Մարմինը հավաքում են ռելսերի վրայից: Մարմինը կարող է ցրված լինել մի քանի տասնյակ մետրի վրա: Մարմինը պետք է հավաքել մինչև հաջորդ գնացքի գալը: Մարմնի ոսկորները վնասում են ռելսերն ու գնացքների անիվները:
Ամեն առավոտ ստիպված ենք լինում անել այս աշխատանքը: Եվ ամեն երեկո: Ինչ-որ մեկը պետք է դա անի: Ինչու ոչ մենք: Սա, կարելի է ասել, մեր տունն է: Իսկ տանը մաքրություն են անում: Մետրոյի թունելները մեր տունն են: Եթե չհավաքենք մարմինները, առներտներից պրծում չենք ունենա: Եսային ասում է, որ մենք դժողքում ենք, քաղաքի ընդերքում, իսկ մահանալուց հետո անպայման կհայտնվենք դրախտում, որտեղ երկնքում կա հրե գնդակ (ես հստակ չեմ պատկերացնում, թե ինչ է դա) ու երկինքը կապույտ է: Եսային ասում է, որ երկինքը դա դրախտի գմբեթն է: Իսկ որպեսզի հայտնվենք այնտեղ, մենք անդադար աշխատում ենք: Նոր թունելները, որոնք հիմնական ճյուղից տարածվում են դեպի հարավ և հարավ-արևելք հարուստ են օգտակար հանածոներով: Եսային հզորագույն կախարդ է: Նրա տված ապակե սրվակներով մենք պայթեցնում ենք փակուղիներն ու առաջ ընթանում: Եթե շարունակենք այսպես աշխատել,ասում է Եսային, օգտականր հանածոներ երկու անգամ ավելի շատ կհանենք ու ավելի շուտ կհայտնվենք դրախտում:
Ես աշխատում եմ հարավային ուղղությամբ: Գրպաններս լցնում եմ սրվակներով ու գնում պայթեցնելու: Մի երկու հատ պայթեցնում եմ ու սկսում եմ աշխատել քլունգով, հետո առանձնացնում եմ փայլուն օգտակար հանածոներն ու տալիս դրանք Եսայիին: Նա բարի է: Մի անգամ ասաց, որ կտա ինձ նոր սրվակներ, որոնք մեջ հեկտոնիտրոգլիցիրինի պարունակությունն ավելի շատ կլինի: Էլ չհարցրեցի հեկտոնիտրոգլիցիրինի մնասին: Ամաչեցի: Երևի դա պետք էր իմանալ:
Ես և Եսային ունենք գաղտնիք: Ես այդ մասին չեմ ասել ոչ ոքի: Ինձ թվում է, որ այդպիսի բաների մասին չպետք է խոսել: Ինձ թվում է այդպես կխախտվի ինչ-որ բան:
Ես դրախտից եմ: Ես դա հիշում եմ: Այն դրախտից, որը վերևում է: Որտեղ կապույտ գմբեթ կա: Ես չեմ հիշում հրե գունդ, բայց կապույտ գմբեթ հաստատ կար: Եվ Եսային էլ գիտի, որ ես այնտեղից եմ: Հենց ինքն օգնեց ինձ այստեղ հայտնվել` ծնվել: Ես դրախտում էի ու մյուս երեխաների հետ սովորում էի ինչ-որ նշաններ, որոնցով մենք բառեր էինք արտասանում:Հետո եկավ Եսային: Հետո ես տեսա կապույտ գմբեթը, հետո ինչ-որ պատ, որի վրա կայն նշաններ, որոնք հնչում էին «Պարտեզ մանկատուն»: Իսկ հետո Եսային ասաց, որ մենք դժողքում ենք ու պատմեց հրե գնդի մասին: Նա ասաց, որ պետք է աշխատել անդադար, որպեսզի կարողանանք ընկնել դրախտ: Ես նայում եմ նրա աչքերի մեջ, ու նա ժպտում է: Դա մեր փոքրիկ գաղտնիքն է` նա գիտի որ ես մի քիչ տեսել եմ դրախտն ու երևի հարգում է ինձ դրա համար: Նա բարի է:
Երկու անգամ ավելի շատ հեկտոնիտրոգլիցիրին պարունակող սրվակները պայթում էին վեց անգամ ավելի ուժեղ, քան սովորականները: Մեկ օրվա մեջ ես ավելի շատ փորեցի քան կփորեի չորս օրում: Ես ուզում էի արդեն հետ գնալ, երբ կանչեցին:
-Արի մարմին հավաքելու:
Ինչպես ասեմ ձեզ` խուսափում եմ ես այդ մարմններից:
-Մի քիչ հետո կմիանամ: Էստեղ վերջացնեմ գործս ու գամ,-արձագանքեցի ես:
Որոշեցի մի հատ էլ պայթացնել, միայն թե ոտքս կախ գցեմ ու չհասնեմ մարմնին: Թող այս անգամ էլ ես չմասնակցեմ ռելսերի մաքրմանը:
Սրվակը պայթեց: Սպիտակ մի բան ներս թափանցեց ու աչքերս ցավացին: Դա լույս էր: Ես մտածեցի, որ դա երևի դրախտ է: Եսային մի անգամ ասաց, որ դրախտ ընկնում են նաև մահանալու ժամանակ` ուրեմ ես մահացե՞լ եմ: Թե՞ պարզապես շատ օգտակար հանածո եմ գտել:
Քայլեցի առաջ: Քլունգով մեծացրեցի անցքը: Ջրի կաթիլները սկսեցին ներս լցվել թունելի մեջ: Ես նայեցի վերև: Գմբեթը մուգ էր, անգույն, կամ մոխրագույն: Ոչ մի հստակ գույն չուներ: Այդպիսի գույն ես առաջ չէի տեսել: Ու դա հաստատ կապույտ չէր: Ու ջուր էր գալիս: Վերևից` այդ գմբեթից, ջուր էր գալիս անընդհատ: Ես վեր բարձրացա: Այնտեղ լուսավոր էր ու շնչելիս հաճելի մի բան էի զգում: Օդը թեթև էր ու խուտուտ էր տալիս ներսս: Ես մի քանի րոպե մնացի այդպես կանգնած: Հետո քայլեցի: Ոչ մի բան չէի նկատում շուրջ բոլորս, միայն քայլում էի: Մինչև հայտնվեցի մարդկանց մեջ: Դա մեծ տարածք էր` շրջապատված բարձր շենքերով: Լիքը մարդիկ կային: Նրանք թրջվում էին անընդհատ թափվող ջրի տակ ու այս ու այն կոմղ վազվզում: Նրանց ձեռքերում թղթի կտորներ կային: Ոմանց մոտ մեր օգտակար հանածոներից տեսա: Ինչքան որ հասկացա, այստեղ մարդիկ աշխատում էին: Ու գրեթե այնպես ինչպես աշխատում ենք մենք: Նույն համառությամբ: Դա անհասկանալի էր` ինչու՞ են աշխատում, որպեսզի դրախտ ընկնե՞ն: Հիմարություն` նրանք արդեն դրախտում են,,,թե՞ չէ,,,
Այդ ամենը վախեցնում էր ինձ, ու ես լրիվ շփոթված էի: Բոլոր շենքերի վրա նշաններ կային: Դրանք հնչում էին ինչպես «բանկ»: Ես չկարողացա հասկանալ բոլոր նշանները, բայց այնտեղ շատ տարբեր տեսակի «բանկ»-եր կային: Դրանցից մեկի տակ կանգնած էր Եսային: Նա տեսավ ինձ ու վազեց իմ կողմը: Չհասցրեցի ես բարևել, նա վերձրեց ինձ ծոծրակիցս ու քարշ տվեց իր հետևից:Որոշ ժամանակ անց մենք աստիճաններով ինչ-որ տեղ իջանք: Ներքևից փչող հոտն ինձ հարազատ թվաց: Մենք հայտնվեցինք թունելների մոտ: Գնացք էր մոտենում: Մեր հետևից իջնող մարդկանցից մեկն առաջ ընկավ ու գցեց իր մարմինը գնացքի տակ: Վագոնների անիվները դա կտարածեն տասնյակ մետրներով: Իսկ մենք դա կհավաքենք, որովհետև դա ինչ-որ մեկը պետք է անի: Դա մեր տունն է ու հակառակ դեպքում առնետներից պրծում չենք ունենա: Բացի այդ դրանք վնասում են գնացքների անիվներն ու ռելսերը:
-Այնտեղ ոչ մի հրե գունդ չկար,-ասացի ես նրան, երբ մենք խորացանք թունելների մեջ:
-Տեսածիդ մասին ոչ ոքի չասես,-ասաց նա,-ոչ մեկին չասես, թե չէ դրախտ չես տեսնի երբեք:
-Այն է՞ր դրախտը,-հարցրեցի ես:
-Ոչ մեկին չասես,-պատասխանեց նա,-ոչ մեկին, բերանդ չբացես:
Ես ցույց տվեցի նրան սրվակի բացած անցքը: Նա կարգադրեց փակել այն, իսկ նոր սրվակներս հետ վերցրեց:
Ես շարունակեցի աշխատել այլ ուղղությամբ: Ես գտնում էի օգտակար հանածոներ ու տալիս դրանք Եսայիիին: Նա հավանաբար տանում էր դա վերև ու մասնակցում այն վազքին ուրիշ մարդկանց հետ: Չհասկացա ես, թե ինչի հետևից էին վազում այն մարդիկ: Գիտեմ միայն, որ ամենայն հավանականությամբ վազքի վերջին կետը մեր ռելսերն էին: Ինձ այդպես էր թվում:
Եսային անհետացավ: Նա չէր գալիս մի քանի օր: Իսկ հետո ռելսերի վրա ես գտա նրա գլուխը: Այսինքն գլխի մի մասը: Դա հաստատ նրանն էր: Վերցրեցի այն ու տարա մյուս մարմինների մոտ, թե չէ դրա հետևից կգային առնետները:
-Գիտես,-ասաց ինձ Բին,երբ նետեցի գլուխը: Բին նունպես աշխատում էր հարավային ուղղությամբ,-ես ու Եսային գաղտնիք ունեինք:
-Հա՞:
-Ուհու,-պատասխանեց,-իսկական գաղտնիք,,,
No comments:
Post a Comment