Monday, March 26, 2012

Տասը-տասներկու օր


Ռալֆը հայտնվեց այնտեղ ու նայեց իր շուրջը: Ամենուր նստած էին դիոսյան ռասային պատկանող էակներ: Տեղը Երկրից եկած մարդուն հիշեցնում էր բար: Բոլորը զբաղված էին փոքրիկ  «հրաբուխներ» շնչելով: Ռալֆը գիտեր, որ այդ կոնաձև «հրաբուխները» արտադրում են ազոտային օքսիդի պես մի բան, որը ստիպում է դիոսյան ռասայի ներկայացուցիչներին արբենալ ու ընկնել մոռացության գիրկը: Ռալֆին հետաքրքրող էակին բացահայտելու համար նրան անհրաժեշտ էր ընդամենը ցանկացած արտահայտություն անել երկրային լեզուներից մեկով: Ժամանակը սուղ էր: Ռալֆը գոչեց` եկել եմ, տեր:
Հետին շարքերում նստած մեկը բարձրացրեց գլուխը: Ինքն է, մտածեց Ռալֆն ու մոտեցավ: Առանց մի բան ասելու` նստեց կողքն ու դրեց նրա սեղանին փոքրիկ գունդը, որը մինչ այդ ամուր պահում էր ձեռքում:
- Մենք սպասել ենք այս հանդիպմանը շատ երկար,- ասաց Ռալֆը:

***
 Որպեսզի ուղարկեն Ռալֆ Լյուիս Սեյրանյանցի հոլոգրամման այլ հարթություն, անհրաժեշտ էր եղել ճեղքել ոչ միայն տարածությունը, այլ նաև ժամանակը: Նեյրոհոլոգրամման շարունակում էր մնալ կապված մարմնի նյարդային համակարգի հետ: Այնտեղ, ուր հասել էր Ռալֆի հոլոգրամման, ժամանակը լիովին տարբերվում էր գալակտիկական ժամանակից: Ստացվել էր այնպես, որ մի քանի աստղերի հայելիային արտացոլումների շնորհիվ հնարավոր էր դարձել «գողանալ» մոտ կես ժամ երկրային ժամանակ ու տեղափոխել այլ հարթություն: Ցանկացած ուրիշ տարբերակում Ռալֆը կհայտնվեր այնտեղ մեկ ակնթարթով, իսկ Երկրի վրա կանցներ վեց հարյուր տարի` փոշի դարձնելով Ռալֆի մարմինն ու նրա նյարդային համակարգը:
Գիտնականները, ովքեր աշխատել էին «Հանդիպում» նախագծի վրա, կատարել էին հսկայական, մասշտաբային հաշվարկներ` պարզելու համար հանդիպման վայրը: Ինչպես նաև հոլոգրամմային ավելացրել էին փոքրիկ ապակե գնդի պես մի բան, որը պետք է հուշեր հանդիպման մյուս մասնակցին` մարդիկ հասել են զարգացման այնպիսի աստիճանի, որ այլևս հավասար են նրան:

