Monday, April 23, 2012

Ճանապարհ դեպի պայծառ ապագա


Արդեն հինգերորդ օրն էր, ինչ նրանք դուրս էին եկել Թոռնավան գավառից ու շարվում էին դեպի Դվին: Թոռնավանում Մամիկոնյան իշխանին դիմավորեցին սառը: Քաղաքներով անցնելիս նա տեսավ շատ մարդկանց, ովքեր ցույց տվեցին նրան իրենց մեջքը, իսկ շատ հանդուգն դեմքեր թույլ տվեցին իրենց անել որոշ տհաճ արտահայտություններ: Այնտեղի իշխան Կամսարականը սակայն զերծ մնաց ավելորդ կոպտություններից, գտնվեց նույնիսկ բարեհամբյուր, սակայն աջակցել Մամիկոնյանին կտրականապես հրաժարվեց:
Արդեն հինգերորդ օրն էր ու Մամիկոնյան իշխանի նժույգը մաշում էր իր նալերը խորդուբորդ  ճանապարհների վրա, իսկ իշխանի թիկնազորը միայն կատարյալ նվիրվածության շնորհիվ էր, որ չէր տրտնջում ու ցույց չէր տալիս իր դժգոքհությունը: Իրենց տերը թափառում էր ողջ Հայքով մեկ` փորձելով ընդհանուրր լեզու գտնել բոլոր ուժերի, իշխանների ու բդեշխների հետ:
Նույն օրվա երեկոյան նրանք հասան Տարոն գավառի սահմանին, որտեղ իշխանը հրաման տվեց գիշերակաց կազմակերպել, իսկ ինքը հավատարիմ Բաբկենի հետ հեռացավ վրա հասած մթնշաղի մեջ` որպես լույս տանելով երկու նավթային ջահերը:


Ամրոցը, որտեղ նրանք ուղևորվում էին երեկոյան ուշ ժամին, վաղ ժամանակներում եղել էր հին թագավորներից մեկի հենակետը, երբ նա պայքար էր մղում հյուսիսի բարբարոսների դեմ, իսկ հետո եկել էր նոր արքա, դադարեցրել էր հյուսիսային արշավանքներն, իսկ ամրոցը մոռացել էին, ու մի քանի դար հետո այն ավերվել էր երկրաշարժից: Նրա փլատակներում, սակայն, այդ գիշեր լույս էր երևում, որովհետև հանդիպում էր նշանակված արևելքից եկած մեկի և Մամիկոնյան իշխանի միջև: Բաբկենը գիտեր եկվորի անունը, սակայն չգիտեր, թե ով է նա: Ասում էին, որ նա եկել է Ճենաց երկրից, իսկ ով լինելու մասին խոսում էին, թե նա մոգ է: Իր տերը սակայն` Մամիկոնյան իշխանը, ամենայն հարգանքով ողջունեց եկվորին անծանոթ լեզվով ու ջերմ գրկախառնումից հետո միայն նրանք սկսեցին խոսալ գործերից:
-Ո՞վ է այս տղան,-հարցրեց հյուրն իր լեզվով,-վստահու՞մ ես նրան:
-Վստահում եմ, իմաստուն Լի, թող չանհանգստացնի նա քեզ,-պատասպանեց Մամիկոնյան իշխանը:
-Մեզ մոտ լուրեր են հասել, որ քո երկիրը մասնատվում է, ու ժողովուրդն էլ կորցրել է ամեն տեսակի հավատը ազնվականների հանդեպ, իսկ դու չես կարողանում համախբել մյուս իշխաներին` երկիրը միացնելու և ամբողջական դարձնելու համար…
-Դա այդպես է, մեծն Լի,-ասաց Մամիկոնյան իշխանն ու անհարմար զգաց իրեն, քանի որ լուրերն այդ այնքան աղմկոտ են եղել, որ հասել են մինչև հեռու արևելք:
-Մեր տոհմը չի լքում իր ազնվագույն անդամներին երբեք, որտեղ էլ նրանք լինեն ու որ երկրում էլ որ աշխատեն կամ իշխեն....ես եկել եմ, որպեսզի օգնեմ քեզ,-հայտնեց Լի անունով եկվորն ու ոտքի ելավ:
Հասակով նա կարճ էր, ու Բաբկենն ամաչեց յուր ահեղ չափսերից, բայց եկվորի նեղ աչքերում փայլն ընկերական էր ու բարեկամական: Նա հանեց իր գրպանից մի բուռ քարեր ու լցրեց դրանք փոքրիկ թասի մեջ: Հետո հանեց Լի անունով արևելյան եկվորը մետաղական մի տարա ու դատարկեց նրա մեջից սև զանգված, որը նաֆթի հոտ ուներ:
-Նա՞ֆթ է,-հարցրեց Մամիկոնյան իշխանը:
-Համարյա,-պատասխանեց Լին,-նրա հատուկ մշակված ձևն է, սա ստանալու համար պետք է սովորական նաֆթն ընդամենը մի քիչ եփել, ու կստացվի այսպիսի պինդ նյութ:
Ասելով սա` եկվորը խառնում էր սև զանգվածը խճի հետ` քթի տակ քրթմնջալով զվարճալի մի երգ, որի պատճառով Բաբկենը քիչ էր մնում փղձկար ծիծաղից:
-Ահա,-հայտարարեց Լին ու դատարկեց թասի եղածը գետնին,-սրանով ճամփաներ կսարքեք, ու թող ձեր սերունդները քայլեն սրանց վրայով, իսկ երբ պառակտվեք, կառուցեք նոր ճանապարհներ ու նորից քայլեք դրանց վրայով:
Լին ձեռքն էր առել հարթ մի քար ու հավասարեցնում էր սև խճախառն զանգվաթը գետնին:
-Այսպես, այսպես,-ասում էր նա,-ժամանակի հետ դուք կսովորեք ավելի բազմազան եղանակներ սա անելու համար ու կհորինվեն տարբեր սարքեր, որոնք կծառայեն այս գործին...
Մամիկոնյան իշխանը հիասթափված էր: Իր նախնիների տոհմից ժամանած հյուրից նա սպասում էր իրական մոգություն, իսկ փոխարենը ստացավ տհաճ հոտով սև մի բան:
-Ու…ու սա մոգությու՞ն է,-հարցրեց իշխանը:
-Սա՞,-զարմացավ Լին,-բնավ: Սա սովորական բարիք է, սա ճանապարհ է, սա այն ճանապարհն է, որով պետք է անցնեն քո ժողովրդի սերունդները: Ես կմնամ ձեր լեռներում երեք ամիս, երեք շաբաթ ու երեք օր ու կլինեմ շատ բարձրադիր վայրերում ու կներշնչեմ ազգիդ հարգանք դեպի զայս բարիքը:


Մամիկոնյան իշխանը Դվին հասավ երկու շաբաթ անց: Նա մտավ քաղաք գիշերով` ապաստան գտնելով Պահլավունի իշխանի տանը, իսկ առավոտյան նրա մարդիկ բերեցին տակառներով նաֆթը, իսկ մյուս մարդիկ բերեցին պարկերով խիճը ու հետո կաթսաների մեջ եփեցին այս ամենի խառնուրդն ու հետո լցրեցին դա կենտրոնական փողոցի հողե հարթության վրա: Մամիկոնյան իշխանը հրամայեց հարթ մի բանով հավասարեցնել գետնին թափված զանգվածը և ուղիղացնել այն:Քիչ անց, երբ սևն արդեն սառչել էր,Մամիկոնյանը հրավիրեց բոլոր իշխաններին քայլել իր հետ այդ նոր ճանապարհով: Քայլեցին իշխանները, քայլեցին նրանց կանայք, քայլեցին նրանց որդիներն ու դուստրերը, հետո սպասավորները, հետո քաղաքի մարդիկ իրենց երեխաների հետ, իսկ օրվա ավարտին եղավ քաղաքում մի խնջույք , որպիսին շուտվանից չէր եղել, և Մամիկոնյան իշխանը երկինք կրակեց Ճենաց երկրից բերված հրանոթները, և երկինքը լուսավորվեց հազար ու մի լույսով:

Մեկ տարի անց սև ճանապարհներով անցնում էր Բակուր անունով առևտրականն, ով Վասպուրական նահանգից  աղի ձկներ էր տանում Այրարատ` փոխարենը մրգեր բերելու:  Գնում էր նա նոր ճանապարհով և օրհնում Մամիկոնյան իշխանին, ով բերեց այդ բարիքն ու ամուր հենք սարքեց բոլորի ոտքերի համար ու ասաց` գնացեք դեպի պայծառ ապագա:
Ու մտածում էր Բակուրը, որ Մամիկոնյան իշխանի գործն անմահ կմնա, ու իր որդին և որդու որդին, նրա որդին ու ծոռներն իրենց ծոռների թոռների հետ դեռ կշարունակեն փառք տալ իշխանի բերած բարիքին: Եվ չգիտեր առևտրական Բակուրը, որ կլինի իր ժառանգների մեջ մեկը  ևս Բակուր անունով ու Գաբրիելյան անունով, ով կլինի ոչ տասնապետ, ոչ սպարապետ ու ոչ բդեշխ, այլ թաղապետ ու ինքն ինքնուրույն կհրամայի կառուցել սև ճամփաներ: 

No comments:

Post a Comment