Աշխատանքային ժամն
ավարտվել էր: Քաղաքի բոլոր գործարանները միացրեցին տագնապի ահազանգ հիշեցնող ազդանշանները`
դուրս հրավիրելով բանվորներին գործարանների տարածքներից: Քաղաքի բոլոր ծայրերից վեր
խոյացող հսկայական ծխնելույզները փոխեցին իրենց ծխի գույնն, ու երեկոյան քաղաքն ընկղմվեց
դեղնագույն ծխի մշուշի մեջ: Գալա Վան Հենցը` հասնելով գործարանի պահակակետին, ցույց
տվեց իր պայուսակը: Պահակը, որ միաչքանի, թոքախտավոր և սևացած ատամներվ տղամարդ էր,
չռեց աչքը պայուսակի մեջ` համոզվելու համար, որ այնտեղ չկան որևէ հաբեր, բացի օրվա
հասանելիք չափաբաժնից: Այդպիսիք չկային, և պահակը բացեց դուռը` ճանապարհ տալով Գալային
դեպի կեղտոտ փողոցը:
Գալան, առանձնանալով
գործարանից դուրս եկող մյուս բանվորներից, քայլերն ուղղեց խաչմերուկից դեպի ձախ` անընդհատ
հազալով և թքելով: Թուքը նրա արնախառն էր, իսկ առանձնապես ուժեղ հազից հետո դուրս էին
ժայթքում լերդացած արյան գնդեր և խորխ: Գալան ուզում էր անցնել հաջորդ փողոցը, երբ
սկսեց հնչել դեղանյութեր փոխադրող բեռնատարի արգելակների ձայնը: Մաշված անվադողերը
սահում էին փշոտ ասֆալտի վրայով սարսափելի ոռնոցով: Վարորդը փորձում էր ավելի ամուր
սեղմել արգելակման ոտնակը` հրելով այն թարախաբշտիկներով պատված բոբիկ ոտքով: Գալան
անցնում էր փողոցը առանց գլուխը դեպի բեռնատարը դարձնելու: Ահագին մեքենան սահում էր
արդեն կողքանց` անիվների տակից արձակելով վառվող ռետինի ծուխը:
Բեռնատարը կանգնեց,
երբ Գալան արդեն անցել էր մյուս կողմն ու իր անվստահ փոքր քայլերով շարունակում էր
ճանապարհը դեպի տուն: Նա շտապում էր իր տուն` հասնելու որդու ծննդյան տարեդարձին: Իսկ
ազդրի վրա` գուլպայի մեջ, նա տանում էր որդու համար հայթայթած ամենալավ նվերը: Նա քայլում
էր` զգալով գուլպայի արանքում պահված ծանրությունը: Նրան բացի հազից ցնցում էին վախի
զգացումն ու պարծանքը, որ կարողացել է խաբել պահակներին: Հուզումից արագացել էր նրա
արյան շրջանառությունը, և սովորաբար սպիտակ այտերը թեթև կարմրել էին:
Շենքը, որտեղ ապրում
էր Գալա Վան Հենցն իր որդու հետ, ուներ ընդարձակ ֆոե: Ֆոեյում էր գտնվում մեծ հեռուստացույցը:
Հարևաններից շատերն իջացրել էին իրենց անկողինները ֆոե, որտեղից երեկոյան միասին նայում
էին շոուն: Շոուն հեռարձարկվում էր ուղիղ եթերում: Շոույին մասնակցում էին ամենահաջողակ
մարդիկ, որոնք կարողանում էին մահվան աննկարագրելի ակնթարթներն ապրել ողջ քաղաքակիրթ
մարդկության աչքի առջև` ուղիղ եթերում` բոլորի համար: Շոուն վարում էր Պոլ Տեր-Ռեյնը`
հաշմանդամային սայլակի մեջ նստած: Նրա ոտքերը կտրել էին երկու ամիս առաջ` գանգրենայի
պատճառով: Ասում էին, որ գանգրենան շարունակվում է տարածվել նրա մոտ, և շուտով բժիշկները
կկարողանան հեռացնել նրա ստորին վերջույթները մինչև կոնքոսկրները: Պոլ Տեր-Ռեյնի գլուխը,
որ մազազրկված էր թանկարժեք հաբերի շնորհիվ, զարդարված էր նաև խնձորաչափ բարորակ ուռուցքով,
որ իր սեփական ծանրության տակ պոչի պես կախվել էր ականջի հետևից:
Պոլ Տեր-Ռեյնը ներկայացնում
էր շոույի մասնակիցներին` երկարացնելով նրանց անունները: Դրանք հիմնականում տարեց մարդիկ
էին, որոնք զրկված էին այս կամ այն օրգանից: Նրանցից շատերը կարողանում էին իրենց թույլ
տալ ամենալավ հաբերը: Որակյալ հաբերն արագացնում էին քայքայիչ պրոցեսներն ավելի լավ
քան հասարակները և պարունակում էին իրենց մեջ
ռադիոակտիվ մասնիկներ, որոնք ակտիվացնում էին բջիջների ծերացումը: Հինգշաբթիօրյա շոույի
«Մահվան դարպասն» էր բացառիկ գիլյոտինը: Ուղեկցելով առաջին երջանիկ մասնակցին դեպի
այդ «դարպասը»` Պոլ Տեր-Ռեյնը գոչում էր` «Բռավո~, բռավո~, ես քեզ նախանձում եմ, ես
քեզ նախանձում եմ, գրողը տանի, ես նախանձում եմ»:
-Գալա Վան Հենց, արի
մեզ հետ դիտենք շոուն,-դիմավորեց Գալային հարևաններից
մեկը, որ ուներ աղային կուտակումներ բոլոր հոդերում և չէր կարողանում շարժվել,-արի,
արի նայենք, դու երբեք չես նայում:
Գալան պատասխանեց
նրանց սպասողական հայացքներին հազիվ նկատելի
գլխի շարժումով ու անցնելով նրանց անկողինների արանքով` բարձրացավ մի հարկ վեր`
իր բնակարան:
-Իսկ դու միշտ մոռանում
ես, որ նա չի դիտում շոուն,-ասաց մյուս հարևանը և այլայլվեց: Նրա դեմքի մկանները ձգվեցին,
նրա աչքերը հետ գնացին, բերանին փրփուր հավաքվեց և նա ընկավ գետնին: Ջղաձգված մարմինն
անհեթեթ շարժումներ էր կատարում: Փրփրած բերանից լսվում էր խռռոցը:
-Էլի մի քանի հաբ
ու նա վերջապես կմահանա,-ասաց ինչ-որ մեկը:
Գալա Վահ Հենցի որդին
քնած էր: Նրա շնչառությունը թույլ էր: Աչքերի տակ կապտած էր: Շուրթերը կապույտ էին
նույնպես: Նa շնչում էր դժվարությամբ: Գալան նայում էր որդուն: Այսօր նրա ծնունդն էր: Գալան կարողացել էր բերել նրա համար նվեր:
Հնարավոր է` ամենաթանկարժեք
նվերը: Քիչ հետո, երբ որդին կարթնանա ու հերթական անգամ կսկսի փսխել, Գալան կշնորհավորի նրան ու կտա իր նվերը:
Գալայի այտերը չէին կորցնում իրենց կարմրությունը: Նա սկսեց հազալ, ու երկար հազից հետո աչքերը նրա լցվեցին արցունքներով: Գալան գնաց
լոգարան: Հաբերի փաթեթավորման արտադրամասում աշխատելուց նրա ձեռքերի մաշկը քայքայվել
էր: Ափերը ճաքճքված էին խորը կնճիռներով: Նա հանեց իր զգեստը` մնալով միայն գուլպաներով: Գալան բարձրացրեց
ոտքը վաննայի վրա: Կնճռոտ ձեռքերով իջեցրեց գուլպան: Հատ գնացած նեյլոնե գուլպան սահեց
չոր մաշկի վրայով: Դեղնավուն մաշկի տակից
երևում էին կապույտ տրոմբային խցանումներով
երակները: Պլաստիկ ծրարն ընկավ բետոնե հատակին: Որդու համար բերված նվերը: Միանգամից քսան հաբ: Այդքանը հերիք է` երեխային ապահով մահ նվիրելու համար:
Գալան վերցրեց ծրարն ու դրեց լվացարանի վրա: Միացրեց ծորակը: Սառը ժանգոտ ջրով լվացվեց:
Նայեց իրեն հայելու մեջ:
Ապահով մահ: Դա նա
կարող է այսօր նվիրել իր միակ որդուն, միակ հարազատ մարդուն: Ռիսկի գնով, վախի գնով
ձեռք բերված նվերը:
Գալան ձեռքերը պարզեց
ծորակի տակ, հավաքեց ափերի մեջ ժանգաջուրն ու նորից ցայեց դեմքը:
Լսվեց երեխայի ձայնը:
Նա տնքում էր: Գալարվում էին նրա աղիքները` կերակրափողով
դուրս մղելով ստամոքսի պարունակությունը: Գալան հագավ ատլասե ծակծկված խալաթը: Պլաստիկ ծրարը թաքցրեց խալաթի
փոքրիկ գրպանում:
Որդին նստած էր մահճակալի
վրա: Մեջքին հստակ երևում էին ողերը`գաճաճ սապատների պես:
-Ես սիրում եմ քեզ,-ասաց
Գալան:
-Մայրիկ:
-Ծնունդդ շնորհավոր,-ասաց
Գալան:
Երեխան դողաց: Աչքերը
կլորացան: Ոսկոռների վրա կիպ նստած կաշին էլ ավելի նեղացավ` ի ցույց դնելով ողջ կմախքը: Երեխան նորից հետ տվեց:
-Ինչ եմ նվեր ստանալու,
մայրիկ,-հարցրեց նա շունչը վերականգնելով:
-Այս տարի էլ ոչինչ,
որդիս...ներիր ինձ:
Շատ լավն էր, հաճույքով կարդացի: Հաճույքով եմ կարդում նաև քո մյուս գրառումները: Յուրօրինակ են իրենց դաժանությամբ ու չափազանցություններով: Կսպասեմ հաջորդ նյութերիդ:
ReplyDeleteշնորհակալ եմ :)
Delete