***
- Այ դու, դու ու նրանք, ում օգնությամբ հիմա այստեղ ես, հպարտանում եք: Ասում եք` ահա, մենք հասանք, մենք նրան գտանք... ի դեպ` ինչպե՞ս գտաք ինձ:
- Դա կարևոր չէ,- պատասխանեց Ռալֆը,- ժամանակ շատ չկա, ու ես կուզենայի տալ մի քանի հարցեր: Առաջին հարց` ինչո՞ւ: Ինչո՞ւ էիր դու սկսել այդ խաղը:
- Կարող ես ինձ անվանել Յահվա,- ասաց նրա զրուցակիցը` քաշելով «հրաբխից ելնող գազը,- դա սովորական անուն է, իմ իրական անունն է, ու ես դա որոշել էի տալ նաև ձեզ, որպեսզի դիմեք ինձ այդպես: Ես այնքան ծրագրեր ունեի... դու ասում ես` խաղ: Դա խաղ չէր: Նայիր շուրջդ, տեսնո՞ւմ ես այս բոլոր նստածներին: Նրանց մեծ մասն ունի նմանատիպ «գաղտնիքներ»: Ես ստեղծել էի այդ խաղը, որպես նվեր մատուցեի...
- Նվե՞ր,- ասաց Ռալֆը: Նա կորցնում էր համբերությունը Յահվայի դանդաղ ու անշտապ ձայնից:
- Նվիրել մի ամբողջ գալակտիկա` այն էլ բնակեցված բանական էակներով` դա իսկական շքեղություն է,- ասաց Յահվան,- ես փորձում էի ստեղծել ձեզ մոտ այնպիսի գեղեցկություն, որպեսզի հիացնեմ նրան:
- Գեղեցկությո՞ւն: Ի՞նչ գեղեցկության մասին ես խոսում դու: Մենք հաշվել ենք, որ ստեղծման պահից երեք օր անց, դու արդեն թույլ ես տվել արունահեղություններ ու գարշելի պատերազմներ...
- Նա չէր հավանել ձեզ,- շարունակեց Յահվան,- Ես տվեցի նրան ձեզ այսպիսի գնդի տեսքով,- նա ցույց տվեց Ռալֆի բերած ապակե գունդը,- իսկ նա պարզապես նայեց ու դրեց մի կողմ: Դա վիրավորական էր: Իսկ հետո գնաց... ուրիշի հետ գնաց: Ես հիասթափված էի ու կատաղած: Ես վերցրեցի ձեզ ու ջնջեցի ամեն ինչ: Հետո նորից օգնեցի, որպեսզի կառուցեք ձեր կորցրածը: Աշխատեցի ձեզ վրա, փոխեցի ձեր տեսքը: Կատաղությունս անցել էր, ես նրան կարոտել էի ու նորից կերտեցի ձեր աշխարհը գեղեցիկ… Հետաքրքիր է, չէ՞, որ այդպիսի նվերի հանդեպ նա լիովին անտարբեր էր:
Ռալֆը չգտավ` ինչ պատասխանել: Նվեր: Ուրեմն նրանք եղել են ընդամենը նվեր: Ողջ իրենց աշխարհը եղել է ինչ-որ նվեր չգիտես թե ում համար:
- Իսկ դուք ապրեք,- ասաց Յահվան,- քանի օր է անցել... տա՞ս, տասներկո՞ւ: Վերջին միջամտության ժամանակ ես ձեզ կարգին այլանդակել էի: Այնպես էի հետ գցել ձեզ, որ մտածում էի այլևս երբեք չեք զարգանա... Այդ ժամանակ էր, որ մտածեցի խելահեղ մի բան: Դա այնքան օրիգինալ էր, որ ես հաստատ կարծում էի, թե նրա դուրը կգա: Որոշել էի գիրք գրել, բայց ոչ թե ես, այլ դուք: Ես տարբեր բաներ էի ներշնչում, իսկ դուք գրում էիք: Սպասիր մտածեմ... Դա մոտավորապես նույն բանն է, ինչ նավակ հավաքել շշի մեջ, հասկանո՞ւմ ես` ինչ ի նկատի ունեմ: Շատ նյարդային ու մանրակրկիթ աշխատանք էր, սակայն դուք իրական զառանցանք էիք գրում, լուրջ եմ ասում: Իսկ ձեր սերունդները մի քանի րոպե անց դա «Սուրբ Գիրք» հռչակեցին:
Յահվան նորից խորը քաշեց իր «հրաբուխը»:
- Ու դա նրան դուր եկավ, բայց նա չհավանեց ձեր գրած տեքստերը, իսկ ես վերջնականապես ձեռք քաշեցի ձեզանից:
- Որտե՞ղ ենք մենք հիմա:
- Սիսոնի մոտ,- պատասխանեց Յահվան:
Ու՞մ:
- Այս բարի տիրոջ,- ասաց Յահվան,- ես թողել եմ ձեզ այստեղ, քանի որ պարտքեր ունեմ… Ես շատ հաճախ եմ հիմա այցելում տարբեր բարեր...
- Իսկ մենք երևի այդ ժամանակ պատերազմներ էինք անում ու ցեղասպանություններ...,- ասաց Ռալֆը: Ժամանակը մոտենում էր ավարտին: Նախապես պատրաստված հարցերը մնում էին չհնչած ու չպատասխանված:

***
Արարչի հետ հանդիպումը կազմակերպել էին մի խումբ գիտնականներ, ովքեր պարզել էին շարժման հիմք հանդիսացող պայթյունի ճշգրիտ կոորդինատներն, իսկ այնուհետև կարողացել էին համադրել տվյալները «Զուգահեղ  Հարթությունների Տեսության հետ»: Ակնհայտորեն պարզ էր դարձել, որ կա հիմնարար Ազդեցություն, որին ենթարկվում է ողջ գալակտիկան, և կա կոնկրետ սուբյեկտ, ով անմիջականորեն պատասխանատու է այդ Ազդեցության համար: Կատարվել էին մի քանի փորձեր, որոնց արդյունքում ստեղծվել էին բազմաթիվ աշխարհներ տարբեր տարածական ու ժամանակային հարթություններում, ու աշխարհներն այդ ստեղծվել էին մարդու կողմից: Առաջացել էր ամուր համոզմունք այն մասին, որ մարդիկ ևս հանդիսանում են այդպիսի մի աշխարհ, իսկ այդ աշխարհը ստեղծող էակներին պայմանականորեն տրվել էր «դիոսյան ռասա» անվանումը:
Ռալֆի մարմինը միացված էր բարդագույն սարքավորումների: Նրա շուրջ բուռն գործունեություն էին ծավալում գործընկերները, որոնք հետևում էին տարատեսակ ցուցիչների տվյալներին ու վերահսկում էին Ռալֆի ճանապարհորդությունը:
- Կկարողանանք պահել նրան ևս հինգ րոպե, սակայն առաջարկում եմ դադարեցնել սեանսը երկու րոպեից` ավելորդ ռիսկերից խուսափելու համար,- ասում էր Հաշեկը:
- Ուրեմն գործի եմ դնում հետհաշվարկը,- պատասխանեց նրան Ատոմը,- այս պահին ամեն բան բարենպաստ է: Հոլոգրաման կվերադառնա նույն երթուղիով:
- Լավ,- ասաց Հաշեկը:

