Saturday, April 21, 2012

ՎԱՃԱՌԱԿԱՆ


Ուժեղ լույսի մեջից երևաց մետաղական նավը: Նույսը խավարեց, փայլն անցավ: Նավի վրա մի բան շարժվեց: Դուռ բացվեց: Հայտնվեց երկար մարմնով մեկը` մոխրագույն մաշկով ու արծաթափայլ հագուստով: Նայելով մարդկանցից մեկի վրա նա հարցրեց` ո՞վ ես:
***
Նրան կախել էին ոտքերից: Կախել էին իր սեփական դղյակի մարմարե լողավազանի վրա: Նրանք, ում դեռ մի քանի օր առաջ ինքը համարում էր ոչնչություններ, եկել էին, գրավել էին նրա դղյակը, վնասազերծել իր թիկնապահներին ու կախել էին իրեն սեփական մարմարե լողավազանի վրա:
Հարվածները հասցնում էին ավտոմատների կոթերով, ուղիղ երիկամներին: Նա ցավից սեղմում էր ատամները: Հարվածներն անկանոն էին ու ուղեկցվում էին ծանր հայհոյանքներով: Աչքերն արունով էին լցվաց: Նայում էր մարմարե լողավազանօի ոսկեզօծ եզրերին: Այդ հաճույքը նրա վրա նստել էր հարյուր հազար դոլար, իսկ հիմա նա կախված էր ազավանի վրա, գլխնիվայր, իսկ նրա երիկամներին հարվածում էին ավտոմատների կոթերով:
Նա կմտածեր, որ դա պարզապես թալան է, եթե այդ մարդիկ չլինեին համազգեստներով` սև համազգեստներով: Հատուկ ծաղայություննե՞ր: Նա չէր մտածի, որ այդ «հատուկ ծառայությունները» կարող են վարվել այդպես վայրենավարի...Եթե այնուամենայնիվ նրանք եկել են  ու նման վարք են ցուցաբերում, ուրեմն..ուրեմն պարզե՞լ են:
Երբ հարվածներից նրա մարմինը փափկել էր ու նա իրեն զգում էր ալյուրի կիսադատարկ պարկի պես, մեկը` հավանաբար սևազգեստների հրամանատարը, ասաց.
-Թղթերդ ու՞ր են:
Ահա, թե ինչումն է բանը, հասկացավ նա: Ուրեմն իմացել են, ուրեմն եկել են վրեժն առնելու:Ի՞նչ վրեժ, ախր, ախր դա...
-Թղթեր չկան,-ուզեցավ համառել նա, բայց երկու հստակ հարվածներ, որոնք հասան նրա մեջքին, ստիպեցին նրան թարգել հակաճառելու փորձերը:
-Իմ գրասենյակում, երկրորդ հարկում, սեյֆի մեջ,-ասաց նա:
Սևերի հրամանատարը նշան արեց մեկին` բարձրանալ և ստուգել:
Քիչ անց հրամանատարի ռացիան ասաց.
-էստեղ գաղտնաբառ ա պահանջվում:
-Գաղտնաբառը,-ասաց հրամանատարը` բարձրացնելով ավտոմատը` հարվածելու համար:
-Մեկ, չորս, յոթ, մեկ, երկու, հինգ, չորս, ինը, չորս:
-Բացվեց,-հաղորդեցին ռացիայի մեջից:
-Բեր այստեղ:


Վեց տարի առաջ սկսվել էր մի համագործակցություն, որի մասին տեղյակ էին ընդամենը երկու-երեք հոգի: Ճիշտ կլինի ասել` երկու-երեք հոգի մարդ: Դա տեղի էր ունեցել ալպինիստական մի արշավի ժամանակ: Քառասունհինգամյա Ջիմ Սայանն իր գլխավոր հաշվապահի հետ առանձնացել էր լեռան ստորոտում խնջույք անող ընկերներից ու վորոշել էր մի քիչ մագլցել: Սարի գագաթին հասնելով` Ջիմը նկատել էր հզոր լույսի աղբյուրը, մոտեցել էր ու...
Հետո դեռ մի քանի ամիս նա իրեն հարց էր տալիս` ինչու էր որոշել ներկայանալ այդպես,, ինչպես էր դա ընդհանրապես նրա մտքով անցնել: Սակայն ահռելի գումարները շարունակում էին նստել նրա հաշվին, նա գնում էր այն ինչ ցանկանում էր` այդ թվում մարդկանց, ամբողջ վարչություններ, տեսչություններ: Ամեն ինչ, ինչ կուզենար, ամեն մեկին, ով նրան կխանգարեր:


-Ի՞նչ թղթեր են սրանք,-հարցրեց հրամանատարը,-սա թղթե՞ր են:
Նրա ձեռքերում թղթանման բաներ էին, որոնց վրա կային գրեր երկու լեզուներով, սակայն լեզուներից մեկի գրաֆիկան նման չէր բառացիորեն ոչ մի բանի: «Թղթերը» սպիտակ էին, ավելի սպիտակ, քան ալպիական թարմ ձյունը: Այդ սպիտակությունից նույնիսկ ցավում էին աչքերը:
-Սա նրանցն է՞,-հարցրեց հրամանատարը:
-Իրենք են բերում թղթերը, ես միայն ստորագրում եմ,-պատասխանեց գլխնիվայր կախված Ջիմ Սայանը:
Հրամանատարը փորձեց թղթերից մեկի ծայրից մի քիչ պեկել:Չստացվեց: Նա էլի ուժ գործադրեց, ավելի ուժեղ: Ապարդյուն:
 Նա նետեց թուղթը ջրի մեջ, նշան բռնեց վրան ու երկրար կրակահերթ թողեց:Ջրի ցայտերը թրջեցին լողավազանի շուրջ կանգնածներին: Կախված Ջիմ Սայանը նույնիսկ ջուր թքեց. ամենաբարձր ցայտերը եղել էին հենց նրա գլխի տակ: Հրամանատարը այդ առիթն էլ բաց չէր թողել, որպեսզի տեղը տեղին վախեցնի նրան:
Մի քանի վայրկյան անց թուղթը բարցրացավ ջրի երես: Անվնաս: Հրամանատարը վերցրեց այն: Ջրի կաթիլները սողալով թափվեցին նրա վրայից: Թուղթը նորից չոր էր:
-Ուրեմն անբեկանելի պայմանագրեր ես կնքել, հա՞…


Ջիմ Սայանի մասին ասում էին, որ ծնվել է բախտի պոչն ամուր սեղմած: Ոչ ոք չգիտեր, սակայն, որ մանկությունը նրա անցել էր աղքահտ հետնախորշերում, իսկ ուսանողական տարիներին հազիվ էր հասցնում ծայրը ծայրին: Միայն համալսարանն ավարտելուց հետո մի քանի տարի անց, նրա անունը սկսեց հայտնվել հարկատուների ցուցակներում, սակայն նա շարունակում էր մնալ չափազանց փոքրիկ ձուկ` աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվելու համար: Իսկ հետո նրա բանկային հաշիվները սկսեցին պայթել: Փողերը հայտնվում էին բառացիորեն օդից: Մի քանի ամսվա մեջ նա կարողացել էր արդեն իրենով անել իր երկրի բանկային, հարկային ու մաքսային համակարգերը: Նրա կապիտալն արդեն տարածվում էր ողջ աշխարհով մեկ ու իշխանությունն էլ նրա աճում էր:

Հրամանատարը ծանոթանում էր թղթերին: Ժամանակ առ ժամանակ նա հոգոցներ էր հանում, ճոճում ոտքերից կախված Ջիմ Սայանին, էլի հոգոց հանում ու կարդում...
-Բա հետո, -հարցրեց նա վերջնապես,-մինչև երբ պետք է այսպես շարունակվեր:
-Մինչև վերջ,-պատասխանեց Ջիմը, ում գլուխն արդեն կարմրել էր, իսկ ականջները ծանրացել էին արյան ճնշումից:
-Վատ գներ չես նշանակել,-ասաց հրամանատարը,-հեչ վատ գներ չես նշանակել: Բայց ինձ հետաքրքրում է` ինչպե՞ս ես դու մտածել: Նրանք ե՞րբ պետք է գան իրենցը վերցնելու:
-Դա կլինի մոտավորապես եռեսուն տարի հետո,-ասաց Ջիմը:
-Դու այդ ժամանակ մեռած կլինեիր, եթե նույնիսկ մենք քեզ չբռնեինք հիմա:
-Դրա համար էլ հանգիստ խղճով թվեր եմ կրակել:
-Հանգիստ խղճով,-կրկնեց հրամանատարը: Նա աչքով արեց իր զինվորներից մեկին: Նա տարավ բերեց և ուժգին հարվածեց կախվածի փորին: Ջիմը կծկվեց անտանալի ցավից:
Հրամանատարն առանձնացավ հարևան սենյակում ու միացավ Գլխավոր Շտաբին: Նրա հետ խոսեց Նախագահը:
-Ոնց որ մենք գիտեինք,-հայտնեց նա,-կարծես թե ամեն ինչ անհույս է:
-Ինչքա՞ն ժամանակ կա,-հարցրեց Նախագահը:
-Ասում է, որ գալու են եռեսուն տարուց:
-Հմմ...լավ զրույց է մեզ սպասվելու նրանց հետ...
-Ի՞նչ անենք սրան,- հարցրեց հրամանատարը:
-Բերեք հետներդ, պետք է դրանք կենդանի պահենք այդ եռեսուն տարիների ընթանցքում…դա մեզ պետք է գալու, պայմանագրերն էլ չմոռանաք հանկարծ...
-Ճիշտ այդպես,-պատասխանեց հրամանատարը` անկեղծ զղճալով, որ չի կարող ոչնչացնել այդ թղթերը: Նայեց դրանց: Սա Աֆրիկայի հյուսիսն է` 40 միլիարդ դոլլար, սա ողձ Ավստրալիան` 50 միլիարդ, սա հնդկական օվկիանոսն է` օհոհո…120 միլիարդ...Առք ու վաճառքի պայմանագրերը նման էին աշխարհի քարտեզին:

***
Ուժեղ լույսի մեջից երևաց մետաղական նավը: Նույսը խավարեց, փայլն անցավ: Նավի վրա մի բան շարժվեց: Դուռ բացվեց: Հայտնվեց երկար մարմնով մեկը` մոխրագույն մաշկով ու արծաթափայլ հագուստով: Նայելով մարդկանցից մեկի վրա նա հարցրեց` ո՞վ ես:
Մի փոքր տատանվելուց հետո Ջիմ Սայանը պատասխանեց` տերն եմ ես:
-Ողջ մոլորակի՞,-հարցրեց երկար էակը:
-Հա,-ասաց Ջիմը:
-Մենք ցանկանում ենք այն գնել,-ասաց էկվորն ու հանեց սպիտակ մի թուղթ:

No comments:

Post a Comment