Monday, April 30, 2012

Լիրիկական ակումբ


Ամեն պոետ ունենում է միջինը երեք մետր քառակուսի` ստեղծագործելու համար:
***
Կտրվածքներն անում են ուսերի, վզի և ազդրերի վրա: Մաշկը ձեռքերի վրայից հանում են ձեռնոցի նման, ոտքերից` գուլպաների նման, գլխից` գլխարկի նման: Օգնում են հատուկ փոքրիկ դանակներով: Մկանային հյուսվածքներից մաշկը պոկվում է դժվարությամբ, կարիք է լինում տեղ-տեղ կտրել միացնող հանգույցները դանակով: Մաշկի հետ երբեմն պոկվում են նաև ճարպային գոյացությունները, երբեմն նկատվում են թարախագնդեր` դա այնքան լավ է արտացոլում տվյալ անձի առողջական վիճակը: Քերթվողը սովորաբար կորցնում է գիտակցությունն առաջին «կտորի» հանման ժամանակ: Երբ նրա ուսերից սկսում են ներքև քաշել իր մաշկը, նա սկսում է գոռալ մորթվող խոզի նման, բռավել ու աղերսել, իսկ հետո կորցնում է ուշքը: Գլխի մաշկը հանում են ոտքերն ու ձեռքերը մորթազերծ անելուց հետո: Գլխի մաշկը հանելու ընթացքում նա արդեն մահացած է լինում:
***
Ակումբում կախված է ցուցանակը` երեկոյան ժամը 21-ին լինելու է լիրիկական մենամարտ բանաստեղծներ Էմանուիլ Շահունցի և Արամազդ Արայի միջև: Ներքևում` փայտե տախտակի վրա տրված էր համառոտ նկարագրությունը` « Էմանուիլ Շահունցը խիստ հանգի և ռիթմի վարպետ է, երկաթե մտքի ու ռացիոնալ մտածողության կրող: Արամազդ Արան արևելյան տիպի պոետ է, նա գովերգում է պահը, խորանում է պահի մեջ ու հավերժացնում այն»: Լիրիկական մենամարտը կլինի Վերջին Մակերեսի գրառման իրավունքի համար, հաղթողը պետք է արդարացնի իր ընտրած գիծը: Հաղթող կճանաչվի երեք անպատասխան խոսք  մատուցածը: Պարտվողը կզրկվի իր գրական ժառանգությունից»:
Առաջին հյուրերը սկսեցին ժամանել դեռ 20:00-ից: Դրանք ակումբի պատվավոր անդամներն էին, որոնց դեմքերը միշտ ծածկված էին լինում դիմակներով: Դիմակները հանում էին միայն ակումբի տարածքում: Նրանց դեմքերը վաղուց անճանաչելի էին դարձել, սակայն հեշտ էր ճանաչել նրանց իրենց ձեռագրերով: Դրանք մեծագույն պոետներն էին, որոնք էլ հիմնել էին Լիրիկական ակումբը: Եթե մերկացված լինեին նրանց ոտքերը, հնարավոր կլիներ տեսնել, թե ով ինչ քնարերգություն է նախընտրում ամենից շատ ու ինչի վրա է «կանգանած» գրական դաշտում:Ոմանց մոտ դա սիրային բանաստեղծություն է, ոմանց մոտ հայրենիքի գովքն է, ոմանց մոտ էպիկական պոեմները: Կան այնպիսիները, որոնք նախընտրել են գոտական մռայլ ստվերներն ու իրենց ողջ մակերեսը նվիրել խավարի գեղագիտությանը: Ոտքերը կրում են այն պոեզիան, որը հիմքն է տվյալ անձի: Հետո արդեն ըստ անցած ուղու և ապրած կյանքի բարձրանում են տողերը մարմնի այլ մասերով, հասնում վզին, հետո տեղ գտնում այտերի, ճակատի և նույնիսկ քթի վրա: Մեծագույնը բոլոր պոետներից, մեծագույնն էր բառի բուն իմաստով: Նա հսկա էր ինչպես սումոյի մարտիկը: Նա մի քանի անգամ խոշոր էր բոլոր մյուսներից ու նրա գրական ժառանգությունն էլ ավելի ծավալուն էր:
Ժամանել էր նաև ակումբի վստահված նկարիչը, ով պետք է գրի առներ Վերջին Մակերեսի տողերը: Նա բերել էր իր հատուկ թանաքները ոսկյա սրվակի մեջ ու սպասում էր մենամարտի ավարտին:
Շահունցն ու Արամազդը կանգնած էին դեմ դիմաց: Նրանց շուրջը բանաստեղծների օղակն էր: Բանաստեղծները լուռ էին և կենտրոնացած. նրանք որոշելու էին մենամարտի հաղթողին: Շահունցն ու Արամազդը մերկ էին: Նրանք կարող էին կարդալ միմիանց  բանաստեղծությունները, նրանց առջև բաց էին նույնիսկ ամենանվիրական դաջվածքները: Շահունցի մոտ դաջվածքներից ազատ էր միայն ճակատը, իսկ Արամազդի մոտ քիթը: Վերջին Մակերեսը լրացնելու իրավունք ձեռք բերելու համար էին նրանք մասնակցում այդ ծիսական մենամարտին: Սրահը, որտեղ նրանք հավաքված էին, լուսավորված էր սովորական լամպերով: Լամպերի դեղնավուն լույսը խտացնում էր բոլոր գույներն, ավելի խորդհրդավոր դարձնում ծեսը:
Բանաստեղծներից մեծագույնն ու խոշորագույնը նետեց մետաղադրամը` որոշելով թե ով է առաջինը սկսելու իր խոսքը: Վիճակն ընկավ Շահունցին: Շահունցը ժպտաց ու ասաց հանգով.
Կանգնած եմ ես, ոտքերս սեր
Ամուր հենված հողին այս սև
Սև տարիներ պահից առաջ
Ես երգել եմ սիրո մի կանչ...
Արամազդը քմծիծաղ տվեց: Նրան հաճելի չէր մրցակցի հասարակ խոսքը: Նա ասաց այսպես.
Հազար պոետ է կանգնած հիմա
Մենամարտի օրն է այսօր:
Ես ցնծում եմ արդեն:
Շահունցը շարունակեց իր խոսքը:
Ես թողել եմ ճակատը իմ
Իմ ճակատը պիտի ասի
Իմ ճակատը պիտի պատմի,
Ու ճակատիս գիրը վկա
Ես կմեռնեմ բառից քո տկար...
Արամազդ`
Բթության փայլ
Բանաստեղծների օղակի մեջ լսվեցին հավանության ձայներ: Արամազդի դիպուկ ու կարճ արտահայտությունները սիրված էին շատերի կողմից:

Շահունց`
Տեսեք սրան, էս վարպետին
Միտքդ կարճ է, բառերդ` շեղ
Չես կապում դու սիրտ և սեր
Չես ասում դու և ոչ մի բան
Չկա քո մեջ ստեզխագործ ԲԱՆ:
Արամազդ`
Խխունջը գիտի թռչելու մասին
Խխունջը տեսել է երեկ մի թռչուն...



***
Մարմնի մաշկը դուրս է գալիս համեմատաբար հանգիստ: Դժվարություն են կազմում թերևս սեռական օրգանները: Դրանց վրայից մաշկը հանելու համար պետք է լինում երբեմն քրտնել` այդքան մարնամասն ու նյարդային աշխատանք է դա:
Մարմնի վրայից մաշկը պոկելու համար կտրվածք են անում մեջքից`ողնաշարի վրայով: Հետո նույն փոքրիկ դանակի օգնությամբ հանում են այն ամբողջովին: Կտրվածքը կրծքից անելու դեպքում մաշկը դուրս կգար վերնաշապիկի նման, սակայն կրծքի վրա կտրվածք անելը նպատակահարմար չէ: Լավագույն տողերը սովորաբար լինում են հենց այնտեղ, ու ափսոս է նույնիսկ մեկ տառ վնասելը:

***
 Շահունցը մի քանի քայլ կատարեց ու հայտնվեց Արամազդի դիմաց: Այժմ նրանք կարող էին լսել միմյանց շնչառությունը: Շահունցի ճակատն ազատ էր դաջվածքներից,իսկ Արամազդի ճակատին գրված էր`
« Լուսինը հարյուր ու միլիոն տարի
Արծաթ գույնը հարյուր ու միլիոն տարի
Ես մի կետ եմ, ես մի ցող եմ տերևի վրա»
Շահունցի քթին մեկ տարի առաջ գրված տողերն էին`
« Ինչն է քաշում, ինչն է տանում պոետին
Բույրն է նրա սիրելիի…»
Մեկ տարի առաջ Շահունցը չէր խնայել իր քիթն ու նույնիսկ տեղ էր հատկացրել բազմակետերի համար, ինչն իրոք շքեղություն էր:
Երկու պոետները կանգնած էին դեմ դիմաց:Նրանց կատաղած աչքերը չորացնում էին իրար: Նրանց ատամները պատրաստ էին պատռել կոկորդները, կռծել շնչափողն ու խմել հակառակորդի արյունը: Շահունցը բարձրացրեց ձեռքը.
Ես տեսնում եմ, դու շուն տգետ,
Չես հասկանում որ այս պահից
Գործ կունենաս բազուկիս հետ:
Շահունցն իջեցրեց ձեռքն Արամազդի ծնոտին: Հարվածը ծանր և յուղալի ստացվեց: Արամազդի աչքերից կայծեր թռան: Նա երերաց ու նահանջեց, բայց չընկավ:
Մեկ-երկու րոպե անց այսպես խոսեց.
Ծանր հարված, ամուր ոսկոր
Անհուն դարեր, մսրա բուրգեր:
Արամազդը թափ տվեց իրեն այս բառերից հետո ու գոռաց: Նրա ճիչը շփոթեցրեց ոչ միայն Շահունցին, այլև ներկա գտնվողներին: Նրանք ավելի շփոթվեցին, երբ Արամազդը, թափ հավաքելով վազեց ու ողջ ուժով գլխով հարվածեց Շահունցի փորին: Շահունցը կծկվեց եւ սկսեց խեղդվել:
Արամազդն ասաց.
Ջրի հատակին վերջին անգամ
Լուսն էր տեսնում մեռնող ձուկը:
Րոպեն է եկել:
Շահունցը փորձում էր քաշել շունչը, փորձում էր մի բան ասել, բայց շատ ուժեղ էր հարվածը: Նա ոչ մի կերպ չէր կարողանում գոնե մեկ ձայն հանել:
Իսկ Արամազդը հասցնում էր արդեն իր վերջին հարվածը.
Թեյնիկի մեջ եռում է ջուրը,
Բաժակները սպասում են նրան:
Ես հաղթում եմ մենամարտը:
Բոլորը ծափ տվեցին: Բանաստեղծներից մեծագույնն ու ամենախոշորն ասեց.
-Մեր ակումբի օրենքներով, եթե մենամարտողներից մեկը չի պատասխանում միանգամից երեք խոսքի, ինքստինքյան պարտվում է: Այսօր սակայն, նշանավոր է, քանի որ վճռվում է գրական ժառանգության հարցը: Ու հաղթողի իրավունքով, Արամազդ Արան այսօր կստանա այն ամենն,  ինչ ստեղծել է Էմանուիլ Շահունցը:
Բոլորը ծափ տվեցին ու շնորհավորեցին Արամազդին: Նրա անդամը հրճվանքից արթնացել էր ու այժմ կարելի էր կարդալ նրա վրա գրված տողերը`
«Միշտ քնած է իմաստունը
միշտ հանգիստ է իմաստունը
բայց երբ հանկարծ նա զարթնի
կգան բոլոր կողմերից` համբուրելու համար
իմաստունին քնած»:
Շահունցը լացում էր: Շահունցը չգիտեր, թե ինչու այդպես ստացվեց: Շահունցն անիծում էր իրեն` շնչել չկարողանալու համար:
Նրան պառկեցրեցին հատուկ տախտակների վրա: Մի պահ փորձեց դիմադրել, բայց թողեց: Սուր, փոքրիկ դանակը կատարեց առաջին կտրվածքները` ուսերի, ազդրերի ու վզի վրա: Քիչ անց լսվեց Էմանուիլ Շահենցի ոռնոցը:
Նրա մաշկը` ողջ նրա գրական ժառանգությունը, դրեցին հատուկ սպիրտային լուծույթի մեջ ու տվեցին Արամազդ Արային: Դա նրա ապագա հավաքածույի առաջին նմուշն էր:Արամազդ Արան դասվեց Քերթողների շարքին ու իրավունք ստացավ կոչվել «Մեծ»: Շահունցի մարմինը բաժանեցին կտորների ու ցրեցին ողջ քաղաքով մեկ` ի ուրախություն անտեր շների:

***
Մաշկի պատվաստումների ժամանակ օգտագործում են հետաքրքիր մի տեխնոլոգիա: Հատուկ ասեղների միջոցով մարդու մաշկը կարող է մեծացնել իր մակերեսը մռտ տաս անգամ: Մաշկը ասես բաժանում են մանր թելերի, որոնք հետո վերածվում են լիարժեք միասնական հյուսվածքի: Այդպես օրինակ` մեկ սանտիմետր քառակուսի մաշկը կարող է նման դեպքում փոխարինել մոտ 10 սանտիմետր քառակուսի վնասված հատված:
Միջին մարդու մաշկի մակերեսը երեք քառակուսի մետր է: Դժվար է պատկերացնել, որ այն կարող է ձգվել ու հասնել եռեսունի: Բայց դա այդպես է:

2 comments:

  1. Բարև: Հրաշալի գործեր ունեք, շնորհավորում եմ: Կարո՞ղ եմ բլոգի հղումը տեղափոխել ինձ մոտ. բլոգումս հատուկ բաժին եմ առանձնացրել իմ հայտնաբերած հետաքրքիր բլոգերի հղումների համար:

    ReplyDelete
  2. Իհարկե կարող եք, շնորհակալություն :)

    ReplyDelete