Tuesday, March 13, 2012

WE ARE THE CHAMPIONS


Ցախավելն ասֆալտի վրայից քերում էր նեխած տերևները: Գիշերները շատ խոնավ էր լինում, ու տերևները հասցնում էին նեխել: Աշխատում էին երեք հոգով: Երկուսն ավլում էին աջ մայթը, իսկ մեկ հոգին ձախը: Արևածագին մնում էր կես ժամից էլ քիչ ժամանակ:Վերջին երկու ժամերն անցել էին ահագին արդյունավետ, քանի որ եռյակը գտել էր երկու դրամապանակ, մեկ խոշոր թղթադրամ, մոտ հազար դրամի չափ մանր մետաղադրամներ ու ժամանակակից ականջակալներ: Վերջինն ուրախացրել էր հատկապես փոքրիկ Ժաննային, ով ականջակալը միացրել էր արդեն իր հին նվագարկչին ու լսում էր ռադիոյով հաղորդվող լուրերը` անհամբեր սպասելով դրա ավարտին ու հիթային նոնսթոփին:
-Ժաննա՛,-դիմեց նրան Սեդա տատը ձախ մայթից,-Ժաննա՛, հերիք ա լսես, մեզ հետ էլ շփվիր:
-Հա, տա՛տ,-ցրված ասաց Ժաննան,-ի՞նչ:
-Ասում եմ` խոսա՛ հետներս, ի՞նչ ես լսում անընդհատ, էդ ի՞նչ են ասում, որ էդպես լսում ես:
-Լուրերն եմ լսում, տա՛տ,-պատասխանեց Ժաննան,-ֆուտբոլի մասին են ասում` հաղթել ենք Վրաստանին, բայց պարտվել ենք Անգլիային:
-Ուրի՞շ,-ասաց տատը:
-ՄԱԿ-ում մեր պատվիրակության առաքելությունը ձախողվել է,-պատմեց Ժաննան,-վերադարձել են դատարկ ձեռքերով: Ռուսաստանն էլ զայրացած է մեր արտաքին քաղաքականության վրա:
-Պա~հ-պա~հ, ցույց կտայի հա դրանց պատվիրակությանը,,,,-ասաց տատը,-բա հետո՞:
-Էստոնիայում երգի միջազգային մրցույթ է եղել երեկ, տատ, մեր երգիչը չի կարողացել անցնել առաջին փուլը,-տխուր հայտնեց Ժաննան:
-Թուուու~, ես ձեր,-ասաց Կառլենը` Ժաննայի հայրն, ով այս ընթացքում ուշադիր լսում էր աղջկա և զոքանչի խոսակցությունը,-թուուու~, գնում են պատիվներս գետնովը տալիս, հետ գալիս: Ես դրանց ինչն եմ ասել,,,
-Չվախենա՛ս, Կառլեն,-հույս տվեց Սեդա տատը,-մենք որ հիմա Եվրապայի չեմպիոն ենք, մեր երեսը մաքուր ա, մեր ճակատը բարձր ա:
-Բացի այդ էլ,պա՛պ,-ասաց Ժաննան,-մեկ ամսից աշխարհի առաջնությունն է: Մաքրելու ենք Բրոդվեյը բոլոր մայրցամաքների չեմպիոնների հետ, ու ինձ թվում է` մենք կհաղթենք: Այս նոր ցախավելներն իսկական հրաշք են:
Որպեսզի ապացուցի դա, Ժաննան տպավորիչ շարժումով հետ տարավ երկումետրանոց ավելն ու առաջ քաշեց: Ասֆալտի վրա մնացին սև հետքեր:
-Կատաղած գազան է,-ասաց Ժաննան:


Ադրբեջանի պաշտպանության նախարաը սպառնացել է Հայաստանին իր նոր ձեռքբերումով` մասսայական ոչնչացման տոքսիկ շակոլադե քյաբաբներով: Հայաստանի վոլեյբոլի հավաքականը պարտվել էր Գանայի հավաքականին, իսկ Վրաստանը հրաժարվում է սպասարկել հայկական լաստանավերն իր նավահանգիստներում: Ռուսաստանը կտրամադրի Հայաստանին նոր դրամաշնորներ ու զինամթերք, եթե Հայաստանը վերանվանի Իջևան քաղաքը «Վլադիմիմիրովսկ»: Հոկկեյի հավաքականը պարտվել է Մեքսիկայի հավաքականին 21-2 հաշվով: Հայ հոկկեիստներն ամաչում են վերադառնալ հայրենիք: Սոֆիայում լոլիկներով հալածվել և բեմից դուրս է շպրտվել աշխարհահռչակ հայ երգիչ, սփյուռքահայության պարծանք, անզուգական մանուշակ և քաղցրագույն հայոց ձայն Էդուլիկը: Ֆրանսիան կնքել է Թուրքիայի հետ փոխըմբռման համաձայնագիր: Կոմիտասի արձանը կենտրոնից տեղափոխվել է փարիզյան հետնախորշեր:
Նյույորքում տեղի ունեցած փաղոցային հավաքարարների մրցույթ-փառատոնում առաջին հորիզորականն է զբաղեցրել Երևանից ժամանած խումբը: Եվրոպայի գործող չեմպիոններն ավլել են Բրոդվեյն ընդամենը երկու ժամում` հետևում թողնելով բոլոր մրցակիցներին: Փողոցային հավաքարարների Հայաստանի Հավաքականը տուն կվերադառնա հաղթանակած:

No comments:

Post a Comment