Monday, March 18, 2013

Բայց դու դրա մասին ոչինչ չգիտես ( Սնկերը տեղափոխեք միայն ճամպրուկներով)


Այդ տիպին ես տեսել էի դեռ սուպերմարկետում։ Այս տիպին, որ հիմա նստած է այգում, դիմացի նստարանին։ Սուպերմարկետում հերթի մեջ նա էլ կար։ Ես տեսա նրան հենց այն պահին, երբ գանձապահ աղջիկը սկաների տակ էր պահում իմ սենդվիչը։ Time Out-սենդվիչը՝ ամենաէժան ուտելիքը՝ նախատեսված դպրոցականների և գործնական կենտրոնի ցածր վարձատրվող աշխատողների համար։ Սենդվիչ, որը ուզում ես հավատալ, պատրաստված է պանրից, ապխտած մսից, բանջարեղենից ու փափուկ դիետիկ հացից։
Տիպը երևի եկել էր հետևիցս ու վեր ընկել դիմացի նստարանին։ Այգում։ Ես լանչ եմ անում այգում։ Այստեղ քեզ համ մաքուր օդ, համ գունագեղ ամբոխ, համ կենսախինդ երեխաներ, համ կյանքի հրաշք…Համ էլ մատուցողներ չկան ու սպասարկման վարձ էլ պետք չէ։ Տիպը նայում է ինձ ուշադիր ու ժպտում է։ Հագին գույնավոր սվիտր է։ Լպրծուն մի տեսակ տիպ է երևում։ Այսպիսինները կարող են իրականում հաճելի թվալ, բայց գործնականում անասուններ լինել: Սակայն, չի բացառվում, որ լինեն նաև արժանի մարդիկ, ու դու անընդհատ քեզ հիմար զգաս նրանց անասունի տեղ դնելու համար։  Տհաճ է, մի խոսքով, այս տիպի առկայությունն իմ հպարտ և միայնակ ճաշկերույթին։ Ես արդեն բացել եմ սենդվիչի պոլիէթիլենային փաթեթն ու սպասում եմ անցնի մի քանի վայրկյան, գոլոշիանան պլաստիկի համային հետքերն ու խրեմ ատամներս դիետիկ հացի մեջ։  Վերջապես անում եմ դա։ Սովածությունից բերանս առատ է թքով։ Առաջին պատառը ես կուլ եմ տալիս միանգամից՝ առանց վայելելու համային երանգները։ Թեպետ և ոչ այնքան նուրբ։ Նուրբ համային երանգներ լինում են կողքի փողոցի ռեստորանում։
Հաջորդ պատառը կուլ եմ տալիս գիտակցված։ Պանիրը, միսն ու կարծես թե սունկը…վատ չէ։ Ուտվում է, այն էլ ինչպես։ Դիմացս նստած տիպն էլ չկա։ Երևի գնացել է իր համար էլ առնի։
-Նուրբ դիետիկ հաց է, չէ՞։ Ցորենը, որից պատրաստվված է հացը աճեցված է եղել Կրասնոդարի մարզում, իսկական ոսկեգույն հասկ է եղել այդ ցորենը…մմմ…կոմբայնավարի անունը Միշա էր, ի դեպ նրա հարևան Վովայի աղջիկն ու իր քրոջ որդի Կոլյան այս դեզի վրա ինչե՜ր են արել երեկ չէ առաջի օրը,-ասում է տիպը՝ արդեն կողքս նստած։ Նրա բազմագույն սվիտրը  մոտիկ հեռավորությունից ծակում է աչքերս։
-Ի՞նչ են արել,-հարցնում եմ։
-Դուք կերեք, կերեք, ուշադրություն մի դարձրեք,-ասում է,-իսկ արել են այն, որ ինն ամիս անց կծնվի Գալյա անունով աղջիկն, ով…թերևս դա կարևոր չէ, մենք դրա մասին ոչինչ չգիտենք։
-Իսկ կոմբայնավարը՞,-հետաքրքիր է, թե էլ ինչ դուրս կտա այս տարօրինակ անձը։
-Կոմբայնավարն այստեղ այնքան կարևոր չէ, որքան այն երկնաքարը, որ տեղական ժամանակով քսան րոպե առաջ ընկել էր լուսնի վրա անտեսանելի կողմից ու առաջացրել թեթև ռադիացիոն ֆոն, որի արդյունքում հիմա մեզանից տասներկու մետր հեռավորությամբ թռչող ագռավի մոտ առաջացրել են մարսողական համակարգի խնդիրներ... իննը, յոթ....հինգ...մեկ....ահա, ես սա էլ ասում էի։
Ագռավի կղանքի մի ահագին գունդ ընկավ ուսիս։ Իմ սիրած շապիկի վրա գրողը տանի։
-Ի՞նչ է սա նշանակում,-հարցնում եմ։
-Իրականում սա ոչ մի բան էլ չի նշանակում, քանի որ դու սրա մասին ոչինչ չգիտես, սակայն այս լաքայի պատճառով, դու չես կարողանա հագնել վաղն այս շապիկը, որի գույնը խիստ բարենպաստ հետևանքներ կունենար նախատեսված գործնական հանդիպման մասնակիցների վրա։
-Ի՞նչ, որտեղի՞ց դուք գիտեք իմ հանդիպումների մասին։
-Իրականում, ես ոչինչ չգիտեմ, սակայն կարող եմ ասել, որ այ այն կինը, որը հիմա ամսագիր է կարդում, տաս տարի առաջ գնել է իրեն բացարձակ պետք չեկող ճամպրուկ, որը նա կնվիրի իր տանը մաքրություն անող մալականուհուն, իսկ մալականուհին կուղարկի ճամպրուկն իր հարազատներին՝ գյուղ, որոնք մյուս անգամ սունկը քաղաք կուղարկեն այդ ճամպրուկով։ Ի դեպ, դրանք հենց նույն մարդիկ են, ում աճեցրած սունկը դու հիմա ուտում ես։
-Ո՞վ եք դուք,-հարցնում եմ արդեն նյարդայնացած ու մի քիչ վախեցած…լավ…ահագին վախեցած։ Ու ուտելս էլ չի գալիս, չնայած լսելու ընթացքում փոքր-փոքր պատառներ եմ անում։ Շատ սոված եմ։
-Իմ անունը հավանաբար քեզ ոչինչ չի ասի, քանի որ իրականում դու ոչ մի բան չգիտես…իսկ ամեն ինչ, հնարավոր է, սկսվել է դեռ տասնիններորդ դարում, երբ այս մալականների ընտանիքը՝ Ֆիլիմոնովները աքսորվեցին Հայաստան, իսկ Սերոֆիմ Ֆիլիմոնովի եղբայր Միխայիլը ճանապարհի կեսին փախավ գնչուների հետ դեպի արևմուտք, հասավ մինչև Ավստրիա, որտեղ անցավ գործի Լայնբեռգ անունով ֆերմերի մոտ, որի ընտանիքին պատկանող կովի կաթից պատրաստված պանիրն էլ դու հենց հիմա ուտում ես։
-Այ քեզ բան...
-Գլուխդ մի վերցրու, քանի որ դու դրա մասին ոչինչ չգիտես։ Իսկ այս պատմության մեջ ամենահետաքրքիրն այն է, որ գնչուհու անունը, ում սիրահարված էր Միխայիլը՝ Լեյլա էր, ու հենց նրա պատճառով էր Միխայիլը փախել իր եղբայր Սերոֆիմից։ Լեյլան իր տաբորի հետ հասել էր մինչև Բուլղարիա, այնտեղ նստել նավ ու անցել Ստամբուլ…օօօօ, մեծն Կոնստանդնուպոլիս։
-Ասացեք, ո՞վ եք դուք։
-Ստամբուլում էլ նա հենց ծանոթացել էր քո ապուպապու հոր՝ Կարապետի հետ։ Ի դեպ՝ հենց Լեյլային ես դու պարտական ցուցամատիտ վրայի խալով։ Ժառանգություն է։ Հետաքրքիր է, Ճի՞շտ որ։ Բայց դու սրա մասին ոչինչ չգիտես։
-Բայց…
-Բայց ինչն իրոք ապշեցնում է՝ կոմբայնավար Միշան հետաքրքրվում է իր տոհմածառով և մոտակա շաբաթվա մեջ կայցելի Հայաստան՝ գտնելու իր հեռավոր ազգականներին՝ Ֆիլիմոնով մալականներին։
-Ի՞նչ եք դուք պատմում, գրողը տանի։
-Այն ինչի մասին մենք ոչինչ չգիտենք, ինչպես այն, որ սենդվիչի փշրանքները կհասնեն հենց այն առնետին, ով կփորձի անցնել Արամի փողոցը վաղը՝ 13:47-րդ րոպեին՝ հենց այն պահին, երբ նույն փողոցը կանցնի Կառա Մարգարյանը՝ քո երկրորդ կինը, որի մասին դու ոչինչ չգիտես։
-Իսկ ի՞նչ կապ ունի իմ երկրորդ կինը մալականների հետ։
-Նա քո  Time out սենդվիչի բաղադրատոմսի հեղինակն է։ Լավ սենդվիչ է, սակայն շատ թանկ է նստում ալպիական պանիրը։ Նրա բաղադրատոմսը երկու շաբաթից կճանաչեն անընդունելի, ինչի հետևանքով նա  կազատվի աշխատանքից, կխմի ընկերուհու ծնունդի ժամանակ ու կքնի Գեղամ անունով տղայի հետ...չնայած, դու դրա մասին ոչինչ չգիտես։
-Իսկ նա գոնե սիրու՞ն է։
-Հարգելիս, երբ գլխիդ ուղղաթիռ է ընկնում, ժամանակ չկա հարցնելու՝ սիրուն է արդյոք երկրորդ կինդ։
Ուղղաթիռը երևաց դիմացի մայթի բարձրահարկի հետևից։ Այն թռչում էր՝ պոչից սև թանձր ծուխ թողնելով։ Թիակները պտտվում էին անչափ դանդաղ։ Ուղղաթիռը ընկնում էր անձայն։ Այն անցավ շենքի վրայով՝ անընդհատ կորցնելով բարձրությունը և ընկավ ուղիղ փողոցի մեջտեղում՝ ասֆալտի վրա։ Հետևեց պայթյունը։
-Կռացի՜ր,-ասաց ինձ գույնավոր սվիտրով տիպը,-իսկ ուղղաթիռն ընկավ, որովհետև Գեղամն այն լիցքավորել էր կերոսինով, որի մեջ զարմանալի կերպով առկա էին արտասովոր կեղտեր՝ մասնավորապես տավարի թրիք...ի դեպ՝ հենց այն տավարի, որի ապխտած միսը դու քիչ առաջ կերար։ Եվ դա այն պայմաններում, երբ տավարն այդ ապրել է Նեպալում ու անձամբ տեսել է Դալայ Լամային դեռ 2004 թվականին։ Ափսոս, որ դու դրա մասին ոչ մի բան չգիտես...
Պայթյունը խլացրեց ինձ։ Մի քանի խոշոր բեկորներ թռակ կողքովս։ Ես տեսա թե ինչպես է փախչում ամսագիր կարդացող կինը, բայց տեսադաշտից կորցրեցի գույնավոր սվիտրով տիպին։ Ես վերադարձա աշխատանքի ապշած ու խլացած։ Բարեբախտաբար մեր գրասենյակը չեր վնասվել ուղղաթիռի վթարից։ Ես ունեի ցրված ու շփոթված տեսք։ Տնօրենն ինձ ուղարկեց տուն։ Ես գնացի ու քնեցի։ Առավոտյան կարդացի լուրերը։
« Երեկ կեսօրին մոտ պարզ է դարձել, որ Time out սենդվիչների մեջ հայտնաբերվել են թունավոր հալյուցինոգեն սնկեր։ Թունավոր բաղադրիչով սենդվիչների խմբաքանակն արդեն տարածված է եղել Երևան քաղաքի բոլոր խոշոր սուպերմարկետներում, սակայն շնորհիվ ճիշտ կազմակերպված գործողություների հաջողվել է հետ կանչել սենվիչների մեծ մասը։ Թունավոր ուտելիքը համտեսած քաղաքացիների մասին հաղորդագրություններ դեռ չկան։ Ինչպես հայտնվում է, Time out սենդվիչների արտադրման պատասխանատու Կառա Մարգարյանն արդեն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից»։

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete