Wednesday, August 22, 2012

Յոթ գաղտնիք գիշերվա մասին


Այս գործով զբաղվող մարդիկ հետաքրքիր են: Ես արդեն երկար ժամանակ է, աշխատում եմ նրանց հետ ու արդեն սկսում եմ հասկանալ նրանց: Իսկ սկզբում իհարկե տարօրինակ էր: Քեզ առաջարկում են աշխատել գիշերային սգո ծառայությունում, դու համաձայնվում ես, նստում ես սև կադիլակը սև կապիշոնով մեկի հետ ու գնում  դիակների հետևից:
Առաջին գիշերներից հետո ես դեռ հույս ունեի, որ ուր որ է կարթնանամ ու ամեն ինչն ահավոր երազ կթվա: Բայց օրերն անցնում էին, իսկ ես դուրս էի գալիս գիշերները, հանդիպում կապիշոնով տպին, գործի գցում սև կադիլակն ու ողջ գիշեր դիակներ հավաքում: Միայն շաբաթներ անց ինձ համար բացվեցին առաջին գաղտնիքները: Ու նոր միայն ես հասկացա այս մռայլ համակարգի սկզբունքներն ու տեսա գիշերային քաղաքի շողքերը:

Գաղտնիք առաջին.
Ամեն գիշեր տեղող անձրևները տարօրինակ են: Սկզբում ես մտածում էի, որ քաղաքը գտնվում է բարձր մթնոլորտային ճնշման գոտու ազդեցության տակ կամ իր դերն է խաղում ջրի փոքր շրջապտույտը, սակայն ինչպես պարզ դարձավ հետո,  մարդիկ նույնիսկ չգիտեն էլ, որ իրենց քաղաքում ամեն գիշեր գալիս է անձրև: Այդ մասին չգիտեն նաև մետեո ծառայությունները: Նրանք կանխատեսում են պարզ գիշեր և արևոտ օր` նույնիսկ չպատկերացնելով, թե ինչպիսի կլիմայական անոմալիաներ են տեղի ունենում ամեն գիշեր իրենց քթի տակ:
Մենք աշխատում ենք անձրևի ժամանակ, երբ քնած են բոլորը, իսկ անձրևը թաքցնում է մեզ շնչավորների աչքից ու տեսանելի դարձնում մեզ մեռյալների աշխարհը;

Գաղտնիք երկրորդ.
Մեր սև կադիլակը մոտենում էր խիտ բնակեցված թաղամասին: Այստեղ շենքերը կպած էին իրար, իսկ նրանց վերին հարկերը ասես հյուսված լինեին լուսամուտների, լվացքի պարանների ու ալեհավաքների խայտաբղետ զանգվածի: Մեր սև կադիլակը սողում էր փոքրիկ բակերի, ավտոտնակների ու շենքերի արանքով` ճանապարհ հարթելով դեպի նոր դիակը, որը հայտնաբերվել էր  62\82 շենքի նկուղում:
Սև կապիշոնով մեկը դուրս եկավ, երբ մեր սև կադիլակը հասավ անհրաժեշտ շենքի մոտ: Նա դուրս եկավ անձրևի մեջ ու առաջին անգամ նշան արեց ինձ իրեն հետևելու:
Սև կապիշոնով մեկը, ասես կողմնորոշվելով միայն իրեն հայտնի զգայարաներով, միանգամից գտավ նկուղի դուռը, բացեց այն ու հրավիրեց ինձ մտնել իր հետևից: Նկուղում մութ էր: Նկուղում փոշի էր: Ես վառեցի լուսարձակը: Շողքն ընկավ նկուղի խորքը: Ամեն ինչ պատված էր սարդոստայնի խիտ ու թավշյա ցանցերով: Երբ լուսարձակիս լույսն ընկավ նկուղի հատակին` ուղիղ մեր առջև, ես ստիպված եղա սեղմել ատամներս, որպեսզի պահպանեմ սառնասրտությունս…
Հատակին ընկած էր դիակը: Դա 23-26 տարեկան տղամարդ էր, սև մազերով, հասակը 175 սանտիմետր, հագին` կարմիր ժակետ և կապույտ ջինսեր: Նրա կուրծքը պատռված էր ու ջարդված, սպիտակ կողոսկրերը դուրս էին ցցված գիշատչի ժանիքների նման: Լեզուն սեղված էր ատամների արանքում, իսկ դեմքի վրա անսահման սարսափն էր: Կապիշոնով մեկը կռացավ դիակի վրա ու սկսեց զննել այն: Հետո հանեց մի փոքրիկ դանակ ու կտրեց բացված կրծքից մի կտոր: Կարմիր մսի պատառը նա մոտեցրեց իր դեմքին և կերավ այն...
Մենք բարձեցինք դիակը մեր սև կադիլակի մեջ ու հեռացանք խիտ բնակեցված թաղամասից:
Ճանապարհին կապիշոնով մեկն ասաց, որ գիշերվա բոլոր զոհերը պատկանում են գիշերին: Ինքն էլ ունի իր մասը: Նա ասաց, որ ունի գիշերվա զոհ դարձածների մարմնից համտես անելու իրավունք: Նա ասաց նաև, որ դա է իրեն ուժ տալիս և դրա հաշվին է իր քայլվածքն այդքան խոսուն, իսկ սև կապիշոնով ծածկված տեսքն այդքան տպավորիչ: Ես համաձայնվեցի, որ նա ուղղակի սարսափելի օտար ու մռայլ տեսք ունի:


Գաղտնիք երրորդ.
Դիակների հետ տարբեր կերպ ենք վարվում:
Երբեմն մենք հավաքում ենք չորս-հինգ դիակ ու վառում դրանք որևէ երկնաքերի վրա կամ մետրոյի թունելներում: Երբեմն վերցնում ենք ինչ-որ մեկն ու գցում այն որևէ կտուրից, թաղում քաղաքային այգում, զմռսում որևէ նորակառույցի մեջ, նետում կոյուղու լյուկերը, խորովում բարձր լարման մալուխների վրա...
Կապիշոնով մեկն ասում է, որ այդպես է ցանկանում գիշերը: Նա ասում է, որ գիշերն է թելադրում իրեն` ինչպես վարվել իր բաժին դիակների հետ:


Գաղտնիք չորրորդ.
Անձրևը թափվում  էր անձայն: Այդպես մեկ-մեկ լինում է, երբ դադարում ես լսել անձրևի ձայնը: Նայում ես անձրևին ու քեզ թվում է թե վեր ես բարձրանում: Մենք նոր էինք զմռսել դիակներից  մեկը նորակառույց բարձրահարկի կտուրում: Մենք դրել էինք այն երկու բետոնե շերտերի արանքում: Առավոտյան նրա վրա հեղուկ բետոն կլցնեն ու նա հավերժ կմնա քարացած վիճակում:
Բարձրահարկի կտուրից էլ նայում էի անձրևին ու չէի նկատել, որ կապիշոնով մեկն արդեն կողքս է կանգնել ու իր մութ կապիշոնի ներսից նայում է քաղաքին:
-Դու պետք է իմանաս` որտեղից են հայտնվում զոհերը:
Նա շուռ եկավ ու գնաց: Նշան արեց` հետևի՜ր ինձ: Մենք նստեցինք սև կադիլակն ու գնացինք կապիշոնով մեկի ցույց տված ուղղությամբ:
Դա ամենաիսկական հետնախորշն էր: Նրբանցքներից մեկից ճչեր էին լսվում: Մենք իջանք սև կադիլակից ու գնացինք դեպի նրբանցքը: Այն լուսավորված էր պատերից մեկից կախված միակ լամպով: Կապիշոնով մեկն ասաց, որպեսզի լինեմ զուսպ:
Նրբանցքում երեք հոգի էին: Նրանիցց երկուսը շներ էին: Այսինքն նրանք շներ էին, բայց ժամանակ առ ժամանակ նրանց մորթին հետ էր գնում` ցուցադրելով մարդկային մաշկը, իսկ կատաղած ու արունոտված մռութները վերածվում էին մթգնած դեմքերի:
Նրանք հոշոտում էին մի կնոջ: Կինը 45-47 տարեկան էր, շիկահեր, հասակը 162 սանտիմետր, հագին` սև վերարկու, կարմիր երեկոյան զգեստ ու բարձրակրունկ կոշիկներ: Նրա գլխարկը գլորվել էր քիչ հեռու:
Կապիշոնով մեկն ասաց, որ կինը դարձել է այս գիշերվա զոհերից մեկը:
Կապիշոնով մեկն ասաց, որ միայն փոխակերպվող շները չեն հավաքում գիշերվա զոհերը: Նա ասաց, որ կան տասնյակ գիշերային էակներ, ովքեր որս են անում գիշերը: Նրանցից, ավելացրեց նա, ոչ բոլորն են արունարբու ու ոչ բոլորն են վտանգավոր շնչավորների համար:


Գաղտնիք հինգերորդ.
Մեր սև կադիլակը քշեցի մոխրագույն ջիպի հետևից: Կապիշոնով մեկն առարկություններ չունեցավ: Ազատ պարեկի ժամ էր: Ես քշեցի մոխրագույն ջիպի հետևից, որովհետև ինձ տարօրինակ թվաց նրա հետևի պատուհանից դուրս նայող դեմքը, որն այնքան լի էր տագնապով ու վախով, կարծես հանդիպել էր գիշերվա բոլոր շողքերին միաժամանակ:
Մոխրագույն ջիպը դուրս եկավ քաղաքի կենտրոնից, բարձրացավ դեպի ծայրամասեր տանող փողոցով, թեքվեց բնակելի շենքերի բակերից մեկն ու կանգնեց: Մեր սև կադիլակը կանգնեց նույն բակում, ջիպից քիչ հեռու: Այդտեղից ես հստակ տեսնում էի թե ինչպես են մեքենայից դուրս բերում վախեցած տպին ու ինչպես են նրան ծնկի իջացնում: Զոհը չոր էր: Անձրևը նրան չէր թրջում, անձրևը նրա համար գոյություն չուներ: Իսկ նրան ծնկի իջեցնողները թաց շորերով էին ու նրանց վրայից կաթում էր ջուրը:
Ծնկի իջածն աղաչում էր, որպեսզի բաց թողնեն իրեն: Նա ասում էր, որ կվճարի բոլոր պարտքերն ու դեռ մի բան էլ ավել, միայն թե հիմա իրեն բաց թողնեն, չսպանեն, խնայեն, չմորթեն, հանուն իր փոքրիկ երեխաների, հանուն նրանց մանկության...
Նրանք, ովքեր զգում էին անձրևը, մռայլ էին: Նրանք նայում էին ծնկի իջածին, ու դեմքների վրա ոչ մի բան չէր փոխվում բացի անդադար ցած հոսող անձրևի կաթիլներից:
Վերջապես նրանցից մեկը բարձրացրեց ձեռքը` նշան անելով զոհին, որպեսզի վեր կենա ու հեռանա:
Նա հեռացավ առանց վեր կենալու` չորեքթաթ ու գլխապատառ:
-Սրանք ուղղակի չափիչներ են:
-Ովքե՞ր:
-Սրանք: Նրանք հագցնում են վախի վզկապները շնչավոր մարդկանց վրա ու ժամանակ առ ժամանակ վերցնում նրանցից վախը: Ցերեկը նրանք կարողանում են չափել մարդկանց վախը:
Ես մի պահ փորձեցի վերլուծել այդ ինֆորմացիան: Ու հանկարծ ճանաչեցի հարևանիս: Նա նույնպես թաց էր, նա քայլում էր անձրևի միջով:
Մեր հայացքները հանդիպեցին, երբ նա նստում էր իրենց մոխրագույն ջիպը: Ես ասացի այդ մասին կապիշոնով մեկին: Նա ասաց, որ ցերեկը մարդիկ հաճախ այն չեն, ինչ լինում են գիշերները:



Գաղտնիք վեցերորդ.
Դիակները երկուսն էին: Մեկին մենք դրեցինք սև կադիլակի մեջ: Հոգնեցինք: Նստեցինք կանգառում: Դիակը նստեցրեցինք կողքներս: Ես վառեցի սիգարետս ու սկսեցի ծխել: Կապիշոնով մեկը լուռ էր: Նա գրեթե միշտ լուռ էր: Դիակը նույնպես լուռ էր: Մենք նստած էինք կանգառի նստարանին ու նայում էինք անձրևին: Կապիշոնով մեկը հանեց փոքրիկ դանակն ու երկու փոքրիկ պատառ կտրեց դիակից: Մեկը տվեց ինձ:
-Համտեսի՜ր,- ասաց նա:
Համտեսեցի:
-Սա մահն է,- ասաց նա:
Քայլերի ձայներ լսեցի: Ինչ որ մեկը մոտենում էր: Տղամարդ էր, մոտ 50 տարեկան ու սպիտակ մազերով, հասակը 168 սանտիմետր, մոխրագույն անձրևանոցավ: Նա հասավ կանգառին ու ճչաց:
Աաա!!!
Առաջին շոկից հետո նա հանեց հեռախոսն ու զանգահարեց ինչ որ տեղ:
-Այստեղ մեկը մահացել է, կանգառում, նստած էլ մնացել է, աչքերը չռած...ա՞, ասում եմ մեկ դիակ, կանգառում նստած, հասե՜ք…
Տղամարդը նկանագրեց կանգառի տեղը Մնաց մի քանի րոպե էլ` զզվանքով ու վախով դիակին նայելով, ու հեռացավ:
Կապիշոնով մեկն ասաց, որ ես այլևս չեմ երևում, ու ինձ էլ ոչ ոք չի կարող տեսնել, քանի որ ես համտեսել եմ մահը: Կապիշոնով մեկն ասաց, որ գիշերվա զոհերից բաժին ունեցողները չեն երևում անձրևի ժամանակ:
Ես բան չասացի:


Գաղտնիք յոթերորդ.
Աղջկան սպանել էին թևավոր քաջքերը` գիշերվա շողքերից ամենավտանգավորները: Աղջկա դիակը հայտնվել էր հեռուստաաշտարակի վրա: Նրան գցել էին  վերևից, աղջկա մարմինը դիպչել էր աշտարակի մետաղներին, խճճվել մալուխների մեջ ու մնացել այդպես կախված` հոշոտված ու այլանդակված:
Կապիշոնով մեկն ասաց, որ ինքնուրույն բարձրանամ և իջացնեմ դիակը:
Ես բարձրացա դեպի վեր` բռնվելով սառը երկաթներից ու գնալով թափվող անձրևին ընդառաջ: Աշտարակի նեոնային լույսերի պատճառով անձրևը գունավորվել էր: Այն մեկ մանուշակագույն էր, մեկ վարդագույն, մեկ կանաչ ու մեկ էլ կապույտ: Դիակին մալուխներից բավականին հեշտ քանդեցի: Աղջիկը 17- 19 տարեկան էր, հասակը 169 սանտիմետր, մազերը` կարմիր ներկած, հագին նարնջագույն բլուզ ու վանդակավոր կարճ շրջազգեստ: Ձախ ձեռքը գրեթե պոկվել էր ուսից ու կածխված էր երկու բարակ ջլերից: Ես զգացի անհաղթահաերելի ցանկություն կտրել նրանից մի կտոր: Ես փորձեցի համբերել մինչև կհասնեմ ցած ու կհամտեսեմ կապիշոնով մեկի հետ: Բայց չդիմացա: Ես հանեցի փոքրիկ դանակս, որը նոր էի ձեռք բերել ու կտրեցի մի կտոր աղջկա շուրթերից: Անմիջապես կերա այն:
Իջնելուց հետո կապիշոնով ոչ ոքի չգտա: Նա անհետացել էր: Ոչ ոք չկար աշտարակի ներքևում: Միայն անձրևն էր ու սև կադիլակը: Ես վազեցի դեպի այն: Ոչ մի հետք չկար:
Նայեցի քաղաքին: Աշտարակի մոտից երևում էր ողջ քաղաքը: Մի բան կանչեց ինձ: Ես զգացի, որ նոր դիակ հայտնվեց Հյուսիս-արևելքում: Նկուղային հարկում:
Ես նստեցի սև կադիլակն ու գնացի այդ ուղղությամբ:

Friday, August 10, 2012

Հետաքննություն մեգապոլիսում


Գլխավոր անալիտիկ համակարգիչը գտնվում է հիսուներորդ հարկում: Այն զբաղեցնում է մի ողջ սենյակ երկնաքերի հյուսիային թևում: Այնտեղ կուտակվում են բոլոր վիճակագրական տվյալները և բոլոր վիճակագրական տվյալներն այնտեղ դասավորվում են, վերադասավորվում, համեմատվում, վերլուծվում ու նորից դասավորվում: Արդեն մեկ շաբաթ է, ինչ ես ստացել եմ հատուկ անցագիր` հիսուներորդ հարկ բարձրանալու և գլխավոր անալիտիկ համակարգչից օգտվելու համար: Արդեն մեկ շաբաթ է,` ես չեմ կարողանում քնել, չեմ կարողանում ուտել:
Վերջին գործս կապված էր ոմն Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանի հետ: Սա մի իրանցի առևտրական էր, ով որոնվում էր  «Գլոբա Ֆարմա» դեղագործական հիմնարկի կողմից: Թիքեյանը չէր վերադարձել կարճաժամկետ արձակուրդից հետո`անհանգստացնելով ու զայրացնելով իր ղեկավարությանը: Ինձ հանձնարարված էր գտնել նրան:
Թիքեյանը ծնված էր 2032 թվականին, նոյեմբերի տասին, 87-րդ թաղամասում` հետնախորշերում:
Առաջին հերթին ես փորձեցի հավաքել բոլոր այն Թիքեյանների տվյալները, որոնք ծնվել էին նույն տարվա ընթացում: Ստացված թիվը ստիպեց ինձ մի քանի րոպե անշարժ նստել համակարգչի առջև, հետո տրորել աչքերս ու վերադառանալ տուն` հանգստանալու: Ուղեղս չդիմացավ ստացված թիվն ընկալելու փորձությանը:
Ես պարզեցի, որ 2032 թվականին քաղաքում ծնվել է Ռադիֆ Յուսուֆ Թիքեյան անունը կրող 7 124 547 հոգի: Գրողը տանի` յոթ միլիոն հարյուր քսանչորս հազար հինգ հարյուր քառասունյոթ հոգի:
Հաջորդ օրը ես նեղացրեցի որոնման օղակը:
Ֆիլտրեցի Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանների այս ահռելի բանակը և առանձնացրեցի բոլոր նրանց ովքեր ծնվել էին 87-րդ թաղամասում:
Արդյունքները ստանալուց հետո ես արձակեցի փողկապս, վառեցի սիգարետս ու սուրճի ագահ կում արեցի:
874 211 հոգի: Դեմոգրաֆիկ բումից հետո 87-րդ թաղամասի պես վայրերում բնակչությունը կարող էր անցնել մեկ-երկու միլիարդը, բայց ամեն դեպքում Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանների քանակն ահավոր էր:
Ես մուտքագրեցի ծննդյան օրը` նոյեմբերի տասը: Ստացվեց հինգանիշ թիվ: 36 258 փոքրիկ Ռադիֆ Յուսուֆ Թիքեյան լույս աշխարհ էր դուրս պլստացել հենց նոյեմբերի տասին, հենց 2032 թվականին, հենց 87-րդ թաղամասում:
Սուրճս վերջացավ: Ես վառեցի հաջորդ սիգարետս:
«Գլոբա Ֆարմա» ընկերությունն ինձ տրամադրել էր մանրամասն ինֆորմացիա Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանի ուսման վերաբերյալ: Երբ ես փորձել էի ճշտել նրանցից վերջինիս բնակության վայրը, պատասխանել էին, որ չեն տիրապետում նման ինֆորմացիայի: Հավանաբար «Գլոբա Ֆարմայի» կորպորատիվ էթիկան սահմանափակում էր այդ տեսակ ինֆորմացիայի տրամադրումը ցանկացած այլ անձանց:
Դե ինչ, ես շարունակեցի որոնումս` ավելի ու ավելի սարսափելով Գլխավոր անալիտիկ համակարգչի տվյալներից:
Պարզվեց, որ թիվ 769 հիպերդպրոցում սովորել է 963 541 Ռադիֆ Յուսուֆ թիքեյան: Նրանցից 21 254-ը ավարտել է հիպերդպրոցը մեր Թիքեյանի հետ նույն տարվա ընթացքում: Նրանցից 7893-ն ընդունվել են նույն համալսարանի նույն ֆակուլտետը: Կոնկրետ խմբի, ամբիոնի և հերթափոխի մասին տեղեկություններ չկային, ուստի, զգալով վորոշակի թեթևություն, ես բաց թողեցի ուսման վեց տարիները, և միանգամից հայտնվեցի «Գլոբա Ֆարմա» ընկերության կադրերի բաժնի տվյալների մեջ: Անալիտիկ համակարգիչն ասում էր, որ ուսումն ավարտելուց հետո նույն ֆակուլտետից ուղիղ 451 Ռասդիֆ Յուսուֆ Թիքեյան ընդունվել է աշխատանքի «Գլոբա Ֆարմա», որոնցից 38-ը արձակուրդի են մեկնել միաժամանակ, սակայն վերադարձել է նրանցից միայն 37-ը:
Ես ստուգեցի այն տուրիստական գործակալության տվյալները, որի ծառայություններից օգտվել էր մեր որոնյալը և, արդեն առանց զարմանալու, փաստեցի, որ նույն ժամանակահատվածում նույն հանգստավայր են մեկնել 64 Ռադիֆ Յուսուֆ Թիքեյաններ:
Հետաքրքրության համար պարզեցի նաև մնացած 63-ի ով լինելը: Պարզվեց որ դրանցից երկուսը նույնպես ծնվել են 87-րդ թաղամասում, սակայն միայն մեկն է նրանցից ծնվել հենց 2032 թվականին:
Իմ կարծիքով, Այս Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանը երբեք մենակ չի մնա աշխարհում:
Ես ստուգեցի ֆիզիկական տվյալները: Հասակը` 183 սանտիմետր, մազերի գույնը` մուգ, սարդի պատկերով դաձվածք ձախ ձեռքի դաստակին:
Ես վերցրեցի տոմս ու մեկնեցի հանգստավայր` ստուգելու մեզ անհրաժեշտ թիքեյանի առկայությունն այնտեղ:
Ճանապարը ծախսեց քառասունհինգ րոոպե: Ես հեշտությամբ գտա ինձ հետաքրքրող հյուրանոցն ու առաջին հերթին շարժվեցի դեպի բար` մեկ-երկու վիսկի մեջս լցնելու և նյարդերս թուլացնելու:
Բարում ես տեսա երկու հոգու` մոտավորապես 1,8 մոտր հասակով և սարդ-դաջվածքով: Ու հենց այդ պահին ստացա հաղորդագրություն պատվիրատուից:
«Որոնումները դադարեցնել: Որոնման օբյեկտը վերադարձել է»:


Դժվար էր դիմանալ գայթակղությանը:
Անցագրիս հո մոտս է: Անալիտիկ համակարգիչն էլ հո տրամադրությանս տակ է:
Մատներս մուտքագրեցին իմ անունը: Ես սկսեցի խորտակել սեփական օրիգինալությանս մասին բոլոր իմ անուրջները: Պարզվեց, որ նույն օրը, նույն թաղամասում, նույն ժամին (փառք աստծու ոչ նույն կնոջից) ծնվել է մոտ հինգ հարևյուր հազար անվանակից: Նրանցից քսան-եռեսուն հազարը սովորել է ինձ հետ նույն համալսարանում: Հազարավորները` ինձ հետ նույն ֆակուլտետում: Մոտ երկու հարյուրի հետ ես աշխատում եմ նույն գործակալությունում և նրանցից չորսն ապրում են նույն շենքում, որում և ես:  Այս 40 հազար բնակարանանոց շենքերում շատ դժվար է ճանաչել բոլոր հարևաներին, բայց ես այնուամենայնիվ որոշեցի գտնել ու ծանոթանալ նրանց հետ: Պարզեցի նրանց բնակարանների համարները: Գնացի դռները ծեծելու:
Առաջին երկուսը աշխատանքի էին: Երևի որոնում էին մեկին կամ ինչ-որ մոռացված արխիվ քչփորում: Մեկը գնացել էր հանգստանալու: Հենց այնտեղ, որտեղ ես ման էի գալիս Ռադիֆ Յուսուֆ Թիքեյանին: Հավանաբար մենք հասցրել ենք լինել նույն բարում և ինչու չէ, մեզ հասցրել են վիսկի մատուցել հենց նույն բաժակով:
Իսկ չորրորդը...
Չորրորդի հետ պետք է ծանոթանայի հետո: Այն պահին երբ ես թակում էի նրա դուռը, խեղճը նույնն էր անում իմ դռան հետ` փորձելով ծանոթանալ հետս, չէ որ նա նույնպես ստացել էր անցագիր դեպի Գլխավոր անալիտիկ համակարգիչը և չէր դիմացել գայթակղությանը:

Monday, July 23, 2012

Զարկեցե´ք


Զարկեցե´ք դարբիննե´ր կռանը սալին,
Զարկեցե´ք կռանը – շղթայքն ամրանան,
Անիծյալ արքայի կապանքն ամրանան,
Զարկեցե´ք դարբիննե´ր կռանը սալին:
Հովհաննես Հովհաննիսյան


Մ.թ.ա. 161 թվական. Արտաշատ.
Սգո թափորը դաժան էր: Երբեք դեռ չէր եղել նման թափոր: Սգո շունչը կարելի էր զգալ հարյուր մղոն հեռավորությունից:Սևազգեստ զանգվածն այնպիսի հառաչանք էր  արձակում, որ նույնիսկ ձիերն էին սարսռում: Թափորի մեջ հաճախ կարելի էր հանդիպել արյունլվա մարդկանց, ում ձեռքերին կամ վզին երևում էին բացված երակներ: Ճանապարհին նրանք ընկնում էին: Դիակները հավաքում էին հատուկ այդ առաջադրանքի համար նախատեսված զինվորներն ու տանում խարույկի մոտ:
Արտաշես արքային ճանապարհ էին դնում հանդերձյալ աշխարհ:
Քրմերը վառել էին սուրբ կրակներն ու ազդ էին արել ժողովելու բոլոր վիշապներին, որոնց քթերին կհասներ սրբազան կրակի ծուխը: Եկած վիշապները հավաքվել էին Մեծ կրակի շուրջն ու պտույտներ էին գործում` ավելի զարհուրելի դարձնելով տեսարանը:
 Մարդիկ սպանում էին  իրենք իրենց` արքայի հետ հոգիների աշխարհ ճամփա ընկնելու համար: Քրմերը խոտաբույսեր էին լցնում կրակի մեջ, երգում հին քամիների ու ջրերի երգերը, պատրաստում կրակը` կլանելու արքայի և իր հավատարիմների հոգիները: Վիշապները պտտվում էին այս ամենի վերևում և օրհնում էին իմաստուն արքայի անցած կյանքը:
-Կանցնի արքան ջրի տարերքը, կանցնի նա հրո տարերքն ու կիշխի նա այնտեղ, որտեղ սպասում են հոգիները,-ասում էր գլխավոր քուրմ Բակուրը` գոհ լինելով Արտաշեսի դիակիզման արարողակարգի մոգական զորությունից:
-Նա խլում է ինձնից այն, ինչ իմն է օրենքով,-ասաց Բակուրին Արտավազդը` արքայի որդին, Հայքի արքայազնը:
-Դու կթագավորես մեծագույն երկրի վրա ու կհետևես նախնյաց սուրբ օրենքներին ու կդառնաս մեծագույն տիրակալ:
-Բայց ինչպե՞ս, ինչպես ես կդառնամ մեծագույն տիրակալ, եթե երկրիցս ոչինչ չի մնացել, մարդիկ չեն աշխատում, բոլորը սգում են, շատերը սպանում են իրենց, երկիրս ավերակ է դառնում:
Բակուրը դարձավ դեպի Արտավազդն ու իր երկար մատներով բռնեց Արտավազդի կոկորդը:
-Հարգանք ունեցիր հորդ հանդեպ:
Արտավազդը հանկարծակիի եկավ ու փորձեց պաշպանվել: Քրմի մատները չափազանց երկար էին և ուժեղ: Արտավազդն առանց թրի էր: Նա շոշափեց իր սև զրահի տակ թաքցված դաշույնը, հանեց այն ու կտրեց Բակուրի կոկորդը:
Արտավազդը ապշեց: Երբ մահացու վիրավորված քուրմը թուլացրեց իր երկար մատները, Արտավազդը շունչ քաշեց: Բոլորը իրեն էին նայում: Արտավազդը երկյուղեց: Նա առաջին անգամն էր մարդ սպանում: Նա մասնակցել էր տասից ավել ճակատամարտերի, բայց առաջին անգամ էր իր ձեռքով մարդ սպանում:
-Քուրմին սպանեց:
-Օրենքը խախտեց:
-Հոր անունը պղծեց:
-Չարքի բաժին դարձավ…
Երկնքում, կրակի շուրջ պտտվող վիշապներից մեկը, որը հարավի Մեծ գետի ոգին էր, այս բառերի վրա ցած իջավ, մի պահ կախվեց Արտավազդի գլխին , նայեց նրա աչքերի մեջ ու ձուլվեց նրան:
Արտավազդի թիկնապահներից մի քանիսն արդեն արել էին մի քանի քայլ` արքայազնին պաշպանելու համար: Քրմերից մեկը զսպեց նրանց:
-Կանգնե՛ք,-սաստեց նա զինվորներին:
Արտավազդը կապտում էր: Թափորը կարծես մոռացել էր բուն սուգն ու ողջ ուշադրությամբ հետևում էր Արտավազդին: Ամբոխի մեջ սակայն շարունակում էին ընկնել երակները բացած մարդիկ: Նրանց սակայն ոչ ոք չէր բարձրացնում ու դեպի կրակը քարշ չէր տալիս:
Լարվածությունն օդում անտանելի էր դառնում: Նույնիսկ մյուս վիշապներն էին մնացել օդում կախված և հետևում էին այս ամենին:
Տնքոց լսվեց: Այն ասես գետնի տակից էր բարձրանում: Արտավազդի մարմինը ցնցվեց: Նա ծնկի իջավ: Նրա գլուխը ուռեց, նրա բերանը բացվեց անհավատալի չափսերի և նրանից դուրս սողաց վիշապը...նա մահացած էր:
Վիշապի դիակը բոլորին ճնշեց: Ողջ թափորը ոտքի իջավ:
-Վիշապը չկարողացավ հաղթել ներսի չարքին,-ասաց քուրմը:
Մնացած վիշապները վեր թռան: Նրանց աչքերը վառվեցին ու բերաններից հուր թափվեց: Վիշապներն իջան ու սկսեցին հրդեհել Հայքի մայրաքաղաքն ու նրա շրջակայքը: Նրանք ավիրածություններ արեցին ընդամենը մեկ ժամ, սակայն ավերակ դարձրեցին չորս հայկական քաղաք: Վերջում նրանք կանգնեցին քրմերի առջև, նայեցին նրանց աչքերին ու հեռացան:
Քրմերից մեկը` ամենահեղինակավորը Բակուրից հետո, ասաց.
-Փորձանքն է կանգնած այս հողի վրա, արքան է անշունչ, ժառանգը` անտաշ, վիշապն ասաց, որ չեն գա երբեք, չեն անցնի իրենք այս հողի վրա:
Ամբոխը սկսեց լացել: Թե լացում էին առաջ արքայի համար, հիմա լացում էին իրենց համար:
-Չարն է մտել ժառանգի մեջ, պետք չէ Հայքին Արտավազդն այլև, խախտեց նա օրենքը, պղծեց նա հորը, սասանեց հիմքը ու դարձավ բաժին, չարքերի բաժին:
Արտավազդը ցնցված էր: Նրա աչքերը հազիվ էին տեսնում: Նրա հայացքը մշուշոտ էր: Արունը կուտակվել էր նրա գանգում: Ամեն վայրկյան կարող էր դուրս ցայտել բերանից, քթից, ականջներից, աչքերից: Նա մի կերպ ոտքի կանգնեց, օրորվելով քայլեց իր ձիու մոտ:
-Կլինես դու որսի, ու կբռնի քեզ քաջքն ու կնետի զնդանը:
Երբ Արտավազդը, հալածված ու դիվոտված, հեռանում էր թափորից, նրա հետևից շտապում էր քրմական անեծքը: Իսկ արքայի մահացած աչքերից կաթում էին անեծքի արցունքները: Արտավազդը դատապարտված էր:
-Այսուհետ, հայեր, ականջ արե՛ք, մունետիկներ ճամփա ընկեք, սուրհանդակներ լուրը տարեք, անեծք է դրվում Արտավազդին, նա կգամվի Մասիսում, խուլ անձավում: Նրան կգամեն երկաթե շղթայով: Ու թող լինի կարգը այսպես, որ ամեն դարբին կիրակնամուտին երեք անգամ հարված անի իր սալիկին, որ չթուլանա, որ չմաշվի չարքի շղթան, որ չազատվի, որ չազատվի չարքի ոգին:

Այդ ժամանակ դարձավ Արտավազդը չարք, ով ծարավ էր վրեժի և հիվանդ էր նախանձով: Նրան օգնության հասան միայն շները, որոնց վրա կար շունչ դրած, որ ծառայեն հայ արքային: Շներն օր ու գիշեր կրծում էին Արտավազդի շղթաները` փորձելով ազատել նրան, սակայն, ամեն կիրակնամուտին դարբինները հարվածներ էին կատարում իրենց սալերին ու նորից ամրացնում շղթաները: Հզոր էին ժամանակին հայոց քրմերի խոսքերը և ավելի զորեղ էին նրանց անեծքները:


Մ.թ.ա. 73. Մեծ Հայք, Տիգրանակերտ
Արքայից արքան, Արևելքի ամեհի առյուծը, ինչպես անվանել էր նրան հռոմեացի Ցիցեռոնը, հանգրվանել էր իր նորակառույց մայրաքաղաքում` պատրաստվելով դեպի Եգիպտոս կատարվելիք արշավանքին: Քաղաքը զարդարված էր գույնզգույն դրոշակներով: Ամենուր հնչում էր երաժշտությունը, իսկ բոլոր մեհյանները պայթում էին զոհերի առատությունից: Հայոց մեծ տոնն էր` Նավասարդը:
Տիգրանը բազմած էր իր վրանում: Նրա գլուխն ուժեղ ցավում էր: Պալատական հեքիմները պատրաստել էին դեղաբույսեր, սակայն արքան չէր կարողանում հանգստանալ, այլ ավելի ու ավելի շատ էր սկսում տառապել վրա հասած գլխացավից:
Վերջապես նրա աչքերը փակվել էին և նա արդեն ընկղմվում էր քնի մեջ, երբ լսեց դարբինների ձայնը:
Արքան կատաղած ոտքի ելավ:
Նա մռնչաց առյուծի պես:
-Լռությու՛ն,-պահանջեց նա:
Դարբինները շարունակում էին հարվածել իրենց ծանր մուրճերով:
-Գժվե՞լ եք ինչ է, Նավասարդն է: Ոչ ոք չպիտի աշխատի, ի՞նչ եք անում դուք այստեղ,-ասաց նա դարբիններին, երբ իր թիկնապահների հետ ուղևորվեց նրանց մոտ` բողոքելու և պատժելու:
-Ների՛ր արքա,-ասաց դարբիններից ավագը,-մեզ ասեցին, որ ցավում է ձեր գլուխը, բայց չենք կարող հիմա դադար տալ գործին: Արտավազդի բաժինն է սա:
Տիգրանը մնաց լուռ կանգնած:
Նրա հայացքից դողում էին Արևելքի բոլոր արքաները, նրա ձայնը խոնարհվել էր ստիպում հարավի բոլոր ցեղերին, նրա փառքը զսպում էր հյուսիսի բարբարոսներին, իսկ ուժը սպառնում էր Հռոմին: Դարբինը նայում էր ուղիղ արքայի աչքերին:
-Զարկե՛ք Արտավազդի բաժինը,-ասաց արքան ու հեռացավ:


Մ.թ. 932 թ. Կարս
Թագավորական պալատից քիչ հեռու, Կարսի հրապարակի հյուսիսային մասում արքայական զինանոցն էր:  Այնտեղ էր իր հաստատուն քայլերով առաջ ընթանում վեհափառ հայրապետը` ոչ առանց դժվարության քարշ տալով իր հետևից հայրապետական գավազանը:
-Շահնշահն այստե՞ղ է,-հարցրեց նա ծնկի իջած հարյուրապետից:
-Այստեղ է, վեհափառ,-պատասխանեց զինվորականը:
-Աբա՛ս,-ձայն տվեց կաթողիկոսը,-Աբաա~ս:
-Շահնշահը չի լսի, նրանք ինչ-որ բան են կռում: Թագավորն ու դարբինը: Արդեն մոտ կես ժամ,-ասաց հարյուրապետը:
Կաթողիկոսը ականջ  դրեց: Իրոք որ, լսվում էին մուրճի անդադար հարվածներ: Հայրապետը բացեց դուռն ու նույն վստահ քայլվածքով ներս մտավ: Երկար-բարակ միջանցքի վերջում զինանոցի դարբնոցն էր:
-Աբաս,ի՞նչ ես անում, որդի՛ս,-հարցրեց վեհափառը:
-Արտավազդի փայն ենք տալիս, վեհափա՛ռ:
-Ինչո՞վ ես զբաղվում, Աբա՛ս, հիմա քննարկում ենք վանքային համալիրներից գանձվող հարկերի տոկոսները, բարի եղիր, միացի՛ր մեզ:
Վեհափառը շուռ եկավ ու հեռացավ:
-Հեթանոսական սնահավատություն….ոչ մի կերպ չեն դաստիարակվում:
Աբասը մնաց մոլորված կանգնած: Հայոց և Վրաց Շահնշահը երեք անգամ էլ հարվածեց սալիկին, մի կողմ դրեց մուրճը, լվացվեց, հագավ ոսկեզօծ շորերն ու գնաց իր պալատները` ձանձրալի ժողովին մասնակցելու:

1915 թվական,  Վան
Դարբնոցի երդիկները բաց էին: Սառը քամին սուլում էր առաստաղի տակ: Ցուրտ էր: Կատուն կուչ էր եկել անկյունում: Նրա մորթին գզգզված էր: Տարբեր գույնի աչքերը սարսուռով նայում էին դարբնի դեմքին: Մեկ ժամ առաջ` առաջնորդվելով դիվային բնազդով, կատուն հանել էր իր տիրոջ աչքերը, իսկ այժմ դևը մի պահ բաց էր թողել նրան և կատվի երերուն գիտակցությունը չէր կարողանում հասկանալ ինչ է կատարվում մարդու դեմքի հետ:
Դարբինն ընկած էր գետնին: Մուրճը նրանից հեռու էր գցված: Կրծքին հրազենի վերքեր էին: Աչքերը հանված էին: Սալիկին հարվածող չկար: Սառը քամին շարունակում էր խաղալ առաստաղի տակ:


1969 թվական, Երևան
-Ընկե՛ր բրիգադիր, կիսամյակի պլանը գերակատարել ենք, մեզ խրախուսանք կհասնի՞:
-Խրախուսանքը խրախուսանքով, բայց կոտրված մուրճերի համար ո՞վ ա պատասխան տալու:
-Է, ընկե՛ր բրիգադիր, մենք մեղավո՞ր ենք, որ մուրճերն անորակ են:
-Անորակ չեն, , է՛: Էդ մուրճերը Գդանսկի Լենինի անվան Պողպատագործական Կոմբինատի արտադրանքն են, էդ դուք եք անորակ, որ օրը ցերեկով չեք ամաչում, աննպատակ տեղը հարվածում եք էդ մուրճերով ստեղ-ընդեղ: Ես զարմանում եմ, թե պլանը ոնց եք կատարել:
-Ախր, ընկե՛ր բրիգադիր...
-Զահրումար, ընկեր բրիգադիր, էլ չտեսնեմ մուրճերը նպատակից բացի ուրիշ բանի համար օգտագործեք, բոլ եղավ, թե չէ մյուս անգամ պարգևատրական ուղեգրերդ դեպի Սիբիր կստանաք:


2026 թվական, Armenia City
-Դա կրկնվու՞մ է ամեն շաբաթ:
-Այո, ամեն շաբաթ, արդեն երեք ամիս է:
-Ու ինչպե՞ս է դա տեղի ունենում:
-Դե մեր մանչուկը շատ ուժեղ է: Նա դեռ մեկ տարեկան հասակում սիրում էր վերցնել ամուսնուս ծանրաքարերն ու խաղալ դրանցով, իսկ երբ մի անգամ հյուր էինք գնացել մեր պապիկին, նա վերցրեց նրա մուրճն ու սկսեց հարվածել մետաղյա իրերին:
-Դուք փորձե՞լ եք վերցնել նրա ձեռքից մուրճը:
-Այո, բայց նա սկսում է բարձր աղաղակել ու լացել, նա շատ լավ երեխա է, նա շատ բարի է, պարզապես այդպես է սիրում խաղալ: Ամուսինս նրա համար գնել է հին դարբինական գործիքներ, այժմ մեր տունը նմանվում է իսկական դարբնոցի, ինչպես հին ֆիլմում` «Եռանկյունի»-ում:
-Իսկ հարևանները՞:
-Հարևանները բողոքում են, բայց միևնույն ժամանակ չեն դիմում ոստիկանություն կամ այլ իրավապաշտպան մարմիններ: Նրանցից ոմանք ասում են, որ մուրճի հարվածներից հետո ավելի լավ են կարողանում քնել ու ընդհանրապես սկսել են իրենց ավելի լավ զգալ: Լավ է, որ ապրում ենք հայկական թաղամասում
-Զարմանալի երևույթներ, զարմանալի մարդիկ, զարմանալի փաստեր: Ինչեր ասես տեղի չեն ունենում աշխարհում: Մնացեք մեզ հետ և տեղյակ եղեք նորություններին աշխարհի բոլոր ծայրերից: Ձեզ հետ էր Պանամերիկյան Հայկական Հեռուստաընկերությունը Գլենդելից, Քալիֆորնիա:

Ֆիլտր (Melomania 7)



-Ասում եմ քեզ, նա ոչ մի բան չի լսում, բացարձակ ոչ մի բան: Պատկերացնու՞մ ես այդպիսի բան:
-Չէ՛: Սկի չեմ պատկերացնում, դրա համար էլ չեմ հավատում:
-Լուրջ եմ ասում: Նրա բարակ ոտքերը երևի իրենց նմանը չունեն քաղաքում, բայց երաժշտությունից նա հեռու է այնքան ինչքան հռոմի պապը Մեքքայից:
-Ո՞նց կարող է ինչ-որ մեկը երաժշտություն չլսել:
-Դե ուրեմն հնարավոր է: Ես լսել եմ օրինակ մարդկանց մասին, ովքեր չեն քնում կամ չեն ուտում: Ընդհանրապես: Երևի դա նմանատիպ աննորմալություն է: Ինչ-որ տեղ նույնիսկ հրաշք է:
-Երևի: Էլի՞ գարեջուր:
-Երևի...գարեջուր:
Ես նստած էի բարի մոտ ու լսում էի այս երկուսի խոսակցությունը: «Մելոմանիայում» ինչ ասես չես լսի: Մեկը կար` կարմիր մորուքով ու տակառաձև փորով, մի անգամ պատմում էր, թե ինչպես է իր կինը ծննդաբերության ժամանակ պահանջել, որպեսզի միացնեն Մետալիկա: Ասում էր, որ այդպես երեխան միանգամից ռոք աստղ կդառնա: Մի ուրիշը` «Ֆայվ Իքս» ջազ բենդի Նարեկը, պատմում էր, որ իր պապի դագաղում դրել էին փոքրիկ այփոդ, միացրել այն, իսկ ականջակալները դրել հանգուցյալի ականջներին: Ծերունին դաշնակահար էր ու անդրշիրիմյան աշխարհ էր ուղևորվել Մոցարտի «Ռեքվիեմի» ներքո: Այսպիսի բաներ են պատմում «Մելոմանիայում»: Այստեղ բոլորն են մի քիչ շեղված երաժշտության վրա: Մելոման են: Ինձ թվում է` եթե մեկը նույնիսկ մելոման էլ չլինի, այստեղ գալով, անպայման կդառնա:
Ուզում էի արդեն շուռ գալ ու ասել Հենրիին իր բարակ ոտքերով ընկերուհուն այստեղ բերելու մասին, երբ բարի հետևում հայտնվեց Սամվելը` «Մելոմանիայի» արքան, եթե կկամենաք:
-Բարև Հենրի՛, բարև Ա՛րտ,-ողջունեց նա կողքիս նստածներին,-բարև, Վա՛:
Նա ամուր սեղմեց ձեռքս:
-Լսել եմ փոքր բաներ ես գրում փաբերի մասին:
-Ահա,-պատասխանեցի,-ու մեխանիզմների:
Նա աչքով արեց ու խորամանկ ժպտաց:
-Սիրտդ լա՞վ է: Ինչքա՞ն ժամանակ է անցել հիվանդանոցից հետո:
-Մի տարի կլինի, Սա՛մ, մերսի:
Մի տարի առաջ էր, երբ ստացել էի mp3 ֆայլով մեյլն ու հայտնվել հիվանդանոցում: Իսկ հետո դարձել «Մելոմանիայի» մշտական հյուրը: Այս փաբում ես զգում եմ ինձ արդեն ինչպես տանը, սակայն դեռ չի վերանում ինձ մոտ այն զգացումը, որ «Մելոմանիան» կապ ունի ինձ հասած «գերերաժշտական» ֆայլի հետ: Հնարավոր է, որ հենց այդ պատճառով եմ այստեղ գալիս:
-Հենրի, ու՞ր ա նոր երգդ,-դարձավ նա կողքս նստածներին: Հենրին ռոք երաժիշտ էր, որի պրոդյուսերի ֆունկցիաները կատարում էր Սամվելը:
-Շաբաթվա մեջ կլինի, Սամ, կլինի, ուղղակի…ուղղակի, հասկանում ես, մի քիչ պրոբլեմներ կան...անձնական են մի քիչ:
-Էլի ընկերուհուդ հետ խնդիրներ ունե՞ս:
-Դե...
-Չե՞ս կիսում քաղաքի ամենասիրուն ոտքերն ունեցող աղջկա երաժշտական ճաշակները:
-Չես պատկերացնի ինչ հաճույքով կկիսեի այդ ճաշակները, եթե այդպիսիք լինեին, Սամ:
-Դու էլ բավարարվիր միայն ոտքերը կիսելով:
-Ես երաժիշտ եմ, Սամ, ինձ հոգի է պետք, իսկ առանց երաժշտության մարդ հոգի չունի…
-Դու էլ ուրիշ մեկին գտիր...-
-Ձե՞ռք ես առնում: Քո կարծիքով ես յան կտամ աշխարհի ամենասիրուն ոտքերի՞ց:
Սամվելը վերցրեց Հենրիի դիմացից գարեջրի գավաթն ու դրեց տեկիլայի բաժակը:
-Իմ հաշվին,-ասաց նա,-վառիր սիրտդ, վառիր սիրտդ ու ձայնագրի էդ երգը, թե չէ համերգիդ մասին կարող ես մոռանալ:


Կեսգիշերին մոտ սկսվում է պարերի ժամանակը: Ասենք` դա պարել չէ: Ուղղակի «Մելոմանիայում» հավաքված ժողովուրդը վերածվում է մի համասեռ զանգվածի ու սկսում է անընդհատ տեղաշարժվել` պտույտներ գործելով: Դու նստած ես բարի մոտ, հաջորդ րոպեին կարող ես հայտնվել սեղաներից մեկի շուրջ, ինչ-որ մեծ խմբի հետ կենացի մասնակցելիս, հետո կհայտնաբերես քեզ գարեջրի շիշը ձեռքիդ պատի տակ ինչ-որ մեկի հետ զրուցելիս: Ու ամենակարևորը` ողջ ընթացքում զգում ես, որ ներսդ մի բան պարում է, ռիթմիկ մի բան շարժում է մկաններդ ու դու քեզ երջանիկ ես զգում:
Մեկ պատճառ ևս` «Մելոմանիա» այցելելու համար:
Այդ ժամանակ հնչում էր հաուս: Դա սարսափելի, անկարագրելի զգացում է, երբ «Մելոմանիայում» հնչում է հաուս: Չգիտեմ ինչ է կատարում երաժշտության հետ ընդհատակյա Մեխանիզմը, բայց արդյունքն ուղղակի ստիպում է կորցնել գլուխն ու խելագարվել բասերի անմարդկային հարվածներից: Շքեղ երաժշտություն է: Ինձ գտել էր Հարութն ու պատմում էր, որ վատ չի լինի, եթե նորից վերաբացի իր «8 music»  երաժշտական խանութը:
-Իհարկե, վատ չի լինի, Հա՛ր, անպայման բացիր,-ասում եմ ես նրան` պատռելով ձայնալարերս:
-Ես երջանիկ եմ,-ասում է Հարութը:
-Շնորհավորում եմ,-պատասխանում եմ ես:
Երևի ես էլ եմ երջանիկ, քանի որ սովորել եմ այսպես վերապրել երաժշտությունն ու հասկանալ այս մարդկանց:
-Տե՛ս, Սամվելը Հենրիի հետ ինչ-որ բան է քննարկում:
Ես նայեցի` ոչ մի առանձնահատուկ բան: Պարզապես զրուցում են:
-Նայի՛ր, նրանք աշխատասենյակ են գնում:
-Ու՞ր:
-Սամվելը հենց այնպես ոչ մեկին իր աշխատասենյակ չի տանում, գնացինք նրանց հետևից:
-Էէէ...
-Թարգի հա՛, մտածում ես ես չգիտեմ, որ դու էստեղ-էնտեղ գրում ես փաբի մասին ու նույնիսկ Մեխանիզմի մասին ես խոսում:
-Բայց մասնակցել անձամբ...,-ես փորձում էի հետ կանգնել: Ու ես ինձ շոյված էի զգում: Փաստորեն նույնիսկ  Հարութն է կարդացել «Մելոմանիայի» մասին գրած պատմվածքներս:
Մենք գնացինք Սամվելի ու Հենրիի հետևից: Երբ հասանք աշխատասենյակի դռանը, Հարութն ինձ ձեռքով կանգնելու նշան արեց : Դուռը մետաղական է ու ահագին մեծ: Նման է նավի կամ բունկերի դռան:
Մենք ականջ դրեցինք:
-Դու կարծում ես ազնիվ է՞ այսպես ականջ դնելը,-հարցրեցի ես:
-Ես կարծում եմ, որ դա քեզ պետք ա հետաքրքիր լինի, իսկ ես ուզում եմ համոզվել, որ Սամվելին ոչ մի բան չի սպառնում:
-Ո՞ր պատմվածքն է քեզ ամենաշատը դուր եկել,-չդիմացա ու հարցրեցի ես:
-Դու դեռ չես գրել այն,-պատասխանեց Հարութը:
-Ա,-ասացի ես:
-էստեղից բան չի լսվում, ներս անցնենք:
Մենք անձայն սողոսկեցինք ներս: Սենյակն իրոք շատ ընդարձակ էր: Այնքան, որ մենք կարող էինք մնալ մի ծայրում, իսկ մյուսում գտնվողները չէին իմանա մեր ներկայության մասին:
-Էստեղ կնստենք ու ականջ կդնենք:
Ես փորձեցի լսել:
Սենյակի մեր անկյունը մութ էր: Հեռավոր մասում երևում էր աշխատասեղանը, որի վրա լամպ էր վառվում: Սեղանի շուրջ նստած էին երկուսը: Սամվելը նստած էր մեզ դեմքով: Մթության մեջից մեզ տեսանելի էին նրա դիմագծերը, իսկ Հենրին նստած էր դեմքով դեպի Սամվելը և մեջքով` մեզ:
-Չէի մտածում, որ բանը դրան կհասնի,-ասում էր Հենրին:
-Ես էլ չէի մտածում,-Սամվելի ձայնը խիստ էր,-դու ինձ խոստացել էիր նոր երգեր մատակարարել ամեն ամիսը մեկ: Եվ ու՞ր են վերջին երկու ամսվա երգերդ: Ես արդեն նշանակել էի քո համերգների օրերը ողջ քաղաքով մեկ, իսկ համերգն առանց նոր երգերի ես չեմ ընդունում...
-Բայց ես աշխատում եմ, չարչարվում եմ, չի գալիս երաժշտությունը, մուսան կարծես չի էլ եղել, ոչ մի բան չի ստեղծվում, դատարկություն:
-Ուրեմն վերջդ եկել ա: Ուրեմն էլ ճար չկա...
Ես մտածում էի, որ հիմա Սամվելը կհանի ատրճանակն ու կսպանի մեր խեղճ Հենրիին: Լարվածությունից ես սեղմել էի ատամներս ու հետևում էի խոսակցությանը: Մեկ-մեկ Սամվելն ասես հրեշ լինի:
-Դա տհաճ կլինի՞,-հարցրեց Հենրին:
-Կտեսնես: Վե՛ր կաց տեղիցդ: Գնա՛ առաջ, էլի՛…կանգնի՛ր: Էդպե՛ս:
Երբ Հենրին գալիս էր դեպի սենյակի կենտրոն, ինձ թվաց, թե ուր որ է մեզ կնկատի ու ստիպված կլինենք բացատրվել Սամվելի մոտ: Հարութին նա, իհարկե, կների, իսկ ինձ...Բայց դա մի քանի վայրկյան հետո:
-Պատրա՞ստ ես,-հարցրեց նա Հենրիին:
-Ահա...ինչի՞ն:
Սամվելը մի բան սեղմեց: Չգիտեմ ինչ արեց նա, բայց հատակը Հենրիի ոտքերի տակ բացվեց, Հենրին ընկավ անցքի մեջ, լսվեց նրա աղիողոմ ձայնն ու հատակը նորից փակվեց: Ու միացավ Հարութը:
-Վայ քու, Սա՛մ, ի;նչ ես անում, բա որ մեռնի, ի՞նչ ես անելու, ու՞մ ես պատասխան տալու, բա տենց բան են անու՞մ:
-Այ հենց հիմա քիթս կկտրեմ, թե չգիտեի, որ դռան հետևից հետևում էիր:
-Դռան հետևից չէ, ներսից ու դա հարցերիս պատասխան չի: Ի՞նչ կլինի դրա հետ:
Սամվելը նկատեց ինձ: Ես ձեռքով արեցի: Անմեղ հայացքով: Երբ սպանության ականատես ես լինում, պետք է այնպես ժպտաս, որ պարզ դառնա` ոչ մեկին երբեք ոչ մի բան չես ասի:
-Գրողին խի՞ ես բերել:
-Որ անմահացնի մեզ,-ասաց Հարութը:
-Պետք է շտապել,-ասաց Սամվելն ու հրելով երկուսիս էլ, նետվեց դեպի փաբի սրահ, ճեղքեց մարդկանց ամբոխն ու հայտնվեց դրսում: Մենք` նրա հետևից:
-Մեքենա՛դ,արա՛գ,,-դարձավ նա Հարութին:
Հարութն անհետացավ շենքի շողքում ու մի քանի վայրկյանից լսվեց Մուստանգի ձայնը:
-Դու հետներս կգաս,-ասաց ինձ Սամվելը:
Իսկ ես մտածում էի, որ ինձ բաց կթողնի…Չնայած Հարութի Մուստանգը նստելու գայթակղությունը մեծ էր:
-Գնա՛ Շենգավիթ, միայն թե արագ, հիմա նա արդեն դուրս կգա, սեղմի գազին:
Արագության մասին ես կասեմ` յահուուուու: Հարութը պետք է ֆորմուլա մեկի մրցարշավորդ դառնար: Մուստանգը  սլանում էր երեկոյան երթևեկության մեջ: Այն շրջանցում էր ճանապարհի մեքենաներն այնպիսի հեշտությամբ  ու այնպես գրացիոզ, որ քիչ էր մնում ծափահարություններ պարգևեի Հարութին: Սամվելին, սակայն, դա բավարար չէր:
-Արա՛գ, Հա՛ր, արա՛գ:
Էլ ուր, ավելի արագ: Առանց այն էլ ստամոքսիս մեջ արդեն սպառնագին խմորումներ էին կատարվում: Վերջին տարվա ընթացքում ես էքստրիմից մի քիչ հեռու էի մնում: Հետ եմ վարժվել երևի:
-Հասանք,-արձանագրեց Սամվելը:
Նա դեռ ընթացքում դուրս թռավ մեքենայից, դուս եկավ ճանապարհից, մագլցեց  արգելքների վրայով ու կորավ խոտերի մեջ: Մենք վազեցինք նրա հետևից:
Ճանապարհից մի քսան-եռեսուն մետրի վրա կար մի բլրակ, որից դուրս էր ցցված մեծ խողովակի ծայրը:
Սամվելը նայում էր իր ժամացույցին:
-Երեք...երկու...մեկ…,-ասաց նա այն պահին, երբ խողովակի ներսից լսվեցին ահասարսուռ աղաղակներ, գոռոցներ, մռնչոցներ ու այլ վայնասուն:
-Աաաաաաաաաաաաաաաաաաաա,-ու խողովակից դուրս թռավ Հենրին: Նա ժանգոտ էր, նա փոշոտ էր, նա մրոտ էր ու նա մի քիչ էլ քաքոտ էր: Նրա առաջին գործը եղավ տեղը տեղին հետ տալը: Վերջացնելուց հետո նա կատարեց մի քանի քայլ, գտավ իր փխսանքից ազատ տեղ ու նորից սկսեց դատարկել «հոգում կուտակված» վախն ու զայրույթը:
-Ես քու...ես քու...ես քու…,-անընդհատ կրկնում էր նա:
-Սրա վրայից լավ հոտ չի գալիս,-ասաց Սամվելը,-բեռնախցիկի մեջ դրեք, մինչև տուն հասցնենք:
Մենք խցկեցինք Հենրիին Մուստանգի բեռնախցիկի մեջ: Մենք նրան խցկում էինք, իսկ նա հարմարավետ տեղավորվում էր: Դուռը փակելու ժամանակ նա արդեն քնում էր:
-Հիմա հանգիստ քշիր, հանկարծ չվնասվի,-ասաց Սամվելը Հարութին:
-Դե պատմի՛ր `ինչ ա կատարվել:
-Մեխանիզմի ժամանակային ֆիլտրն էի միացրել:
-ՈՒ՞:
-Ու անցկացրել էի նրա միջով Հենրիին: Ու քանի որ մեխանիզմը երաժշտական է, իսկ ժամանակը միշտ առաջ է հոսում, ապա Հենրիին հնարավորություն ունեցավ մոտիկից ծանոթանալու մոտակա ամիսների երաժշտական նորությունների հետ:
-Ի՞նչ:
-Դա ճանապարհորդություն էր ժամանակի մեջ: Դեպի ապագա՞:
-Հա, բայց մեխանիզմը երաժշտական է: Այն միայն երաժշտության ժամանակի մեջ ա շարժվում:
-Ու հիմա Հենրին արդեն գիտի, թե ինչ երգեր են լսելու մի քանի ամիս ա՞նց:
-Ճիշտ այդպես,-հաստատեց Սամվելը,-Հիմա նա կձայնագրի երկու-երեք նոր երգեր` իր ապագայից ու կփրկի մեր համերգները:
Մնացած ճանապարհը մենք լռեցինք: Ես չէի պատկերացնում, որ մեխանիզմի համակարգը տարածվում էր այդքան հեռու: Քաղաքի կենտրոնից այն դուրս էր շպրտել Հենրիի մարմինը Շանգավիթում, իսկ դա փոքր չափսերի խաղալիք չէ արդեն: Իսկ Հենրին...Խեղճը շատ հնարավոր է, որ կգժվի: Կամ ով գիտի...Իսկ եթե նա հետո էլ չկարողանա ոչ մի բան ստեղծե՞լ:
-Ամեն ինչ լավ կլինի,-նայելով մեր նամռոտ դեմքերին` ասաց Սամվելը:


Մեկ ամիս անց ես նստած էի «Մելոմանիայում» ու նայում էի Հենրիի ընկերուհու բարակ ոտքերին: Դրանք աննման էին: Երջանիկ Հենրին նստած էր նրա կողքին և ուսումնասիրում էր իր նոր համերգի պոստեռը:
-Վերջին երգիս վիդեոն վերցրել են MTV-ում,- ասում էր նա:
-Ես գժվում եմ քո վերջին երգերի համար,-ասում էր նրա բարակ ոտքերով ընկերուհին,-ու ընդհանրապես ես գժվում եմ բոլոր երգերի համար:
Նա զարդարված էր Սամվելի նվիրած ականջօղերով: Դնանք մետաղական գնդիկներ էին: Սամվելն ասել էր, որ դրանք դետալներ են` Մեխանիզմի վրայից: Այն օրվանից, երբ բարակ ոտքերով ընկերուհին կախեց գնդիկներն ականջներից....նա դարձավ անուղղելի մելոման: Հենրին մի անգամ ասաց, որ հիմա նույնիսկ սեքսի ժամանակ բարակ ոտքերով ընկերուհին պահանջում է, որպեսզի նա երգի:
-Առանց երաժշտության չի կարողանում ապրել այլևս,-ասում էր Հենրին:
Փաբի դռան մոտ իրարանցում էր: Սամվելը վիճում էր ինչ-որ մեկի հետ:
-Դա իմ երգն է, գրողը տանի, իմ երգն է: Ես ցույց կտամ ձայնագրություններս, ես ցույց կտամ նոտաներս, ես դատարան կդիմեմ, դա իմ երգն է, գրողը ձեզ տանի:
Սամվելն ու Հարութը փորձում էին հանգստացնել անկոչ հյուրին:
-Սա գողություն է, դուք գողացել եք իմ երգերը, ես դատարան կդիմեմ:
-Հանգի՛ստ, տղա՛, հանգիստ, ամեն ինչ լավ կլինի, հանգստացի՛ր:
-… դատարան կդիմեմ:
Ես նայեցի Հենրիին: Նա կախել էր գլուխն ու փորձում էր չնայել նոր հայտնված հյուրին: Երևի ամաչում էր:
-Դու գողացել ես նրա երգը:
-Ես ուղղակի լսել եմ այն երկու ամիս հետո` հիթ շքերթում, ուղղակի լսել եմ...
Դռան մոտ կրքերը թեժանում էին:
-Դատարան կդիմեմ…,-բղավում էր ապագայի աստղը:
-Արի՛, արի՛ անցնենք ինձ մոտ, կզրուցենք, կպայմանավորվենք:
Սկսվեց հրմշտոց, հետո նրանք անհետացան Սամվելի աշխատասենյակում:
-Դա սրիկայություն է,-ասացի ես Հենրիին:
-Դա պարգևատրում է: Եթե մտածում ես, որ սրիկայություն է, փորձիր ինքդ անցնել էդ ժամանակային ֆիլտրի մեջով:
Նա վերցրեց տեկիլա իր և բարակ ոտքերով ընկերուհու համար ու նրանք սկսեցին սանձարձակ համբուրվել: Ես շուռ եկա, որպեսզի ամոթից գետինը չմտնեմ:
Մի քանի րոպե անց հայտնվեցին Հարութն ու Սամվելը:
Գնացինք, ժամանակ չկա էլ, գնանք խեղճին վերցնենք…Շենգավիթ: