Monday, April 16, 2012

ՍՊԱՆԴԱՐ


Դիագրամա
Երկրի սահմանը նման էր զիգզագի: Հակառակորդ երկները մխրճված էին միմիանց մեջ գիշատչի ժանիքների պես: Զիգզագաձև սահմանների շներհիվ երկրներում չկար խորը թիկունք հասկացություն: Բոլորն էլ գտնվում էին ռազմաճակատում: Ոմանք առաջին գծում, ոմանք երկրորդ, երորրդ...Երկու կողմերն էլ, սակայն, տիրապետում էին հեռահար զենքերի ու հրանոթային համակարգերի: Դա էլ իր հերթին ջնջում էր առաջին և երորրդ գծերի միջև սահմանները: Ամեն ինչ ամեն վայրկյան պատրաստ էր պայթել, ռմբակոծվել, ենթարկվել գնդացիրների կրակահերթերի, դառնալ մոխիր և արյուն:
Քսանամյա Սոնա Հարությունի ջրերը գնացին այն պահին, երբ թշնամու Град համակարգը սկսեց իր կարկուտը թափել նրանց զրահապատ բնակավայրի վրա: Պատերազմող երկրների մարդիկ սովոր էին այդպիսի կարկուտների: Դրանց ժամանակ դղրդում էր երկիրն, իսկ երկնքից աստծո պատժի պես թափվում էր հուրը: Բոլոր այն մարդիկ, ովքեր չհասցրեցին թաքնվել զրահապատ բունկերներում, դարձան կայծակնային արագությամբ այս ու այն կողմ թռչող բեկորների զոհը կամ էլ խլացան ու խելագարվեցին բազմաթիվ պայթյունների հարվածներից: Սոնան հասցրեց մտնել բունկեր: Միայն մի փոքրիկ մետաղական բեկոր վերջին պահին շպրտվեց դեպի նա ու դիպավ նրա ծոծրակին: Սոնան չկորցրեց գիտակցությունը: Վրա հասած երկունքի ցավերը ստիպեցին նրան նայել ամենուր սավառնող մահի աչքերին:
Ռազմական բժիշկը սկզբում հավաստիացնում էր, որ ծոծրակի վերքը վտանգավոր չէ: Նա ասում էր, որ ողերը չեն վնասվել: Նա ասում էր, որ կապրեն համ նորածինը, համ էլ Սոնան: Աղջկան միացված սարքերը փոխանցում էին մոնիտորին երիտասարդ օրգանիզմի ապրելու կամքը: Սոնայի սրտի աշխատանքը պատկերող դիագրաման չարագույժ էր: Նա չէր կորցնում գիտակցությունը և ոչ մի րոպե: Նրա թաց աչքերը նայում էին դիագրամային, որն այնքան նման էր իր երկրի սահմանին: Զիգզագ, զիգզագ, զիգզագ, զիգզագ…
Զիգզագները դադարեցին: Սահմանները վերացան: Սոնան մահացավ: Նրա տղային կնքեցին Սպանդար:

Ատամհատիկ
Բունկերում տոն էր: Տասն ամսեկան Սպանդարի ատամհատիկին հավաքվել էին բազմաթիվ հյուրեր: Երկրի տարբեր ռազմաճակատներից եկել էին Սպանդարի երեք քեռիները, եկել էր նրա հորեղբայրը` գեներալ Սիմոնյանը, ներկա էր նրա հայրը` Գնդապետը: Փոքրիկ Սպանդարի դիմաց շարված էին զենքերը` մի քանի տեսակի նռնակներ, իսրայելական ուզի, կալաշնիկով ավտոմատ, M-16 ավտոմատ, Игла, բելգիական FN FNC ավտոմատ, ամերիկյան Remington M51 ատրճանակ և այլն: Գնդապետը հպարտ էր: Նրա հուզմունքը մատնում էին թաց աչքերը: Կնոջ մահից հետո նրա ողջ սերը փոխանցվել էր միակ զավակին: Զավակը զեռքը մեկնեց  Игла շարժական հրթիռային համակարգին: Հայրը ցնծաց. Որդին ընտրել էր իր սիրած զենքը: Բոլորը սկսեցին աղմկել ու շնորհավորել երջանիկ հորը: Բոլորը մատուցեցին Սպանդարի համար իրենց բերած նվերները` հազվադեպ հանդիպող և դելիկատեսային պահածոները: Տղամարդիկ շտապեցին դուրս գալ բունկերից` իրադարձությունն ավելի բուռն նշելու համար: Քեռիներից մեկը` Մհերը, առաջարկեց սահմանից այն կողմ ուղարկել Մեծ հրթիռը: Նրա գաղափարն ընդունվեց աղմուկով ու հավանությամբ: Մի քանի զինվորներ մոտեցան հսկա բեռնատարին, որի վրա էր տեղադրված հրթիռն ու սկսեցին այն պատրաստել: Մոտ քսան րոպե անց բոլորը փակեցին ականջները, մթնշաղը վերածվեց պայծառ ցերեկի, իսկ հրթիռը սլացավ դեպի վեր` մի քանի րոպե հետո հարևան երկրում արևներ խավարեցնելու նպատակով:
«....27-64 ռազմաճակատից արձակված Շահաբ տեսակի հրթիռը գետնին է հավասարեցրել թշնամու միանգամից երկու գերամրեցված հենակետ: Նախնական տեղեկություններով, հրթիռի արձակման հրամանը տվել է նորին գերազանցություն գեներալ Սիմոնյանը....»:
Ռազմական ռադիոյի հաղորդումը կրկնապատկեց Սպանդարի ատամհատիկին հավաքվածների ուրախությունը: Երբ բոլորը նորից վերադառնում էին բունկեր, ոչ ոք չնկատեց մանկան հոր` Գնդապետի բացակայությունը: Միայն առավոտյան հայտնաբերվեցին նրա և մի քանի այլոց դիակները բունկերի դռան մոտ: Ընդհանուր ուրախության և իրարանցման մեջ ոչ ոք չեր նկատել, որ թշնամու մոտակա բարձրունքից իր սև գործն է անում դիպուկահարը:
Գեներալ Սիմոնյանը վերցրեց Սպանդարին իր խնամքի տակ:


Դպրոց
-Սա հակառակորդի էլիտար ստորաբաժանումների դասական համազգեստն է,-ասում էր  ավագ լեյտենանտ Գրիգորովը: Նրա ցուցափայտը սևեռում էր երեխաների ուշադրությունը դեպի կապկպված գերին, ով կանգնած էր դասարանի մեջտեղում,-տեսնու՞մ եք սրա դիմագծերը: Էլիտար ստորաբաժանումներում սովորաբար հանդիպում են հանց այսպիսի` խիստ դաժան ու կամային անձնավորություններ: Տեսեք, թե ինչպես են նրանք թաքցնում իրենց պահեստային փոքրիկ նռնակները սապոգների մեջ:
Ավագ Լեյտենանտ Գրիգգորովը ցույց տվեց գերու սապոգները:
-Սրան բռնել ենք առավոտյան ժամը հինգին 54-98 ռազմաճակատում: Սրա ջոկատը մոտեղել էր փշալարերին` հավանաբար ականապատելու նպատակով: Էս տիպի մարտիկները զինված են լինում ֆրանսիական արտադրության FAMAS ավտոմատներով կամ չինական կալաշնիկներով: Եթե ձեր ու սրա նմանի միջև հեռավորությունը քիչ է, խուսափեք որովայնի հատվածում նշան բռնելուց: Չի բացառվում, որ ունենա շահիդի գոտի: Եթե ձեր և նրա միջև հեռավորությունը շատ է` կարող եք չվախենալ: Մանավանդ եթե դա շրջապատված լինի իր նմաններով: Միանգամից ավելի շատ կկարողանաք սպանել:
Երեխաների հետաքրքրասեր աչքերն ուսումնասիրում էին թշնամուն: Վերջինս անտարբեր էր թվում: Ժամանակ առ ժամանակ հոգոց էր հանում կամ ինչ-որ բան քրթմնջում: Երևի իր լեզվով:
-Իսկ հիմա եկել է սրա վերջը տալու ժամանակը:
Ավագ լեյտենանտ Գրիգորովը ոտքով հարվածեց կապկպված զինվորին: Նա գետնին ընկավ: Ավագ լեյտենանտը չոքեց ու ծունկը դրեց նրա կրծքին:
-Դե՞, ով կցանկանա այսօր: Անցած անգամ աչքի էր ընկել Շահենը, ո՞վ է ուզում այսօր հինգ ստանալ: Զգուշացնում եմ, եթե չստացվի առաջին փորձից` երկու կնշանակեմ:
Սպանդարը բարձրացրեց իր փոքր ձեռքը:
-Օ~, Սպանդար, ապա ցույց տուր քեզ:
Սպանդարը մոտեցավ: Ոտքին ամրացված պատյանից հանեց սուր դաշույնն ու ծնկի եկավ ուսուցչի կողքին:
-Դե՞,-շտապեցրեց ավագ լեյտենանտ Գրիգորովը:
Երեխան բռնեց զինվորի մազերից: Նայեց նրա աչքերի մեջ ու կտրեց կոկորդը:
Դասարանցիները ծափ տվեցին: Տասներկուամյա Սպանդարը սրբեց դաշույնը զինվորի համազգեստի վրա ու հետ դրեց պատյանի մեջ: Դասարանի մեջտեղում ընկած էր թշնամու դիակը: Ընկած էր փոքրիկ կարմիր լճակի մեջ:
Դասերի ավարտին մնացել էր կես ժամ: Դպրոցը ռմբակոծեցին: Ավագ լեյտենանք Գրիգորովի դասարանում ողջ մնացին ինը հոգի: Այդ թվում նաև Սպանդարն ու Շահենը:


Սաֆարի
Վիլիսը կանգնած էր անտառի մոտ: Այդտեղից ծառերն այնքան խիտ էին դասավորված, որ փոքրիկ ամենագնացը չէր կարող շարժվել նրանց միջով: Սպանդարն ու ընկերները թողել էին մեքենան բլրի ստորոտում և ոտքով խորացել անտառի մեջ: Անտառում վարազ կար, ու Սպանդարը գիտեր դրա մասին: Կարմիր գինին եռացրել էր նրա ու ընկերների արյունը, նրանց աչքերը վերածվել էին արծվի աչքերի, իսկ սրտերը նրանց բաբախում էին որսի ռիթմով:
-Հոպ, հոպ,-երբեմն ձան էր տալիս Սպանդարի ընկեր Գոռը,-հոպ:
Նա զգուշացնում էր ընկերներին հնարավոր ականների մասին: Գոռն, ինչպես և իր հայրը, ուներ մի շատ կարևոր հատկություն: Նա զգում էր մետաղը հողի տակ ու հայտնաբերում էր ականներն առանց որևէ սարքավորումների: Ասում էին, որ թշնամու զորքում էլ կան մարդիկ, որոնք տեսնում են գիշերվա խավարում: Ասում էին, որ կան երկրում այնպիսի մարդիկ, ում վերքերը լավանում են հաշված րոպեների ընթացքում, կան այնպիսինները, որոնք վազում են ցանկացած փամփուշտից արագ: Սպանդարը սովորաբար այդպիսի բաներ լսելիս ձեռքով էր անում` բավ է հավատալ հետիաթների: Գոռի ունակություններին, սակայն, հավատում էր սեփական զգայարանների պես:
-Հոպ, հոպ...
Սատանու ծնունդները ականապատել են ողջ անտառը: Ոչինչ: Ոչինչ: Նրանք այդպիսի տեղերով չէ, որ անցել են: Եթե ինքը` Սպանդարը, գեներալ Սիմոնյանի զարմիկը, լեգենդար Գնդապետի հարազատ որդին, ուզում է որս անել, ուրեմն նա կանի: Իրենն է լինելու վարազը:
-Ստոպ,-գոչեց նա` տեսնելով հետքերը,-այստեղ:
Լռություն տիրեց: Բոլորը պահեցին շունչները:
-Տեսնու՞մ ես,-շշնջաց Սպանդարը:
-Ահա,-պատասխանեց Գոռը:
-Աջ թե՞ ձախ,-հարցրեց Սպանդարը:
-Աջ:
Սպանդարը բարձրացրեց ձեռքը: Նշան արեց բոլորին` կրակել ձախ, ստիպել վարազին վազել աջ:
Նշան բնռեցին: Կրակը բացվեց: Խրտնած կենդանին վազեց` փրկվելու համար: Սմբակների տակ պայթած ականը վերջ դրեց նրա կյանքին:
-Ըհը,-ասաց Սպանդարը,-էլ պետք չի խորովել:
Պայթյունից հետո պատառ-պատառ եղած կենդանու մարմինը մասամբ խորովված էր ու խանձված: Թարմ արյան, վառոդի ու ծխի հոտերը ստեղծում էին ախորժալի մի փունջ: Ավարը նույնքան հաճելի  էր, որքան և որսը:
Մեքենայի մոտ նրանք հանդիպեցին թշնամու հետախույզին: Գոռն ասաց, որ նրան պետք է սպանել: Արտակն ասաց, որ նրան պետք է սպանել: Աշոտն ասաց, որ նրան պետք է սպանել: Սպանդարն ու Արամն ասացին, որ պետք է խնայել: Սպանդարը համառեց: Թշնամուն բաց թողեցին: Վերդառնալով տուն, նրանք գտան իրենց բունկերները ռմբահարված: Գոռն ասաց, որ թշնամուն պետք էր սպանել: Արտակն ասաց, որ թշնամուն պետք էր սպանել: Աշոտն ասաց, որ թշնամուն պետք էր սպանել: Սպանդարն ու Արամը չիմացան, թե ինչ պատասխանեն:

Հարսանիք
Հարսանիքի օրը նրանց նվիրեցին փափուկ սինթետիկ դոշակներ, բրդյա վերմակներ, երեք տարբեր չափսերի կաթսաներ, թեյնիկ, վեց թեյի բաժակներ ու խխունջ մոխրաման: Հարսանիքը եղավ առանց նվագի ու պարի, քանի որ կատաղի մարտում զոհվել էին Սպանդարի հորեղբայրը, երկու քեռիներն ու նրա կնոջ` Սեդայի հայրը: Հյուրերին պատվեցին խոզի շոգեխաշած մսի պահածոներով ու ծիրանի մուրաբայով: Ինչ-որ մեկը հարավային ռազմաճակատներից թթի օղի էր բերել: Հարսանիքն անցավ առանց կռվի, քանի որ բոլորը հոգնած էին: Հարսանիքից հետո Սպանդարը քնեց երկու օր: Երբ արթնացավ, նրան հայտնեցին սև լուրը:
Սեդան զոհվել էր եղբոր տուն գնալու ճանապարհին:
Սպանդարը պառկեց նորից ու քնեց երկու օր ևս:

Սահման
Նա կանգնած էր լեռան բարձրունքին: Հեռվում երևում էին վերջին մայրաքաղաք Երևանի ավերակները: Նրա միջով զիգզագանման գծով անցնում էր սահմանը: Երևում էր, թե ինչպիսի մարտեր են գնում ավերված քաղաքում: Նույն դրությունն էր նաև զիգզագանման գծի երկուսուկես-երեք հազար կիլոմետրանոց գծով մեկ: Երկու կողմերն էլ թաղված էին արունահեղության մեջ: Երկու կեղմերում էլ հողը սև էր, փխրեցված էր բոմբերով ու փամփուշտներով, իսկ ջուրը վարդագույն էր` հագեցված արյունով:
Սպանդարը նայեց հեռուն: Այնտեղ չկար զիգզագը, չէին երևում ռազմի կրակները ու չէին լսվում զորքի ձայնները: Նա զգում էր, ողջ սրտով զգում էր` դա է սահմանը: Սահմանն այդ զիգզագն է, որի շուրջ սպանում են իրար երկու անհաշտ ուժերը: Ու այդ սահմանն իրականում բաժանում է ոչ թե այդ երկու ուժերին, այլ բաժանում է այդ երկու ուժերը մի ուրիշ, բոլորովին այլ աշխարհից:
Սպանդարը մնաց բարձրունքի վրա երկար: Նա նայում էր հեռուն` այնտեղ որտեղ չեն երևում ռազմի բոցերն ու չեն լսվում զորքի ձայնները:
Նա կատարեց առաջին քայլերը: Դրանք անվստահ էին ու երերուն: Նա զգաց իրեն դավաճան, դասալիք ու թուլակամ: Սեղմեց ատամներն ու կատարեց նոր քայլեր: Նա նայում էր հեռու ու գնում ռազմի կրակից հեռու, զորքի աղմուկից հեռու:
Մթնշաղին նա բավականին հեռացել էր սահմանից, որպեսզի ազատվի ռազմաշունչ զիգզագի կանչից: Ուժերը լքում էին նրան, ու նա որոշել էր հանգստանալ:
Երազում նա տեսավ Սեդային: Նրա փորն ուռած էր: Ինչ-որ բան շարժվում էր այնտեղ: Սեդան ժպտում էր: Նրա ատամները ճերմակ էին, իսկ գանգուր շեկ մազերը ծածանվում էին մեղմ հովից: Հետո երկնքում սև ամպեր կուտակվեցին: Սեդան գոռաց ու կծկվեց: Սպանդարը խառնվեց իրար: Սպանդարը որոշեց օգնության կանչել ու միանգամից գիտակցեց, որ աշխարհում մնացել են միայն նրանք երկուսով...երեքով:
Սպանդարն արթնացավ երեխայի լացից: Թշնամու կինը նստած էր նրա դիմաց: Ձեռքում նրա դանակն էր: Նրանց միջև բարուրի մեջ փաթաթված երեխան էր: Երեխան անդադար լացում էր: Սպանդարը նկատեց, որ կինն արնահոսում է: Թշնամու կանանց հանդիպելիս սպանում էին նրանց: Բայց հիմա նա պատրաստ չէր սպանել կնոջը: Նա գնում էր սահմանից հեռու:
Կինը խոսում էր իր լեզվով: Նա երևի ինչ-որ բան էր խնդրում: Սպանդարը չէր հասկանում: Կինը գցեց դանակը: Մեկ րոպե անց ընկավ նաև ինքը: Սպանդարը փակեց կնոջ աչքերը:


Սպանդար
Արևը ծագելուն պես ճամփա ընկան: Սպանդարը սեղղմել էր երեխային իր կրծքին: Ցուրտ էր: Սպանդարը հույս ուներ, որ այնտեղ` սահմանից հեռու, կգտնվեն մարդին, որոնք կօգնեն երեխային խնամել: Նրան սովորացրել էին, որ կա ընդամենը սահման, որը պետք է անդադար պաշտպանել, միշտ լինել ռազմաճակատում: Բայց այն լեռան գագաթին նա տեսավ մի ուրիշ աշխարհ, որտեղ հնարավոր է չկար ոչ մի պատերազմ ու ոչ մի սահման:
Դիպուկահարը չէր նկատել երեխային: Նա նշան բռնեց Սպանդարի գլխին: Գնդակը թռցրեց գանգի կեսը:Մարմինն ընկավ գետնին: Երեխան գլորվեց հեռու:
Երեկոյան նրանց գտան  որս անող զինվորները: Հայրենակցի դիակի մոտ գտնված երեխային բերեցին ապահով ապաստարան: Զրահապատ բունկերում նրա խնամքի համար հատուկ դայակ նշանակեցին: Երեխան քնած էր, երբ նրան կնքեցին Սպանդար:

No comments:

Post a Comment