Monday, April 2, 2012

ՖԱՆՏԱՍՏԻԿԱ


Աշխատանքի առաջին օրն ինձ տվեցին բեյսբոլի մահակ: Ասացին` եթե վրա տան, խփիր սրանով: Ես նկատեցի մահակի վրա դանակի հարվածների բազմաթիվ հետքեր: Երևի իսկական մարտական մահակ է, մտածեցի ես: Բեյսբոլի մահակ: Այդ կեղտոտ էժանագին ստրիպ բարում մթնոլորտը միշտ լարված էր: Չեմ հասկանում` եմ ինչպես կարելի էր մի տեղ գնալ, որտեղ օդի մեջ ուղղակի կախված է մոտալուտ փորձանքը: Ես բարմեն էի: Իմ դիտակետից երևում էր ողջ սրահը, ձողով պարահրապարակը (ավելի իրավացի կլինի ասել պարահրապարակիկը) և այցելուների սփրտնած ու դաժան դեմքերը: Դրանից առաջ էլի էր պատահել, որպեսզի գիշերներն աշխատեմ, սակայն այս անգամ ես ընկել էի բոլորովին այլ աշխարհ: Իմ հարազատ բնական միջավայրն այդ ժամանակ կազմում էին կուրսեցիներս, մանկության ընկերներս, գրքերը, դասախոսները և երաժշտությունը: Այստեղ չկար դրանցից և ոչ մեկը: Երաժշտությունը կար, սակայն դա նման չէր այն ամենին, ինչ ես լսում էի տանը: Երաժշտությունն այնտեղ նույնպես փորձանք էր խոստանում ու ավելի էր ծանրացնում ընդհանուր մթնոլորտը:
Գործս առանձնապես բարդ չէր: Բաժակներ լցնել, րոպեն մեկ սրբել բարի սեղանը, էլի բաժակներ լցնել, էլի սրբել սեղանը: Հետս աշխատում էր մատուցողուհի: Նա եկել էր Թուրքիայից, նրա քթին կար պերսինգ, իսկ նրա դեռահաս որդին թաքնվում էր ոստիկանությունից: Նա սովորեցրեց ինձ խմել խելահեղ թնդության թեյ, իսկ երբ գիշերը ոչ ոք չէր լինում, նա, ճիշտ է առանց հանվելու, պարում էր ինձ համար պարահրապարակի ձողի վրա: Դիջեյ կոչվող անձնավորությունը  Անդրանիկ անունով միթևանի էակ էր: Նրա նստավայրը գտնվում էր պարուհիների հանդերձարանում: Պարուհիները երեքն էին: Նրանցից մեկի կրծքերը չափազանց մեծ էին ու գայթակղիչ: Մեկը շիկահեր էր, իսկ երկար սև մազերով ու նիհար պարուհին այդ եռյակից միակն էր, ում աչքերը ինչ-որ ինտելեկտ էին արտահայտում: Ցավոք, ես չեմ հիշում նրանց անունները: Հետո, արդեն ուրիշ բարերում և ակումբներում, ես անընդհատ ուշադրություն էի դարձնում պարուհիներին` փորձելով գտնել նրանց` պարզապես նայելու համար: Հետաքրքիր է` ինչ են անում նրանք և ինչպես են պարում:


Ես աշխատեցի այդ կեղտոտ բարում մեկ ամսից էլ պակաս, սակայն չանցավ և ոչ մի գրողի տարած գիշեր, որպեսզի այնտեղ մի վթարային դեպք չպատահեր: Մի քանի անգամ ինձ օգնության հասավ իմ մասնագիտությունը: Պարսիկների հետ «բախումների» ժամանակ ես կարողանում էի հարթել իրավիճակը` նրանց հարազատ լեզվով խոսելով: Մասնագիտությունս օգնում էր ինձ այդ խորթ աշխարհում չդիմել բեյսբոլի մահակի օգնությանը: Չնայած մասնագիտությունս չէր նախատեսել բացատրվել այնպիսի դեպքերում, երբ հարբած ու ղզղնած պարսիկը հարձակվում է վրադ ու ասում.
-Դա վիսկի չէր, դա թեյ էր:
Բարի տնօրինությունը երկար սև մազերով նիհար պարուհու հետ համատեղ մշակել էր մի կոմբինացիա: Պարսիկը կանչում է պարուհուն, պատվիրում պրիվատ պար: Այդ առանձին պարերի ժամանակ աղջկա կատարած պատվերները գրվում են տղամարդու հաշվին: Մեր աղջիկը պատվիրում էր վիսկի, մենք տալիս էինք նրան մուգ թեյ, նա խմում էր թեյն, իսկ պարսիկը փակում էր վիսկիի հաշիվը: Բնականաբար լինում էին վրիպումներ և օգնության էր հասնում պարսկերենի իմացությունը կամ բեյսբոլի մահակը:
Ամենավտանգավոր այցելուն սակայն բարի տիրոջ ընկերն էր: Նա նստում էր դիմացս` սեղանի առջև: Գարեջուր էր վերցնում և պատասխանում իր հեռախոսի զանգերին:
-Հա-հա,-ասում էր նա,-դրան խփեցի Աբովյանի ճամփին…չէ, չեմ թաղել, գցել եմ ձորը...
Կամ օրինակ`
-Լուսամուտից դուրս նայի, տեսնու՞մ ես: Կանգնած քեզ են սպասում: Սուս ու փուս իջիր դուրս ու մտիր բագաժնիկի մեջ...
Ես պատկերացնում էի, թե ինչպես է այդ մարդը դուրս գալիս տնից ու մտնում ակնհայտորեն թշնաբար տրամադրված մարդկանց մեքենայի բեռնախցիկը: Ինչպիսի ուժ ունի դիմացս նստած այս տիպը, որ հեռախոսով այդպիսի կարգադրություններ է անում, զրկում մարդկանց կամքից ու ստիպում նրանց մտնել ինչ-որ բեռնախցիկի մեջ…
Լինում էին նաև անձնական բնույթի զանգեր: Դրանց մասին չեմ պատմի, քանի որ ստիպված կլինեմ չարաշահել ոչ նորմատիվ լեքսիկոնս: Հավատացեք` մեկ-երկու կծու բառերը չեն հերիքի այդ զանգերից գոնե մեկը ներկայացնելու համար:
Ոչ պակաս վտանգավոր էր կլոր գխարկով ու կլոր մորուքով հսկա այցելուն, որ միշտ նստում էր առանձին ու կատաղած նայում ինձ: Նա նստում էր ու սկսում էր սղոցել ինձ իր ատելությամբ լի հայացքով: Այդ հայացքի ծանրությունը սկսում էի մի քիչ թույլ զգալ միայն մեծ կրծքերով պարուհու ելույթի ժամանակ: Ուղղակի չափից շատ էին մեծ կրծքերը և ես չափից շատ էի երիտասարդ, որպեսզի ուշադրությունս մի այլ բանի համար էլ հերիքեր: Ուղղակի անկարագրելի կրծքեր էին:
Մի անգամ սակայն կլոր գլխարկով, կլոր մորուքով հսկան ինձ կանչեց: Ես մոտեցա:
-Խի՞ ես գողացել,-ասաց նա:
-Ինչը՞,-ասացի ես ու մի քիչ փոշմանեցի: Պետք էր միանգիմց ասել, որ չեմ գողացել: Հիմա կմտածի որ մի քանի բաներ եմ գողացել ու փորձում եմ ճշտել, թե կոնրետ ինչի մասին է գնում խոսքը:
-Ավտոյիս համարները,-ասաց նա:
-Ես չեմ գողացել,-պատասխանեցի ես: Ըհը, ավտոյի համարներ ես հաստատ չեմ գողացել:
-Գողացել ես,-պնդեց նա:
-Չէ,-ասացի ես ու զգացի, որ սկսում եմ դողալ: Սա հաստատ կարող է ասել այն ամենավտանգավորին, որ ինձ թաղի ինչ-որ մի տեղ Աբովյանի ճանապարհին:
-Դու ես գողացել,-շարունակում էր հսկան:
-Չէ,-համառում էի ես:
-Ես քեզ կսպանեմ,-ասաց նա:
Ինձ կանչեցին բարի մոտ: Ես վերադարձա ու սկսեցի մտածել, թե ինչպես են ինձ սպանելու:
Կանչում էր ինձ բարի տերը: «Գնա հանդերձարան, տես` ինչ են ուզում»:
Գնացի հանդերձարան: Առջիկները փորձում էին իրենց բեմական «հագուստները»: Միթևանի դիջեյը նստած էր երաժշտական վահանակի մոտ: Երաժշտությունը նվագում էր ինքն իրեն, իսկ նրա ձեռքը զբաղված էր ուրիշ բանով: Խեղճ ձեռքը ստիպված էր փաստորեն ապահովել համ երաժշտությունը, համ էլ իր տիրոջ բավարարվածությունը: Գրողը տանի, հուսով եմ որ ստիպված չեմ լինի մի որ կպնել այդ վահանակին,-մտածեցի ես: Պառավ հավաքարարը, որը միշտ վեր ընկած էր լինում հանդերձարանում, պատմում էր իր շախմատային չեմպիոն որդու մասին: Ինձ կանչել էին լամպերից մեկը փոխելու համար: Ես փոխում էի այն և նայում երեք զույգ կրծքերին: Մանավանդ ամենամեծին:


Հիմա ահագին ժամանակ է անցել: Արդեն մի տարի է, ես ինչ-որ բաներ եմ գրում, որտեղ հայտնվում են այլմոլորակայիններ կամ այլ հրաշալի դեմքեր: Ֆանտաստիկա: Ժանրն ինձ սարսափելի հարազատ է: Մի տարի է, ես բացել եմ ինձ համար մի աշխարհ, որտեղ հնարավոր է ամեն ինչ, որտեղ թույլատրելի է հրաշքը: Ու ես մտածում եմ` որտեղի՞ց են գալիս այդ մտքերը, ինչպե՞ս են հայտնվում դրանք իմ գլխում:
Բարում աշխատելու ընթացքում մի դեպք պատահեց: Վտանգի ու փորձանքի կենտրոնացումն ինչպես միշտ կրիտիկական էր: Այցելուներն այն գիշերային աշխարհից էին, որը խորթ է մարդկանց մեծ մասին և որի հետ ես հետո դեռ էլի պետք է շփվեի` արդեն ուրիշ աշխատանք կատարելիս: Հանկարծ բարի դուռը բացվեց, և հայտնվեց նեոնե տղան:Ըհը, նեոնե տղան: Նա ոտքից գլուխ ծածկված էր նեոնե խաղալիքներով: Գույնզգույն, փայլուն ու լուսասվոր նեոնե խաղալիքներով:
-Խաղալիքներ կգնե՞ք,-հարցրեց նա: Ես բերանս բաց նայում էի մեկին, ումից վտանգ  ոչ մի կերպ չէր սպասվում:
-Խաղալիքներ..գնեք…,-ասում էր նա: Խաղալիքները շատ էին ու բազմազան: Դրանք ուղղակի ֆանտաստիկ գույնավոր էին: Այդ տղան նման էր իսկական այլմոլորակայինի: Դա լրիվ ուրիշ աշխարհի ներկայացուցիչ էր, ով հայտնվել էր այդ անդրշիրիմյան բարում:
-Փախար,-ասաց նրան ամենավտանգավորը` կտրվելով իր հեռախոսից:
-Եկեք սպանենք սրան,-ասաց կլոր գլխաչկով ու կլոր մորուքով հսկան:
-Սիկտիր եղի, արա,-ասաց բարի տերը:
Պարուհին դադարեցրեց պարը և սկսեց բարձր ծիծաղալ նեոնե երիտասարդի վրա: Նրա պարսիկ երկրպագուները դժգոհության ալիք բարձրացրեցին: Նեոնային լույսերով ողողված տղան մի պահ էլ մնաց անորոշության մեջ ու հեռացավ: Դուռը փակվեց: Գիշերը շարունակեց ընթանալ իր վտանգավոր հունով:

Մի քանի օր հետո ես դուրս եկա աշխատանքից: Ինձ մնաց աշխատանքի այդ փոքրիկ փորձը, մի քանի հետաքրքիր հուշեր «մեծ կրծքերից», զգացում, որ ինչ-որ մեկը կարող է ինձ սպանել գողացված համարների համար և աբստրակտ գաղափարներ` այլ աշխարհների, հրաշքի և այլմոլորակայինների  մասին:

No comments:

Post a Comment