Բնագիտության Ամերիկյան Թանգարանում հայտնվել է մի ցուցանմուշ, որի առկայությունն այս մոլորակում, թերեւս, կարող է համարվել քսանմեկերորդ դարասկզբի ամենախոշոր իրադարձությունը: Առաջին անգամ գիտական շրջանները ստիպված եղան հայտնել ոչ երկրային «քաղաքակրթության» մասին, քանի որ ցուցանմուշն այդ «ձեռագործ» էր, իսկ նյութը նրա շատ տարբեր էր այս մոլորակի մատերիայից ընդհանրապես:
Էքսպոնատն իրենից ներկայացնում էր բյուրեղ: Այն բաց կապտավուն գույնի էր, երբեմն փիրուզագույն երանգներով, ուներ խիստ տարօրինակ կառուցվածք ու հատուկ մշակված կլորավուն անկյուններ եւ կշռում էր տասներկու գրամ: Քիմիական բաղադրությունը անհնրար էր պարզել, քանի որ ոչ մի այլ տարրի կամ քիմիական կապակցության հետ բյուրեղը ռեակցիայի մեջ չէր մտնում: Էլեկտրոնային մանրադիտակները հազարապատիկ խոշորացումների արդյունքում ընդամենն ավելի ու ավելի էին համոզում դիտողներին, որ բյուրեղն այստեղից չէ: Իսկ «այստեղ» դերանունը բյուրեղն ուսումնասիրողների համար ստանում էր բոլորովին այլ նրբերանգ:
Ես, սակայն. պատրաստվում եմ պատմել ձեզ մի մարդու մասին, ով անմիջական առնչություն է ունեցել բյուրեղի հայտնվելու հետ, ու պատմությունն այս հնարավոր է բացատրություն տա այն ամենին, ինչ տեղի ունեցավ բնապահպանական Մեծ գիտաժողովից հետո ու ցնցեց բոլորին:
Դոնալդ Մակարյանն այժմ բնակվում է Լոնդոնի արվարձաններից մեկում: Ես հանդիպեցի նրան այստեղ` Երեւանում, բնապահպանական Մեծ գիտաժողովի ժամանակ, որտեղ նա իր մասնակցությունն ապահովում էր զուտ ֆիզիկապես: Գիտաժողովի երկու շաբաթների ընթացքում նա ոչ մի անգամ ելույթ չունացավ, ավելին` չբարեհաճեց հարցազրույց տալ եւ ոչ մի լրատվամիջոցի, իսկ ամենավերջում կողմ քվեարկեց մի ծրագրի, որը նախատեսում էր մարդկային գործունեության բացարձակ դադարեցում անտառային տարածքներում եւ բնական արգելոցներում: Ինձ հետ նա զրուցեց Բնապահպանական միջազգային ասսոցացիայի բուֆետում, վերջին նիստերից հետո:
- Պարոն Մակարյան,- դիմեցի ես նրան` մոտենալով նրա սեղանին` կոնյակի շիշը ձեռքիս,- կարելի՞ է նստել ձեզ հետ:
Նա գլխով արեց` նստիր:
- Շնորհակալություն,- ասացի ես ու դիմացա նրա երկար ու ճնշող հայացքին,- կուզենայի ձեզ մի քանի հարց տալ բյուրեղի մասին...
- Դուք տեսե՞լ եք բյուրեղն անձամբ,- հարցրեց նա` ընդհատելով ինձ:
- Իհարկե, ոչ մեկ անգամ:
- Ի՞նչ եք կարծում` ի՞նչ է դա:
Ես մի փոքր շփոթվեցի, քանի որ ինքս էի տրամադրված հարցեր տալու:
- Ես կարծում եմ, որ դա հայտնվել է այստեղ այլ աշխարհից, հավանաբար` հանդիսացել է ինչ-որ սարքի մաս, որն այդ սարքի վթարից հետո առանձնացվել է ու մնացել այստեղ,- ասացի ես` պաշտոնական վարկածին համապատասխան:
- Իսկ ո՞ւր է, այդ դեպքում, ինքը` սարքը:
- Դե... հավանաբար այն կարողացել է հեռանալ առանց այդ դետալի...
- Վերջացրեք,- նորից ընդհատեց ինձ Դոնալդ Մակարյանը: Նա վերցրեց կոնյակի շիշն ու լցրեց մոտ հարյուր գրամ իր բաժակի մեջ,- դուք մտածում եք, որ միջաստղային ճանապարհորդություններ կատարող մեքենայի մեջ կարող է գտնվել ավելորդ դետա՞լ: Եթե դուք տեսել եք բյուրեղը, ապա կհասկանաք, որ այն կատարյալ է, ու այդպիսի բանը դժվար թե ինչ-որ մեկը մոռանա կամ կորցնի...
- Այդ դեպքում` ի՞նչ է դա,- ասացի ես մի քիչ նյարդայնացած, բայց զգալով, որ նախաձեռնությունն աստիճանաբար անցնում է ինձ:
- Դա էակ է,- ասաց նա: Խոշոր կում արեց ու վառեց սիգարը: Նրա դեմքը կորավ թանձր ծխի մեջ: Միայն ձայնն էր լսվում ծխի հետևից,- դա բանական էակ է...էր:
Նա հենվեց աթոռի մեջքին ու հարմար դիրք ընդունեց: Ես լարեցի ուշադրությունս` ոչ մի բառ բաց չթողնելու:
- Երեք տարի առաջ ես գտնվում էի Ինդոնեզիայում ու զբաղվում բաբիրուսսա վարազների ուսումնասիրությամբ: Դրանց ժանիքները, գիտե՞ք, ունեն արտասովոր տեսք, եւ ինձ հետաքրքիր էին նրանց կենցաղի մի քանի առանձնահատկություններ, որպեսզի կարողանամ պարզել, թե ինչպես են դրանք օգտագործում այդ ժանիքները: Ես օրերով խորանում էի անտառների մեջ` որոնելով նրանց հետքերը: Հաճախ ինձ հանդիպում էին որսագողեր, որոնց հետ երբեմն փորձում էի պայմանավորվել, իսկ երբեմն ստիպված էի լինում հեռանալ` ավելի ուշ տեղացիներից կազմված ջոկատի հետ վերադառնալու ու դրանց քշելու համար:
Նա խոսում էր տարված ու հետաքրքիր: Ես զարմանում էի, թե ինչո՞ւ է այս մարդը հրաժարվում լրատվամիջոցների հետ շփվելուց:
- Մի օր, սակայն,- շարունակեց նա,- դա ապրիլի քսանն էր, ես հանդիպեցի նրան: Քսանհինք-քսանյոթ տարեկան աղջիկ էր: Արտասովոր ոչինչ չկար նրա մեջ, թերեւս միայն այն, որ նա գեղեցիկ էր, ինչպես ոչ ոք: Այդպիսի գեղեցիկ աղջիկ ես չէի հանդիպել ոչ մի երկրում: Իսկ խուլ ջունգլիներում` առհասարակ:
- Ու ի՞նչ էր անում այդ աղջիկը,- հարցրեցի ես:
Նա փչեց սիգարի ծուխն ու այնպես նայեց ինձ, կարծես հենց նոր մեծ ոճրագործություն կատարեցի` նրան ընդհատելով:
- Նա ձեռքի փոքրիկ սկաներով դիտում էր ծառերի արմատները: Ես այդպես եմ կարծում, որ հենց արմատներն էր ուսումնասիրում: Հետո լսվեց բաբիրուսսայի սմբակների ձայնն ու խռռոցը: Կիսակույր վարազը հարձակվում էր նրա վրա: Աղջիկը հասցրեց դա նկատել: Ես տեսա, թե ինչպես է նա գունատվում: Այն պահին, երբ վարազն արդեն պետք է հարվածեր նրան, ես կրակեցի: Գնդակը դիպավ ուղիղ վարազի աչքին ու փշրեց նրա գանգը:
Դոնալդ Մակարյանը հուզված էր: Նրա ձայնն արդեն անհանգիստ էր: Ձեռքերում նույնիսկ դող էր նկատվում: Նա շարունակեց,
- ...ոչ մի էակի մոտ ես դեռ չեմ հանդիպել ատելության այդպիսի աստիճան: Ոչ մի գազանի աչքերում ես չեմ տեսել այնքան ատելություն ու կատաղություն, ինչքան այդ պահին տեսա աղջկա աչքերում: Նա ողջ հոգով ատում էր ինձ: Ես հայտնվեցի նրա կյանքում ընդամենը մեկ րոպե, սպանեցի նրա վրա հարձակվող կենդանուն, ու դա բավական էր, որպեսզի նա ատի ինձ:
Դոնալդ Մակարյանը նորից վերցրեց կոնյակի շիշն ու լցրեց իր բաժակը: Երկու հզոր կում արեց:-
Աղջիկը փորձեց քայլ անել դեպի ինձ, բայց նրա հետ տարօրինակ բան կատարվեց: Նա ասես բեկվեց, լղոզվեց ու անհետացավ: Ես մոտ վազեցի գետնին ընկած նրա հագուստին ու գտա բյուրեղը:
Աղջիկը փորձեց քայլ անել դեպի ինձ, բայց նրա հետ տարօրինակ բան կատարվեց: Նա ասես բեկվեց, լղոզվեց ու անհետացավ: Ես մոտ վազեցի գետնին ընկած նրա հագուստին ու գտա բյուրեղը:
Ես չգիտեի ինչ ասել: Ինքս էլ կոնյակ լցրեցի` փորձելով ձեւակերպել հաջորդ հարցս:
- Դուք մտածում եք, որ...
- Ես ոչինչ էլ չեմ մտածում,- պատասխանեց նա` չլսելով հարցս,- մտածում են տիեզերական ու բնագիտական հիմնարկները: Նրանք ասացին, որ «առավել հավանական է ոչ երկրային քաղաքակրթության հետ շփման վարկածը»: Ավելի նեղ շրջաններում, ոչ պաշտոնական միջավայրում նրանք խոսում են Երկրի բնության պաշտպանության համար կազմակերպված այլմոլորակային առաքելության մասին: Իբր թե աղջիկն այդ (նրա սկաների մեջ հայտնաբերել էին արժեքավոր տեղեկություններ անտառների զարգացման միտումների մասին) հատուկ առաջադրանք է ունեցել այստեղ...
- Իսկ ի՞նչպես են բացատրում նրա` բյուրեղի վերածվելը:
- Էլեկտրոնային կարճ միացում, հզոր էմոցիոնալ շոկ, ինչի արդյունքում այլմոլորակայինի մարդկային մարմնի ուղեղում տեղի են ունեցել էլեկտրական զորեղ տատանումներ`վերածելով այն մատերիայի բոլորովին այլ տեսակի...
Ես բազմանշանակորեն մոտեցրեցի բաժակը բերանիս` ավելի շատ ընդմիջում տալու, քան թե խմելու:
- Ի դեպ, այս գիտաժողովին մասին,- հանկարծակ սկսեց նա,- ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞ ծայրահեղ կանաչներին անցկացնել իրենց «մարդկային գործունեության բացառման մասին» օրինագիծը:
- Ես նկատեցի, որ դուք կողմ եք քվեարկել այդ օրինագծին,- ասացի ես,- այնուամենայնիվ` դժվար թե անցնի, քանի որ առկա են այլ շահեր...
- Հիմա սկսվելու է հեռարձակումը քվեարկության արդյունքների մշակման սրահից: Հայտնելու են վերջնական արդյունքները: Մենք էլ ուշացանք արդեն: Խնդրեք, որպեսզի միացնեն հեռուստացույցը:
Ես մոտեցա բուֆետի աշխատողներին, խնդրեցի տալ հեռուստացույցի վահանակն ու միացրեցի անհրաժեշտ ալիքը:
- Ուշադրություն դարձրեք պարոն Սիմպսոնին,- ասաց ինձ Մակարյանը, երբ նորից նստեցի:
Սիմպսոնը ծայրահեղ կանաչների առաջնորդն էր: Ընդհանուր ֆոնի վրա նա առանձնանում էր կարմիր դեմքով, կարմիր վզով ու նյարդային շարժումներով: Զգացվում էր, որ իր տեղը չի գտնում եւ նյարդայնանում է:
Անկախ ժյուրին հայտնեց քվեարկության արդյունքները: Ընդունվել էր «Բնապահպանական դաշինք» կազմակերպության նախագիծը, որի համաձայն` բնական արգելանոցները պետք է անցնեին համայնքների իրավասության տակ ու օգտագործվեին համայնքի կողմից կոմերցիոն հիմունքներով: Այդպիսով նրանք առաջարկում էին լուծել արգելանոցների ֆինանսավորման հարցը:
Սիմպսոնն այդ պահին արդեն անտանելի կարմրել էր, այնպես, որ էկրանի վրա աչք էր ծակում, ու անհնար էր նրան չնայելը: Հանկարծ նա ոտքի կանգնեց, մեկ-երկու քայլ արեց, ցնցվեց, լղոզվեց ու անհետացավ...
Բնապահպանական միջազգային ասոցիացիայի ողջ տարածքում, այդ թվում` նաեւ բուֆետում սարսափելի իրարանցում սկսվեց: Բոլորը կամ վազում էին, կամ ուղղակի աղմկում: Բոլորը շտապում էին գտնել Սիմպսոնին, իսկ ոմանց շուրթերից հնչում էր «բյուրեղ» բառը: Ես շրջվեցի դեպի Դոնալդ Մակարյանը` հասունացած հարցս նրան ուղղելու, սակայն նա այլեւս չկար: Դուրս եկա բուֆետից, սակայն այս ու այն կողմ վազվզող մարդկանց մեջ նրան գտնելու ոչ մի շանս այլեւս չկար, ինչպես նաեւ Սիմպսոնին, որն արդեն վերածվել էր տասներկու գրամանոց բյուրեղի:
P.S.
Հատուկ շնորհակալություն Ֆրունզիկ Հարությունյանին` պատմվածքի գաղափարը միասին քննարկելու համար:
No comments:
Post a Comment