***
- Ինչքա՞ն դա կարող է տևել,- հարցրեց Ռալֆը,- ի՞նչ երաշխիքներ կան, որ այս Սիսոնը չի կոտրի մեր գունդը:
- Քանի դեռ ես գալիս եմ այստեղ ու շնչում այս թույնը, նա չի կորցնի դա,-պատասխանեց Յահվան:
- Դու, հուսով եմ, հասկանում ես, որ քեզանից կախում ունենալը հաճելի չէ մեզ, մենք ինքներս ենք պատկանում այն ռասաների դասին, ովքեր ի վիճակի են ստեղծել աշխարհներ...
- Նայիր շուրջդ,- ասաց Յահվան,- ասել եմ արդեն` այստեղ շատերն ունեն այդպիսի աշխարհներ: Ոմանք փայփայում են դրանք, ոմանք մոռացության մատնում: Այ, տեսնո՞ւմ ես Գիիռբաալին: Նա արդեն քասան տարի է պահում է հսկա գալակտիկական համակարգ, ու նրա արարածները մտածում են, թե հանդիսանում են վեհագույն կայսրություն...
Ռալֆը պատկերացրեց վեհագույն կայսրության բնակիչներին: Ի՞նչ տեսք ունեն նրանք: Ինչո՞վ են ապրում: Ինչպե՞ս են սիրում իրենց հարազատներին: Ի՞նչ ծրագրեր ունեն ապագայի վերաբերյալ:
- Իսկ այնտեղ,- ցույց տվեց Յահվան իրենցից քիչ հեռու նստած հոլոգրամմային,-տեսնո՞ւմ ես: Ասում են, թե նա այն կազմակերպությունից է, որը ստեղծել է մեր աշխարհը...
Ռալֆն անհետացավ: Յահվան տրորեց աչքերը` փորձելով հետ բերել նրան` ապարդյուն: Ուզեցավ մի պահ մոտենալ Սիսոնին ու խնդրել իր գունդը` պարզապես նայելու ու նաև զրուցելու համար, բայց փոշմանեց: Նա շնչեց իր հրաբխից բարձրացող գազն ու ընկղմվեց մոռացության մեջ:

***
Վերադառնալուց հետո Ռալֆը մանրամասն պատմեց տեսածն ու լսածը: Նկարագրեց նաև այն զգացումները, որ ունեցել է ճանապարհորդության ընթացքում` հատկապես այն դրվագները, երբ նրա հոլոգրամմայի ալիքները անդրադարձվել են աստղերի միջոցով:
«Հանդիպում» նախագծի կատարած փորձերի ու ճանապարհորդության արդյունքները փոխանցվեցին Վերին Ատյանին, որտեղ որոշում կայացվեց պարբերական հանդիպումներ անցկանցնել Յահվայի հետ: Որոշվեց նաև ուղարկել նրա մոտ հոգեբանների, որոնք կզբաղվեն Յահվայի հոգեկան վիճակի կայունացմամբ, թմրանյութերից կախվածության հաղթահարմամբ և ընդհանուր ռեաբիլիտացմամբ: Այդ ծրագրերը ժառանգվեցին մի քանի հարյուր սերունդների`այդպիսով հնարավոր դարձնելով գալակտիկայի ապագան որևէ կերպ վերահսկելը: Հաշվի առնվեց նաև, որ այդ հանդիպումները Յահվայի հետ պետք է տեղի ունենան երկու հազար տարին մեկ անգամ, որպեսզի չնյարդայնացնեն արարչին չափազանց հաճախակի այցելումներով:
Յահվայի մոտ նորից ժամանեց իր ստեղծած աշխարհի պատվիրակը, երբ նա արթնացավ Ռալֆի հետ հանդիպման հաջորդ առավոտը` երկրային ժամանակով ուղիղ երկու հազար տարի անց: Տեղի ունեցավ ջերմագին և անկեղծ զրույց, ինչի արդյունքում Յահվան խոստացավ գոնե մեկ օր զերծ մնալ «հրաբուխներից»:
Իսկ Երկրի վրա կանգնեցվեց Ռալֆի հուշարձանը` որպես «Արարված Աշխարհների պաշտպանության մեծագույն ջատագով»: 

No comments:

Post a Comment