կաթվածահար արեց սրտանոթային համակարգը, որով հոսում էր Գասպարյանի անանասախառն արունը...



Երբ ուլտրաձայնային հարվածի առաջին շոկն անցավ, Դավթյանը մոտեցավ Գալլյանին:
-Հը՞, լավ ե՞ս:
-Ահա…Էս ի՞նչ էր:
-Երևի ռոբոտը մեզնից շուտ լուծեց հարցը:
-Չի կարող պատահել: Ռոբոտն ախր միշտ էլ աշխատել է:
-Դե գնանք նայենք:
Նրանք ներս մտան: Դավթյանը նրբանկատորեն լռում էր ու չէր առարկում, երբ Գալլյանը պինդ բռնում էր նրա ձեռքից ամեն անգամ ինչ-որ փտած միրգ կամ ոսկորի կտոր տեսնելիս: Ու հանկարծ Գալլյանը ճչաց:
-Հանգստացիր,-խուլ ձայնով ասաց Դավթյանը, սակայն ինքն էլ պատրաստ էր գոռալու և պանիկայի մեջ ընկնելու:
-Էս ի՞նչ աաաա:
-Ուղղակի մեծ…շատ մեծ առնետ…
-Այսքան մե՞ծ:
-Իսկական ցուցանմուշ է, չի կարելի սրան էստեղ թողնել:
-Բա՞՞՞:
-Հետներս կտանենք:
-Սատկած առնետի՞ն
Դավթյանը կռացավ ու վերցրեց առնետի պոչից:
-Կլինի  մի վեց-յոթ կիլոգրամ,-ասաց նա,-սա էլ մաքուր տոպրակ,-ավելացրեց` անանասի մնացորդները դատարկելով:
-Աաաա,-ասաց Գալլյանը: Առնետի մարմինն անզոր ճոճվում էր Դավթյանի ձեռքերում: Հսկա կրծողի թաթերը կախված էին, իսկ բերանը կիսաբաց: Գալլյանը հազիվ էր զսպում, որպեսզի հետ չտա: Դավթյանը ուրախ զննում էր առնետին:
-Ապա նայի՜ր, նայի՜ր, տե՜ս ինչ ծանր է,-ասաց նա` մեկնելով առնետը Գալլյանին:
Նա չդիմացավ: Մոռանալով նախկին զգուշավորությունը` մեծ քայլերով հասավ դռանն ու  վազեց դեպի մեքենան: Նրա հետևից վազում էր Դավթյանը` առնետը ձեռքին: Առնետին տեսնելիս Գալլյանը  չկարողացավ նույնիսկ բանալիները գրպանից հանել, որոշեց փրկվել վազքով: Դավթյանն ուրախ ծիծաղալով պտտեցնում էր առնետի հսկա մարմինը:
-Հեեե~յ, նա լավն է, արի՜ ձեռք տուր գոնե մեկ անգամ:
Գալլյանը փախչում էր առանց հետ նայելու…
-Հորնդ ես քաշել,-կամաց ասաց Դավթյանն ու ժպտաց` վերջապես կենդանու դիակը տոպրակի մեջ դնելով:


P.S.
26\27 շենքի աղբանոցից այլևս ձայներ չլսվեցին: Բ785 ռոբոտը շարունակում է գործել այդ հասցեով: Քաղաքացի Գասպարյանից բողոքներ չեն լինում: Դավթյանը ստացավ հատուկ մրցանակ Քաղաքային Թանգարանի կողմից` յուրահատուկ էքսպոնատ տրամադրելու համար: Գալլյանն այցելում է հոգեբանի, որպեսզի ազատվի կրծողների հանդեպ տածած վախից: Հոգեբանի գրասենյակում կա փոքրիկ վանդակ` ծովային խոզուկով: Այսօր Գալլյանը պետք է կերակրի ծավախոզուկին առանց ձեռնոցների, մոտ տարածությունից և առանց լացելու: