Thursday, March 28, 2013

Մարմին (Melomania 9)



Ընթերցողը հավանաբար կհարցնի, թե ինչու չկան այլևս պատմվածքներ «Մելոմանիա» փաբի մասին, ուր են կորել Սամվելը, Հարութն ու ձեր խոնարհ ծառան։ Ասեմ, որ մտահոգությունը տեղին է, քանի որ իրոք չկան նոր պատմվածքներ, արկածներ և խորհրդավոր դեպքեր, և ես, նստած լինելով հիմա «Մելոմանիայում», չեմ տեսնում ոչ մի հետաքրքիր բան, որ կարելի կլիներ ներկայացնել ձեր թանկագին ուշադրությանը։ Ավելի արդար լինելու համար արժե տեղյակ պահել ձեզ, որ չնայած աննախադեպ հանդարտ ժամանակահատվածի, եղել են մի քանի միջադեպեր, որոնք ես փորձել էի հանձնել տառերին։ Իրադարձություններն այդ առանձնապես նշանակալից չէին՝ հաշվի առնելով իհարկե «Մելոմանիայում» տեղի ունեցած այլ դեպքերը։ Այդ իրադարձություններից էր օրինակ Խմած Ախպոր մեծ կռիվը, երբ ոմն անկիրթ անձնավորություն փորձել էր խախտել մեր սիրելի փաբի անդորրն ու կազմակերպել էր իր պես անկիրթների արշավանքն ի «Մելոմանիա»։ Իրադարձություն էր նաև փոքրիկ Գոռի լույս աշխարհ գալու արարողությունը, որը տեղի ունեցավ հենց «Մելոմանիա» փաբում և որը եղավ պատմության մեջ առաջին դեպքը, երբ երեխա ծնվեց փաբում (Հարութը համենայն դեպս փորձել էր գտնել նմանատիպ ինֆորմացիա Ցանցում, սակայն չէր հանդիպել ոչ մի համարժեք դեպքի)։
Այս և այլ միջադեպերի մասին ես՝ իմ համեստ շնորհով, փորձեցի կազմել փոքրիկ պատմվածքներ, որոնք սակայն դուր չեկան Սամվելին՝ «Մելոմանիա» փաբի տիրոջը։ «Մելոմանիա» փաբի տիրոջը, ով վերջին ժամանակներում, պետք է ասել, քայլում է միշտ ժպիտը դեմքին, իսկ նստել գրեթե չի կարողանում՝ երջանկության կատաստրոֆիկ ավելցուկի պատճառով։ Այո։ Սամվելը հիմա ման է գալիս երջանիկ ու անհոգ՝ աջ ու ձախ բաժանելով իր երբեմնի հազվադեպ ժպիտը։

Ճիշտն ասած այս մեղեդիից ես հոգնել եմ։ Ոչ, ոչ։ «Մելկոմանիայում» ամեն բան լսվում է մեծագույն հաճույքով (հաճույքն այդ հիրավի աննկարագրելի է, և ձեզանից շատերը զգացել են դա), բայց մի քանի ամի՞ս։ Ամեն օ՞ր։ Անընդհա՞տ։
Եթե ճար լիներ ես մի կերպ կսպանեի այս դաշնակահարին, ով հիմա նվագում է հենց իմ մեջքի հետևում։ Նվագում է միշտ նույն բանը։ Մի քանի ամիս։ Ամեն օր։ Անընդհատ։
Այդպիսինն է Սամվելի պատվերը։
-Լցրու հարյուր գրամ,-ասում եմ բարմենին։
-Մուսաներիդ ես կորցրե՞լ։
-Ես նրանցից բաժանվել եմ,-պատասխանում եմ։
-Սառույց ավելացնե՞մ,-ասում է։
-Գրողը քեզ տանի, մեկը չկա, որ ջերմացնի իմ հոգին, բոլորն իմ հանդեպ սառն են, իսկ դու ասում ես՝ սառույց…ավելացրու´։
Ծիծաղում է բարմենը։ Լավ է անում։ Ես էլ եմ ծիծաղում։ Իռլանդական վիսկին էլ փափուկ է շատ։
-Էն ի՞նչ թերթ է,-հարցնում եմ։
-«Ժամանակն» է։
-Էդ ու թերթ ե՞ս կարդում, ուրեմն։
-Չէ զուգարանի համար եմ առել։
Մռայլ նայում եմ վրան։
-Կատակում եմ։ Մեջը հետաքրքիր հոդված կա երաժշտության մասին։
-Ի՞նչ։
-Հոդված էլ չէ, էսսեի պես մի բան է։ Գուցե նամակ կամ խոստովանություն։ Դուրս գալիս է, մի քանի անգամ կարդացի արդեն։
-Կարելի՞ է,-ասում եմ՝ մի քիչ խոցված։ Ուրեմն ես «Մելոմանիայի» մասին այդքան գրեմ, ոչ մեկ չկարդա, իսկ այդ ինչ-որ մեկի հոդվածը մի քանի անգամ կարդա՞ն։
-Իհարկե,-ասում է բարմենն ու մեկնում թերթը։ Կարդում եմ.
«Նա է սկիզբն ու վերջը։ Նա հրաշալի է։ Նրա թարմ կուրծքը, նրա հարթ ազդրերը, երկար ոտքերը…Նրա խոր հևոցը շոյում է իմ հոգին, իսկ ժպիտի հեզությունը ստիպում է ինձ կարմրել…»
-Սա երաժշտության մասի՞ն է,-հարցնում եմ բարմենին։ Ծիծաղում է։
-Հա, հա, կարդա´ մինչև վերջ։
Ես կում եմ անում, վառում սիգարետը։ Մեջքիս հետևից դաշնամուրի ձայնն է։ Շարունակում եմ.
«Իմ լավագույն ընկերը, իմ սերը, իմ հույսը, իմ կյանքը։
Նա իմ կողքին է։ Ես գիտեմ, որ նա կա։ Ես լսում եմ նրան, նույնիսկ երբ քնած էմ։ Նրա գանգուր մազերի ելևէջները ես շոյում եմ իմ կոպիտ ափերով։ Աչքերը նրա ծով են։ Ես միշտ կանգնած եմ երկու աշխարհների եզրին և գիտեմ, որ այս աշխարհը չէր կարող նման հրեղեն էակ ծնել իր գորշ ընդերքից…»
Ոճ եմ ասել, մտածում եմ։ Հիմա կսկսեմ լացել։ Նորից եմ կում անում։ Շարունակում եմ.
«Այս աշխարհը, որտեղ նյութն է տերը, և ամենը պտտվում է նյութի շուրջը միայն, չի կարող սնել այսպիսի հրաշք։
Ես գտա նրան երկու աշխարհների եզրին, ուր հին մեխանիզմն է պահում հավասարակշռությունն ու ստեղծում ռիթմի ալիքները։ Ես գտա նրան այն սահմանի վրա, որն անցնելն անկարելի է հասարակ մահկանացուներիս համար։
Իմ աստվածուհին, իմ հրեշտակը, որ հնչում է պիրկ լարերի արանքից, որ տանում եմ հետս լենտերի վրա մագնիսացված, լազերի մեջ խտացված ու թվերով շաղկապված։ Ես սիրում եմ քեզ անդադար, ես քնում եմ քեզ հետ ամեն գիշեր ու ծնվում եմ ամեն առավոտ նորից՝ միայն քեզ լսելու, քեզնով շնչելու ու քո եթերային մարմինը սիրելու։ Դու փրկում ես ինձ այս աշխարհից՝ տալով ինձ քամին մյուս աշխարհի, որի սահմանին ես կանգնած եմ միշտ։
Իմ երաժշտություն, իմ մեղեդի։ Ես սիրում եմ…»։
Մինչ վերջացրեցի կարդալը, կոկորդս նորից չորացավ։ Էլի կում արեցի։ Զգացական է։ Ու ինչքան լավ է հնչում այս տեքստը դաշնամուրից հնչող մեղեդու հետ։ Կարծես լրացնի մեղեդուն։
-Լավն էր,-ասում եմ բարմենին՝ չշտապելով վերադարձնել թերթը։
-Ահա,-ասում է ու ժպտում։
-Իսկ հեղինակի անունը չկա նշված։
-Ճիշտ որ,-ասում է։
Ես նորից եմ կում անում ու նորից կարդում։ Չէ։ Հաստատ շատ լավ է կարդացվում այս մեղեդու տակ։
Դռների մոտ երևում է Սամվելը։ Լայն ու երջանիկ ժպիտը դեմքին։ Պտույտ է գործում սրահում՝ բարևելով մարդկանց։ Դաշնամուրի կողքով անցնելիս ընկերական խփում է դաշնակահարի ուսին։ Մոտենում է բարին։
-Ողջույն ալկոհոլապաշտ հասարակությանը,-ձեռք է առնում։
-Ողջույն, մարդկության ժպտերես զավակ,-կծում եմ ես։
Նրա տեսքը անհանգիստ է։ Մի քիչ էլ տարօրինակ։ Կարծես մենակ չլինի, կարծես հետն ինչ-որ մեկը կա։ Աչքն ընկնում է թերթին։
-Ինչե՞ր են գրում։
-Գրում են, որ ազդրերը հարթ են,-պատասխանում եմ։
Խորամանկ ժպտում է։
-Իսկ երաժշտությունը չե՞ն փոխելու,-հարցնում եմ։
-Չէ,-ասում է՝ լայնացնելով ժպիտը,-երաժշտությունն ինձ հետ է։
-Թարմ կրծքերո՞վ,-հարցնում եմ։
-Կրծքերի հետ գործ չունես,-ասում է ու աչքով անում,-եթե շատ ես ուզում, մի բան գրի, չնայած իմ մրցակցությանը չես դիմանա։
-Դե ես քո ամպագոռգոռ սիրատոչոռությունը չունեմ։
-Առաջին անգամն եմ այդպիսի բառեր լսում,-պատասխանում է։
Նայում եմ փայլող դեմքին, ասում եմ.
-Ուրախ եմ քեզ համար։
-Շնորհակալ եմ։
Նա վեր է կենում ու նորից պտույտ գործում փաբով մեկ։ Հետո հեռանում։ Ոչ մի րոպե չի կարողանում տեղը հանգիստ նստել։
Սիրահարվա՞ծ է։
Նա գնում է, իսկ ես նորից եմ պատվիրում վիսկի։ Անում եմ մեծ կում ու մտածում Մեխանիզմի մասին։ Ինչերի՞ է այն ունակ։ Կարո՞ղ է նա արդյոք նյութականացնել երաժշտությունը։ Մարմի՞ն տալ նրան։
Չգիտեմ։

No comments:

Post a Comment