Thursday, July 14, 2011

Melomania

Ընկերոջս ճանաչու՞մ եք: Նա այն երկար, նիհար մարմնով ու մազոտ դեմքով տղան է: Դե այն մեկը, որ միշտ նստած է լինում “Մելոմանիա” փաբում, բարի սեղանի ամենավերջում: Երևի տեղը բերեցիք: Նրա հետ խոսալ փորձե՞լ եք: Եթե ոչ, ապա ասեմ` մի էլ փորձեք: Նա սովորաբար լինում է կարկտային ամպերի պես մռայլ կամ կոտրված սրտով փինաչու պես հարբած: Չգիտեմ մեկ էլ երբ կտեսնենք նրան քիչ թե շատ նորմալ վիճակում: Հավաբնաբար, երբ բաց կթողնեն Վիգեն Իսրաելյանին: Չէ որ այդ պատմությունից հետո էր, որ իմ ընկեր Հարութը հայտնվեց այսպիսի վիճակի մեջ: Այդ մութ պատմությունը ինչ-որ խելառ նոտաների մասին: Ձեզ դա ծանոթ չէ՞: Ես զարմացած եմ: Ընդհանրապես զարմանալ ինձ մոտ լավ է ստացվում, բայց հիմա ես իրոք զարմացած եմ, որպեսզի պատկերացնեք թե ինչու, ես կպատմեմ այն ինչը տեղի էր ունեցել  երկու տարի ու մի քանի ամիս առաջ: Միգուցե հենց այն փողոցում, որտեղ ապրում եք դուք հիմա, կամ կողքի փողոցում, հնարավոր է հենց նույն հասցեում:
Հարութի երաժշտական խանութը (նա վաճառում էր միմիայն Ռուսաստանից ներկրված բարձրորակ դիսկեր, բայց ընդհանուր էֆֆեկտի համար ուներ սրահում դրված ռոյալ ու մի քանի տեսակի կիթառներ) այդ ոլորտում երևի ամենակարգին հաստատությունն էր: Երբ ինտերնատային ներբեռնում ապահովող երաժշտական կայքերի “շնորհիվ” գրեթե մահացավ սկավառակների բիզնեսը, Հարութի խանութը շարունակում էր ծաղկել: Բանը տեսականու առատության մեջ չէր այնքան, ինչքան Հարութի` երաժշտության հանդեպ ունեցած վերաբերմունքի: Նա օր ու գիշեր էր լում երաժշտություն: Նույնիսկ զուգարանում հարմարացրել էր մի քանի դինամիկներ ու դարձրել էր այդ օրհնյալ խուցը իսկական դրախտ: Ես հիմա կերդվեի, որ երբեք չեմ եղել մի այլ այդպիսի վայրում, ինչպիսինն էր “8 music” խանութի տնքարանը: Նստում ես զուգարանակոնքին ու ասենք, Վերդիի օպերաներից մեկի հնչյունների տակ հասնում բացարձակ կենտրոնացման: Հզոր բան էր:
Հարութը անձամբ գիտեր իր հաճախորդների մեծ մասին: Շատերը գալիս էին պարզապես նրա հետ երաժշտության մասին զրուցելու: Ոմանք նրանից խնդրում էին ճարել այս կամ այն հազվագյուտ ձայնագրությունը:Ասում եմ, Հարութն այլ կերպ էր վերաբերվում իր աշխատանքին: Նա կխոսար մի կես ժամ ինչ-որ դպրոցականների հետ Թուփաքից ու Վու Թենք Քլենից, հետո մի ծերունի ջութակահարի համար իր սենյակից երկու ձեռքով զգույշ ու խնամքով բռնած, որպեսզի չվնասվեն, նոտաներ կբերեր: Նա իր սերը դեպի երաժտությունն ու նոտաները ժառանգել էր իր պապից: Նրան ժամանակին անվանում էին Կառլ Սալամոնովիչ: Հետո պապը քաղաքից անհետավ: Անհետացավ նաև նրա անունը: Նրա մասին հիմա կհիշեն Կոնսերվատորիայի մեկ-երկու դինոզավրեր: Էլ ոչ-ոք: Իսկ նա մեծ մարդ էր: Հարութը պատմում էր, որ պապը ժամանակի մեծ մասը անց էր կացնում Հայաստանից դուրս: Ստեղծագործում էր ռուսական մայրաքաղաքների թատրոնների համար, գրում նաև մանկական երաժշտություններ: Ժամանակ առ ժամանակ Հայաստան վերադառնալից բերում էր հետը նոտաներ աշխարհի տարբեր ծայրերից: Դրանց մեջ լինում էին անվերնագիր հավաքածուներ: Նշանակում էր, ուրեմն, որ դրանք հենց իրենն են:
-Նենց եմ ափսոսում, որ չսովորեցի նոտաներ… - հաճախ բողոքում էր ինձ Հարութը:
Ես միշտ անհարմար էի զգում հարցնել` ի՞նչու չես սովորել: Հավանաբար մի բան նրան խանգարել էր:
Հարութի օրերն անցնում էին մեկը մյուսի հետևից, սահուն ու հանգիստ: Ամռանը լինում էր տոթ, ու նա երեկոները արդեն զովին դուրս էր գալիս, կանգնում խանութի դիմաց ու ռեգգիի թմրեցնող ռիթմի տակ նայում անցորդներին: Իսկ ձմռանը միշտ կարելի էր նստել խանութի խորքում, վերցնել մեկ շիշ լավ կոնյակ ու անցնել կլասիկ ռոք խմբերից մեկն ու մեկի դիսկոգրաֆիայի յուրացմանը:
Հետո հայտնվեց Վիգեն Իսրաելյանը, ու “8 music”-ից սկսեց կանեփի հոտ գալ: Առաջ էլ մեկ մեկ այն գալիս էր, բայց այն ժամանակ ոչ մեկ դրա մասին հատուկ չէր մտածում: Իսկ Վիգենի գալուց հետո այդ բուրմունքը դարձավ անբաժանելի ատրիբուտ: Երբ ես գնում էի Հարութին հյուր, ստիպված էի լինում անցնել ծխի վարագույրի միջով: Նա նստած էր լինում Վիգենի հետ: Մեկ-մեկ նրանց հետ լինում էին աղջիկներ: Մի անգամ տեսա նույնիսկ իմ հին ծանոթուհուն` Վեռային: Նա հագել էր կապույտ կարճ շրջազգեստ ու հաջողացրել էր կարմիր գույնով ներկել շուրթերը: Մինչև ծնկները հասնող սապոգները մաշված էին, իսկ մեկը նույնիսկ ճղված: Ես նրան խղճացի:
 Թեև այն ժամանակ ես ավելի ու ավելի հազվադեպ էի գնում Հարութի մոտ, զգում էի, որ նա Վիգենի հետ ինչ-որ բան է մտածում: Ես բազմիցս նկատել էի նրանց մոտ նոտաներով թղթեր, ինչ-որ աղյուսակներ: Հետո Հարութը գնեց պատճենահանող սարք: Նրանց մոտ սկսեցին հյուր լինել հայտնի կոմոզիտորներ ու երգահաններ:
Հետո սկսվեց խելագառությունը:

            Վիգեն Իսրաելյանը հետաքրքիր տիպ էր: Երևի վատ տղա էլ չէր: Նրան մոտիկից ճանաչելու առիթ ինձ չէր ընձեռնվում, կամ գուցե ես այնքան չէի ուզում նրա հետ մոտիկանալ (նա դասական սրիկային հատուկ բակենբարդներով ու կարմիր կաշվե կուրկտայով մեկն էր): Նրա մասին իմացա միայն այն, որ սովորել էր Ջիլիարդի երաժշտական դպրոցում: Դա քիչ բան չէր ու հարգանք էր ներշնչում, նույնիսկ չնայած բակենբարդներին ու կարմիր վերարկուին: Ինչևէ, այս Վիգենը Հարութի մոտ գտել էր մի քանի կապ նոտաներ, որոնք բնավ նման չէին մնացած երաժշտական թղթերին, որ Հարութը ժառանգություն էր ստացել պապից:
Մի անգամ նրանց մոտ ես ներկա եղա մի խոսակցության:
 -Դու գոնե պատկերացնում ես ի՞նչ ա էսի,-  ասում էր Վիգենը ու ճեղքում կանեփածխի թանձր պատը տարբեր ուղություններով:
-Էս լրիվ այլ բան ա, ես չգիտեմ… ի՞նչ ա սա: Ես մենակ նայեմ… - Վիգենը վերցնում էր նոտաների միջից տարբեր էջեր, նայում նրանց ու սկսում հառաչել: Կարծես տեսնում էր ինչ-որ այլ մոլորակի պորտալ կամ նման ֆանտաստիկ մի բան:
 Այդ ընթացքում Հարութի դեմքը արտահայտում էր կատարյալ շփոթվածություն: Պատկերացնում եմ` անկապ, փոշոտ թղթեր ու դրանցով հրճվող հասուն տղամարդ: Նույնիսկ ծիծաղալի էր երևի:
 -Ես ցույց կտամ ձեզ հիմա, - հայտարարեց Վիգենը ու նստեց ռոյալի առջև, - հեսա, հեսա:
 Նա մոտ հինգ րոպե ուշադիր նայում էր մեկ նոտաներին, մեկ ստեղներին: Հետո սկսեց նվագել: Սկզբում դա անհասկանալի մի բան էր: Ոչ մի մեղեդայնություն ես այդ ժամանակ չզգացի: Իսկ Վիգենը այնպիսի շարժումներ էր անում, կարծես ամեն մի ստեղնը սեղմելիս մատը դռան տակ էր թողնում:
 Հանկարծ ինձ թվաց, թե ինչ-որ բան կոտրվեց: Երևի ծաղկաման: Ես համոզված էի, որ ծաղկաման: Հարութը վեր թռավ տեղից ու վազեց դեպի խանութի հեռավոր անկյունը: Վերադարձավ ավելի շփոթված դեմքով: Ոչինչ չէր ջարդվե՞լ: Հետո էլի մի ինչ-որ բան ջարդվեց: Մի բան էլ փշրվեց, մյուս բանը ընկավ, հետո լսվեցին անկանոն այս ու այն կողմ թափվող աման-չամանի ձայներ, թխկոց-շրխկոց: Ես ու Հարութը վախից քիչ էր մնում իրար փաթաթվեինք: Ես հասցրեցի զգալ, որ ողջ այդ աղմուկի մեջ կար որոշակի ներդաշնակություն: Երբ այդ ժխողը դադարեց, լսվում էր միայն Վիգենի հիստերիկ ծիծաղը:
-Հանճարեղ ա՜, հանճարե՜ղ:
 -Էս ի՞նչ էր, - կարողացավ արտաբերել Հարութը:
 -Լսի ուրեմն, Հարութիկ, չգիտեմ ով ա եղել քո պապը, բայց ինքը եղել ա դեմք: Սա էն ա, ինչը կոչվում ա երաժշտության կատարյալ իրականացում: Տեսա՞ր դու: Էս ռոյալիցդ մի քիչ հետո ծուխ էլ դուրս կգար: Էլ չեմ ասում, որ մատներս պոկվեցին, մինչև էդ նոտաները անցկացրեցի…
-Դա… դա դու՞ էիր:
- Չէ, Բեթհովեն ալյա գլուխըքարինտալբերգը, - նա նորից հռհռաց:


 Պարզվեց մինչ այդ անհայտ մի փաստ: Կառլ Սալամոնովիչը հեղինակն էր ոչ միայն թատերական ֆոնային երաժշտությունների ու մանկական երգերի, այլև երաժշտական բացառիկ մի էքսպերիմենտի: Մի քանի աղբյուրներ ասում են, որ այդպիսի “իրականացումներ” արվել են նաև հայտնի կոմպոզիտորների կողմից: Կան ասեկոսեներ ու ենթադրություններ եվրոպական երաժշտական գաղտնի սեկտաների մասին, որոնց նպատակն է եղել կյանքի վերարտադրումը երաժտության միջոցով: Հասկանում եք, դրանք համոզված էին, որ ցանկացած գործիքով հնարավոր է արտաբերել ցանկացած հնչյուն, ցանկացած ձայն: Թե իբր դրա համար պետք էր մտածել նոտաների, ակորդների ու տեմպերի այնպիսի մի համադրություն, որը թույլ կտար վերարտադրել կյանքի բոլոր ձայները:
 Կարծես թե Հարութի պապին դա հաջողվել էր: Վիգենը ասաց, որ մնացած թերթերի վրա կան բնաձայնական ստեղծագործություններ ջրային, մեխանիկական, կենդանական մոտիվներով: Ու ասաց, որ դրանք բոլորն էլ հանճարեղ են:
 Հետո նրանց մոտ հայտնվեցին պատճենահանող սարքն ու հայտնի հյուրերը: Այդ ժամանակ ես նրանց մոտ էի լինում հազվադեպ, հիմնականում երեկոները` Վիգենի կատարմամբ ինչ-որ բան լսելու համար:
 Ցերեկները նրանք բազմացնում էին այդ թերթերն ու վաճառում դրանք երաժշտագետներին ու կոմպոզիտորներին: Հավանաբար դա նրանց հետաքրքրում էր, որովհետև, դատելով ամեն ինչից, պահանջարկ կար: Ես մտածում էի, որ այդ կոմպոզիտորները գնում էին այդ նոտաները ոգեշնչման աղբյուր ստանալու նպատակով: Ինձ այդ ամենը տարօրինակ էր թվում:
 Մի քանի շաբաթ հետո Վիգենը արդեն մեքենա էր առել: Այդպիսի մեքենա իմ ծանոթ մարդկանցից միայն նա կքշեր: 60-ականների կադիլակ, կանաչա-դարչնագույն ու քրոմապատ բամպերներով: Նա ասում էր, որ վճարել է դրա համար ընդամենը երեք հազար երկու հարյուր դոլլար: Սակայն երևի այդ մեքենան, որպես հնություն ավելի շատ արժեր:
 Հարութը երջանիկ էր թվում: Կանեփի ծուխը խանութից չէր պակասում, ինչպես նաև փողերը չէին պակասում խանութի դրամարկղից:
 Թվում էր, թե ամեն ինչ լավ է, ամեն ինչ այսպես էլ գնա ու գնա: Բայց շուտով տեղի ունեցան իրադարձություններ, որոնք չէին կարող անտարբեր թողնել մեր գունավոր քաղաքին:
 Սկզբում հայտարարեցին, որ հոգեբուժարան է տեղափոխվել ոմն երգահան Միրզոյանը (նա երգեր էր գրում մեկ-երկու ռոք խմբերի համար), հետո ինքնասպան եղավ աշուղ Կուլան, հետո ուղիղ եթերում սկսեց մերկանալ ու միզել երգչուհի Սինան, խելագարվեց կոմպոզիտոր Գարաբեդյանը: Բոլորն էլ վերջերս հանդես էին եկել նորույթներով ու բոլորն էլ վերջերս այցելել էին “8 music”: Այդպիսի դեպքերը սկսեցին հաճախանալ: Քիչ էր մնում, որ բուքմեյքերական գրասենյակները խաղադրույքներ սահմանեին, թե ով է գժվելու այդ երեկո, կամ ում կտեղափոխեն գժանոց կամ ով ինքնասպան կլինի:
 Բնականաբար Վիգենի ու Հարութի մասին իմացան:  Նրանց ձերբակալել էին, իսկ լրատվամիջոցներին չէին թույլատրում լիարժեք լուսաբանել այս ամենը: Մեկ անգամ այցելեցի Հարութին դատարանի ժամանակավոր պահման խցում: Ասում էր, որ վախենում է բանտ ընկնել ու ուզում է երաժշտություն լսել:
Գործի ընթացքի մասին հետագայում ես իմանում էի մամուլի կցկտուր հաղորդագրություններից: Ասում էին, որ հիմնական մեղավոր է ճանաչվել Վիգենը: Մեղադրանքի հոդվածը ի դեպ այդպես էլ հստակ ոչ ոք չձևակերպեց: Կարծեմ հոգեմետ նոտաների տարածման դեմ օրենք չկա... իսկ կանեփի տարածման դեմ կա: Դա էլ հասավ չգիտես ինչու Հարութին: Նրան տվեցին պայմանական ժամկետ: Վիգենին 6 տարի խիստ ռեժիմի գաղութում:
 “8 music”-ը հիմա փակ է: Չեմ հասկանում ինչու Հարութը չբացեց այն: Միգուցե կկարողանար վերականգնվել: Նա մի որոշ ժամանակ թափառում էր փողոցներով բոմժի կարգավիճակով, հետո կորավ ու հայտնվեց ինչ-որ « տխուր պատկերի ասպետի»  կերպարով ու սկսեց լուռ ու մունջ նստել փաբերում:  Ինձ հետ համարյա չի շփվում հիմա: Ոչ միայն ինձ հետ: Նա հիմա կարծես չկա: Մեկ-մեկ շատ է խմում ու սկսում գոռգոռալ, աղաղակել: Այդ ժամանակ կարող է լրիվ անծանոթ մարդկանց պատմել օրինակ իր մանկության մասին: Բան չեմ հասկանում նրանից:
 Վիգենի մասին, լսել եմ, ուզում են տեղփոխել հատուկ հոգեբուժարան: Նրա մոտ լինում են ուշագնացություններ ու տարբեր տեսիլքներ:
 Նոտաների պատմությունը իրոք զարմանալի էր: Ինձ մոտ կա մի օրինակ, որը ես հաստատ օրը ցերեկով դուրս չեմ հանի դարակից: Ոստիկանությունը առգրավել էր բոլոր պատճեները ու իսկական մաքրություն կազմակերպել Հարութի նախկին խանութում: Իմ օրինակը թող մնա ինձ մոտ: Ես նվագել չգիտեմ, ուստի ինձ չի սպառնում ոչ մի տեսակի խելագարություն:

P.S.

 Վիգենի կադիլակը կանգնած է “8 music”-ի շենքի հետևի բակում: Ամեն օր հաստանում է նրա վրա նսած փոշու շերտը: Մեքենայի նվագարկիչի մեջ մնացել է Հարութի ձայնագրած դիսկը Դամիան Մառլիի ու Պրինցի երգերով: Վիգենը այդ սկավառակը հասցրել էր լսել ընդամենը 24 անգամ:

Sunday, July 3, 2011

Լինա. Փշրված Լուսին.


Выбирая твой плен среди других планет,
Ведь сопротивляться самому себе смысла нет.
Хамиль, Каста "Закрытый космос"

Սենյակի լուսավորությունը բավական էր, որպեսզի ինձ երևաին նրա մարմնի ուրվագծերը: Նա պարկած էր անհոգ, փորի վրա: Մի ոտքը մի քիչ դուրս էր մահճակալից: Ես նայում էի նրան ու խմում իմ վիսկին` դժվարհասանելի հաճույք իմ պես թափառականների համար: Բայց ես երբեմն զիջում էի այդ հաճույքին ավարիս հալալ կեսը` պարզապես ինձ լավ զգալու համար:
Լավ զգալ ստացվում է ավելի ու ավելի դժվար: Իմ իմունիտետը չթողեց, որպեսզի ես մահանամ Փշրված Լուսնի ճառագայթներից, բայց չազատեց այլանդակ գլխացավից, որից ես տառապում եմ ամեն երեկո, երբ աշխարհի այս կողմի լուսավորությունը իրենց վրա են ստանձնում Փշրված Լուսնի բեկորները:
Բացառություն էր այդ օրը: Բացառություն էր բոլոր գրված ու չգրված օրենքներից: Այն կարգի բացառություն, որ ես կասկածեցի` իրականություն է դա, թե չէ (բավականին հազվադեպ հանդիպող երևույթ, քանի որ աշխատանքիս բնույթը վերացրել էր իմ մեջ իրականի ու անիրականի սահմանները): Ես հանդիպել էի նրան, ով հիմա քնած է այս հյուրանոցի հենց այս համարում: Նույն համարում, որտեղ ես էի: Ու ես նայում էի նրա կախ ընկած ոտքին, իսկ նրա դեմքին, համոզված եմ,  կար ժպիտ:
Իմ գլուխը չէր ցավում: Ցավը անցավ այն ժամանակ, երբ ես առա կանացի քրտինքի սուր հոտը նրա հակաստատիկ կամբինիզոնի տակից: Գլխացավի մասին ընդհանրապես մոռացա, երբ իմ գրկում զգացի նրա առողջ մարմնի ողջ թրթիռները: Երբ նա քնեց, ես ի վիճակի էի մտածել մենակ վիսկիիս շշի մասին: Իմ մտքերը սկսեցին դասավորվել փազլի նման: Աչքերիս առջև հայտնվեցին պատկերներ, որոնք մոռացվել էին շատ վաղուց


Ես ծնվել եմ Լուսնի փշրվելուց մի քանի տարի անց: Թե ինչպիսին է եղել երկինքը դրանից առաջ, ինձ հաճախ պատմում էր պապս: Նա ասում էր, որ Լուսինը, որը հիմա իրենից ներկայացնում է լուսավոր տձև մարմին ու նրանից ցրվող բազմաթիվ մեծ ու փոքր բեկորներ, ժամանակին եղել է կլոր գունդ: Ու երկնքում էլ եղել է կլոր սկավառակի պես, ինչպես Արևը, բայց ավելի մեղմ լույսով: Պապս պատմում էր, որ Լուսինը փշրվեց մոլագար մարդկանց մեղքով, որոնք չկարողացան կառավարել նոր երկիրը:
 Այդ պատմությունները ես լսում էի բաց բերանով, իսկ հետո, երեկոները անցկացնում էի խուլ տանջանքների մեջ` երկու ձեռքով բռնած ցավացող գլուխս: Այն ժամանակ ես դեռ չգիտեի, որ կընդունվեմ օդաչուների միջնակարգ դպրոց, կանցկացնեմ ժամանակիս մեծ մասը Երկրի ուղեծրից դուրս ու մի օր այսպես նստած կհիշեմ պապիս ու նրա պատմածների մասին:
 Վիսկիի շիշը դեռ չէր հասել կեսին, երբ իրար հաջորդող պատկերների մեջ սկսեցին երևալ այն դիմագծերը, որոնք միշտ կարողացել են ստիպել ինձ խենթանալ, խանդել ու  տխրել:
 Այդ դեմքը ուղեցկել է ինձ ողջ կյանքիս ընթացքում, սկսած մեր հանդիպման պահից:
 Ես պարզ հիշում էի մեր առաջին հանդիպումը: Դա տեղի էր ունեցել ավարտական քննությունների ժամանակ: Ես իմ գերթեթև ռեակտիվով պետք է առաջին անգամ դուրս գայի մերձուղեծրային տարածք ու ոչնչացնեյի դեպի մոլորակ եկող մի քանի լուսնաբեկորներ: Դա բավականին լուրջ առաջանդրանք էր ինձ համար: Մեր խմբից, միայն ինձ էր, որ վստահվել էր այդպիսի բան, մյուսները ստուգարքներ էին հանձնում խաղաղ պայմաններում` թռիչքներ կատարելով ինչ-որ տեղ Սև ծովի վրա:
 Ոչնչացնել բեկորները ինձ հաջողվեց: Ճիշտ է, ես ստիպված էի եղել մեկ անգամ վերադառնալ կրակի մեկնարկային դիրք, քանի որ կենտրոնացնելով նշանս առաջին բեկորի վրա, բաց էի թողել երկրորդը: Հավանաբար, եթե առաջին փորձից երկուսն էլ պայթեցնեի կարժանանայի հրամանատարի ժպիտին, իսկ այդ դեպքում նա միայն իրեն բնորոշ սառնագույն ձայնով ասաց.
-Շնորհավորում եմ, պիլոտ Մարկոսյան:
 Նրան` Լինային տեսա հենց այն թռիչքուղու մոտ, որտեղից մենք կատարում էինք մեր ստուգարքային թռիչքները: Ես դեռ վայրեջքի ժամանակ նկատել էի մարդկանց այդ փոքր խումբը: Ավարտելով բոլոր գործերս ու ստանալով շնորհավորանքները, ես նկատեցի, որ այդ խումբը դեռ չի ցրվել  ու մոտեցա: Տեսարանը հետևյալն էր` երկու բժիշկ փորձում էին վիրակապել մի առջկա. աղջկա ոտքը արյունոտ էր: Նա  կռճտացնում էր իր ատամներն ու մերթընդմերթ բղավում: Բժիշներին դժվար էր նրան վիրակապեկլը, քանի որ նա դիմադրում էր առողջ ոտքով ու ձեռքերով: Մի քանի հոգի աննպատակ հետևում էին այդ տեսարանին: Աղջիկը ինձ հետաքրքրեց: Նա կարմրահեր էր, պեպենոտ ծիծաղալու դեմքով: Ինչպես ես իմացա, նա ջարդել էր ոտքը պարաշուտով իջնելիս, իսկ իր ռեակտիվ օդանավը հաջողացրել էր վարի տալ դեռ էկզոսֆերայում: Լինան հրաշքով էր փրկվել, ինչպես ասաց բժիշկներից մեկը: Այդ ժամանակ Լինան չափից շատ զբաղված էր ինձ նկատելու համար: Բայց նրա պատկերը նստեց իմ հոգու ամենախորքում:
 Գտնել նրան դժվար չեղավ: Հիշում եմ, ինչպես էի ծաղիկներ ման գալիս նրա համար Երևանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռու, մի քաղաքի այգիներում, որը ժամանակին հայտնի ձմեռային հանգստավայր էր եղել, ու վերացել էր լուսնաբեկորի անհաջող «վայրէջքից»:
Այդ ծաղիկները սպիտակ էին: Ինձ թվում էր, թե դրանցից կաթի հոտ է գալիս: Մի պահ ես նույնիսկ ամաչեցի այդպիսի ծաղիկներ նվիրելուց, բայց ուրիշ ծաղիկներ միևնույն է չկային, ու ես հանդգնեցի:
 Նա պատասխանեց կարճ հաղորդագրությամբ, որտեղ այդ ծաղիկներն անվանեց Կաթնածաղիկներ ու առաջարկեց հանդիպել առավոտյան: Հիշում եմ, ինչպես ես ուրախացա. եթե հանդիպումը նշանակվեր երեկոյան, ես գնալու էի գլխացավից սփրտնած դեմքով ու ցնորված հայացքով: Այդ ժամանակ ինձ մոտ նկատվում էին գլխացավերի սրացումներ, որոնք բժիշկը բացատրեց Փշրված Լուսնի վրա ինչ-որ նախկինում չպայթեցված միջուկային ռումբի հանկարծակի ակտիվացմամբ ու նոր լուսնաբեկորների առաջացմամբ:
 Իմ ու Լինայի առաջին այցելությունը հասարակական վայր ավարտվեց կռվով: Սկզբում ես ստիպված էի նրանից հեռու վանել տավար Բաբիկյանին, ով չէր պատկերացրել իրավիճակի լրջությունը և համարձակվել էր ոչ պատշաճ առաջարկություն անել Լինային, մինչ ես պատվիրում էի գարեջուր: Գարեջուրը բերեցին իսկը ժամանակին ու երկու շիշն էլ իջան Բաբիկյանի գլխին: Նրան տարան իր մի քանի ջահելները: Ես որոշեցի մնալ` մտածելով, թե օրվա լարվաածություն անցել է ու դժվար թե էլի փորձանք լինի: Սխալվում էի... Այ դա կռիվ էր: Հիմա չեմ հիշում ինչի համար. կարծես Լինան պարելիս ոտքով միամիտ հարվածել էր ինչ-որ մեկին: Իմ բռունցքները քրքրվել էին, քիթս ջարդված էր, բերանով շնչելիս խմում էի սեփական արյունս, իրանին ստացված հարվածներից ինձ թվում էր թե ներսումս գոգլի են պատրաստել: Եթե չլիներ Լինան, ես հավանաբար կմեռնեի, բայց նա, ժամանակին օգտագործելով իր զենքը (Walther P99), կարողացավ հետ մղել հակառակորդների մեծաքանակ ուժերը ու դուրս հանել ինձ կրակի գծից: Այդ օրը մենք առաջին անգամ քնեցինք միասին: Մեկ շաբաթ անց ես գնացի առաջին աշխատանքային առաջադրանքին: Ես հսկում էի երկինքը Փշրված Լուսնի բեկորներից Հայաստանի և Իրանի նախկին սահմանի վրայով: Այն ժամանակ դեռ ոչինչ չգիտեի դասալիքների, գործադուլների ու ապստամբությունների մասին: Չկային նաև այն տարօրինակ տարրերը, որոնք պիլոտներին որսի էին հրավիրում տիեզերքի խորքերը: Ամեն ինչ այն ժամանակ դեռ կանոնադրությամբ էր:

***
Մենք ապրում էինք իմ բավականին կոկիկ ու հարմարավետ բնակարանում: Թաղամասը չէր կարելի ասել, որ շքեղ էր, բայց այստեղ չկային ավտոմոբիլային բանդաներ, կար հակաբեկորային զգուշացնող համակարգ, իսկ շենքերը ժամանակ առ ժամանական ապառադիացվում էին: Լինան այն ժամանակ կատարում էր կանոնավոր չվերթներ Երևան-Մոսկվա-Հելսինկի-Երևան հյուսիսային բեռնատար չվերթով: Նա ինձ չէր ասել, բայց ես իմացել էի, որ հիմնական բեռները կազմում էին վտանգավոր ճառագայթակիր էլեմենտներ:
 Ընդհանրապես այդ ժամանակվանից Լինան սկսել էր որոշ բաներ չասել: Նրա դեմքի պեպենները գրեթե անհետացել էին: Նա ավելի հաճախ էր լինում նյարդայնացած կամ անտրամադիր: Իմ հերթափոխերն անցնում էին խաղաղ: Մի անգամ ինձ ցույց  տվեցին տեղական հոլոգրաֆիկ ալիքներով: Հոլոգրաֆիկ պատկերները ողջ թաղամասին պատմում էին իմ և իմ ազնիվ ծառայության մասին:
 Դրանից մի քանի օր հետո Լինան գնաց: Վերադառնալով հերթափոխից` ես նրան տանը չգտա: Ուղեղս սկսեց տենդագին աշխատել: թռիչքուղի համար 21: Ես հիշեցի նրա գրպանից երևացող սովորական ուղեգիրը, որտեղ գրված էր «…полоса 21»:
Ես գոռում էի տաքսու վարորդի վրա, խոստասնում նրան ողջ աշխատավարձս` միայն թե արագ:
 Նա ուրիշ տղամարդու հետ էր: Տեսնելով ինձ` չթաքցրեց աչքերը, մոտեցավ ու համբուրեց ինձ: Երկար ու ամուր: Հետո ասաց, որ ես զգուշ լինեմ հերթափոխերիս ժամանակ:
-Ո՞վ ա էսի... - լսում էի ես իմ մռնչոցը:
- Նա չէ իմ տղամարդը, - կամաց պատասխանում էր նա ու սեղմվում դեպի ինձ:
- Դու գնում էիր առանց ինձ ասելու....Ու՞ր...
- Գիտեի որ կգաս, - նրա թաց աչքերի մեջ կարդում էի հպարտության, սիրո, անհանգստության ու տանջանքի խառնուրդի պես մի բան:
- Ու՞ր ես գնում, - նորից մռնչում էի ես:
             - Չգիտեմ...

Վիսկիիս շիշը արդեն դատարվում էր: Նայեցի գրպաններիս մեջ ու գտա սիգարետների տուփը` դատարկ էր: Նայեցի նրա կամբինիզոնի գրպանները` կար: Նա շարժվեց, փոխեց դիրքը: Ի դեպ, մահճակալից դուրս մնացած ոտքը հենց կոտրված ոտքն էր: Ես նկատեցի ինձ այնքան ծանոթ սպին: Մտքիս մեջ պատկերները արդեն պտտվում էին ոչ այնքան արագ: Ավելի շատ հանդիպում էր տեսարան, երբ ես վազում եմ դեպի պատը ու բախվում նրան գլխով:
 Լինայի գնալուց հետո, ես զգալիորեն փոխվեցի: Հակառակ նրա ասածին, ես դադարեցի զգույշ լինել հերթափոխերի ժամանակ: Ենթադրաբար ես գիտեի, թե ուր է նա գնացել:  Բազմաթիվ այլոց պես, նա ստանալով որոշակի ազդանշաններ, ճանապարհ էր բռնել դեպի Արևի այն կողմը` մետաղի որս անելու Հեռավոր Տիեզերքում: Այնտեղից վերադարձողները միշտ ուրախ էին: Խոսքի մեջ խորամանկ հայացքով ակնարկում էին կատարյալ երջանկության մասին: Այդպիսի դեմքերից ես զզվում էի: Նույնիսկ կարոտը չէր համոզում ինձ որևէ բան հարցնել դրանցից Լինայի մասին: Մի անգամ դրանցից մեկը ասաց, որ, չէր փոխանակի ոչ մի բան, այնտեղ կատարած ճանապարհորդությունների հետ, ու իբր չկա ոչ Երկրի, ոչ էլ նրա մերձակա տարածություններում ոչ մի բան, ինչը կարող է համեմատվել Մյուս կողմն անցնելու երջանկության հետ:
Ես պատվիրեցի գարեջուր ու ջարդեցի շիշը դրա գլխին: Ատելությունս կենտրոնացել էր: Ես հարվածում էի գետնին ընկածի արյունոտ գլուխին ոտքերով:
Հաջորդ օրն ինձ աշխատանքից հեռացրեցին ու ես դարձա այն սովորական դեգենեռատներից, որոնք բեկորներում ման են գալիս մետաղի կտորներ, բայց ում համարձակությունը չի հերիքում լքել մոլորակի ուղեծիրը: Իհարկե ես ավելի փորձառու պիլոտ էի ու հեռանում էի ուղեծրից, ուստի  և  հավաքում ավելի շատ մետաղ: Իմ ավարի մեջ հանդիպում էր ոսկի, պլատին, երբեմն արծաթ, մի քանի անգամ հայտնաբերել էի նիկել ու նույնիսկ բնական վոլֆրամ:
 Ժամանակը անցնում էր: Ես ինձ զգում էի բավականին երջանիկ, որպեսզի հրավիրեմ «կոլեգաներիս» որևէ հյուրանոց ու լավ քեֆ կազմակերպեմ: Հաճախ ես լինում էի Եվրոպայում: Մի քանի անգամ վայրէջքներ էի կատարել Ամերիկայում, մի անգամ նույնիսկ Բրազիլիայում: Ամեն տեղ պետք էր գալիս մետաղ:
 Լինայի հեռանալուց անցել էր մեկ տարուց ավել: Նրա մասին չէի մտածում: Ինչքան էլ որ տարօրինակ է, այո, չէի մտածում: Մինչև մի անգամ չհանդիպեցի նրան արևելաեվրոպական թռիչքուղիներից մեկում:
Նրա ակնոցները ամուր պաշտպանում էին նրա հայացքը ինձանից: Ես չկարողացա ինձ զսպել ու սկսեցի լացել: Հավանաբար ավելի ապուշ բան ես չէի էլ կարողանա անել: Փառք աստծո, դա տևեց մի պահ ընդամենը: Ես հավաքվեցի, կարողացա հրավիրել նրան մոտակա ռեստորանը::Ընտրեցի մեզ համար տեղ լուսամուտի մոտ: Ուզում էի ուսումնասիրել նրան լույսի տակ:
- Ես սոված չեմ, - դիմեց նա մատուցաղին` դեն հրելով մենյուի քարտը:
- Ես կխմեմ սուրճ, - ասացի ես:
- Ինձ լիմոնով ջուր: Սառը ջուր:
 Մատուցողը կասկածամտորեն նայեց մեզ ու հեռացավ:
Ես ուշադիր նայում էի նրան: Նրա հագին մոխրագույն անձրևանոց էր, որը ընդգծում էր նրա մարմնի կառուցվածքը: Մազերը խոնավ էին ու սանրված հետ, ինչպես անում էին իտալացիները հինավուրց ֆիլմերում: Ակնոցները  գեղեցիկ համադրվում էին այտոսկրների, սուր քթի ու բարակ շուրթերի հետ: Այտերին նկատեցի պեպեններ: Նա անընդհատ նայում էր լուսամուտից այն կողմ` արևին: Ու երևի արևից էլ այն կողմ...
Լռությունը դառնում էր անտանելի: Ես չէի կարող խոսել: Վախենում էի. Գիտեի` կամ կսկսեմ ասել, որ գժվում եմ ու կարոտում եմ ու սիրում, կամ գրողի ծոցը կտշեմ սեղանը ու «արի քու տիրոջ մերը...» գոռալով կհարձակվեմ վրան: Համառորեն լռում էի:
Վստահ չեմ, թե դա ինձ թվաց կամ եղավ իրականում, բայց նա ժպտաց: Ես ենթադրյալ ժպիտին պատասխանեցի` մերկացնելով ատամներս:
 Ու հանկարծ այդ պահին (ուղղակի սրիկայական անպատեհություն) հայտնվեց ոմն Մամուկաշվիլի ու խոսաց Լինայի հետ կոտրատված անգլերենով: Ես հասկացա այն, որ իրենց օդանավը պատրաստվում է թռիչքի: Համբերությունս տեղի տվեց, կամային բոլոր կապերը քանդվեցին: Գարեջուր պատվիրելու ժամանակ այս անգամ չեղավ: Ի զարմանս ինձ Մամուկաշվիլին ինձ տապալեց ծնոտիս հասցրած երկու դիպուկ հարվածներով: Եթե ես ընկնելիս չհարվածեի նրան ոտքերի արանքին, ապա նա այդպես էլ կհաղթեր: Իսկ այդ հարվածից նա պարալիզացված մնաց այնքան ժամանակ մինչև ես ոտքի ելա ու վերջնականապես տապալեցի նրա հսկա մարմինը ռեստորանի հատակին: Չարանենգ ակնոցների պատճառով ես ոչ մի կերպ չէի հասկանում Լինայի ռեակցիան: Նա ընդհանրապես չէր շարժվում` անտարբե՞ր էր: Չգիտեմ: Ամեն դեպքում նա մոտեցավ, համբուրեց ինձ ու գրկեց: Երբ նա հեռանում էր, Մամուկաշվիլին սողում էր նրա հետևից:


***
Այդ օրվանից անցել էր մոտ հինգ տարի: Ու այդ կինը պարկած էր իմ անկողնում, ու ես նրան կարոտում էի:
 Լինում է, ես դրեյֆի ռեժիմով պարզապես սավառնում եմ մերձուղեծրային մակարդակով: Այդ ժամանակ ես պատրաստ եմ լինում բախվել ցանկացած լուսնաբեկորի հետ ու կորչել, անհետանալ եսիմ ուր: Լինում է, ինչ-որ բարդ գործի ժամանակ, օրինակ, երբ պետք է լինում իջնել առանձնահատուկ մեծ լուսնաբեկորի վրա ու այնտեղ ինչ-որ աշխատանքներ անել, ես կարող եմ գիտակցված ռիսկի գնալ ու վտանգել կյանքս: Բառերը տրվում են հեշտ, բայց բաց տիեզերքում, ինչ-որ տձև բեկորի վրա կանգնած... Էլ չխոսամ այդ մասին:
Մեկ-մեկ ինձ թվում է, թե ես գտել եմ նրա հետքը: Այդ ժամանակ ինձ տիրում է ոգեշնչման մի պատրանք, որը ստիպում է ինձ խելահեղ արագություններ զարգացնել, լարվել ինչ-որ անհայտ տիեզերանավերի հետևից, փնտրել նրան Լուսնից էլ այն կողմ: Դա մի քիչ նման է հիվանդության, բայց երևի տանելի է, քանի որ դեռ լուրջ պրոբլեմներ չեմ ունեցել:Երբեմն գլխացավից առավել ինձ տանջում էր միտքը` ինչու ես չեմ ստանում ազդանշաններ այնտեղից, որտեղից ստացել էր դրանք նա...

Լինան պարկած էր իմ անկողնում: Վիսկին վերջացել էր: Ես մտածում էի արդեն քնելու մասին:
- Ես պետք ա գնամ...
Հետևեց իմ լռությունը:
- Մի ժամից իմ թռիչքն ա, պիտի գնամ...
- Լոգարանը աջ կողմի սենյակում ա...
Մինչ նա լողնում էր ես պատրաստեցի էներգետիկ հավելումներով սուրճ ու թարմացնող պյուրե մրգային փոշիներից: Դա նրա դուրը շատ եկավ: Նա ուտում էր երկու այտերով, ու աչքերը փայլում էին:
- Կկարոտեմ քեզ, - հազիվ ասացի ես:
- Գիտեմ, - ասաց նա:
Երբ տաքսին եկավ, նա արդեն պատրաստ էր դուրս գալու: Դռան մոտ գրկեց ինձ.
- Կտեսնվենք: